Մեկնաբանություններ

Սիրիան՝ համաշխարհային խաղի կիզակետում

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 02.12.2024 թ.(1)

Իրադարձությունները Սիրիայում շատ արագ են զարգանում։ Ընդամենը մեկ շաբաթում արաբական հանրապետությունում ռազմաճակատի ուրվագիծը վերադարձել է 2015–2020 թթ. պատկերին, երբ Բ. Ասադի կառավարությունը վերահսկում էր միայն Դամասկոսը, Հալեպի նահանգի մի մասը և Միջերկրական ծովի ափը։ Այն ժամանակ, Իրանի Իսլամական Հանրապետությունն (ԻԻՀ) և Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) աջակցությամբ, Ասադին հաջողվեց վերականգնել վերահսկողությունը երկրի մեծ մասի վրա, ներառյալ՝ Մ5 ռազմավարական մայրուղին, որը կապում էր Սիրիայի չորս խոշոր քաղաքները՝ Դամասկոս, Հոմս, Համա, Հալեպ։

Ներկա իրադարձությունները վկայում են այն մասին, որ հենց Թեհրանի և Մոսկվայի լիարժեք աջակցության՝ «հողի վրա» բացակայելու պատճառով, ընդամենը մի քանի օրում ապստամբ բանակների և ջիհադական խմբավորումների հանրագումարի հանկարծակի հարձակումը խորտակեց կառավարության ուժերի պաշտպանությունը։ Հնարավոր է, որ հակակառավարական ուժերի հարձակումը պայմանավորված էր ընդդիմության վստահությամբ, որ դաշնակիցները չեն կարողանա ապահովել անհրաժեշտ աջակցություն Բ. Ասադին։ «Հեզբոլլահ»-ը, որի օգնությամբ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ՀՊԿ) ամրապնդել էր Ասադի դիրքերը, գրեթե գլխատված և հյուծված է Լիբանանում Իսրայելի Պաշտպանության բանակի հետ մարտերում, իսկ Սիրիայում տեղակայված ռուսական ավիացիոն և այլ ստորաբաժանումների մի զգալի մասը տեղափոխվել են ուկրաինական ճակատ։ Հաշվի առնելով այս հանգամանքները, «ապստամբ բանակների» համաժամանակյա երթը դեպի Սիրիայի խոշորագույն քաղաքները կանխատեսելի էր, և հարցն այն էր, թե երբ այս որոշումը կընդունվեր «սիրիական ընդդիմության» խնամակալությունը ստանձնած կենտրոնների կողմից։

Իրադարձությունների վերլուծությունը թույլ է տալիս ուրվագծել սիրիական հերթական ընդվզման հիմնական շահառուներին՝ ԱՄՆ-ին, Իսրայելին և Թուրքիային, որոնց շահերը սերտորեն փոխկապակցված են Բ. Ասադի ռեժիմի վերացման և ՍԱՀ տարածքային ամբողջականության հարցերում։

Իսրայելը ձգտում է ապամոնտաժել իր հանդեպ թշնամաբար տրամադրված «Մերձավոր Արևելքի շիա աղեղի» նկատմամբ, որը ներառում է Իրանին դաշնակից պետական ռեժիմներ և պատվիրակված խմբավորումներ։ Թուրքիան ցանկանում է վերացնել Սիրիայում Բ. Ասադին հավատարիմ քրդական կազմավորումները և ընդլայնել օկուպացիոն քաղաքականության ծավալը դրա հյուսիսում։ ԱՄՆ-ի նպատակները պայմանավորված են ավելի լայնամասշտաբ խնդիրներով, որոնք բխում են ՌԴ-ի նկատմամբ գլոբալ ճնշման ռազմավարությունից։ Պատահական չէ, որ Սիրիայում մարտական գործողությունները ժամանակագրորեն համընկնում են ուկրաինական ճակատում իրադարձությունների կիզակետի հետ, որտեղ Կիևի համար դժվարանում է կայունացնել ճակատը, և Վրաստանում ընտրություններից հետո իրադարձությունները, որոնք կարող են վերածվել քաղաքացիական պատերազմի։ Այդպիսով, Վաշինգտոնը նպատակ է դնում, առնվազն, ստիպել Մոսկվային բաժանել իր ուժերը Ուկրաինայի և Սիրիայի միջև, իսկ բարենպաստ պայմաններում՝ զրկել ՌԴ-ին իր ռազմավարական նվաճումից՝ Մերձավոր Արևելքում ռազմական-քաղաքական ներկայությունից ։

Վերջին իրադարձությունները Ուկրաինայում, Վրաստանում և Սիրիայում անմիջական կապ ունեն ԱՄՆ-ի ներքաղաքական իրավիճակի հետ։ Կարծես թե դեմոկրատները, իշխանությունը հանրապետականներին փոխանցելու նախօրեին, դիտավորյալ ստեղծում են պայթյունավտանգ խնդիրներ ռուս-ամերիկյան աշխարհաքաղաքական ճակատի ամբողջ պարագծով։ Դրանց կարելի է վերագրել Ջո Բայդենի կողմից Ուկրաինայի զինված ուժերին տրված՝ արևմտյան բալիստիկ հրթիռներով ռուսական տարածքի խորքում տեղակայված թիրախներին հարվածելու թույլտվությունը, վրացական ընդդիմության ռադիկալացումն ընտրված իշխանությունների դեմ պայքարում, և իրավիճակի ապակայունացումը Սիրիայում ռուսական խմբավորման շուրջ, որը սպառնում է բերել ռուսական ԶՈՒ անմիջական բախմանը ՆԱՏՕ-ի ուժերի հետ՝ ի դեմս Թուրքիայի։ Այսպիսով, դեմոկրատները Դոնալդ Թրամփին, ով խոստացել էր կարճ ժամանակում «մարել» հակամարտության օջախները, առաջարկում են գլուխկոտրուկ, որը հեշտ չի լինի լուծել։

Չնայած այն փաստերին, որոնք վկայում են ԱՄՆ-ի, Իսրայելի և Թուրքիայի կապը Սիրիայի իրավիճակի հետ, վերջիններս ամեն կերպ հերքում են իրենց մասնակցությունը սիրիական վերջին իրադարձություններին։ Թել Ավիվը ցույց է տալիս, որ զբաղված է բացառապես Գազայի և լիբանանյան սահմանային խնդիրներով։ Անկարան, ի դեմս Հաքան Ֆիդանի, ազդակներ է տալիս, որ Թուրքիային ձեռնտու չէ ՍԱՀ-ում լայնածավալ հերթական պայթյունը, գոնե հաշվի առնելով երկիր սիրիացի նոր փախստականների հոսքի սպառնալիքը։ Իր հերթին, Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ Հալեպի շրջակայքում ռազմական գործողությունների վերսկսման լուրը նրանց համար լիակատար անակնկալ էր։ Եվ այս ամենը արաբական աղբյուրների այն վկայությունների ֆոնին, որ մարտերի ընթացքում սիրիական բանակի զինվորների և նրանց աջակցող ուժերի մոտ, ճիշտ Լիբանանի օրինակով, պայթել են փեյջերները, ջիհադիստների հարձակումը սկսվել է Լիբանանում հրադադարի հայտարարումից և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի Անկարա ժամանելուց մեկ օր անց, իսկ Սիրիայում ահաբեկչական խմբավորումների կողմից գրավված վարչական շենքերի վրա արդեն զանգվածաբար ծածանվում են թուրքական դրոշները։

Ներկայիս աղբյուրները հայտնում են, որ Թեհրանը արդեն սկսել է Սիրիա տեղափոխել հատուկ նշանակության ցամաքային ուժեր։ Իր հերթին, Մոսկվան Բ. Ասադին խոստացել է ուժեղացնել իր օդատիեզերական ուժերը ՍԱՀ-ում (Խմեյմիմի բազա) նորագույն բազմագործառույթային կործանիչներով և մեծացնել տրամադրվող զինամթերքի պաշարը։ Բացի այդ, Կրեմլը փոխել է Սիրիայում ռուսական խմբավորման հրամանատարին, ինչը կարող է վկայել ինչպես տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո վերջինիս գործունեության նկատմամբ դժգոհության, այնպես էլ՝ խստագույն միջոցների ձեռնարկման որոշման մասին։

Ակնհայտ է, որ Սիրիայի դաշնակիցները հասկանում են իրենց դիրքերի խոցելիությունը այս արաբական երկրում և ցուցաբերում են պատրաստակամություն՝ մասնակցելու Բ. Ասադի կառավարության փրկության համար պայքարին։ Մյուս հարցն այն է, թե արդյո՞ք Մոսկվան և Թեհրանը պատրաստ են սերտորեն համագործակցել՝ հաջողության հասնելու հավանականությունը մեծացնելու համար։

Հետևելով զարգացող իրադարձությունների տրամաբանությանը՝ կարելի է ենթադրել, որ եթե ԱՄՆ-ին, Իսրայելին և Թուրքիային հաջողվի պահպանել իրենց գործողությունների տեմպը և չեզոքացնել ԻԻՀ-ի և ՌԴ-ի ջանքերը, ապա ՍԱՀ-ից հետո, և, հնարավոր է, դրա տրոհմանը զուգահեռ, հարվածի տակ կարող են ընկնել նաև Իրանի պատվիրակված խմբավորումները Իրաքում և Եմենում։ Չի բացառվում նաև իրավիճակի ապակայունացում Իրանի հյուսիսային սահմաններում, մասնավորապես՝ Հայաստանի Սյունիքում, որի հարևանությամբ՝ Նախիջևանում, նկատվում է ադրբեջանական բանակի ուժերի և միջոցների կուտակում։ Բացառվում է, որ նման ակտիվությունը տեղի ունենա բացառապես Բաքվի նախաձեռնությամբ և միայն Անկարայի համաձայնությամբ։ Սիրիական ուղղությունը ցույց տվեց, որ այդ ուղղությամբ ընթացող «խաղը» խմբակային է, և այն կարող է ունենալ ավելի մեծ նպատակներ, քան գործող ռեժիմի տապալումը և այս երկրի մասնատումը։

(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 01.12.2024 թ.: