ՍԵՐԲԻԱՆ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Սերբիայի 7 հոգուց բաղկացած պատվիրակության անդամները 02.05.2024 թ. նամակ են հղել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսին, որով կոչ են արել վերջինիս չեղյալ համարել ԵԽԽՎ-ում ԱդրՀ պատվիրակության լիազորությունները վավերացումը մերժելու մասին բանաձևը(3)։ Սերբ խորհրդարանականները Ռուսոպուլոսին խնդրել են սկսելու ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամակցությունը վերականգնելու ընթացակարգը, որից այն հեռացվել է կազմակերպության հանձնարարականները չկատարելու և նրա հանդեպ ստանձնած պարտավորությունների անտեսման պատճառով։ Խոսվել է, մասնավորապես, Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների հարգման և երկրում անկախ դատական համակարգի, քաղբանտարկյալների հարցում խախտումների, ինչպես նաև ԵԽԽՎ դիտորդներին Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների մշտադիտարկումը թույլ չտալու և իրենց հայրենիքից ավելի քան 100 հազար ղարաբաղցի հայերի վտարման գործընթացը «գետնի վրա» գնահատելու համար ԵԽԽՎ պատվիրակության մուտքը Բերձոր (Լաչին) արգելափակելու մասին։
Սերբ խորհրդարանականներն իրենց նամակում մի շարք կշտամբանքներ են հնչեցրել ԵԽԽՎ-ի հասցեին, որը, նրանց կարծիքով, չի հարգում ժողովրդավարության հիմնարար արժեքները և խախտում է Խորհրդարանական վեհաժողովի կանոնադրության մեջ ամրագրված իր իսկ սկզբունքները։ Մեղադրանքները հնչել են «անբեկանելի փաստի ճանաչման» սկզբունքով, առանց փաստարկման նվազագույն նշույլի, առանց Ալիևի ռեժիմի ավտորիտարիզմի, Բաքվի կողմից ստանձնած պարտավորությունների բացահայտ անտեսման, միջազգային իրավունքի ինքնակամ և միակողմանի մեկնաբանության և այլ հարցերի շուրջ որևէ ակնարկի։
Գործնական տեսանկյունից սերբ խորհրդարանականների ուղերձն անօգուտ է, քանի որ նախագահ Ռուսոպուլոսն իրավունք չունի բեկանել Եվրոպայի խորհրդի վեհաժողովի ընդհանուր քվեարկությամբ ընդունված որոշումը։ Նա նաև իրավասություն չունի անձամբ նախաձեռնելու այս հարցի շուրջ նոր քննարկումներ՝ վերաքվեարկություն նպատակով։ Եթե նույնիսկ ենթադրենք, որ դա կարող է պատահել, և նոր քվեարկություն տեղի կունենա, ապա 7 ադրբեջանամետ սերբական ձայները չեն կարող որևէ բան փոխել ձայների «կողմ» և «դեմ» հարաբերակցության մեջ, քանի որ ադրբեջանական պատվիրակության հեռացումը տեղի է ունեցել ԵԽԽՎ պատգամավորների ճնշող մեծամասնության որոշմամբ։ Հետևաբար, այստեղ առկա է Բելգրադի և Բաքվի միջև համերաշխության միայն խորհրդանշական, ցուցադրական արար, որն ունի քարոզչական ուղղվածություն և Ադրբեջանի համար արժեք է ներկայացնում։
Բուն Ադրբեջանում ԵԽԽՎ որոշումը առաջացրեց բուռն արձագանք, որի արդյունքում զանգվածային արշավ սկսվեց մամուլում և քաղաքական հարթակներում՝ նսեմացնելու եվրոպական այս կազմակերպությունը և դրա «ապակառուցողական» գործունեությունը, որն, իբր ուղղված էր Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուն և ինքնիշխան իրավունքների ոտնահարմանը։ Ի դեպ, հենց այն կազմակերպությունը, որը մինչև վերջերս համարվում էր Ադրբեջանի և եվրոպական քաղաքական իսթեբլիշմենտի ներկայացուցիչների փոխգործակցության հաջող հարթակներից մեկը, որոնք պատրաստ էին գործարքի գնալ իրենց խղճի ու Ադրբեջանի հետ, ինչի մասին վկայում են բազմաթիվ փաստեր։
Այժմ Բաքվի պահվածքը անգամ չի ենթադրում ԵԽԽՎ-ում աշխատանքի համատեքստում իր թերությունները կառուցողականորեն քննարկելու և գնահատելու պատրաստակամության նշույլ, և Ադրբեջանի անդամակցությունը ժամանակավորապես դադարեցնելու այս կազմակերպության հիմնավորված որոշումը որակվում է բացառապես որպես թշնամական գործողություն Ադրբեջանի նկատմամբ, որն էլ ստիպված է արձագանքել առճակատման հռետորաբանությամբ և վերջնագրի տոնով։ Ադրբեջանի բարձրագույն քաղաքական ղեկավարությունն առաջին հերթին զբաղված է նման դիրքորոշման ուռճացմամբ։ Անձամբ Ի. Ալիևը բազմիցս ցույց է տվել իր անհաշտ դիրքորոշումն այս հարցում՝ բացահայտորեն դիմելով շանտաժի և վերջնագրի պահանջների։ Օրինակ՝ Բաքվում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնի հետ 01.02.2024 թ. կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի ղեկավարն ուղղակիորեն սպառնացել է ԵԽԽՎ-ին Ադրբեջանի դուրս գալով այս կազմակերպությունից և ոչ միայն դրանից։ Նրա խոսքերով. «Եթե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության իրավունքները չվերականգնվեն, Բաքուն կվերանայի Եվրոպայի Խորհրդի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) աշխատանքներին իր մասնակցության հարցը»(4)։
Միևնույն ժամանակ, Բաքվի տոնն ու հռետորաբանությունը հստակ ցույց են տալիս, որ պաշտոնական Ադրբեջանը մտահոգված է տեղի ունեցածով, քանի որ ԵԽԽՎ-ի որոշումը արտացոլում է ոչ այնքան այս կազմակերպության ներսում առկա տրամադրությունները, այլ ավելի շուտ ընդհանրապես Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական խնդիրների և, մասնավորապես, Բաքվի կողմից տարածաշրջանում հեգեմոնիայի հաստատման փաստի նկատմամբ եվրոպական երկրների անհատական մոտեցումները փոխելու միտում: Այդ գործընթացների համաժամացումը Ռուսաստանի Դաշնության քայլերի հետ՝ Հարավային Կովկասը «բացառելու» ինտեգրացիոն ծրագրերից և Արևմուտքի հետ գործընթացներից՝ եվրոպական հանրության աչքում, կարծես, լուրջ սպառնալիք է նրա կենսական շահերին։ Եվ հնարավոր է, որ ԵԽԽՎ որոշումը միայն «առաջին ծիծեռնակն» էր Բաքվին «սանձելու» և Արևմուտքին անհրաժեշտ աշխարհաքաղաքական կուրսին վերադարձնելու ծրագրերում։ Ի վերջո, ԵԽԽՎ-ում Ադրբեջանին հայտարարված դեմարշից հետո եվրոպական այլ հարթակներ կարող են շղթայական ռեակցիայով «ըմբոստանալ», և դրա համար միշտ էլ պատճառներ կլինեն։ Իսկ Ալիևին պետք չէ գործերի նման ընթացք՝ հաշվի առնելով նրա անձնական իշխանության օրինականության և ղարաբաղցի հայերի դեմ Ադրբեջանի վերջին գործողությունների միջազգային իրավական լեգիտիմության հետ կապված խնդիրների ծավալը։
Թերևս, եվրոպական կառույցների և առանձին-առանձին այդ կառույցներում որոշիչ դեր ունեցող երկրների հետ սպասվող խնդիրների ակնկալիքը Բաքվին ստիպում է դաշնակիցներ փնտրել՝ Եվրոպայի քաղաքական գրոհը գոնե մասամբ զսպելու համար։ Նույնիսկ, եթե այս փուլում այդ աջակցությունը գործնական օգուտ չի ունենա։ Հիմա գլխավորը աղմուկն է, խառնաշփոթը, «առողջ ազգային ուժերի» համերաշխության ի հայտ գալն ընդդեմ «վերպետական եվրոպական կառույցների՝ նրանց նկատմամբ բյուրոկրատական գերակայության»:
Դժվար թե սերբերը սեփական նախաձեռնությամբ կամ, գոնե անշահախնդրորեն ներքաշվեին Բաքվի այս խարդախության մեջ։ Պետք է ենթադրել, որ Բաքվի և Բելգրադի միջև առկա են բազմաթիվ փոխադարձ շահեր և միանգամայն նյութական բնույթի կապվածություններ, որոնց մասին ադրբեջանցիների հիշեցումները դրդեցին սերբ քաղաքական գործիչներին ներգրավվելու Ադրբեջանին պաշտպանելու գործընթացում։ Այսինքն՝ նման պաշտպանությունը գին ունի։ Ակնհայտ է, որ Բաքուն ուղղակիորեն պահանջում էր, որ Բելգրադը վճարի այդ գինը (կքննարկվի ստորև), առնվազն՝ հետադարձ ուժով, քանի որ ԵԽԽՎ-ում սերբական պատվիրակությունը ներկա չի եղել Ադրբեջանի վերաբերյալ լսումներին և քվեարկությանը, ինչը նրանք փաստարկել են Ռուսոպուլոսին ուղղված նամակում՝ հղում անելով Սերբիայի խորհրդարանի դեկտեմբերյան ընտրություններին, որոնց պատճառով չեն կարողացել բացակայել Բելգրադից։
Սերբ պատգամավորների դիմումը, այսպես թե այնպես, իռացիոնալ է ստացվել և, առավել ևս, հնչեցվել ամենևին ոչ պատեհ ժամանակին. դրա հրապարակման օրերին էր, որ Գերմանիայում և ամբողջ Եվրոպայում լայնորեն քննարկվում էին ԵԽԽՎ մի շարք գերմանացի պատգամավորների կողմից Բաքվից զգալի կաշառք ստանալու հետ կապված քրեական գործերը(5): Եվ, հետևաբար, Եվրոպայում շատերի համար բելգրադյան նամակից փչում էր ադրբեջանական խավիարի՝ Արևմուտքում լավ հայտնի «բույրը»:
Իսկ այժմ՝ վերևում նշված գնի մասին։ Այդ գնի մեջ մտնում է ոչ այնքան խավիարը, որը Բաքվի համար ընդամենը իր ընկերներին ու գործընկերներին խրախուսելու օժանդակ ապրանք է, որքան ադրբեջանական գազը, որը 2024 թ. Բուլղարիայից խողովակաշարով կմատակարարվի Սերբիա, և, իհարկե, հարյուր միլիոնավոր դոլարներ արժողությամբ զենքը, որը Սերբիան, իր հերթին, մատակարարում է Ադրբեջանին(6): Եվ, վերջապես, այս ցանկին կարելի է ավելացնել այն աջակցությունը, որն Ալիևը խոստացել էր իր «մտերիմ ընկեր Վուչիչին» Կոսովոյի հարցում, որն, իբր, նույն արմատներն ունի, ինչ Ղարաբաղյան խնդիրը և, հետևաբար, պետք է որ նույն ձևով լուծվի։
Հարցի գինը, ըստ երևույթին, փոքր չէ, և Բելգրադը «հիմքեր չուներ» հրաժարվելու Ռուսոպուլոսին ուղղված՝ ԵԽԽՎ-ի հասցեին կշտամբանքներով լի դիմումից, նույնիսկ եթե դա վրդովմունք է առաջացնում եվրոպական այս կառույցում։
(1) Հրապարակախոս, վերլուծաբան, վավերագրական ռեժիսոր։ Ավելի քան 1000 հրապարակախոսական և քաղաքական-վերլուծական հոդվածների և 400 հեռուստա-վավերագրական տեսաֆիլմերի հեղինակ: Աշխատել է «Հ1», «ԱՐ», «Երկիր-Մեդիա» հեռուստաալիքներում: Համագործակցել և թղթակցել է «Голос Армении», Aysor.am, Voskanapat, «Ազատ Արցախ» և այլ պարբերականներում ու լրատվական կայքերում:
(2) Հոդվածը բերվում է թարգմանաբար՝ ռուսերենից: Բնագիրը խմբագրություն է ներկայացվել 11.02.2024 թ.։
(3) Տես Telegram. «Полное обращение делегации Сербии в ПАСЕ председателю организации Русопулосу», 05.02.2024, https://t.me/MaidenTower/45887?comment=1156993 (բեռնման օրը՝ 11.02.2024):
(4) Տես РБК: «Алиев пригрозил ПАСЕ выходом Азербайджана из Совета Европы», 01.02.2024, https://www.rbc.ru/politics/01/02/2024/65bb87049a794783ef166344 (բեռնման օրը՝ 10.02.2024):
(5) Տես «Двое немецких экс-депутатов ПАСЕ обвиняются в получении взяток от Азербайджана», 30.01.2024, https://factor.am/ru/50419.html (բեռնման օրը՝ 10.02.2024).
(6) Տես «Экономическая Правда»: «Сербия будет закупать газ из Азербайджана, уменьшая зависимость от РФ», 15. 11. 2023, https://www.epravda.com.ua/rus/news/2023/11/15/706646/ (բեռնման օրը՝ 10.02.2024), նաև՝ «Военное обозрение»: «Сербия планирует поставить 50 150-мм САУ NORA неназванной стране», 12.12.2023, https://topwar.ru/232091-serbija-planiruet-postavit-okolo-50-155-mm-sau-nora-nenazvannoj-strane.html (բեռնման օրը՝ 09.02.2024).