Փորձագետի մեկնաբանություն, 04.05.2024 թ.
Մասիս Ինգիլիզյան(1)
2023 թ. հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ֆրանսիական Thales Group ընկերությունը Փարիզում ստորագրել են պայմանագիր, ըստ որի՝ Հայաստան են մատակարարվելու 3 GM (Grand Master) 200 ռադարային կայաններ։ Ֆրանսիայի կողմից Grand Master 200 ռադարի վերջերս արված մատակարարումը քննարկումների տեղիք է տվել Հայաստանի ռազմաքաղաքական ոլորտում՝ այդ գործարքի խորհրդանշական բնույթի պատճառով: ՀՀ ԶՈՒ-ն նման գնումների խիստ կարիք ունի, ինչը կհանգեցնի դժվար հայտնաբերվող անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դեմ արդյունավետ պայքարին։ Ամեն դեպքում, այս գնումները քայլ են ճիշտ ուղղությամբ, եթե վաճառքի փաթեթը ներառում է անհրաժեշտ դոկտրինալ, ուսումնական և տեխնիկական աջակցություն:
Ռադիոտեղորոշումային համակարգերի անհրաժեշտությունը, որոնք դեռևս նախագծման փուլում նախատեսված են եղել դանդաղ շարժվող և ռադիոտեղորոշումային ցածր տեսանելիության (RCS) թիրախների համար և կարող են թիրախային տվյալներ փոխանցել մարտական ռադիոտեղորոշիչներին, չափազանց կարևոր է Բայրաքթար, Հարոպ և այլ տիպի դժվար հայտնաբերվող օդային թիրախների դեմ պայքարը հեշտացնելու համար: Հայաստանը 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ բախվեց հենց այս անօդաչու սարքերին, որոնց տեխնիկական պարամետրները պետք է հետայսու լինեն մատչելի ու հասանելի և ներբեռնվեն ռադարի կոնֆիգուրացիայի մեջ՝ խանգարումները նվազեցնելու և հայտնաբերելիությունը բարելավելու համար: Այնուամենայնիվ, դժվար է ասել, թե արդյո՞ք Բայրաքթարի և/կամՀարոպի այնպիսի պարամետրներ, ինչպիսիք են՝ չափը, արագությունը և հարաբերական բարձրությունը համակարգերում ներբեռնվել են, և արդյո՞ք Ֆրանսիան կգերազանցի իր պարտականությունները՝ աջակցելու հայ տեխնիկներին՝ ՀՀ-ի առջև գործադրվող անօդաչու սարքերը հայտնաբերելու հարցում:
Բացի այդ, Հայաստանի հակաօդային պաշտպանության կարողությունների համար անհրաժեշտ են մեծ հեռահարության ռադիոտեղորոշիչ համակարգեր, որոնք ունակ կլինեն խորը հայտնաբերման Ադրբեջանի տարածքում: Ֆրանսիան Հայաստանին է վաճառում նաև Minstrel համակարգը, որը փոքր հեռահարության հրթիռային համակարգ է, և այնքան էլ արդյունավետ չէ, երբ Բայրաքթարը գործի է դնում հեռահար զինատեսակներ՝ մնալով «երկիր-օդ» հրթիռների արդյունավետության շառավղից դուրս: Կարծիք կա, որ, ինչպես նախկինում էր արվել, և՛ Ֆրանսիան, և՛ Հնդկաստանը Հայաստանին վաճառում են սարքավորումներ, որոնք արդյունավետ չեն լինի մարտի դաշտում, քանի որ Հայաստանին անհրաժեշտ են Ադրբեջանի տարածքում խորը հայտնաբերմամբ մեծ հեռահարության «երկիր-օդ» (SAM–surface-to-air missile) զենիթահրթիռային համալիրներ: Grand Master 200-ը ապահովում է միջին հեռահարության հայտնաբերում, սակայն, Հայաստանին դեռ անհրաժեշտ են մեծ հեռահարության արդյունավետ ԶՀՀ-ներ:
Ներկայիս երեք ռադարների՝ որպես վաղ նախազգուշացման ռադիոտեղորոշումային համակարգերի, հնարավորությունները շատ սահմանափակ են, սակայն ավելի մեծ քանակ ձեռք բերելու դեպքում դրանք կարող են արժեքավոր մաս կազմել ՀՀ վաղ նախազգուշացման մեխանիզմին: Չնայած նոր ձեռք բերված Akash կամ հին S300 համակարգերի հետ ինտեգրման պոտենցիալ անհնարինությանը, դրա՝ որպես ինքնուրույն վաղ նախազգուշացման ռադարի, արդյունավետությունը, միևնույն է, կլինի սահմանափակ: Ավելին, եթե համակարգը կարողանա փոխանցել թիրախի հետագիծը մարտական ռադարների հետ ինտեգրված կամ ուղղակիորեն ֆրանսիական արտադրության հեռահար «երկիր-օդ» համակարգերին, ապա այն կարող է արժանի ձեռքբերում համարվել: Այս ինտեգրումը պետք է ներառի նաև փոքր և մեծ բարձրությունների վրա ԶՀՀ-ների համադրությունը՝ համընկնման եղանակով: Ավելին, եթե տեղակայման հետ կապված խնդիրները լուծվեն ռադարների գործունեության հորիզոնի հետ կապված խնդիրները նվազեցնելու համար և տեղադրվեն անցանելի ճանապարհներով լեռների գագաթներին՝ կրակելու և փախչելու համար օժանդակ թաքստոցներով, ինչը կարևոր է ռադարի առավելագույն արդյունավետությունն ապահովելու համար, ապա այս համակարգերը կկարողանան ապահովել հայկական ՀՕՊ-ի առավելությունը:
44-օրյա պատերազմի ընթացքում «կրակիր և փախիր» և հետախուզման թույլ մարտավարությունը հնարավորություն են տվել ադրբեջանական կողմին հաջողությամբ գործադրել «Հակառակորդի հակաօդային պաշտպանությունը ճնշելու» (SEAD) մարտավարական հնարքը: Այս դոկտրինալ և օպերատիվ հմտությունները, որոնցից է «կրակիր և փախիր» մարտավարությունը, հանդիսանում են հակաօդային պաշտպանության ընդհանուր ռազմավարության մի մասը՝ ապահովելու այս համակարգերի կենսունակությունը, մինչդեռ ուսուցումն ու կիրառման մարտավարությունը պետք է տրվեն նախագծողների և արտահանող երկրների կողմից: Այս դասընթացը չի բացառում նաև հետագա հետազոտություններ, որոնք պետք է իրականացվեն հայ գիտնականների կողմից՝ համակարգերը Հայաստանի դոկտրինալ մոտեցումներին հարմարեցնելու և ինտեգրելու համար: Վերջապես, այս համակարգերի դեմ ամենակարևոր մարտահրավերը օդային համակարգերի գործարկման համար կիրառվող հաճախականությունների ոլորտում արձանագրված տեխնիկական թռիչքն է, որն անհրաժեշտ է իրական ժամանակում ռադիոէլեկտրոնային պայքարի հարափոփոխ մարտերից հետ չմնալու համար: Հայ տեխնիկները պետք է վերապատրաստվեն Ֆրանսիայի կողմից և տիրապետեն այս ոլորտի գիտելիքներին:
Անվճռականությունը և ստատիկ պաշտպանական հայեցակարգերը 44-օրյա պատերազմի հակաօդային պաշտպանության մարտական պլանի ձախողման մեջ առավել մեծ ներդրում ունեցան, և առանց Ֆրանսիայի դոկտրինալ աջակցության՝ միայն այս համակարգերը գնելը չի նշանակի կատարողականի որևէ տպավորիչ բարելավում: Ամեն դեպքում, սա մի քայլ առաջ է հայաստանյան գնումների առումով, սակայն հաշվի առնելով այս ամենը՝ առանց մանրակրկիտ վերապատրաստման, ինտեգրման, մեծ հեռահարության նոր ԶՀՀ-համալիրների գնման և տեխնիկական աջակցության, այս համակարգերն, ըստ էության, հանդիսանում են խորհրդանշական մի քայլ, որը կարող է միայն հանգեցնել հայ հանրության և ԶՈւ-ի ինքնագոհության ավելացմանը:
(1) Ավելի քան 10 տարի՝ Ավստրալիայի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրությունների ինստիտուտի անկախ հետազոտող: Նախկինում մասնակցել է ռազմավարական պատերազմի վերաբերյալ IMINT Analysis (Imagery Intelligence/Պատկերների հետախուզություն)՝ պատերազմի վարման ռազմավարական մեթոդներին վերաբերող հրատարակության աշխատանքներին: Պարբերաբար մասնակցում է Bellingcat հարթակի՝ բաց աղբյուրներից հետախուզական տվյալների հավաքագրման աշխատանքներին: Նրա ուսումնասիրություններն վերաբերում են պատերազմի ռազմավարությանը, աշխարհաքաղաքականությանը, աշխարհառազմավարական խնդիրներին և Կովկասի, Իրանի, Ռուսաստանի հետ կապված միջազգային հարաբերություններին: Ներկայումս զբաղվում է ազգային անվտանգության ուսումնասիրություններով և ծառայում որպես Հայաստանի անվտանգության բարեփոխումների հետազոտական ծրագրի արտաքին քաղաքականության, ռազմական քաղաքականության և բարեփոխումների հարցերով խորհրդական և քաղաքականության փորձագետ: Ավելի հանգամանորեն տես՝ https://www.bellingcat.com/author/masisingilizian/