Մեկնաբանություններ

Ֆրանսիական ռազմական գնումների քաղաքականության նրբերանգները Հարավային Կովկասում

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 06.05.2024 թ.

fip.am փաստերի հետաքննության հարթակի համաձայն՝ Ֆրանսիան 2013–2019 թթ. ընթացքում 148.3 մլն եվրոյի զենք է արտահանել Ադրբեջան: Բացի այդ, նմանատիպ ցուցանիշ է բերվում նաև Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության հրապարակման մեջ, որում համոզիչ ապացույցներ են տրված 2010–2019 թթ. զենքերի վաճառքի մասին: Ըստ երևույթին, Շառլ Ազնավուրի մահը, նույնպես, դյուրացրել է երկու երկրների միջև զենքի գնումների հարաբերությունները 2018 թվականից հետո, և այժմյան քննարկման առարկա են այնպիսի ժամանակակից զենքեր, ինչպիսիք են ֆրանսիական ASTER 30-SAMP/T և VL MICA ՀՕՊ զենիթա-հրթիռային համակարգերը:

Հայաստանը տեղյակ է եղել Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև նման հարաբերությունների մասին, և այդ հարցերի շուրջ լրացուցիչ փաստերն ավելի են բարդացնում գործը: IHS Markit-ի աղբյուրը ենթադրում է, որ եվրոպական ընկերությունները հրաժարվել են 2015 թվականին արբանյակային պատկերներ վաճառել Հայաստանին՝ Ադրբեջանի հանդեպ պայմանագրային պարտավորություններ ունենալու պատճառով: Հայտնի չէ, թե արդյո՞ք Airbus-ն է եղել Ադրբեջանի հիմնական մատակարարը՝ ամենահավանական ընկերությունը, որն ունակ է վերահսկել և վաճառել նորալուր արբանյակային պատկերներ: Հաշվի առնելով, որ ընկերությունը կոնսորցիումի  սեփականությունն է և, որ Ֆրանսիային մեղադրող ուղիղ ապացույցներ չկան, թեման բաց է մնում վերլուծաբանների ենթադրությունների համար: Այնուամենայնիվ, հայկական պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները հակված են վստահելու IHS Markit-ի տարածած լուրերին, և շատերը կարծում են, որ Ֆրանսիան է եղել ԱդրՀ-ին տրամադրվող արբանյակային պատկերների անմիջական մատակարարը, ինչը առանցքային գործոն էր 2020 թ. մարտի դաշտում Ադրբեջանի ռազմական գերակայության համար: Մյուս կողմից, այլ ապացույցներ վկայում են այն մասին, որ Ֆրանսիացի զինվորականները պատրաստ են եղել  2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում աջակցելու ՀՀ-ին, սակայն ֆրանսիացի ռազմական խորհրդականները տեխնիկական աջակցության տրամադրման թույլտվություն չեն ստացել։

Հաշվի առնելով վերը նշվածը, փորձագետներին մնում է կռահել, թե որո՞նք են Ֆրանսիայի իրական մտադրությունները տարածաշրջանում, և թե ո՞րն է Հայաստանի արժեքը Ֆրանսիայի ազգային շահերի տեսանկյունից: Որոշ փորձագետներ պնդում են, որ Ֆրանսիայի մտադրություններն ուղղված են բացառապես չեզոքացնելու ռուսական ազդեցությունը տարածաշրջանում՝ քանի դեռ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով: Մյուսները կարծում են, որ Ֆրանսիան իսկապես վերանայել է իր հարաբերությունները ԱդրՀ-ի հետ գնումների ոլորտում: Անկախ 2020 թվականից հետո Ֆրանսիայի նոր աշխարհաքաղաքական մանևրներից՝ պատահական չէ, որ Երևանի և Փարիզի միջև հարաբերությունների բարելավումը տեղի ունեցավ 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո, երբ անկլավն անցավ ադրբեջանական իրավասության տակ, և 2023 թ. Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումների վերաբերյալ Փարիզը լռում էր։

Առաջ շարժվելով նույն տրամաբանությամբ շատ փորձագետներ մտածում են՝  արդյո՞ք ԱդրՀ-ն պայքարելու է արբանյակային պատկերների հասանելիությունը պահպանելու համար, եթե Ֆրանսիան նոր հետաքրքրություններ ցուցաբերի ՀՀ-ի նկատմամբ՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Ֆրանսիայի նկատմամբ զենք վաճառելու ներկայիս ճնշումները: Արբանյակային պատկերները կորցնելու նման սցենարը շատ քիչ հավանական է, քանի որ «բիզնեսը բիզնես է», և ոչ մի երկիր իր շահույթը չի նվազեցնի և չի վատթարացնի իր հարաբերությունները: Մյուս կողմից, սա կարող է վկայել այն մասին, որ Ֆրանսիան խաղում է նույն խաղը, ինչ Ռուսաստանը՝ երկու կողմերին զենք վաճառելով, հավասար պայմաններ պահպանելով, որպեսզի, ի վերջո, վերահսկողություն ձեռք բերի երկու երկրների վրա էլ և ճիշտ պահին առաջ մղի սեփական շահերը։

ՀՀ-ն պետք է ձգտի նոր ռազմավարական գործընկերներ գտնել՝ անկախ այն բանից, թե տվյալ երկիրը արդյո՞ք զենք վաճառում է ագրեսորին, թե՝ ոչ։ Այդուհանդերձ, անհրաժեշտ են հետագա հետազոտություններ և տեղի ունեցող աշխարհաքաղաքական տեղաշարժերի խորը գիտակցում՝ նվազեցնելու համար այնպիսի մանիպուլյացիաների հավանականությունը, ինչպիսիք եղել են վերջին 20 տարիների ընթացքում, երբ Հայաստանը հույսը դրել էր մեկ ռազմավարական գործընկերոջ վրա: