Մեկնաբանություններ

Անկարայի «միջուկային թղթածրարի» մասին

0 դիտում

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 28.02.2026 թ.[1]

  1. Բանավոր ազդակները և խոսույթի փոփոխությունը

CNN Türk հեռուստաալիքին 09.02.2026 թ. տված հարցազրույցի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ իր երկիրը ստիպված կլինի միանալ միջուկային մրցավազքին՝ «տարածաշրջանի այլ երկրներում նման զենք հայտնվելու դեպքում»: Նրա խոսքով՝ Թուրքիան չի ցանկանում տարածաշրջանում այնպիսի «կտրուկ փոփոխություններ» դիտարկել, որոնք կարող են խախտել ուժերի ներկայիս հավասարակշռությունը։ Ըստ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի, Իրանի հետ չկարգավորված հարցեր ունեցող երկրները կսկսեն ձգտել միջուկային զենքի տիրապետմանը, ինչն Անկարայից կպահանջի միանալ այդ մրցավազքին: Գրեթե բոլոր միջազգային լրատվամիջոցները, որոնք մեկնաբանել են Հ. Ֆիդանի հայտարարությունը, հատկապես նշել են այն հանգամանքը, որ ատոմային զենք ունենալու Թուրքիայի ցանկության մասին լրագրողի ճշտող և ուղիղ հարցին նախարարը պատասխանել է «լռությամբ, որն ուղեկցվում էր բազմանշանակ ժպիտով»:

  1. Թուրքիայի միջուկային ենթակառուցվածքի ծագումը

Ըստ վերլուծական կենտրոնների, ինչպիսիք են Ռազմավարական հետազոտությունների բրիտանական միջազգային ինստիտուտը և «Քարնեգիի խաղաղության հիմնադրամը», Թուրքիան, սկսած 1950-ական թթ., իր գիտակրթական բազան հետևողականորեն ձևավորել է միջուկային տեխնոլոգիաների յուրացման համար: Ընդ որում, հայտարարված նպատակը դրանց հետագա կիրառումն է էներգետիկայի և առողջապահության ոլորտներում։ Մինչ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) իշխանության գալը՝ Անկարան միջազգային հանրությանը կասկածելու լուրջ հիմքեր չէր տալիս 1969 թ. իր ստորագրած «Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի» (ՄԶՉՊ) պարտավորություններից խուսափելու կամ սեփական միջուկային զենք ձեռք բերելու մտադրության մասին վկայող աշխատանքներ իրականացնելու մեջ: Թուրքիան լիակատար գոհունակություն է ցուցաբերել ՆԱՏՕ-ի անվտանգության գլոբալ համակարգում իր ինտեգրման կապակցությամբ, ինչը Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնակիցների կողմից գլխավորապես «միջուկային հովանոց» է ենթադրում երկրի համար: «Սառը պատերազմի» ժամանակներից մինչ օրս Թուրքիայի տարածքում տեղակայվել Է ՆԱՏՕ-ի դաշինքի մարտավարական միջուկային զինանոցի մի մասը (տարբեր գնահատականներով՝ ներկայումս խոսքը 50-100 մարտագլխիկների մասին է), որին Անկարան ուղղակի հասանելիություն չի ունեցել, բայց որը կարող էր դիտարկել որպես իր ինքնիշխանության և հուսալի պաշտպանության երաշխավոր։

Սակայն երբ Թուրքիայում 2002 թ. իշխանության եկավ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) և դրան հաջորդեց քեմալականների դիրքերի թուլացման գործընթացը, որոնք ավանդաբար կենտրոնացած էին ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում առկա հավասարակշռության պահպանման վրա, Անկարան սկսեց ավելի ինքնուրույն տարածաշրջանային և միջազգային քաղաքականություն վարել, ինչը նույնպես արտացոլվեց երկրի միջուկային մշակումների ոլորտում։ Թուրքիան ակտիվացրել է միջուկային ֆիզիկայի ոլորտում գիտահետազոտական ներուժի ավելացման և ակադեմիական կադրերի պատրաստման աշխատանքները: «Քարնեգիի խաղաղության հիմնադրամի» վերլուծաբանների գնահատանքով, վերջին շրջանում Թուրքիան լայնածավալ աշխատանքներ է իրականացրել խաղաղ ատոմի զարգացման իր ծրագրի շրջանակներում, որոնք բավարար չափով վկայում են այն մասին, որ երկիրը տեսական առումով ընդհուպ մոտեցել է միջուկային զենքի ինքնուրույն ստեղծման հնարավորությանը:

  1. Տեխնոլոգիական հիմքը և համագործակցությունն արտաքին խաղացողների հետ

Միջուկային հետազոտությունների 4 կենտրոնի առկայությունը Չեքմեջեում, Սարայքեյում, Անկարայում (ANAEM) և Ստամբուլում (TRIGA) թույլ է տալիս ենթադրել, որ թուրք մասնագետներն ակտիվորեն յուրացնում են այդ ոլորտը։ Սա ներունակ նպաստում է միջուկային զենքի մշակման ոլորտում հետագա աշխատանքների համար անհրաժեշտ տեսական և գործնական գիտելիքների կուտակմանը: Միևնույն ժամանակ, Թուրքիան սերտ համագործակցություն է իրականացնում Ռուսաստանի Դաշնության հետ՝ նրան իրավունք տալով կառուցել թուրքական առաջին ատոմակայանը («Ակքույու») և միաժամանակ նրան պարտավորեցնելով թուրք մասնագետների վերապատրաստում անցկացնել միջուկային ֆիզիկայի առաջատար ռուսական գիտակրթական կենտրոններում: Նույն նպատակով Անկարան ներկայումս բանակցություններ է վարում Սեուլի հետ՝ ձգտելով Թուրքիայում ևս մեկ ատոմակայան կառուցելու մրցույթի դիմաց հասանելիություն ստանալ հարավկորեական միջուկային տեխնոլոգիաներին և կադրերի պատրաստման կենտրոններին:

Անկարայի լայնածավալ և բազմազանացված նախաձեռնությունները թույլ են տալիս եզրակացնել, որ որոշակի փուլում Թուրքիան ի վիճակի կլինի կուտակված ներուժը ռազմական միջուկային տեխնոլոգիաների մշակման վերածել։ Ավելին, Բրիտանական միջազգային ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտի փորձագետները չեն բացառել, որ Թուրքիան արդեն ունի ուրանի իզոտոպների բաժանման համար նշանակալի քանակությամբ ցենտրիֆուգներ՝ գործընթացը հասցնելով անհրաժեշտ «մարտական պայմաններին»:

Միջուկային մշակումների սեփական բազան ընդլայնելու Անկարայի մտադրությունների լրջության մասին են վկայում նաև մի շարք այլ անուղղակի փաստեր։ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տվյալների համաձայն՝ երկրում առկա են ուրանի հանքաքարի հաստատված պաշարներ՝ առնվազն 9.000 տոննա ծավալով: Բացի այդ, Թուրքիան ունի թորիումի հանքաքարի զգալի պաշարներ, որոնք գնահատվում են մոտավորապես 380.000 տոննա: Մինչև 2018 թ. տվյալ հանքավայրերի շահագործման բացառիկ իրավունքը պատկանում էր ամերիկյան Westwater Resources ընկերությանը և նրա հետ փոխկապակցված կառույցներին: 2018-ի ամռանը թուրքական իշխանությունները հանկարծակի հետ կանչեցին ամերիկյան կողմի թույլտվությունը՝ վերականգնելով պաշարների լիակատար վերահսկողությունը:

Սակայն եթե Անկարայի այս քայլերը կարելի էր բացատրել ազգային միջուկային էներգետիկայի հետագա զարգացման համար սեփական հումքային բազա ստեղծելու ձգտմամբ, ապա Իսլամաբադի և պակիստանցի միջուկային գիտնականների հետ նրա բացահայտված գաղտնի համագործակցությունը հիմնավորել բացառապես «խաղաղ ատոմի» օրակարգով, չափազանց դժվար է թվում։

  1. Պակիստանյան հետքը և երկակի նշանակության գնումները

 Բանն այն է, որ հենց Թուրքիան է երկար ժամանակ ապաստան ծառայել «Պակիստանի միջուկային ռումբի հայր» Աբդուլ Քադիր Խանի համար, որին ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան կասկածում էին Հյուսիսային Կորեային, Իրանին ու Լիբիային միջուկային տեխնոլոգիաներն ապօրինի փոխանցելու մեջ: Արևմտյան հետախուզական ծառայությունների տվյալների համաձայն՝ Թուրքիան աջակցել է Աբդուլ Քադիր Խանի հաղորդակցությանը հիշյալ երկրների համապատասխան մարմինների հետ և, ենթադրաբար, իր տարածքը տրամադրել է փաստաթղթերի փոխանցումը կազմակերպելու և նույնիսկ առանձին բաղադրիչների տեղափոխումը կազմակերպելու համար՝ արտադրական և տեխնոլոգիական շղթաներ ստեղծելու նպատակով։ Հաշվի առնելով դա՝ խիստ կասկածելի է թվում այն թեզը, թե Անկարան բացառապես որպես միջնորդ է հանդես եկել նման գաղտնի գործողություններում՝ անմիջական շահառու չլինելով հանդերձ։ Այս կասկածը հաստատվում է նաև գերմանացի և հնդիկ փորձագետների տեղեկություններով։ Նրանք նշել են վերջին 5 տարվա ընթացքում Պակիստանից կամ Պակիստանի տարածքով Թուրքիա տարբեր բաղադրիչներ քաղաքացիական արտադրական օբյեկտների համար ապրանքների անվան տակ տեղափոխելու բազմաթիվ փորձերը, որոնք իրականում կարող են առնչություն ունենալ ատոմային արդյունաբերության, մասնավորապես, դրա ռազմական չափումների հետ։ Որպես օրինակ կարելի է բերել հնդկական նավահանգիստներում այն նավերի ձերբակալությունը, որոնք Թուրքիա էին տեղափոխում մետաղական կորպուսներ և հրթիռների այլ բաղադրիչներ, որոնք հայտարարագրված են որպես ջրի մաքրման սարքավորումներ: Բացի այդ, հայտնաբերվել են ավտոկլավներով բեռնված նավեր, հայտարարագրված լինելով որպես արդյունաբերական չորանոցներ, որոնք իրականում օգտագործվում են սիլիցիումի երկօքսիդի արտադրության համար, որն օգտագործվում է որպես հավելանյութ միջուկային վառելիքի արտադրության մեջ:

  1. ՄԶՉՊ-ի քաղաքական-իրավական երկընտրանքը

Մի շարք վերլուծաբանների գնահատականների համաձայն՝ ներկայացված տվյալները վկայում են, որ Թուրքիան առնվազն բոլոր հնարավորություններն ունի միջուկային զենքի ստեղծման տեխնոլոգիական շղթայի նախաձեռնման և առավելագույնը՝ այդ ուղղությամբ կիրառական աշխատանքների փաստացի իրականացման համար: Գոյություն ունի միայն մեկ հանգամանք, որը պայմանավորում է Անկարայի ծայրահեղ զգուշավորությունն այս հարցում։ Խոսքը վերաբերում է «Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին», որի պայմանների պահպանման երաշխավորներ են հանդիսանում ճանաչված միջուկային տերությունները. նրանց շարքում կան թե՛ Թուրքիայի աշխարհաքաղաքական մրցակիցները, և թե՛ նրա դաշնակիցները ՆԱՏՕ-ում: Տեսականորեն Թուրքիայի կողմից զանգվածային ոչնչացման սեփական պայմանական զենքի ձեռքբերումը ձեռնտու չէ նշված բևեռներից և ոչ մեկին, ինչի կապակցությամբ Անկարայի ֆորմալ ելքը ՄԶՉՊ-ից ի վիճակի չէ նպաստել նրա խուսափմանը պատասխանատվությունից։

Անկարան, մի շարք վերլուծաբանների կարծիքով, դիտարկել է միջուկային զենքի չտարածման ոլորտում իր պարտավորությունների վերանայման հնարավորությունը: Այս համատեքստը հիմնականում պայմանավորված է նրանով, որ Դ. Թրամփի վարչակազմի արմատական քայլերը, որոնք կապված են մի շարք միջազգային համաձայնագրերից դուրս գալու կամ դրանք խախտելու հետ, զգալիորեն թուլացրել են միջազգային իրավունքի հեղինակությունը և ցուցանել զսպումների և հաշվեկշիռների գլոբալ համակարգի խոցելիությունը: Միևնույն ժամանակ, ինչպես նշում են դիտորդները, Թուրքիան չունի քաղաքական և հաստատութենական գործողությունների ազատության այն մակարդակը, որը բնորոշ է Միացյալ Նահանգներին։ Այն դեպքում, եթե Անկարան, առաջնորդվելով իր համար գոյութենական նշանակություն ունեցող խնդիրներով, փորձի անտեսել «Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի» դրույթները կամ նախաձեռնել դրանից դուրս գալու գործընթաց, ապա հետևանքներն սկզբունքորեն ավելի կոշտ բնույթ կկրեն և լուրջ միջազգային ռիսկեր կառաջացնեն։

Մինչդեռ, մի շարք վերլուծաբանների գնահատմամբ, Թուրքիայի առնչությամբ միջուկային տերության կարգավիճակի բացակայության անարդարության մասին Ռ. Թ. Էրդողանի նախկին հայտարարությունները յուրատեսակ «փորձնական գնդակ» էին և Անկարայի միջուկային հավակնություններին միջազգային արձագանքի ուսումնասիրման միջոց: Մասնավորապես, Թուրքիայի առաջնորդն այդ միտքը հնչեցրել է 2019 թ. Սվասում կայացած տնտեսական համաժողովում։ Այն ժամանակ ԱՄՆ-ի, ՉԺՀ-ի, ՌԴ-ի և ԵՄ-ի կողմից հնչեցին գնահատականներ, որոնց էությունը հանգում էր նրան, որ Էրդողանի արտահայտությունները պայմանավորված էին ավելի շատ հուզական գործոններով և չպետք է նրա խոսքերը դիտարկել որպես պաշտոնական հավակնոտ հայտ։ Թուրքիայի նախագահին հասկացվել է, որ իր հայտարարությունը չի ընկալվում իրական ռազմաքաղաքական նախաձեռնության համատեքստում և, հետևաբար, նա չպետք է հույս դնի Թուրքիայի կողմից միջուկային կարգավիճակի գործնական ձեռքբերման գաղափարի նկատմամբ միջուկային տերությունների ընկերակցության բարեհաճության վրա:

Այսպիսով, «միջուկային անարդարության» մասին Ռ. Թ. Էրդողանի հավակնոտ հայտարարությունները հանրային տիրույթում անտեսվում էին քաղաքական գործիչների կողմից, իսկ փորձագիտական հանրությունում դրանք մեկնաբանվում էին գլխավորապես որպես արմատական հռետորաբանություն, որն անհրաժեշտ էր Թուրքիայի առաջնորդին ինչպես Մերձավոր Արևելքում տարածաշրջանային առաջնորդության համար Իսրայելի և Իրանի հետ մրցակցության համատեքստում, այնպես էլ երկրի ներքաղաքական փոխդասավորության մեջ ԱԶԿ-ի դիրքերի ամրապնդման նպատակով: Սակայն ներկա փուլում միջուկային կարգավիճակի վերաբերյալ Ռ. Թ. Էրդողանի խոսույթում Հ. Ֆիդանի ներգրավումն արմատապես փոխում է իրավիճակը։ Ինչպես արձանագրում են դիտորդները, պրագմատիկ գործիչ Ֆիդանին հատուկ չեն ժողովրդահաճո խոսույթները  որպես քաղաքական գործունեություն իրականացնելու մեթոդ, հետևաբար՝ նրա հռետորաբանությանը պետք է մոտենալ բացառիկ ուշադրությամբ, հատկապես Թուրքիայի համար զգայուն այնպիսի հարցում, ինչպիսին է միջուկային օրակարգը։

Հ. Ֆիդանի վերոնշյալ հայտարարությունը նախադեպային չէ։ Դրան նախորդել էր 2025 թ. հունվարին A Haber հեռուստաալիքի եթերում նրա տված հարցազրույցը, որի ընթացքում Թուրքիայի ԱԳ նախարարը քննադատություն էր հնչեցրել ՄԶՉՊ-ի հասցեին։ Նրա գնահատմամբ՝ տվյալ պայմանագիրը տառապում է «կառուցվածքային անարդարությամբ», քանի որ ռազմավարական գերակայություն է պահպանում 5 միջուկային տերությունների՝ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների նկատմամբ։ Ֆիդանի դիրքորոշման համաձայն՝ գործնականում իրականացվում է պայմանագրի միայն մեկ դրույթը՝ միջուկային զենքի տարածման կանխարգելումը, այն դեպքում, երբ միջուկային զինաթափման խնդրում, ինչպես նաև խաղաղ նպատակներով ատոմային էներգետիկայի զարգացման գործում այլ երկրների աջակցության ոլորտում առաջընթաց չի ապահովվում: Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունները հնչել են միջուկային զենքի ստեղծման ոլորտում իրանական հնարավորությունների վերաբերյալ Անկարայի մտահոգության համապատկերում և արդեն այն ժամանակ փորձագիտական հանրության կողմից գնահատվել իբրև Թուրքիայի՝ որպես ՄԶՉՊ-ն ստորագրած երկրի, իր միջազգային պարտավորությունները վերանայելու հնարավոր պատրաստակամության վկայություն:

Իսկ միանգամայն վերջերս Հաքան Ֆիդանի կատարած հայտարարությունն ավելի կոնկրետ ազդակներ է պարունակում։ Դրանում թուրք նախարարը ոչ միայն հերթական անգամ ուշադրությունը կենտրոնացրել է «Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի» իրավական սահմանափակումների և, ընդհանուր առմամբ, դրա ժամանակավրեպության նկատմամբ Անկարայի դժգոհության վրա, այլև գրեթե ուղղակիորեն արտաբերել է միջուկային սպառազինության ոլորտում Թուրքիայի հավակնությունների առկայությունը։

  1. Տարածաշրջանային հաշվեկշիռ. Իրան և Իսրայել

Ըստ էության, Հ. Ֆիդանի հայտարարությունը շանտաժ է՝ ուղղված հավասարապես ինչպես Միացյալ Նահանգներին, այնպես էլ Իրանին, որոնք ներկայումս ինտենսիվ բանակցություններ են վարում Թեհրանի միջուկային ծրագրի ապագայի վերաբերյալ: Ֆիդանը պրագմատիկորեն ընտրեց իր պահանջները ներկայացնելու պահը՝ գիտակցելով, որ դրանով լրացուցիչ սրում է իրավիճակն Իրանի շուրջ։ Նրա կարծիքով՝ Անկարայի համար դա շահեկան համադրություն է։ Հիշատակումն այն մասին, որ իր միջուկային ծրագրից Թեհրանի հրաժարվելու դեպքում «տարածաշրջանային մյուս երկրները կսկսեն միջուկային զենքի տիրապետման ձգտել», կոչված է Վաշինգտոնին դրդել բանակցային դիրքերի արմատականացմանը և, որպես հետևանք, Իսլամական Հանրապետության դեմ պատերազմի: Ակնհայտ է, որ Ֆիդանը, որպես միջուկային զենք ունենալու ներունակ թեկնածուներ, նկատի ուներ Սաուդյան Արաբիային, հնարավոր է՝ Եգիպտոսին և, ըստ էության, հենց Թուրքիային։ Ակնարկը չափազանց թափանցիկ է. եթե ԱՄՆ-ը բանակցությունների կամ ռազմական միջամտության միջոցով վերջ չդնի Թեհրանի միջուկային հավակնություններին, ապա արդյունքում կստանա միջուկային հավակնությունների տարածման անվերահսկելի գործընթաց ամբողջ Մերձավորարևելյան տարածաշրջանում: Իսկ եթե իր հերթին Իրանն ինքնակամ չհրաժարվի սեփական ծրագրից և որոշակի հանգամանքների բերումով համապատասխան ենթակառուցվածքը պահպանի ամերիկյան հարվածից, ապա ստիպված կլինի համակերպվել այն բանի հետ, որ տարածաշրջանում իր հնարավոր մրցակիցներն ու հակառակորդները նույնպես ռազմական միջուկային տեխնոլոգիաների ինքնուրույն յուրացման ուղեգիծ կվերցնեն։ Ընդ որում, հավանական է, որ նրանք կհասնեն վերջնական արդյունքի՝ ժամանակի մեջ ոչ նշանակալի չափով հետ մնալով Թեհրանից։ Այդպիսով Ֆիդանը հստակ հասկացնում է, որ Թուրքիան չի հանդուրժի նոր միջուկային տերության հետ անմիջական հարևանությունը և իր ինքնիշխան իրավունքը կհամարի միջուկային կարգավիճակի ձեռքբերումը՝ շրջանցելով փաստորեն չգործող, նույն Իրանի օրինակով, «Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը»։ Ըստ էության, սա լուրջ քաղաքական-դիվանագիտական հարված Է Թեհրանի դիրքերին, որը Թուրքիան հասցնում է Իսլամական Հանրապետության շուրջ ճգնաժամի ամենաճիշտ գագաթնակետին։ Չի բացառվում, որ ի թիվս այլ խնդիրների, հենց Անկարայի նման դիրքորոշման մասին տեղեկացվածությունն էր Թեհրանին ստիպել դեռևս 2026 թ. հունվարին կտրականապես հրաժարվել ամերիկյան կողմի հետ բանակցություններում թուրքական միջնորդությունից և հակառակորդների հետ որպես շփման հարթակ ընտրել օբյեկտիվորեն չեզոք Օմանը:

Եթե ենթադրենք, որ Թուրքիան իսկապես շահագրգռված է Իրանի «ապամիջուկայնացմամբ» և տարածաշրջանում ուժերի նախկին հավասարակշռության պահպանմամբ, ինչի մասին հայտարարել էր Հաքան Ֆիդանը, ապա առաջանում է տրամաբանական հարց. ինչպե՞ս է Անկարան մտադիր իրականացնել սեփական միջուկային հավակնությունները, որոնք, ըստ մասնագետների վկայությունների, ամրապնդվում են դաշնակից Պակիստանի հետ համագործակցությամբ իրականացվող լայնածավալ գաղտնի մշակումներով, եթե իրանականին համադրելի աշխարհաքաղաքական փաստարկ այլևս չմնա։ Տարածաշրջանում նոր «միջուկային մրցակիցների» բացակայությունը Թուրքիային զրկում է միջուկային կարգավիճակ ունենալու իր հավակնություններն օրինականացնելու հնարավորությունից։ Առկա միջուկային հավասարակշռության պահպանման պայմաններում նման նախաձեռնություններն առաջ մղելու Անկարայի ցանկացած փորձ անխուսափելիորեն կհանդիպի կոշտ հակազդեցության ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև Ռուսաստանի և Չինաստանի կողմից:

 Անկարայի վարքագծի վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ իբրև տարածաշրջանային սուբյեկտ, ում կողմից իրեն ուղղված սպառնալիքով Թուրքիան մտադիր է հետագայում հիմնավորել իր «միջուկային հավակնությունները», հանդես է գալիս Իսրայելը: Տվյալ տեսանկյունից Անկարայի համար ներկայումս չափազանց ձեռնտու է այն փաստը, որ Իսրայելը պաշտոնապես չի հաստատում սեփական միջուկային զինանոցի առկայությունը (տարբեր գնահատականներով՝ 100-300 մարտավարական մարտագլխիկ) և ՄԶՉՊ-ի մասնակից-պետություն չի հանդիսանում: Դա Թուրքիային ներունակ հնարավորություն է տալիս շարունակել սեփական մարտական ծրագրի զարգացումը և իսրայելական ժխտողական հայելային ռազմավարության սկզբունքով զինանոց ձևավորել։ Տարօրինակորեն Թել Ավիվը, չնայած տարածաշրջանում Անկարայի ազդեցության աճը և գործնական հարթությունում նրա միջուկային հավակնությունները սահմանափակելու ձգտմանը, քաղաքական-գաղափարական չափումներում նպաստում է զանգվածային ոչնչացման պայմանական զենքին, թեկուզ և գաղտնի, տիրապետողի կարգավիճակի վերաբերյալ թուրքական նկրտումների օրինականացմանը։

Սակայն ակնհայտ է, որ այս փուլում Անկարան որոշում է կայացրել հետաձգել Իսրայելի «միջուկային թղթածրարի» օգտագործումն ի շահ իրեն՝ կենտրոնանալով առաջին հերթին իրանական «միջուկային սպառնալիքի» վերացման վրա: Ամենայն հավանականությամբ, այս նախաձեռնությունը գալիս է Հաքան Ֆիդանից, որը նախագահ Ռ. Թ. Էրդողանին համոզել է, որ անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել հակաիսրայելական հռետորաբանության մեջ և բոլոր ջանքերն ուղղել նրան, որպեսզի թույլ չտրվի տարածաշրջանային այլ մրցակիցների ներգրավումը միջուկային մրցավազքում։ Թուրքիային չի կարող չանհանգստացնել այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն Իրանի «միջուկային ապաակտիվացմանն» ուղղված գործողություններին զուգահեռ դիտարկում է Սաուդյան Արաբիային ուրանի հարստացման տեխնոլոգիաներ փոխանցելու հնարավորությունը: Պաշտոնապես այս գործարքը Թագավորությունում ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո «խաղաղ ատոմի» ծրագրի զարգացում է ենթադրում, սակայն մի շարք փորձագետներ արդեն մտավախություն են հայտնում, որ այն կարող է Էր Ռիադին բազային ներուժ տրամադրել ապագայում սեփական մարտական զինանոցի մշակման համար:

  1. Մերձավոր Արևելքի նոր օրինաչափությունը

Այնուամենայնիվ, տարածաշրջանում «միջուկային մրցավազքը», որի մասին նախազգուշացրել էր Հաքան Ֆիդանը՝ որպես իրադարձությունների զարգացման հնարավոր սցենար, փաստացի արդեն սկսվել է, և Թուրքիան, ինչպես վկայում են առկա տվյալները, վերջին իրադարձություններից շատ առաջ ակտիվորեն ներգրավվել է դրանում։ Հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող արմատական տեղաշարժերը և ուժերի նոր բևեռացումը, Մերձավոր Արևելքի խնդրո առարկա տարածաշրջանում և դրան հարող տարածքում միջուկային հավասարակշռության պահպանումն անիրատեսական խնդիր է թվում: Հարցը կայանում է նրանում, թե ուժի համաշխարհային առաջատար կենտրոնների կողմից վերահսկողության ի՞նչ մակարդակի տակ տեղի կունենա անվտանգության այդ հավասարակշռության վերակազմավորումը և ո՞ր երկրները կկարողանան դրանից օգուտ քաղել՝ վերածվելով տարածաշրջանային նշանակության միջուկային տերությունների, իսկ որո՞նք ստիպված կլինեն դուրս մնալ այդ գործընթացից կամ, նույնիսկ, քայքայման ենթարկվել։

[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 26.02.2026 թ.: