ՀՀ, Արցախ, Սփյուռք

Հայաստանը «ժողովրդագրական ձմռան» պայմաններում

Բոգդան Բ. Աթանեսյան(1)(2)

2024 թ. հունիսի սկզբին ամերիկյան հեղինակավոր The Wall Street Journal հանդեսը հրապարակել է մի նյութ, որում, վկայակոչելով փորձագետների հաշվարկները, նախազգուշացրել է մոլորակի վրա, այսպես կոչված, «ժողովրդագրական ձմռան» գալու մասին։

Հրատարակության համաձայն՝ աշխարհում ծնելիության մակարդակը կտրուկ նվազում է ինչպես զարգացած, այնպես էլ՝ անապահով երկրներում, ինչը նախկինում չէր նկատվում։ Եթե հարուստ երկրներում (ԱՄՆ, Կանադա, եվրոպական երկրներ, Ճապոնիա, Ավստրալիա) ծնելիության անկում է գրանցվում սկսած անցյալ դարի 70-ական թվականներից, ապա նույն միտումն այժմ նկատվում է գրեթե բոլոր երկրներում, որոնցում նախկինում հետևողականորեն արձանագրվում էր բնակչության բնական աճ։ The Wall Street Journal-ը հայտնում է, որ նույնիսկ Հնդկաստանը, որը 2023 թ. դարձավ մոլորակի ամենախիտ բնակեցված երկիրը, գրանցում է վերարտադրության մակարդակից ցածր ծնելություն։ 2023 թ. տարեվերջին ծնելիության մակարդակը ՄԱԿ-ի կանխատեսումից ցածր էր Չինաստանում 16%-ով, Եգիպտոսում՝ 17%-ով, ԱՄՆ-ում՝ 4%-ով։ Իսկ բնակչության աճի աֆրիկյան նախկին ռեկորդակիր Քենիան դեռ 2022 թ. ՄԱԿ-ի կանխատեսումների համեմատ գրանցել էր 18%-ով ցածր տարեկան ծնելիության մակարդակ:

2017 թ. ծնելիության համաշխարհային մակարդակը (մեկ կնոջ երեխաների միջին թիվը) կազմել էր 2,5։ Այնուհետև ՄԱԿ-ը կանխատեսում էր, որ մինչև 2020-ականների վերջ այդ ցուցանիշը կնվազի մինչև 2,4-ը, սակայն արդեն 2021 թ. այն հասել է 2,3-ի։ Մի շարք փորձագետներ, ընդհանուր առմամբ, կարծում են, որ իրական ծնելիությունը աշխարհում 10–20%-ով զիջում է ՄԱԿ-ի տվյալներին։ Փենսիլվանիայի համալսարանի ժողովրդագրության մասնագետ Խեսուս Ֆերնանդես-Վիլավերդեն ասել է, որ 2023 թ. համաշխարհային ծնելիությունը առաջին անգամ իջել է վերարտադրության մակարդակից: Սա նշանակում է, որ նույնիսկ խիտ բնակեցված աղքատ երկրները չեն կարող ապահովել մոլորակի բնակչության գլոբալ աճը, ինչպես որ այն տեղի էր ունենում վերջին 50 տարիների ընթացքում:

Արդյունքում առաջանում է երիտասարդների և տարեցների սերունդների հարաբերակցության անհավասարակշռություն։ Դեռևս 2023 թ. The Economist-ը գրել էր, որ այս փուլում գրեթե բոլոր երկրներն «արագ են ծերանում»՝ տարեցտարի ծնելիության գործակցի նվազման պատճառով: Այսպիսով, թերթի տվյալներով, այս առումով իրավիճակն ուղղակի աղետալի է Ճապոնիայում, Իտալիայում, Բրազիլիայում, Մեքսիկայում և Թաիլանդում։ Այս ցուցակում Լատինական Ամերիկայի և Արևելյան Ասիայի երկրների առկայությունը ցույց է տալիս, որ երիտասարդ, ակտիվ բնակչության թվի նվազումն ընդգրկում է ոչ միայն բավականին բարեկեցիկ երկրներ և հասարակություններ, որտեղ սոցիալական հոգեբանությունը երկար տարիներ ձևավորել է դասական ընտանիքների ստեղծման և արդյունավետ վերարտադրության թույլ պահանջարկ: Ըստ երևույթին, չգիտես ինչու, այժմ մտավոր արժեքների զանգվածային անկում է տեղի ունենում աղքատ երկրներում, որտեղ մինչև վերջերս բնակչության վերարտադրությունն անընդհատ զարգանում էր՝ չնայած սոցիալական դժվարություններին, կլիմայական և բնապահպանական անբարենպաստ պայմաններին և, նույնիսկ, պատերազմներին:

Համաշխարհային աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում հետաքրքիր է The Wall Street Journal-ի այն նկատառումը, որ բնակչության թվի նվազումը հանգեցնում է տվյալ երկրի գլոբալ ազդեցության նվազմանը։ Սա «հարցեր է առաջացնում գերտերությունների՝ ԱՄՆի, Չինաստանի և Ռուսաստանի երկարաժամկետ կարգավիճակի վերաբերյալ»: Այս երկրները նույնպես սրընթաց ծերանում են, և աշխատունակ ու ակտիվ բնակչության ռեսուրսի կրճատման պատճառով իրենց աշխարհաքաղաքական հավակնությունները բախվում են համապատասխան ժողովրդագրական ցուցանիշներով ապահովման խնդրին։

Այս առումով պետք է նշել, որ ամերիկյան ազդեցիկ հրատարակության բարձրաձայնած խնդիրը նոր չէ և վաղուց է անհանգստացնում երկրագնդի առանցքային աշխարհաքաղաքական դերակատարներին։ Նրանցից յուրաքանչյուրը յուրովի է ձգտում պաշտպանվել «ժողովրդագրական ձմռան» բացասական միտումներից։ Այսպես. Չինաստանը փորձում է խնդիրը լուծել՝ խթանելով ներքին ծնելիությունը, ինչը 10-20 տարի առաջ վարչական ու իրավական մեթոդներով խստորեն նվազեցրել էր։ ԱՄՆ-ը և եվրոպական երկրները, ընդհակառակը, ձգտում են ծածկել երիտասարդ բնակչության պակասուրդը սահմանված որակավորումներին համապատասխանող ներգաղթյալների ինտեգրման միջոցով։ ԱՄՆ-ն ունի այս եղանակի ամենահարուստ փորձը, և, հետևաբար, Միացյալ Նահանգներին հաջողվում է համեմատաբար արդյունավետ կերպով երիտասարդ բնակչության նվազող հատվածը համալրել դրսից բերվող ներուժով: Ռուսաստանի Դաշնությունն, իր հերթին, փորձում է կիրառել համակցված մեթոդ, սակայն, դատելով վիճակագրությունից և բաց տվյալներից, նման գործողությունների արդյունավետությունը կասկածելի է։ Մի կողմից, չնայած պետության խթանող սոցիալական ծրագրերին, բնիկների վերարտադրողական աճը շարունակում է ցածր մնալ, իսկ մյուս կողմից՝ հետխորհրդային տարածքի հիմնականում մահմեդական երկրներից ժամանող միգրանտների ինտեգրման գործընթացը «կաղում է»:

Այսպես թե այնպես, ժողովրդագրական խնդիրը դառնում է մոլորակի գլոբալ աշխարհաքաղաքական իրավիճակի էական գործոն։ Ի վերջո, խոսքը աշխատուժի, մտավոր ակտիվների, տնտեսական կենսունակության և ռազմական ռեսուրսների մասին է։ Այս բոլոր բաղադրիչները հավելյալ լրացնելու անհրաժեշտությունը պահանջում է համապատասխան քայլեր ցանկացած պետության կողմից: Փորձագետների կանխատեսումները համընկնումեն այն հարցում, որ մոտ ապագայում մարդկային ներուժը կդառնա ամենակարևոր գործոնը երկրների գոյատևման և հաջողության համատեքստում։

Այս լույսի ներքո պետք է ընդգծել, որ շատ բարդ տարածաշրջանում գտնվող Հայաստանի համար հարցը գոյութենական բնույթ է կրում։ Հայաստանի բնակչությունը 2023 թ. վերջին կազմում էր 3.004 հազար մարդ։ Ըստ վիճակագրության՝ վերջին 4 տարիների ընթացքում բնակչության աճը եղել է կայուն՝ տարեկան 0,36%, սակայն 2025 թ. սկսած բնակչության փոփոխությունների դինամիկան արդեն կընթանա հակառակ ուղղությամբ։ Դա կլինի հավաքական առումով ծնելիության անկման, մահացության աճի և երկրից բնակչության արտահոսքի հետևանք։ Ի լրումն աշխարհում առկա ընդհանուր միտումի, Հայաստանում նմանատիպ դինամիկան ակնհայտորեն խթանում են 2020–2022 թթ. իրադարձությունները՝ պատճառելով արական սեռի և վերարտադրողական տարիքի քաղաքացիների զգալի մասի կորուստ։ Միևնույն ժամանակ, վերոնշյալ կանխատեսումները հաշվի չեն առնում Հայաստանում արցախցի փախստականների առկայության փաստը։ Եթե նրանց զգալի մասը ստանա Հայաստանի քաղաքացիություն, միջնաժամկետ հեռանկարում ՄԱԿ-ի ցուցանիշները Հայաստանի համար զգալի փոփոխություններ կկրեն, բայց երկարաժամկետ հեռանկարում բնակչության նվազման դինամիկան անշեղորեն կաճի։ Ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալների՝ մինչև 2050 թ. ՀՀ բնակչությունը կնվազի մինչև 2.700 հազար մարդ, իսկ 2075 թ.՝ 2.264 հազար մարդ։ Այնուհետև, թվերի անկումը կշարունակվի և մինչև 2100 թ. այն կհասնի 1.848 հազարի։

Բաց և հավաստի տեղեկատվության բացակայության պատճառով դժվար է որոշել, թե արդյոք երկրի կառավարությունը և համապատասխան կառույցները մշակում են համապարփակ ծրագիր՝ նվազեցնելու ժողովրդագրական ռիսկերը Հայաստանի համար։ Սակայն, դատելով իշխանության առանձին քաղաքական գործիչների հայտարարություններից, Հայաստանի ներկայիս իշխանությունն առանձնապես չի հավատում բնակչության ժողովրդագրական աճը խթանող երկարաժամկետ ծրագրերի արդյունավետությանը։ Թերևս ծանր իրավիճակից ելքերի որոնումների լույսի ներքո նախապատվությունը տրվի բնակչության արհեստականորեն ավելացնելու տարբերակին՝ անապահով երկրներից ներգաղթյալների ներգրավմամբ։ Օրինակ, ՔՊ իշխող կուսակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը վերջերս հայտարարեց, որ Հայաստանը ժողովրդագրական խնդիրը լուծելու այլ ճանապարհ չունի, բացի այլ երկրների քաղաքացիների ընդունելուց. «Ես վստահ եմ, որ մենք կարող ենք բարելավել մեր ժողովրդագրությունը ներգաղթի միջոցով, այլ տարբերակ չկա: Մեզ շատ մարդիկ են պետք, որ Հայաստան գան, և ակնհայտ է նաև, որ այդ մարդիկ հայ չեն լինելու։ Հայեր կլինեն, իհարկե, բայց ոչ այնքան լավ երկրներից»։

Պատգամավոր Թորոսյանի խոսքերի հետ կապված հարկ է հիշատակել բրիտանական The Times հանդեսի այն աղմկահարույց հոդվածը, որտեղ նշվում էր, որ Միացյալ Թագավորությունը ինտենսիվ բանակցություններ է վարում պաշտոնական Երևանի հետ՝ երրորդ երկրներից միգրանտներին Հայաստան տեղափոխելու հնարավորության շուրջ։ Հիշեցնենք, որ խոսքը, այսպես կոչված, «ռուանդական սխեմայի/ծրագրի» մասին է (առաջին երկիրը, որը համաձայնություն է տվել Լոնդոնին, բայց դեռ չի սկսել կատարել իր պարտավորությունները, Ռուանդան էր), ըստ որի՝ Լոնդոնը ցանկանում է Միացյալ Թագավորությունում հաստատված անօրինական ներգաղթյալների որոշ մասին վերահղել երրորդ երկրներ՝ իրենց հայրենիք վերադարձը բացառելու պայմանով։ Ըստ The Times-ի ՝ հենց նման բանակցային օրակարգով էր, որ 2023 թ. սեպտեմբերին Երևան էր եկել Թագավորության փոխարտգործնախարար Լեո Դոքերտին։ Այս բանակցությունների մասին հայ հանրությունը տեղեկացավ միայն ընթացիկ տարվա գարնանը։ Մամուլի բազմաթիվ հարցումներին հանրապետության ԱԳՆ-ն պատասխանել էր կարճ հաղորդագրությամբ, որը լիովին չի պարզաբանում հարցը. «Հայաստանը և Մեծ Բրիտանիան ունեն քաղաքական երկխոսության լայն օրակարգ, սակայն [The Times] հրապարակման մեջ բարձրացված կոնկրետ հարցի շուրջ առարկայական և տեխնիկական բանակցություններ չեն եղել»։ Պատասխանից կարելի է եզրակացնել, որ, իրականում, Մեծ Բրիտանիայից առաջարկ է ստացվել ապօրինի ներգաղթյալների վերաբերյալ, սակայն այն դեռ հայկական կողմի քննարկման փուլում է։

Հաշվի առնելով այս և այլ կողմնակի տվյալները՝ կարելի է եզրակացնել, որ պաշտոնական Երևանը մտահոգված է հանրապետությունում սպասվող ժողովրդագրական անկման խնդրով և վերլուծում է խնդրի լուծման զանազան տարբերակներ՝ ընդհուպ մինչև արմատական, բայց ոչ այնքան հանրամատչելի միջոցների կիրառում, որոնց մասին ակնարկել է իշխանությանը մոտ կանգնած պատգամավորը։ Այնուամենայնիվ, ղեկավարությունը և համապատասխան գերատեսչությունները իրենց հաշվարկներում պետք է ցուցաբերեն առավելագույն զգուշավորություն՝ հաշվի առնելով բացասական հետևանքների և գոյութենական վտանգների զանգվածը, որ բերում է ներգաղթային հոսքերի «յուրացման» գործընթացը փոքր երկրների համար։ Այս տեսանկյունից Հայաստանի համար «ժողովրդագրական ձմեռը» հաղթահարելու ամենաօպտիմալ մեթոդը կարող է լինել ներկայիս բնակչության վերարտադրությունը խթանող լայնածավալ նպատակային և համակցված սոցիալական ծրագրերի մշակումն ու ֆինանսավորումը։ Միաժամանակ անհրաժեշտ է ավելի խորն ուսումնասիրել հայոց հայրենադարձության հնարավորություններն ու անհերքելի առավելությունները։

(1) Հրապարակախոս, վերլուծաբան, վավերագրող ռեժիսոր։ Հեղինակ է ավելի քան 1000 լրագրողական և քաղաքական-վերլուծական հոդվածների և 400 հեռուստատեսային վավերագրական տեսահոլովակների։ Աշխատել է «Հ1», «ԱՐ», «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններում։ Նա համագործակցել և եղել է «Голос Армении», Aysor.am, Voskanapat, «Ազատ Արցախ» և այլ պարբերականների ու լրատվական կայքերի թղթակից։

(2) Հոդվածը բերվում է թարգմանաբար՝ ռուսերենից: Բնագիրը խմբագրություն է ներկայացվել 08.06.2024 թ.։