Դոհայի միջադեպը թուրք-իսրայելական դիմակայության համատեքստում

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 19.09.2025 թ.[1]
2025 թվականի սեպտեմբերի 9-ին Դոհային Իսրայելի օդային հարվածը ևս մեկ անգամ ցույց տվեց միջազգային իրավունքի խորը ճգնաժամի առկայությունը և, մի շարք փորձագետների կարծիքով, այդ ինստիտուտի բացարձակ վատթարացումը։
Կատարն արաբական երկիր է, որն պատերազմող կողմերի միջև երկխոսության միջոցով Գազայի ճգնաժամը լուծելու համար ավելի շատ ջանքեր է գործադրել, քան տարածաշրջանի ցանկացած այլ երկիր: Հակամարտությունների կարգավորման միջազգային պրակտիկայում բանակցող միջնորդի կարգավիճակը հարանման է «սուրբ կով» հասկացությանը, և Թել Ավիվի՝ Դոհայի դեմ վերջին գործողությունը, մի երկրի, որը հարթակ ստեղծեց ՀԱՄԱՍ-ի ղեկավարության և հրեական պետության շահերը ներկայացնող ամերիկյան բանակցային թիմի միջև շփումների համար, դժվար է չդիտարկել որպես ոտնձգություն միջազգային օրենքի բոլոր հիմնարար նորմերի և քաղաքական-դիվանագիտական ավանդույթների հանդեպ։
Ինչպես հայտնի է, Դոհայում շենքի վրա կատարված հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը պետք է հավաքվեր այնտեղ՝ քննարկելու համար Գազայում հրադադարի և իսրայելցի պատանդների ազատ արձակման վերաբերյալ ԱՄՆ-ի ներկայացրած առաջարկների վերջին փաթեթը։ Իսրայելը չէր կարող չհասկանալ, որ այս ռազմագործողությունը հերթական հարվածն է միջազգային իրավունքի նորմերը պարբերաբար անտեսող հրեական պետության վարկանիշին։ Ուստի, հավանաբար, հենց Թել Ավիվն է, որ իրեն ապահովագրելու համար իրականացրել է տեղեկատվական արտահոսք Դոհայի հետ այս հարձակումը համաձայնեցնելու մասին։ Իբր թե Կատարի իշխանությունները նախապես տեղեկացված էին ու դեմ չէին իրենց տարածքում «ծայրահեղականների» ոչնչացման գործողությանը և հենց այդ պատճառով է, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգը որևէ միջոց չի ձեռնարկել օդային հարվածը հետ մղելու համար։
Այնուամենայնիվ, այս վարկածը բավականին կասկածելի է թվում, քանի որ դա որևէ կերպ չի բացատրում հուսալի միջնորդի և կողմերի միջև «արդար խաղաղության» գլխավոր շահագրգիռ կողմի սեփական վարկանիշը վարկաբեկելու Դոհայի դրդապատճառը: Իսլամական ավանդականությունը, որի կրողներից մեկը Կատարում Ալ Տանիի էմիրների իշխող դինաստիան է, լրջորեն է ընդունում այն կանխադրույթը, ըստ որի անթույլատրելի է հյուրընկալող տանը հաշվեհարդար տեսնել նեղացնողների նկատմամբ: Տվյալ դեպքում Կատարն ապաստան է տրամադրել պաղեստինցի որոշ առաջնորդների, նպաստել ԱՄՆ–Իսրայել երկյակի հետ նրանց երկխոսության հաստատմանը, և կասկածելի է թվում, որ կատարվածից հետո Դոհան Վաշինգտոնի և Թել Ավիվի հետ պայմանավորվի «իր տանիքի տակ» հյուրերի նկատմամբ փաստացի հաշվեհարդար տեսնելու մասին:
Al Jazeera-ի հաղորդագրության համաձայն` Կատարի վարչապետ Շեյխ Մուհամմեդ բեն Աբդուլռահման բեն Ջասիմ Ալ Տանին արտահայտվել է հենց այս իմաստով՝ հայտարարելով, թե «բանակցողներին սպանելու փորձը մի երկրում, որը նույնպես մասնակցում է հրադադարի շուրջ բանակցություններին, էթիկական չէ և ուխտադրուժ է»: Նա Իսրայելի գործողությունները բնութագրել է ամենակոշտ արտահայտություններով՝ հարձակումը գնահատելով որպես ոտնձգություն Կատարի ինքնիշխանության նկատմամբ և «պետական ահաբեկչության» ակտ:
Ակնհայտ է, որ Կատարի իշխանություններին նախապես չեն զգուշացրել հարձակման մասին՝ ի տարբերություն ամերիկացիների, որոնք ասում էին, թե հարվածների մասին տեղյակ են եղել միայն հրթիռների արձակումից հետո։ Սակայն փորձագիտական հանրությունը թերահավատորեն է վերաբերվում նման հավաստիացումներին։ Բանն այն է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ամենամեծ ռազմակայանը գտնվում է Կատարում։ ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության համակարգերը, ինչպես նաև Հորդանանում և Սաուդյան Արաբիայում դիտարկման և հետևելու օբյեկտները չէին կարող չպատասխանել «հանկարծակի» գրոհին, եթե ամերիկյան հրամանատարությունը նախապես տեղեկացված չլիներ իսրայելական կործանիչների գրոհների թիրախների և կոորդինատների մասին։ ԱՄՆ-ը գիտեր հարձակման մասին և, ինչպես կարծում են շատ վերլուծաբաններ, կարող էր մասնակցել դրա նախապատրաստմանը։
Այս համապատկերում տեղի ունեցածի վերաբերյալ Դոնալդ Թրամփի հակասական հայտարարությունները տարօրինակ են հնչում։ Կատարի միապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ երկրի էմիր շեյխ Տոմիմ բեն Համադ Ալ Տանիի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահը «խստորեն դատապարտել է» ոտնձգությունն էմիրության ինքնիշխանության հանդեպ և համերաշխություն հայտնել Դոհային: Այնուամենայնիվ, Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում նա որոշ չափով փոխել է կատարվածի վերաբերյալ իր դատողությունների շեշտադրումն ու տրամաբանությունը: Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտի համաձայն, նախագահն Իսրայելի վարչապետին նախազգուշացրել է ԱՄՆ հուսալի դաշնակցի` Կատարի տարածքին միակողմանի հարվածներ հասցնելուց, սակայն դրա հետ մեկտեղ կարծիք է հայտնել, որ «Գազայի բնակիչների տառապանքից օգուտ քաղած ՀԱՄԱՍ-ի վերացումն արժանի նպատակ է»: Այս մեջբերումը զարմացրեց շատ փորձագետների և քաղաքական գործիչների՝ հաշվի առնելով այն փաստը, որ հենց ամերիկացի դիվանագետներն էին Կատարի իշխանությունների հետ միասին Դոհայում ակտիվորեն աշխատում պաղեստինա-իսրայելական խնդիրը կառուցողական բանակցային ուղի դուրս բերելու համար: Դրանով իսկ Դ. Թրամփըխաչ քաշեցամերիկյան բանակցայինխմբիջանքերի վրա՝ իր դիվանագետներին դնելով չափազանց բարդ կացության մեջ։
Իրենց հերթին, Իսրայելի իշխանությունները նույնպես հակասական հայտարարություններ են արել՝ ըստ երևույթին չակնկալելով, որ հարձակումը նման բացասական հնչեղություն կառաջացնի միջազգային ասպարեզում։ Դեպքից անմիջապես հետո վարչապետ Բ. Նեթանյահուն և պաշտպանության նախարար Ի. Կացը տարածել են համատեղ հայտարարություն, որի մեջ հայտարարել են, թե Դոհայում ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը վերացնելու որոշումն իբր կայացվել է 2025 թ. սեպտեմբերի 8-ին Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով 6 մարդ է զոհվել։ Սակայն, ըստ պետական բանակային «Գալեյ ՑԱԽԱԼ» ռադիոկայանի, «Հրե գագաթնաժողով» (ըստ մեկ այլ վարկածի` «Հրո գագաթնակետ») ռազմագործողությունը նախատեսված էր ամիսներ առաջ։ Այսպես, Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակը խոստովանեց, որ Երուսաղեմում հարձակումը, ինչպես նաև նույն օրը Գազայում Իսրայելի ՑԱԽԱԼ-ի 4 զինծառայողների զոհվելը պարզապես պատրվակ էին վաղուց ծրագրված գործողությունն իրականացնելու համար։ Սա փոխում է իրավիճակը Գազայի հատվածի բանակցությունների ապագայի շուրջ՝ զգալիորեն թուլացնելով Իսրայելի դիրքերը, որը հույս ուներ այլ արդյունքի հասնել։
Մի շարք փորձագետների կարծիքով, Իսրայելը նման արմատական միջոցի է դիմել՝ ելնելով այն փաստից, որ Դոհայում հավաքվել են ՀԱՄԱՍ-ի ամենաարմատական գործիչները՝ Խալիլ ալ-Հայայի և Զահեր Ջաբարինի գլխավորությամբ, ովքեր դեմ են իսրայելցիների հետ փոխզիջումներին և չեն ցանկանում ազատել իսրայելցի պատանդներին՝ առանց Թել Ավիվի էական զիջումների։ Այս հիմքով ՀԱՄԱՍ-ի ղեկավարության մեջ նույնիսկ հասունացել է հակամարտություն, քանի որ կազմակերպության ղեկավարությունից շատ այլ առանցքային դեմքեր հակված են ընդունելու ամերիկացիների և կատարցիների միջոցով փոխանցված իսրայելական պայմանները։ Մասնավորապես, «Գազա-Սիթի» բրիգադի հրամանատար Իզ ադ-Դին ալ-Խադդամը դեմ է արտահայտվել Խալիլ ալ-Հայայի անզիջողականությանը` կարծելով, որ թուլացած ՀԱՄԱՍ-ն ստիպված է ընդունել Իսրայելի պայմանները: Դոհայի վրա իսրայելական օդուժի հարձակման նպատակն էր վերացնել ալ-Հայիին և նրա զինակիցներին, որպեսզի կազմակերպությունում դեպի ամենաբարձր պաշտոններ տանելու ճանապարհը մաքրվի ավելի զիջողական գործիչների համար, ովքեր պատրաստ էին ընդունել Թել Ավիվի առաջարկները:
Սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ իսրայելական ռազմական և հետախուզական ծառայությունների վրա դրված առաջադրանքն ամբողջությամբ չի կատարվել, մինչդեռ հարձակման արձագանքն զգալի վնաս է հասցրել Իսրայելի շահերին։ Դոհայի վրա հարձակումից ընդամենը մի քանի ժամ անց հայտնի դարձավ, որ ՀԱՄԱՍ-ի ղեկավարության արմատականների թվից առանցքային դեմքերը ողջ են մնացել։ Այս կազմակերպության տեղեկատվական ծառայությունը հայտարարել է, որ հարձակման հետևանքով զոհվել է ընդհանուր առմամբ 6 մարդ, այդ թվում՝ Խալիլ ալ-Հայայի որդին՝ Համամ Խալիլը և նրա գրասենյակի ղեկավար Ջիհադ Լաբեդը։ Սա նշանակում է, որ բանակցությունների միջոցով պատանդներին փրկելու Թել Ավիվի հնարավորությունները զգալիորեն նվազել են։ Դժվար թե սրանից հետո ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը, որն առանց այդ էլ չի վստահում Իսրայելին, մեղմի իր դիրքորոշումը կամ նույնիսկ շարունակի անուղղակի շփումը Թել Ավիվի հետ։ Փորձագետների կարծիքով, պետք է ակնկալել, որ Դոհան ինքն առնվազն մի քանի ամսով կսահմանափակի իր միջնորդական գործունեությունը, ինչն էլ ավելի կսրի իրավիճակը բանակցային օրակարգի շուրջ։
Իսրայելում արդեն զգուշավոր քննարկումներ են ընթանում այն մասին, թե, արդյոք, պե՞տք է ձախողված համարել հարձակումը Կատարի մայրաքաղաքում։ Երկրի պաշտոնյաները փորձում են փարատել նման տրամադրությունները, սակայն նրանց փաստարկները հետզհետե ավելի կասկածելի են դառնում: Օրինակ, ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Յեխիել Լեյթերը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե Իսրայելը հուսով է, որ Դոհային հասցված հարվածները կնպաստեն Գազայի հատվածում հրադադարի դադարեցմանը և խաղաղության հաստատմանը։ ՀԱՄԱՍ-ի հայտարարությունների համապատկերում, այն մասին, թե` Իսրայելը ևս մեկ անգամ ցույց տվեց իր նենգությունն ու բանակցելու անկարողությունը, ուստի, հետևաբար, պետք է խոսել միայն ուժի լեզվով, դեսպանի խոսքերը լավատեսություն չեն ներշնչում: Նույն հարցազրույցում դեսպան Լեյթերը փորձել է հերքել Իսրայելի ձախողումը, ընդգծելով, որ Դոհային հասցված հարվածը նախազգուշացում էր, հավելելով, որ եթե Իսրայելն «այս անգամ չհասավ ՀԱՄԱՍ-ի վերնախավին, ապա հաջորդ անգամ կհասնի»:
Ակնհայտ է, որ Գազայի դիմադրության արմատական առաջնորդներին վերացնելու վերջին գործողությունը, եթե ոչ լիակատար ձախողում էր, ապա լրջորեն ազդեց Թել Ավիվի ծրագրերի վրա։ Փաստն այն է, որ Իսրայելը բախվում է Գազայի դիմադրության առանցքային անդամներին հետախուզելու և վերացնելու հրեական պետության ծրագրերին Թուրքիայի միջամտության խնդրին: Այսպիսով, ըստ The Wall Street Journal-ի և Turkiye թերթի տեղեկությունների, հենց թուրքական հետախուզությունն է խափանել պաղեստինյան կազմակերպության ղեկավարներին ոչնչացնելու Իսրայելի գործողությունը։ Այս տեղեկությունների համաձայն՝ Դոհայի վրա հարձակումից մի քանի շաբաթ առաջ թուրքական MIT հետախուզությունը Եգիպտոսի հատուկ ծառայությունների հետ մեկտեղ պաղեստինցիներին տեղեկացրել է ծրագրված ռազմագործողության մասին։ Թուրքական կողմը նաև պարբերաբար պաղեստինցիներին և, հավանաբար, Կատարի իշխանություններին է տրամադրել իր ռադարների տվյալները Մերձավոր Արևելքի օդային տարածքում իսրայելական մարտական ինքնաթիռների տեղաշարժի մասին, ինչն, ի վերջո, հնարավորություն է տվել արագ միջոցներ ձեռնարկել Դոհայում ՀԱՄԱՍ-ի պատվիրակության անվտանգությունն ապահովելու համար։ Սա շատ լուրջ ազդանշան է Իսրայելին, որ Թուրքիայի հետ ռազմաքաղաքական մրցակցությունը նոր հարթություն է մտել, և Անկարան, ի պատասխան սիրիական ուղղությամբ «թշնամական» Թել Ավիվի գործողությունների, արդեն իսկ ավելի գործուն քայլեր է անում Իսրայելի համար ցավոտ պաղեստինյան հարցում։
Թուրքիան մշտապես որոշակի ազդեցություն է ունեցել ՀԱՄԱՍ-ի և, ընդհանուր առմամբ, Պաղեստինի դիմադրության վրա, սակայն մինչ վերջերս նա ստիպված էր մի շարք նշանակալից արաբական երկրների և Իրանի հետ կիսել այն: Սակայն Թել Ավիվի հետ հարաբերությունների պատճառով Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) պառակտումից, ինչպես նաև Սիրիայում և Լիբանանում Իրանի դիրքերի կորստից հետո թուրքական ազդեցությունն սկսեց արագորեն աճել: ՀԱՄԱՍ-ն արտաքին հովանավորության խիստ պակաս էր զգում, և նրա նկատմամբ խնամակալությունն ուժեղացնելու հնարավորությունը լիովին համապատասխանում էր Անկարայի մտադրություններին՝ լրացուցիչ ռազմաքաղաքական տեղ զբաղեցնելու տարածաշրջանում հրեական պետության հարաճուն գերիշխանությունը զսպելու համար: Մինչ վերջերս ՀԱՄԱՍ-ը հիմնականում ֆինանսավորվում էր Թուրքիայի միջոցով: Այս կազմակերպության և իսլամական աշխարհից նրա գործընկերների միջև հաղորդակցությունը կազմակերպվել է թուրքական տարածքում, և դիմադրության անցանկալի շատ ներկայացուցիչներ ապաստան են գտել Թուրքիայում: Ի հաստատումն ասվածի, ըստ ամերիկյան Axios տեղեկատվական պարբերականի, ՀԱՄԱՍ-ի որոշ առաջնորդներ Գազայի վերաբերյալ ամերիկյան առաջարկները քննարկելու համար Կատար են ժամանել Թուրքիայից։ Այս ամենը վկայում է Անկարայի ցանկության մասին՝ «պաղեստինյան դիմադրությունը» վերածել իր արտաքին քաղաքական ակտիվի և այն օգտագործել Իսրայելի և, նրա միջոցով, ԱՄՆ-ի վրա ճնշումը մեծացնելու համար։
Նման միտումներ վերջին տարիներս պարբերաբար նկատվում են ողջ Մերձավոր Արևելքում, սակայն Կատարում նախատեսված ռազմագործողության ծրագրերին թուրքական հատուկ ծառայությունների միջամտության մասին տեղեկատվության արտահոսքը ցույց է տալիս, որ թուրք-իսրայելական առճակատումը նոր մակարդակի է հասնում և նոր չափումներ է ստանում։ Թուրքիան առաջին անգամ լրջորեն մարտահրավեր է նետում Իսրայելին ոչ թե Ռ. Թ. Էրդողանի կոշտ հռետորաբանության ձևաչափով, այլ գործնական քայլերով, որոնք խափանել են թշնամական ուժերի առաջնորդներին ողջ տարածաշրջանում վերացնելու նախկինում հաջողված ռազմավարությունը։ Սա գուցե ամենանշանակալիցը չէ, սակայն Անկարայի համար, այնուամենայնիվ, շոշափելի հաջողություն է։
Միաժամանակ, Թուրքիայում աճում է անհանգստությունը Բ. Նեթանյահուի աջ արմատական կառավարության հետագա գործողությունների առնչությամբ, որն, ինչպես ցույց տվեցին վերջին տարիների իրադարձությունները, ընդունակ է հանդուգն և անսպասելի քայլերի։ Թուրքիայում` MIT-ի թևի տակ ՀԱՄԱՍ-ի անդամների կենտրոնացումը և թուրքական իշխանությունների հետ նրանց արդեն իսկ ապացուցված արդյունավետ փոխգործակցությունը կարող են Իսրայելին առիթ տալ ԱՄՆ-ից քարտ-բլանշ պահանջելու Անկարայի դեմ ավելի վճռական գործողությունների համար: Փորձագետների կարծիքով, Իսրայելը Թուրքիայի նկատմամբ նման նախաձեռնության լայն հնարավորություններ ունի, և դա չի նշանակում անպայման ռազմական հարձակում Թուրքիայում ՀԱՄԱՍ-ի անդամների վրա, ինչպես արդեն դա տեղի է ունեցել Թեհրանում և Դոհայում։
Ամեն դեպքում, տարածաշրջանում Թել Ավիվի և Անկարայի մրցակցությունն ակնհայտորեն անցնում է կոշտ դիմակայության փուլ տարածաշրջանային աշխարհաքաղաքական օրակարգի բոլոր ոլորտներում։
[1] Մեկնաբանության բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքում 14.09.2025-ին: