Սահմանակից երկրներ

Անկարայի քաղաքականությունը մեսխեթցի թուրքերի նկատմամբ

Անկարայի քաղաքականությունը մեսխեթցի թուրքերի նկատմամբ
7 դիտում

Ankara’s policy towards Meskhetian Turks

Sımavoryan A. A.

Summary

The article analyzes Ankara’s state policy towards the Meskhetian Turks, considering the issue in the context of pan-Turkic strategy, diaspora policy and security calculations. Special attention is paid to the issues of the resettlement of the Meskhetian Turks in Georgia, as well as their evacuation and settlement policy from Ukraine to Turkey. Separately, the possible impact of the issue on the Armenians of Samtskhe–Javakheti and the national security of the Republic of Armenia is analyzed, assessing the demographic, political and hybrid impact factors.

 

Արեստակես Ա. Սիմավորյան[1]

Անկարայի քաղաքականությունը մեսխեթցի թուրքերի նկատմամբ[2]

Նախաբան

Ինչպես հայտնի է, Անկարան տասնամյակներ ի վեր արտաքին հարաբերությունների ճակատում վարում է «համաթյուրքական քաղաքականություն», հատկապես, երբ Խորհրդային Միության փլուզումից հետո Անկարան հայտնվեց նոր ռազմավարական միջավայրում, որտեղ ի հայտ եկան անկախ թյուրքալեզու պետություններ՝ Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում։ Այդ ժամանակահատվածում վերջինս փորձեց դիրքավորվել այսպես կոչված «մեծ եղբոր» դերում՝ գործի դնելով տնտեսական համագործակցության ծրագրեր, կրթական նախաձեռնություններ և մշակութային ներգործության մեխանիզմներ։ Սակայն, 1990-ական թթ. Թուրքիայի նյութական, ֆինանսական և ինստիտուցիոնալ ռեսուրսները էապես սահմանափակ էին, իսկ տարածաշրջանային ազդեցության լծակներն համեմատաբար թույլ՝ Ռուսաստանի հետ մրցակցության պայմաններում, որն ուներ պատմական, անվտանգային և էներգետիկ ազդեցության խորքային լծակներ հետխորհրդային պետություններում

2002 թ. Արդարություն և զարգացում կուսակցության (այսուհետ՝ ԱԶԿ) իշխանության գալը շրջադարձային էր Թուրքիայի ներքաղաքական և արտաքին հարաբերությունների զարգացման համար։ Նոր քաղաքական վերնախավը նախաձեռնեց համակարգային վերափոխումներ՝ տնտեսության ազատականացման, քաղաքացիական վերահսկողության ուժեղացման և ագրեսիվ գաղափարախոսությունների (նեօսմանիզմ, նեոպանթյուքիզմ[3]) վերաբանաձևման ուղղությամբ։ Արտաքին քաղաքականության ոլորտում կատարված փոփոխությունները մեծապես պայմանավորված էին Ա. Դավութօղլուի մտավոր-քաղաքական ազդեցությամբ, ով ակադեմիական միջավայրից անցում կատարեց գործադիր իշխանության։ Վերջինս առաջարկեց նոր ռազմավարական հայեցակարգ, որի առանցքում «ստրատեգիական խորության» գաղափարն էր. ըստ նրա՝ Թուրքիան, զուրկ լինելով համակարգված, երկարաժամկետ և նախաձեռնողական արտաքին քաղաքականությունից, ի վիճակի չէ լիարժեք օգտագործել իր աշխարհագրական դիրքը, պատմական (օսմանյան) ժառանգությունը և դրանցից բխող բոլոր հնարավորությունները[4]։ Այս մոտեցումն, ըստ էության, ենթադրում էր բազմավեկտոր և պրոակտիվ դիվանագիտություն՝ արտատարածաշրջանային և մերձտարածաշրջանային պետությունների հետ տարբեր ուղղություններով։

Ելնելով վերն ասվածից՝ նոր իշխանությունները վերաիմաստավորեցին նաև թուրքական «դիասպորայի» դերակատարությունը՝ տեղափոխելով այն նեղ մշակութային կամ միգրացիոն քաղաքականության շրջանակներից դեպի արտաքին քաղաքականության դաշտ։ Եթե 1980-ական թթ. մինչև 2000-ական թթ. սկիզբն Անկարայի քաղաքականությունը հիմնականում սահմանափակվում էր արտերկրում բնակվող իր քաղաքացիների սոցիալ-մշակութային խնդիրների կարգավորմամբ, ապա նոր մոտեցման շրջանակներում սփյուռքը սկսեց դիտարկվել հանրային դիվանագիտության և ազդեցության տարածման գործիք[5]։ Այս տրամաբանությամբ՝ «դիասպորայի» ներուժը վերագնահատվեց որպես «փափուկ ուժի» բաղադրիչ, որը կարող էր ծառայել Թուրքիայի միջազգային հեղինակության ձևավորմանը, նպաստել քաղաքական օրակարգերի առաջմղմանը և ապահովել արտաքին քաղաքական նախաձեռնությունների լրացուցիչ «օրինականացում» տարբեր պետություններում։ Այլ կերպ ասած՝ արտերկրի թուրքական համայնքները ներառվեցին պետական շահի սպասարկման ավելի լայն ռազմավարական հաշվարկներում։

Սակայն հետագայում թուրքական իշխանություններն ավելի հեռուն գնացին։ Գաղափարներ մշակող մի շարք թուրքական ուղեղային կենտրոններում իրականացվեցին աշխատանքներ՝ արդեն թյուրքախոս պետությունների սփյուռքների միջև փոխգործակցության, հաստատութենականացման և նրանց համարկման ներուժի գնահատման ուղղությամբ։ Այս գործընթացը դուրս էր զուտ գաղափարական դաշտից և ստացավ ծրագրային բնույթ, որը միտված էր համադրելու տարբեր երկրների «թյուրքական համայնքների» հնարավորությունները և ձևավորելու համակարգված համագործակցության մոդելներ։ Այս համատեքստում էլ առաջ մղվեց, այսպես կոչված, «թյուրքական սփյուռքի» համատեղ կառավարման հայեցակարգը, որը ենթադրում էր փոխկապակցված, համադասված և պետականորեն ուղղորդվող համագործակցության մի համակարգ թյուրքախոս պետությունների և նրանց սփյուքերի միջև։

2010 թ. Անկարայում հիմնադրված, սփյուռքի գործունեությունը համակարգող պետական մարմնի՝ Արտասահմանում բնակվող թուրքերի և բարեկամ հասարակությունների վարչության ապագա քաղաքականությունը ցույց տվեց, որ վերջինս առաջնորդվել է «թյուրքական սփյուռքի» կառավարման տեսլականով, որի համաձայն ցայսօր էլ իրագործում է իր քաղաքականությունը մեսխեթցի թուրքերի, ույղուրների, թուրքոմանների և մյուսների նկատմամբ։ Սփյուռքի նկատմամբ քաղաքականության շրջանակում կիրառելով «բարեկամ հասարակություններ» անորոշ ձևակերպումը, մի կողմից Անկարան ձգտում է նվազեցնել իր նախաձեռնությունների գաղափարական ծանրությունը, իսկ մյուս կողմից՝ քողարկել պանթյուրքական ռազմավարական նպատակների բացահայտ շեշտադրումը՝ խուսափելու համար հնարավոր միջպետական լարվածությունից։

Այսպիսով, Անկարայի համաթյուրքական քաղաքականությունը հետապնդում է երեք առանցքային նպատակ։ Առաջինը՝ տարածաշրջանային ազդեցության ընդլայնումն է ՌԴ, ՉԺՀ և ԻԻՀ ազդեցության գոտիներում, երկրորդը՝ ազգայնամոլական և «համաթյուրքական համերաշխության» խոսույթի միջոցով ներքաքաղաքական դաշտում լեգիտիմության ամրապնդումն է, և երրորդը՝ «թյուրքական սփյուռքի» ռեսուրսների քաղաքականացմամբ արտերկրում ազդեցության ցանցերի ձևավորումը։ Վերոգրյալից ելնելով ընդգծենք, որ Թուրքիայի քաղաքացի կամ միգրանտ չհանդիսացող, անդրսահմանային թյուրքախոս հանրույթների նկատմամբ վարվող քաղաքականությունը սնուցվում են (նեո)պանթյուրքական և նեոօսմանական գաղափարախոսություններից։

Այս շրջանակներում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «մեսխեթցի թուրքեր» էթնոկրոնական խումբը, որի նկատմամբ քաղաքականությունը, ինչպես կտեսնենք, տարածաշրջանի իրողություններով և արտաքին քաղաքական առաջնահերթություններով պայմանավորված՝ տարբեր ժամանակափուլերում ստացել է տարաբնույթ դրսևորումներ։ Ելնելով վերն ասվածից՝ հոդվածում կվերլուծենք այդ քաղաքականությունը, ցույց տալով, թե մեսխեթցի թուրքերի նկատմամբ որդեգրված մոտեցումները վերջին տարիներին ինչ տեղ է զբաղեցնում Անկարայի համաթյուրքական ռազմավարության ընդհանուր գունապնակում։ Անդրադարձ կկատարենք թե՛ ինստիտուցիոնալ գործիքակազմին և թե՛ նրանց նկատմամբ ձևավորված քաղաքական պրակտիկային ու այլ հարցերին։

Ինքնության վիճարկումը և 1944 թ տեղահանությունը

Նախ նշենք, որ մեսխեթցի թուրքերի ծագման հարցի շուրջ մասնագիտական գրականությունում գխավորապես շրջանառվում է երկու տեսակետ՝ «վրացական» և «թուրքական»։ Հիմնական տարաձայնությունները վերաբերում է նրանց ինքնության հիմքին՝ արդյո՞ք խոսքը պատմականորեն թյուրքական ծագմամբ խմբի, թե՞ իսլամացված և թրքացված վրացիների մասին է։ Վրացական տեսությունը նրանց ներկայացնում է իբրև պատմական Մեսխեթիի՝ ներկայիս Վրաստանի հարավային մասի բնիկների ժառանգներ, որոնք Օսմանյան տիրապետության շրջանում ենթարկվել են իսլամացման, հետագայում՝ թրքացման։ Այս մոտեցման համաձայն՝ նրանց էթնիկական հիմքը վրացական է, իսկ թուրքական ինքնությունը՝ պատմական-քաղաքական գործընթացների արդյունք[6]։ Թուրքական մոտեցումը, ընդհակառակը, մեսխեթցիներին համարում է Օսմանյան տիրապետության ժամանակաշրջանում այդ տարածաշրջանում հայտնված թյուրքական ծագմամբ խումբ և նրանց նկատմամբ կիրառում է «Ահըսկայի թուրքեր» (թուրք.՝ Ahıska Türkleri) ձևակերպումը, որը կապված է Ախալցիխեի (թուրք.՝ Ahıska) անվան հետ»[7]։ Քննադատությանը չդիմացող թուրքական հետևյալ կեղծ թեզերից մեկն էլ այն է, որ մեսխեթցի թուրքերը ունեն «ղփչաղյան կամ թուրանական ծագում…, հետևաբար՝ այս խումբը չպետք է որևէ ռասայական կամ աշխարհագրական կապ ունենա վրացիների հետ», և նույնիսկ նրանց ծագումը հասցնում են մինչև Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակաշրջան[8]։ Իսկ մեսխեթցի թուրքերը, Վրաստանի տարբեր շրջաններից՝ Ախալցիխեից, Ախալքալաքից, Բոգդանովկայից (ներկայում՝ Նինոծմինդա), Ադիգենից և Ասպինձայից, Աջարիայի ԻԽՍՀ-ից՝ մինչև 1944 թ. տեղահանությունը, իրենց անվանում էին «կովկասյան թուրքեր», մինչդեռ նրանց հետ ապրող հարևան ազգերը՝ հայերը, հույները, ռուս մոլոկանները նրանց անվանում էին «թուրքեր»։ Խորհրդային ռեժիմը 1939 թ. նրանց գրանցեց իբրև «ադրբեջանցիներ»[9], ինչն առիթ է տալիս այսօր ադրբեջանցի պատմակեղծարարներին այս թեման շահարկել։ Չնայած նրանց ծագման հետ կապված միմյանց հակադրվող տեսակետներին և ինքնության շուրջ առ այսօր շարունակվող վեճերին՝ ակադեմիական միջավայրում լայն տարածում է գտել «մեսխեթցի թուրք» եզրույթի կիրառումը, որը փոխզիջումային ձևակերպում է[10]։

ԽՍՀՄ Պետական ​​պաշտպանության կոմիտեի 1944 թ. հուլիսի 31-ի թիվ 6279 որոշման համաձայն[11], նոյեմբերի 15-18 ընկած ժամանակահատվածում մեսխեթցի թուրքերին՝ Ախալցիխեի, Ախալքալաքի, Բոգդանովկայի, Ադիգենի և Ասպինձայի շրջաններից, Աջարական ԻԽՍՀ-ից արտաքսեցին Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկստան: Ընդհանուր առմամբ արտաքսվել է մոտ 100.000 մարդ: Ի դեպ, այս թվաքանակի մեջ ներառված էին նաև համշենցիներն (մուսուլման հայեր) ու քրդերը։ Կենտրոնն իր գործողությունները պաշտոնապես բացատրում էր հետևյալ կերպ. «Այս բնակչության զգալի մասը, որոնք ազգակցական թելերով կապված են Թուրքիայի սահմանամերձ շրջանների բնակիչների հետ, զբաղվում են մաքսանենգությամբ, սերմանում են արտագաղթի տրամադրություններ և ծառայում են թուրքական հետախուզական մարմինների որպես աղբյուր՝ լրտեսական տարրեր հավաքագրելու և ավազակախմբեր հիմնելու համար»[12]։

Փաստորեն, կենտրոնական իշխանությունները նպատակ ունեին ուժեղացնել վերահսկողությունը սահմանամերձ գոտիներում և կանխել հնարավոր արտաքին ազդեցության վտանգը Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջնափուլում։

1956 թ. մեսխեթցի թուրքերի համար հատուկ բնակեցման սահմանափակումները վերացվեցին, սակայն դա չէր ենթադրում նյութական վնասի փոխհատուցում և չէր երաշխավորում նրանց՝ վերադառնալու իրավունքը այն վայրերը, որտեղից վտարվել էին։ Նրանց մի մասը սկսեց տեղափոխվել Կովկասի տարբեր մասեր, մասնավորապես՝ Կաբարդինո–Բալկարիա և Հյուսիսային Կովկաս։ Սակայն մեծամասնությունը մնաց իրենց հաստատված բնակավայրերում։

Իրավիճակը կտրուկ փոխվեց, երբ ԽՍՀՄ փլուզման նախաշեմին՝ 1989 թ. հունիսին, Ուզբեկական ԽՍՀ Ֆերգանայի մարզում տեղի ունեցան մեսխեթցի թուրքերի նկատմամբ զանգվածային ջարդեր։ Նրանցից ավելի քան 16.000-ը տարհանվեցին Ռուսաստան և վերաբնակեցվեցին Բելգորոդի, Վորոնեժի, Կուրսկի, Օրյոլի, Սմոլենսկի և Տվերի մարզերում։ Ընդհանուր առմամբ, Ֆերգանայի իրադարձություններից հետո մեկ տարվա ընթացքում մոտ 90.000 մեսխեթցի թուրք լքեցին Ուզբեկստանը՝ հաստատվելով ՌԴ-ում, Ադրբեջանում, Ուկրաինայում և Ղազախստանում։ Այս պահից, և 1990-ական թթ. սկզբից Անկարան համակարգված ձևով սկսեց ներառել մեսխեթցի թուրքերի խնդիրներն իր արտաքին քաղաքականության օրակարգում՝ հանդես գալով իբրև նրանց «հովանավոր և պաշտպան» պետություն։

Թուրքիայի քաղաքականությունը մեսխեթցի թուրքերի նկատմամբ 1990-ականներից մինչև ԱԶԿ-ի իշխանության ձևավորումը

1990-ական թթ. իրավամբ կարելի է համարել պանթյուրքիզմի վերաիմաստավորման փուլ։ ԽՍՀՄ փլուզմամբ ձևավորվեց նոր աշխարհաքաղաքական իրադրություն, որի պայմաններում Անկարան առաջին անգամ հնարավորություն ստացավ անմիջական կապեր հաստատելու Կենտրոնական Ասիայի և Կովկասի թյուրքալեզու հանրապետությունների հետ։ Պանթյուրքիզմը որպես ազգայնամոլական, ռասիստական գաղափարական հոսանք, աստիճանաբար հեռացավ «ռոմանտիկ-մշակութային» բնույթի բանավեճերի շրջանակից՝ ձեռք բերելով աշխարհաքաղաքական հաշվարկների վրա հիմնված կիրառական նշանակություն։ Այս ընթացքում էլ մեսխեթցի թուրքերի հարցը ձեռք բերեց առանձնահատուկ նշանակություն։ Անկարան ձևակերպեց նրանց հանդեպ «պաշտպանական» քաղաքականություն, որն արտահայտվում էր քաղաքացիության տրամադրումով, բնակեցման ծրագրերով և կրթական աջակցությամբ։

Այսպես, 1992 թ. հուլիսի 2-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ) ընդունեց «Թուրքիայում մեսխեթցի թուրքերի ներգաղթի և բնակության մասին» թիվ 3835 օրենքը[13], որը երաշխավորում էր նրանց ներգաղթը Թուրքիա՝ ինչպես ինքնուրույն, այնպես էլ բնակեցման ծրագրերի միջոցով, եթե նրանց թիվը չէր գերազանցում տարեկան սահմանաչափը: Օրենքը նաև նախատեսում էր հանձնաժողովների ստեղծում՝ ներգաղթյալների զբաղվածությունն ապահովելու և ժամանակավոր վերաբնակեցման վայրեր տրամադրելու, ինչպես նաև նրանց բոլոր հարկերից, տուրքերից և վճարներից ազատելու համար: Այս օրենքով սահմանվեց, որ Թուրքիան ամեն տարի պետք է ընդունի որոշակի թվով ընտանիքների՝ առաջնահերթությունը տալով սոցիալապես ամենաանապահով վիճակում գտնվողներին: Սկզբում երկիրն ընդունեց 150 ընտանիք, որոնց բնակեցրեց Իգդիրի նահանգում՝ հատկացնելով բնակարաններ, ապահովելով աշխատանքով, կրթությամբ և սոցիալական ապահովագրությամբ: Միևնույն ժամանակ, խմբերով առաջին ներգաղթյալներից բացի սեփական միջոցներով եկածները հիմնականում բնակություն հաստատեցին խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Բուրսան, Ստամբուլը, Անկարան, Քոջաելին, Իզմիրը և Անթալիան[14]։ Ակնհայտ է, որ սեփական միջոցներով ժամանածները բնավ ցանկություն չեն ունեցել հաստատվելու երկրի տնտեսապես թերզարգացած այն շրջաններում, որտեղ, ի հավելումն այլ խնդիրների, զինված հակամարտություն էր ընթանում Թուրքիայի զինված ուժերի և քրդական ուժերի միջև։ Ընդհանուր առմամբ, մինչև 2002 թ. ԹՀ քաղաքացիություն ստացավ 4840 մեսխեթցի թուրք։

Ինչևէ, 1992 թվականի որոշումը կարևոր հանգրվան էր մեսխեթցի թուրքերի նկատմամբ Անկարայի քաղաքականության ձևավորման համար, սակայն սխալ կլինի ասել, որ դա զանգվածային ներգաղթի մեկնարկ էր։ Իրականում Թուրքիայի կառավարության կողմից ընդունված օրենքով նախատեսվում էր հումանիտար հիմքով մեսխեթցի թուրքերի սահմանափակ թվով ընդունում և բնակեցում։ Ավելի լայն իմաստով՝ քվոտաները փոքր էին, իսկ վերաբնակեցումը՝ փուլային, հետևաբար գործընթացը չվերածվեց զանգվածային ներգաղթի ծրագրի։ 1990-ականների Թուրքիայի տնտեսական և քաղաքական անկայուն իրավիճակը լայնածավալ ներգաղթի քաղաքականության իրականացում թույլ չէր տալիս։ Այդ պատճառով, 1993 թ. մոտ 350 ընտանիք Թուրքիա ընդունելու նախնական որոշումը կասեցվեց[15]։

Բայցևայնպես, ներգաղթի որոշումը հումանիտարից բացի խորհրդանշական էր այն առումով, որ Անկարան փաստացի պաշտոնապես ճանաչեց մեսխեթցի թուրքերին «բարեկամ կամ ազգակից համայնք» և ցույց տվեց, որ նրանց իրավունքների պաշտպանության համար որոշակի պատասխանատվություն է կրում։

Մեսխեթցի թուրքերի նկատմամբ ԱԶԿ-ի քաղաքականությունը

Թեև 1992 թ. որոշմամբ մեսխեթցի թուրքերի խնդիրները լիովին չլուծվեցին, սակայն այն կատարեց անցումային դեր՝ ստեղծելով քաղաքական ու իրավական հիմքեր, որոնք ԱԶԿ-ին հնարավորություն տվեցին հետագայում նրանց նկատմամբ առավել համակարգված քաղաքականություն վարել:

ԱԶԿ-ի իշխանության գալուց հետո մեսխեթցի թուրքերի նկատմամբ իրականացվող ընդհանուր քաղաքականությունը ենթարկվեց որոշակի վերափոխումների։ Սկզբում կառավարությունը սկսեց քայլեր ձեռնարկել՝ աստիճանաբար նվազեցնելու պետության ուղղակի պատասխանատվությունը Թուրքիա տեղափոխված հարկադիր ներգաղթյալների ինտեգրման և հարմարեցման գործընթացում։ 2004 թ. օգոստոսի 5-ին ընդունվեց կառավարական որոշում, որը փաստացի վերացրեց մինչ այդ գործող արտոնյալ ռեժիմը մեսխեթցի թուրքերի համար։ Ըստ այդ փոփոխության՝ կեցության թույլտվություն ստանալու դիմումները պետք է դիտարկվեին բացառապես անհատական կարգով, իսկ Թուրքիայում օրինականացման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը զգալիորեն ընդլայնվեց, ինչը բարդացրեց վարչական ընթացակարգերը։ Սակայն, հետագայում՝ նախագահ Ա. Գյուլը հիշյալ օրենքում լրացուցիչ փոփոխություններ կատարեց, որով պարզեցվում էր մեսխեթցի թուրքերի կողմից քաղաքացիություն ստանալու ընթացակարգը, որը պաշտոնապես ուժի մեջ մտավ 2009 թ. փետրվարի 28-ին։ Այս փոփոխության արդյունքում երկրում բնակվող շուրջ 60.000 մեսխեթցի թուրք հնարավորություն ստացան երեք ամսվա ընթացքում, համապատասխան դիմում ներկայացնելով, պարզեցված կարգով ձևակերպել Թուրքիայի քաղաքացիություն[16]։

2010 թ. ապրիլի 6-ին թուրքական սփյուռքի գործունեությունը համակարգող պետական մարմնի՝ Արտասահմանում բնակվող թուրքերի և բարեկամ հասարակությունների վարչության ստեղծումից մեկ ամիս անց, Արտաքին և Ներքին գործերի նախարարությունների կողմից ներկայացված նամակ-խնդրանքի հիման վրա Նախարարների խորհուրդը որոշում կայացրեց Ստամբուլում հիմնադրել «Մեսխեթցի թուրքերի համաշխարհային միության գլխավոր գրասենյակը» (այսուհետ՝ DATÜB), որն առաջին հերթին պետք է արագացներ «տեղահանված մեսխեթցի թուրքերի պատմական հայրենիք՝ Վրաստան վերադարձի գործընթացի նախապատրաստման»[17] աշխատանքները և համակարգեր մեսխեթցիների խնդիրներին վերաբերող պարբերականների և տեղեկագրերի հրատարակումը: Սփյուռքի անդամների միջև փորձի փոխանակման և նրանց ինտեգրմանը նպաստելու համար Թուրքիայում ստեղծվեցին նաև այլ ՀԿ-ներ՝ նրանց շահերը ներկայացնելու համար: Դրանց թվում են «Մեսխեթցի թուրքերի համերաշխության և մշակույթի» և «Մեսխեթցի թուրքերի կրթության, մշակույթի և սոցիալական համերաշխության» ասոցիացիաները: Նույն թվականին ԱՄՆ-ում հիմնադրվեց թուրք-ամերիկյան «Ահըսկա» կենտրոնը, ինչպես նաև մեսխեթցի թուրքերի իրավունքների պաշտպանության կոմիտեն, որը սկսեց զբաղվել մեսխեթցի թուրքերի՝ Վրաստան վերաբնակեցման հարցերով, միաժամանակ վարելով հակառուսական քաղաքականություն[18]։

Այս բոլոր կազմակերպությունները միավորված են DATÜB-ի ներքո և ծառայում են որպես կամուրջ հանրային և պաշտոնական կառույցների միջև։

Հավակնելով ներկայացնել տարբեր երկրներում բնակվող մեսխեթցիների շահերը, վերջին 15 տարիներին DATÜB-ը նաև իր ներկայացուցչություններ է բացել ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Ֆրանսիայում, Ուկրաինայում, Ադրբեջանում, Ղազախստանում, Վրաստանում, Ղրղզստանում, ինչպես նաև գրասենյակներ՝ մեսխեթցի թուրք ներգաղթյալներով բնակեցված Թուրքիայի տարբեր քաղաքներում։ Տեղեկատվական արշավների, սոցիալական հարցերի, իրավապաշտպան նախաձեռնությունների և քաղաքական պահանջների առաջադրման տեսանկյունից՝ ցանցային մոդելով աշխատանքը մեծացրեց նրա մոբիլիզացիոն կարողությունները։

DATÜB-ի պաշտոնական կայքում առկա են Թուրքիայի բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ հանդիպումների վերաբերյալ հաղորդագրություններ, ինչն ակնհայտորեն ցույց է տալիս, որ կազմակերպությունը ապավինում է պետական հաստատությունների աջակցությանն՝ իր օրակարգերն առաջ մղելու համար։ Դա հաշվի առնելով, վստահաբար կարելի է ասել, որ միությունը տեղի պետական մարմինների համար վերածվել է ոչ միայն «փափուկ ուժի» վերահսկելի ցանցային ենթակառուցվածքի, այլև՝ արտաքին քաղաքականության օժանդակ գործիքի։ Չմանրամասնելով DATÜB-ի երկարամյա գործունեության ընթացքում նախաձեռնած միջոցառումները, որոնք դրսևորվում են սոցիալ-մշակութային, հումանիտար և այլ տիրույթներում, նշենք, որ միայն վերջին հնգամյակում DATÜB-ի նախագահ Զ. Կասանովը բազմիցս հանդիպումներ է ունեցել նախագահ Ռ. Թ. Էրդողանի հետ՝ վերջինիս հրավերով։

Մասնավորապես, 2025 թ. նոյեմբերի 11-ին նախագահական պալատում Ռ. Թ. Էրդողանը ընդունեց DATÜB-ի նախագահ Զ. Կասանովին և 9 երկրներից (Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան, Թուրքիա, Ուկրաինա, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, ԱՄՆ) ժամանած մեսխեթցի թուրքերի 70 հոգանոց պատվիրակությանը։ Միջոցառման բացման խոսքում Ռ. Թ. Էրդողանը նշել էր, որ. «Մեսխեթցի թուրքերի պայքարը մեր պայքարն է…։ Մենք կշարունակենք պաշտպանել ձեր գործը միջազգային հարթակներում, մասնավորապես՝ ԵԽ-ում և Թուրքական պետությունների կազմակերպությունում»[19]։ Հանդիպման վայրն ու մակարդակը, DATÜB-ի հրապարակային գովաբանումը և նրա ղեկավար Կասանովի հետ Էրդողանի «եղբայրական» հարաբերությունների ընդգծումով ազդարարվեց, որ մեսխեթի թուրքերի հարցը բարձրացվել է պետական առաջնահերթության աստիճանի։ Սակայն, ամենակարևոր հարցերից մեկը, որը շոշափվեց միջոցառման ընթացքում, մեսխեթցիների ներգաղթի կազմակերպումն է Թուրքիա, հատկապես՝ Ուկրաինայից[20]։

Դեռևս 2014 թ. Ուկրաինայի արևելքում բռնկված հակամարտության պատճառով նախագահ Ռ. Թ. Էրդողանի նախաձեռնությամբ մեսխթեցիների մեծ մասին թույլատրվեց տեղափոխվել Թուրքիա և հաստատվել Էրզինջան (Երզնկա) նահանգում, Բիթլիսի շրջանի Ախլաթ (հայկական Խլաթ) և Կարս քաղաքներում։ Փուլային տարբերակով Դոնեցկի շրջանից տարհանել է մոտ 3000 մարդ, իսկ վերջին շրջանում մոտ 100 ընտանիք Խերսոնի մարզից[21]։

Տարհանվածների և դրան նախորդած ժամանակաշրջանում Թուրքիա ներգաղթած մեսխեթցիների խնդիրները կարգավորելու նպատակով, 2017 թ. մայիսին հայտնի դարձավ, որ DATÜB-ի և Թուրքիայի Ներքին գործերի նախարարության միգրացիայի հարցերով գլխավոր վարչության միջև բանակցությունների արդյունքում մինչև 2017 թ. հունվարի 1-ը Թուրքիայում բնակություն հաստատած մեսխեթցի թուրքերը կստանան երկարաժամկետ բնակության թույլտվություն: Հաղորդվել էր, որ մինչև 2017 թ. օգոստոսի 15-ը 22.800 մեսխեթցի թուրք կարող է դիմել իրենց շրջանային միգրացիայի վարչություններ՝ երկարաժամկետ բնակության թույլտվություն ստանալու համար: Երկարաժամկետ բնակության թույլտվությունը ներառում էր Թուրքիայում աշխատանքի թույլտվություն և ընտանիքի անդամների առողջության ապահովագրություն: Հինգ տարի անց մեսխեթցի թուրքերը կկարողանային ստանալ Թուրքիայի քաղաքացիություն: 2017 թ. հունվարի 1-ից հետո Թուրքիա ժամանած մեսխեթցի թուրքերը կարող էին դիմել կարճաժամկետ բնակության թույլտվություն ստանալու համար[22]:

2022 թ. փետրվարի 24-ին սկսված Ռուսաստան–Ուկրաինա զինված հակամարտությունն ունեցավ նաև հումանիտար հետևանքներ։ Ստեղծված իրավիճակը զգալիորեն ազդեց նաև Ուկրաինայում բնակվող մեսխեթցի թուրքերի համայնքի վրա, որը պատերազմի մեկնարկից հետո հայտնվեց անմիջական վտանգի պայմաններում։ Ռազմական գործողությունների ծավալման և քաղաքացիական բնակչության տարհանման հրատապ անհրաժեշտության հետևանքով մեսխեթցի շատ ընտանիքներ տեղափոխվեցին Թուրքիա։ Պատերազմական իրադրությունում Թուրքիայի ԱԳՆ կազմակերպված կերպով իրականացրեց նրանց տեղափոխումը՝ հատկապես այն բնակավայրերից, որոնք գտնվում էին ակտիվ մարտական գործողությունների գոտում, և որտեղ մնացած բնակիչները չունեին ինքնուրույն հեռանալու բավարար հնարավորություններ։

Պաշտոնական տվյալները չեն հաղորդում թե ռուս-ուկրաինական պատերազմից հետո որքան մեսխեթցի թուրք է պետական աջակցությամբ տարհանվել Թուրքիա։ Ինչևէ, 1992–2021 թթ. ժամանակահատվածում, ըստ ԱԳՆ նախկին նախարար Մ. Չավուշօղլուի, Թուրքիայի քաղաքացիություն են ստացել շուրջ 100 հազար մեսխեթցիներ[23]։ 2025 թ. նոյեմբերի տվյալներով, որ հնչեցվել է Ռ. Թ. Էրդողանի կողմից, քաղաքացիություն ստացողների թիվն արդեն հասնում էր 170 հազարի[24]։

Ինչպես հայտնի է, Թուրքիայում ժողովրդագրությունը երկար ժամանակ դիտարկվել է որպես ներքաղաքական և անվտանգային ռազմավարությունների առանցքային բաղադրիչ, իսկ քրդական հարցի համատեքստում բնակչության կազմի փոփոխության խնդիրը մշտապես եղել է առանձնակի զգայուն։ Այդ իսկ պատճառով, երբ վերաբնակեցման ծրագրերն իրականացվում են այնպիսի շրջաններում, որտեղ քրդական բնակչությունն ունի մեծ թվաքանակ և քաղաքական ազդեցություն, գործընթացը հաճախ արժանանում է սուր քաղաքական մեկնաբանությունների։ Մասնավորապես, հակամարտության գոտուց Թուրքիա տարհանված մեսխեթցիների համար նոր բնակավայրերի ձևավորման նպատակով Թուրքիայի կառավարության կողմից ընտրված մի շարք տարածքներ գտնվում են այն շրջաններում, որտեղ առկա է քրդական զգալի թվով բնակչություն, ինչը քննադատության է արժանացել քրդական քաղաքական ուժերի կողմից։ 2024 թ. «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցության (DEM) Բիթլիսի պատգամավոր Հուսեին Օլանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում հարցականի տակ դրեց Բիթլիս նահանգի Ախլաթի շրջանում մեսխեթցի թուրքերի համար նախատեսված նոր թաղամասի տեղակայման նպատակահարմարությունը՝ կառավարությանը մեղադրելով տվյալ տարածաշրջանի ժողովրդագրական կառուցվածքը դիտավորյալ փոփոխելու և այն թրքացնելու փորձի մեջ[25]։

Ակնհայտ է, որ հազարների հասնող թուրք մեսխեթցիների համար նոր բնակավայրերի ստեղծումով Անկարան նպատակադրվել է ուժեղացնել կենտրոնական իշխանության ներգրավվածությունը քրդաբնակ տարածքներում։ Եվ դեռ հայտնի չէ, թե առաջիկա տարիներին որքան մեսխեթցիներ են բնակեցվելու քրդաբնակ շրջաններում, որն էապես կարող է փոխել բնակչության էթնիկական համամասնությունները՝ խաթարելով նախկինում գերակշռող քրդական բնակչության թվային առավելությունը որոշ համայնքներում։ Նման սցենարի պարագայում երկարաժամկետ հեռանկարում, անկասկած, հնարավոր է քրդամետ կուսակցությունների ազդեցության նվազում և նոր քաղաքական հավասարակշռության ձևավորում, հատկապես՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ինչը կարող է ապահովել իշխող կուսակցության կամ քաղաքական դաշինքի առավելությունը որոշակի տարածքներում»։

Վրացական ուղղությունը Հակիրճ անդրադարձ թուրքական և վրացական դիրքորոշումներին

1996 թ. Է. Շևարդնաձեի նախագահության օրոք Վրաստանը դիմեց Եվրոպայի Խորհրդին անդամակցության համար։ Մոտ 3 տարի տևած բանակցություններից հետո Վրաստանը դարձավ Եվրոպայի Խորհրդի 41-րդ անդամը։ 1999 թ. մայիսի 20-ին Վրաստանը վավերացրեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, ապա 2002 թ. հուլիսի 7-ին ստորագրեց սեփականության իրավունքների վերաբերյալ թիվ 1 արձանագրությունը, որը որոշ վերապահումներով մեծ նշանակություն ուներ նաև մեսխեթցի թուրքերի համար։ 1999 թ. հունվարի 29-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունեց մի տեքստ, որը նախատեսում է Վրաստանի կողմից իրավական ծրագրի ստեղծում՝ մեսխեթցի թուրքերի վերադարձն ապահովելու համար: Որպես Եվրոպայի խորհրդին անդամակցելու պայման և ստանձնած միջազգային պարտավորություն՝ Թբիլիսին խոստացել էր ապահովել մեսխեթցի թուրքերի վերադարձի և ինտեգրման գործընթացը, մշակել և կիրառել քաղաքացիության կարգավորման հստակ մեխանիզմներ, ինչպես նաև իրականացնել անհրաժեշտ օրենսդրական և վարչաիրավական քայլեր տվյալ խնդրի համապարփակ կարգավորման ուղղությամբ։ Ընդ որում, ստորագրման պահից սկսած, մեսխեթցի թուրքերի վերադարձը պետք է ավարտվեր 12 տարվա ընթացքում[26]։ Որևէ հիշատակում չկար, թե որքան մարդ պետք է ընդուներ Վրաստանը։

Ներկայումս մեսխեթցի թուրքերի ընդհանուր թիվը աշխարհում գնահատվում է շուրջ 425–450 հազար։ Եթե առաջնորդվենք այս թվաբանական գնահատականներով, ապա ենթադրելի է, որ Վրաստանը ստանձնել է ոչ միայն 1944 թ. անմիջական տեղահանվածներին ընդունելու, այլև նրանց ժառանգներին իրավական կարգավիճակ տրամադրելու պարտավորություն։ Նման ծավալի հնարավոր վերաբնակեցումը չէր կարող չառաջացնել անվտանգության և պետական շահերի հաշվարկներ վրացական քաղաքական էլիտայի շրջանում։ Դժվար է ենթադրել, որ Թբիլիսին լիարժեք չէր գիտակցում, թե զանգվածային վերադարձի պարագայում ինչպիսի ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական և ներքաղաքական հետևանքներ կարող են առաջանալ իր համար։ Թերևս դրանով է գուցե նաև պայմանավորված, որ վերադարձի հարցում էական առաջխաղացում չի գրանցել։

Նույնիսկ 2010 թ. մարտի 30-ին Վրաստանի կառավարության՝ «Հայրենադարձի կարգավիճակ ունեցող անձանց պարզեցված եղանակով Վրաստանի քաղաքացիություն տրամադրելու մասին» ընդունած որոշումը գործնականում արդյունքներ չտվեց։ Հատկանշական է, որ այդ որոշումը հավանության արժանացավ Վրաց Ուղղափառ եկեղեցու կողմից, ինչը որոշ շրջանակների համար անակնկալ էր՝ հաշվի առնելով հարցի քաղաքական և կրոնական զգայուն բաղադրիչները։ Ամեն դեպքում 2010 թ. մարտի 5-ին Եվրոպայի խորհուրդը քննադատեց վրացական իշխանություններին մեսխեթցիների վերադարձի ժամկետները չկատարելու համար[27]։ Գուցե նաև սրանով էր պայմանավորված Վրաստանի կառավարության մարտի վերջին ընդունած որոշումը, որով փորձ էր արվում մեղմել ԵԽ-ի մտահոգությունները։

Վրաց փորձագետները այս հարցի հետ կապված տարբեր գնահատականներ են տալիս։ «Խորհրդային անցյալի ուսումնասիրության լաբորատորիա» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար, փորձագետ Ի. Խվադագիանին, 2022 թ. իր հարցազրույցում նշել էր, որ «Մի քանի հարյուր մարդ կարողացել է տեղափոխվել Վրաստան, …բայց չկա որևէ հետևողական պետական քաղաքականություն կամ աջակցություն նրանց տեղի հասարակությանն ինտեգրելու և հայրենադարձության գործընթացի շարունակականության համար»։ Իսկ Կովկասի հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեի կարծիքով. «Իշխանությունները թույլ չեն տալիս նրանց վերադառնալ Սամցխե–Ջավախք՝ Լեռնային Ղարաբաղի (ԼՂՀ-ն ներկայումս բռնազավթված է Ադրբեջանի Հանրապետության կողմից – Ա. Ս.) հակամարտության պայմաններում միջէթնիկական հակամարտության վախից ելնելով, քանի որ տարածաշրջանը խիտ բնակեցված է էթնիկ հայերով»։ Մյուս կողմից՝ «Վրաստանի անկախության վերականգնումից հետո դժվար էր ընդունել այն մարդկանց, ովքեր չէին նույնականանում տեղի բնակչության հետ»[28]։

Ի դեպ, 2017 թ. տվյալներով ՍամցխեՋավախքում բնակություն են հաստատել 50 ընտանիքներ, որոնց մեծ մասն ինքնուրույն է վերադարձել Վրաստան: Նրանցից 20-ն ապրում է Ախալցխա քաղաքում, մնացածը՝ Վալեում, Ադիգենիում և Աբասթումանում[29]: Թե որքան է վերադարձած մեսխեթցիների ընդհանուր թվաքանակը՝ Վրաստանի պաշտոնական վիճակագրությունը լռում է։

Ինչևէ, լայնածավալ վերաբնակեցման բացակայության փաստն արձանագրելով՝ կարող ենք ասել, որ այն Թբիլիսիի քաղաքական օրակարգում արդիական հարց չէ։ Այնուամենայնիվ, Թուրքիայում դեռ հույս ունեն, որ մեսխեթցի թուրքերը կվերադառնան Վրաստանի ՍամցխեՋավախքի տարածաշրջանի այն բնակավայրերը, որտեղից 1944 թ. տեղահանվել էին, և այս խնդրի վերաբերյալ Անկարան ժամանակ առ ժամանակ հիշեցնում է Թբիլիսիին[30]։ Այդ մասին բազմիցս հայտարարել են Թուրքիայի ներկա թե նախկին գրեթե բոլոր նախագահներն ու արտաքին քաղաքականության համար պատասխանատու պաշտոնյաները, ընդ որում՝ առանց հրապարակային ճնշման կամ պահանջատիրական կոշտ ձևակերպումների։ Նույնը կարելի է ասել նաև միջազգային կառույցների մասին. օրինակ՝ ԵԽ-ի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության Խորհրդատվական կոմիտեն իր ամենամյա զեկույցներում անդրադառնում է այս հարցին։

Հարկ է ընդգծել, որ Սամցխե–Ջավախքը Անկարայի համար ունի առանձնահատուկ նշանակություն աշխարհագրական և աշխարհատնտեսական տեսանկյուններից։ Որպես բնական աշխարհագրական միջանցք, այն Թուրքիային կապում է Հարավային Կովկասի հետ և, ավելի լայն իմաստով՝ հնարավորություն է ստեղծում «հասնելու թյուրքախոս աշխարհին»։

Տարածաշրջանը կարևոր է նաև ժողովրդագրական տեսանկյունից. այն գտնվում է Վրաստանի երկու մուսուլմանաբնակ շրջանների՝ Աջարիայի և Բորչալիի (Քվեմո Քարթլի) միջև։ Այս հանգամանքը որոշ թուրք մասնագետներ «իսլամական և թյուրքական գործոնի տարածքային շարունակականության ապահովման հնարավորություն են տեսնում»[31], որով ստեղծվում է մշակութային և կրոնական կապերի ամրապնդման նախադրյալներ։ Բացի այդ, տարածաշրջանով են անցնում տարանցիկ էներգետիկ խողովակաշարերն ու տրանսպորտային հանգույցները, ինչը բարձրացնում է նրա աշխարհատնտեսական արժեքը։ Հաշվի առնելով տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը՝ մեսխեթցի թուրքերի հարցով Վրաստանի նկատմամբ ճնշում բանեցնելը էականորեն կվնասի նրանց հարաբերություններին, հետևաբար Թուրքիան ընտրում է զգուշավոր և չափավոր հռետորաբանություն։ Խուսափելով խնդիրը վերածել բաց քաղաքական հակասության՝ այն պահվում է երկկողմ խորհրդակցությունների և դիվանագիտական շփումների շրջանակում կամ միջնորդ ինստիտուտների միջոցով։ Վերջին անգամ 2025 թ. օգոստոսին, Վրաստանի և Թուրքիայի նախագահների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, ի շարս այլ խնդիրների, Էդողանը հայտարարեց, որ «Ախալցխան մեսխեթցի թուրքերի հայրենիքն է»[32], անուղղակիորեն ակնարկելով Վրաստանին, որ այդ հարցը իրենց ուշադրության կիզակետում է։

Նկատենք նաև, որ 2015 թ.-ից ի վեր, ամեն տարի՝ նոյեմբերի 14-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հրապարակում է ուղերձներ՝ նվիրված մեսխեթցի թուրքերի 1944 թ. տեղահանման տարելիցին, որոնցում նաև շեշտվում է Վրաստան նրանց վերադարձի հարցը։ Այս հիշատակի ուղերձները և այլ միջոցառումներն արտահայտում է Թուրքիայի դիրքորոշումն ու քաղաքական վերաբերմունքն այս հարցերի նկատմամբ։ Հատկապես հիշատակի հայտարարությունները և դրան նվիրված միջոցառումների կազմակերպումը ծառայում են «…պաշտոնական դիսկուրսի մոբիլիզացմանը՝ ընդգծելով, որ Անկարան չի հրաժարվել այդ հարցից և շարունակում է այն պահել իր արտաքին և սփյուռքի քաղաքականության օրակարգում»[33]։

Վերջին երկու տասնամյակում Անկարան առավել համակարգված կերպով աջակցություն է ցուցաբերում և պաշտոնական բարձր մակարդակով կապեր է պահպանում նաև այլ երկրներում բնակվող մեսխեթցի թուրքերի համայնքապատկան կառույցների հետ։ Հատկապես, Թուրքիայի ԱԳՆ-ն և Թուրքական համագործակցության և համակարգման գործակալությունը (այսուհետ՝ TİKA) շարունակում են աջակցել մշակութային, սոցիալական նախաձեռնություններին[34], սփյուռքի համախմբմանը[35] և նպաստել Սամցխե–Ջավախք մեսխեթցի թուրքերի այցելություններին[36]։

Համայնքային կառույցների հետ հաստատված և շարունակական կապերի պահպանումը որոշակիորեն ուժեղացնում է դրանց ինստիտուցիոնալ և քաղաքական սուբյեկտայնությունը՝ ապահովելով պաշտոնական Անկարայի հետ անմիջական և կայուն հաղորդակցական խողովակներ։ Ինչ վերաբերում է TİKA-ի կողմից ֆինանսավորվող մշակութային և սոցիալական ծրագրերին, ապա դրանք «փափուկ ուժի» կիրառման դասական մեխանիզմներ են, որոնք միտված են ինքնության պահպանմանը, պատմական հիշողության վերարտադրությանը և, ի վերջո, Թուրքիայի նկատմամբ դրական ընկալման ձևավորմանը:

Եզրափակիչ դիտարկումներ

Հանրագումարի բերելով վերլուծությունը, եզրակացնենք, որ՝

  • Անկարան պետական մակարդակով շարունակում է շահարկել մեսխեթցի թուրքերի Վրաստան վերադարձի թեման, բայց չի ցանկանում հարցը վերածել երկկողմ լարվածության աղբյուրի. նա աստիճանաբար անցել է հարմարվողական ռազմավարության՝ գործնականում առաջնահերթություն տալով Թուրքիա ներգաղթին։ Այդպիսով, մի կողմից՝ Անկարան պահպանում է հարցի նկատմամբ վերահսկողությունը, զուգահեռաբար լուծում իր ներքին ժողովրդագրական հարցերը, հատկապես՝ Արևմտյան Հայաստանի տարածքում և ամրապնդում իր քաղաքական կապիտալը թե՛ արտաքին, թե՛ ներքին ճակատներում, իսկ մյուս կողմից՝ նվազեցնում Վրաստանի հետ մշտական «բանակցային» բեռը։ Անկախ այս հանգամանքներից՝ Թուրքիայում, Վրաստանում, ԱՄՆ-ում և աշխարհի այլ վայրերում մեսխեթցի թուրքերին նվիրված պետական աջակցությամբ տարատեսակ մշակութային ծրագրերի իրականացումն ու 1944 թ. իրադարձությունների հետ կապված հիշատակի միջոցառումների անցկացումը ազդակ է առաջին հերթին Թբիլիսիին, որ հարցը շարունակում է մնալ Անկարայի արտաքին քաղաքականության օրակարգում։
  • Քանի որ մեսխեթցի թուրքերի 1944 թ. տեղահանությունը իրականացվել է խորհրդային իշխանությունների անմիջական հրահանգով, բնականորեն ձևավորում է խորհրդային/ռուսական պետության նկատմամբ պատմական մեղադրանքի խոսույթ։ Հիշատակի որոշ միջոցառումներում շեշտադրվում են «ստալինյան ռեպրեսիաները», ինչը երբեմն արտապատկերվում է ժամանակակից ՌԴ-ի վրա։ Թուրքիայում պետական կառույցների (օրինակ՝ ԱԳՆ-ի կամ TİKA-ի) ներգրավմամբ կազմակերպվող միջոցառումներում նախընտրում են խուսափել բացահայտ հակառուսական ձևակերպումներից, և պաշտոնական խոսույթը սովորաբար ծավալվում է «հումանիտար, մշակութային և պատմական արդարության վերականգնման» թեմաների շուրջ։ Ի տարբերություն պաշտոնական մոտեցման՝ հասարակական կազմակերպությունների կամ որոշ մեդիա հարթակների մակարդակում և գիտավերլուծական հրապարակումներում երբեմն կարելի է հանդիպել ավելի սուր ձևակերպումների, որտեղ տեղահանության թեման դիտարկվում է խորհրդային/ռուսական «իմպերիալիստական քաղաքականության» և, անգամ, «ցեղասպանական գործողությունների» քննադատության լույսի ներքո։
  • Ի հեճուկս այն պատմական իրողությանը, որ 1989 թ. Ֆերգանայում մեսխեթցի թուրքերի դեմ բռնություններով ուղեկցված ջարդարարական գործողությունները իրականացվել են տեղացի ուզբեկների կողմից, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, իսկ հազարավորները՝ ստիպված լքել տարածաշրջանը, թուրքական կողմը խուսափում է բացահայտ շեշտել «թյուրք ուզբեկների» դերակատարությունը։ Դա ունի իր բացատրությունը։ Թուրքական պետական և ազգայնամոլական շրջանակները հաճախ են շեշտում, որ ««թյուրքական աշխարհի» գաղափարախոսությունը հիմնված է էթնո-մշակութային ընդհանրության և քաղաքական համերաշխության վրա»։ Այս համատեքստում ուզբեկներին՝ մեսխեթցի թուրքերի նկատմամբ բռնություն իրականացրած կողմ ներկայացնելը նշանակում է խաթարել «համաթյուրքական միասնականության» գաղափարախոսական միֆը։ Հետևաբար, բռնարարքները բացատրվում են «խորհրդային վարչակարգի ձախողմամբ» կամ «կենտրոնական իշխանության անգործությամբ»՝ առանց էթնիկ պատասխանատվության հստակ մատնանշման։
  • Նկատենք, որ մեսխեթցի թուրքերի շրջանում առկա է որոշակի հիասթափություն վերադարձի հեռանկարների առնչությամբ և, կարծես թե, այն աստիճանաբար փոխարինվել է իրատեսական ընտրությամբ, երբ հարցը վերաբերում է Թուրքիա տեղափոխվելուն։ Մասնագետները նման տեղաշարժը պայմանավորում են ոչ միայն սերնդափոխությամբ, այլև Վրաստանի հետ ունեցած անհատական հիշողության կապի աստիճանական թուլացմամբ և Թբիլիսիի քաղաքական դիմադրությամբ, ինչը ազդում է Վրաստան վերադարձի շարժառիթների վրա՝ նպաստելով դեպի Թուրքիա արտագաղթելու միտումներին։

Հնարավոր մարտահրավերներ ՍամխցխեՋավախքի հայության և ՀՀ-համար

Հաշվի առնելով, որ Վրաստանի սույն տարածաշրջանը առանձնանում է իր սահմանամերձ դիրքով, էթնիկ կառուցվածքով և հաղորդակցական նշանակությամբ, ապա տեղի հայ բնակչության զգալի ներկայությամբ պայմանավորված այն դարձնում է ավելի զգայուն անվտանգային գոտի նաև ՀՀ-ի համար։ Չբացառելով մեսխեթցի թուրքերի լայնածավալ վերաբնակեցման հնարավորությունները Սամցխե–Ջավախքում, կարող ենք եզրակացնել, որ այն մի շարք պոտենցիալ վտանգներ է պարունակում թե՛ Վրաստանի ներքին կայունության, թե՛ ՀՀ-ի ռազմավարական շահերի համար։ Ընդհանրացնելով նշենք, որ հիմնական խոցելի կետերը վերաբերում են ժողովրդագրական պատկերի փոփոխությանը, տարածաշրջանի հաղորդակցական ուղիների անվտանգությանը, արտաքին ազդեցությունների հնարավոր ուժեղացմանն ու հարցի նկատմամբ հայ համայնքում առկա դիրքորոշումների։

  • Սամցխե–Ջավախքի համար ամենաառաջնային վտանգը էթնոժողովրդագրական պատկերի հնարավոր փոփոխությունն է։ Հայ ազգաբնակչությունն այս տարածաշրջանում միշտ էլ աչքի է ընկել տեղային ինքնակազմակերպման բարձր աստիճանով։ Մեսխեթցի թուրքերի շոշափելի քանակով հնարավոր վերադարձը տեղի բնակչության շրջանում կընկալվի իբրև էթնոքաղաքական քարտեզի վերաձևման փորձ՝ անկախ իրական մտադրություններից։ Նման պայմաններում անվստահությունը վրաց իշխանությունների նկատմամբ կխորանա և, հաշվի առնելով տարածաշրջանի հայ և վրաց բնակչության կողմից ոչ վաղ անցյալում տրված կոշտ գնահատականները[37], հանրային մակարդակում կրկին կակտիվանան իրավական դաշտում իրավունքների պաշտպանության մասին քննարկումները։ Ամենաանհավանական, սակայն հնարավոր սցենարներից մեկն այն է, որ հայ ազգաբնակչության շրջանում ինքնավարության կամ հատուկ կարգավիճակի շուրջ քննարկումներ ծավալվեն։ Դրանք, անկախ իրական հեռանկարներից, մշտական լարվածության մեջ կպահեն հայ-վրացական հարաբերությունները՝ չբացառելով արտաքին դերակատարների (Թուրքիա, Ռուսաստան, ԵՄ, ԱՄՆ) ներգրավումն այդ գործընթացներում:
  • Երկրորդ կարևոր հանգամանքն, ինչպես նշեցինք հոդվածում, տարածաշրջանի աշխարհաքաղաքական դիրքն է, որտեղով անցնում եմ էներգետիկ ու տրանսպորտային ենթակառուցվածքները։ Դրանք էական դեր են խաղում Հարավային Կովկասի տնտեսաքաղաքական և անվտանգային ճարտարապետությունում՝ հատկապես Թուրքիա–Ադրբեջան տանդեմի համար։ Այս համատեքստում ՀՀ-ի համար էլ ծագելու են անվտանգային բնույթի տարբեր խնդիրներ «հյուսիսային դարպասի» ուղղությամբ։ Հաշվի առնելով, որ Սամցխե–Ջավախքը Հայաստանի համար կենսական նշանակություն տարանցիկ հանգույց է դեպի Ռուսաստան և Սև ծովի նավահանգիստներ, իսկ այնտեղից՝ դեպի եվրոպական շուկաներ, ապա տարածաշրջանում ցանկացած սոցիալական կամ միջէթնիկ լարվածություն կարող է խաթարել այդ լոգիստիկ միջանցքների կայուն գործունեությունը։ Նման զարգացումը կստեղծի հավելյալ ռիսկեր Հայաստանի արտաքին առևտրի, մատակարարման շղթաների անխափանության և տնտեսական անվտանգության համար։
  • Տարածաշրջանում «թյուրքական ինքնությամբ» բնակչության նոր շերտի հաստատմամբ Անկարայի համար կստեղծվեն նաև մշակութային և քաղաքական ներգրավվածության ընդարձակման հնարավորություններ։ Դրան կհետևեն Վրաստանի կառավարությանն ուղղված մեսխեթցիների կրթության, լեզվի կարգավիճակի, կրոնական կառույցների՝ մզկիթների շինարարության հետ կապված պահանջները։ Ավելորդ չէ նշել, որ Սամցխե–Ջավախքի տնտեսական հնարավորությունները ևս սահմանափակ են։ Հետևաբար, վերաբնակվողների ինտեգրումը կպահանջի նաև գյուղատնտեսական նշանակության հողերի, աշխատաշուկայի և սոցիալական ծառայությունների վերաբաշխում։ Սա չի կարող չառաջացնել սոցիալական լարվածություն եկվորների և տեղացիների միջև։ Հետևաբար, տվյալ տարածաշրջանում Անկարայի «պանթյուրքական երազանքի» իրագործման ձախողումը բխում է Հայաստանի և Վրաստանի պետական շահերից։

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

  1. Simavoryan, A. (2010). Ideological Trends in the Context of Foreign Policy of Turkey. Europe&Orient, (11), 55-62.
  2. Davutoğlu, A. (2011)․ Stratejik Derinlik, Türkiye’nin Uluslararası Konumu, Küre Yayınları, Altmışdördüncü Basım, Istanbul, s. 554.
  3. Simavoryan, A., Atoyan, V., Simavoryan, S. (2021). Role of Turkish think tanks in the state-diaspora relations: The case of SETA and ORSAM. Messenger of Armenian State University of Economics., (5), 143-159.
  4. Симаворян, А., Овян, В., Карен, В. (2017). Политика Израиля, Ирана, Турции, Азербайджана в отношении диаспоры, 175-208,с․ (No. hal-04688381).
  5. Պողոսյան Ն., Կարապողոսյան Ս. (2016)․ Թուրքիայի Հանրապետության և թուրքական սփյուռքի համագործակցության հակահայկական ուղղվածությունը, Երևան։
  6. Джапаридзе, А․ (2008)․ Месхети. Мусульманизация грузин․ Тбилиси․ https://meskhi.ge/Books/Месхети.%20Мусульманизация%20грузин.pdf
  7. Գալոյան, Կ․ (2018)․ Մեսխեթցի թուրքերի հիմնախնդիրը Վրաստանի և հարևան երկրների շահերի խաչմերուկում․ Հայկական Քաղաքագիտական Հանդես, 2(9), էջ 93-95։
  8. Zeyrek, Y․ (2001)․ Ahıska Bölgesi ve Ahıska Türkleri, Ankara, s. 6-7. http://www.ahiska.org.tr/kitap_muhteviyat/ahiska%20bolgesi%20ve%20ahiska%20turkleri.pdf
  9. Keskin, S․, Hazar E․ G․ (2017). Sovyet ve Sovyet Sonrası Dönemde Ahıska Türklerinin Karşılaştıkları Insan Hakları Ihlalleri ve Ayrımcılıklar.
    Uluslararası Suçlar Ve Tarih, nos. 18: 13. https://izlik.org/JA73KG58UA
  10. Постановление ГКО № 6279 от 31 июля 1944 г. О переселении в Казахстан, Узбекистан и Киргизию 86 тыс. турок, курдов и хемшилов из приграничной полосы Грузинской СССР. http://www.soldat.ru/doc/gko/gko1944.html
  11. Документ № 3.176․ Докладная записка наркома внутренних дел Л. П. Берии, И. В. Сталину, В. М. Молотову, Г. М. Маленкову о проведении операции по переселению турок, курдов и хемшинов из пограничных районов Грузинской ССР 28.11.1944․
    https://www.alexanderyakovlev.org/fond/issues-doc/1022541
  12. Resmi Gazete, 11 Temmuz 1992, Sayı: 21281, s. 24. https://www.resmigazete.gov.tr/arsiv/21281.pdf
  13. Yılmaz, A., Mustafa, R. (2014). 1992 Sonrası Türkiye’ye Göçen Ahıska Türklerinin Göç, Iskân ve Uyum Sorunlarına Ilişkin Bir Araştırma, Bursa Örneği. Studies of The Ottoman Domain (Osmanlı Hakimiyet Sahası Çalışmaları)4(6), s. 6.
  14. Alım, M., Doğanay, S., Şimşek, O. (2006). Ülkemize yönelik göçlere bir örnek: Ahıska Türkleri. Eastern Geographical Review, 15, s․ 310.
  15. Гурьев А., О турках-месхетинцах в Турции․
    Институт Ближнего Востока, 13․03․2009, https://www.iimes.ru/?p=8300
  16. Dünya Ahıska Türkleri Birliği Genel Merkezi․ https://www.datub.eu/en/kurumsal/hakkimizda
  17. Мавашев Ю․ Игры вокруг турок-месхетинцев. Politrus, 11.2015,
    https://www.politrus.com/20151114/ahiska-turks/
  18. President Erdoğan Receives DATÜB Delegation: “The Struggle of Ahıska Turks Is Our Struggle”․ DATÜB, 11․11․2025,
    https://www.datub.eu/en/haberler/president-erdogan-receives-datub-delegation-the-struggle-of-ahiska-turks-is-our-struggle
  19. Турция начала вывоз c Донбасса турок-месхетинцев․ 25.12.2015, https://www.unian.net/society/1222458-turtsiya-nachala-vyivoz-c-donbassa-turok-meshetintsev.html
  20. Габриелян А․, Переселение турок-месхетинцев и планы Турции․
    Институт Ближнего Востока․ 26․09․2017, https://www.iimes.ru/?p=37964
  21. Bakan Çavuşoğlu: Türkiye’de yaşayan yaklaşık 100 bin Ahıska Türkü’ne vatandaşlık verildi․
    Anadolu ajansı․ 10․12․2021,
    https://www.aa.com.tr/tr/politika/bakan-cavusoglu-turkiyede-yasayan-yaklasik-100-bin-ahiska-turkune-vatandaslik-verildi/2444241
  22. Türkiye will always stand by you’: Turkish president reaffirms support for Ahiska Turks․
    Anadolu ajansı, 11.2025,
    https://www.aa.com.tr/en/turkiye/turkiye-will-always-stand-by-you-turkish-president-reaffirms-support-for-ahiska-turks/3741971
  23. Ümit Buget․ DEM Partili Olan, Ahıska Türkleri’nin Ahlat’a yerleştirilmesini Meclis’e taşıdı․ Gazeteduvar, 01.2024,
    https://www.gazeteduvar.com.tr/dem-partili-olan-ahiska-turklerinin-ahlata-yerlestirilmesini-meclise-tasidi-haber-1662367
  24. Pirim, C. Z., Öktem, A. E. (2024). The Right of Meskhetian Turks to Return to Their Country. Public and Private International Law Bulletin44(2), 433-486.
  25. Совет Европы обеспокоен срывом властями Грузии сроков репатриации месхетинцев. Кавказский Узел, 05․03․2010, https://www.kavkaz-uzel.eu/articles/165919/
  26. Аналитики перечислили трудности репатриации турок-месхетинцев в Грузию, Кавказский Узел, 22․11․2022, https://www.kavkaz-uzel.eu/articles/383215
  27. Նարիմանիշվիլի Ն, Վերադարձ արտաքսումից․ JAMnews,06.2017,
    https://inlnk.ru/84gQyv
  28. Вопрос возвращения турок-ахыска в Грузию вновь актуализировался на фоне годовщины депортации 1944 года․ Anadolu ajansı, 11.2025, https://inlnk.ru/DB3e8k
  29. Sahin, M. F. (2014). Turk Dis Politikasinda Ahiska Turkleri.
    Master Thesis, University of Istanbul. s.
    https://avesis.ticaret.edu.tr/yonetilen-tez/ecc6b5dc-54c6-4bb9-b06a-cfd6be740d01/turk-dis-politikasinda-ahiska-turkleri
  30. Türkiye and Georgia will continue to act shoulder to shoulder for cooperation and development in our region and beyond․ Directorate of Communications,08.2025, https://www.iletisim.gov.tr/english/haberler/detay/turkiye-and-georgia-will-continue-to-act-shoulder-to-shoulder-for-cooperation-and-development-in-our-region-and-beyond
  31. Alkan, A. (2022). Commemoration and Memorialization of Ahiska (Meskhetian) Turks in Türkiye Foreign Ministry’s Commemoration Statements-(2015-2021)’.
    Open Journal of Political Science12(4), 556-577.
  32. TİKA Ahıska Türklerinin Yanında․TİKA, 10.2018,
    https://tika.gov.tr/detail-tika_ahiska_turklerinin_yaninda/
  33. TİKA stands by the Meskhetian Turks․ TİKA, 18․11․2018,
    https://tika.gov.tr/en/detail-tika_stands_by_the_meskhetian_turks/
  34. Ahıska Türklerinden 80 Yıl Sonra Ana Vatanlarına Ziyaret. TİKA, 06.2024,
    https://tika.gov.tr/ahiska-turklerinden-80-yil-sonra-ana-vatanlarina-ziyaret/
  35. Meskhetian Return Stirs Georgian Dissent․Georgia’s pledge to allow the return of Meskhetian Turks has provoked widespread public opposition.
    Institute for War & Peace Reporting, 23․01․2003, https://iwpr.net/global-voices/meskhetian-return-stirs-georgian-dissent?utm

[1] Արևելագետ, թուրքագետ: 2008–2019 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում որպես Հայագիտական կենտրոնի ղեկավար, 2014–2021 թթ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի գիտաշխատող։ 2019–2021 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վերլուծական ծառայության» բաժնում որպես ավագ փորձագետ։ 2021–2022 թթ. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի «Գիտահետազոտական աշխատանքների և միջազգային կապերի բաժնի» գլխավոր արխիվագետ։ 100-ից ավելի գիտավերլուծական հոդվածների և 12 կոլեկտիվ մենագրության հեղինակ է։

[2] Հոդվածը խմբագրություն է ներկայացվել 2026 թ. մարտի 2-ին:

[3] Simavoryan, A. (2010). Ideological Trends in the Context of Foreign Policy of Turkey. Europe&Orient, (11), 55-62.

[4] A. Davutoğlu, Stratejik Derinlik, Türkiye’nin Uluslararası Konumu, İstanbul, Küre Yayınları, Altmışdördüncü Basım, Istanbul, 2011, s. 554.

[5] Այս մասին մանրամասն տես, Simavoryan, A., Atoyan, V., & Simavoryan, S. (2021). Role of Turkish think tanks in the state-diaspora relations: The case of SETA and ORSAM. Messenger of Armenian State University of Economics., (5), 143-159. Симаворян, А., Овян, В., Карен, В. (2017). Политика Израиля, Ирана, Турции, Азербайджана в отношении диаспоры, 175-208, с․ (No. hal-04688381). Ն. Պողոսյան, Ս. Կարապողոսյան, Թուրքիայի Հանրապետության և թուրքական սփյուռքի համագործակցության հակահայկական ուղղվածությունը, Ե., 2016։

[6] Митрополит Джапаридзе А․ Месхети. Мусульманизация грузин․ Тбилиси․ 2008․
https://meskhi.ge/ Books/Месхети.%20Мусульманизация%20грузин.pdf (բեռնման օրը՝ 14.02.2026)․

[7] Մեսխթեցի թուրքերի ծագումնաբանության հետ կապված տեսակետների մասին մանրամասն տե՛ս, Գալոյան Կարեն, Մեսխեթցի թուրքերի հիմնախնդիրը Վրաստանի և հարևան երկրների շահերի խաչմերուկում, Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(9) 2018, էջ 93-95։

[8] Zeyrek Y․ Ahıska Bölgesi ve Ahıska Türkleri, Ankara, 2001, s. 6-7. http://www.ahiska.org.tr/kitap_ muhteviyat/ahiska%20bolgesi%20ve%20ahiska%20turkleri.pdf (բեռնման օրը՝ 14.02.2026)․

[9] Գալոյան Կարեն, նույն տեղում, էջ 97։ Keskin, Serhat, Hazar Ege Gürsoy. 2017. Sovyet ve Sovyet Sonrası Dönemde Ahıska Türklerinin Karşılaştıkları Insan Hakları Ihlalleri ve Ayrımcılıklar. Uluslararası Suçlar Ve Tarih, nos. 18: 13. https://izlik.org/JA73KG58UA (բեռնման օրը՝ 14.02.2026)․

[10] Գալոյան Կարեն, նույն տեղում, էջ 94։

[11] Постановление ГКО № 6279 от 31 июля 1944 г. О переселении в Казахстан, Узбекистан и Киргизию 86 тыс. турок, курдов и хемшилов из при граничной полосы Грузинской СССР.
http://www.soldat.ru/ doc/gko/gko1944.html (բեռնման օրը՝ 14.02.2026)․

[12] Документ № 3.176․ Докладная записка наркома внутренних дел Л. П. Берии И. В. Сталину, В. М. Молотову, Г. М. Маленкову о проведении операции по переселению турок, курдов и хемшинов из пограничных районов Грузинской ССР 28.11.1944․ https://www.alexanderyakovlev.org/fond/issues-doc/ 1022541 (բեռնման օրը՝ 14.02.2026)․

[13] Resmi Gazete, 11 Temmuz 1992, Sayı: 21281, s. 24. https://www.resmigazete.gov.tr/arsiv/21281.pdf (բեռնման օրը՝ 14.02.2026)․

[14] Yılmaz, A., Mustafa, R. (2014). 1992 Sonrası Türkiye’ye Göçen Ahıska Türklerinin Göç, Iskân ve Uyum Sorunlarına Ilişkin Bir Araştırma, Bursa Örneği. Studies of The Ottoman Domain (Osmanlı Hakimiyet Sahası Çalışmaları)4(6), s. 6.

[15] Alım, M., Doğanay, S., Şimşek, O. (2006). Ülkemize yönelik göçlere bir örnek: Ahıska Türkleri. Eastern Geographical Review, 15, s․ 310.

[16] Гурьев А., О турках-месхетинцах в Турции․ Институт Ближнего Востока, 13․03․2009,
https://www.iimes.ru/?p=8300 (բեռնման օրը՝ 15.02.2026)․

[17] Dünya Ahıska Türkleri Birliği Genel Merkezi․ https://www.datub.eu/en/kurumsal/hakkimizda (բեռնման օրը՝ 14.02.2026)․

[18] Мавашев Ю․ Игры вокруг турок-месхетинцев. Politrus, 14.11.2015, https://www.politrus.com/ 20151114/ahiska-turks/ (բեռնման օրը՝ 14.02.2026)․

[19] President Erdoğan Receives DATÜB Delegation: “The Struggle of Ahıska Turks Is Our Struggle”․ DATÜB, 11․11․2025, https://www.datub.eu/en/haberler/president-erdogan-receives-datub-delegation-the-struggle-of-ahiska-turks-is-our-struggle (բեռնման օրը՝ 14.02.2026)․

[20] Նախքան պատերազմը՝ Ուկրաինայում մեսխեթցի թուրքերի թվաքանակը գնահատվում էր մոտ 8000, հիմնականում կենտրոնացած բնակվում էին Ղրիմում, Կիևում, Խերսոնում, Խարկովում, Նիկոլաևում և Դոնեցկում:

[21] Турция начала вывоз c Донбасса турок-месхетинцев․ 25.12.2015, https://www.unian.net/society/ 1222458-turtsiya-nachala-vyivoz-c-donbassa-turok-meshetintsev.html (բեռնման օրը՝ 14.02.2026)․

[22] Габриелян А․, Переселение турок-месхетинцев и планы Турции․ Институт Ближнего Востока, 26․09.2017, https://www.iimes.ru/?p=37964 (բեռնման օրը՝ 14.02.2026)․

[23] Bakan Çavuşoğlu: Türkiye’de yaşayan yaklaşık 100 bin Ahıska Türkü’ne vatandaşlık verildi․ Anadolu ajansı,10․12․2021, https://www.aa.com.tr/tr/politika/bakan-cavusoglu-turkiyede-yasayan-yaklasik-100-bin-ahiska-turkune-vatandaslik-verildi/2444241 (բեռնման օրը՝ 14.02.2026)․

[24] ‘Türkiye will always stand by you’: Turkish president reaffirms support for Ahiska Turks․ Anadolu ajansı, 12.11.2025, https://www.aa.com.tr/en/turkiye/turkiye-will-always-stand-by-you-turkish-president-reaffirms-support-for-ahiska-turks/3741971? (բեռնման օրը՝ 14.02.2026)․

[25] Ümit Buget․ DEM Partili Olan, Ahıska Türkleri’nin Ahlat’a yerleştirilmesini Meclis’e taşıdı․ Gazeteduvar, 17.01.2024, https://www.gazeteduvar.com.tr/dem-partili-olan-ahiska-turklerinin-ahlata-yerlestirilmesini-meclise-tasidi-haber-1662367 (բեռնման օրը՝ 19.02.2026)․

[26] Ավելի մանրամասն տես, Pirim, C. Z., Öktem, A. E. (2024). The Right of Meskhetian Turks to Return to Their Country. Public and Private International Law Bulletin44(2), 433-486.

[27] Совет Европы обеспокоен срывом властями Грузии сроков репатриации месхетинцев, Кавказский Узел, 05․03․2010, https://www.kavkaz-uzel.eu/articles/165919/ (բեռնման օրը՝ 19.02.2026)․

[28] Аналитики перечислили трудности репатриации турок-месхетинцев в Грузию. Кавказский Узел, 22․11․2022, https://www.kavkaz-uzel.eu/articles/383215 (բեռնման օրը՝ 19.02.2026)․

[29] Նարիմանիշվիլի Ն․, Վերադարձ արտաքսումից․ JAMnews, 22.06.2017, https://inlnk.ru/84gQyv (բեռնման օրը՝ 19.02.2026):

[30] Вопрос возвращения турок-ахыска в Грузию вновь актуализировался на фоне годовщины депортации 1944 года․ Anadolu ajansı,14.11.2025, https://inlnk.ru/DB3e8k (բեռնման օրը՝ 19.02.2026)․

[31] Sahin, M. F. (2014). Turk Dis Politikasinda Ahiska Turkleri. Master Thesis, University of Istanbul. s. 73. https://avesis.ticaret.edu.tr/yonetilen-tez/ecc6b5dc-54c6-4bb9-b06a-cfd6be740d01/turk-dis-politikasinda-ahiska-turkleri (բեռնման օրը՝ 19.02.2026).

[32] Türkiye and Georgia will continue to act shoulder to shoulder for cooperation and development in our region and beyond․ Directorate of Communications, 12.08.2025, https://www.iletisim.gov.tr/english/haberler/ detay/turkiye-and-georgia-will-continue-to-act-shoulder-to-shoulder-for-cooperation-and-development-in-our-region-and-beyond (բեռնման օրը՝ 19.02.2026)․

[33] Alkan, A. (2022). Commemoration and Memorialization of Ahiska (Meskhetian) Turks in Türkiye Foreign Ministry’s Commemoration Statements-(2015-2021)’. Open Journal of Political Science12(4), 556-577.

[34] TİKA Ahıska Türklerinin Yanında․ TİKA, 14.10.2018,
https://tika.gov.tr/detail-tika_ahiska_turklerin in_yaninda/ (բեռնման օրը՝ 19.02.2026)․

[35] TİKA stands by the Meskhetian Turks․ TİKA, 18․11․2018, https://tika.gov.tr/en/detail-tika_stands_by_the_meskhetian_turks/ (բեռնման օրը՝ 19.02.2026)․

[36] Ahıska Türklerinden 80 Yıl Sonra Ana Vatanlarına Ziyaret. TİKA, 28.06.2024,
https://tika.gov.tr/ahiska-turklerinden-80-yil-sonra-ana-vatanlarina-ziyaret/ (բեռնման օրը՝ 19.02.2026).

[37] Meskhetian Return Stirs Georgian Dissent․Georgia’s pledge to allow the return of Meskhetian Turks has provoked widespread public opposition. Institute for War & Peace Reporting, 23․01․2003,
https://iwpr.net/ global-voices/meskhetian-return-stirs-georgian-dissent?utm (բեռնման օրը՝ 19.02.26)․