ՀՀ, Արցախ, Սփյուռք

ՎՐԱՍՏԱՆ–ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ

ՎՐԱՍՏԱՆ–ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ
Ա. Ս. Սիմավորյան

Սեղմագիր

Հաշվի առնելով վրաց-թուրքական ներկայիս սերտ հարաբերությունները, հոդվածում կանդրադառնանք թե ինչպիսի քաղաքականություն է վերջին տարիներին իրականացնում Թուրքիան Աբխազիայի և Աջարիայի ուղղությամբ, ինչպես նաև՝ մեսխեթցի թուրքերի հետ կապված հարցերում։

СОВРЕМЕННЫЕ ГРУЗИНО-ТУРЕЦКИЕ ОТНОШЕНИЯ
А. С. Симаворян

Аннотация

Учитывая нынешние тесные грузино-турецкие отношения, в статье мы рассмотрим, политику проводимую Турцией в последние годы в отношении Абхазии и Аджарии, а также в вопросах, связанных с турками-месхетинцами.

CURRENT GEORGIA-TURKEY RELATIONS
A. S. Simavoryan

Summary

Taking into account the current close Georgian-Turkish relations, in this article we will discuss the policy that is being implemented by Turkey in recent years towards Abkhazia and Adjara, as well as in matters related to Meskhetian Turks.

Արեստակես Ս. Սիմավորյան(1)(2)

ՎՐԱՍՏԱՆ–ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ

ԱՌԱՋԱԲԱՆ

Խորհրդային Միության փլուզումից հետո՝ 1991 թ. դեկտեմբերի 16-ին Թուրքիան ճանաչեց Վրաստանի անկախությունը։ Շատ չանցած՝ 1992 թ. մայիսին ստորագրվեց երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ արձանագրություն: Քաղաքական հարաբերությունների հետագա զարգացման նպատակով երկկողմ համագործակցություն իրականացվեց բազմաթիվ ոլորտներում, ինչպիսիք են` տնտեսականը, մշակութային-հումանիտարը, կրթականը, առողջապահականը, ռազմատեխնիկականը և այլն: Անկարայում և Թբիլիսիում երկու երկրների դեսպանություններից բացի, Թուրքիան հյուպատոսություն բացեց Բաթումում, իսկ Վրաստանը՝ Ստամբուլում և Տրապիզոնում։ Թբիլիսիի և Անկարայի հարաբերությունները զարգացան հատկապես 2000-ականների սկզբին. Թուրքիայի համար Վրաստանը, կարելի է ասել, համարվում է հարմար «բուֆերային» գոտի ադրբեջանական էներգառեսուրսների տեղափոխման համար։ Այսօր երկկողմ հարաբերությունները գտնվում են ռազմավարական գործընկերության մակարդակում։

Հաշվի առնելով վրաց-թուրքական ներկայիս սերտ հարաբերությունները, հոդվածում կանդրադառնանք, թե ինչպիսի քաղաքականություն է վերջին տարիներին իրականացնում Թուրքիան Աբխազիայի և Աջարիայի ուղղությամբ և մեսխեթցի թուրքերի հետ կապված հարցերում։

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ
ԵՎ ԷԹՆՈՊԱՏԿԵՐԸ ԱՋԱՐԻԱՅՈՒՄ

Խորհրդային փլուզումից հետո և հատկապես վերջին տասնամյակում, ինչպես պնդում են որոշ վրաց փորձագետներ, Աջարիան վերածվել է «թուրքական վիլայեթի», որտեղ Թուրքիան ունի ոչ միայն տնտեսական, այլև՝ քաղաքական, գաղափարական և կրոնական ազդեցություն ։ Բաթումում և այլ քաղաքներում հիմնվել են թուրքական թաղամասեր, Անկարան կազմակերպում է թուրքերեն լեզվի և այլ կրթական դասընթացներ երիտասարդ աջարացի ուսանողների համար՝ նրանց տալով կրթաթոշակներ և խրախուսելով նաև կրոնական կրթությունը(3)։ Այս ամենին զուգահեռ Թուրքիան արդեն երկար տարիներ ի վեր Աջարիայում ծավալում է տնտեսական գործունեություն՝ ներդրումներ կատարելով տարբեր ոլորտներում։

Ասլան Աբաշիձեի օրոք, ով այս Ինքնավար Հանրապետությունը ղեկավարել է 1991-2004 թթ.,  թուրքական տնտեսական ներկայությունը խիստ սահմանափակ էր։ Այսպես կոչված «Վարդերի հեղափոխությունից» հետո, երբ իշխանության եկավ Մ. Սաակաշվիլին, իրավիճակն այս առումով կտրուկ փոխվեց։ Նախ՝ կենտրոնական իշխանության և Ինքնավար Հանրապետության միջև հարաբերությունները «Վարդերի հեղափոխությունից» հետո դարձան խիստ կոնֆլիկտային, որից հետո տեղի ունեցավ «Աջարական հեղափոխությունը»։ Արդյունքում Ասլան Աբաշիձեն ստիպված լքեց իր պաշտոնը և մեկնեց ՌԴ, իսկ Աջարիան կրկին ենթարկվեց Թբիլիսիին։

Ուշագրավ է, որ հետագայում՝ 2008 թ.-ին, Վրաստանի և Թուրքիայի միջև ազատ առևտրի ռեժիմի մասին փաստաթղթի պատրաստման առնչությամբ, որի նպատակն էր առավելագույնի հասցնել թուրքական ներդրումները Վրաստանում (թուրքական փողերը պետք է ուղղվեին շինարարության, վերամշակող արդյունաբերության, ձեռներեցության զարգացմանը և այլն), Վրաստանի 3-րդ նախագահ Մ. Սաակաշվիլին նշեց, որ «Թուրքիան այն երկիրն է, որն առաջինը օգնության ձեռք մեկնեց Վրաստանին նրա անկախության հռչակումից հետո և ամեն ինչ արեց Վրաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։ 2004 թ., երբ Աջարիայում խնդիրներ առաջացան, Թուրքիան ամեն ինչ արեց, որպեսզի Աջարիայի բնակչությունը խուսափի արյունահեղությունից և քաղաքացիական առճակատումից»(4):

Արդեն այսօր՝ 15 տարի անց, Աջարիայում խոսում են Թուրքիայի տնտեսական էքսպանսիայի մասին՝ մտավախություն ունենալով, որ շուտով Ինքնավարության բնակչությանը ամբողջությամբ կարգելվի վրացերեն խոսել։ Աջարացիներն այնպիսի զգացողություն ունեն, որ ապրում են ոչ թե Վրաստանում, այլ՝ Թուրքիայում(5)։

Վստահաբար կարելի է ասել, որ Աջարիան այսօր տնտեսապես գրեթե ամբողջությամբ ինտեգրված է Թուրքիային։ Թուրքիայի Հանրապետության իշխանությունները հսկայական վարկեր են տրամադրում Աջարիայում աշխատող իրենց գործարարներին՝ միայն մեկ պայմանով, որպեսզի աշխատանքի ընդունեն միայն էթնիկ թուրքերի։ Արդյունքում, ինքնավար հանրապետության տնտեսության ամենաշահութաբեր հատվածը (զբոսաշրջությունը) ամբողջությամբ գտնվում է թուրքական կապիտալի ձեռքում (սրճարաններ, հյուրանոցներ, ռեստորաններ, խաղատներ և հասարակաց տներ)(6)։

Ի դեպ, ինչպես նշում է լրագրող Ջոշուա Կուչերան, քաղաքի (նկատի ունի Բաթում քաղաքը–Ա.Ս.) պատմական կենտրոնի մի հատվածում, որը ժամանակին հայկական թաղամաս էր, այժմ գերակշռում են տասնյակ մերսման սրահներ, հասարակաց տներ, թուրքական ռեստորաններ, բարեր և թեյարաններ(7):

Աջարիայում թուրքերի կողմից բացված ձեռնարկություններում աշխատողների ավելի քան 80%-ը էթնիկ թուրքեր են։ Ընդ որում, նրանց վարձատվությունը մի քանի անգամ գերազանցում է տեղացիների աշխատավարձից. թուրքերինը՝ $600, իսկ տեղացիներինը՝ $150-ից պակաս(8),(9)։

Տարբեր տեղեկություններով Աջարիայի մայրաքաղաքում մշտապես բնակվող Թուրքիայի քաղաքացիների թիվն արդեն հասնում է մի քանի հազար մարդու։ Միայն 2010-2012 թթ. ընթացքում Աջարիայում բնակվող թուրքերին տրամադրվել է մոտ 25.000 վրացական անձնագիր(10): Սաակաշվիլին թուրքերին Վրաստանի քաղաքացիություն է շնորհել հատկապես, երբ ավարտվում էր նրա նախագահության ժամկետը։ Նա հազարավոր վրացական անձնագրեր է տրամադրել Թուրքիայի քաղաքացիներին, որոնց մի մասը ներկայացվել է՝ որպես վրացի։ Քաղաքական գործիչ և դիվանագետ Համլետ Չիպաշվիլիի կարծիքով, բիզնես շահերից և այլ նկատառումներից ելնելով, նրանցից շատերը Սաակաշվիլիի շնորհիվ ստացան վրացական անձնագրեր, որի արդյունքում Վրաստանի քաղաքացիություն են ստացել ոչ միայն վրացական ծագում ունեցող անձինք, այլև՝ թուրքերը։ Աջարիայի այս «թրքացումը», վերջինիս կարծիքով, հակասում է Վրաստանի շահերին։

Չիպաշվիլին գտնում է, որ «Վրաստանի քաղաքացիների անձնագրերի նման առատաձեռն բաժանումը թուրքերին շատ մեծ սխալ էր։ Արդյունքում, Աջարիայում մեծ տարածք բացվեց թուրքերի համար։ Այստեղ ընթացող ողջ շինարարությունը թուրքական ընկերությունների ձեռքում է։ Բացի այդ, նրանք բազմաթիվ խանութներ ու ձեռնարկություններ են բացել Աջարիայում, հատկապես Բաթումում, որտեղ բանվորները նույնպես թուրքեր են։ Սահմանից այն կողմ բնակվող թուրքերն անցնում են Աջարիա, աշխատում, իսկ երեկոյան վերադառնում տուն։ Այս ձեռնարկություններում աշխատում են շատ քիչ թվով Աջարիայի բնակիչներ, որոնք նույն թուրքերից 10 անգամ պակաս աշխատավարձ են ստանում»(11)։

Թեև վրացական իշխանությունները չեն տրամադրում որևէ տեղեկություն ո՛չ Աջարիայում իրականացված թուրքական ներդրումների ֆինանսական չափի մասին, և ո՛չ էլ, ներդրումների ոլորտների մասին, այնուհանդերձ, դատելով իրականացվող ծրագրերի ծավալներից կարելի է եզրակացնել, որ դրանք Ինքնավար Հանրապետությունում, թերևս, ամենամեծն են։  Աջարիայի ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2014 թ. օտարերկրյա ներդրումները կազմել են $182,4 մլն, 2015 թ.՝ $278,5 մլն, իսկ 2016 թ.՝ $301,7 մլն։ 2016 թ. տվյալներով Թուրքիան Ադրբեջանից հետո երկրորդ տեղում է ուղղակի օտարերկրյա ներդրումներով։ Երրորդ տեղում Միացյալ Թագավորությունն է։ Թուրքական ներդրումների ծավալը 2016 թ. կազմել է ընդհանուր ներդրումների 44,9%-ը(12):

Սակայն, 2017 թ. օտարերկրյա ներդրումների 88-90%-ը բաժին է ընկել Թուրքիային(13)։

Ինչ վերաբերում է Աջարիայի բնակչությանը (2023 թ. տվյալներով Ինքնավար հանրապետության բնակչության թվաքանակը 361 հազար է)(14), ապա, ընդհանուր առմամբ, այստեղ բնակվում են տարբեր ազգություններ: Գերակշիռ մասը՝ շուրջ 300 հազարը՝ վրացի աջարացիներ(15) են, որոնք սուննի մահմեդականներ են (17–18-րդ դարերում՝ օսմանյան տիրապետության ժամանակաշրջանում ընդունել են մահմեդականություն), սակայն նրանց շրջանում կան նաև քրիստոնյաներ: 2014 թ. տվյալներով աջարացիների 54%-ը Վրաց ուղղափառ եկեղեցու հետևորդներ են, մնացածը՝ իսլամադավան(16)։

2000-ական թթ. վերջին որպես էթնիկ փոքրամասնություններ՝ վրացի աջարացիներին հաջորդում էին ռուսներն (9.100 մարդ) ու հայերը (8.800 մարդ)(17)։ Սակայն ռուս-վրացական պատերազմից հետո տարեց-տարի ռուսների քանակը կտրուկ նվազել է՝ հասնելով 3.000-ի, իսկ հայերինը կազմում է 5.000-ից մի փոքր ավելին (2010 թ. դրությամբ)(18)։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության կողմից ներկայացված տվյալների համաձայն՝ 2014 թ. Աջարիայի ինքնավար հանրապետության էթնիկ խճանկարն ուներ հետևյալ պատկերը՝ վրացիներ (ներառյալ՝ աջարացիները)՝ 96%, հայեր՝ 1.64%, ռուսներ՝ 1.10%, ադրբեջանցիներ՝ 0.16 %, օսեր՝ 0.03 %(19)։

Ինչպիսին է պատկերն այսօր, դժվար է ասել։ Սակայն, հաշվի առնելով Վրաստանի հարավային այս շրջանում տեղի ունեցող միտումները՝ Բաթումում բնակվող քաղաքագետ Արչիլ Լոբանիձեն նշում է, որ «Աջարիան վերջին տարիներին փոխվել է թե՛ էթնիկական, թե՛ կրոնական, թե՛ սոցիալ-տնտեսական առումով։ Մի կողմից, թուրքական կապիտալի արդյունքում Աջարիայի քաղաքներում ավելի հեշտ է աշխատանք գտնելը, քան Վրաստանի այլ քաղաքներում, մյուս կողմից՝ ռուսները, հայերը, հույները, ուկրաինացիները, հրեաները շարունակում են լքել տարածաշրջանը, իսկ նրանց փոխարեն հայտնվում են մահմեդական խմբերը, մասնավորապես՝ թուրքերը, քարթվելական մահմեդականներն ու ադրբեջանցիները(20)»։ Ըստ Լոբանիձեի, մի քանի տարի հետո Աջարիան կվերածվի տիպիկ թուրքական շրջանի։

Թուրքիայի և Վրաստանի այս հատվածի միջև շատ ակտիվ տնտեսական հարաբերությունների հետ մեկտեղ, մյուս կարևոր հարցը, որ հաճախակի է քննարկվում վրաց քաղաքական և փորձագիտական հանրության կողմից, Թուրքիայի կողմից Աջարիայում իսլամի տարածման քաղաքականությունն է։ Վրաստանի անկախության հռչակումից հետո Աջարիայում հատկապես սրվեց կրոնական խնդիրը։ Մի կողմից, Վրաց ուղղափառ եկեղեցին էր ակտիվ միսիոներական աշխատանք իրականացնում, մյուս կողմից՝ Թուրքիայի կողմից տարածվում էր իսլամի վերաբերյալ գրականություն։ Չնայած ճշգրիտ տեղեկություններ չկան, սակայն, որոշ տվյալների համաձայն, Թուրքիայի օժանդակությամբ կառուցվել են մի քանի տասնյակ փոքր մզկիթներ։ Ի դեպ, ինքնավար հանրապետությունում կան 80-90 գործողփայտաշեն մզկիթներ, որոնք պահպանվել են դեռևս Օսմանյան կայսրության շրջանից, երբ Աջարիան գտնվում էր նրանց տիրապետության ներքո(21): Վրացական մեկ այլ տեղեկության համաձայն մինչև 2012 թ. Աջարիայում կառուցվել է 180 մզկիթ և շուրջ հիսուն Ղուրանի դպրոց, և, ինչպես պնդում են նույն աղբյուրները, այս տարածարջանի իսլամացման դեմ միակ պայքարող ուժը վրաց քաղաքական ընդդիմությունն է ու տեղի քրիստոնյա բնակչությունը(22)։

Այսպիսով, կարելի է ասել, որ վերջին տարիներին Էրդողանի գլխավորած Թուրքիան ջանք ու եռանդ չի խնայել ամեն կերպ ամրապնդվելու Աջարիայում բոլոր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և կրոնական։

ՄԵՍԽԵԹՑԻ ԹՈՒՐՔԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՐՑԸ

Ինչպես հայտնի է, մեսխեթցի թուրքերին(23) Վրաստանում վերաբնակեցնելու հարցը առաջ եկավ այն ժամանակ, երբ Վրաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ (1999 թ.) և պարտավորվեց օժանդակել նրանց մինչև 2016 թ. վերադառնալ Վրաստան: Այդ ուղղությամբ աշխատանքների համար Վրաստանում նույնիսկ ստեղծվեց հանձնաժողով, որը պետք է զբաղվեր բռնագաղթված մեսխեթցի թուրքերի «հայրենադարձման» հարցերով(24)։

Ըստ թուրքագետ Ա. Շաքարյանի. «Պատերազմական ժամանակ սահմանամերձ բնակչությունը, որը թշնամական տրամադրություններ ունեցող հարևանի հետ ընդհանուր արմատներ ունի, միշտ կատարում է հինգերորդ շարասյան դեր, ուստի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1944թ. նոյեմբերի 15-17-ին, Ստալինի հրամանով մեսխեթցի թուրքերը բռնագաղթվեցին Խորհրդային Վրաստանի հարավային ու հարավարևմտյան շրջաններից(25) Միջին Ասիա ու Ղազախստան։ Ընդհանուր առմամբ բռնագաղթի է ենթարկվել 115 հազ. 500 հոգի, որոնցից մոտ 17 հազարը մահացել են ճանապարհին։Բռնագաղթված մեսխեթցի թուրքերը տեղաբաշխվեցին Ուզբեկստանի, Ղազախստանի ու Ղրղզստանի տարբեր շրջաններում` որպես «հատուկ վերաբնակներ»»(26)։

1989 թ. Ֆերգանայում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո մեսխեթցի թուրքերը հիմնականում տեղափոխվեցին Ղազախստան, ՌԴ, Ադրբեջան, Ուկրաինա և Թուրքիա։ Ի դեպ, վերջին տարիներին Էրդողանի նախաձեռնությամբ թուրքական իշխանությունները շուրջ 23 հազար մեսխեթցի թուրքեր են բնակեցրել Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններում և, հատկապես, Հայաստանին սահմանամերձ շրջաններում՝ Արդահանում, Կարսում, Ցոլակերտում (այժմ՝ Իգդիրը), ինչպես նաև Երզնկայում (այժմ՝ Էրզինջանը) և Կարինում (այժմ՝ Էրզրումը)։ 2017թ. տվյալներով Թուրքիայում բնակություն են հաստատել շուրջ 100.000 մեսխեթցի թուրքեր, որոնց գերակշիռ մասը մինչև 2021 թ. չունեին Թուրքիայի քաղաքացիություն։ Այսօր նրանց ընդհանուր թիվը աշխարհում կազմում է 425-450 հազար մարդ(27)։

Եթե հաշվի առնենք այս թվերը, ապա ստացվում է, որ Վրաստանը պարտավորվել է ընդունել ոչ միայն բռնագաղթվածներին, այլ նաև նրանց ժառանգներին։ Ըստ էության, դժվար թե վրացական կողմը չգիտակցեր, որ ինչ-որ պահի այսչափ վերաբնակները սպառնալու են Վրաստանի անվտանգությանն ու պետական շահերին։ Հավանաբար այս գիտակցումով է նաև պայմանավորված, որ այս տարիների ընթացքում, այսպես կոչված, «հայրենադարձման» հարցում որևէ շոշափելի առաջընթաց չկա, անգամ այն պարագայում, երբ 2010 թ. մարտի 30-ին Վրաստանի կառավարությունը «մեսխեթցիներին» հայրենադարձի կարգավիճակ տրամադրելու նպատակով ընդունեց «Հայրենադարձի կարգավիճակ ունեցող անձանց պարզեցված եղանակով Վրաստանի քաղաքացիություն տրամադրելու մասին» որոշումը, որն, ի դեպ, հավանության արժանացավ Վրաց ուղղափառ եկեղեցու կողմից, ինչը խիստ զարմանալի էր։ Սակայն մյուս կողմից՝ ինչպես նշում են վրաց մասնագետները, մեսխեթցի թուրքերի այն սերունդը, որը հիշողությամբ կապված էր Վրաստանի հետ, այլևս կենդանի չէ, ուստի և երիտասարդները չեն շտապում մեկնել Վրաստան, որտեղ տնտեսական վիճակը այնքան էլ լավ չէ(28)։

Չնայած այս տեսակետներին, այնուհանդերձ, վրացական կողմի հաղորդմամբ մինչև 2011թ. տարբեր երկրներում գտնվող Վրաստանի դեսպանատներում ստացվել էր 5.841 դիմում (խոսքը մոտ 8.900 անձի մասին է)։ Ուշագրավ է, որ 5.400 դիմումը ստացվել էր Ադրբեջանից։ Այս դիմումների հիման վրա «հայրենադարձի» կարգավիճակ են ստացել մոտ 1.700 մարդ, որոնք բնակեցվել են Վրաստանի տարբեր շրջաններում(29)։ Հիմնականում բնակություն են հաստատել Սամթրեդիայի շրջանում և մի քանի ընտանիքներ՝ Ախալցխայում։ Եվ. չնայած այս գործընթացներին, միջազգային կառույցները քննադատեցին Վրաստանի իշխանություններին ստանձնած պարտականություններից խուսափելու համար(30)։

Մյուս կողմից, փորձագետները գտնում են, որ մեսխեթցի թուրքերի վերադարձի հետ կապված հիմնական խնդիրն այն է, թե «ինչ ինքնություն կընդունեն այդ մարդիկ, երբ վերադառնան Վրաստան»: Այս խնդրի առնչությամբ Թուրքիայում հաճախ են ընդգծում նրանց թյուրքական ծագումը, մինչդեռ Վրաստանը պնդում է, որ նրանք էթնիկ վրացիներ են, որոնք ընդունել են թյուրքական ինքնություն՝ մահմեդականություն ընդունելուց հետո: Թեև վրացական պետությունը պաշտոնապես սահմանում է մեսխեթցի թուրքերին որպես վրացի, սակայն վրաց հասարակության մեջ գերիշխող տեսակետն է, որ նրանք ունեն թուրքական ինքնություն և դեմ են նրանց վերադարձին, ինչը ևս այս գործընթացի նկատմամբ Վրաստանի դժկամության կարևոր պատճառներից մեկն է համարվում(31):

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանի վրա ճնշում գործադրելը կարող է վատթարացնել երկու երկրների հարաբերությունները, Թուրքիան դրան չափավոր է արձագանքում։ Սակայն վերադարձի գործընթացն արագացնելու նպատակով թուրքական իշխանություններն իրականացնում են որոշ նախաձեռնություններ և անում հայտարարություններ, ինչով ակնարկում են Վրաստանին վերացնելու այն բոլոր խոչընդոտները, որոնց բախվում են մեսխեթցի թուրքերը։ Մասնավորապես, Թուրքիայի աջակցությամբ ստեղծվել է «Մեսխեթցի թուրքերի համաշխարհային միությունը» (թուրքերեն՝ Dünya Ahıska Türkleri Birliği-DATÜB): Այս կառույցի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպումներ են ունենում Թուրքիայի պետական պաշտոնյաների հետ: Օրինակ, 2020 թ. նոյեմբերի 21-ին Թուրքիայի նախկին արտգործնախարար
Մ. Չավուշօղլուն հանդիպել է «DATÜB»-ի նախագահ Զիյադդին Կասանովի հետ։ Այս հանդիպումից հետո Չավուշօղլուն հայտարարեց, որ Վրաստանի վրա ուղղակի ճնշում գործադրելու համար Թուրքիան աշխատում է միջնորդ ինստիտուտների միջոցով։ Սակայն, ոչ վաղ անցյալում նա նաև հայտարարեց, որ ինքն այն քաղաքական գործիչն է, ով 2003 թվականից ի վեր նվիրվել է մեսխեթցի թուրքերի վերադարձի խնդրին, հավելելով նաև, որ «Թուրքիան շարունակելու է պաշտպանել եղբայր մեսխեթցի թուրք-ժողովրդի իրավունքները»(32)։

ԱԲԽԱԶԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրք-վրացական հարաբերությունների համատեքստում կան բազմաթիվ խնդիրներ, որոնց թվում նաև Անկարայի շփումներն են Աբխազիայի հետ: Անկարան վրաց-աբխազական պատերազմի ավարտից ի վեր ճկուն քաղաքականություն է վարում Սուխումի նկատմամբ։ Մի կողմից, Թուրքիան պաշտոնապես ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և համագործակցության բազմաթիվ նախագծեր է իրականացնում այդ երկրի հետ, այդ թվում՝ անվտանգության և պաշտպանության ոլորտում, մյուս կողմից՝ կարծես թե շահագրգռված չէ դադարեցնել Աբխազիայի հետ հարաբերությունները: Բացի պետական մակարդակով երկկողմ այցելությունների գործընթացից, որն առավել ակնառու դարձավ 2010-ական թվականներից, նաև թուրք ձեռներեցներն սկսեցին իրենց բիզնեսը վարել Աբխազիայում և այդ շփումները, մեղմ ասած, Թբիլիսիում առ այսօր ընկալվում են առանց ոգևորության։

Հարկ է նշել, որ տարբեր հաշվարկներով Թուրքիայում գոյություն ունի մոտ 500-800 հազար աբխազական համայնք, որը ձևավորվել է 19-րդ դ. ռուս-թուրքական պատերազմներից հետո: Բավականին լավ կազմակերպված համայնքի ներկայացուցիչներն էլ Խորհդային Միության փլուզումից հետո դարձան միջնորդ թուրք-աբխազական հարաբերությունների հաստատման գործում:

Վրաց-աբխազական հակամարտության սկսվելուց անմիջապես հետո Թուրքիայում հիմնադրվեց «Աբխազիայի հետ համերաշխության կոմիտեն», որի շրջանակներում մշակվեց Աբխազիային օգնելու «գործողությունների ծրագիր»։ Այնուհետև տրամադրվեց օգնություն երկու ուղղությամբ՝ ֆինանսների, սննդի, դեղորայքի տեսքով, ինչպես նաև՝ պատերազմող Աբխազիա ուղարկվեցին կամավորականներ և բուժաշխատողներ։

Ռազմական գործողությունների ավարտից հետո կոմիտեի աջակցությամբ 1994 թ. Ստամբուլում բացվեց Աբխազիայի Հանրապետության ներկայացուցչությունը։ Այս ընթացքում Աբխազիայի հետ համերաշխության կոմիտեն աշխատել է մի շարք կարևոր, ռազմավարական խնդիրների իրականացման ուղղությամբ։ Ինչպես նշում է հետազոտող Վլադիմիր Պոպովը. «Կոմիտեն այդ տարիներին փորձել է համակարգված կերպով համաշխարհային հանրությանը և, մասնավորապես, թուրքական կառավարությանը փոխանցել «Աբխազիայի խաղաղ քաղաքականությունը, նրա լավ վերաբերմունքը հարևան պետությունների նկատմամբ»։ Միևնույն ժամանակ, իրականացրել է քարոզչական աշխատանքներ, որ «վրաց-աբխազական հակամարտությունը «մի բուռ աբխազների ապստամբություն» չէ, այլ «պատերազմ՝ հանուն անկախության և գոյատևման»: Կոմիտեն նաև ձգտում էր վերացնել Աբխազիայի տնտեսական և տեղեկատվական շրջափակումը՝ տրամադրելով Սուխումին հումանիտար օգնություն և քաղաքական աջակցություն։ Նաև մեծ ջանքեր են գործադրել Թուրքիայի և Աբխազիայի միջև կանոնավոր ծովային հաղորդակցությունների բացման համար(33)։

Ներկայումս էլ աբխազական համայնքը զգալի դերակատարում ունի երկու երկրների միջև հասարակական կազմակերպությունների հետ շփումներ և առևտրատնտեսական հարաբերություններ հաստատելու գործում։ Այս գործընթացների համատեքստում  թուրքական պետական ռադիոյով սկսվեց շաբաթը մեկ անգամ հաղորդումներ կազմակերպել աբխազերենով, իսկ աբխազներով խիտ բնակեցված վայրերում թույլատրվեց աբխազերենի ուսումնասիրությունը։ Թուրքիայի աբխազներին թույլատրվեց նաև ազատորեն ստանալ աբխազական անձնագրեր(34)։ Ավելորդ չէ նշել, որ վերջին տարիներին Անկարայի աջակցությամբ Աբխազիայի երիտասարդները տարբեր կրթական ծրագրերով կրթություն են ստանում Թուրքիայի համալսարաններում։

Ինչպես վերը նշեցինք, աբխազական իշխանության ներկայացուցիչների՝ Թուրքիա այցելությունների առավել ակտիվ շրջանն էր 2010-ականների սկիզբը։ 2011 թ. մասնավոր այցով Աբխազիայի նախկին նախագահ Ս. Բաղապշի գլխավորությամբ Թուրքիա մեկնեցին այդ երկրի արտաքին և տնտեսական քաղաքականության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները, ովքեր նախ և առաջ հանդիպումներ անցկացրեցին տեղի աբխազական սփյուռքի ներկայացուցիչների հետ։ Վերջիններիս հետ հանդիպման ընթացքում Բաղապշը քննարկել էր նրանց հայրենադարձման հետ կապած խնդիրները և հույս հայտնել, որ առաջիկա տարիներին կկազմակերպվեն հայրենադարձմանն ուղղված ծրագրեր։ Թեև այս այցելությունը պաշտոնական չէր, սակայն Անկարայում Բաղապշը հանդիպումներ է ունեցել նաև թուրքական պաշտոնական շրջանակների հետ, որտեղ քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները(35)։

2014 թ. Թուրքիայի խորհրդարանի պաշտոնական պատվիրակությունը այցելեց Աբխազիա, աբխազական պատվիրակությունները նույնպես այցելեցին Թուրքիա, որին հետևեց թուրքական բիզնեսի ակտիվացումը։ Վրաստանը արտահայտեց իր բողոքը Թուրքիայի և Աբխազիայի միջև նման հարաբերությունների հաստատման վերաբերյալ։

Վերջին տարիներին տարբեր մակարդակներում փոխայցելությունները շարունակվում են։ 2019 թ. Աբխազիա՝ այդ երկրի նախագահի հրավերով այցելեց իրեն «եվրասիական» հռչակած, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը։ Լրագողների հետ հանդիպման ժամանակ վերջինս հայտարարեց, որ թուրքական պատվիրակության այցը Աբխազիա կապված է Անկարայի կողմից Աբխազիայի ինքնիշխանության ճանաչման ուղղությամբ աշխատանքների հետ։ Ի դեպ, պատվիրակության կազմում էին Սևծովյան տեխնիկական համալսարանի պրոֆեսորներ, Թուրքիայի խոշորագույն հոլդինգ «Յուլքեր» ընկերության և «Վաթան» կուսակցության ներկայացուցիչներ։ Այս այցելության արդյունքում «Աբխազիայի ընկերների լիգա» հասարակական կազմակերպության նախագահ Ա. Լոգուան և թուրքական կողմն՝ ի դեմս Դ. Փերինչեքի, ստորագրեցին համագործակցության համաձայնագիր։ Փաստաթղթի համաձայն՝ կողմերը պայմանավորվեցին «իրենց լիազորությունների սահմաններում նպաստել Աբխազիայի և Թուրքիայի Հանրապետությունների միջև առևտրային, տնտեսական, մշակութային և հումանիտար կապերի հաստատմանը, պահպանմանն ու ընդլայնմանը, կազմակերպել փորձի փոխանակում երկու երկրների միջև՝ հանրային դիվանագիտության ինստիտուտների զարգացման ոլորտում, ձեռնարկել քայլեր գործարար կապերի հաստատման և զարգացման պայմանների ստեղծման ուղղությամբ»(36)։

Այս տարվա հունիսին Թուրքիա այցելեց նաև Աբխազիայի ԱԳՆ ղեկավար Ի. Արձինբան: Նախարարության հաղորդագրության համաձայն, նրա այցելությունը կրել է մասնավոր բնույթ, որի նպատակն էր խորացնել համագործակցությունը Թուրքիայում բնակվող աբխազական համայնքի հետ, ինչպես նաև, ռուս գործընկերների ներգրավմամբ, ակտիվացնել Աբխազիայի միջազգային կապերի ընդլայնումն ու տեղեկատվական քաղաքականությունը։ Այս համատեքստում վերջինս հանդիպել է Դ. Փերինչեքի հետ՝ քննարկելով Թուրքիայի կողմից Աբխազիայի անկախության ճանաչման հարցը, ինչպես նաև հանդիպել Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովի հետ(37)։

Բացի այս այցելություններից, Թուրքիայի և Աբխազիայի միջև ընթանում են նաև առևտրատնտեսական հարաբերություններ։ Ակնհայտ է, որ Թուրքիայի և Աբխազիայի միջև առևտրային հարաբերությունները հիմնականում իրականացվում են ծովային ճանապարհով կամ ուղղակիորեն Սոչիի միջոցով։

Այս համատեքստում ուշագրավ է, որ Անկարային հաջողվեց ապահովել Աբխազիայի նավահանգիստներ թուրքական նավերի մուտքի  պաշտոնական Թբիլիսիի թույլտվությունը(38)։ Մինչ այդ Վրաստանի ռազմածովային ուժերը Աբխազիայի շրջափակումը խախտելու համար ձերբակալում էին թուրքական տանկերների անձնակազմներին։ 2009 թ. այդպիսի մի դեպքից հետո թուրքական իշխանությունները խստորեն դատապարտեցին Վրաստանի գործողությունները, որից հետո նախկին արտգործնախարար Ա. Դավութօղլուն հրատապ այցով մեկնեց Թբիլիսի, որտեղ արտգործնախարարների մակարդակով քննարկվեց թուրք-աբխազական հարաբերությունների շրջանակը(39)։

Երկկողմ առևտրաշրջանառության վերաբերյալ տեղեկությունները շատ սուղ են։ Թուրքիայի վիճակագրական ծառայությունների կողմից ներկայացված տվյալներում որպես այդպիսին Աբխազիան բացակայում է, և սա, հավանաբար, կատարվում է Վրաստանին չնյարդայնացնելու համար։

Մեզ հասանելի տվյալները վերաբերում են 2015 թ.-ին։ Ռուսական և աբխազական որոշ աղբյուրների գնահատականով Թուրքիայի մասնաբաժինը կազմում է արտաքին առևտրաշրջանառության 18-20%-ը։ Աբխազիայի արտահանման մոտ 10%-ն է ուղղվում դեպի Թուրքիա. հիմնականում ձկնամթերք, փայտանյութ, մետաղի ջարդոն և ածուխ(40)։ Ի դեպ թուրքական ներդրումներով հիմնվել է «Թամսաշ» ընկերությունը, որը տասը տարուց ի վեր զբաղվում է ածուխի արդյունահանմամբ և ապահովում է տեղացիներին աշխատատեղերով։ Ինչ վերաբերում է Թուրքիայից Աբխազիա արտահանմանը, ապա Սուխումին ներկրում է հիմնականում շինանյութեր, վառելամթերք, ոչ թանկաժեք մետաղներ, գյուղատնտեսական նշանակության տրակտորներ, ինքնաթափ մեքենաներ, ձկան վերամշակման սարքավորումներ, հագուստ և սնունդ(41): Արտաքին առևտրային գործընկերների շարքում Թուրքիան երկրորդ տեղում է՝ ՌԴ-ից հետո։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամփոփելով թուրք-վրացական հարաբերություններում վերոգրյալ երեք հարցերի շուրջ ընթացող գործընթացները՝ կարելի է գալ հետևյալ եզրահանգումների.

Ա. Թուրքիան շարունակում է Աջարիան դիտարկել որպես «պատմականորեն թուրքական հող» և հատկապես զգայուն է այս շրջանի «օսմանյան ժառանգության» պահպանման նկատմամբ։ Այդ ամենը թուրքական իշխանությունները նույնիսկ չեն էլ թաքցնում։ Օրինակ, ինչպես մոռանալ 2016 թ. Էրդողանի հայտնի՝ «Հնարավո՞ր է արդյոք Ռիզեն տարբերել Բաթումից» հայտարարությունը, որը մեծ սկանդալի առիթ դարձավ։ Կարելի է ասել, որ թուրքական «փափուկ ուժը» այսօր բավականին արդյունավետ է գործում այս Ինքնավար Հանրապետությունում, ընդ որում՝ համակարգված ձևով և բոլոր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և կրոնական։ Չնայած թուրքական էքսպանսիայի հարցը բազմիցս բարձրաձայնվել է առաջադեմ գործիչների և կուսակցական տարբեր խմբերի կողմից, սակայն վրաց իշխանությունները ոչ միայն չեն ընդդիմացել այս ամենին, այլև իրենց ընդունած օրենքներով և որոշումներով նպաստել են թուրքական էքսպանսիային:

Բ. Մեսխեթցի թուրքերի վերադարձի հարցում Վրաստանը քիչ շարժառիթներ ունի ավարտելու այս գործընթացը։ Մինչ այժմ ԵԽ-ն խորհրդանշական ճնշում է գործադրում Վրաստանի վրա՝ իր պարտավորությունը կատարելու համար: Մյուս կողմից՝ Անկարայի պաշտոնական շրջանակներն են պարբերաբար հայտարարություններ անում այս գործընթացն արագացնելու համար։ Չնայած միջազգային կառույցների և Թուրքիայի մեղադրանքներին, որ վրացական կառավարությունը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, Անկարան շարունակում է ջանքեր գործադրել մեսխեթցի թուրքերին Վրաստան վերադարձնելու համար՝ համարելով այս խնդիրը թուրքական պետության արտաքին քաղաքականության կարևորագույն ռազմավարական հարցերից մեկը։ Կարծում ենք, որ Անկարան ձգտում է նրանց բնակեցնել հիմնականում հայաբնակ Սամցխե-Ջավախքում՝ հետագայում բարենպաստ պայմաններ ստեղծելով Վրաստանի այս հատվածում իր ազդեցությունը տարածելու համար։ Միևնույն ժամանակ, այս հարցում Թուրքիան չի դիմում կոշտ քաղաքականության այն պատճառով, որ տնտեսական համագործակցության, Վրաստանի հետ համատեղ տրանսպորտային և էներգետիկ նախագծերի (Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղ, Բաքու–Թբիլիսի–Էրզրում գազատար, Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղի) իրականացման տեսանկյունից Վրաստանը Անկարայի համար ունի ռազմավարական նշանակություն։ Իսկ թե հնարավո՞ր է, արդյոք, Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների միջոցով փոխել իրավիճակը հօգուտ իրենց՝ դժվար կանխատեսելի է։

Գ. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Աբխազիայի բնակչության զգալի մասը ներգրավված է թուրքական բիզնեսում, փորձագետների կարծիքով, Թուրքիան, ամենայն հավանականությամբ, իր քաղաքացիների բիզնես շահերը պաշտպանելու քողի տակ (հատկապես հյուրանոցային բիզնեսի մեծ մասը թուրք գործարարների ձեռքում է) կձգտի իր ներկայությունը ամրապնդել Աբխազիայում։ Մյուս կողմից՝ քանի որ Թուրքիայի քաղաքական և տնտեսական ներկայությունը հակասում է Աբխազիայի տնտեսական մեկուսացման վրացական քաղաքականությանը, որը Վրաստանը համարում է իր տարածքի մաս, բացասաբար ազդեցություն է թողնում և հետագայում էլ թողնելու է թուրք-վրացական հարաբերությունների վրա։ Ճիշտ է, ընդհանուր առմամբ, Թուրքիայի տնտեսական ազդեցությունը շարունակում է աճել և, թեև, թուրքական ներդրումները ռազմավարական նշանակություն ունեն Աբխազիայի տնտեսության համար, սակայն, կարծես թե մեծածավալ ներդրումներ թուրքերը չեն իրականացնում՝ ի տարբերություն Աջարիայի։

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

  1. Գալոյան Կ. (2018). Մեսխեթցի թուրքերի հիմնախնդիրը Վրաստանի և հարևան երկրների շահերի խաչմերուկում. Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(9) 2018, 93-126։
  2. Շաքարյան Ա. (2006). Թուրք մեսխեթցիները տարածաշրջանային գործոն. http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=539 (բեռնման օրը՝ 03.09.23).
  3. Акопян А., Гегечкори М. (2022). Турецкая Аджария становится реальностью. https://dialogorg.ru/analytics/articles/marika_gegechkori-_arman_akopyan_turetskaya_adzhariya_stanovitsya_realnostyu_/ (բեռնման օրը՝ 05.09.23).
  4. Оганнисян А. (2016). Процесс поглощения Аджарии Турцией в контексте национальной безопасности Армении. Регион и мир, 2016, № 2, с. 7.
  5. Ованнисян А. (2018). «Аджарский вопрос» в турецко-грузинских отношениях на современном этапе. «21-й ВЕК», № 3 (48).
  6. Попов В. (2020). Станет ли «берег абхазский» «берегом турецким»?. https://odkb-info.org/news/tema-nomera/960/ (բեռնման օրը՝ 05.09.23).
  7. Самоделова С. (2016). Абхазия и турецкий гамбит: чем живет республика, поддержавшая санкции России. https://www.mk.ru/social/2016/02/04/abkhaziya-i-tureckiy-gambit-chem-zhivet-respublika-podderzhavshaya-sankcii-rossii.html (բեռնման օրը՝ 11.09.23).
  8. Аджарская Автономная Республика (административно-территориальные единицы Батуми, Кобулети, Хелвачаури, Кеда, Шуахеви, Хуло). (2007). https://www.gov.ge/files/53_86_896714_achara_rus1.pdf (բեռնման օրը՝ 05.09.23).
  9. Аналитики перечислили трудности репатриации турок-месхетинцев в Грузию. (2022). https://www.kavkaz-uzel.eu/articles/383215 (բեռնման օրը՝ 08.09.23).
  10. В Аджарии хозяйничают турки. http://ru.saqinform.ge/news/3446/v-adZarii-KozAjniCaUt-turki.html (բեռնման օրը՝ 05.09.23).
  11. Влекущий Батуми. (24.07.2017). https://hromadske.ua/ru/posts/vlekushchyi-batumy (բեռնման օրը՝ 05.09.23).
  12. Догу Перинчек: Приложим усилия, чтобы Турция признала Абхазию. (2019). https://abh-n.ru/dogu-perinchek-prilozhim-usiliya-chtoby-turciya-priznala-abxaziyu/ (բեռնման օրը՝ 09.09.23).
  13. Единство Абхазии и России – главный фактор мира в регионе. (2015). https://sputnik-abkhazia.ru/20151222/1016684668.html (բեռնման օրը՝ 10.09.23).
  14. Президент Абхазии находится с визитом в Турции. (2011). https://vestikavkaza.ru/news/35388.html (բեռնման օրը՝ 08.09.23.)
  15. Служба статистики: население Грузии составляет 3,736 млн человек. (2023). https://civil.ge/ru/archives/539302 (բեռնման օրը՝ 05.09.23).
  16. Сухуми планирует установить «ограничения» Турции из-за союзничества с Россией. (2016). https://civil.ge/ru/archives/183547 (բեռնման օրը՝ 10.09.23).
  17. Allouchi A. (2023). Le patrimoine musulman d’Adjarie mis sous le tapis. https://www.cuej.info/dossiers-multimedias/la-georgie-sur-le-fil/le-patrimoine-musulman-dadjarie-mis-sous-le-tapis (բեռնման օրը՝ 08.23.23).
  18. Clayton N. (03.04.2011). Turkish Investment and Trade Booms in Abkhazia. https://abkhazworld.com/aw/diaspora/166-turkish-investment-and-trade-booms-in-abkhazia-by-nick-clayton (բեռնման օրը՝ 06.09.23).
  19. Kucera J. (2017). Georgians Wary of Turkey’s Rising Influence in Batumi. https://eurasianet.org/georgians-wary-of-turkeys-rising-influence-in-batumi (բեռնման օրը՝ 05.09.23).
  20. Trier, T., Kilimnik, F., Tarkhan-Mouravi, G. (2011).Meskhetians: Homeward Bound... European Centre for Minority Issues–Caucasus. 43-44.
  21. Anti-Turkish Election Banner by Kremlin-Friendly Party Removed after Backlash. (2020). https://civil.ge/archives/364292 (բեռնման օրը՝ 03.09.23).
  22. GÉOPOLITIQUE. Ce morceau de Géorgie que la Turquie veut conqueror. (2012). https://www.courrierinternational.com/article/2012/08/23/ce-morceau-de-georgie-que-la-turquie-veut-conquerir (բեռնման օրը՝ 03.09.23).
  23. General Population Census in Georgia. (2014). https://georgia.unfpa.org/sites/default/files/pub-pdf/Census%202014%20ENG.pdf (բեռնման օրը՝ 05.09.23).
  24. Inal Ardzinba Visits Turkey. (30.06.2023). https://civil.ge/archives/550077 (բեռնման օրը՝ 09.09.23).
  25. The repatriation question of the Meskhetian Turks to their homeland in Georgia. (2015). https://www.ecoi.net/en/file/local/1236549/1930_1443084042_g1520228.pdf (բեռնման օրը՝ 13.09.23).
  26. Kahraman A. & Tulun M. O. (2016). Post-Sovyet Gürcistan’da Azınlık Hakları: Uluslararası Örgütler ile Uluslararası ve Ulusal Sivil Toplum Kuruluşlarının Bakışı. Gürcistan’daki Müslüman Topluluklar: Azınlık Hakları, Kimlik, Siyaset, p.141.
  27. Yüzbaşıoğlu N. (2020).Türkiye’nin 2021 diplomasi ajandasının ana başlığı ‘Girişimci ve İnsani Dış Politika. https://www.aa.com.tr/tr/turkiye/turkiyenin-2021-diplomasi-ajandasinin-ana-basligi-girisimci-ve-insani-dis-politika/2058724 (բեռնմանօրը՝09.23).
  28. აჭარა თურქულ “ვილაიეთად” გადაიქცა – ინტერვიუ ჰამლეტ ჭიპაშვილთან. (2019). https://dalma.news/ge/achara-turkul-vilaietad-gadaikca-interviu-hamlet-chipashviltan/ (բեռնման օրը՝ 05.09.23).
  29. https://web.archive.org/web/20170619013311/http://census.ge/files/results/english/17Total%20population%20by%20regions%20and%20ethnicity.xls (բեռնման օրը՝ 05.09.23).

(1) Արևելագետ, թուրքագետ: 2008–2019 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում որպես Հայագիտական կենտրոնի ղեկավար, 2014–2021 թթ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի գիտաշխատող։ 2019–2021 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վերլուծական ծառայության» բաժնում որպես ավագ փորձագետ։ 2021–2022 թթ. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի «Գիտահետազոտական աշխատանքների և միջազգային կապերի բաժնի» գլխավոր արխիվագետ։ 100-ից ավելի գիտավերլուծական հոդվածների և 12 կոլեկտիվ մենագրության հեղինակ է։

(2) Հոդվածը խմբագրություն է հանձնվել 26.09.2023 թ.:

(3) Марика Гегечкори, Арман Акопян. (10.02.2022). Турецкая Аджария становится реальностью. https://dialogorg.ru/analytics/articles/marikagegechkori-arman_akopyan-turetskaya_ adzhariya_stanovitsya_realnostyu_/ (բեռնման օրը՝ 05.09.23).

(4) აჭარა თურქულ “ვილაიეთად” გადაიქცა – ინტერვიუ ჰამლეტ ჭიპაშვილთან. (30.07.2019). https://dalma.news/ge/achara-turkul-vilaietad-gadaikca-interviu-hamlet-chipashviltan/ (բեռնման օրը՝ 05.09.23).

(5) Նույն տեղում։

(6) Андраник Оганнисян. (2016). Процесс Поглощения Аджарии Турцией в контексте национальной безопасности Армении. Регион и мир, 2016, № 2, с. 7.

(7) Joshua Kucera. (03.09.2017). Georgians Wary of Turkey’s Rising Influence in Batumi. https://eurasianet.org/georgians-wary-of-turkeys-rising-influence-in-batumi (բեռնման օրը՝ 05.09.23).

(8) Андраник Ованнисян (2018). «Аджарский вопрос» в турецко-грузинских отношениях на современном этапе. «21-й ВЕК», № 3 (48).

(9) В Аджарии хозяйничают турки. http://ru.saqinform.ge/news/3446/v-adZarii-KozAjniCaUt-turki.html (բեռնման օրը՝ 05.09.23).

(10) GÉOPOLITIQUE. Ce morceau de Géorgie que la Turquie veut conqueror. (23.08.2012). https://www.courrierinternational.com/article/2012/08/23/ce-morceau-de-georgie-que-la-turquie-veut-conquerir (բեռնման օրը՝ 03.09.23).

(11) აჭარა თურქულ “ვილაიეთად” გადაიქცა – ინტერვიუ ჰამლეტ ჭიპაშვილთან. (30.07.2019). https://dalma.news/ge/achara-turkul-vilaietad-gadaikca-interviu-hamlet-chipashviltan/ (բեռնման օրը՝ 05.09.23).

(12) Влекущий Батуми. (24.07.2017). https://hromadske.ua/ru/posts/vlekushchyi-batumy (բեռնման օրը՝ 05.09.23).

(13) Марика Гегечкори, Арман Акопян. (10.02.2022). Турецкая Аджария становится реальностью. https://dialogorg.ru/analytics/articles/marika_gegechkori-arman_akopyan-_turetskaya_adzhariya_stanovitsya_realnostyu_/ (բեռնման օրը՝ 05.09.23).

(14) Служба статистики: население Грузии составляет 3,736 млн человек. (28.04.2023). https://civil.ge/ru/archives/539302 (բեռնման օրը՝ 05.09.23).

(15) Որոշ տեղեկությունների համաձայն՝ ընդհանուր 360.000 բնակչության 10-15%-ը վրացական անձնագրերով թուրքեր են:

(16) General Population Census in Georgia. (2014). https://georgia.unfpa.org/sites/default/files/pub-pdf/Census%202014%20ENG.pdf (բեռնման օրը՝ 05.09.23).

(17) Аджарская Автономная Республика (административно-территориальные единицы Батуми, Кобулети, Хелвачаури, Кеда, Шуахеви, Хуло). (2007). https://www.gov.ge/files/53_86_896714_achara_rus1.pdf (բեռնման օրը՝ 05.09.23).

(18) https://web.archive.org/web/20170619013311/http://census.ge/files/results/english/17Total%20population%20by%20regions%20and%20ethnicity.xls (բեռնման օրը՝ 05.09.23).

(19) General Population Census in Georgia. (2014), նույն տեղում, էջ 9։

(20) Марика Гегечкори, Арман Акопян. (10.02.2022), նույն տեղում։

(21) Amjad Allouchi. Le patrimoine musulman d’Adjarie mis sous le tapis. (05.23.2023). https://www.cuej.info/dossiers-multimedias/la-georgie-sur-le-fil/le-patrimoine-musulman-dadjarie-mis-sous-le-tapis (բեռնման օրը՝ 08.23.2023).

(22) GÉOPOLITIQUE . Ce morceau de Géorgie que la Turquie veut conqueror. (23.08.2012). https://www.courrierinternational.com/article/2012/08/23/ce-morceau-de-georgie-que-la-turquie-veut-conquerir (բեռնման օրը՝ 03.09.23). Anti-Turkish Election Banner by Kremlin-Friendly Party Removed after Backlash ( 31.08.2020). https://civil.ge/archives/364292 (բեռնման օրը՝03.09.23).

(23) Մեսխեթցի թուրքերն իրենց անվանումն ստացել են Մեսխեթ բնակավայրից (Սամցխե), իսկ ինքնանվանումն է Ախալցխայիթուրքեր (թուրքերեն՝ Ahıska Türkleri):

(24) Արտակ Շաքարյան, (13.06.2006). Թուրք մեսխեթցիները՝ տարածաշրջանային գործոն .http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=539 (բեռնման օրը՝ 03.09.23).

(25) 1944 թ. մեսխեթցի թուրքերն հիմնականում բնակվել են Վրաստանի՝ Ախալցխայի, Ադիգենի, Ասպինձայի, Ախալքալաքի ևԲոգդանովկայի շրջանների շուրջ 200 գյուղերում:

(26) Նույն տեղում։

(27) Կարո Գալոյան. (2018). Մեսխեթցի թուրքերի հիմնախնդիրը Վրաստանի և հարևան երկրների շահերի խաչմերուկում. Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(9) 2018, 93-126։

(28) Аналитики перечислили трудности репатриации турок-месхетинцев в Грузию. (22.11.2022).  https://www.kavkaz-uzel.eu/articles/383215 (բեռնման օրը՝ 08.09.23).

(29) Trier, T., Kilimnik, F., & Tarkhan-Mouravi, G. (2011). Meskhetians: Homeward Bound... European Centre for Minority Issues–Caucasus.PP. 43-44. https://www.ecmi.de/fileadmin/redakteure/ publications/pdf/Meskhetians_Homeward_Bound_ENG.pdf (բեռնման օրը՝ 01.09.23).

(30) The repatriation question of the Meskhetian Turks to their homeland in Georgia. (2015). https://www.ecoi.net/en/file/local/1236549/1930_1443084042_g1520228.pdf (բեռնման օրը՝ 13.09.23).

(31) Alter Kahraman & Mehmet Oğuzhan Tulun (2016). Post-Sovyet Gürcistan’da Azınlık Hakları: Uluslararası Örgütler ile Uluslararası ve Ulusal Sivil Toplum Kuruluşlarının Bakışı. Gürcistan’daki Müslüman Topluluklar: Azınlık Hakları, Kimlik, Siyaset, p.141.

(32) Nazlı Yüzbaşıoğlu (28.11.2020).Türkiye’nin 2021 diplomasi ajandasının ana başlığı ‘Girişimci ve İnsani Dış Politika. https://www.aa.com.tr/tr/turkiye/turkiyenin-2021-diplomasi-ajandasinin-ana-basligi-girisimci-ve-insani-dis-politika/2058724 (բեռնման օրը՝ 05.09.23).

(33) Владимир Попов. (23.03.2020). Станет ли «берег абхазский» «берегом турецким»?. https://odkb-info.org/news/tema-nomera/960/ (բեռնման օրը՝ 05.09.23).

(34) Նույն տեղում։

(35) Президент Абхазии находится с визитом в Турции. (07.04.2011). https://vestikavkaza.ru/news/35388.html (բեռնման օրը՝ 08.09.23.)

(36) Догу Перинчек: Приложим усилия, чтобы Турция признала Абхазию. (19.12.2019). https://abh-n.ru/dogu-perinchek-prilozhim-usiliya-chtoby-turciya-priznala-abxaziyu/ (բեռնման օրը՝ 09.09.23).

(37) Inal Ardzinba Visits Turkey. (30.06.2023). https://civil.ge/archives/550077 (բեռնման օրը՝ 09.09.23).

(38) Единство Абхазии и России – главный фактор мира в регионе. (22.12.2015). https://sputnik-abkhazia.ru/20151222/1016684668.html (բեռնման օրը՝ 10.09.23).

(39) Nick Clayton. (03.04.2011). Turkish Investment and Trade Booms in Abkhazia. https://abkhazworld.com/aw/diaspora/166-turkish-investment-and-trade-booms-in-abkhazia-by-nick-clayton (բեռնման օրը՝ 06.09.23).

(40) Сухуми планирует установить «ограничения» Турции из-за союзничества с Россией. (13.01.2016). https://civil.ge/ru/archives/183547 (բեռնման օրը՝ 10.09.2023).

(41) Светлана Самоделова. (04.02.2016). Абхазия и турецкий гамбит: чем живет республика, поддержавшая санкции России. https://www.mk.ru/social/2016/02/04/abkhaziya-i-tureckiy-gambit-chem-zhivet-respublika-podderzhavshaya-sankcii-rossii.html (բեռնման օրը՝ 11.09.23).