Մեկնաբանություններ

Իսրայելի կողմից Սոմալիլենդի ինքնիշխանության ճանաչման աշխարհառազմավարական հրամայականները

Геостратегические императивы признания Израилем суверенитета Сомалиленда

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 18.01.2026 թ.[1]

  1. Դիվանագիտական նախադեպը և «Աբրահամական ակումբի» ընդլայնումը

Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները 2025 թ. դեկտեմբերի վերջին հայտարարեցին Սոմալիլենդ պետության անկախության ճանաչման մասին։ ԱԳ նախարար Գիդեոն Սաարը սոցցանցում գրել էր, որ կողմերը «լիարժեք դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն՝ ներառյալ դեսպանների նշանակումը և դեսպանությունների բացումը»: Իր հերթին՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն ուշադրությունը կենտրոնացրել է Սոմալիլենդի հետ համագործակցությունը բարձր տեխնոլոգիական ոլորտներում, առողջապահության և ագրոարդյունաբերական համալիրում «անհապաղ ընդլայնելու» Իսրայելի մտադրության վրա: Իսրայելական կառավարական շրջանակների հետ փոխկապակցված աղբյուրների տվյալներով՝ Թել Ավիվը և Հարգեյսը նույնպես խորհրդակցություններ են նախաձեռնել, այսպես կոչված, «Աբրահամական համաձայնագրերի» համակարգ Սոմալիլենդի մտնելու հարցի շուրջ։ Մի շարք փորձագիտական գնահատականների համաձայն՝ այս քաղաքական-դիվանագիտական նախաձեռնությունը՝ Հարգեյսայի ինտեգրման ընթացակարգը կիրականացվի արագացված ռեժիմով, առաջ անցնելով «Աբրահամական ակումբի» մյուս հավանական թեկնածու երկրների ժամկետներից:

  1. Վաշինգտոնի դիրքորոշումը. հեռապահում և հովանավորչություն

Մի շարք փորձագետների խոստովանությամբ, Իսրայելի կողմից Սոմալիլենդի սուբյեկտայնության օրինականացումը, չնայած բացարձակ անակնկալ չէր, նկատելի արձագանք առաջացրեց ընտրված ժամանակավոր իրավիճակի և Թել Ավիվի ու Հարգեյսի միջև դաշնակցային հարաբերությունների ձևավորման միջոցառումների շտապողականության պատճառով: Ամերիկյան աղբյուրների համաձայն՝ այս լուրը զարմացրել է նույնիսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը New York Post-ին տված հարցազրույցում հեռապահվել է հարցից՝ հայտարարելով Սոմալիլենդի ներքին առանձնահատկությունների մասին թույլ տեղեկացված լինելու  մասին և նշելով, որ ներկայիս փուլում նրա անկախության ճանաչումը չի մտնում Միացյալ Նահանգների օպերատիվ օրակարգի մեջ:

Սակայն համակարգային քաղաքական վերլուծությունը թույլ է տալիս պնդել, որ իսրայելական նախաձեռնությունը դե-ֆակտո չէր կարող իրականացվել առանց Վաշինգտոնի հետ նախնական համաձայնության։ Խոսքն աշխարհառազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանի մասին է, որն առանցքային դեր է խաղում ԱՄՆ-ի մերձավորարևելյան, աֆրիկյան և գլոբալ Եվրասիական ռազմավարության մեջ։ Հետևաբար, Դ. Թրամփի արձագանքը պետք է մեկնաբանվի կամ որպես նրա վարչակազմի ներսում որոշումների կայացման առանձնահատկությունների հետևանք, կամ որպես ծայրահեղ դիվանագիտական զգուշավորության դրսևորում՝ Աֆրիկյան եղջյուրում դինամիկ փոփոխվող իրավիճակը գնահատելու հարցում:

  1. Պատմական անդրադարձը և ԱՄՆ-ի «Սոմալիական սինդրոմը»

Պատմական խոսույթը ցույց է տալիս, որ Սոմալիի խնդիրը կարևոր գործոն է ամերիկյան նորագույն պատմության մեջ: Մոգադիշոյում 1993 թ. հոկտեմբերի իրադարձությունները դարձան միակ նախադեպը, որն ԱՄՆ-ին ստիպեց պաշտոնապես ճանաչել միջամտության անարդյունավետությունը և իրականացնել ռազմական զորակազմի հապճեպ դուրսբերումը։ Ամերիկյան հանրային գիտակցության մեջ և քաղաքական վերնախավերի մի մասում պահպանվում է, այսպես կոչված, «Սոմալիական սինդրոմը», որը կապված է արտաքին քաղաքականության արժեզրկման և «երրորդ աշխարհի» երկրների գործերին չարդարացված միջամտության հետ։ Հավանաբար, հենց այս պատմական անդրադարձն է, որ Դ. Թրամփի վարչակազմին դրդում է ընթացիկ փուլում ձևական հեռապահում ցուցաբերել իսրայելական դեմարշից՝ միաժամանակ բոլոր հասանելի գործիքներով գաղտնաբար աջակցելով նախաձեռնությանը։ Սոմալիլենդի ինքնիշխանության ճանաչումը Թել Ավիվի ինքնավար քայլը չէ, այլ հանդես է գալիս որպես Կարմիր ծովի ջրային տարածքում անվտանգության ճարտարապետության և ուժերի հավասարակշռության վերանայման ամերիկա-իսրայելական երկյակի ռազմավարական ծրագրի տարր:

  1. Ռիսկերը Ջիբութիի համար

Մերձավորարևելյան աղբյուրների համաձայն՝ Թել Ավիվի կողմից Հարգեյսայի անկախության ճանաչումը, բացի Մոգադիշոյի միջազգայնորեն ճանաչված իշխանությունների բողոքից, կտրուկ բացասական արձագանք է առաջացրել Թուրքիայի, Եգիպտոսի և Ջիբութիի կողմից: Ջիբութիի Հանրապետությունը, որի զգալի ազգային ենթաշերտը կազմում են սոմալիցիները, ավանդաբար սերտ կապեր է պահպանում Մոգադիշոյի հետ և շահագրգռված չէ սահմանակից պետության ապաինտեգրմամբ՝ մտավախություն ունենալով տարածաշրջանային լարվածության աճից: Ջիբութիի համար չափազանց կարևոր է ուժերի փխրուն հավասարակշռության երկարաձգումը։ Իր տարածքը տրամադրելով ԱՄՆ-ի (Քեմփ Լեմոնյե), ՉԺՀ-ի (Դորալե), Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ռազմակայաններին՝ երկիրը ձգտում է ապահովել անվտանգության կոնսենսուս և հարթակ գլոբալ մրցակիցների գաղտնի համագործակցության համար։ Միջազգային իրավունքի նոր սուբյեկտի ի հայտ գալը, որը պատրաստ է տեղակայել իսրայելական ռազմական ենթակառուցվածքը, կարող է փլուզել ստեղծված ստատուս-քվոն և ապակայունացնել Ջիբութիի շուրջ աշխարհաքաղաքական իրավիճակը։

  1. Սպառնալիք Եգիպտոսի շահերին

Եգիպտոսը նույնպես Իսրայելի նախաձեռնության կոշտ մերժում է ցուցաբերում՝ առաջնորդվելով երկու ռազմավարական գործոններով: Նախ, Կահիրեն արձանագրում է անբարյացակամ Իսրայելի ձգտումը՝ ամրապնդվել Ադենի նեղուցում՝ Կարմիր ծովի առևտրատրանսպորտային լոգիստիկայի նկատմամբ օպերատիվ վերահսկողություն հաստատելու համար։ Սա, ըստ էության, մշտական սպառնալիքի տակ է դնում Եգիպտոսի տնտեսական անվտանգությունը, որը խիստ կախված է Սուեզի ջրանցքով տարանցումից։

Երկրորդ՝ Կահիրեն մտահոգված է իր ռազմավարական մրցակից Էթովպիայի կողմից Սոմալիլենդի Բերբերա նավահանգստի միջոցով դեպի Հնդկական օվկիանոս էքստերրիտորիալ (արտատարածքային) հասանելիություն ստանալու հեռանկարով։ Վերջին տարիներին էթովպա-սոմալիական հարաբերությունները ծայրահեղ բարդացել էին տարածքային վեճերի և Ադիս Աբեբայի կողմից ծովային ելքի հարցը Մոգադիշոյի օրինական և միջազգայնորեն ճանաչված կառավարությանը շրջանցելու փորձերի պատճառով, ինչը չէր ընդունվում սոմալիական իշխանությունների կողմից»։ 2024 թ. Եթովպիայի և Սոմալիի միջև հարաբերությունների որոշակի ջերմացում է նկատվում, սակայն Իսրայելի կողմից Սոմալիլենդի անկախության ճանաչումը կարող է նպաստել Ադիս Աբեբայի ուղեգծի փոփոխությանը՝ ուղղված Հարգեյսայի հետ դաշնակցային հարաբերությունների հաստատմանը, քանի որ այդ դեպքում Եթովպիան կարող է ստանալ «օրինական» և անվտանգ առևտրատրանսպորտային միջանցք դեպի ծով, որը խիստ անհրաժեշտ է երկրի վերջին տարիներին նկատելի տնտեսական աճի պահպանման համար:

Կահիրեում զգուշանում են նման սցենարից, քանի որ Ադիս Աբեբան դիտարկում են որպես աֆրիկյան մայրցամաքում գլխավոր ռազմաքաղաքական և տնտեսական մրցակցի: 2025 թվականին երկու երկրները շատ մոտ էին ռազմական հակամարտությանը։ Պատճառը վեճերն էին «Եթովպիայի Վերածննդի մեծ ամբարտակի» (GERD) շուրջ, որը կտրուկ կրճատեց Կապույտ Նեղոսի՝ եգիպտական տարածք մտնող ջրերի ծավալը: Թեև ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Աֆրիկյան միության կազմակերպության ջանքերով եգիպտա-եթովպական ռազմական բախումը հնարավոր եղավ կանխել, սակայն հակամարտությունը չսպառվեց և անցավ լատենտ վիճակի: Ստեղծված պայմաններում Հարգեյսայի ինքնիշխանության ճանաչումը կարող է նոր լարվածության կատալիզատոր դառնալ և եգիպտա-եթովպիական ուղղակի զինված հակամարտություն հրահրել:

  1. Մրցակցություն Թուրքիայի հետ

Իսրայելի նախաձեռնությունը նույնպես առաջացրել է Թուրքիայի Հանրապետության աննախադեպ կոշտ արձագանքը։ Վերջին տարիներին Անկարան Աֆրիկայում խորապես ամրապնդվելու ռազմավարություն էր իրականացնում՝ կենտրոնանալով հյուսիս-արևելյան ափին։ Լիբիայում թուրքական ներկայությունը (մարշալ Խալիֆա Հաֆթարի ուժերի դեմ 2020 թ. ռազմական արշավին մասնակցությունն ու աջակցությունն «Ազգային համաձայնության կառավարությանը»), ինչպես նաև 2023 թ. հոկտեմբերի 7-ի իրադարձություններից հետո հակաիսրայելական կոնսենսուսի հիման վրա Եգիպտոսի հետ հարաբերությունների կարգավորումն զգալիորեն ամրապնդեցին Անկարայի դիրքերը։ Առանձնահատուկ ձեռքբերում է դարձել Սոմալիում Թուրքիայի խոշորագույն արտասահմանյան ռազմակայանի գործունեությունը, որը գործում է 2017 թվականից:

Պաշտոնական Մոգադիշոն մինչ օրս թուրքական ռազմական ներկայությունը որակում է որպես Սոմալիի ներքին և արտաքին անվտանգության երաշխիք, որը թույլ է տվել նվազագույնի հասցնել Աշ-Շաբաբի և այլ իսլամական խմբավորումների ակտիվությունը երկրի տարածքում, ինչպես նաև նպաստել է Սոմալիի կառավարական բանակի որակյալ վերափոխման ու ուսուցմանը ժամանակակից պատերազմների վարման մեթոդների վերաբերյալ: Թուրքիան իրականացնում է Մոգադիշոյի վերահսկողության տակ գտնվող ուժերի վերազինման և Սոմալիի ծովային ու օդային տարածքի պաշտպանության ապահովման լայնածավալ ծրագրեր: Սոմալիում Անկարայի նման լայնածավալ ռազմական ներկայությունը թույլ է տալիս նրան հանդես գալ որպես զգալի արտաքին դերակատար Աֆրիկյան եղջյուրի և Կարմիր ծովի տարածաշրջանում, ինչպես նաև իր շահերը հեռարձակել աֆրիկյան մայրցամաքի խորքերը:

  1. Անկարայի ռազմավարական մեկուսացման ռիսկերը

Իսրայելի կողմից Սոմալիլենդի օրնականացումը թուրք-իսրայելական դիմակայության նոր ճակատ է բացում։ Անկարայի պաշտոնական դիվանագիտությունն այդ գործողությունը որակել է որպես «իսրայելական ծավալապաշտության հերթական օրինակ և Աֆրիկյան եղջյուրում իրավիճակի ապակայունացման փորձ»: Ընդ որում՝ իշխանության հետ փոխկապակցված ընդդիմադիր ուժերը, մասնավորապես՝ «Ապագայի կուսակցության» առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն, արտահայտվում են ավելի արմատական ձևով՝ մատնանշելով Իսրայելի ձգտումը դեպի Թուրքիայի ռազմավարական շրջապատ։ Թուրք վերլուծաբանների կարծիքով՝ Սոմալիում թուրքական օբյեկտների մատակարարումն ապահովող ծովային լոգիստիկայի նկատմամբ Իսրայելի վերահսկողությունը՝ Միջերկրական ծովում իսրայելա-կիպրական դաշինքի և Սիրիայում ու Իրաքում քրդական տարրերի աջակցության հետ համադրմամբ, ուղղված է Անկարայի ռազմավարական մեկուսացմանը: Իրանի ապակայունացումն այս համատեքստում նույնպես դիտարկվում է որպես գործոն, որը կարող է սաստկացնել անկայունությունը Թուրքիայի արևելյան սահմաններին։

Կարելի է ենթադրել, որ թուրքական վերնախավերի արմատական հռետորաբանությունն արտացոլում է պաշտոնական Անկարայի խորը մտահոգությունը սեփական շահերի հնարավոր գոյութենական սպառնալիքների վերաբերյալ: Բացի այդ, ստեղծված իրավիճակը նպաստում է Թուրքիայի և Չինաստանի մարտավարական մերձեցման մասին խոսույթի ձևավորմանը։ Պեկինն արդեն խստորեն դատապարտել է Հարգեյսայի ինքնիշխանության ճանաչումը՝ ելնելով Թայվանի հարցի նկատմամբ սեփական մոտեցումների տրամաբանությունից (Չինաստանի անբաժանելիության սկզբունքը), ինչպես նաև Ջիբութիում իր ռազմակայանի անվտանգության սպառնալիքից և Կարմիր ծովում ու Սուեզում առևտրային լոգիստիկայի նկատմամբ վերահսկողության կորստի հեռանկարից: Անկարայում ելնում են նրանից, որ Իսրայելի կողմից Սոմալիլենդի ճանաչումը ոչ այնքան Սոմալիլենդի նախաձեռնությունն է, որքան Եվրասիայի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական ճարտարապետության վերաձևակերպման ԱՄՆ գլոբալ ռազմավարության տարրը։ Թուրքիայում գիտակցում են, որ սահմանակից տարածաշրջաններում մեկնարկել է գլոբալ գործընթաց, որը նա ի վիճակի չէ կանգնեցնել և կարող է միայն քաղաքական-դիվանագիտական խուսավարումների միջոցով ձգտել նրան, որ ԱՄՆ-ը հաշվի առնի իր ազգային շահերի առավել կարևոր բաղադրիչները։

  1. IMEC-ն ընդդեմ «Մեկ գոտի, մեկ ճանապարհի»

Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն սկսել է հակաչինական ծրագրի արագացված իրականացումը մինչև Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի ավարտը։ ՉԺՀ-ի դաշնակից Իրանը կանգնած է ռազմական ներխուժման  և նրա ամբողջականության վերացման վտանգի առջև։ Չինական «Մեծ մետաքսի ճանապարհ» («Մեկ գոտի, մեկ ճանապարհ») նախաձեռնության իրանական երթուղիները հայտնվել են մշտական ապակայունացման և արգելափակման վտանգի տակ: Անդրկասպյան և Հարավկովկասյան միջանցքներն աստիճանաբար անցնում են ԱՄՆ հովանու ներքո (TRIPP): Վաշինգտոնը նաև նպաստում է Պարսից ծոցի տարածաշրջանի ապակայունացմանը՝ դրանով իսկ չեղյալ համարելով «Հյուսիս–Հարավ» տարաբնույթ առևտրատնտեսական երթուղու ներուժը և խաթարելով մերձավորարևելյան նավթի ու գազի դերը համաշխարհային էներգետիկ շուկայում։ Դրանով Վաշինգտոնը մաքրում է Ասիան Եվրոպայի հետ կապող սեփական IMEC նախագծի հարթակը։ Այս փոխդասավորության մեջ Իսրայելը պետք է դառնա առանցքային հանգույց, որը փակում է Սիրիայի, Սաուդյան Արաբիայի և Հորդանանի միջով անցնող ցամաքային երթուղիները, ինչպես նաև ծովային լոգիստիկան Կարմիր և Միջերկրական ծովերում: Այդ նպատակով իսրայելա-ամերիկյան ռազմավարական միության շրջանակներում նախապատրաստվում են «Դավթի միջանցք» ռազմաքաղաքական ծրագրի և Էյլաթի շրջանում «Բեն Գուրիոն ջրանցք» տնտեսական մեգանախագծի իրագործմանը, որը հետագայում Եգիպտական Սուեզից պետք է խլի Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի միջև միջազգային ծովային առևտրի համակարգում առանցքային տարանցիկ դերի մենաշնորհը։ Այս կապակցությամբ Սոմալիլենդի անկախության ճանաչումը կարող է դիտարկվել որպես առաջին քայլ Իսրայելի կողմից Կարմիր ծովի տարածաշրջանի ռազմաքաղաքական յուրացման ճանապարհին։ Հետագայում, հնարավոր է, հետևեն ամերիկա-իսրայելական երկյակի կողմից նոր պետության ռազմականացման, տարածաշրջանում օտարերկրյա, առաջին հերթին՝ չինական ռազմական ներկայության դուրս մղման, ինչպես նաև Կարմիր ծովի արևելյան ափին հութիական գործոնի վերջնական վերացման միջոցառումները։

  1. Մարդասիրական բաղադրիչը և Պաղեստինի հարցը

Սոմալիական իրադարձությունների համատեքստում առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում այն փաստը, որ Իսրայելի կողմից Հարգեյսայի ճանաչումը ժամանակագրական առումով համընկել է Իրանում ապակայունացման աննախադեպ ալիքի, ինչպես նաև ԱՄՆ-ի ղեկավարությամբ Գազայի կառավարման և դրա վերականգնման «Խաղաղության խորհրդի» ստեղծման ավարտական փուլի հետ: Իրանական օրակարգը, անշուշտ, ամբողջությամբ իր վրա կկենտրոնացնի իսլամական աշխարհի ուշադրությունը, մինչդեռ ԱՄՆ-ն ու Իսրայելն այս փուլում կփորձեն նվազագույնի հասցնել Պաղեստինյան գործոնը, որը հետաքրքրություն չի ներկայացնում Գազայի տարածքում «Մերձավոր Արևելքի Ռիվիերա» ձևավորելու Դ. Թրամփի և Բ. Նեթանյահուի նախագծի համատեքստում: Կարծիք կա, որ Իսրայելի կողմից Սոմալիլենդի ճանաչումը, բացի ռազմավարական շահերից, մասամբ պայմանավորված էր Գազայից պաղեստինցի բնակչության զգալի մասին նրա տարածք վերաբնակեցնելու ծրագրերով։ Վերջին երկու տարվա ընթացքում Թել Ավիվը մի շարք իսլամական երկրների հետ անհաջող բանակցություններ է վարել Գազայի բնակիչներին ընդունելու հեռանկարների շուրջ, սակայն առանց տեսանելի արդյունքների: Հավանաբար, Սոմալիլենդի ինքնահռչակ իշխանությունները՝ նախագահ Աբդիրահման Մուհամեդ Աբդուլահիի գլխավորությամբ, պատրաստակամություն են հայտնել փախստականներին ընդունել քաղաքական օրինականացման, Իսրայելի կողմից ռազմական պաշտպանության երաշխիքների և ֆինանսական խոշոր արտոնությունների դիմաց:

  1. Եզրակացություն

Ամփոփելով վերը շարադրվածը՝ կարելի է փաստել, որ ավարտվել է Աֆրիկյան եղջյուրի վրա նոր սուբյեկտի միջազգային իրավական օրինականացման առաջնային փուլը։ Տվյալ նախադեպը դե ֆակտո աշխարհաքաղաքական նոր իրողություն է ձևավորում և արմատապես փոխակերպում ուժերի տարածաշրջանային հավասարակշռությունը։

Տարածաշրջանային խոշոր դերակատարները (Թուրքիա, Եգիպտոս, Սաուդյան Արաբիա), ինչպես նաև առանցքային արտատարածաշրջանային խաղացողները (ՉԺՀ) բախվում են Կարմիր ծովի ջրային տարածքում իրենց ազդեցության գոտիների էական նեղացման պայմաններին հարմարվելու անհրաժեշտության հետ: Երուսաղեմի նախաձեռնությունն, ըստ երևույթին, ինքնավար քայլ չէ, այլ ներկայանում է որպես Ասիայում և Աֆրիկայում ԱՄՆ նորացված դոկտրինի ավանգարդ:

Միջնաժամկետ հեռանկարում Աֆրիկյան եղջյուրի գոտում Իսրայելի մրցակիցները, հավանաբար, ստիպված կլինեն սահմանափակվել քաղաքական-դիվանագիտական խուսավարման գործիքներով: Դա պայմանավորված է Վաշինգտոնի արտաքին քաղաքական ակտիվության ներկայիս գագաթնակետով, որը սահմանված «կարմիր գծերի» խախտման ցանկացած փորձ կոշտ կերպով կասեցնելու պատրաստակամություն է ցուցաբերում։ Սոմալիլենդի ռազմականացումը և ամերիկամետ անվտանգության ճարտարապետությանը նրա ինտեգրումը դառնում են կայացած փաստ, որը որոշում է տարածաշրջանի զարգացման ուղղահայացն առաջիկա տասնամյակի համար։

[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 15.01.2026 թ.: