Մեկնաբանություններ

Աֆղանա-պակիստանյան հակամարտությունը՝ իրանական օրակարգի համապատկերում

Афгано-пакистанский конфликт на фоне Иранской повестки
0 դիտում

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 07.03.2026 թ.[1]

  1. Սրացում աֆղանա-պակիստանյան սահմանին. տարածաշրջանային ենթատեքստ

28.02.2026 թ. առավոտյան Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության դեմ նախաձեռնված ինտենսիվ ռազմական գործողությունները երկրորդ պլան մղեցին աշխարհագրորեն մոտ մեկ այլ ռազմական հակամարտություն՝ աֆղանա-պակիստանյանը: Մինչդեռ այս հակամարտությունը, ենթադրաբար, անմիջական կապ ունի Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ, իսկ դրա հնարավոր աճի հետևանքները կարող են էական ազդեցություն ունենալ Կենտրոնական Ասիայի ընդարձակ տարածաշրջանում անվտանգության ընդհանուր հավասարակշռության վրա:

Աֆղանա-պակիստանյան սահմանին լարվածության աճը հաջորդել է փետրվարին Իսլամաբադում և Հայբեր–Պահթունհվա նահանգում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների շարքին: Տվյալ միջադեպերի կազմակերպման մեջ Պակիստանի իշխանությունները մեղադրել են «Թեհրիք-ի-թալիբան Պակիստան» (ԹԹՊ) ծայրահեղական շարժմանը, որը փոխկապակցված է աֆղանական «Թալիբան»-ի հետ:

2026 թ. փետրվարի 21-ին Իսլամաբադն օդային հարվածներ է հասցրել Աֆղանստանի տարածքում նշված խմբավորման ենթադրյալ խարսխակայաններին։ Ի պատասխան դրան՝ 2026 թ. փետրվարի 26-ին Քաբուլը նախաձեռնեց լայնածավալ ցամաքային ռազմական գործողություն Պակիստանի դեմ, այսպես կոչված, «Դյուրանդի գծի» գրեթե ողջ երկայնքով: Այս պահին բախումները լայնածավալ պատերազմի նշաններ են ցույց տալիս՝ հրետանու, օդուժի և հեռահար հրթիռային սպառազինության կիրառմամբ։ Իրավիճակի կրիտիկական լինելու առանցքային ցուցիչ կարող է ծառայել այն փաստը, որ «Թալիբան»-ի զինված ուժերը հրթիռներով հարվածել են Հայբեր–Պահթունհվա նահանգի միջուկային հրաձգարանին և Պակիստանի ցամաքային ուժերի ռազմական ակադեմիային (Pakistan Military Academy) Աբբոթաբադում՝ Պակիստանի Իսլամական Հանրապետության գլխավոր ռազմաուսումնական կենտրոնին:

  1. Ստատուս քվոյի խախտման պատճառները

Այսպիսով, խախտվել է Քաբուլի և Իսլամաբադի միջև 2025 թ. Թուրքիայի և Կատարի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը։ Այս համատեքստում ուշադրության է արժանի այն փաստը, որ աֆղանա-պակիստանյան սահմանին ռազմական գործողությունների ակտիվացումը տեղի է ունեցել Իրանի դեմ ամերիկա-իսրայելական արշավի մեկնարկից ընդամենը երկու օր առաջ։ Հատկանշական է նաև, որ «Թեհրիք-ի-թալիբան Պակիստան»-ի կողմից կազմակերպված և հակամարտության բռնկման կատալիզատոր դարձած ահաբեկչական գործողություններն իրականացվել են իրանական հիմնախնդրի շուրջ ինտենսիվ բանակցային գործընթացի, ինչպես նաև դրան ուղեկցող ամերիկյան ռազմածովային և ռազմաօդային խմբավորումների Մերձավոր Արևելք ակտիվ տեղափոխման ժամանակ: Հաշվի առնելով Իսլամաբադի և Քաբուլի առարկայական ձգտումը՝ մինչև Պակիստանի տարածքում փետրվարյան ահաբեկչությունների շարքը պահպանել փխրուն զինադադարը, հիմնավորված է թվում այս սադրանքի հնարավոր արտաքին նախաձեռնության արդյունք լինելու ենթադրությունը։

  1. «Թալիբան»-ի փոխակերպումը. գաղափարական տարամիտում

Հակառակ Իսլամաբադի պնդումներին, թե «Թեհրիք-ի-թալիբան Պակիստան»-ը փոխկապակցված է Քաբուլի իշխանության հետ, որը ներկայացված է «Թալիբան» շարժման աֆղանական թևի ռազմաքաղաքական վերրնախավի կողմից, աս երկու կառույցների անմիջական կապն ու համակարգումն այս պահին չի նկատվում:

Իր ծագման փուլում՝ 1990-ականների կեսերին, «մեդրեսեի ուսանողների» շարժումը՝ «Թալիբան»-ը, միաձույլ կազմակերպություն էր աֆղանա-պակիստանյան սահմանի երկու կողմերում բնակվող փուշթուների շրջանում։ Ինչպես Աֆղանստանում, այնպես էլ Պակիստանում նրա գործունեությունը համակարգվում էր Պակիստանի Քվետա քաղաքում տեղակայված մեկ կենտրոնից, որտեղ գտնվում էր կազմակերպության հիմնադիր Մուհամմադ Օմարի և նրա համախոհների շտաբը, որոնք հետագայում «Թալիբան»-ի Գերագույն խորհրդակցական մարմնի՝ Ռահբարի Շուրայի (Գերագույն խորհուրդ) մաս էին կազմում:

 Քաբուլում «Թալիբան» շարժման իշխանության գալուց և նրա գործունեությունը պետական քաղաքականության հարթություն տեղափոխելուց հետո շարժման ղեկավարությունը ենթարկվեց քաղաքական մտածողության և գաղափարախոսության աստիճանական վերափոխման: Պակիստանը, որի հատուկ ծառայությունները, փորձագետների պնդմամբ, աջակցել են այդ խմբավորման ստեղծմանը, կորցրել է ազդեցությունը նրա աֆղանական ղեկավարության վրա: Իր հերթին, «Թալիբան»-ի կառավարությունը և նրա ռազմական կառույցները զգալիորեն թուլացրել են վերահսկողությունը Պակիստանյան «մասնաճյուղի» նկատմամբ, որն աստիճանաբար ձեռք է բերել ինքնուրույն կառույցի կարգավիճակ: Այս պայմաններում գրեթե անխուսափելի են դարձել «Թեհրիք-ի-թալիբան Պակիստան»-ի շփումները Կենտրոնական Ասիայի առանցքային տարածաշրջանում իրենց շահերն ու գործընթացներին մասնակցությունը ցուցանշող պետությունների՝ արտաքին ուժերի և հատուկ ծառայությունների հետ։ «Թալիբան»-ի Պակիստանյան թևը պաշտոնապես պահպանում էր կապերը Քաբուլի կենտրոնական մարմինների հետ և որոշ չափով վայելում էր նրանց հովանավորությունը, ինչը, սակայն, ենթադրաբար չի բացառում «Թեհրիկ-ի-թալիբան Պակիստան»-ի ինքնուրույն գործողությունների իրականացման հնարավորությունը, որոնք հաճախ հակասում են Քաբուլի կենտրոնական մարմինների շահերին։ Միևնույն ժամանակ, չպետք է ամբողջությամբ բացառել Աֆղանստանում «Թալիբան»-ի կառավարության ներգրավվածությունը Պակիստանի տարածքում փետրվարյան ահաբեկչական գործողություններին:

  1. Լոգիստիկ միջանցքներին ուղղված սպառնալիքը և Պեկինի շահերը

Անկախ նրանից, թե ով է աֆղանա-պակիստանյան սահմանին սրացման իրական նախաձեռնողն ու պատվիրատուն (Քաբուլի կառավարությունը կամ երրորդ երկրների հատուկ ծառայությունները), ակնհայտ է, որ տվյալ հակամարտության նոր թեժ փուլն ապակայունացրել է «իրանական թիկունքը» Թեհրանի դեմ առճակատումից անմիջապես առաջ, որ հրահրել են Վաշինգտոնն ու Թել Ավիվը: Ըստ էության, խոսքը Չինաստանից Իրան ցամաքային երթուղիների արգելափակման մասին է, որոնցով մինչ վերջերս Իրանի Իսլամական Հանրապետություն էին մատակարարվում ռազմական նշանակության ապրանքներ և պարենամթերք, որի պակասը երկրի բնակչության կողմից զգացվում էր վերջին ամիսներին գնաճի հերթական կտրուկ աճի պատճառով: Հաշվի առնելով, որ Պարսից ծոցին մոտեցումներն արդեն տևական ժամանակ արգելափակվել են Հնդկական օվկիանոսում ամերիկյան նավատորմի ուժերի կողմից, և Իրանը զրկված է իր առանցքային աշխարհառազմավարական դաշնակիցներից մեկի՝ Չինաստանի հետ լիարժեք հաղորդակցվելու հնարավորությունից, վերջին ամիսներին Թեհրանի համար խիստ աճել է ԻԻՀ-ից ՉԺՀ տանող աֆղանա-պակիստանյան երթուղիների նշանակությունը: Ներկայումս դրանք փաստացի փակ են ինտենսիվ մարտական գործողությունների հետևանքով, որոնց աշխարհագրությունն օրեցօր ընդլայնվում է։

Ստեղծված իրավիճակը կարող է վկայել ոչ միայն Իրանի մատակարարման ուղիների հնարավոր խաթարման, այլև Չինաստանի կողմից Թեհրանին օգնելու նպատակով իր ռազմական ուժերի ուղղակի տեղափոխման ենթադրական հնարավորության նպատակային արգելափակման մասին, եթե ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի հակամարտության զարգացումն ու ի հայտ եկած նոր հանգամանքները Պեկինին դրդեն նման որոշումներ ընդունել:

Այսպիսով, աֆղանա-պակիստանյան հակամարտությունը ԻԻՀ-ի և ՉԺՀ-ի առջև դրել է հաղորդակցությունների խախտման խնդիր, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ ամերիկա-իսրայելական երկյակի երկարատև ռազմական հարվածին դիմակայելու Թեհրանի կարողության վրա:

  1. Տարածաշրջանային հաշվեկշռի ապակայունացման ռիսկերը

Աֆղանա-պակիստանյան հակամարտությունը շոշափում է Պեկինի աշխարհառազմավարական շահերը նույնիսկ իրանական օրակարգի հետ նրա անմիջական փոխկապակցվածության բացակայության դեպքում։ Աֆղանա-պակիստանյան սահմանին ռազմական գործողությունները վտանգում են տարածաշրջանում Չինաստանի լայնածավալ էներգետիկ և լոգիստիկ նախագծերի անվտանգությունը, մասնավորապես՝ երկաթուղային երթուղին «Չին-Պակիստանյան տնտեսական միջանցք» ծրագրի շրջանակներում: Այս երթուղին նախատեսված է չինական Քաշգարը (Չինաստանի Սինցզյան-Ույղուրական Ինքնավար Հանրապետություն) Հնդկական օվկիանոսի ափին գտնվող Պակիստանյան Գվադար նավահանգստի հետ միացնելու համար: ՉԺՀ-ի և Պակիստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս միջանցքն անցնում է աֆղանա-պակիստանյան սահմանի ողջ երկայնքով և «Դյուրանդի գծի» անմիջական հարևանությամբ, որտեղ արձանագրվում են առավել կատաղի բախումներ Իսլամաբադի և թալիբների զինված ուժերի միջև: Այս միջանցքի անվտանգության սպառնալիքը, որի կառուցման համար չինական պետական հիմնադրամները, ինչպես նաև մասնավոր և ներդրումային ընկերությունները հատկացրել են առնվազն $50 մլրդ, ինչպես նաև Աֆղանստանի տարածքում պղնձի հանքերի և հազվագյուտ մետաղների հանքավայրերի զարգացման չինական նախագծերի ճակատագիրը, չի կարող չհանգեցնել Պեկինի անհանգստությանը:

Հաշվի առնելով Քաբուլում և Իսլամաբադում թալիբների հետ Պեկինի սերտ փոխգործակցությունը, ինչպես նաև երկու երկրներում համալիր ռազմավարական և աշխարհատնտեսական շահերի առկայությունը, Պեկինը չի կարող իրեն կտրուկ գործողություններ թույլ տալ բռնկված հակամարտության վերաբերյալ: Կողմերից որևէ մեկի բացահայտ աջակցությունը բացառվում է, իսկ երկու գործընկերներից մեկի շահերից բխող քաղաքական-դիվանագիտական գծի ծածուկ անցկացումը քիչ հավանական է թվում։ Այս ուղղությամբ ցանկացած սխալ կարող է հանգեցնել ՉԺՀ-ի ազդեցության արժեզրկմանը և, ի վերջո, տարածաշրջանի նկատմամբ վերահսկողության կորստին, որը Պեկինը տարիներ շարունակ ձգտում է վերածել հուսալի հարթակի՝ դեպի առաջավոր Արևելք և Հնդկական օվկիանոսի արևմտյան մաս դուրս գալու համար՝ դրանով իսկ այլընտրանք կառուցելով հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իր ծովային ուղիների համար, որոնք հայտնվել են սպառնալիքի տակ:

Ակնհայտ է, որ Պեկինը մանրամասն վերլուծում է Քաբուլի և Իսլամաբադի միջև հակամարտության նոր փուլի դրդապատճառներն ու պատճառահետևանքային կապերը՝ ձգտելով հստակ փաստարկված առաջարկներ մշակել դրա կարգավորման համար։ Այս պահին Չինաստանի ԱԳՆ-ն սահմանափակվել է 27.02.2026 թ. հայտարարությամբ, որը երկու կողմերին զսպվածություն ցուցաբերելու և հանգստություն պահպանելու կոչ է պարունակում:

Հարկ է ակնկալել աֆղանա-պակիստանյան ուղղությամբ ՉԺՀ իշխանությունների մոտալուտ ակտիվացումը, քանի որ նշված տարածաշրջանում իրավիճակի կարգավորման համար Պեկինի ժամանակային և պաշարային հնարավորությունները կրճատվում են: Իրանն արդեն գտնվում է բարձր լարվածության գոտում, և արտաքին ճնշմանը նրա դիմադրության տևողությունը կանխատեսել հնարավոր չէ: Մյուս կողմից, մի շարք վերլուծաբաններ կանխատեսում են «Վիլայաթ Խորասան» արմատական իսլամիստական խմբավորման (նույն ինքը՝ «ԴԱԻՇ Խորասան») ակտիվության արագ վերականգնում Աֆղանստանում, որն ընդհատակ է անցել «Թալիբան»-ից կրած պարտությունից հետո և, հավանաբար, ձգտում է ռևանշի համար օգտվել ստեղծված իրավիճակից:

Միջազգային մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տեղեկություններ կան նաև այն մասին, որ Սիրիայի քրդական բանտերից ազատ արձակված ծայրահեղականների զգալի մասը ներկայումս տեղափոխվում է Աֆղանստան՝ ապակայունացման աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով: Բացի այդ, մոտ ապագայում Իրանի և Պակիստանի հարավում կարող է տեղի ունենալ բելուջների զանգվածային ակտիվացում, որոնք կհայտարարեն անկախության համար զինված պայքար սկսելու պատրաստակամության մասին:

Այսպիսով, արևմտյան որոշ շահագրգիռ երկրների և Հնդկաստանի հատուկ ծառայությունների համար եզակի հնարավորություն է ստեղծվում տարածաշրջանում բոլորի դեմ լայնածավալ և արյունալի պատերազմ հրահրելու համար, որի ընթացքում իսլամիստական խմբավորումները, անջատողական շարժումները, ցեղային և կլանային միավորումները կհիշեն վաղեմի «վիրավորանքների» մասին և կրկին պահանջներ կներկայացնեն տարածաշրջանային ազդեցության բաշխման իրենց մեծ ու փոքր մասնաբաժինների առնչությամբ:

Չինաստանի առջև լուրջ և վտանգավոր մարտահրավեր է կանգնած։ Նրան ստիպում են ուշադրությունն իրանական օրակարգից տեղափոխել աֆղանա-պակիստանյան խնդիրների վրա։ Սակայն նման դեպքում Պեկինի համար Իրանի կորուստը տեսանելի ապագայում կրկին ապակայունացում կառաջացնի նշված տարածաշրջանում, քանի որ թույլ կտա ոչ բարեկամական ուժերին արևմուտքից ընդհուպ մոտենալ այն տարածքին, որը ռազմավարական նշանակություն ունի ՉԺՀ մայրցամաքային թիկունքի անվտանգության ապահովման համար։ Փորձագետները դժվարանում են ճշգրիտ կանխատեսումներ անել, սակայն ակնկալում են ՉԺՀ-ի կողմից ոչ ստանդարտ պատասխան գործողությունների նախապատրաստում և, հնարավոր է, իրականացում:

[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 04.03.2026 թ.: