Արեստակես Սիմավորյան(1)
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ-2023 (2)
ՆԱԽԱԲԱՆ
Թուրքիայի 2023 թ. նախագահական և խորհրդարանական ընտրությունները շրջադարձային են լինելու երկրի համար։ Առաջիկա ընտրությունները արդեն իսկ զգալի ուշադրություն են գրավել ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ դրսում։ Փորձագիտական գնահատականներով սպասվում է կատաղի պայքար իշխող կուսակցության և ընդդիմության միջև։ Թեև քվեարկությունն ի սկզբանե նշանակված էր հունիսի 18-ին, սակայն 2022 թ. հունվարին Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը հայտարարեց, որ նախագահական և խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մայիսի 14-ին։ Հիշեցնենք, որ Էրդողանը ունի բացառիկ քաղաքական երկարակեցություն Թուրքիայում. 2003 թվականից սկսած, նախ զբաղեցնելով վարչապետի պաշտոնը, նա առաջին վարչապետն էր, ով հետագայում փոխեց սահմանադրությունը՝ դառնալով նախագահ 2014 թվականին։
2023 թ. ընտրությունները լուրջ փորձություն կլինեն նախագահ Ռ. Թ. Էրդողանի և նրա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) համար, որն իշխանության է 2002 թվականից։ Երկար տարիներ ԱԶԿ-ն գերիշխում է թուրքական քաղաքականության մեջ և տարբեր բարեփոխումներ է իրականացրել՝ նպատակ ունենալով արդիականացնել երկիրը և ամրապնդել իր դիրքերը համաշխարհային ասպարեզում։ Այդուհանդերձ, վերջին տարիներին իշխող կուսակցությունը բախվում է հանրության և քաղաքական տարբեր ուժերի կողմից աճող դժգոհությանը։ Քննադատները Էրդողանին մեղադրում են ավտորիտար լինելու և քաղաքական ընդդիմությանը ճնշելու մեջ: Մյուս կողմից, ընտրություններին ընդառաջ, Էրդողանի ժողովրդականությունը խարխլվում է նաև տնտեսական ճգնաժամի և գնաճի պատճառով, որն անցած տարի գերազանցեց 85%-ը։
Թուրքիայի տնտեսությունը ներկայումս բավականին բարդ իրավիճակում է հայտնվել։ «Trading economics» կայքը, հղում անելով «Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի»-ն, փաստում է, որ Թուրքիայի տարեկան գնաճի մակարդակը 2023 թ. փետրվարին՝ չորրորդ ամիսն անընդմեջ նվազել
Թուրքիայի գնաճի մակարդակը
(Աղբյուրը՝ https://tradingeconomics.com/turkey/inflation-cpi)
է մինչև 55,2%, ինչը ամենացածր մակարդակն է 2022 թ. փետրվարից ի վեր՝ շուկայի 55,5% ակնկալիքների համեմատ: Ամսական կտրվածքով սպառողական գները նվազել են 3,2%-ով՝ նախորդ ամսվա 6,7% աճից հետո։ Ակնկալվում է, որ մինչև այս տարեվերջ գնաճը կնվազի մինչև 22,3%[3]։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) տվյալներով Թուրքիայի ՀՆԱ-ի աճը 2022 թ. կազմել է 5,6%, իսկ տարվա վերջին եռամսյակում՝ 3,5%։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2022 թ. տարեվերջին կազմել է 176.589 թուրքական լիրա կամ $10․655[4]։
Փորձագիտական գնահատականներով, գնաճի հիմնական պատճառներից մեկը Էրդողանի հատուկ մոտեցումն է երկրի կենտրոնական բանկի խնդիրներին և նրա դրամավարկային քաղաքականությանը։ Մասնավորապես, երբ 2014 թ. Թուրքիայի Կենտրոնական բանկը թուրքական լիրայի փոխարժեքը արտարժույթի միջոցով պահպանելու անհաջող փորձեր կատարեց՝ Էրդողանի և կենտրոնական բանկի ղեկավարության միջև սկսվեց հակամարտություն։ 2016-2022 թթ. ընկած ժամանակահատվածում փոխվել է կենտրոնական բանկի 5 նախագահ։ Էրդողանի որոշումներով պայմանավորված կենտրոնական բանկի անկախությունը կարելի է ասել զգալիորեն խախտվել է։ Ինչն, ըստ փորձագետների. «Իրականում սա նշանակում է սահմանափակել կենտրոնական բանկի՝ կարգավորող գործիքների օգտագործման ազատությունը, քանի որ բանկի համար դժվար է նախագահի ճնշման տակ ժամանակին չեզոքացնել արժութային տուրբուլենտության ալիքները»[5]։
Դեռևս 2021 թ. տարեվերջին «Թուրքիայի արդյունաբերողների և գործարարների ասոցիացիան» (TÜSİAD), ի պատասխան Էրդողանի վարած դրամավարկային քաղաքականության, կոչ արեց երկրի ղեկավարությանը հրաժարվել «նոր տնտեսական մոդելից»։ Նրանց կարծիքով՝ տոկոսադրույքների իջեցման գործընթացը հանգեցնելու էր թուրքական լիրայի արժեզրկման[6], գնաճի արագացման, ներդրումների և տնտեսական աճի ճնշման, զբաղվածության կրճատման և երկրի աղքատացման[7]։ Այն ակնհայտ դրսևորվեց 2022 թ. ողջ ընթացքում և շարունակվում է առ այսօր։ Եվ չնայած տնտեսությունում տեղի ունեցող բացասական միտումներին, Էրդողանը՝ ընտրություններին ընդառաջ վստահեցնում է, որ 2023 թ. իշխանությունները կաշխատեն գնաճը վերադարձնել ընդունելի մակարդակի` ապագայում այն միանիշ թվի հասցնելու հեռանկարով։ Կարճ ասած, Էրդողանը դեռ շարունակում է «կռվել» սեփական երկրի տնտեսության հետ։
Փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը ևս մեկ նոր մարտահրավեր դարձավ մրցակցող քաղաքական ուժերի համար, քանի որ, անկախ նրանից, թե ով կհաղթի ընտրություններում, հաղթողին բաժին է հասնելու ծանր ժառանգություն։ Միևնույն ժամանակ, ընդդիմությունն իր հերթին քարոզարշավ է սկսել՝ մեղադրելով գործող վարչակարգին աղետի հետևանքները վերացնելու անկարողության մեջ և մատնանշելով, որ հենց վերջինս էլ իր գործողություններով թույլ է տվել նման ողբերգություն։
Ի հավելումն ներքին անբարենպաստ իրադրության՝ Թուրքիան հայտնվել է նաև տարածաշրջանային տարբեր հակամարտությունների կենտրոնում (Սիրիայի ճգնաժամը, Հունաստանի հետ շարունակվող լարվածությունը, թուրքական զինուժի ռազմական գործողությունները Հյուսիսային Իրաքում և այլն)։
ԷՐԴՈՂԱՆԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
Էրդողանի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) և նրա հետ կոալիցիա կազմած «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) գլխավոր մրցակիցը՝ «Հանրապետական ժողովրդական» կուսակցություն (ՀԺԿ)-ն է, որը մտադիր է ընտրություններին ներկայանալ միասնական ճակատով՝ կազմված վեց հիմնական կուսակցություններից։ Ամենամեծը՝ Քեմալ Քըլըչդարօղլուի գլխավորած «Հանրապետական ժողովրդական» կուսակցությունն է, ապա՝ Մերալ Աքշեների 2017 թ. հիմնադրած «Լավ» կուսակցությունը, երրորդը՝ նախկին վարչապետ և արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի 2019 թ. հիմնադրած «Ապագա» կուսակցությունը, այնուհետ՝ Ալի Բաբաջանի 2020 թ. հիմնած «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցությունը, Թեմել Քարամոլլաօղլուի՝ «Երջանկություն» և Գյուլթեքին Ույսալի՝ «Դեմոկրատական» կուսակցությունները։
Ուշագրավ է, որ այս դաշինքի գաղափարախոսական գունապնակը չափազանց բազմազան է։ Այստեղ կան և՛ քեմալիստներ, և՛ ձախեր, մինչև իսկ՝ ծայրահեղ աջ հայացքներ ունեցող կուսակցություններ։ Ակնհայտ է, որ դաշինքը ներկայացնող կուսակցությունները մի կողմ են դրել գաղափարախոսական հենքի վրա եղած տարաձայնությունները՝ միավորվելով մեկ նպատակի շուրջ. այն է՝ վերջ դնել Էրդողանի միանձնյա կառավարմանը։
Հունվարի 30-ին ընդդիմությունը հրապարակեց իր նախընտրական ծրագիրը՝ «Համատեղ քաղաքականությունների փոխըմբռնման հուշագիրը»։ Ծրագիրն իր մեջ ներառում է երկրի ներքին և արտաքին քաղաքականության, անվտանգության (այդ թվում՝ կիբեռանվտանգության), թվային վերափոխման (digital transformation), տնտեսության, Էներգետիկ, գիտակրթական, գիտատեխնոլոգիական, դատական և հասարակության բոլոր ոլորտներին առնչվող 2000-ից ավելի գործողությունների պլան։
Ծրագրում տեղ գտած տնտեսական խոստումները հաշվի առնելով՝ թուրք փորձագետները այն բնութագրում են որպես «Ազատական տնտեսական ծրագիր»։ Ինչ վերաբերում է սոցիալական քաղաքականությանը, ապա ծրագրում տեղ գտած կետերը բնորոշվում են որպես պոպուլիստականխոստումներ։ Հակադրվելով Էրդողանին՝ ընդդիմությունը խոստանում է հաղթանակի դեպքում նաև չեղարկել մի շարք մեգանախագծեր, այդ թվում՝ «Ստամբուլի ջրանցքի» կառուցումը[8]։
Ընդդիմությունը, դիտարկելով բուհական–ակադեմիական շրջանակներին, վերլուծական–հետազոտական կենտրոններին և հանրային շահերը պաշտպանող այլ դերակատարներին` որպես քաղաքական քնննարկումները հարստացնող ռեսուրսի, մշակելու է մեխանիզմներ, որը թույլ կտա նրանց որոշ չափով ներգավել արտաքին քաղաքականության հարցերին առնչվող ռազմավարական լուծումների մեջ։ Արտաքին գերատեսչության՝ ԱԳՆ-ին կից նախատեսվում է հիմնադրել «Դիվանագիտական ակադեմիա», որը պետք է դառնա ապագա միջազգայնագետների պատրաստման դարբնոց։ Ավելորդ չէ նշել, որ ընդդիմությունը ձգտելու է նաև արտերկրում ապրող թուրքերին և նրանց ՀԿ-ներին դարձնել Թուրքիայի «փափուկ ուժի» և հանրային դիվանագիտության արդյունավետ գործիք:
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա ընդդիմությունը՝ համաձայն իր տեսլականի, վարելու է «միջազգային իրավունքի նորմերին, համաշխարհային արժեքներին համապատասխան արտաքին քաղաքականություն։ Հարգելու է անմիջական հարևանների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, չի խառնվելու նրանց ներքին գործերին, իսկ տարաձայնությունները հարթվելու են դիվանագիտության և երկխոսության միջոցով»։
Արտաքին և անվտանգային քաղաքականության մեջ նախատեսվում է իրականացնել հետևյալ քայլերը՝
- Թուրքիայի արտաքին քաղաքականության ռազմավարական գործիքների (կառույցների) հետ հարաբերություններ.
Հզորացնել Թյուրքական պետությունների կազմակերպությունը, ընդլայնել Թուրքիայի դերը Սևծովյան տնտեսական համագործակցության, Իսլամական կազմակերպության և Տնտեսական համագործակցության կառույցների հետ, բարձրացնել «D–8» կազմակերպության կամ, այսպես կոչված՝ «Իսլամական ութնյակի» կամ «Զարգացող ութնյակի» դերը միջազգային հարաբերություններում[9]: Հաշվի առնելով, որ Թուրքիայի ազգային անվտանգության տեսանկյունից ՆԱՏՕ-ն հանդիսանում է որպես զսպող միջոց՝ շարունակել նպաստել այս կառույցի գործունեությանը։ Ընդդիմությունը պատրաստվում է շարունակել նաև ԵՄ-ին լիիրավ անդամակցելու քաղաքականությունը՝ նպատակային քայլեր նախատեսելով այդ ուղղությամբ։
- Միջպետական հարաբերություններ.
Հարաբերություններն անցնում են լուրջ փորձությունների միջով՝ հետամուտ են լինելու որպեսզի «իրավահավասարության և փոխվստահության սկզբունքով և դաշնակցային հենքի վրա զարգանան ԱՄՆ–ի հետ հարաբերությունները»։ Հաշվի առնելով, որ ի պատասխան Անկարայի կողմից ռուսական C 400 ՀՕՊ համակարգերի գնմանը՝ ամերիկացիները կասեցրեցին Թուրքիայի մասնակցությունը 5-րդ սերնդի F-35 կործանիչների միջազգային արտադրության ծրագրին, «քայլեր կձեռնարկվեն կրկին դրանում ներգավվելու համար»։
Միջպետական հարաբերությունների համատեքստում ընդդիմությունը նախատեսում է նաև կարգավորել հարաբերությունները Հունաստանի հետ, պաշտպանել Կիպրոսի Հանրապետության՝ Թուրքիայի կողմից օկուպացված հատվածում բնակվող թուրքերի իրավունքները՝ համարելով այն որպես ազգային հարց, և ՄԱԿ-ի բանաձևերի շրջանակներում՝ Թուրքիայի անմիջական միջնորդությամբ գտնել «Իսրայել–Պաղեստին հակամարտության մշտական լուծում»։
Քանի որ ներկայումս խիստ լարված են Արևմուտք–Սիրիա և Արևմուտք–Իրան հարաբերությունները, իսկ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը՝ «Հանրապետական ժողովրդական» կուսակցությունը դավանում է Արևմտյան գաղափարախոսության հիմնական սկզբունքները (ժողովրդավարություն, աշխարհիկություն և այլն), ուստի Իրանի և Սիրիայի վերաբերյալ կուսակցության քաղաքական դիրքորոշման սկզբունքները հստակ լուսաբանված չեն նախընտրական ծրագրում՝ գալիք ընտրություններում ընտրազանգվածի ձայները չկորցնելու նպատակով։
Կարելի է ասել, որ արտաքին քաղաքական կողմնորոշման տեսանկյունից ծրագիրը խիստ արևմտամետ է։ Ընդդիմության հետ կոալիցիա կազմած «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության ղեկավար Ալի Բաբաջանն էլ չի թաքցնում, որ «ծրագիրը հարմար է Եվրոպայի համար»։ Ինչից ելնելով թուրք փորձագետները՝ հատկապես Էրդողանի վարած արտաքին քաղաքական կուրսի պաշտպանները, քննադատեցին ընդդիմությանը, գտնելով, որ հաղթանակի դեպքում, ընդդիմությունը «Արևմուտքի հետ համաձայնեցված արտաքին քաղաքականություն է վարելու»[10]։
Ընդհանուր առմամբ, կարելի է փաստել, որ բովանդակային առումով ծրագրի տնտեսական հատվածում բավականին շատ են պոպուլիստական բնույթի խոստումները։ Մասնավորապես, հայտնի չէ, թե ներկայիս ընդդիմադիրները ինչ եղանակներով և մեխանիզմներով են չեզոքացնելու երկրում առկա սոցիալ–տնտեսական տարաբնույթ խնդիրները։
Այս ամենի հետ մեկտեղ, սակայն, դաշինքի առաջին՝ նախընտրական փորձությունը կլինի միասնական թեկնածուի ընտրության հարցը։ Ենթադրվում էր, որ գալիք ընտրություններում Էրդողանի հակառակորդը կարող էր լինել Ստամբուլի նախկին քաղաքապետ, քեմալական Էքրեմ Իմամօղլուն, ով, սակայն, 2022 թ. դեկտեմբերի 14-ին դատապարտվեց շուրջ երեք տարվա ազատազրկման (մեղադրվել է Թուրքիայի ԿԸՀ անդամներին զրպարտելու համար), ինչպես նաև զրկվեց «քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից»[11]։
Ըստ նախնական պայմանավորվածության՝ 2023 թ. փետրվարի 13-ին ընդդիմադիր կուսակցությունների դաշինքը պետք է հայտարարեր նախագահական ընտրություններում իր միասնական թեկնածուի անունը։ Սակայն որևէ հայտարարություն չարվեց։ Դատելով ընթացող զարգացումներից, տպավորություն է ստեղծվում, թե վեց քաղաքական կուսակցություններից կազմված դաշինքը չի կարողանում համաձայնության գալ միասնական թեկնածուի հարցի շուրջ։ Երկար ժամանակ է արդեն խոսվում է Ք. Քըլըչդարօղլուի և «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեների միջև առկա լարված հարաբերությունների մասին[12]։ Արդյո՞ք ընդդիմությունը կհամախմբվի այս նախընտրական և հետաղետային շրջանում, և արդյո՞ք ընդհանուր կոնսենսուսի կգան միասնական թեկնածուի ընտրության հարցում՝ պարզ կդառնա առաջիկայում։
Ամեն դեպքում, հաշվի առնելով ընդդիմադիր քաղաքական դաշինքում՝
Ք. Քըլըչդարօղլուի ունեցած հեղինակությունն ու հանրաճանաչությունը, ինչի մասին են վկայում նաև Թուրքիայում անցկացված սոցհարցումները՝ ընդդիմության ամենահավանական թեկնածուն կլինի նա։
ORC և ALF հետազոտական կենտրոնների կողմից մարտի սկզբին անցկացված
հարցման արդյունքները (աղբյուրը՝ https://gazetememur.com/):
Ինչ վերաբերում է «Արդարություն և զարգացում» կուսակցության նախընտրական ծրագրին, ապա այն դեռևս չի հրապարակվել։ Ինչևէ, 2022 թ. հոկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պատրաստել է 23 խորագրից բաղկացած նախընտրական «մանիֆեստ»՝ «Թուրքիայի դարը» վերնագրով, որտեղ ներկայացված են կուսակցության հիմնական նպատակները։ Այն ներառում է ռազմական արդյունաբերության, տեխնոլոգիաների, առողջապահության և տնտեսության ոլորտները։
Ի դեպ, 2022 թ. հոկտեմբերին իր ելույթում՝ «Թուրքիայի դարը» կոչված փաստաթղթի բովանդակության անդրադառնալիս, Էրդողանը խոսեց ԱԶԿ-ի 20-ամյա կառավարման շրջանում կատարած գործերից, նշելով. «Մենք խոսում ենք մեր իրականացրած գործերի մասին։ Նրանց [ընդդիմությանը] հարցրեք՝ ի՞նչ եք արել այս երկրի համար։ Մենք խոսում ենք այն մասին, թե ինչ ենք արել 20 տարի, ինչ ենք արել կրթության, առողջապահության, տրանսպորտի, էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտում…»[13]։
Ուղղակիորեն չանդրադառնալով արտաքին քաղաքական կարևորագույն հարցերին, Էրդողանն իր ուղերձում գլխավորապես խոսեց ռազմական արդյունաբերության մեջ ունեցած ձեռքբերումներից, ինչը, շատերի կարծիքով, «ուժեղ Թուրքիայի» մեսիջ տալու փորձ էր։ Ինչպես և յուրաքանչյուր ընտրության ժամանակ, Էրդողանը ներակայացրեց տնտեսական ճգնաժամից դուրս գալու իր տեսլականը՝ հանրային տարբեր շերտերին ֆինանսական աջակցության տրամադրման հնարավորություններն ու եղանակները։ Խոսքը ուսանողներին ու ֆերմերներին ֆինանսապես աջակցելու, անապահով ընտանիքներին բնակարաններով ապահովելու և այլնի մասին էր։
Հարկ է նկատել, որ թե՛ ընդդիմության, և թե՛ իշխող կուսակցության նախընտրական ծրագրերը հրապարակ հանվեցին նախքան ավերիչ երկրաշարժը։ Ուստի հավանական է, որ հետագայում կվերանայվեն դրանցում տեղ գտած սոցիալ–տնտեսական ոլորտին առնչվող ծրագրերն ու նախագծերը։ Ներկայումս դժվար է կանխատեսել, թե հանրային կյանքի տարբեր ոլորտների վրա խոր հետք թողած ավերիչ երկրաշարժը ինչպիսի ազդեցություն կունենա ընտրողների դիրքորոշումների վրա։
Այնուամենայնիվ, նկատենք, որ մի կողմից՝ տեղի ունեցած բնական աղետները կարող են հանգեցնել գործող իշխանության շուրջ հանրության համախմբման, քանի որ հենց գործող վարչակարգն է աղետին արձագանքելու և տուժած շրջաններին օգնություն տրամադրելու հիմնական դերակատարը: Մյուս կողմից՝ բնական աղետները կարող են նաև բացահայտել և էլ ավելի սրել երկրում առկա սոցիալական հիմնախնդիրներն ու քաղաքական լարվածությունը։
Արդեն կարելի է ասել, որ Էրդողանն ու իր կառավարությունը հայտնվել են ԶԼՄ-ների, ընդդիմության ու հանրային տարբերի շերտերի քննադատության թիրախում։ Իշխանություններին մեղադրում են աղետին անպատրաստ լինելու, բնակելի համալիրների և կրիտիկական ենթակառուցվածքների շինարարությունում թույլ տրված խախտումների և կաշառակերության մեջ։ Հանրային դժգոհության ու բողոքների ալիքով պայմանավորված՝ կառավարությունը սկսեց արգելքներ կիրառել ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի նկատմամբ։ Մասնավորապես տուգանքներ սահմանվեցին այն լրատվամիջոցների նկատմամբ, որոնք հայտնել են երկրաշարժից հետո տեղի ունեցած անփութության ու սխալների մասին և լսելի են դարձրել հանրության ձայնը։
Այս պայմաններում ընդդիմությունը կփորձի նյութականացնել ընտրողների աճող դժգոհությունը և ներկայանալ որպես կենսունակ այլընտրանք «ԱԶԿ»-ին։ Այս պարագայում, այն հավանաբար կփորձի ուժեղացնել իր դերը՝ կենտրոնանալով երկրաշարժի հետևանքների վերացման ուղղված խնդիրների լուծման վրա, ինչպիսիք են՝ աղետից տուժածներին աջակցության տրամադրումը, մարդու իրավունքներին առնչվող հարցերը, տնտեսության զարգացումը։
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ
2023 թ. Թուրքիայում կայանալիք ընտրությունների վրա, ամենայն հավանականությամբ, կազդեն մի քանի հիմնական գործոններ՝ տնտեսության վիճակը, անվտանգային միջավայրը, ինչպես նաև՝ մարդու իրավունքների ոտնահարման հետևանքով առաջացած խնդիրները։
Տնտեսական վիճակը առանցքային գործոն կլինի ընտրություններում, քանի որ Թուրքիան վերջին տարիներին բախվել է մի շարք մարտահրավերների (գնաճ, բարձր գործազրկություն, թուրքական լիրայի արժեզրկում, օտարերկրյա ներդրումների անկում և այլն): Այս միտումների շարունակվելը կարող է ազդել ընտրությունների արդյունքի վրա։ Ստեղծված իրավիճակում իշխող կուսակցությունը կարող է կորցնել հանրային լայն զանգվածների աջակցությունը։ Պատահական չէ, որ տնտեսությանն առնչվող խնդիրները եղել և այսօր էլ մնում են իշխող կուսակցության և ընդդիմության միջև առկա վեճի ամենաառանցքային հարցերից մեկը։
Հաշվի առնելով վերջին տարիներին տնտեսական ոլորտում արձանագրված բացասական միտումները և աղետալի երկրաշարժով պայմանավորված սոցիալ–տնտեսական ծանր դրությունը, շատ բան կախված կլինի նրանից, թե երկրի վերականգնմանն ուղղված ինչպիսի տեսլականներով և ծրագրերով հանդես կգան ընտրություններին մասնակցող թեկնածուները։
Առանցքային նշանակություն ունեն նաև անվտանգային հիմնահարցերը, որոնք ևս, ամենայն հավանականությամբ, կարևոր գործոն կլինեն նախընտրական պայքարում։ Անկարան բախվել է անվտանգային մի շարք մարտահրավերների՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ միջազգային մակարդակում: Թուրքիայի հարաբերությունները Եվրամիության և ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի շրջանակներում՝ տարբեր հարցերում իր գործընկերների հետ ունեցած տարաձայնությունները ևս կարող են դեր խաղալ այս ընտրություններում: Կարծում ենք, ընտրողների զգալի զանգվածի համար սրանք ևս կարևոր խնդիրներ են։ Ուստի ընտրություններում առավելություն կունենա նախագահի այն թեկնածուն, ով մի կողմից կներկայանա հանրությանը առավել իրատեսական տնտեսական և անվտանգային տեսլականով, մյուս կողմից՝ կհամարվի արտաքին քաղաքականությունը արդյունավետորեն կառավարող ուժ։
Կարելի է ենթադրել, որ որոշակի վճռորոշ դերակատարություն կունենա նաև թեկնածունների քարոզարշավի ռազմավարությունը՝ ներառյալ սոցիալական մեդիայի օգտագործումն և իրենց ուղերձն ընտրողներին հասցնելու կարողությունը, թեկնածուների հանրաճանաչությունը, նրանց քաղաքական և պետական կառավարման փորձը։
ՀՆԱՐԱՎՈՐ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ
Ի՞նչ հնարավոր սցենարով կընթանան ընտրությունները և ինչ կարելի է ակնկալել մրցակից ուժերի թեկնածուներից որևէ մեկի հաղթանակի կամ պարտության դեպքում։
Հաշվի առնելով, որ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը իշխանության ղեկին է մոտ երկու տասնամյակ և այդ ընթացքում երկրում ձևավորել է ամուր քաղաքական հենարան, չի բացառվում, որ հենց այդ հենարանի աջակցությամբ էլ նա կվերընտրվի։ Սակայն, զգալով պարտության շունչը, Էրդողանը կարող է դիմել նաև ծայրահեղ ցանկացած քայլերի (ընտրությունների արդյունքների կեղծում իր օգտին, ընտրակաշառքի բաժանում, տարատեսակ ահաբեկումներ և այլն) իշխանությունը պահելու համար։
Էրդողանի նախընտրական ելույթներում դժվար է գտնել նախադրյալներ առ այն, որ նրա հաղթանակից հետո Թուրքիան կփոխի իր ագրեսիվ ու վտանգավոր կեցվածքը, հատկապես այն հարևանների նկատմամբ, ում հետ ունի լարված հարաբերություններ։
Իշխող կուսակցությունը, իր նախընտրական «Թուրքիայի դարը» ծրագրի տեսլականի նպատակներից ելնելով, «ձգտելու է վարել լիովին անկախ արտաքին քաղաքականություն»։ Միևնույն ժամանակ, ըստ կուսակցության ծրագրի, մերձտարածաշրջանային տարբեր հիմնախնդիրների ու հակամարտությունների կարգավորման գործում Թուրքիան հավակնում է ստանձնել «հաշտարարի» և «միջնորդի» դերը։ Այնուամենայնիվ, պետք չէ բացառել, որ իր շուրջը գտնվող տարածաշրջանում անվտանգության ապահովման անվան տակ Անկարան կարող է կիրառել կոշտ ուժ և վարել ռազմականացված արտաքին քաղաքականություն։
Ինչ վերաբերում է թուրք–ամերիկյան հարաբերություններին, ապա չի բացառվում, որ ելնելով առկա որոշակի նախադրյալներից, անվստահության մթնոլորտը դեռ կպահպանվի։ Մասնավորապես, թուրք–ամերիկյան հակասությունները կարող են արտահայտվել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսք են՝ Սիրիական հակամարտությունը (ներառյալ քրդերի խնդիրը), թուրք–իրանական ու թուրք–իսրայելական հարաբերությունները, Ռուսաստանի հետ ռազմական և էներգետիկ-տնտեսական մերձեցման համատեքստը, ինչպես նաև՝ Թուրքիայում մարդու իրավունքների ոլորտում առկա հիմնախնդիրները, և այլն։
Բացի այդ, Անկարա–Վաշինգտոն երկկողմ և բազմակողմ հարաբերություններում, ի թիվս ներկայիս փուլում ակտուալ՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ դաշինքին անդամակցելու հետ կապված խնդիրներին, կարող են ի հայտ գալ ռազմական–անվտանգային բնույթի այլ տարաձայնություններ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ գործընկերության շրջանակներում։
Թե ինչպիսի՞ն կլինի Անկարա–Մոսկվա հարաբերությունների ապագան, այն պետք է դիտարկել երկկողմ և բազմակողմ հարաբերությունների տեսանկյունից։ Ակնհայտ է, որ Թուրքիային անհրաժեշտ են լինելու միլիարդավոր գումարներ երկրաշարժից տուժած շրջանների վերականգնման համար։ Հավանական է, որ այդ հարցում Թուրքիան օժանդակություն ստանա Արևմուտքից, սակայն վերջինիս ձեռնտու պայմաններով, որն, ի թիվս այլ պայմանների, ենթադրում է ներկայիս ռուս–թուրքական հարաբերությունների վերանայում։
Այս համատեքստում առաջին կարևորագույն խնդիրը, որն անհանգստացնում է Արևմուտքին, դա Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցն է։
Թուրքիայի արևմտյան դաշնակիցները գտնում են, որ այս հարցում Թուրքիան իր դիրքորոշումով աջակցում է Ռուսաստանին։ Երկրորդ խնդիրը, որ Ուկրաինայի ճգնաժամով պայմանավորված Թուրքիան չի միանում Արևմուտքին, վերջինիս կողմից սահմանված ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին։ Այս խնդիրները կարող են դառնալ սակարկման առարկա Թուրքիայի և Արևմուտքի միջև։
2019-2022 թթ. Թուրքիայի համար վտանգ ներկայացնող պետությունների
առաջին յոթնյակն` ըստ սոցհարցումների
(աղբյուրը՝ Turkey Trends – 2022 Quantitative Research Report. 17 January 2023)
Թուրքիայի օրվա իշխանությունները կգնա՞ն զիջման այս և այլ հարցերում, ավելի պարզ կլինի ընտրություններից հետո։ Եթե այն ընթանա Արևմուտքի սցենարով, ապա հարվածի տակ կարող են հայտնվել նաև ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունները։ Ի վերջո, տնտեսական կապերի ամրապնդումով, փորձ է արվում նվազեցնելու քաղաքական ճգնաժամերում ի հայտ եկող ռիսկերը կամ այդ կապերը հնարավորություն են ընձեռում նվազագույն կորստով հաղթահարել ապագա հնարավոր ճգնաժամերը։
Կարելի է ենթադրել նաև, որ ժողովրդավարության և անվտանգության ապահովման քողի տակ կշարունակվեն ԶԼՄ-ների, հանրային այլ դերակատարների, ազգային փոքրամասնությունների իրավունքների և ազատությունների սահմանափակումները, ներքին քաղաքականության անքակտելի մաս կկազմեն ընդդիմադիր խմբերի ու կուսակցությունների հանդեպ ճնշումները։
Ի՞նչ սպասել Էրդողանի պարտության դեպքում։ Հաշվի առնելով նրա տարիքը և նախագահական ընտրություններում հնարավոր պարտությունը՝ «ԱԶԿ»-ն առաջնորդի պաշտոնում կարող է առաջադրել Էրդողանի մերձավորներից և համախոհներից որևէ մեկին։ Չի բացառվում, որ այդ դերում Էրդողանը առաջադրի իր փեսային՝ Սելչուք Բայրաքթարին կամ քաղաքական և կառավարման փորձ ունեցող կուսակիցներից որևէ մեկին։ Իրադարձությունների այլ զարգացման դեպքում՝ հնարավոր է «ԱԶԿ»-ում ի հայտ գան տարաձայնություններ, որի արդյունքում կուսակիցներից շատերը, ըստ վերջին շրջանում երկրում թափ առնող միտումի, կհեռանան՝ ստեղծելով նոր քաղաքական սուբյեկտներ։
Ընդդիմադիր կուսակցությունները նույնպես զգալի ձեռքբերումներ են գրանցել վերջին՝ 2019 թ. տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում[14] և կարող են էական մարտահրավեր ներկայացնել իշխող կուսակցությանը։ Եթե ընդդիմադիր դաշինքը ներկայացնող նախագահի միասնական թեկնածուն ձայների առավելությամբ պարտվի Էրդողանին, որպես սցենար, չենք բացառում, որ ընդդիմությունը չհաշտվելով ընտրություններում արձանագրված արդյունքների հետ, իշխանություններին կմեղադրի դրանք կեղծելու համար և, կրիտիկական զանգվածի առկայության պարագայում, կփորձի հակակառավարական ցույցերով իշխանափոխություն իրականացնել։
Ընտրություններում ձախողման դեպքում՝ կարճաժամկետ հեռանկարում հնարավոր է դաշինքի փլուզում։ Արդյունքում, հնարավոր է, որ Թուրքիայի քաղաքական լանդշաֆտում ի հայտ գան նոր կուսակցություններ, որոնք մարտահրավեր կարող են նետել ավանդական քաղաքական կառույցներին։
Եզրափակելով՝ հարկ է նշել, որ ընտրությունների արդյունքում հաղթանակ տարած քաղաքական ուժն, ըստ էության, կորոշի առաջիկա տարիներին Թուրքիայի տնտեսության զարգացման, արտաքին և անվտանգային քաղաքականության հիմնական ուղեգիծը։ Հաղթող կողմը կհստակեցնի տարածաշրջանային/աշխարհաքաղաքական նշանակության տարբեր մարտահրավերների վերաբերյալ իր դիրքորոշումը: Հետևաբար, միջնաժամկետ հեռանկարում պետք է սպասել այնպիսի մի իրադրության, որը թույլ կտա ավելի լավ տեսնել Թուրքիայի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող գործընթացները, պաշտոնական Անկարայի հետագա ռազմավարական քայլերը և, ընդհանրապես, այդ երկրի աշխարհառազմավարական նշանակությունը՝ տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում։
ՀՀ. ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ
Այս համատեքստում կարևոր ենք համարում որոշ դիտարկումներ անել նաև ՀՀ–Թուրքիա հարաբերությունների առնչությամբ։
Հիշյալ հարաբերությունների կարգավորումը, ինչպես և նախկինում, կապվելու է հայ–ադրբեջանական հակամարտության հանգուցալուծման հետ՝ շարունակելով նախապայմանների վերաբերյալ քաղաքական դիսկուրսը։ Միևնույն ժամանակ, կարելի է ենթադրել, որ Անկարան Երևանին ներկայացնելու է նաև այլ նախապայմաններ (այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» տրամադրում, հրաժարում Արցախից և Հայոց ցեղասպանության ճանաչումից, և այլն) և ձգտելու է այդ պահանջների բավարարմանը։
Ինչ վերաբերում է անվտանգային ոլորտին, ապա ՀՀ փորձագիտական–վերլուծաբանական և ակադեմիական հանրությունը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է այն վտանգների ու ռիսկերի մասին, որոնք կարող են ի հայտ գալ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում։ Մասնավորապես, ՀՀ ապաշրջափակման պարագայում երկրի ազգային անվտանգության տեսանկյունից, որպես հիմնական մարտահրավերներ, մասնագետներն առանձնացնում են տնտեսական ու քաղաքական էքսպանսիան, ժողովրդագրական պատկերի փոփոխությունը, ինչպես նաև ազգային անվտանգությանը սպառնացող այնպիսի հնարավոր սպառնալիքների մասին, ինչպիսիք են՝ Թուրքիայի կողմից ՀՀ-ում ահաբեկչական գործողությունների և սոցիալական բախումների հրահրումը[15],[16]։
Կարելի է ենթադրել, որ անկախ ընտրությունների արդյունքներից, ՀՀ-ի համար արտաքին անվտանգային ռիսկերը չեն նվազելու. ինչպիսի քաղաքական ուժեր էլ ղեկավարեն Թուրքիան՝ լինեն դրանք իսլամիստներ, ազգայնամոլներ, թե լիբերալներ՝ ՀՀ-ի և հայության նկատմամբ քաղաքականությունը չի փոխվելու։ Փոխվելու են ճնշման ձևերն ու մեխանիզմները՝ կախված իրավիճակից գործի կդրվի թե՛ «կոշտ», թե՛ «փափուկ ուժի» քաղաքականություն։
ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- Փախլյան Ա., Աղաջանյան Ս., Վարդանյան Տ., Միքաելյան Տ., Հարությունյան Ա. (2022). Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակման հնարավորություններն ու մարտահրավերները, «ԱՄԲԵՐԴ» մատենաշար, 57, էջ. 132. DOI: 10.52174/978-9939-61-255-3.
- Атоян В., Пахлян А., Агаджанян С., Варданян Т. (2022). Риски и возможности налаживания армяно-турецких отношений в контексте новых региональных реалий.Регион и мир, 13(6), сс.13-14.
- Давыдов А. А., Гудев П. А., Звягельская И. Д., Жуков С. В., Кобринская И. Я., Кожокин Е. М., … & Шлыков П. В. (2019). Современная Турция: тренды развития и значение для России. с.
- Duran, B. (2023). Muhalefetin Batı’ya uyumlu dış politikası. Sabah. (03.02.2023). https://www.sabah.com.tr/yazarlar/duran/2023/02/03/muhalefetin-batiya-uyum lu-dis-politikasi (բեռնման օրը՝ 16.02.2023).
- Ekrem İmamoğlu için hapis cezası ve siyasi yasak kararı. (2022). Sözcü. (14.12.2022). https://www.sozcu.com.tr/2022/gundem/son-dakika-siyasi-yasak-ve-hapsi-istenen-ekrem-imamoglu-hakkinda-karar-7525794/ (բեռնման օրը՝ 28.02.2023).
- Genel kabul görmüş iktisat bilimi kurallarına hızla dönülmeli. Basın Bülteni (18.12.2021). https://tusiad.org/tr/basin-bultenleri/item/10894-genel-kabul-gormus-iktisat-bilimi-kural larina-hizla-donulmeli (բեռնման օրը՝ 19.02.2023).
- Kemal Kılıçdaroğlu ve Meral Akşener yarın bir araya gelecek (2023). Cumhuriyet. (26.02.2023). https://www.cumhuriyet.com.tr/siyaset/son-dakika-kemal-kilicdaroglu-ve-meral-aksener-yarin-bir-araya-gelecek-2055525 (բեռնման օրը՝ 27.02.2023).
- Türkiye Yüzyılı vizyon belgesi içeriği. (2022). Yeni Şafak. (28.10.2022). https://www.yenisafak.com/cumhurbaskani-erdogan-cuma-gunu-ne-aciklayacak-ak-partinin-viz yon-belgesinde-ne-var-h-3866763 (բեռնման օրը՝ 25.02.2023).
- Turkey Inflation Rate. (2023). https://tradingeconomics.com/turkey/inflation-cpi (բեռնման օրը՝ 15.02.2023).
- Türkiye ekonomisi 2022′ de yüzde 5,6 büyüdü. (2023). https://www.aa.com. tr/tr/ekonomi/turkiye-ekonomisi-2022de-yuzde-5-6-buyudu/2832986 (բեռնման օրը՝ 28.02.2023).
- Ortak Politikalar Mutabakat Metni. (2023). https://chp.org.tr/yayin/ortak-politikalar-mutabakat-metni/Open (բեռնման օրը՝ 18.02.2023).
[1] Արևելագետ, թուրքագետ։ 2008–2019 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում որպես Հայագիտական կենտրոնի ղեկավար, 2014–2021 թթ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի գիտաշխատող։ 2019–2021 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վերլուծական ծառայության» բաժնում որպես ավագ փորձագետ։ 2021–2022 թթ. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Գիտահետազոտական աշխատանքների և միջազգային կապերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 100-ից ավելի գիտավերլուծական հոդվածների և 12 կոլեկտիվ մենագրությունների հեղինակ է։
[2] Հոդվածը պատրասվել է 28.02.2023 թ.:
[3] Turkey Inflation Rate. (2023). https://tradingeconomics.com/turkey/inflation-cpi (բեռնման օրը՝ 15.02.2023).
[4] Türkiye ekonomisi 2022′ de yüzde 5,6 büyüdü. (2023). https://www.aa.com.tr /tr/ekonomi/turkiye-ekonomisi-2022de-yuzde-5-6-buyudu/2832986 (բեռնման օրը՝ 28.02.2023).
[5] Давыдов А. А., Гудев П. А., Звягельская И. Д., Жуков, С. В., Кобринская И. Я., Кожокин Е. М., … & Шлыков П. В. (2019). Современная Турция: тренды развития и значение для России. с. 14.
[6] Թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել, եթե 2020 թ. $1-ի փոխարժեքը կազմում էր 7,81 թուրքական լիրա, ապա 2023 թ. փետրվարի դրությամբ՝ $1-ի փոխարժեքը կազմում է 18,80 թուրքական լիրա։
[7] Genel kabul görmüş iktisat bilimi kurallarına hızla dönülmeli. Basın Bülteni (18.12.2021). https://tusiad.org/tr/basin-bultenleri/item/10894-genel-kabul-gormus-iktisat-bilimi-kurallarina-hizla-donulmeli. (բեռնման օրը՝ 19.02.2023).
[8] Ortak Politikalar Mutabakat Metni.(2023). https://chp.org.tr/yayin/ortak-politikalar-mutabakat-metni/Open (բեռնման օրը՝ 18.02.2023).
[9] Կազմակերպության անդամներն են Թուրքիան, Իրանը, Պակիստանը, Բանգլադեշը, Մալազիան, Ինդոնեզիան, Եգիպտոսը և Նիգերիան։
[10] Duran B. (2023). Muhalefetin Batı’ya uyumlu dış politikası. Sabah. (03.02.2023). https://www.sabah.com.tr/yazarlar/duran/2023/02/03/muhalefetin-batiya-uyumlu-dis-politikasi (բեռնման օրը՝ 16.02.2023).
[11] Ekrem İmamoğlu için hapis cezası ve siyasi yasak kararı. (2022).Sözcü. (14.12.2022). https://www.sozcu.com.tr/2022/gundem/son-dakika-siyasi-yasak-ve-hapsi-istenen-ekrem-imamoglu-hakkinda-karar-7525794/ (բեռնման օրը՝ 28.02.2023):
[12] Kemal Kılıçdaroğlu ve Meral Akşener yarın bir araya gelecek.(2023). Cumhuriyet.(26.02.2023). https://www.cumhuriyet.com.tr/siyaset/son-dakika-kemal-kilicdaroglu-ve-meral-aksener-yarin-bir-araya-gelecek-2055525 (բեռնման օրը՝ 27.02.2023).
[13] Türkiye Yüzyılı vizyon belgesi içeriği. (2022).Yeni Şafak. (28.10.2022). https://www.yenisafak.com/cumhurbaskani-erdogan-cuma-gunu-ne-aciklayacak-ak-partinin-vizyon-belgesinde-ne-var-h-3866763 (բեռնման օրը՝ 25.02.2023).
[14] Չնայած, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթեց ընդհանուր ընտրությունները, սակայն պարտվեց Թուրքիայի այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են՝ Ստամբուլը, Անկարան, Իզմիրը, Ադանան, Անթալիան և այլն:
[15] Փախլյան Ա., Աղաջանյան Ս., Վարդանյան Տ., Միքաելյան Տ., Հարությունյան Ա. (2022). Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակման հնարավորություններն ու
մարտահրավերները, «ԱՄԲԵՐԴ» մատենաշար, 57, էջ. 132. DOI: 10.52174/978-9939-61-255-3.
[16] Атоян В., Пахлян А., Агаджанян С., Варданян Т. (2022). Риски и возможности налаживания армяно-турецких отношений в контексте новых региональных реалий. Регион и мир, 13(6), сс. 13-14.