ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 18.04.2024 թ.
2024 թ. ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը Իսրայելի տարածքի վրա Իրանի հրթիռային հարվածը օրակարգից հանեց իր գծած «կարմիր գծերը» չպահպանելու դեպքում Թեհրանի կողմից հակամարտություն սկսելու պատրաստակամության մասին սկզբունքային հարցը։ Միևնույն ժամանակ, հարձակմամբ նշանավորվեց հակամարտության մուտքը որակապես նոր մակարդակ, ինչը չի բացառում ԻԻՀ-ի հարվածների հնարավորությունը Իսրայելի տարածաշրջանային դաշնակիցների և, առաջին հերթին, իրանական տարածքին մոտ գտնվողների վրա։ Իսրայելը վաղուց է կիրառում այս մեթոդը՝ պարբերաբար հարվածներ հասցնելով Սիրիային, Լիբանանին և Իրաքում ու Եմենում իրանամետ կամակատարների (պրոքսի) տեղակայման դիրքերին: Մինչ այժմ Թեհրանը միակողմանիորեն ձեռնպահ էր մնում նմանատիպ քայլերից, սակայն ընդհանուր իրավիճակը փոխվում է դինամիկ կերպով, և, առճակատման պարույրի սեղմման դեպքում, Իրանի կողմից այս արգելքի շրջանցումը ավելի շատ ժամանակի հարց կլինի, քան թե՝ առիթի։
Խոսքը, մասնավորապես, Ադրբեջանի մասին է, որը տարածաշրջանային աշխարհաքաղաքական տախտակի վրա դիրքավորվում է՝ որպես Իսրայելի արբանյակ։ Հաշվի առնելով վերջին 10-15 տարիների ընթացքում Բաքվի կողմից Թել Ավիվին մատուցված ծառայությունների լայն շրջանակը, Իրան–Իսրայել գլոբալ առճակատման համատեքստում «ադրբեջանական խնդրի» լուծումը տրամաբանորեն բխում է Թեհրանի ռազմավարական շահերից։ Խոսքը Բաքվի կողմից Թել Ավիվին տրամադրված և որպես իրանական տարածքի վրա հարձակման պարագայում իբրև «ցատկահարթակներ» ծառայող, Իրանի օդային տարածքը տեսածրող իսրայելական հետախուզման ու ռադիոէլեկտրոնային հսկման կենտրոններ ընդունած ավիաբազաների չեզոքացման և ԱդրՀ-ում իսրայելական հատուկ ծառայությունների հետախուզական խմբավորումների տեղակայման կետերի ոչնչացման մասին է:
ԱդրՀ-ում Իսրայելի բազմամակարդակ ռազմական ներկայության մասին տվյալները հենց իրանական կողմն է ակտիվորեն տարածում, և հենց Թեհրանը՝ իր տեղեկատվական աղբյուրների միջոցով հետևողականորեն տարածում է խոսույթն այն մասին, որ այս հարավկովկասյան հանրապետությանը «սիոնիստական ռեժիմը» ինտենսիվորեն նախապատրաստում է ԻԻՀ-ին հարվածելու ռազմահենադաշտի և Իրանի հասարակության թյուրքալեզու հատվածում անջատողական տրամադրությունների ստեղծման օջախի դերակատարության համար՝ նպատակ ունենալով ապակայունացնել ներքաղաքական իրավիճակը Իսլամական Հանրապետությունում:
Հետևաբար, վերջին զարգացումների լույսի ներքո բազմիցս ավելանում է հավանականությունն այն բանի, որ Թեհրանը կկենտրոնանա Ադրբեջանի՝ որպես Իսրայելի հակաիրանական ռազմական ռազմավարությունը խաթարելու հիմնական ուղղություններից մեկի վրա։ Եթե Իրանը, չնայած Արևմտյան կոալիցիայի ակնհայտ ճնշումներին և սպառնալիքներին, ապացուցել է հրեական պետության վրա ուղղակիորեն հարձակվելու իր կարողությունը, ապա դժվար թե Ադրբեջանին «կարգի հրավիրելու» հարցում ավելի հզոր մեկը կարողանա կապել իր ձեռքերը։ Ավելին, ռազմական ռազմավարության տեսակետից, Ադրբեջանում իսրայելական ռազմա-հետախուզական ենթակառուցվածքին հիպոթետիկ զանգվածային հարված հասցնելը, օբյեկտիվ հանգամանքներից ելնելով, հղի է հրեական պետության համար շատ ավելի զգալի կորուստներով, քան Իրանի կատարած հարձակումներն անմիջապես իսրայելական տարածքների վրա։
Ասվածը չի ենթադրում, որ ԻԻՀ-Ն չի փորձի քաղաքական ու դիվանագիտական միջոցներով նվազագույնի հասցնել իրադարձությունների նման զարգացման հավանականությունը։ Այնուամենայնիվ, եթե իրանա–իսրայելական առճակատման պարույրը շարունակի սեղմվել՝ ընդլայնելով դիմակայության առաջնագիծը, ապա Իրանը Ադրբեջանի վրա կարող է առնվազն հրթիռային հարձակման դիմել։ Ընդ որում, ինչպես ի պատասխան ադրբեջանական ռազմահենադաշտից Իսրայելի կանխարգելիչ գործողությունների, այնպես էլ՝ իր կողմից կանխարգելիչ միջոցի տրամաբանությամբ։ Ամեն ինչ կախված է Թեհրանի՝ սեփական գոյութենական անվտանգության սպառնալիքների գնահատականից, որի «X» աստիճանը կստիպի նրան այլևս հաշվի չառնել ո՛չ Արևմուտքին, ո՛չ Հարավային Կովկասը չկորցնելու ձգտող Մոսկվայի դերը, և ոչ էլ՝ Բաքվին հովանավորող Անկարային՝ Թել Ավիվի հետ միասին։