Մեկնաբանություններ

Թուրքիան ձգտում է մենաշնորհել Պարսից ծոցով անցնող մայրցամաքային առևտուրը

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 15.11.2024 թ.(1)

2023 թ. հունվարի վերջին Նավթ արտահանող երկրների կազմակերպությունն (ՆԱԵԿ, OPEC) առաջադրել է Մերձավոր Արևելքում նոր առևտրային ուղու ստեղծման նախագիծ՝ «Զարգացման ուղի» անվանմամբ։ Խոսքը վերաբերում է Պարսից ծոցից Իրաքի տարածքով դեպի Թուրքիա՝ մինչև Միջերկրական ծովի Մերսին նավահանգիստ երկաթգծի և բազմաշերտ ավտոմայրուղու անցկացմանը։ Արդեն 2023 թ. մարտին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ այդ նախագիծը լիովին համապատասխանում է Անկարայի շահերին ու կարող է դառնալ «նոր Մետաքսի ճանապարհ Թուրքիայի համար»(2)։

Նախնական հաշվարկներով՝ Գրանդ Ֆաու–Մերսին նավահանգիստների միջև երկաթգծի անցկացումը պետք է ավարտվի մինչև 2038 թ.։ Նախագծի ծանուցված արժեքն ավելի քան €18 մլրդ է, որի վճարումը կստանձնի ԱՄԷ-ն։ Երկաթուղու իրաքյան հատվածը կձգվի մոտավորապես 1200 կմ և կանցնի Բասրայով, Էդ-Դիվանիայով, Նաջաֆով, Քերբելայով և Մոսուլով, ապա կհասնի թուրքական սահմանին։ Իսկ երթուղու թուրքական մասը տակավին գտնվում է մշակման փուլում՝ հաշվի առնելով երկրի բարդ լեռնային տեղանքը, ինչպես նաև, հավանաբար, քրդաբնակ տարածաշրջաններում դրա անվտանգության հետ կապված խնդիրները։

22.04.2024 թ. Ռ. Էրդողանը 12 տարվա մեջ առաջին անգամ այցելեց Բաղդադ, որտեղ լայն ձևաչափով բանակցություններ է վարել իրանցի իր գործընկեր Աբդուլ Լատիֆ Ռաշիդի ու երկրի վարչապետ Մուհամեդ Շիա Աս-Սուդանիի հետ։ Համաձայն ԶԼՄ-ների՝ պետությունների ղեկավարները և նրանց գլխավորած պատվիրակությունները  քննարկել են տարածաշրջանում անվտանգային իրադրությունը, Իրաքում առկա «ջրային ճգնաժամը», ինչպես նաև նավթի և գազի արտահանման հետ կապված մի շարք հարցեր(3)։ Քննարկումների արդյունքում ստորագրվել է միջպետական համաձայնագրերի փաթեթ, որը կարգավորում է Տիգրիսի և Եփրատի ջրերի բաժանման, թուրքական ընկերությունների կողմից Իրաքում ամբարտակների և ջրամբարների նոր համակարգի կառուցման հարցերը, ինչպես նաև օրինականացնում թուրքական բանակի մշտական հարվածներն ու հարձակումները Հյուսիսային Իրաքի այն շրջաններում, որտեղ կենտրոնացած են ՔԲԿ-ի ուժերը։ Միևնույն ժամանակ, թուրքական և իրաքյան ԶԼՄ-ները համեմատաբար թույլ են լուսաբանել «Զարգացման ուղու» շուրջ բանակցությունների թեման, ինչը, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ Անկարան ու Բաղդադը չէին ցանկանում վաղաժամ գրավել իրենց գլխավոր տարածաշրջանային մրցակիցների և գործընկերների անհարկի ուշադրությունն այդ նախագծի նկատմամբ։ Մինչդեռ հարկ է հատուկ նշել, որ Թուրքիան և Իրաքը հազիվ թե կարողանային համաձայնության գալ միանգամայն զգայուն «ջրային» և «քրդական» հարցերի շուրջ, եթե չլիներ իրենց շահերի համընկնումը OPEC-ի կողմից առաջարկվող «Զարգացման ուղի» նախագծի վերաբերյալ։ Հետևապես, կարելի է ենթադրել, որ Պարսից ծոց–Իրաք–Թուրքիա-–Միջերկրական ծով առևտրային ուղու ստեղծման փոխադարձ հետաքրքրության աճը նպաստեց, որպեսզի Անկարան ու Բաղդադը հաղթահարեն հակասություններն այն հարցերի շուրջ, որոնք տասնամյակներ շարունակ նրանք չէին կարողանում լուծել։

Ինչ վերաբերում է «Զարգացման ուղի» նախագծի լուսաբանման հարցում կողմերի զգուշավորությանը, ապա խոսքն Իսրայելի, Իրանի և Եգիպտոսի հետ առանց այն էլ ոչ հասարակ հարաբերությունները վատթարացնելու Անկարայի և Բաղդադի դժկամության մասին է։ Բանն այն է, որ հենց այդ երկրներն են հայտնվելու աշխարհաքաղաքական ու տնտեսական պարտության մեջ, եթե իրագործվի թուրք-իրաքյան նախագծված երթուղին։ Եգիպտոսն արդեն իսկ ֆինանսական ու տնտեսական մեծ ծախսեր է կրում Կարմիր ծովում խաթարված անվտանգության պատճառով։ Համաձայն փորձագետների հաշվարկների՝ արդեն մինչ 2024 թ. հունվար Սուեզի ջրանցքով բեռների հոսքը նվազել է 40%-ով, հունիսին՝ մինչև 80%-ով, իսկ ներմուծումը Եվրոպա այս ջրային ճանապարհով իջել է ռեկորդային ցածր մակարդակի՝ ավելի ցածր, քան Covid-ի ժամանակ էր(4),(5)։  Ենթադրաբար՝ «Զարգացման ուղի» նախագիծը, Աֆրիկան շրջանցող ծովային երթուղու հետ միասին, որը ներկայումս գերադասում են աշխարհի խոշորագույն փոխադրողները, կարող են զգայուն հարված հասցնել Եգիպտոսի տնտեսության այն հատվածին, որը կապված է տարանցման հետ։ Կահիրեի համար, որն իր հիմնական արտարժութային եկամուտներն ապահովում է զբոսաշրջության և Սուեզով ծովային տարանցման հաշվին, նման հեռանկարը կործանարար հետևանքներ կունենա։

Մյուս կողմից՝ թուրք-իրաքյան երթուղին հնարավոր մրցակից է «Պարսից ծոց–Սև ծով» իրանա-հնդկական ճանապարհային նախագծի համար, որը տարանցման ուրվագծում ներառում է ԻԻՀ-ի, ՀՀ-ի և Վրաստանի տարածքները։  Թեհրանին չի կարող չանհանգստացնել այն հանգամանքը, որ Անկարան և Բաղդադն, ըստ էության, փորձում են առգրավել Հարավային Ասիայից Եվրոպա բեռնափոխադրումների առյուծի բաժինը և այդպիսով իսկ Իրանին դուրս մղել «Հյուսիս–Հարավ» միջմայրցամաքային ծրագրի առանցքային դիրքերից, որը հիմնականում լոբբինգ է անում ու ֆինանսավորում Հնդկաստանը։ OPEC-ի երկրների ծանուցած «Զարգացման ուղին» ունի մի շարք առավելություններ իրանա-հայ-վրացական նախագծի համեմատ։ Առաջին. գործնականում արդեն գրեթե փող է գտնվել երկաթուղու շինարարության համար և, որ շատ կարևոր է, այն կստացվի մեկ աղբյուրից՝ ԱՄԷ-ի պետական միջոցներից։ Երկրորդ. «Զարգացման ուղին» ենթադրում է նվազագույնի հասցնել անխափան բեռնահոսքերի ֆինանսական ծախսերը և ժամանակը, քանի որ խոսքն այս պարագայում վերաբերում է Հնդկական օվկիանոսը Միջերկրական ծովին անդադար կապող երկաթգծային ուղուն, ինչը բացառում է ավելի քան 2000 կմ երկարության ճանապարհին ապրանքների փոխաբեռնման անհրաժեշտությունը։ Երրորդ. «Զարգացման ուղի» նախագծի մասնակից կողմերը պարտավորվել են ստեղծել արդյունավետ արտոնյալ գործառնական ռեժիմ՝ ներառյալ նյութական, ֆինանսական և տեղեկատվական հոսքերի կենտրոնացումը բարձրորակ առաքման ծառայությունների զուգակցմամբ, ինչը կապիտալի շրջանառության արագացում և ապրանքների, վճարման և այլ փաստաթղթերի անցման համաժամացում կապահովի։ Hellenic Shipping News-ի տվյալներով՝ մինչև 2028 թ. Պարսից ծոցի Գրանդ Ֆաու նավահանգիստը, որի արդիականացմանը, բացի ԱՄԷ-ից, մասնակցում է նաև Կատարը, կարող է մշակման և փոխադրման համար «Զարգացման ուղու» երթուղին ապահովել ավելի քան 36 մլն տոննա բեռնարկղային և 22 մլն տոննա սորուն բեռներով(6)։ Նման թողունակության հասնելու և ճանապարհային ծառայության ծանուցված հարմարությունների պայմաններում Պարսից ծոցի իրանական Չաբահար նավահանգիստը ձեռք կբերի ուժեղ մրցակից՝ ի դեմս Գրանդ Ֆաուի, որը կարող է իր վրա կենտրոնացնել ասիական ու եվրոպական խոշորագույն առևտրային և փոխադրող ընկերությունների ուշադրությունը։ Հաշվի առնելով, որ  իրանա–հայ–վրացական, իրանա–ադրբեջանական և իրանա–ռուսաստանյան անդրկասպյան երթուղիների գործարկման ուղղությամբ Թեհրանի աշխատանքները ձգձգվում են մի շարք քաղաքական, ֆինանսական և տեխնիկական պատճառներով, «Զարգացման ուղին» կարող է առաջ անցնել Հյուսիս–Հարավ առանցքով անդրասիական բեռնահոսքերի համար մրցակցային պայքարում։ Սակայն եգիպտական և իրանական նշված ուղիներից բացի, «Զարգացման ուղին», փաստորեն, մարտահրավեր է նետել ևս մեկ լայնածավալ տրանսպորտա-էներգետիկ տարածաշրջանային ծրագրի, որի առանցքային շահառուն Իսրայելն է։ Եվ հենց այս հանգամանքն է թուրք–իսրայելական հարաբերություններում լարվածության աճի ստվերային գործոններից մեկը, որի մասին Անկարան ու Թել Ավիվը գերադասում են չբանավիճել հանրային տիրույթում։

Բանն այն է, որ դեռևս 09.09.2023 թ. Նյու Դելիում կայացած G-20 գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի նախագահ Ջ. Բայդենը հայտարարել էր India–Middle East–Europe Economic Corridor (IMEC) երկաթուղային և ծովային մուլտիմոդալ միջանցքի ստեղծման մասին, որը պետք է իրար կապեր Հնդկաստանը, Մերձավոր Արևելքը և Եվրոպան։ Համաձայն Սպիտակ տան կայքէջում հրապարակված փոխըմբռնման հուշագրի՝ IMEC-ը նպատակաուղղված էր «տնտեսական զարգացման խթանմանն Ասիայի, Պարսից ծոցի երկրների և Եվրոպայի միջև կապերի և ինտեգրման ընդլայնման միջոցով»։ Նախագծում նախատեսված էր երկու միջանցք։ Համաձայն ծանուցված ծրագրերի՝ «Արևելյան միջանցքը» պետք է Հնդկաստանը ծովով կապեր Պարսից ծոցի և ԱՄԷ-ի հետ, իսկ «Հյուսիսային միջանցքը»՝ Պարսից ծոցը հունական Պիրեյ նավահանգստի հետ՝ ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և Իսրայելի միջոցով։ Ծրագրված երկաթգծային երթուղու երկայնքով պետք է անցկացվեին էլեկտրամատակարարման և թվային հաղորդակցության մալուխներ, ինչպես նաև խողովակաշար՝ արտամղելու համար «կանաչ» ջրածինը (ստացվում է ջրից՝ վերականգնվող էներգիայի աղբյուրներից ստացված էլեկտրականության օգտագործման միջոցով)(7)։

IMEC նոր երթուղու հայեցակարգն առաջարկվել էր Բայդենի հայտարարությունից երկու տարի առաջ։ Այդ մասին առաջին անգամ հայտնի է դարձել 18.10.2021-ին՝ Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Իսրայելի և ԱՄԷ-ի ԱԳ նախարարների հանդիպումից հետո(8)։ Այդ ժամանակից սկսած՝ ԱՄՆ-ն ակտիվ աշխատանք է ծավալել Սաուդյան Արաբիայի հետ, որի տարածքով նախատեսվում էր անցկացնել երկաթուղու հիմնական հատվածը՝ Պարսից ծոցից մինչև Միջերկրական ծովի իսրայելական ափ։

Բանակցությունների արդյունքը դարձավ նախագծին մասնակցելու սաուդցիների համաձայնությունը և միջանցքի շինարարության համար $20 մլրդ հատկացնելու նրանց պատրաստակամությունը։ 2023 թ. Բայդենի կողմից Նյու Դելիում նախագիծը ներկայացվելուց անմիջապես հետո ամերիկյան ԶԼՄ-ներն այդ իրադարձությունն անվանեցին արտաքին քաղաքականության ասպարեզում Նահանգների ամենամեծ հաջողությունը՝ առնվազն վերջին տասնամյակում։

Համարվում էր, որ IMEC-ը, նախ, կդառնա Պեկինի անդրմայրցամաքային «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի անհաղթահարելի աշխարհառազմավարական մրցակիցը և Հնդկաստանի աճող արդյունաբերական հզորության շնորհիվ չինական արտադրանքը դուրս կմղի եվոպական ու աֆրիկյան շուկաներից(9)։ Երկրորդ. գոհունակությամբ նշվել է, որ այդ երթուղին լրացուցիչ կապող հանգույց կդառնա մի կողմից՝ Իսրայելի և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) առանցքային երկրների՝ Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Հորդանանի միջև, մյուս կողմից՝  ինչը համապատասխանում է ամերիկա-իսրայելական դոկտրինին՝ միտված կանխելու ասիական երկրների և Մաղրիբի համերաշխությունը ազգային (տվյալ դեպքում՝ արաբական) կամ իսլամական ինքնության հիման վրա:

Չնայած նրան, որ շատ փորձագետներ IMEC-ի նախաձեռնությունը համարում էին չինական ծրագրին «ձեռաց հապճեպ կարված հականախագիծ», այն իրականություն դառնալու մեծ հնարավորություններ ունի, այն էլ՝ համեմատաբար կարճ ժամկետներում։ Նախ և առաջ՝  IMEC-ի նախաձեռնության գլխավոր առավելությունն այն էր, որ ծրագրի մասնակից բոլոր երկրներն էլ, ի տարբերություն «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում Չինաստանի գործընկերների, ֆինանսապես ինքնաբավ էին՝ պատրաստ անհապաղ ներդրումներ կատարել աշխատանքներում։ IMEC-ի հունական հատվածի ծախսերը պատրաստ էին հոգալու եվրոպական ծանրքաշայիններ Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան, որոնց առավելապես գրավում էր նախաձեռնության «կանաչ էներգիա» բաղադրիչը, որը խոստանում է մաքուր էներգիայի լրացուցիչ աղբյուրներ մատակարարել Հին Աշխարհին։

Ընդհանուր առմամբ՝ կարելի է ենթադրել, որ արդեն մինչ այժմ IMEC-ը մեծ ծավալի կատարված աշխատանք կարձանագրեր, եթե չլիներ մի չափազանց կարևոր հանգամանք, որը շեղեց իրադարձությունների ընթացքը Մերձավոր Արևելքում և ամբողջ աշխարհում։ Ջ. Բայդենի կողմից նախագիծը ներկայացվելուց մեկ ամիս էլ չանցած՝ ՀԱՄԱՍ-ը լայնածավալ հարձակում կազմակերպեց Իսրայելի վրա, ի պատասխան որի՝ Թել Ավիվը Գազայում սկսեց  «Երկաթե սրեր» ռազմագործողությունը։ Պաղեստինա-իսրայելական նոր դաժան պատերազմն առնվազն սառեցրեց նախաձեռնությունը՝ անհնարին դարձնելով դրա իրագործումը գոնե տվյալ փուլում։ Բաց աղբյուրներից քաղված տվյալների համաձայն՝ IMEC նախագծի շրջանակներում ներկայումս հանդիպումներ կամ քննարկումներ չեն ընթանում։ Իսրայելը, որի տարածքում պետք է հանգուցվեր երթուղին, երկու ճակատով խրված է պատերազմի մեջ։ Հորդանանը գտնվում է հնարավոր պայթյունի գոտում՝ հաշվի առնելով նրա ռազմավարական գործընկերային հարաբերությունները Թել Ավիվի և ԱՄՆ-ի հետ։ Սաուդյան Արաբիան կենտրոնացած է արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի կրեատիվ նախագծերի վրա։ Ակնհայտ է, որ IMEC-ը լավագույն դեպքում սառեցված է, եթե ոչ՝ ամբողջովին զրկված ապագայում դրա վրա աշխատանքները վերսկսելու հեռանկարից։

Հավանաբար, հատկապես վերը նշվածի տրամաբանության մեջ է, որ արևմտյան քաղաքական շատ գործիչներ ու փորձագետներ պնդում են, թե Իրանի «մատը» խառն է Իսրայելի վրա 07.10.2023 թ. կատաղի հարձակումը կազմակերպելու գործում։ Այսինքն՝ Իսրայելի վրա անցյալ տարվա հարձակմանն Իրանի մասնակցության դրդապատճառներից մեկը համարվում է IMEC-ը, որը մրցակցում է իրանա-հնդկական «Հյուսիս–Հարավ» նախագծի հետ՝ իր վրա գրավելով Նյու Դելիի ուշադրությունը։ Թեհրանը, իր առաջարկած երթուղիների գրավչությունը կորցնելու ու Հարավային Ասիա–Եվրոպա աշխարհառազմավարական ու աշխարհատնտեսական հանգույցի ճամփեզրին հայտնվելու մտավախություն ունենալով, նախընտրեց «առաջանցիկ խաղալ» և հիմնավորապես ապակայունացնել այն տարածաշրջանը, որտեղով պետք է անցներ    մրցակից ճանապարհային միջանցքը։ Հենց տվյալ տրամաբանության շրջանակներում է դիտարկվում Կարմիր ծովում Բաբելմանդեբի նեղուցի փաստացի շրջափակումը Թեհրանի դաշնակից հութիների կողմից, ինչի շնորհիվ Սուեզի ջրանցքը մեծապես կորցրել է հետաքրքրությունը միջազգային ծովային բեռնափոխադրողների շրջանում։ Այսպես, թե այնպես՝ վերոնշյալ երթուղիների անվտանգության արժեզրկումը ծառայում է Իրանի շահերին՝ Թեհրանի մտադրությունների համատեքստում՝ իր տարածքն ու ենթակառուցվածքները, որպես  ամենահարմար տարանցիկ հարթակ, առաջարկելու Հնդկաստանին ու Եվրոպային՝ Ռուսաստանի հետ մեկտեղ։ Դիտարկվող տրամաբանության մեջ Իրանի շահերը բավականին պարզ են երևում։

Սակայն չպետք է մոռանալ Թուրքիայի մասին, որը, ինչպես ցույց են տալիս իրադարձությունները, նույնպես հայտնվել է տարածաշրջանային այն խաղացողների շարքում, ովքեր  շահագրգռված են, որպեսզի պաղեստինա-իսրայելական պատերազմը երկարաժամկետ ու կատաղի բնույթ կրի։ Առ այսօր չկա որևէ ապացույց, թե արդյո՞ք թուրքական հետախուզությունը ներգրավված էր 07.10.2023-ի իրադարձություններին, սակայն անվիճելի է այն փաստը, որ Գազայում, այնուհետև՝ Լիբանանում ռազմագործողությունների բռնկումն ու շարունակումը հետևողականորեն նպաստում են «Զարգացման ուղի» երթուղու ստեղծման Թուրքիայի ծրագրերին։ Սա մասամբ պարզաբանում է, թե ինչու է Ռ. Էրդողանը հակված հակաիսրայելական հռետորաբանությանը՝ հավակնելով պաղեստինցիների պաշտպանի դերին և, միաժամանակ, անշեղորեն ռազմավարական հումք և արտադրանք է մատակարարում Թել Ավիվին։ Գազայում Իսրայելի երկարատև ռազմագործողությունը և ՑԱՀԱԼ-ի ներխուժումը Լիբանան Ռ. Էրդողանի համար հնարավորությունների պատուհան բացեցին՝ Սիրիայի հետ հարաբերությունները կայունացնելու, ինչպես նաև Իրանի հետ մերձեցման փորձերի համար, որի հետ տասնամյակներ շարունակ Անկարայում հակասություններ են կուտակվել։  Այդ ջանքերին մեծապես նպաստեցին նաև ԱՄԷ-ն ու Կատարը, որոնք IMEC նախագծի սառեցումից հետո, ձգտում էին չկորցնել Հնդկաստանի ռազմավարությունից օգտվելու՝ Մերձավոր Արևելքով և Պարսից ծոցով դեպի Եվրոպա դուրս գալու հնարավորությունը։ Կարևոր է նաև նկատի ունենալ, որ ԱՄԷ-ն փորձում է թույլ չտալ, որ Եվրոպայի հետ հնդկական գլոբալ առևտրի հարցը տեղափոխվի ոչ մշտապես բարեկամ Իրանի տիրույթ։ Թուրքիան իր հերթին նաև քայլեր է ձեռնարկում «Պարսից ծոց–Սև ծով» իրանական երթուղին  արժեզրկելու ուղղությամբ։ Կարելի է ենթադրել, որ Բաքվի, ապա և ժամանակին Անկարայի ագրեսիվ հռետորաբանությունը Սյունիքի տարածքով հաղորդակցության հարցում ուղղված է լարվածության մթնոլորտի պահպանմանն Իրանի հյուսիսային սահմաններում և, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում։ Այս տեսակետից միանգամայն հավանական է, որ ա. կ. «Զանգեզուրի միջանցքի» բռնազավթման հարցն  իրականում դրված չէ թուրք-ադրբեջանական երկյակի օրակարգում՝ դա չափազանց վտանգավոր կլիներ Անկարայի և Բաքվի համար, սակայն առկա է ձգտում Նյու Դելիի աչքում արժեզրկելու Սյունիքի զարկերակի անվտանգությունը, ինչը նշանակում է տապալել վերջինիս լայն օգտագործման հեռանկարները։ Թե Թուրքիայի համար սկզբունքորեն ինչքան կարևոր է «Զարգացման ուղի» նախագիծը, հուշում է այդ երկրի չափազանց զգուշավոր վերաբերմունքը Հնդկաստանի հանդեպ։ 22.10.2024 թ. Կազանում մեկնարկեց ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը, որից հետո հայտնի դարձավ, որ մերժվել է Թուրքիայի, որին միջոցառմանը ներկայացնում էր անձամբ նախագահ Ռ. Էրդողանը, անդամակցումն այդ կազմակերպությանը։ Միջազգային ԶԼՄ-ներն անմիջապես նշեցին, որ հենց Հնդկաստանն է դեմ արտահայտվել կազմակերպությանը Թուրքիայի լիարժեք մասնակցությանը։ Այս թեման մեկնաբանած բոլոր փորձագետներն էլ ենթադրություն էին հայտնել, թե Հնդկաստանը նման քայլի է դիմել Նյու Դելիի հանդեպ թշնամական  Իսլամաբադի հետ Անկարայի դաշնակցային հարաբերությունների պատճառով(10)։ Այսպես, թե այնպես՝ տեղի ունեցածը մեծ հարված էր Թուրքիայի հեղինակությանը և Էրդողանի ինքնասիրությանը։ Թուրքիայի նախագահի աշխատակազմը շտապել էր հերքել «հնդկական վետոյի» մասին լուրերը, հայտարարելով, որ Թուրքիայի կամ այլ երկրների անդամակցության հարցը ԲՐԻԿՍ-ի կազանյան գագաթնաժողովի օրակարգում ընդհանրապես չկար(11)։ Սակայն և՛ Ռ. Էրդողանը, և՛ նրա արտգործնախարար Հ. Ֆիդանը Կազանի հանդիպումների թեմայով իրենց հարցազրույցներում շրջանցում էին «հնդկական վետոյի» մասին լուրերը՝ այդպիսով իսկ անուղղակիորեն հաստատելով, որ Թուրքիայի անդամակցության հայտը մնացել է օդում կախված(12),(13)։ Հարկ էր սպասել, որ այլ հանգամանքներում և այլ ընդդիմախոս պետության պարագայում Ռ. Էրդողանը չէր զլանա արտահայտվել նման «ոչ բարեկամական դեմարշի» մասին, սակայն այդ անգամ Թուրքիայի ղեկավարը սառնասրտություն դրսևորեց։ Հատկանշական է նաև, որ Էրդողանը, ինչպես, ի դեպ,  նաև Ի. Ալիևը երբևէ չեն հնչեցրել իրենց դժգոհությունը Նյու Դելիից՝ Հայաստանին հնդկական զենք մատակարարելու կապակցությամբ, թեև մեկ անգամ չէ, որ «նմանատիպ գործողությունների համար» բացահայտ քննադատել են Ֆրանսիային ու, նույնիսկ, ԱՄՆ-ին։ Ընդհանուր առմամբ, այն տպավորությունն է ստեղծվում, թե Անկարան Հնդկաստանի նկատմամբ զգուշավոր դիրքորոշման է հակված և ձգտում է ցույց տալ, որ, չնայած Պակիստանի հետ իր դաշնակցային  կապերին, մտադիր է  հարթ հարաբերություններ պահպանել Նյու Դելիի հետ՝ չբացառելով դրանց վերածումը գործընկերության։ Թուրքիայի քաղաքականության համար նման ոչ ավանդական վարքագիծը հասկանալի է դառնում, եթե հաշվի առնենք «Զարգացման ուղու» կարևորությունը Թուրքիայի համար։ Առանց Հնդկաստանի շահագրգռվածության և համաձայնության այդ նախագիծը, անկախ ամեն ինչից, չի կարող կյանքի կոչվել, քանի որ հենց Նյու Դելին է «Հյուսիս–Հարավ» գլոբալ ծրագրի գլխավոր շահառուն, որը մարտահրավեր է նետել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախագծին։ Թուրքիան հասկանում է, որ Պարսից ծոցից դեպի Եվրոպա, Ռուսաստան և Հյուսիսային Աֆրիկա տանող հարմար երթուղիների անցկացման օրակարգում վերջին խոսքը պատկանում է Հնդկաստանին՝ միջուկային զինանոց, իր հզորությամբ աշխարհի 4-րդ բանակ, մոլորակում ամենամեծ բնակչություն, արագ զարգացող տնտեսություն ունեցող և վերը թվարկված հատկանիշներին համապատասխան՝ հարաճուն հավակնությունների տեր ասիական տերությանը։

Հետևապես՝ Անկարան հետագայում ևս նրբանկատորեն կխաղա իր արտաքին քաղաքականության «հնդկական ուղու» վրա՝ ձգտելով հասնել Նյու Դելիի բարյացակամությանն ու փորձել համոզելու նրան, որ Պարսից ծոցից Մերսին տանող ճանապարհը լավագույն այլընտրանքն է արևմտյան ուղղությամբ Հնդկաստանի տնտեսական էքսպանսիայի համար։ Սակայն դրա համար Թուրքիան դեռ պետք է ապացուցի, որ Իրաքի հետ իր հարաբերությունների ջերմացումը կդիմանա ժամանակի քննությանը, և որ Քրդական հարցը, որի «խաղաղ լուծմանը» Անկարայում ներկայումս փորձում են ընդհուպ մոտենալ, այլևս չի սպառնա անդրազգային առևտրին։ Եվ, իհարկե, դրան զուգահեռ Թուրքիան ստիպված կլինի շարունակել կոշտ հռետորաբանությունը պաղեստինա-իսրայելական և լիբանանա-իսրայելական պատերազմների վերաբերյալ, ինչպես նաև պահպանել լարվածությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Սա բարդ ու վտանգավոր խաղ է Անկարայի համար, բայց այնտեղ, հավանաբար, համոզված են, որ «խաղն այդ կարդարացնի իրեն»։

(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 11.11.2024 թ.:

(2)  Բիկովա Անաստասիա, «Իրաքին և Թուրքիային կկապի «Զարգացման ուղի» նոր առևտրային երթուղին». (ռուս.) Logist. Today (28.03.2023), https://logist.today/ru/dnevniklogista/2023-03-28/irak-i-turtsiyu-soedinit-novyj-torgovyj-marshrut-doroga-razvitiya/ (բեռնման օրը՝  08.11.2024):

(3) «Էրդողանը 12 տարվա մեջ առաջին անգամ այցով ժամանել է Իրաք». (ռուս.) Интерфакс (22.04.2024), https://www.interfax.ru/world/957135\ (բեռնման օրը՝ 07.11.2024):

(4) «Վերլուծաբանը պատմել է, թե ինչ չափով է բեռների հոսքը նվազել Սուեզի ջրանցքով». (ռուս.) РИА НОВОСТИ (20.01.2024), https://ria.ru/20240120/gruzopotok-1922465965.html\ (բեռնման օրը՝  07.11.2024):

(5) Սարգսյան Լաուրա, «Ինչպես է Թուրքիան Պաղեստինն օգտագործում առևտրային ուղիների վերաձևման համար». (ռուս.) SPUTNIK (28.06.2024), https://am.sputniknews.ru/20240628/v-obkhod-armenii-kak-turtsiya-ispolzuet-palestinu-dlya-perekroyki-torgovykh-putey-77760475.html\ (բեռնման օրը՝  07.11.2024):

(6) Սարգսյան Լաուրա, «Ինչպես է Թուրքիան Պաղեստինն օգտագործում առևտրային ուղիների վերաձևման համար». (ռուս.) SPUTNIK (28.06.2024), https://am.sputniknews.ru/20240628/v-obkhod-armenii-kak-turtsiya-ispolzuet-palestinu-dlya-perekroyki-torgovykh-putey-77760475.html\ (բեռնման օրը՝ 07.11.2024):

(7) «ԱՄՆ-ը և Հնդկաստանը կկառուցեն Եվրոպա տանող միջանցք»: (ռուս.) Ведомости (11.09.2023), https://www.vedomosti.ru/politics/articles/2023/09/11/994386-ssha-i-indiya-postroyat-koridor-v-evropu\ (բեռնման օրը՝ 10.11.2024):

(8)  «Մեկ նպատակով. արդյո՞ք մրցակցելու են IMEC-ը և «Մեկ գոտի, մեկ ճանապարհը»».  (ռուս.) ТАСС (22.09.2023), https://tass.ru/opinions/18817749\ (բեռնման օրը՝ 08.11.2024):

(9) «Տնտեսական միջանցք» Հնդկաստանից դեպի Եվրոպա. ԱՄՆ նոր ծրագիրը Չինաստանի դեմ»: (ռուս.) Ռազմաքաղաքական վերլուծաբանություն (17.09.2023), https://vpoanalytics.com/geopolitika-i-bezopasnost/ekonomicheskij-koridor-iz-indii-v-evropu-novyj-plan-ssha-protiv-kitaya/ (բեռնման օրը՝  09.11.2024):

(10) «Փորձագետ.  Թուրքիայի մուտքը ԲՐԻԿՍ արգելափակված է Հնդկաստանի կողմից՝ Պակիստանի հետ Անկարայի լավ հարաբերությունների պատճառով»: (ռուս.) Ռազմական տեսություն (24.10.2024), https://topwar.ru/252479-jekspert-vstuplenie-turcii-v-briks-blokiruet-indija-iz-za-horoshih-otnoshenij-ankary-s-pakis tanom.html\ (բեռնման օրը՝  07.11.2024):

(11) «Անկարայում հերքել են ԲՐԻԿՍ-ին Թուրքիայի անդամակցությունը Հնդկաստանի կողմից արգելափակելու մասին հաղորդագրությունները»: (ռուս.) ТАСС (24.10.2024), https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/22222061\ (բեռնման օրը՝  07.11.2024):

(12) «Ֆիդանը հայտարարել է, որ ԲՐԻԿՍ-ի ընդլայնման հեռանկարները հասկանալի կդառնան ապագայում»: (ռուս.) ТАСС (03.11.2024), https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/22302867\ (բեռնման օրը՝  09.11.2024):

(13) «Էրդողանն օգտակար է անվանել ԲՐԻԿՍ-ի հետ հարաբերությունների զարգացումը»: (ռուս.) Lenta.ru (28.10.2024), https://lenta.ru/news/2024/10/28/erdogan-nazval-vygodnym-razvitie-otnosheniy-s-briks\ (բեռնման օրը՝ 09.11.2024):