Հրապարակում
Գերմանական Մարշալի հիմնադրամի՝ ՉԺՀ-ին վերաբերող մի զեկույցի հետքերով
Փորձագետի մեկնաբանություն, 20.01.2026 թ.
Արեստակես Ա. Սիմավորյան[1]
Ինչպես հայտնի է, վերջին տասնամյակում Թայվանի հարցը խնդրահարույց դիրք է զբաղեցնում ՉԺՀ–ԱՄՆ հարաբերություններում։ 2010-ական թթ. կեսերից Թայվանի ներքաղաքական զարգացումները, մասնավորապես՝ 2016 թ. ընտրված նախագահ Ցայ Ին Վենի քաղաքական օրակարգը, մղեցին Պեկինին ուժեղացնել ճնշումը կղզու նկատմամբ՝ ներառելով ռազմական զորավարժություններ, ծովային մուտքերի մոտ ակտիվացում։ Նույն ժամանակահատվածում Թայվանի նկատմամբ ԱՄՆ-ի մոտեցումը գրեթե փոխվեց՝ նախկինում ավելի զգուշավոր մոտեցումից անցում կատարելով ավելի բաց ներգրավվածության։ Երկու երկրների միջև քաղաքական շփումների ներկայիս բարձր մակարդակը և Հնդկական-խաղաղօվկիանոսյան ռազմավարության շրջանակներում կղզու դերակատարության աճը փաստում են, որ Վաշինգտոնը պատրաստ է պաշտպանել Թայվանի ինքնավարությունը և զսպել Չինաստանին։
Ի դեպ, 2025 թ. փետրվարին ԱՄՆ Պետդեպարտամենտը Թայվանին առնչվող տեղեկատվական թերթիկից հեռացրել էր «չի աջակցում Թայվանի անկախությանը» արտահայտությունը և փոխարենը շեշտել էր, որ «Մենք դեմ ենք ստատուս քվոյի ցանկացած միակողմանի փոփոխության և խրախուսում ենք նեղուցների միջև տարաձայնությունների խաղաղ կարգավորումը, որն ընդունելի է երկու կողմերի համար»: Նման ձևակերպումով, ըստ էության, ԱՄՆ-ը կարծես թե հրաժարվում է հանդես գալ այս հարցում որպես վճռորոշ դերակատար և ձգտում է պահպանել միջնորդի ու զսպողի իր դերը՝ նվազեցնելով անմիջական ներգրավման ռիսկը ռազմական սցենարի դեպքում։
Ինչևէ, հաշվի առնելով խնդրի հրատապությունն ու դրա կարևորությունն ԱՄՆ համար, 2025 թ. տարեվերջին Գերմանական Մարշալի հիմնադրամը (GMF) հրապարակեց ՉԺՀ-ին վերաբերող մի զեկույց, որը ժամանակային առումով կարծես թե պատահական չէ ընտրված․ այն և՛ հաշվարկված «քաղաքական ուղերձ» է, և՛ «տեղեկատվական արշավ»՝ ապագա հնարավոր ռազմաքաղաքական գործողություններին ընդառաջ։ Զեկույցում, տրվում են ռազմական էսկալացիային վերաբերող սցենարներ, նախանշվում են այն հիմնական ռիսկերը, որոնց առջև կարող են կանգնել ՉԺՀ-ն, ինչպես նաև ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցներն, եթե Թայվանի շուրջ ծավալվեն նման գործողություններ։ Հոդվածում անդրադառնում ենք զեկույցում առաջ քաշված հիմնական թեզերին՝ ռազմական սցենարներին և դրանից բխող հետևանքներին՝ տալով նաև մեր եզրակացությունները։
Եթե սկսվի Թայվան–ՉԺՀ պատերազմը. զեկույցի հիմնական թեզերը
2025 թ. դեկտեմբերին Գերմանական Մարշալի հիմնադրամը հրապարակել է «Եթե Չինաստանը հարձակվի Թայվանի վրա. «փոքր հակամարտության» և «մեծ պատերազմի» սցենարների հետևանքները Չինաստանի համար» խորագրով զեկույց, որում փորձագիտական խումբը Թայվանի հարցին մոտենում է ոչ թե ռազմական հավասարակշռության, այլ այն տեսանկյունից, թե նման քայլի դեպքում ինչ գին ստիպված կլինի վճարել Պեկինը։
Զեկույցում գնահատված է, թե Թայվանի դեմ ուժի կիրառումն ինչ հետևանքներ կարող է ունենալ Պեկինի համար 4 հիմնական տիրույթում՝ տնտեսություն, ռազմական կարողություններ, ներքին սոցիալական կայունություն և միջազգային քաղաքական ու դիվանագիտական ծախսեր։ Զեկույցի հեղինակները բերում են երկու սցենար՝ «սահմանափակ, կարճատև հակամարտություն» և «լայնամասշտաբ պատերազմ»՝ կանխատեսելով դրանց հետևանքները։ Երկու տարբերակն էլ դիտարկվում են 2026–2030 թվականների ժամանակահատվածի համար։
Առաջին սցենարով ենթադրվում է, որ տեղի կունենա մի քանի շաբաթ տևող, ցածր ինտենսիվության հակամարտություն, որի ընթացքում չինական նավերն ու օդային ուժերը կշրջափակեն Թայվանը, իսկ Ժողովրդա-ազատագրական բանակը կփորձի սահմանել ա. կ. կոչված «կարանտին»՝ կղզու խոշոր նավահանգիստների նկատմամբ։ Այս իրադարձությունների հետնապատկերում հնարավոր է ԱՄՆ-ը միջամտի իր ռազմանավերով՝ ուղեկցելով առևտրային նավերը շրջափակման գոտով անցնելիս։ Հեղինակները եզրակացնում են, որ նման զարգացման դեպքում՝ կծավալվեն օդային և ծովային միջադեպեր, որի հետևանքով կզոհվեն Չինաստանի և Թայվանի զինված ուժերի տասնյակ ներկայացուցիչներ, բայց, միևնույն ժամանակ օտարերկրյա անձնակազմի շրջանում զոհեր չեն գրանցվի։ Այս սցենարով՝ հակամարտությունը կավարտվի լարվածության նվազեցման շուրջ փոխադարձ համաձայնությամբ, ինչի արդյունքում այն կմնա համեմատաբար կարճատև և սահմանափակ։
Երկրորդ սցենարը ենթադրում է, որ տեղի կունենա մի քանի ամիս տևող լայնամասշտաբ պատերազմ՝ ՉԺՀ լիակատար ռազմական պարտությամբ։ Այս դեպքում, Չինաստանը կսկսի դեսանտային ներխուժման փորձ Թայվան՝ նախապես կիրառելով հրթիռային հարվածներ ոչ միայն թայվանական ռազմական օբյեկտների, այլև ԱՄՆ ուժերի դեմ՝ Ճապոնիայում և Գուամում։ Մի քանի ամիս շարունակվող ինտենսիվ մարտերից հետո չինական բանակը ստիպված է լինելու նահանջել մայրցամաք՝ կորցնելով մոտ 100 հազար զինծառայող։ Թայվանի կորուստները գնահատվում են շուրջ 50 հազար զինվորական և նույնքան զոհ քաղաքացիների շրջանում, ԱՄՆ-ի կորուստները՝ մոտ 5 հազար զինծառայող և մոտ 1000 քաղաքացիական անձ, իսկ Ճապոնիայի դեպքում՝ համապատասխանաբար՝ 1000 և 500։ Պատերազմը կավարտվի Թայվանից ՉԺՀ ուժերի դուրսբերմամբ, սակայն Պեկինը կպահպանի վերահսկողությունը Կինմեն և Մացու կղզիների նկատմամբ։
Զեկույցի համաձայն՝ նույնիսկ առաջին, «փոքր» սցենարը շրջափակման կամ «կարանտինի» ձևաչափով, կարող է առաջացնել ԱՄՆ տրիլիոնավոր դոլարի չափով գլոբալ «նվազեցման ռիսկի» գործընթացներ։ Համաշխարհային կապիտալի նման ցնցումը կարող է խաթարել Չինաստանի տնտեսական աճի հիմնական շարժիչները՝ երկարաժամկետ անդառնալի հետևանքներով։ Իսկ երկրորդ սցենարի դեպքում անհաջող դեսանտային գործողությունը ոչ միայն կհանգեցնի շուրջ 100 հազար զինվորի կորստի և նավատորմի կարողությունների ոչնչացման, այլև տարիներով կթուլացնի Չինաստանի լոգիստիկ համակարգը, եթե վնասվեն տրանսպորտային նավերն ու լաստանավերը։ Թայվանը չգրավելու փաստը նաև կնշանակի հեղինակության ծանր հարված։ Լայնամասշտաբ պատերազմի պարագայում հնարավոր է G7 երկրները խզեն Պեկինի հետ իրենց դիվանագիտական հարաբերությունները և հաստատեն երկարաժամկետ կամ մշտական տեխնոլոգիական էմբարգոներ, որի հետևանքով Չինաստանը կհայտնվի միջազգային մեկուսացման մեջ՝ տասնամյակներ ի վեր հետաձգելով իր համաշխարհային առաջնորդության հավակնությունները։
Զեկույցն առանձին ուշադրություն է դարձնում նաև այն տարբերակին, որ, եթե Պեկինը սահմանափակվի միայն «կարանտինով»՝ առանց լիակատար ներխուժման, ապա ԱՄՆ ռազմածովային ուժերը կփորձեն կոտրել շրջափակումը, որին Չինաստանը կարող է արձագանքել վճռորոշ կերպով։ Թեև զեկույցը արձանագրում է ՉԺԱԲ (Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի) ռազմական կարողությունների աճը, սակայն ենթադրվում է, որ անհաջող պատերազմը պարտությամբ կսպառնա ոչ միայն Թայվանի հարցում, այլ Չինաստանի կոմունիստական կուսակցության ներքին լեգիտիմության և իշխանության մենաշնորհի խաթարմամբ։ Այնուամենայնիվ, Թայվանի շուրջ ռազմական հակամարտությունը կարող է հանգեցնել զանգվածային տնտեսական խափանումների, աղետալի ռազմական կորուստների, նշանակալի սոցիալական անկարգությունների և ավերիչ պատժամիջոցների, որոնք բոլորը կարող են նրա երազանքը վերածել մղձավանջի և խաթարել վերջինիս քաղաքական հեղինակությունը։ Ընդհանուր առմամբ, զեկույցը պնդում է, որ Թայվանը՝ «բռնի կերպով» Չինաստանին միացնելը ծանր գին է արժենալու վերջինիս համար և խաթարելու է վերջին չորս տասնամյակում ձևավորված տնտեսական բարգավաճումն ու քաղաքական կայունությունը։
Մեր գնահատականը
Հիմք ընդունելով Չինաստանով զբաղվող հայ փորձագետների կողմից մեր հետ մասնագիտական քննարկումների շրջանակներում հնչեցված գնահատականներն ու դիտարկումները խնդրո առարկայի վերաբերյալ՝ ընդգծենք, որ զեկույցում առաջ քաշված սցենարները իսկապես տեսականորեն հնարավոր են, սակայն, արևմտյան՝ հատկապես ԱՄՆ ռազմավարական մտքի շրջանակում դրանց իրականացման հավանականությունը հաճախ է գերագնահատվում։ Նախ՝ նկատենք, որ GMF-ի զեկույցը կառուցված է կանխարգելիչ գործողությունների՝ Պեկինին զսպելու տրամաբանության հենքի վրա։ Այդ պատճառով, զեկույցում «ծախսերի» չափազանց շեշտադրումը, ավելի շատ հիշեցնում է նախազգուշական ուղերձի (Պեկինի համար լի տնտեսական և աշխարհաքաղաքական նոր մարտահրավերներով), այլ ոչ թե չեզոք դիրքերից իրականացված կանխատեսում։ Քաղաքագիտական տեսանկյունից, սա նշանակում է, որ հեղինակների սցենարները մասամբ ձևավորվել են ոչ թե այն հարցից, թե ի՞նչ կանի Չինաստանը, այլ՝ թե ինչ չպետք է անի։
Երկրորդ՝ նկատելի է Չինաստանի ռազմավարական մշակույթի վերաբերյալ թյուրըմբռնում։ Այդ եզրահանգման ենք գալիս այն պատճառով, որ այս սցենարները հիմնված են առավելապես արևմտյան ռազմական էսկալացիայի մոդելների վրա, մինչդեռ Չինաստանի ռազմավարական մտածողությունն այնպիսին է, որ այն մշտապես խուսափել է ուղիղ և չափազանց մեծ ռիսկեր պարունակող բախումներից։ Պեկինի մոտ ավելի շատ գերակշռում է «երկարաժամկետ քայքայման» ռազմավարությունը՝ ոչ թե արագ և ուղիղ ռազմական հարվածով հակառակորդին պարտության մատնել, այլ տարիների ընթացքում նրա դիմադրողականությունն ու ինքնուրույնությունը թուլացնել՝ ռազմական, քաղաքական, տնտեսական և այլ միջոցների համադրությամբ։ Հետևաբար, լայնամասշտաբ դեսանտային ներխուժումը, որն իբրև սցենար բերվում է հեղինակների կողմից, քիչ հավանական է թվում և ավելի շատ համապատասխանում է արևմտյան ռազմական-ռազմավարական պլանավորման խոսույթին։ Ի վերջո հակված ենք կարծելու, որ ՉԺՀ ռազմաքաղաքական վերնախավը պետք է, որ դասեր քաղած լինի ՌԴ-Ուկրաինա հակամարտությունից և կաշխատի խուսափել նման զարգացումների սցենարից, եթե, իհարկե, չառնչվի արտաքին ուժերի կողմից որոշակի սադրիչ գործողությունների:
Երրորդ՝ գերագնահատված է նաև ԱՄՆ-ի և դաշնակիցների արձագանքը։ Ինչպես վերը նշեցինք, սցենարներից մեկով ենթադրվում է արագ, համախմբված և վճռական հակաչինական արձագանք ԱՄՆ-ի, Ճապոնիայի և G7-ի կողմից։ Սա խնդրահարույց ենթադրություն է։ Հակված ենք կարծելու, որ հիշատակվող դաշնակիցների շահերի տարբերությունը և պատերազմի նկատմամբ հասարակական զգուշավորությունը կարող է մեծապես սահմանափակել Պեկինի դեմ իրական հակազդեցության խորությունը։ Ի վերջո, համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ տնտեսական և տեխնոլոգիական էմբարգոները միշտ չէ, որ ամբողջական և մշտական կիրառություն են ունենում, առավել ևս, երբ դրանք վնասում են նաև հենց դրանք կիրառող կողմերին։
Բացի այդ, զեկույցից այնպիսի տպավորություն է ստեղծվում, համաձայն որի՝ Թայվանը ոչ թե ինքնուրույն քաղաքական սուբյեկտ է, այլ ռազմական գործողությունների «պոլիգոն»։ Հաշվի չի առնվում կամ լիովին անտեսվում է, որ Թայվանի ներքաղաքական զարգացումներն ու հասարակական տրամադրությունների փոփոխությունները արմատապես կարող են վերափոխել ռազմավարական միջավայրը։ Նման պայմանների առկայության դեպքում Պեկինը կկենտրոնանա ոչ թե անմիջական ռազմական գործողություն սկսելու «հարմար պահի» որոնման վրա, այլ՝ համբերատար կսպասի Թայվանի ներսում հնարավոր քաղաքական ճեղքմանը կամ ներքին բևեռացման խորացմանը։
Եվ, վերջապես, երկու նկատառում ևս.
1․ «Մեծ պատերազմի» սցենարի համար հեղինակները չափազանց բարձր շեմ են սահմանել՝ ՉԺՀ միաժամանակյա ձախողում բոլոր չափումներում՝ ռազմական, տնտեսական, դիվանագիտական, ներքաղաքական և այլն։ Նման համակցված ձախողումները մեծ տերությունների միջև հազվադեպ են տեղի ունենում, հատկապես միջուկային զսպման պայմաններում (հաշվի ենք առնում ԱՄՆ և ՉԺՀ միջուկային տերություն լինելու փաստը)։
2․ Զեկույցում ենթադրվում է, որ ռազմական պարտությունը կարող է նույնիսկ հանգեցնել Չինաստանի կոմունիստական կուսակցության լեգիտիմության փլուզմանը։ Մինչդեռ, ռազմական անհաջողությունը ինքնին չի նշանակում ՉԿԿ կամ արևմտյան ընկալմամբ ոչ ժողովրդական վարչակարգ ունեցող երկրի անմիջական կամ անխուսափելի փլուզում։
Ամփոփելով՝ արձանագրենք, որ GMF-ի ներկայացրած սցենարները ունեն հիմնականում նախազգուշացնող բնույթ։ Ինչևէ, ռազմական բախման ի հայտ գալու պարագայում անգամ դժվար է պատկերացնել, որ կարող է զարգանալ զեկույցում հրամցվող ձևաչափով և մասշտաբով։ Իրականում Չինաստանի համար առավել վտանգավոր սցենարը ոչ թե «մեծ պատերազմի» տարբերակն է, այլ երկարատև, անկայուն և մշուշոտ իրավիճակը, որի պայմաններում սխալ հաշվարկի արժեքը կարող է աստիճանաբար մեծանալ՝ առանց կողմերից որևէ մեկի հստակ և գիտակցված որոշման։ Մեր գնահատմամբ, Դ. Թրամփի օրոք, նրա անկանխատեսելի և միաժամանակ գործարարի մտածողությամբ առաջնորդվող քաղաքական վարքագծի հետևանքով, առավել հավանական է, որ Թայվանի հարցում ԱՄՆ–Չինաստան հարաբերություններում ևս նշանակալի տեղ կզբաղեցնեն սթափ հաշվարկներն ու գործարքային տրամաբանությունը:
[1] Արևելագետ, թուրքագետ: 2008–2019 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում որպես Հայագիտական կենտրոնի ղեկավար, 2014–2021 թթ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի գիտաշխատող։ 2019–2021 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վերլուծական ծառայության» բաժնում որպես ավագ փորձագետ։ 2021–2022 թթ. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի «Գիտահետազոտական աշխատանքների և միջազգային կապերի բաժնի» գլխավոր արխիվագետ։ 100-ից ավելի գիտավերլուծական հոդվածների և 12 կոլեկտիվ մենագրության հեղինակ է։