ԱՊՀ, ՀՀ, Արցախ, Սփյուռք, Տեսակետ

ՇԱՌԼ ՄԻՇԵԼԻ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ»

Բոգդան Բ. Աթանեսյան(1)(2)

2024 թ. մարտի 15–17-ը ՌԴ-ում անցկացվեցին նախագահական ընտրություններ, որոնց արդյունքներով պետության գործող ղեկավար Վլադիմիր Պուտինը ստացել է ձայների 87,28%-ը։ ՌԴ ԿԸՀ-ի կողմից քվեարկության արդյունքների վերաբերյալ առաջին տվյալների հրապարակմանը զուգընթաց, քաղաքական և դիվանագիտական էթիկայի ընդունված ավանդույթների համաձայն, Վ. Պուտինին շնորհավորական հեռագրեր և հեռախոսազանգեր են հղել մի շարք պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից։ Ընդ որում, այս գործընթացն առանց սկանդալի չստացվեց, ինչն սպասելի էր՝ հաշվի առնելով ուկրաինական խնդրի ֆոնին Ռուսաստանի և Արևմուտքի ծայրահեղ լարված հարաբերությունները։ Դեռևս 2024 թ. մարտի 15-ի առավոտյան Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը «X» սոցիալական ցանցում հեգնական գրառում էր հրապարակել՝ «շնորհավորելով» Պուտինին հաղթանակի առթիվ։ «Ցանկանում եմ շնորհավորել Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին այսօր մեկնարկող ընտրություններում համոզիչ հաղթանակի առթիվ. ոչ մի ընդդիմություն, ոչ մի ազատություն, ոչ մի ընտրություն», – գրել է Միշելը, դրանով իսկ ուղղակիորեն ընդգծելով, որ պետք չէ սպասել քվեարկության արդյունքներին, քանի որ Պուտինի հաղթանակն ակնհայտորեն կանխորոշված և կեղծված է նրա «ավտորիտար վարչակարգի» կողմից։

Այսպիսով, Շառլ Միշելի ընդգծված հեգնական մեկնաբանությունը դարձավ ՌԴ քաղաքական իշխանության վերարտադրության գործընթացի վերաբերյալ եվրոպական իսթեբլիշմենտի վերաբերմունքի յուրօրինակ ցուցիչ, որն, ըստ Մոսկվայի արևմտյան հակառակորդների, բացարձակապես հակաժողովրդավարական էր և զուրկ որևէ օրինական հիմքերից:

Թերևս նման գնահատականը կարող էր օբյեկտիվություն պահանջել, և եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային կներվեր սարկազմը, եթե խոսքը վերաբերեր Եվրոպայի իսկապես անզիջում դիրքորոշմանը, եթե բոլոր գործընկերներն ու հակառակորդները, առանց բացառության, հետևեին ժողովրդավարության և ազատության պահանջներին: Հին աշխարհը, որն իրեն համարում է ժողովրդավարության հիմնադիրը և դրա հիմնական սկզբունքների ու չափանիշների օրենսդիրը, Ռուսաստանի դեպքում, անշուշտ, հիմքեր կունենար պատեռնալիստական ռևիզիոնիզմի և դատապարտման համար, եթե հավատարիմ մնար նույն մոտեցումներին «ժողովրդավարական օյկումենի» հիմքերը «խախտող այլ երկրների» նկատմամբ։

Սակայն, ինչպես տեսնում եք, եվրոպացի պաշտոնյաների համար նման օբյեկտիվությունը ոչ միշտ է պարտադիր։

Նույն պարոն Միշելը 03.08.2024 թ.-ին շնորհավորական ուղերձ էր հղել նաև նախորդ օրը Ադրբեջանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների առթիվ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին, ինչի մասին չէր թերացել տեղեկացնել հասարակայնությանը «X» սոցցանցի իր էջում. «Շնորհավորել եմ Իլհամ Ալիևին Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և իր բարեմաղթանքները փոխանցել նոր մանդատի կապակցությամբ։ Նրանք նաև քննարկել են Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերություններն ու համագործակցությունը, ներառյալ էներգետիկ հատվածը»:

Ինչպես երևում է Միշելի գրառումից, այստեղ սարկազմի ոչ մի նոտա չկա, իսկ Ալիևի հաղթանակի նկատմամբ վերաբերմունքն ամբողջությամբ լցված է անթաքույց գոհունակությամբ և նույնիսկ ուրախությամբ։ Խոսքն Ալիևի մասին է, ում ընտանիքը 30 տարի ղեկավարում է Ադրբեջանը՝ որպես սեփական միապետական տիրույթ, իսկ ինքը՝ 20 տարի շարունակ իշխանության ղեկին է, ընդ որում, սահմանադրական փոփոխությունների համաձայն, հետագա ցմահ կառավարման հեռանկարով։ Խոսքը եվրոպական կառույցների և ֆինանսական ու քաղաքական շրջանակների հետ կապված տասնյակ կոռուպցիոն սկանդալների մեջ ներքաշված, դարձյալ եվրոպական լրատվամիջոցների ու իրավապահ մարմինների կողմից բացահայտված քաղաքական գործչի մասին է։ Խոսքը մի մարդու մասին է, ով սովի, սարսափի ու կոտորածի միջոցով արցախահայության դեմ ազգասպանություն է իրականացրել, նրանց վտարել հազարամյա հայրենիքից և այժմ նրանց նախնիների հողում մշակութային ու պատմական ժառանգությունը ենթարկում է ոչնչացման։ Խոսքը բռնապետի մասին է, ով, առավել քան որևէ մեկը, հրապարակավ հանդես եկավ հանրային դաշտում եվրոպական հանրության հասցեին ոչ քաղաքավարի և նույնիսկ վիրավորական հայտարարություններով՝ կեղծ ու երկերեսանի հռչակելով եվրոպական երկրների ժողովրդավարական ուղին և ազատական արժեքները։

Իսկ ինչ վերաբերում է, մասնավորապես, ընտրություններին, որոնց առթիվ պարոն Միշելը շնորհավորական ուղերձ է հղել Ալիևին, ապա, ըստ եվրոպական ամենահեղինակավոր կառույցների (ԵԽ, ԵԽԽՎ և այլն) և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, դրանք անցկացվել են քաղաքացիների իրավունքների ու ազատությունների կոպիտ խախտումներով և դասական բռնապետությունների ոգուն լիովին համապատասխան։ Ալիևի ռեժիմն արգելել էր նախընտրական հանրահավաքներն ու ժողովները: Նրա բոլոր «մրցակիցները», առանց բացառության, առաջադրվել էին՝ որպես թեկնածուներ իշխանամետ կուսակցություններից ու շրջանակներից։ Երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ նրանց գնահատականներում բացարձակապես բացակայում էին իշխանությունների քննադատությունը, իսկ լրատվական դաշտում՝ բանավեճերի ձևաչափը։ Ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու լրագրողները կանխամտածված ձերբակալվել էին և շինծու մեղադրանքներով դատապարտվել ազատազրկման: Անկախ կազմակերպություններն և միջազգային կառույցները զրկվել էին ադրբեջանական ընտրություններին հետևելու իրավունքից։ Ողջ հանրապետության ընտրատեղամասերում իրականացվում էին քվեաթերթիկների զանգվածային լցոնումներ, իսկ ձայների հաշվարկը թե՛ տեղում, թե՛ ԱդրՀ ԿԸՀ-ում իրականացվում էր հայտնի խախտումներով։ Իշխանությունները լիովին օգտագործեցին վարչական ռեսուրսը և ընտրողների նկատմամբ ճնշումների ու ահաբեկման բոլոր հայտնի մեթոդները։ Արդյունքում, Իլհամ Ալիևը, ըստ ԱդրՀ ԿԸՀ-ի 2024 թ. մարտի 11-ին հրապարակված տվյալների, ստացել է ձայների 92,12%-ը, ինչը հստակ արտացոլում է երկրում ժողովրդավարության իրական պատկերը։ Ճշմարտությունն այն է, որ Ադրբեջանը, ի հեճուկս հռչակված ազատական արժեքների, ապրում է դաժան միջնադարյան արևելյան միապետության ավանդույթներին համապատասխան, որոնցում ընտրությունները ծառայում են միայն՝ որպես «քաղաքակիրթ աշխարհի» դիմաց դեմքը փրկելու ձևական միջոց։

Եվ, ինչպես երեւում է, քաղաքակիրթ աշխարհի համար՝ ի դեմս Շառլ Միշելի, նման ձևականությունը լիովին բավարար է Բաքվի հետ գործընկերային ու բարեկամական հարաբերությունների օրինականացման տեսանկյունից։ «Այն, ինչ թույլատրելի է Յուպիտերին, թույլատրելի չէ ցուլին», – լատիներեն հայտնի թևավոր խոսքը ճշգրտորեն համապատասխանում է եվրոպական «ժողովրդավարական արժեքների ջատագովների» կանխակալությանն ու կողմնակալությանը: Բայց իրավիճակի անհեթեթությունը կայանում է նաև նրանում, որ այս դեպքում Յուպիտերի դերը կատարում է Ադրբեջանի նախագահը, որից Միշելի կողմից ցինիկաբար ծաղրանքի ենթարկված ռուս գործընկերը շատ հետ է մնում «ժողովրդավարական արժեքների ու ազատությունների խախտումների» անխտիր բոլոր ցուցանիշներով։

Այնուամենայնիվ, պարոն Միշելը դրա համար «հիմնավոր պատճառներ» ունի։ Եվրախորհրդի ղեկավարը Ալիևի ընտրվելու առթիվ իր իսկ շնորհավորական նամակում ակամա կամ միտումնավոր (էական չէ) լույս սփռեց ժողովրդավարության չափանիշների նկատմամբ նրա նման ընդգծված ընտրողական վերաբերմունքի պաշտոնական պատճառի վրա։ «Մենք քննարկել ենք… էներգետիկ ոլորտը», – գրել է պարոն Միշելը, դրանով իսկ հասկացնելով, որ «ադրբեջանական ժողովրդավարությունը» առաջադեմ և քաղաքակիրթ Եվրոպայի կողմից չափվում է բացառապես նավթի բարելներով և խորանարդ մետր գազով, ինչպես նաև, ըստ օդում կախված լուրերի, նյութական այլ օգուտների տեսքով, որոնք կոռուպցիայի, անօրինականության և մարդկության դեմ հանցագործությունների մեջ խրված Բաքվի ռեժիմը անշեղորեն շարունակում է մատակարարել իրեն:

(1) Հրապարակախոս, վերլուծաբան, վավերագրող ռեժիսոր։ Հեղինակ է ավելի քան 1000 լրագրողական և քաղաքական-վերլուծական հոդվածների և 400 հեռուստատեսային վավերագրական տեսահոլովակների։ Աշխատել է «Հ1», «ԱՐ», «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններում։ Նա համագործակցել և եղել է «Голос Армении», Aysor.am, Voskanapat, «Ազատ Արցախ» և այլ պարբերականների ու լրատվական կայքերի թղթակից։

(2) Հոդվածը բերվում է թարգմանաբար՝ ռուսերենից: Բնագիրը խմբագրություն է ներկայացվել 24.03.2024 թ.։