Արևմուտք, Մերձավոր Արևելք, Սահմանակից երկրներ

ԱՄՆ-ի դիրքորուշումը թուրք-սիրիական և թուրք-իսրայելական հակասությունների նկատմամբ

Արեստակես Ս. Սիմավորյան(1)(2)

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները ներկայումս ապրում են երկկողմ համագործակցության պատմության մեջ ամենաանկայուն շրջաններից մեկը։ Երկու երկրները, որոնք ռազմավարական դաշնակիցներ են, այժմ ավելի ու ավելի հակասական են գործում միմյանց հանդեպ՝ թե՛ տարածաշրջանային, թե՛ համաշխարհային քաղաքականության մեջ։ Շահերի առկա անհավասարակշռությունը, իրար հանդեպ աճող անվստահությունը և Անկարայի աշխարհաքաղաքական նկրտումները՝ վերափոխել են նրանց գործընկերությունը անկայուն և «կոնֆլիկտային» ձևաչափի։ Հարցը ոչ այնքան առանձին ​​ճգնաժամերի, որքան երկկողմ հարաբերությունների ճարտարապետության փոփոխության մեջ է։

ԱՄՆ-ն ավելի ու ավելի է Թուրքիային դիտարկում որպես «խնդրահարույց դաշնակից», մինչդեռ Անկարան ձգտում է ռազմավարական ինքնավարության և տարածաշրջանային առաջնորդի դերի։ Այս համատեքստում՝ հոդվածում կանդրադառնանք Թրամփի առաջին նախագահության տարիներին երկկողմ հարաբերություններում ի հայտ եկած հակասություններին, Սիրիայի հարցում Թուրքիայի ներգրավվածության և ներկայիս Իսրայել–Թուրքիա հարաբերությունների մասով ԱՄՆ-ի իշխանության դիրքորոշումներին։

Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետի (2017–2021) տարիները յուրահատուկ էին ԱՄՆ–Թուրքիա հարաբերությունների համար։ Թրամփի օրոք իրադրությունն այն աստիճանի էր սրվել, որ փորձագիտական հանրությունը բարձրաձայնում էր հարաբերություններում առկա «համակարգային ճգնաժամի» մասին։ Ավելին՝ այլ մեկնաբանությամբ թուրք-ամերիկյան հարաբերությունները «ռազմավարական գործընկերությունից փոխակերպվել են ռազմավարական թշնամության»(3)։

Ռազմավարական գործընկերությունից ռազմավարական թշնամության անցումը տարածաշրջանային և համաշխարհային քաղաքականությունում տեղի ունեցող խորը փոփոխությունների արդյունք է։ Անկարային այլևս չի բավարարում կրտսեր գործընկերոջ դերը, և նա կառուցում է իր սեփական շահերի համակարգը, ինչի հետևանքով վերջինս՝ ԱՄՆ-ի համար անկանխատեսելի դաշնակից է համարվում։ Իսկ դա նշանակում է, որ երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները ձևավորել են առճակատման մի մոդել, որը, չի բացառվում, ապագայում ևս բացասաբար ազդի նրանց հարաբերությունների ճարտարապետության վրա, ինչի հետևանքով որոշ ոլորտներում համագործակցությունը կարող է լինել սահմանափակ։

Գալով Դոնալդ Թրամփի առաջին նախագահության տարիներին Անկարայի հետ ունեցած հակասություններին՝ հարկ է նկատել, որ դրանցից մի քանիսը որպես ժառանգություն մնացել էին Օբամայի իշխանության տարիներից (Սիրիայի ապագայի և Սիրիայի քրդերի հետ կապված հարցերը և այլն)։ Ընդհանուր առմամբ, երկու դաշնակիցների միջև եղել են սպառնալիքների(4), պատժամիջոցների(5) և ընդմիջումներով էմբարգոյի ժամանակաշրջաններ(6)։ Կարելի է առանձնացնել դրանցից մի քանիսը։

2016 թ. նոյեմբերին Իզմիրում թուրքական ոստիկանությունը ձերբակալեց բողոքական քահանա Էնդրյու Բրանսոնին և նրա տիկնոջը՝ մեղադրելով Ֆեթուլլահ Գյուլենի հետ համագործակցելու մեջ, ինչպես նաև Քրդական բանվորական կուսակցությանը (ՔԲԿ) աջակից լինելու։ Բրանսոնի շուրջ ստեղծված իրավիճակը դարձավ ոչ միայն քաղաքական, այլև՝ տնտեսական խնդիր երկու պետությունների միջև։ Մի կողմից ԱՄՆ-ը անհատական պատժամիջոցների ենթարկեց թուրք նախարարների, մյուս կողմից՝ ավելացրեց Թուրքիայից ներմուծվող պողպատի (50%-ով) և ալյումինի (20%-ով) մաքսատուրքերը: Վաշինգտոնի պատժամիջոցների հետևանքով թուրքական լիրան արժեզրկվեց 20%-ով՝ հասնելով դոլարի նկատմամբ պատմության մեջ ամենացածր ցուցանիշին(7):

Էրդողանը փորձեց դիմել «գործարքային դիվանագիտության», մասնավորապես․ առաջարկեց ԱՄՆ-ին իր ոխերիմ թշնամի Գյուլենի՝ արտահանձնման դիմաց ազատել հոգևորական Բրանսոնին, սակայն բացասական պատասխան ստացավ։ 2018 թ․ Բրանսոնը ազատվեց և մեկնեց ԱՄՆ, որից հետո երկկողմ պատժամիջոցները չեղարկվեցին, սակայն լարվածությունը այդպիսով չմեղմացավ։

Բրանսոնի հետ կապված ճգնաժամային այս շրջանում Թուրքիա–ԱՄՆ հարաբերությունների վրա ազդեց նաև 2017 թ. Նյու Յորքում «Հալքբանկ»-ի (Halkbank) գլխավոր տնօրենի տեղակալ Մեհմեթ Հաքան Աթիլլայի ձերբակալությունը, որին մեղադրում էին Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները խախտելու մեջ: Այս քրեական գործը կապված էր 2016 թ. ԱՄՆ-ում ձերբակալված իրանցի գործարար Ռեզա Սարրաֆի հետ, որը մեղադրվում էր ֆինանսական մեքենայությունների մեջ։ Ճիշտ է, 2019 թ․ Մ. Հ. Աթիլլան ազատ արձակվեց, բայց այդ փաստը բավարար չէր փոխադարձ լարվածությունը թոթափելու համար։

Իրավիճակը մնում էր լարված նաև ռազմաքաղաքական ասպարեզում։ ԱՄՆ-ի համար ամենացավոտ կետը՝ Անկարայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի գնումն էր, որին ի պատասխան Վաշինգտոնը կասեցրեց F-35 5-րդ սերնդի կործանիչների միջազգային արտադրության ծրագրին Թուրքիայի մասնակցությունը: Շատ ավելի սուր տարաձայնություններ ի հայտ եկան, երբ 2019 թ. հոկտեմբերի 9-ին թուրքական զինուժը՝ Սիրիայի հյուսիսում սկսեց «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը, որն ուղղված էր ԱՄՆ-ի կողմից աջակցվող «Քրդական ինքնապաշտպանական ազգային ջոկատների» (YPG) և «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) զինված խմբավորման դեմ։ Այս գործողությունները ևս անհետևանք չմնացին Անկարայի համար։ Վաշինգտոնը կրկին պատժամիջոցներ սահմանեց, այս անգամ Թուրքիայի ներքին գործերի, պաշտպանության և էներգետիկայի նախարարների նկատմամբ։

Վերը հիշատակած խնդիրները ակնհայտորեն խարխլեցին նրանց՝ մինչ այդ համեմատաբար ամուր համարվող դաշնակցային հարաբերությունները, իսկ անվստահության մթնոլորտը պահպանվեց նաև Բայդենի օրոք։

Թուրքիան և Իսրայելը, որոնք երկուսն էլ ԱՄՆ-ի հիմնական գործընկերներն են, Բ. Ասադի հեռանալուց հետո, ռազմավարական մրցակցության մեջ մտան Սիրիայի ապագայի շուրջ։

Թուրքիայի ուղիղ աջակցությունը մի շարք երկրների կողմից ահաբեկչական համարվող Հայաթ Թահրիր ալ-Շամին և Սիրիայում թուրքական ռազմական ենթակառուցվածքներ ստեղծելու ծրագրերը՝ Իսրայելի կողմից դիտարկվեցին որպես իրեն ուղղված սպառնալիք։ Վերջինիս ռազմաքաղաքական վերնախավը գտնում է, որ Դամասկոսում Թուրքիայի կողմից աջակցվող իսլամիստական​​ կառավարությունը կարող է սպառնալ իր անվտանգությանը, մասնավորապես՝ Գոլանի բարձունքների երկայնքով:

Իսրայելը դիմեց վճռական քայլերի՝ ավիահարվածներ հասցնելով սիրիական ռազմական թիրախներին, այդ թվում՝ այն վայրերին, որտեղ Անկարան ձգտում էր ստեղծել թուրքական ռազմաբազաներ և այն ավիաբազաներին (խոսքը վերաբերում է Պալմիրայի շրջանում տեղակայված Համայի և Թիյասի ավիաբազաներին), որոնք Թուրքիան պատրաստվում էր իր վերահսկողության տակ վերցնել։ Այդ քայլով Իսրայելը հասկացնել տվեց, որ զսպելու է Անկարայի ախորժակը և կանխելու է առաջադեմ զենքի փոխանցումը ցանկացած ուժի, որն Իսրայելի համար սահմանվել է որպես թշնամական: Իսրայելի՝ Սիրիայում և Գազայում իրականացվող գործողությունների վերաբերյալ Էրդողանի հրապարակային քննադատությունը, ինչպես և ՀԱՄԱՍ-ին աջակցելը, բացասական իմաստով էլ ավելի վատթարացրեցին Անկարա–Թել Ավիվ հարաբերությունները։

Երկրորդ անգամ վերընտրված Թրամփը և նրա վարչակազմն առաջնահերթ համարեցին թուլացնել այս լարվածությունը՝ ձգտելով այդ կերպ կանխել թուրք-իսրայելական, մեղմ ասած, տարաձայնությունները, որպեսզի այն չվերածվի ռազմական հակամարտության։ 2025 թ․ ապրիլին ԱՄՆ-ի միջնորդությամբ Անկարայի և Թել-Ավիվի միջև տեղի ունեցան բանակցություններ, որոնք կազմակերպվել էին Ադրբեջանի կողմից՝ Սիրիայում հակամարտության կարգավորման մեխանիզմներ ստեղծելու համար: Այս բանակցությունների նպատակն է «սահմանազատել ազդեցության ոլորտները և կանխել տարածաշրջանն անկայունացնող սխալ հաշվարկները»:

Բանակցություններում իսրայելական կողմը հստակ հասկացնել տվեց Անկարային, որ Սիրիայում օտար ուժերի տեղակայման ցանկացած փոփոխություն, մասնավորապես՝ Պալմիրայի տարածքում թուրքական բազաների ստեղծումը, «կարմիր գիծ է իր համար և կհամարվի բեկումնային կետ»։ Ի տարբերություն դրա՝ թուրքական կողմը հայտարարեց, որ իրենց ներկայությունը Սիրիայում ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ, որ իրենք Սիրիայում են պաշտոնական Դամասկոսի խնդրանքով, որպեսզի ավելացնեն Սիրիայի ռազմական, պաշտպանական կարողությունները։ Չնայած դիրքորոշումների ակնհայտ տարբերություններին, կողմերը գտնում են, որ Սիրիայի հարցում մեխանիզմներ հաստատելու համար կշարունակեն ջանքեր գործադրել(8)։

Ինչևէ, ԱՄՆ-ի համար և՛ Թուրքիան, և՛ Իսրայելը մնում են ռազմավարական գործընկերներ՝ տարբեր գործառույթներով և առաջնահերթություններով։ Եթե Իսրայելը Մերձավոր Արևելքում համարվում է անվտանգության և հետախուզության ոլորտում կարևոր դաշնակից, որի հետ երկկողմ հարաբերությունները հիմնված են քաղաքական և ռազմական օգնության վրա, ապա Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր անդամ է, ունի հարմար աշխարհագրական դիրք Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի միջև և վերահսկում է կարևոր տրանսպորտային ու էներգետիկ երթուղիները։ Հետևաբար, Վաշինգտոնը վաղուց ձգտում է հավասարակշռություն պահպանելու երկու երկրների հետ հարաբերություններում՝ խուսափելով մեկ կողմին բացահայտ աջակցությունից՝ ի վնաս մյուսի։ Այնուամենայնիվ, գործնականում այս հավասարակշռությունը պահպանելը գնալով դժվարանում է, ինչը պայմանավորված է ոչ միայն Սիրիայի հարցով։ Թուրքիայի աջակցությունը հատկապես պաղեստինյան ռազմական խմբավորումներին, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ին (Թուրքիան աջակցում է ՀԱՄԱՍ-ին՝ որպես «լեգիտիմ դերակատարի»), զայրույթ է առաջացնում ոչ միայն ԱՄՆ-ի կոնգրեսականների, այլև՝ ամերիկյան հրեական լոբբիի շրջանակներում։ Այնպես որ, Անկարայի՝ ՀԱՄԱՍ-ի հետ կապված դիրքորոշումը թուլացնում է վերջինիս դիրքերը ԱՄՆ–Թուրքիա–Իսրայել «ռազմավարական եռանկյունում»։

Ամեն դեպքում, երբ գործը հասնում է թուրք-իսրայելական հարաբերություններում առաջացած ճգնաժամերին, ԱՄՆ-ը վարում է պարզապես գերտերությանը հատուկ պրագմատիկ և ճկուն արտաքին քաղաքականություն, որը կենտրոնացված է ռազմավարական հավասարակշռության պահպանման վրա։ Որքանով կհաջողվի ԱՄՆ-ին միջնորդական ջանքերի միջոցով պահպանել այս հավասարակշռությունը՝ կախված կլինի Թուրքիա–Իսրայել հարաբերությունների ընթացքից։

ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հաճախակի «անհանգիստ» համագործակցությունը Մերձավոր Արևելքի քաղաքականության հարցերում ամբողջովին խզվեց սիրիական պատերազմի և քրդական հարցի վերաբերյալ տարբեր դիրքորոշումների պատճառով: Թուրքիա–ԱՄՆ հակասություններն ի հայտ եկան Սիրիայում տեղի ունեցող ռազմական հակամարտության և այդ երկրի ապագայի հարցի շուրջ, ընդ որում, այդ հակասությունները տարբեր շեշտադրումներով դրսևորվեցին թե՛ Բ. Օբամայի, թե Ջ. Բայդենի, և թե՛ Դ. Թրամփի նախագահության առաջին ու երկրորդ ժամկետներում։

Նախ նշենք, որ երեք նախագահներն էլ սիրիական հակամարտության սկսվելուց ի վեր «Իսլամական պետության» դեմ պայքարում՝ որպես հիմնական ցամաքային ուժ, աջակցել են Քրդական ժողովրդական պաշտպանության ջոկատներին (YPG) և Սիրիայի դեմոկրատական ուժերին (SDF)։ Հակամարտության ողջ ընթացքում ԱՄՆ-ի կողմից քրդերին ցուցաբերվող այդ աջակցությունը թուրքական ղեկավարության կողմից դիտվեց՝ որպես իրենց «ազգային անվտանգությանը և ինքնիշխանության ուղղված սպառնալիք»։ Ճիշտ է, Վաշինգտոնը փորձեց հավասարակշռել իր հարաբերությունները Թուրքիայի հետ դիվանագիտական​​​​ բանակցությունների միջոցով և որոշ տարածքներում համատեղ իրականացված պարեկություններով, սակայն այդ ջանքերը սահմանափակ հաջողություն ունեցան։

ԱՄՆ-ի զորքերի Սիրիայի հյուսիս-արևելքից դուրս բերելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի 2019 թ․ հոկտեմբերի 6-ին ընդունած որոշումը իսկական քաոսի մեջ գցեց պատերազմից տուժած երկրի նախկինում կայունացված այս հատվածը: Թրամփի հապճեպ որոշումը ճանապարհ հարթեց Սիրիային երկար ժամանակ սպառնացող թուրքական ներխուժման համար: Թուրքիան, որը հետևողականորեն ձգտում էր կանխել քրդական ինքնավարության ստեղծումը իր հարավային սահմանի երկայնքով, ելնելով «քրդական սինդրոմից»՝ անվտանգության ապահովման քողի տակ իրականացրեց ռազմական գործողություն՝ օկուպացնելով և վերահսկողություն հաստատելով ինքնիշխան Սիրիայի հյուսիսի զգալի հատվածի նկատմամբ։

Ինչպես կանխատեսում էին ԱՄՆ-ի կառավարության փորձագետներն ու մասնագետները, ներխուժումը ուղեկցվեց բռնություններով, տեղահանվեցին հարյուր հազարավոր մարդիկ և ՍԴՈՒ-ն ստիպված գործարք կնքեց Ասադի և նրա ռուս աջակիցների հետ(9):

Ամեն դեպքում, Թրամփի՝ հանկարծակի հայտարարված, ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը Սիրիայից արտաքին քաղաքականության հարցում իրագործված ամենահակասական քայլերից էր, ինչը մեկնաբանվում էր որպես ռազմավարական առումով անհեռանկարային, իսկ մարդկային առումով՝ անբարոյական որոշում։ Ավելին՝ որոշումը կոշտ քննադատության արժանացավ ԱՄՆ-ի ներսում (այդ թվում՝ հանրապետականների կողմից) և այդ քայլը համարվեց դավաճանություն քուրդ դաշնակիցների նկատմամբ։

Քննադատների կարծիքով՝ դուրսբերումը «կանաչ լույս» էր թուրքական ներխուժման համար և անբացատրելի զիջում Էրդողանին, ինչպես նաև նախագահ Թրամփի՝ ամերիկյան զորքերը «տուն բերելու» նախընտրական խոստումը կատարելու էժանագին միջոց: Դրան ի պատասխան՝ Սպիտակ տունը և վարչակազմի բարձրաստիճան ղեկավարները պնդեցին, որ․ «Թուրքական ներխուժումն անխուսափելի էր, և որ Թրամփի որոշումը միակ միջոցն էր՝ թույլ չտալու, որ նրանք հայտնվեն ներխուժող թուրքերի և ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդերի միջև ընթացող փոխհրաձգության արանքում»(10):

Երկրորդ անգամ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց երեք ամիս անց՝ 2025 թ․ ապրիլին, Դ. Թրամփը կրկին հայտարարեց Սիրիայում գտնվող ԱՄՆ-ի ԶՈՒ-ի 1000 զինվորականի՝ առաջիկա ամիսներին դուրս բերելու մասին, ինչը կրկին մտահոգությունների առիթ տվեց Ամերիկայի փորձագիտական հանրության շրջանում(11)։ Հաշվի առնելով, որ Սիրիայում տեղակայված է մոտ 2000 զինվորական, հետևաբար խոսքը ԱՄՆ-ի զորքերի ամբողջական դուրսբերման մասին չէ։ ԱՄՆ-ն դեռ շարունակում է հանձնառու մնալ Արևելյան Սիրիայում իր ներկայությունը պահպանելու հարցում՝ թե՛ ԴԱԵՇ-ի մնացորդներին զսպելու, թե՛ իրանական ազդեցությանն հակազդելու համար: SDF/YPG-ի հետ դաշինքի շարունակությունը ծառայելու է, առաջին հերթին, հենց այս նպատակներին, բայց մյուս կողմից այս աջակցությունը կարող է անհանգստացնել Անկարային, որը դեռ մտավախություն ունի, թե իր սահմանի երկայնքով հնարավոր է ինքնավար քրդական շրջանի ստեղծում։ Հակառակ պարագայում, եթե ԱՄՆ-ն ամբողջապես դուրս բերի իր զորքերը, Թուրքիան կարող է օգտվել ստեղծված իրավիճակից և ընդլայնել իր վերահսկողության գոտին Սիրիայի քրդաբնակ շրջանների հաշվին, ինչի արդյունքում կարող է տեղահանումների նոր ալիք սկսվել՝ առաջացնելով նաև հումանիտար նոր ճգնաժամ։ Դա կարող է ավելի սրել հարաբերությունները Թուրքիայի և քրդերին աջակցող ԱՄՆ–Իսրայել տանդեմի միջև։ Այնպես որ, թուրքական ևս մեկ ներխուժում Սիրիայի տարածք կարող է խաթարել այս պահին եղած փխրուն վստահությունը, հատկապես, եթե այն ուղղակիորեն թիրախավորի ԱՄՆ-ի կողմից աջակցվող ուժերին։

Ինչևէ, Բ. Ասադի հեռանալուց հետո էլ ԱՄՆ-ը և Թուրքիան Սիրիայի հարցում մնում են խաղի մեջ, ինչպես նաև՝ Իսրայելը։ Ինչ վերաբերում է Սիրիայում թուրք-ամերիկյան ներգրավվածության ապագային, ապա այն կախված կլինի նրանց քաղաքական կամքից․ կա՛մ ռազմավարական բարձր մակարդակի երկխոսությամբ կփորձեն հարթել առաջնահերթ հարցերում ունեցած իրենց հակասությունները, թեկուզ գրանցելով աստիճանական առաջընթաց, կա՛մ Սիրիայում կիրականացնեն միմյանցից անկախ ռազմավարություններ՝ պահպանելով բավականին սահմանափակ շփումների մակարդակ։

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

  1. Эрол С․ М․ Турецко-американские отношения: от стратегического партнерства к стратегичеcкой вражде. ANKASAM (30.07.2018), https://surl.gd/gcgeot
  2. Simavoryan, A. (2020). The Controversy of Ankara-Washington under Trump. https://orbeli.am/en/post/483/2020-06-29/The+Controversy+of+AnkaraWashington+under+Trump
  3. Read Trump’s Letter to President Erdogan of Turkey. New York Times (16.10.2019), https://www.nytimes.com/interactive/2019/10/16/us/politics/trump-letter-turkey.html
  4. Treasury Sanctions Turkish Officials with Leading Roles in Unjust Detention of U.S. Pastor Andrew Brunson․ (01.08.2018), https://home.treasury.gov/news/press-releases/sm453
  5. Valerie Insinna, Joe Gould & Aaron Mehta․ Congress has secretly blocked US arms sales to Turkey for nearly two years․ (12.08.2020), https://www.defensenews.com/breaking-news/2020/08/12/congress-has-secretly-blocked-us-arms-sales-to-turkey-for-nearly-two-years/
  6. ‘Both countries are close friends’: Azerbaijan hosts first high-level meeting to calm Israel-Turkey tensions in Syria․ (10.04.2025), https://allisrael.com/both-countries-are-close-friends-azerbaijan-hosts-first-high-level-meeting-to-calm-israel-turkey-tensions-in-syria
  7. Max Hoffman. Trump’s Syria Shambles. (24.11.2019), https://www.americanprogress.org/article/trumps-syria-shambles/
  8. Katie Bo Williams․ The US Might Have Warded Off Turkey’s Syria Invasion, Says DOD’s Outgoing Mideast Policy Chief․ (04.11.2019), https://www.defenseone.com/threats/2019/11/us-might-have-warded-turkeys-syria-invasion-says-dods-outgoing-mideast-policy-chief/161064/
  9. United States to Withdraw 1,000 Troops from Syria in Coming Months․ (21.04.2025), https://www.fdd.org/analysis/2025/04/21/united-states-to-withdraw-1000-troops-from-syria-in-coming-months/

(1) Արևելագետ, թուրքագետ: 2008–2019 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում՝ որպես Հայագիտական կենտրոնի ղեկավար, 2014-2021 թթ.-ին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի գիտաշխատող։ 2019–2021 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վերլուծական ծառայության» բաժնում՝ որպես ավագ փորձագետ։ 2021–2022 թթ. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի «Գիտահետազոտական աշխատանքների և միջազգային կապերի բաժնի» գլխավոր արխիվագետ։ 100-ից ավելի գիտավերլուծական հոդվածների և 12 կոլեկտիվ մենագրության հեղինակ է։

(2) Հոդվածը խմբագրություն է հանձնվել 26.04.2025 թ.։

(3) Մանրամասն տես, Мехмет Сейфеттин Эрол, Турецко-американские отношения: от стратегического партнерства к стратегичеcкой вражде. ANKASAM. (30.07.2018), https://surl.gd/gcgeot (բեռնման օրը՝ 19.04.2025) և Simavoryan, A. (2020). The Controversy of Ankara-Washington under Trump. https://orbeli.am/en/post/483/2020-06-29/The+Controversy+of+Ankara-Washington+under+Trump (բեռնման օրը՝ 19.04.2025)։

(4) Read Trump’s Letter to President Erdogan of Turkey. New York Times. (16.10.19), https://www.nytimes.com/interactive/2019/10/16/us/politics/trump-letter-turkey.html (բեռնման օրը՝ 19.04.2025).

(5) Treasury Sanctions Turkish Officials with Leading Roles in Unjust Detention of U.S. Pastor Andrew Brunson․ (01.08.18). https://home.treasury.gov/news/press-releases/sm453 (բեռնման օրը՝ 19․04․25).

(6) Valerie Insinna, Joe Gould & Aaron Mehta․ Congress has secretly blocked US arms sales to Turkey for nearly two years․ (12.08.2020), https://www.defensenews.com/breaking-news/2020/08/12/congress-has-secretly-blocked-us-arms-sales-to-turkey-for-nearly-two-years/ (բեռնման օրը՝ 19․04․25).

(7) Simavoryan, A. (2020). The Controversy of Ankara–Washington under Trump. https://orbeli.am/en/post/483/2020-0629/The+Controversy+of+Ankara-Washington+under+Trump (բեռնման օրը՝ 19.04.2025).

(8) ‘Both countries are close friends’: Azerbaijan hosts first high-level meeting to calm Israel-Turkey tensions in Syria․ (10.04.2025), https://allisrael.com/both-countries-are-close-friends-azerbaijan-hosts-first-high-level-meeting-to-calm-israel-turkey-tensions-in-syria (բեռնման օրը՝ 19.04.2025).

(9) Max Hoffman. Trump’s Syria Shambles. (24.11.19), https://www.americanprogress.org/article/trumps-syria-shambles/ (բեռնման օրը՝ 19.04.2025).

(10) Katie Bo Williams․ The US Might Have Warded Off Turkey’s Syria Invasion, Says DOD’s Outgoing Mideast Policy Chief․ (04.11.2019), https://www.defenseone.com/threats/2019/11/us-might-have-warded-turkeys-syria-invasion-says-dods-outgoing-mideast-policy-chief/161064/ (բեռնման օրը՝ 19.04.2025).

(11) Մանրամասն տես, United States to Withdraw 1,000 Troops from Syria in Coming Months․ (21.04.2025), https://www.fdd.org/analysis/2025/04/21/united-states-to-withdraw-1000-troops-from-syria-in-coming-months/ (բեռնման օրը՝ 24.04.2025):