Թուրքիայի միջուկային սպառազինության հավակնությունների հարցի շուրջ

Հենվելով աշխարհագրական/ռազմավարական դիրքի և զարգացող ռազմական կարողությունների վրա՝ Թուրքիան ձգտում է դիրքավորվել որպես իսլամական աշխարհի առաջնորդ։ Նախագահ Ռ. Թ. Էրդողանի օրոք այդ երկիրը վարում է ինքնավստահ արտաքին քաղաքականություն՝ ներգրավվելով տարածաշրջանային հակամարտությունների մեջ, ամրապնդելով կապերը մահմեդական մեծամասնություն ունեցող երկրների հետ՝ այդ թվում օգտագործելով նաև կրոնական դիվանագիտությունը։ Իր բազմակողմանի և բազմաշերտ արտաքին քաղաքականության շրջանակներում Անկարան հետաքրքրություն է ցուցաբերում նաև միջուկային տեխնոլոգիաների նկատմամբ՝ առաջացնելով կասկածներ կամ ենթադրություններ միջուկային զենքի հետ կապված նրա երկարաժամկետ հավակնությունների վերաբերյալ:
Հիշյալ թեզը հիմնավորող ուղիղ ապացույցների բացակայության պարագայում կարող ենք, այնուամենայնիվ, արձանագրել որոշ սիմպտոմատիկ նշաններ, որոնք կասկած են հարուցում թուրքական քաղաքական-պետական վերնախավի մոտ միջուկային հավակնությունների առկայության վերաբերյալ: Դրանք են՝
- Բալիստիկ հրթիռների մշակումը. Թուրքիան ներդրումներ է կատարում «ավելորդ» հեռահարություն ունեցող հրթիռների ստեղծման տեխնոլոգիայի մեջ, որը կարևոր բաղադրիչ է միջուկային զենքի ծրագրի համար(3):
- Միջուկային ենթակառուցվածքների ընդլայնումը. Թուրքիայում տասնամյակներ ի վեր հիմնադրվել են գիտելիքահեն ակադեմիական կառույցներ, որոնք ի զորու են միջուկային խնդիրների իրականացման համար ապահովել մասնագիտական կադրեր, ինչի արդյունքում ներկայումս «Թուրքիայում առկա են կարողությունների և ենթակառուցվածքների կրիտիկական զանգվածի կուտակում և գիտատեխնիկական զարգացման բավարար մակարդակ` ձեռնամուխ լինելու սեփական ատոմային կարողությունների ստեղծմանը»(4)։ Չնայած նրան, որ Թուրքիան զարգացրել է միջուկային էներգիայի հետ կապված ենթակառուցվածքները և պաշտոնապես հավատարիմ է մնում դրա խաղաղ նպատակներով օգտագործմանը, միջուկային ենթակառուցվածքների ընդլայնումը կարող է ծածկույթ լինել զենքի հետ կապված հետազոտությունների համար:
- Միջուկային խաղաղ օգտագործման ծրագիրը: Թուրքիայի միջուկային խաղաղ օգտագործման ծրագրերը բավարար հիմք են տեխնոլոգիաների ձևավորման, այդ թվում՝ արտադրական նոր տեխնոլոգիաների ուսումնասիրության ու զարգացման, տեխնիկական/տեխնոլոգիական հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև արդյունաբերական ոլորտների զարգացման և այլնի համար։ Միջուկային խաղաղ օգտագործման ծրագրի շրջանակներում ռուսաստանյան «Ռոսատոմ»-ի հետ ակնկալվում է Աքքույու ատոմակայանի կառուցումը, որի առաջին էներգաբլոկը կշահագործվի 2025 թ. ամռանը: Առկա են այլ երկրների հետ նոր ատոմակայաններ (Սինոպում և Իղնեադայում) կառուցելու լրացուցիչ ծրագրեր, ինչը նաև հուշում է Անկարայի էներգետիկ անկախության ձգտելու մասին:
Այնուամենայնիվ, միջուկային էներգիան տրամադրում է նաև երկակի օգտագործման տեխնոլոգիա, որը կարող է օգտագործվել զենքի մշակման համար: Թուրքիան ունի միջուկային հետազոտությունների համար նախատեսված փորձարարական ռեակտորներ և պլուտոնիումի հետ կապված փորձագիտություն, որոնք առանցքային նշանակություն ունեն միջուկային զենքի ստեղծման համար։
Եվ ի վերջո՝ Թուրքիայի և Պակիստանի միջև ամուր կապերն են։ Երկու երկրները երկար ժամանակ է պահպանում են սերտ հարաբերություններ, որոնք ավելի արտահայտիչ դարձան ԱԶԿ-ի իշխանության շրջանում։ Տարիների ընթացքում այդ համագործակցությունը ընդլայնվել է տարբեր, ներառյալ՝ պաշտպանական և ռազմական տեխնոլոգիաների ոլորտներում, ինչն առայսօր էլ շարունակվում է(5): Մասնավորապես, 2025 թ. փետրվարի 13-ին Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանն ու Պակիստանի վարչապետ Շ. Շարիֆը Իսլամաբադում կայացած Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 7-րդ նիստից հետո հաստատեցին «Ռազմավարական գործընկերության խորացման, բազմազանեցման և հաստատութենացման մասին» հռչակագիրը։ Կողմերը ստորագրել են 24 համաձայնագիր, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։
Ինչպես և սպասվում էր, պաշտպանական համագործակցության շրջանակներում նախատեսվում է էլեկտրոնային պատերազմի ոլորտում տեխնոլոգիաների համատեղ մշակում և փոխանակում, նաև ռազմական բժշկության ոլորտի մասնագետների վերապատրաստում։ Բացի այդ, փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության (TAI) և Պակիստանի ռազմածովային հետազոտությունների և զարգացման ինստիտուտի (NRDI) միջև։ Կողմերը նաև հայտարարեցին 5-րդ սերնդի KAAN կործանիչների արտադրության համատեղ գործարան ստեղծելու մասին։ Կարճ ասած, երկու երկրները ամրապնդում են իրենց ռազմավարական գործընկերությունը, և ոչ այնքան անսպասելի՝ համատեղ զարգացնելու են իրենց պաշտպանական կարողությունները։
Ինչևէ, գործընկերների միջև բարձր մակարդակի հանդիպումներից հետո միջազգային ԶԼՄ-ներին և փորձագիտական շրջանակներին ավելի շատ մտահոգում է այն մտայնությունը, որ Իսլամաբադին մերձենալու Անկարայի հեռահար նպատակն իրականում միջուկային զենքի տեխնոլոգիաներ ձեռք բերելն է այդ երկրից։ Երկու երկրներն էլ սպասելիորեն ոչ պաշտոնական մակարդակով հերքում են այդ «մեղադրանքները»՝ բնութագրելով նման մոտեցումները որպես «դավադրապաշտական թեզերից» բխող խոսույթներ(6)։ Այնուամենայնիվ, առկա միջազգային արձագանքներն ու ենթադրություններն առ այն, որ Անկարան, ի վերջո, կարող է միջուկային զենք ստեղծել, այնքան էլ հիմնազուրկ չեն։
Թուրք փորձագետների կարծիքով իրենց երկիրը գտնվում է ՆԱՏՕ-ի միջուկային հովանոցի ներքո, ուստի, դրանից ելնելով, Անկարան չի ձգտում միջուկային զենքի ծրագիր կազմել, սակայն մյուս կողմից՝ նախագահ Ռ. Էրդողանը հաճախակի է հրապարակային հայտարություններ անում Անկարայի՝ միջուկային զենք մշակելու կամ այն ձեռք բերելու իրավունքի մասին: Օրինակ, այդպիսի մի հայտարարություն Էրդողանը հնչեցրել է 2019 թվականին. «Որոշ երկրներ ունեն միջուկային հրթիռներ, բայց ես դրանք չեմ կարող ունենալ: Սա, ես չեմ կարող ընդունել»(7)։
Երկրի ղեկավարի նման հայտարարությունը ընդգծում է վերջինիս պատրաստակամությունը՝ ավելի անկախ լինելու իր պաշտպանական ռազմավարության հարցում։ Ինչևէ, Թուրքիայում շատերի, այդ թվում՝ նրա քաղաքական ընդդիմախոսների համար, պարզ չէ, թե որտեղի՞ց և ի՞նչ միջոցներով է այն ձեռք բերվելու կամ ստեղծվելու։
Եվ այստեղ է, որ, բազմաթիվ փորձագետների կարծիքով, ռազմամիջուկային կարողությունների ստեղծման համար անհրաժեշտ առաջադեմ տեխնոլոգիական ներուժ չունեցող Թուրքիան կարող է տեղի տալ գայթակղությանն ու այդ հարցով դիմել Իսլամաբադին։ Եվ դա այն դեպքում, երբ, ինչպես հայտնի է, Պակիստանը հանդիսանում է «միջուկային մաքսանենգության» ռեկորդակիր՝ տասնամյակներ շարունակ լինելով «միջուկային սև շուկայի արքան»։ Չլինելով Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (NPT) անդամ-երկիր՝ Պակիստանը 1990 թվականների վերջից մինչև 2003 թվականը Լիբիային գաղտնի մատակարարել է ցենտրիֆուգներ և միջուկային զենքի նախագծեր, ցենտրիֆուգային տեխնոլոգիա է փոխանցել նաև Հյուսիսային Կորեային և Իրանին(8): Ընդ որում, միջուկային ծրագրերի բաղադրատարրերի մաքսանենգության մեջ տարանցիկ երկիր է հանդիսացել հենց Թուրքիան։ Մասնավորապես, հազարավոր առանցքային միջուկային տարրեր (բեռնարկղերի հենարաններ, օղակային մագնիսներ, ստատորներ և հաճախականության փոխարկիչներ) են փոխանցվել Լիբիա՝ թուրքական ընկերությունների միջոցով(9)։ Այնպես որ, «փաստված է մի շարք թուրքական ընկերությունների ներգրավումը պակիստանցի Ա. Խանի միջուկային տեխնոլոգիաների միջազգային մաքսանենգ ցանցին, որը գործում էր 2000–2004 թվականներին»(10)։
Տվյալ իրողություններում դժվար է երաշխավորել, որ Անկարան թուրքական կամ արտասահմանյան մասնավոր ընկերությունների միջոցով չի օգտվի մաքսանենգ ուղիներով միջուկային տեխնոլոգիաներ ձեռք բերելուց՝ փորձելով խուսափել միջազգային պատասխանատվությունից կամ գաղտնի իրականացնել իր միջուկային ծրագիրը, որը շատ նման կլինի Սաուդյան Արաբիայի միջուկային ծրագրին։
Ակնհայտ է, որ ոչ խաղաղ նպատակներով պայմանավորված միջուկային նկրտումները չափազանց ռիսկային կլինեն Անկարայի համար, քանի որ վերջինս շարունակում է կապված լինել Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (NPT) և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կանոնակարգերի հետ։ Այս առումով, միջուկային ոլորտում ցանկացած տեղաշարժ չի կարող երկրի համար խորը հետևանքներ չունենալ թե՛ տնտեսական, թե՛ աշխարհաքաղաքական իմաստներով։
Նախ և առաջ, այն կհանգեցնի տնտեսական պատժամիջոցների, իսկ Թուրքիայի այսօրվա փխրուն տնտեսությունը (հաշվի առնելով՝ գործազրկության բարձր մակարդակը, գնաճը, լիրայի արժեզրկումը և, ընդհանրապես, տնտեսական անկայուն վիճակը) չի կարող իրեն թույլ տալ հայտնվելու Արևմուտքի պատժամիջոցների ներքո, որոնք հնարավոր է նման լինեն Իրանի և Հյուսիսային Կորեային դեմ կիրառվող պատժամիջոցներին։
Երկրորդ՝ Մերձավոր Արևելքում կսկսվի միջուկային սպառազինությունների մրցավազք, եթե ի հայտ գան անժխտելի փաստեր, որ Անկարան ձգտում է ձեռք բերել կամ մշակել միջուկային զենքի հետ կապված ծրագիր։ Թուրքական նման ծրագիրը իսկական մարտահրավեր է լինելու Իրանի և Սաուդյան Արաբիայի համար։ Մի կողմից այն կարող է խրախուսել Սաուդյան Արաբիային միջուկային զենք ստեղծել, մյուս կողմից՝ սադրել Իրանին արմատապես վերանայելու իր միջուկային քաղաքականությունը։ Սաուդյան Արաբիայի դեպքում ավելորդ չէ նշել նաև, որ այդ երկրի ղեկավարությունը ժամանակին հայտարարել է, որ պատրաստ է ձեռք բերել միջուկային զենք կամ, առնվազն, ընդլայնել իր միջուկային էներգետիկ ենթակառուցվածքը, եթե իրանական միջուկային ծրագրի զարգացումը պատշաճ կերպով չսահմանափակվի։ Իր այդ դիրքորոշումն Էր-Ռիադն ամրագրել է կոնկրետ քայլերով՝ մասնակցելով Պակիստանի միջուկային ծրագրին(11) և զարկ տալով Չինաստանի հետ սեփական բալիստիկ հրթիռների ստեղծման լայնածավալ աշխատանքի մեկնարկին(12)։
Ի հակադրություն Իրանի ու Սաուդյան Արաբիայի, որոնք Թուրքիայի միջուկային ծրագրերի իրականացմանը հակազդելու լուրջ լծակներ չունեն բացի մրցակցությունից, տարածաշրջանում միջուկային ոլորտում զարգացումները կանխելու քաղաքականության մեծ փորձ ունի Իսրայելը, որը Մերձավոր Արևելքում միջուկային զենքի տարածումը համարում է իր գոյապահպանությանն ուղղված սպառնալիք։ Հիշեցնենք, որ Իսրայելը «Begin Doctrine»-ի շրջանակներում նախկինում կանխարգելիչ հարվածներ է հասցրել Իրաքի (1981 թ.) և Սիրիայի (2007 թ.) միջուկային օբյեկտներին և Stuxnet համակարգչային վիրուսի միջոցով կաթվածահար արել նաև Իրանի միջուկային ծրագիրը։
Դժվար է կանխատեսել, թե ինչպես կարձագանքի Իսրայելը, եթե Թուրքիան փորձի միջուկային զենք ստեղծել։ Ենթադրում ենք, որ դա կանխելու համար Թել Ավիվը կարող է դիմել դիվանագիտական, հետախուզական և, նույնիսկ, ուժային միջոցների: Բայց, հաշվի առնելով Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, ռազմական գործողությունը կլինի վերջին միջոցը, որին կդիմի Իսրայելը։ Ավելի հավանական է Իսրայելի կողմից գաղտնի գործողությունների իրականացումը, այդ թվում՝ կիբերհարձակումների տեսքով։ Հնարավոր ծայրահեղ միջոցներին դիմելուց զատ, որպես սցենար, Իսրայելը հնարավոր է ճնշում բանեցնի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի վրա՝ Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ և դիվանագիտական մեկուսացում կիրառելու համար կամ առաջարկի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ), որպեսզի վերջինս ուժեղացնի վերահսկողությունը Թուրքիայի միջուկային նախաձեռնությունների նկատմամբ:
Ինչևէ, ժամանակաշրջանից և տվյալ պահին գոյություն ունեցող ռազմաքաղաքական իրադրությունից է նաև կախված, թե ինչպիսի քաղաքականություն կորդեգրեն Թուրքիայի նկատմամբ համաշխարհային ուժային կենտրոնները և տարածաշրջանի տերությունները, եթե Անկարան պաշտոնապես որոշի ընթանալ միջուկային սպառազինություն ձեռք բերելու ուղիով։
Ամփոփելով նշենք, որ Անկարայի միջուկային ռումբի ծրագիրը մնում է ենթադրությունների տիրույթում, սակայն, տեխնոլոգիական առաջընթացը, Էրդողանի հռետորաբանությունը և Իսլամաբադ–Անկարա ռազմաքաղաքական սերտ հարաբերությունները հուշում են, որ Անկարան կարող է միջուկային զենք ձեռք բերել։ Ինչպես ժամանակին Պակիստանի նախագահ Զուլֆիքար Ալի Բհուտոն էր մի առիթով հայտարարել. Պակիստանը «խոտ կամ տերև կուտի, նույնիսկ սովից կտառապի, բայց կստեղծի միջուկային ռումբ»։ Պատրաստ է, արդյո՞ք, Էրդողանը «խոտ ուտել», միայն թե հագուրդ տա իր ցանկություններին: Եթե այո, ապա դա աշխարհաքաղաքական մեծ գին կարժենա ոչ միայն իր ավտորիտար կառավարության, այլև ողջ Թուրքիայի համար։
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ
- Սիմավորյան Ա. (2025). Թուրքիայի բալիստիկ հրթիռների ծրագիրը որպես տարածաշրջանային մարտահրավեր, ԱՌՎԱԿ վերլուծական կենտրոն, https://shorturl.at/H5lhd
- Սիմավորյան Ա. (2024). Թուրքիա-Պակիստան համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում, ԱՌՎԱԿ վերլուծական կենտրոն, https://surl.li/iicxct
- Մարջանյան Ա. (2012). Միջուկային Թուրքիա, «Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 4, 2012, էջ 13։
- Մարջանյան Ա. (2025). Իրանը՝ Սկիլլայի և Քարիբդիսի միջև, ԱՌՎԱԿ վերլուծական կենտրոն, https://shorturl.at/ySfkN
- La Turquie et le Pakistan renforcent leurs liens de défense: les Occidentaux et les Indiens s’emportent contre la prolifération nucléaire,31.2021, L’Institut de Vision Stratégique (SVI). https://thesvi.org/turkey-pakistan-increasing-defense-ties-western-and-indian-rant-about-nuclear-proliferation/
- Türkler nükleer silah yapıyor bilgin olsun! Yeni Safak, 06.01.2021. https://www.yenisafak.com/gundem/turkler-nukleer-silah-yapiyor-bilgin-olsun-3593062
- Erdoğan: Birilerinin elinde nükleer başlıklı füze var, ama benim elimde olmasın, ben bunu kabul etmiyorum. BBC.com, 05.09.2019, https://www.bbc.com/turkce/haberler-turkiye-49589110
- Nuclear Power in Pakistan. 02.2025. https://world-nuclear.org/information-library/country-profiles/countries-o-s/pakistan
- This Report Presents the Turkish Press Summary under Three Themes 08.12.2005. https://wikileaks.org/plusd/cables/05ANKARA7216a.html
- Mark Urban. Saudi nuclear weapons ‘on order’ from Pakistan. com, 06.11.2013, https://www.bbc.com/news/world-middle-east-24823846
- Phil Mattingly, Zachary Cohen and Jeremy Herb. (2019). Exclusive: US intel shows Saudi Arabia escalated its missile program with help from China, CNN.com, 05.2019, https://edition.cnn.com/2019/06/05/politics/us-intelligence-saudi-arabia-ballistic-missile-china/index.html
(1) Արևելագետ, թուրքագետ: 2008–2019 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում՝ որպես Հայագիտական կենտրոնի ղեկավար, 2014-2021 թթ.-ին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի գիտաշխատող։ 2019–2021 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վերլուծական ծառայության» բաժնում՝ որպես ավագ փորձագետ։ 2021–2022 թթ. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի «Գիտահետազոտական աշխատանքների և միջազգային կապերի բաժնի» գլխավոր արխիվագետ։ 100-ից ավելի գիտավերլուծական հոդվածների և 12 կոլեկտիվ մենագրության հեղինակ է։
(2) Հոդվածը խմբագրություն է հանձնվել 26.01.2025 թ.։
(3) Մանրամասն տես, Սիմավորյան, Ա. (2025). Թուրքիայի բալիստիկ հրթիռների ծրագիրը որպես տարածաշրջանային մարտահրավեր. ԱՌՎԱԿ վերլուծական կենտրոն, https://shorturl.at/H5lhd (բեռնման օրը՝ 15.02.2025):
(4) Արա Մարջանյան, Միջուկային Թուրքիա, «Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 4, 2012, էջ 13։
(5) Սիմավորյան, Ա. (2024). Թուրքիա–Պակիստան համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում. https://surl.li/iicxct (բեռնման օրը՝ 15.02.2025):
(6) Տես, օրինակ, La Turquie et le Pakistan renforcent leurs liens de défense: les Occidentaux et les Indiens s’emportent contre la prolifération nucléaire․ L’Institut de Vision Stratégique (SVI). 03.31.2021, https://thesvi.org/turkey-pakistan-increasing-defense-ties-western-and-indian-rant-about-nuclear-proliferation/ (բեռնման օրը՝ 15.02.2025); Türkler nükleer silah yapıyor bilgin olsun! Yeni Safak, 06.01.2021, https://www.yenisafak.com/gundem/turkler-nukleer-silah-yapiyor-bilgin-olsun-3593062 (բեռնման օրը՝ 15.02.2025):
(7) Erdoğan: Birilerinin elinde nükleer başlıklı füze var, ama benim elimde olmasın, ben bunu kabul etmiyorum. BBC.com (թուրք.), 05.09.2019, https://www.bbc.com/turkce/haberler-turkiye-49589110 (բեռնման օրը՝ 18.02.2025).
(8) Nuclear Power in Pakistan․ World Nuclear Association, 04.02.2025, https://world-nuclear.org/information-library/country-profiles/countries-o-s/pakistan (բեռնման օրը՝ 18.02.2025).
(9) This Report Presents the Turkish Press Summary under Three Themes. 08.12.2005, https://wikileaks.org/plusd/cables/05ANKARA7216a.html (բեռնման օրը՝ 18.02.2025).
(10) Արա Մարջանյան, Իրանը՝ Սկիլլայի և Քարիբդիսի միջև. ԱՌՎԱԿ վերլուծական կենտրոն, 04.01.2025, https://shorturl.atySfkN: Տես նաև, This Report Presents the Turkish Press Summary under Three Themes, 08.12.2005, https://wikileaks.org/plusd/cables/05ANKARA7216_a.html (բեռնման օրը՝ 18.02.2025):
(11) Mark Urban. Saudi nuclear weapons ‘on order’ from Pakistan․ BBC.com, 06.11.2013, https://www.bbc.com/ news/world-middle-east-24823846 (բեռնման օրը՝ 22.02.2025).
(12) Phil Mattingly, Zachary Cohen and Jeremy Herb Exclusive: US intel shows Saudi Arabia escalated its missile program with help from China, CNN.com, 05.05.2019, https://edition.cnn.com/2019/06/05/politics/us-intelligence-saudi-arabia-ballistic-missile-china/index.html (բեռնման օրը՝ 22.02.2025).