ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 22.09.2024 թ.(1)
01.09.2024 թ.-ից ՌԴ-ն դադարեցրել է Աբխազիայում սոցիալական վճարումները, որոնց շահառուներն էին հանրապետության ուսուցիչները, բժիշկները և ուժային կառույցների ծառայողները։ Բացի այդ, ինչպես 03.09.2024 թ. հայտարարել է Աբխազիայի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Շամբան, աշնանը և ձմռանը Մոսկվան Սուխումին էլեկտրաէներգիա կմատակարարի ազատ վաճառքի գնով(2)։
Այս տարվա օգոստոսի վերջին ԶԼՄ-ները տարածել են ինչ-որ արձանագրության տեքստ, որն, իբր թե, արձանագրել է 19.08.2024 թ. Մոսկվայում ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Դմիտրի Կոզակի հետ Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի հանդիպման օրակարգը։ Կոզակը աբխազական առաջնորդին հայտնել է, որ Ռուսաստանի սահմանած պատժամիջոցները գործելու են այնքան ժամանակ, քանի դեռ Սուխումը չի կատարել իր ստանձնած պարտավորությունները։
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է «Դատական և արբիտրաժային որոշումների փոխադարձ ճանաչման համաձայնագրին», որն Աբխազիան առ այսօր չի վավերացրել։ Մոսկվան Սուխումից նաև պահանջում է տեղեկություններ ներկայացնել իրեն այն աբխազ ընդդիմադիրների մասին, ովքեր ՌԴ քաղաքացիություն ունեն և գործում են «ի վնաս ՌԴ շահերի և ռուս-աբխազական հարաբերությունների զարգացման՝ Ռուսաստանի քաղաքացիությունից նրանց զրկելու հարցի հետագա ուսումնասիրման նպատակով»։ Եվ, վերջապես, Մոսկվան պնդում է, որ Սուխումը չեղարկի Ռուսաստանի քաղաքացիների կողմից Աբխազիայում անշարժ գույքի ձեռքբերման սահմանափակումները և ապահովի Ռուսաստանի իրավաբանական անձանց կողմից այդ մասամբ ճանաչված հանրապետությունում ներդրումային նախագծերի իրացման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելը(3)։
Ռուսաստանի պահանջների վերջին կետի առնչությամբ կարելի է նշել, որ Սուխումը վերջին տարիներին դանդաղեցնում է օրենսդրության ազատականացման գործընթացը և օտարերկրյա քաղաքացիներին թույլ չի տալիս սեփականություն ձեռք բերել Աբխազիայում հողի և այլ անշարժ գույքի նկատմամբ։ Մասնավորապես, ընթացիկ տարվա հուլիսին Բժանիայի վարչակազմը խորհրդարանին էր ներկայացրել «Աբխազիայի Հանրապետության Օչամչիրայի, Թքուարչալի և Գալիի շրջաններում սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակի բարձրացման ուղղությամբ որոշ միջոցների մասին» օրենքը, սակայն ընդդիմության և հասարակայնության ճնշման ներքո օրինագիծը հետ է կանչվել։ Օրենքը նախատեսում էր հանրապետության արևելքում 10 տարվա ընթացքում 30.000 բնակարանի և սեփական առանձնատների շինարարություն, որոնք նախատեսվում էր վաճառել օտարերկրացիներին։ Որպես հիմնական գնորդներ դիտարկվել են ՌԴ քաղաքացիները։ Աբխազական հասարակությունը դրանում տեսել է սպառնալիք՝ ուղղված հանրապետությունում առանց այն էլ փխրուն ժողովրդագրական հավասարակշռությանը։ Ըստ Ռուսաստանի որոշ վերլուծաբանների՝ նման բացասական տրամադրությունների վրա ազդել է, այսպես կոչված, «17%-ի անեծքը» կամ «17%-ի համախտանիշը»։ Այդ ձևակերպումը երևան էր եկել ԽՍՀՄ փլուզման շրջանում, երբ տիտղոսակիր ազգը՝ աբխազները, կազմում էր հանրապետության բնակչության ընդամենը 1/6-րդ մասը։
Ընդհանուր առմամբ, հենց փոքրամասնության մեջ մնալու վախն էր բնիկ աբխազներին դրդել բողոքի ակցիաների վերը նշված օրենքի դեմ, սակայն, Ա. Բժանիայի առաջարկած օրենքի շուրջ ծավալված կատաղի բանավեճում առկա էին նաև տնտեսական դրդապատճառներ։ Եթե պետական ապարատն ամբողջությամբ պետք է շահեր լայնածավալ շինարարությունից և բնակարանների իրացումից, ապա հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրությունն իր շահերին ուղղված էական սպառնալիքներ է տեսնում նշված նախաձեռնության մեջ։ Խոսքը վերաբերում է փոքր հյուրանոցատերերին և բնակարանների վարձատուներին, ովքեր մտահոգված են, որ նախագծի իրացումը հանգեցնելու է դեպի հանրապետություն զբոսաշրջիկների ներհոսքի նվազմանը, քանի որ Աբխազիան ընտրած զբոսաշրջիկներից շատերը, կնախընտրեն ամեն անգամ բնակարան վարձակալելու փոխարեն, այստեղ սեփական բնակարաններ ձեռք բերել։
Այսպես, թե այնպես, այսպես կոչված, «բնակարանների մասին» օրենքը, չնայած նախագահ Ա. Բժանիայի ջանքերին, մերժվել է, ինչը բացասական արձագանք է առաջ բերել Մոսկվայում։ Ռուսաստանյան ձեռնարկատիրությունը դժգոհություն է հայտնում, որ իրեն այդպես էլ չհաջողվեց հիմնավորապես ամրանալ մի հանրապետությունում, որի անվտանգությունը 2008-ից հետո հենց ՌԴ-ն է լիովին ստանձնել։ Ռուսաստանյան ընկերություններին դուր չի գալիս նաև այն փաստը, որ Աբխազիան երկար տարիներ շարունակ ռուսական բյուջեից գործնականում անվարձահատույց փող է ստացել իր սոցիալական հատվածին աջակցության համար և նվազագույն գներով է օգտագործել ռուսաստանյան գազն ու էլեկտրաէներգիան։ Բացի այդ, Մոսկվայում այն կարծիքը կա, որ հանրապետությանը հատկացված գումարները հիմնականում ծախսվել են ոչ թե ըստ նշանակության, այլ գողացվել են հանրապետության պետական ապարատի և նրա քաղաքական-տնտեսական կլանների կողմից։
Բաց հասանելիության դաշտում ստույգ տվյալներ չկան Աբխազիային փոխանցված ռուսաստանյան լրավճարների և պետական ներդրումների ծավալների մասին։ Ըստ ВВС-ի՝ 8 տարվա ընթացքում (2009–2016 թթ.) Մոսկվան Աբխազիային հատկացրել է 37 մլրդ ռուբլի ($616 մլն)(4)։ Իր հերթին ռուսաստանյան աղբյուրները մատնանշում են ընդհանուր ֆինանսական օգնության զգալիորեն ավելի մեծ ծավալներ, ինչը համընկնում է արևմտյան հետազոտական կենտրոնների տվյալների հետ։ Խոսքը ամենամյա $300 մլն-ի մասին է, որը Ռուսաստանն ուղղել է Աբխազիայի պետական ծառայողների աշխատանքի, անվտանգության, հանրապետական ենթակառուցվածքների կառուցման և վերանորոգման աջակցության ծախսերը վճարելու համար(5)։
Բոլոր աղբյուրներն իրենց գնահատականում համամիտ են, որ ռուսաստանյան լրավճարները փակում են Աբխազիայի Հանրապետության ամենամյա բյուջետային ծախսերի ավելի քան 50%-ը։ Տվյալ հանգամանքներում պատժամիջոցներն զգալի վնաս կհասցնեն Աբխազիային, առավել ևս ձմռան նախաշեմին։ Մոսկվայում չէին կարող չհասկանալ, որ իրենց քայլերով «դաշնակցին» դնելու են սոցիալ-տնտեսական ճգնաժամի դեմ-հանդիման, բայց և միաժամանակ հակառուսաստանյան տրամադրությունների պոռթկում կառաջացնեն ՌԴ-ի հանդեպ ավանդաբար բարեհաճ Աբխազիայում։ Եվ, այնուամենայնիվ, Մոսկվան գնաց այդ քայլին, ինչը կարող է վկայել օրակարգում առավել ծանրակշիռ նպատակների առկայության մասին, քան Կոզակ–Բժանիա հանդիպմանն արձանագրված պահանջներն են։
Քիչ հավանական է, որ Ռուսաստանը իր համար լրացուցիչ հիմնախնդիրներ ստեղծի աբխազ ընդդիմադիրների հետ կապված և ռուսաստանյան լրավճարների չարաշահման պատճառով, որոնց ծավալը անգամ պատերազմի պայմաններում էական չէ ՌԴ-ի համար։ Առավել ևս հարց է հարուցում այն հանգամանքը, որ Մոսկվան Աբխազիայի հանդեպ պատժամիջոցների է դիմել հենց հիմա, երբ որ Ռուսաստանի ֆինանսա-քաղաքական շրջանակներում այդ հանրապետությունում տիրող իրավիճակից դժգոհությունը վաղեմի պատմություն ունի։
Աբխազական ընդդիմադիր մամուլը, որը կանխատեսում էր Սուխումի նկատմամբ Մոսկվայի արմատական դիրքորոշումը, հակված է կարծելու, որ ՌԴ-ն ձգտում է կլանել հանրապետությունն ինչպես քաղաքական, նույնպես և տնտեսական առումներով(6)։ Սակայն ՌԴ-ի դրդապատճառների մասին աբխազական ԶԼՄ-ների դատողություններն ընդհանուր գծերով են տրվում՝ «չբացելով փակագծերը»։ Մինչդեռ, համաձայն որոշ գնահատականների, առկա է առնվազն երկու գործոն, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ ՌԴ-ի քայլերը պայմանավորված են առավել հավակնոտ ծրագրերով, քան հանրապետության «կլանումը»։
Նախ, հարկ է նշել Վրաստանում նախընտրական գործընթացները, որոնցում Ռուսաստանն արդեն բացահայտ աջակցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը և նրա ոչ պաշտոնական առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին։ ԱՌՎԱԿ կենտրոնն արդեն գրել է, որ Վրաստանը գտնվում է գլոբալ դիմակայության կիզակետում, և որ տվյալ երկրում ներքաղաքական պայքարի աշնանային փուլի ելքից մեծապես կախված է լինելու տարածաշրջանում հետագա իրադարձությունների տրամաբանությունը, որը կենսականորեն կարևոր է Արևմուտք–Ռուսաստան աշխարհառազմավարական մրցակցության համատեքստում։ Հաշվի առնելով ՌԴ-ի սահմանափակ գործիքակազմն իր «դաշնակիցներին» աջակցելու հարցում, Մոսկվան, ըստ երևույթին, ձգտում է «Վրացական երազանք»-ի համար բարենպաստ քաղաքական-տեղեկատվական համապատկեր ստեղծել Թբիլիսիի համար «տարածքային ամբողջականության» զգայուն հարցի համատեքստում։ Աբխազիայի և ՌԴ-ի միջև փոխհարաբերությունների ճգնաժամը կոչված է վերակենդանացնելու վրաց հասարակության մեջ Սուխումի նկատմամբ ինքնիշխանության վերականգնման հույսերը, որի վերջնական հեռացմանը Թբիլիսիից 2008 թ. նպաստել են հենց այն ուժերը, որոնք ներկայումս ձգտում են մարտահրավեր նետել իշխող կուսակցությանը։ Դրանով իսկ դժվար կացության մեջ հայտնված Աբխազիայի հետ երկխոսության վերականգնման հեռանկարը կարող է վրաց ընտրողների աչքում էական ներդրում դառնալ իշխող կուսակցուության քաղաքական գանձարանում։
Երկրորդ, կարելի է ենթադրել, որ Մոսկվան 1992 թ-ից անգործության մատնված վրաց-աբխազական երկաթուղու վերականգնման և գործարկման ծրագրեր։ 1990-ականների վրաց-աբխազական պատերազմից հետո Ռուսաստանը քանիցս փորձել է Վրաստանին համոզել վերակենդանացնելու այդ կարևորագույն լոգիստիկ զարկերակը։ Մոսկվայի փորձերին սատարում էր նաև Սուխումը, սակայն այդ հարցով բանակցություններն ամեն անգամ էլ փակուղի էին մտել այն պատճառով, որ Թբիլիսին չէր ցանկանում «աբխազ անջատողականների» հետ համագործակցության որևէ ձևաչափ հաստատել։ Իսկ այժմ Մոսկվան, ըստ երևույթին, վերստին հույս ունի իրականացնելու այդ նախագիծը՝ պատժամիջոցներով պայմանավորված տնտեսական մեկուսացումից դուրս գալու նպատակով։ Մյուս կողմից՝ ՌԴ-ում կարող են համարել, որ հասել է բարենպաստ պահը գործարկելու համար ավելի քան 30 տարի պարապուրդի մեջ գտնվող երկաթգիծը, քանզի իրականում Արևմուտքի հետ կապերը խզած գործող վրացական իշխանությունները, հոկտեմբերյան ընտրություններում իրենց հաղթանակի դեպքում, կարող են ընդառաջ գնալ Մոսկվային՝ այն պայմանով, որ ՌԴ-ն հետագայում ևս հավատարիմ կմնա Աբխազիայի իշխանությունների և տնտեսության թուլացման քաղաքականությանը։ Իր հերթին Սուխումն ինքը հազիվ թե հրաժարվի նախագծի վերակենդանացումից, որից ստացված տարանցիկի մուտքերը կարող են փոխհատուցել ռուսաստանյան կրճատված լրավճարները։
Հատկանշական է, որ Ռուսաստանի «հակաաբխազական» պատժամիջոցների մասին լուրը որոշ չափով անսպասելի էր վրաց իշխանությունների համար, ինչի մասին վկայում է վարչապետ Իրակլի Կոբախիձեի զգուշավոր արձագանքը։ 04.09.2024 թ. լրագրողներին տված հարցազրույցում նա «հետաքրքիր» է անվանել այդ տեղեկությունը։ Կոբախիձեն նաև նշել է, որ անչափ զգայուն է այդ հարցը։ «Այլ մեկնաբանություն չի լինելու, – հավելել է նա, – դարձյալ կրկնում եմ, որ այն գործընթացները, որոնք մենք դիտարկում ենք, հետաքրքրություն են առաջացնում»(7)։
Այդպիսով իսկ Ռուսաստանի գործողություններն ինտրիգ են մտցրել վրաց հասարակական-քաղաքական տարածության մեջ։ Նորությունն առավել քան հնչեղ դարձավ, քանզի այն հայտնվեց բուռն ընտրարշավի համապատկերում և, ըստ երևույթին, հասցրել է որոշակի ճշգրտումներ մտցնել մրցակցող ուժերի մարտավարության և հռետորաբանության մեջ։ Օրինակ, Վրաստանի քաղաքացիների համար անսպասելի դարձավ 14.09.2024 թ. Գորիում՝ նախընտրական հանրահավաքում Բ. Իվանիշվիլիի հայտարարությունն այն մասին, որ ընտրություններում հաղթելու դեպքում «Վրացական երազանքն» իր մեջ ուժ կգտնի ներողություն խնդրելու «օս եղբայրներից ու քույրերից» վրացական նախկին իշխանությունների կողմից նրանց պատճառված տառապանքների ու ցավի համար(8)։ Բուն Հարավային Օսիայում թերահավատությամբ են արձագանքել այդ հայտարարությանը՝ այն կապելով ընտրությունների հետ։ Սակայն Աբխազիան, ում անմիջականորեն էր այն վերաբերում, դրական է արձագանքել(9)։ Կարելի է հաստատել, որ Սուխումի պատասխանն ու Ցխինվալի արձագանքը նույնական կլինեին (սովորաբար Աբխազիան և Հարավային Օսիան համաձայնեցնում են Վրաստանի վերաբերյալ իրենց հայտարարությունները), եթե չլիներ ներկայիս ճգնաժամը ռուս-աբխազական հարաբերություններում։ Սուխումն այդպիսով իսկ փորձել է Մոսկվային ցույց տալ, որ արտաքին քաղաքականության խուսավարման համար ազատ գործողությունների և լայն դաշտի է տիրապետում։ Հարցը նրանում է, թե Աբխազիայում, արդյո՞ք, ենթադրում են հնարավորությունն առ այն, որ ՌԴ-ն իր քայլերով դիտավորյալ նպաստում է Սուխումի և Թբիլիսիի միջև երկխոսությանը։
Այսպես, թե այնպես, Մոսկվայի քայլերը Ռուսաստանի հանդեպ դժգոհության ալիք առաջացրին Աբխազիայում։ Մինչ նախագահ Ա. Բժանիան փորձում է գտնել հիմնախնդրի լուծումը, հասնել կողմերի շահերի հավասարակշռության և չեղարկել պատժամիջոցները, աբխազական ընդդիմությունը քարտ-բլանշ է ստացել՝ հանրապետությունում հակառուսաստանյան տրամադրությունների արմատականացման համար։ Հանրությանը պարբերաբար ներարկվում է խոսույթն առ այն, թե Մոսկվան «քցում է» Աբխազիային և ցանկանում է վերջնականապես «ծնկի բերել» նրան։ Նաև լայնորեն տարածվում է մեկ այլ՝ «մեծ եղբայր» որոնելու անհրաժեշտության գաղափարը, որին կարելի է վստահորեն հենվել տնտեսական հարցերում և անվտանգության առումով։ Այդ գործընթացի շրջանակներում տեղ են գտնում տարբեր տեղեկատվական արտանետումներ և բացահայտ սադրանքներ։ Այսպես, 16.09.2024 թ. Աբխազիայի Հանրապետության նախագահ Ասլան Բժանիայի պաշտոնական կայքում հայտնվեց հայտարարություն առ այն, թե իբր աբխազական առաջնորդը Ռ. Էրդողանին հղել է Թուրքիայի Հանրապետության հետ երկկողմ «Բարեկամության և գործընկերության մասին համաձայնագիր» ստորագրելու առաջարկություն։
Հայտարարության մեջ ասվում էր, որ Սուխումն ակնկալում է Անկարայի հետ համագործակցություն տնտեսական, ռազմական և մշակութային ոլորտներում։ Հաղորդվել է նաև, որ Ա. Բժանիան, իբր թե, խզել է «Աբխազիայի տարածքում ՌԴ ՌԾՈՒ (ռազմածովային ուժերի) տեղաբաշխման մասին» համաձայնագիրը։ Որոշ ժամանակ անց էջը հեռացվել է նախագահական կայքէջից, իսկ աշխատակազմը հաղորդել է հաքերային հարձակման մասին(10)։
Այդ միջադեպը վկայում է այն մասին, որ հանրապետությունում և նրա սահմաններից դուրս աշխուժացել են ուժեր, որոնք, օգտագործելով պահը, փորձում են ցնցել իրավիճակը և ռուս-աբխազական ճգնաժամը դուրս բերել Մոսկվայի վերահսկողությունից։ Այս համատեքստում հատուկ նշանակություն ունի թուրքական գործոնի դերակատարությունը։ Անկարան դառնում է Մոսկվայի գլխավոր մրցակիցը Միջին Ասիայում, Կովկասում և Սև ծովի ավազանում։ Այդ փաստն ակնհայտ է, ինչքան էլ որ ՌԴ-ն փորձում է հիմնախնդիրը շղարշել փոխգործակցության նախագծերի և Անկարայի հետ վստահելի բարեկամական հարաբերությունների վրա հղումներով։ Ռուսաստանի համար ամենևին էլ ենթադրական սպառնալիք չէ Աբխազիայի ներառումը Թուրքիայի զավթողամոլական ծրագրերի գոտու մեջ, հաշվի առնելով Անկարայի հետ Սուխումի ինչպես օրինական, նույնպես էլ ստվերային տնտեսական փոխգործակցության ծավալները։ Մերձսևծովյան հանրապետությունում, գործադրվող «փափուկ ուժի» (Թուրքիայի աբխազական համայնք, մշակութային և կրթական ծրագրեր, բարեգործություն և այլն) զուգակցմամբ, թուրքական ներդրումներն արդեն լուրջ բազա են ստեղծել քաղաքական ռեսուրսում Անկարայի ձեռքբերումների իրականացման համար(11)։
Հաշվի առնելով այդ հանգամանքները, ռուս-աբխազական ճգնաժամի շուրջ տեղեկատվական-քաղաքական ներթափանցումներում Թուրքիայի հիշատակումն էլ ավելի է շիկացնում իրավիճակը։ Ընդ որում, բացարձակապես չի բացառվում, որ «թուրքական խաղաթուղթը» կարող են օգտագործվել ոչ միայն Աբխազիայի «ռուսականացման» դեմ հանդես եկող ուժերը, այլև իրենք ևս՝ աբխազական իշխանությունները, այդպիսով իսկ փորձելով Մոսկվային ակնարկել Սուխումի դեմ պատժամիջոցների քաղաքականության ռիսկերի մասին։
Եվ այսպես, հաշվի առնելով իրավիճակի վերլուծությունը, կարող ենք ենթադրել, որ Սուխումի հարցում իր դիրքորոշման խստացմամբ Մոսկվան շողոքորթում է Վրաստանում իշխող քաղաքական ուժերին՝ ձգտելով նրանց համար բարենպաստ պայմաններ ստեղծել իշխանության մանդատը երկարաձգելու համար։ Բացի այդ, նա հող է նախապատրաստում Թբիլիսիի հետ հարաբերությունների լիարժեք վերականգնման համար, ինչը հետագայում պետք է փոխհատուցի Հայաստանում և Ադրբեջանում նրա հեղինակության և քաղաքական կորուստները, ինչպես նաև նպաստի վրաց-աբխազական երկաթգծի վերագործարկմամբ տնտեսական մեկուսացումից ելքի փոխակերպմանը։ Ընդ որում, Մոսկվան խաղում է «սայթաքման սահմանագծին», հայտնվելով իր հանդեպ դեռևս բարեհաճ աբխազական հասարակության և քաղաքական ուժերի զգալի մասի վստահության կորստի հեռանկարի առջև՝ Լեռնային Ղարաբաղում հայտնի իրադարձություններից հետո արդեն ունեցած «հեղինակության կորստի» համապատկերում։ Այդ լույսի ներքո ՌԴ-ի տվյալ նախաձեռնությունը հիշեցնում է վա-բանկ (ամբողջ գումարով) վարվող խաղ, որը պայմանավորված է ոչ միայն կովկասյան ուղղությունում նրա գործերի ծանր վիճակով, այլև, ընդհանուր առմամբ, հավաքական Արևմուտքի հետ դիմակայության համատեքստում առկա ծանր կացությամբ։
(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 21.09.2024 թ.:
(2) «Մենք բոլորս էլ ջանացել ենք». Ինչո՞ւ Ռուսաստանն Աբխազիայում դադարեցրել է սոցվճարումները (ռուս.), РБК (04.09.2024), https://www.rbc.ru/politics/04/09/2024/66d8800e9a79479bd58a8207 (բեռնման օրը՝ 19.09.2024):
(3) Չարկվանի Նեստան. «Ռուսաստանը դադարեցրել է ֆինանսական օգնությունն Աբխազիային» (ռուս.), Ռ/կ «Голос Америки» (04.09.2024), https://www.golosameriki.com/a/russia-stops-abkhasia-funding/77711 01.html (բեռնման օրը՝ 20.09.2024):
(4) Կոզլովսկի Սերգեյ, «Ինչքա՞ն փող է Ռուսաստանը հատկացնում Աբխազիային և ինչպե՞ս են այն ծախսում» (ռուս.), BBC NEWS (08.08.2017), https://www.bbc.com/russian/features-40862115 (բեռնման օրը՝ 18.09.2024):
(5) «Աբխազիայում լքյալ քաղաքները մեռնում են» (ռուս.), Настоящее Время (02.10.2018), https://www.currenttime.tv/a/29519257.html (բեռնման օրը՝ 20.09.2024):
(6) Ալեքսանդրով Ալեքսեյ, «Աբխազիան զգում է Ռուսաստանի խեղդող բռնելաձևը» (ռուս.), Наша Абхазия (20.02.2024), http://abkhazeti.info/today/ (բեռնման օրը՝ 21.09.2024):
(7) «Ռուսաստանը դադարեցրել է ֆինանսական օգնությունն Աբխազիային» (ռուս.), Ռ/կ «Голос Америки» (04.09.2024), https://www.golosameriki.com/a/russia-stops-abkhasia-funding/7771101.html (բեռնման օրը՝ 19.09.2024):
(8) «Աբխազիան «Վրացական երազանք»-ի հիմնադրի խոսքում տեսել է դեպի խաղաղություն տանող ուղին» (ռուս.), РБК (16.09.2024), https://www.rbc.ru/politics/16/09/2024/66e860c29a79470a7f888177 (բեռնման օրը՝ 20.09.2024):
(9) ««Օս եղբայրների և քույրերի» առաջ ներողություն խնդրելու մասին Իվանիշվիլու հայտարարությանն արձագանքել են բռնազավթված Աբխազիայում և Ցխինվալի շրջանում» (ռուս.), Civil Georgia (17.09.2024), https://civil.ge/ ru/archives/624702 (բեռնման օրը՝ 18.09.2024):
(10) «Աբխազիայի անջատողականները «հայտարարել» են ռուսաստանյան նավատորմը վտարելու մասին» (ռուս.), UKR. NET (17.09.2024), https://www.ukr.net/ru/news/details/world/ 106826491.html (բեռնման օրը՝ 19.09.2024).
(11) Սիմավորյան Արեստակես, «Արդի վրաց-թուրքական հարաբերությունները» (ռուս.), ԱՌՎԱԿ կենտրոն (14.10.2023), http://surl.li/etmxlu (բեռնման օրը՝ 19.09.2024):