Մեկնաբանություններ

«Սիրիական հանգույցը» և Վաշինգտոնի ռազմավարական փոխանակումը

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 22.01.2026 թ.[1]

  1. Սրացումը Հալեպում և հարձակումը Ռոժավայի դիրքերի վրա

Սիրիայում զինված առճակատման նոր շրջապտույտը ժամանակի առումով համընկել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) շուրջ լարվածության կրիտիկական աճին և Գազայի հատվածում «Խաղաղության խորհրդի» ինստիտուցիոնալացման վերջնական փուլին։ Այս դինամիկան վկայում է տարածաշրջանային գործընթացների համակողմանի փոխկախվածության մասին։

06.01.2026 թ. Հալեպում մարտեր են բռնկվել Սիրիայի կառավարական բանակի և Սիրիայի ժողովրդավարական ուժերի կազմում գտնվող քրդական կազմավորումների միջև։ Սիրիայի ժամանակավոր կառավարությունն Ահմեդ աշ-Շարաայի ղեկավարությամբ քրդական ղեկավարությանը մեղադրել է այն պայմանավորվածությունների ձախողման մեջ, որոնց համաձայն՝ ՍԺՈՒ կազմավորումները պետք է ինտեգրվեին Սիրիայի զինված ուժերի կազմում մինչև 2025 թվականի վերջը: Պաշտոնական Դամասկոսը քրդերին նաև մեղադրել է Հալեպի Աշրաֆիա և Շեյխ Մասուդ թաղամասերում քաղաքացիական բնակչությանը հրետակոծելու մեջ:

Մինչդեռ հաստատված տվյալները թույլ են տալիս պնդել, որ Ռոժավայի վարչակազմին հավատարիմ քրդական ջոկատների մոտ բացակայում էին Հալեպում սրացման իրական դրդապատճառները՝ հաշվի առնելով նրանց փաստացի շրջափակումը կառավարական ուժերի կողմից: Մեծ հավանականությամբ, ռազմական գործողությունների նախաձեռնողը Դամասկոսն է, որը քրդական ներկայության վերացման ռազմական գործողություն է ծավալել 2025 թ. մարտ-ապրիլի խաղաղության համաձայնագրի պայմանները խախտելու պատրվակով։

  1. Կառավարական ուժերի ծավալումն արևելյան ուղղությամբ

Հալեպում քրդական ներտարածքների նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո Սիրիայի կառավարական բանակը ռազմական գործողությունների ասպարեզը տեղափոխել է արևելք և հարավ-արևելք՝ Ռոժավայի վարչական կենտրոնների ուղղությամբ: Հունվարի 17-ին կառավարական ուժերը գրավեցին Եփրատի արևմուտքում գտնվող մի շարք շրջաններ և դուրս եկան Ռաքքա քաղաքի մոտակա մատույցներ՝ ՍԺՈՒ-ի պաշտպանության առանցքային հանգույցներից մեկը: Այսպիսով, Դամասկոսի վերահսկողության տակ են անցել ռազմավարական ակտիվները՝ Ռասաֆայի և Սաֆյանի նավթային հանքավայրերը, Տաբկայի օդանավակայանը և Եփրատի ՀԷԿ-ի ամբարտակը։

Ռազմական գործողությանը զուգահեռ՝ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաան 16.01.2026 թ. հրամանագիր է ստորագրել քուրդ բնակչության իրավունքների պաշտպանության մասին: Փաստաթղթի համաձայն՝ 1962 թ. քաղաքական իրավունքներից զրկված բոլոր սիրիացի քրդերին վերադարձվում է Սիրիայի քաղաքացիությունը, քրդերենը ստանում է Սիրիայի Արաբական Հանրապետության պետական լեզուներից մեկի կարգավիճակ ու ենթակա է դասավանդման քրդաբնակ շրջանների դպրոցներում, պետական կարգավիճակ են ձեռք բերում քրդական տոները, մասնավորապես՝ Նովրուզը, որը լայն տարածում ունի իրանալեզու ժողովուրդների շրջանում: Հատկանշական է նաև, որ դեկրետում ամրագրված է աշ-Շարաայի երդումը՝ հարգել քրդերի անվտանգության, ինչպես նաև նրանց բոլոր քաղաքացիական և քաղաքական իրավունքների ապահովման վերաբերյալ ստանձնած պարտավորությունները։

Ըստ ամենայնի, տվյալ դեկրետը տեղեկատվական-հոգեբանական պատերազմի գործիք է, որն ուղղված է քրդական հասարակության մասնատմանը և Դամասկոսի իշխանությունների հանդեպ չափավոր տրամադրված խմբակցությունների բարեհաճության խթանմանը։ Բացի այդ, անցումային կառավարությունը ձգտում է ընթացիկ ռազմարշավն օրինականացնել միջազգային հանրության աչքում՝ այն դիրքավորելով ոչ թե որպես էթնիկ զտումներ, այլ որպես պետական ինքնիշխանության վերականգնման և անջատողական կառույցների վերացման գործողություն, որոնք քողարկվում են Սիրիայի ճնշված քուրդ բնակչության ազատության համար պայքարի հռետորաբանությամբ:

Փորձագիտական հանրության գնահատմամբ՝ աշ-Շարաայի նախաձեռնությունները մատնանշում են փոխզիջման սահմանը, որին պատրաստ է գնալ Դամասկոսի անցումային կառավարությունը: Այս դիրքորոշումը, փաստորեն, բացառում է քրդական ինքնավարության պահպանումը. քրդերի քաղաքացիական և քաղաքական իրավունքներն առաջարկվում է իրականացնել բացառապես միասնական քաղաքական համակարգի և միասնական իրավական դաշտի շրջանակներում, որն ընդհանուր է բոլոր էթնո-կրոնական խմբերի համար: Այս պայմանների ընդունումից հրաժարվելը Դամասկոսը դիտարկում է որպես հետագա ռազմական ծավալման հիմք՝ Ռոժավայի վարչական և ուժային հաստատությունների վերջնական ապամոնտաժման նպատակով:

  1. Քրդական գործոնի ապաակտիվացումը թուրքամերիկյան կոնսենսուսի շրջանակներում

Փորձագիտական հանրությունը համակարծիք է, որ Դամասկոսի գործողությունների ակտիվացումը հնարավոր է դարձել Վաշինգտոնի և Անկարայի միջև ետբեմային պայմանավորվածությունների շնորհիվ: Գործարքի պայմանները ենթադրում են քրդերի քաղաքական սուբյեկտայնության նվազեցում և Եփրատի աջ ափի՝ էներգետիկ ու ջրային ենթակառուցվածքների հետ միասին, հանձնում Դամասկոսի վերահսկողությանը:

Այս թեզը հաստատվում է Սիրիայի ժողովրդավարական ուժերի պասիվ դիմադրության բնույթով, որոնք առանց լայնածավալ պաշտպանության թողեցին մի շարք ռազմավարական շրջաններ։ Հատկանշական էր նաև ՍԺՈՒ-ի առաջնորդ Մազլում Աբդիի 17.01.2025 թ. հայտարարությունն առ այն, որ հենց ինքն է վերահսկվող ջոկատներին հրամայել լքել Հալեպն ու տեղափոխվել Եփրատի ձախ ափ՝ ավելի պաշտպանված և անվտանգ համարվող գոտի: Ակնհայտ է, որ Աբդին գործում է ԱՄՆ-ի կողմից արտաքին աջակցության պակասի պայմաններում։

Վաշինգտոնի դիրքորոշումը սահմանափակվել է արյունահեղությունից խուսափելու և Ռոժավայի հարցը ներառական երկխոսության միջոցով լուծելու Դամասկոսին ուղղված դեկլարատիվ կոչերով։

Այսպես, ԱՄՆ բանակի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)՝ ի դեմս նրա ղեկավար, ծովակալ Բրեդ Կուպերի, դիմել է Դամասկոսին՝ կոչ անելով դադարեցնել բոլոր հարձակողական գործողությունները Հալեպի և Տաբկայի միջև ընկած շրջաններում։ Բացի այդ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեն հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ Սիրիայի կառավարական ուժերի և ՍԺՈՒ-ի միջև ռազմական գործողությունների սրացման կապակցությամբ: Սակայն այդ կոչերից այն կողմ գործն առաջ չի գնացել։ Մինչդեռ Վաշինգտոնի իրական քայլերը վկայում են Ռոժավայի ղեկավարության վրա ճնշումների մասին՝ նրան զիջումների հարկադրելու նպատակով։

  1. Դիվանագիտական ճնշում և զինաթափման սցենար

Սիրիայում սրացման թեժ պահին Էրբիլում կայացել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և նախագահ Դ. Թրամփի՝ Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքի հանդիպումն Իրաքի քրդերի քաղաքական առաջնորդ, Քրդստանի դեմոկրատական կուսակցության (KDP) նախագահ Մասուդ Բարզանիի հետ: Այդ հանդիպմանը տեսակապի միջոցով մասնակցել է նաև ՍԺՈՒ-ի հրամանատար, Ռոժավայի փաստացի առաջնորդ Մազլում Աբդին։ Բանակցությունների մանրամասները չեն հրապարակվում, սակայն, ամենայն հավանականությամբ, Բարաքը հրապարակել է Թրամփի վարչակազմի պահանջը՝ հրաժարվել «առավելապաշտական պահանջներից» և համաձայնել Ռոժավայի ինտեգրմանը Սիրիայի կազմում: Սիրիայի միավորման հարցում նման շահագրգռվածություն ավելի բացահայտ դրսևորում են եվրոպական քաղաքական կենտրոնները։ Այսպես, ֆրանսիական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը Իրաքի քրդական տարածաշրջանային կառավարության ղեկավար Նեչիրվան Բարզանիի հետ հեռախոսազրույցում ընդգծել է «ՍԺՈՒն բանակցությունների վերադարձնելու անհրաժեշտությունը՝ մարտի 10-ի համաձայնագրին համապատասխան»:

Այսպիսով, Ռոժավայի ռազմաքաղաքական ղեկավարության վրա աննախադեպ ճնշում է գործադրվում։ Ինքնավարության վերացումից հրաժարվելու դեպքում Դամասկոսը, արտաքին խաղացողների լուռ համաձայնությամբ, հավանաբար կշարունակի տարածաշրջանի ուժային կլանումը։

  1. Հունվարի 18-19-ի դինամիկան. կապիտուլյացիայից մինչև մարտերի վերսկսում

18.01.2026 թ. երեկոյան սիրիական և թուրքական ԶԼՄ-ները տեղեկություններ են տարածել առ այն, որ Մազլում Աբդին Դամասկոսի հետ համաձայնագիր է ստորագրել կրակի դադարեցման և Ռոժավայի բոլոր ռազմավարական օբյեկտները, ներառյալ՝ քրեակատարողական հիմնարկները, որտեղ պահվում են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները, Սիրիայի կառավարական ուժերի տնօրինմանը հանձնելու մասին: Թուրքական աղբյուրները դա մեկնաբանել են որպես ՍԺՈՒ-ի լիակատար կապիտուլյացիա և Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռազմավարական հաղթանակ։

Սակայն ինքնավարության փաստացի վերացման մասին հաղորդագրություններին զուգահեռ՝ մերձավորարևելյան ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել առ այն, որ Էրբիլում Բարզանի կլանի առաջնորդները Ռոժավա են տեղափոխում քրդական «Փեշմերգա» ինքնապաշտպանական ուժերի երեք խոշոր միավորումներ: Տեղեկություններ են հայտնվել նաև այն մասին, որ բուն Ռոժավայում զանգվածային զորահավաք է հայտարարվել՝ ինքնավարությունը սիրիական բանակի ներխուժումից պաշտպանելու համար: 19.01.2026 թ. առավոտյան հայտնի դարձավ, որ դիմադրության դադարեցման մասին համաձայնագիրը խախտվել է մինչև ուժի մեջ մտնելը. ամբողջ գիշեր մարտերը չեն հանդարտվել Ռաքքա, Դեյր էս-Զոր քաղաքների և Եփրատի Տիշրին ամբարտակի մոտ։ Չնայած դրան՝ ընդհանուր միտումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը չի ցանկանում միջամտել հակամարտությանը՝ հանուն Ռոժավայի ինքնավարության պահպանման։

  1. Աշխարհաքաղաքական առևտուր. Սիրիան՝ Իրանի դիմաց

Սիրիացի քրդերին աջակցելուց Վաշինգտոնի հրաժարումը ավելի մասշտաբային ռազմավարության մաս է կազմում: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը, որի վրա հիմնականում հենվում էր Ռոժավայի ղեկավարությունը և որի հետ կապում էր Սիրիական Քրդստանի լիակատար անկախության հեռանկարի հույսերը, մեծ ծառայություն մատուցեց Թուրքիային: Սակայն, ըստ ամենայնի, գործը չի սահմանափակվել միայն սիրիական հարցում արված զիջումներով:

16.01.2026-ին ԱՄՆ-ը տեղեկատվություն հրապարակեց Գազայի հարցով այսպես կոչված «Խաղաղության խորհրդի» կառուցվածքի և կազմի մասին, որում, շատ դիտորդների համար բավականին անսպասելիորեն, հայտնվեց նաև Թուրքիան՝ տարածաշրջանային երկու այլ երկրների՝ Եգիպտոսի և Կատարի հետ մեկտեղ: Իսրայելական աղբյուրների փոխանցմամբ՝ Դ. Թրամփի որոշումը Անկարայի ներգրավման վերաբերյալ («Խաղաղության խորհրդում» այն ներկայացնելու է ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը) կտրուկ դժգոհություն է առաջացրել Թել Ավիվում, սակայն Սպիտակ տունը պնդել է իր դիրքորոշումը՝ չնայած Բենիամին Նեթանյահուի գլխավորած իսրայելական կառավարության դեմարշին:

Տեղի ունեցածը թուրք քաղաքական գործիչներին առիթ տվեց պնդելու, որ Անկարան տարել է խոշոր դիվանագիտական հաղթանակ, իսկ Իսրայելը կրել է «ռազմավարական պարտություն՝ խորհրդանիշների և ընթացակարգերի հարթությունում»: Այս խոսույթը զուրկ չէ ճշմարտության որոշակի բաժնից, քանի որ Բ. Նեթանյահուի կառավարությունը բազմիցս կտրականապես մերժել է Գազայում իրավիճակի կայունացման և դրա վերականգնման գործընթացում Թուրքիայի որևէ ձևով մասնակցության հնարավորությունը: Թել Ավիվը շեշտում էր Անկարայի ապակայունացնող դերը Պաղեստինյան հարցում՝ մատնանշելով ոչ միայն թուրքական բարձրագույն ղեկավարության պանօսմանիստական հռետորաբանությունը «Երուսաղեմը Թուրքիայի գիրկը վերադարձնելու» անհրաժեշտության մասին, այլև ակնարկելով Թուրքիայի Հանրապետության հատուկ ծառայությունների և ռազմական կառույցների կողմից ՀԱՄԱՍ-ին ցուցաբերվող գաղտնի ռազմաքաղաքական աջակցության վերաբերյալ տվյալների առկայությունը:

Վաշինգտոնի կողմից Իսրայելի հետ հարաբերություններում վճարված նման բարձր քաղաքական գինը ենթադրում է Թուրքիայից բացառիկ նշանակության փոխադարձ զիջումների ստացում: Այս առևտրի առավել հավանական առարկան Անկարայի լոյալությունն է Իրանում թեոկրատական ռեժիմի տապալման և իրանական պետականության արմատական տրանսֆորմացիայի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրերին:

Մինչև վերջերս Անկարան ոչ միայն պաշտոնական մակարդակով դատապարտում էր ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ապակայունացնող գործողությունները Իրանի դեմ, այլև, ըստ բաց աղբյուրների տվյալների, իրանական իշխանություններին ցուցաբերում էր հետախուզական աջակցություն՝ նպատակ ունենալով կանխել քրդական կազմավորումների տեղափոխումը Իրաքից Իրան՝ ի օգնություն այնտեղ Թեհրանի դեմ պայքար մղող «Քրդստանի ազատ կյանքի կուսակցությանը» (PJAK): Հավանական է նաև, որ Թուրքիայի համագործակցությունը Իրանի հետ չէր սահմանափակվում միայն այս բաղադրիչով և սպառնում էր ձախողել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի գլոբալ ծրագրերը: Առանց Թուրքիայի և նրա սատելիտի՝ Ադրբեջանի լոյալ դիրքորոշման, ԱՄՆ-ի հակաիրանական ռազմավարությունը դժվար իրագործելի կլիներ, ինչն էլ բացատրում է Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ գնալ Անկարայի հետ գործարքի՝ զոհաբերելով սիրիացի քրդերի շահերը հանուն միակուռ հակաիրանական ճակատի ձևավորման:

  1. Եզրակացություն և կանխատեսում

Այսպես թե այնպես, սիրիական ուղղությամբ ԱՄՆ-ի վերջին գործողությունները միջազգային մեկնաբաններին առիթ տվեցին պնդելու, որ Դոնալդ Թրամփը «ծախեց քրդերին»: Սիրիացի քրդերի հույսերը Ռոժավայի անկախության հարցում, հանուն որի նրանք ժամանակին ակտիվորեն մասնակցեցին ԱՄՆ-ի կողմից ստեղծված ԻՊ-ի և «ալ-Ասադի ռեժիմի» դեմ պայքարի կոալիցիային, չարդարացան: Ավելին, իրադարձությունների ընթացքը թույլ է տալիս ենթադրել, որ Սիրիայում Ռոժավայի շահերը զիջելուն զուգահեռ՝ ԱՄՆ-ը քրդերի հետ կոալիցիայի նմանատիպ նախագիծ է պատրաստում իրանական ուղղությամբ, որտեղ PJAK-ի կառույցներին նույնպես կխոստացվի պետականության հեռանկար՝ Թեհրանում շիա «ճնշողների» դեմ լիամասշտաբ և բացահայտ պատերազմի դիմաց:

Սիրիական ուղղությամբ ընթացիկ իրադարձությունները հաստատում են սիրիացի քրդերի նկատմամբ ԱՄՆ-ի դաշնակցային պարտավորությունների վերանայման թեզը: Դոնալդ Թրամփը փաստացի չեղարկեց Ռոժավայի անկախության նախագիծը, որը նախկինում ծառայում էր որպես սիրիական հասարակության այս հատվածին ԻՊ-ի և Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ պայքարում ներգրավելու գործիք:

Միևնույն ժամանակ, իրավիճակի զարգացման կանխատեսումը չի բացառում ԱՄՆ-ի փորձը՝ իրականացնելու նմանատիպ սցենար իրանական ուղղությամբ: Լիովին սպասելի է նոր կոալիցիայի ձևավորումը իրանցի քրդերի (PJAK) մասնակցությամբ, որոնց կարող են պետականության հեռանկարներ խոստացվել՝ Թեհրանի կենտրոնական կառավարության դեմ պատերազմին մասնակցելու դիմաց: Այս պարագայում քրդական գործոնը կմնա որպես «ծախսվող նյութ» Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի գլոբալ ռազմավարության մեջ:

[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 20.01.2026 թ.: