Հարավ-Արևելյան Ասիա, Սահմանակից երկրներ

«Ույղուրական հարցը» Անկարա–Պեկին հարաբերությունների հոլովույթում

«ՈՒՅՂՈՒՐԱԿԱՆ ՀԱՐՑԸ»
ԱՆԿԱՐԱ–ՊԵԿԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈԼՈՎՈՒՅԹՈՒՄ

Ա. Ս. Սիմավորյան

Սեղմագիր

Սույն հոդվածում կներկայացնենք, թե ինչպես է ա. կ. «ույղուրական հարցն» ազդում թուրք-չինական հարաբերությունների վրա՝ դիտարկելով կողմերի դիրքորոշումներն ու քաղաքական հաշվարկները «Սառը պատերազմի» և հետսառըպատերազմյան ժամանակաշրջաններում։ Անդրադարձել ենք Թուրքիայում ույղուրական համայնքի կառույցների գործունեությանը, Թուրքիայի քաղաքական կուսակցությունների դիրքորոշումներին, ինչպես նաև ԱնկարաՊեկին փոխադարձ շահերի և հակասությունների ընթացքը։

 

«УЙГУРСКИЙ ВОПРОС»
В КОНТЕКСТЕ ОТНОШЕНИЙ АНКАРА–ПЕКИН

А. С. Симаворян

Аннотация

В данной статье мы рассмотрим, как т. н. «Уйгурский вопрос» влияет на турецко-китайские отношения, проанализировав позиции и политические расчёты сторон в период «Холодной войны» и после ее окончания. Мы обратились к деятельности уйгурских общественных структур в Турции, позициям турецких политических партий, а также к процессу взаимных интересов и противоречий между Анкарой и Пекином. 

 

THE “UYGHUR ISSUE”
IN THE CONTEXT OF ANKARA–BEIJING RELATIONS

S. Simavoryan 

Summary 

In this article we will discuss how the so-called “Uyghur issue” affects Turkish-Chinese relations, by observing the positions and political calculations of the parties during the Cold War and the post-Cold War periods. We have turned to the activities of the Uyghur community structures in Turkey, the positions of the Turkish political parties, as well as the process of mutual interests and contradictions between Ankara and Beijing. 

 

 

Արեստակես Ս. Սիմավորյան[1]

«ՈՒՅՂՈՒՐԱԿԱՆ ՀԱՐՑԸ»
ԱՆԿԱՐԱ
–ՊԵԿԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈԼՈՎՈՒՅԹՈՒՄ[2]

Ներածություն

Ույղուրական հարցը վերջին տասնամյակում վերածվել է զգայուն հարցի, որը ժամանակ առ ժամանակ լարվածության մեջ է պահում ԱնկարաՊեկին հարաբերությունները՝ անգամ նրանց տնտեսական և դիվանագիտական համագործակցության պայմաններում։ Մասնավորապես, Անկարան, հիմք ընդունելով լեզվական (թյուրքական) և կրոնական (իսլամական) իր կապերն ույղուր ժողովրդի հետ, ավանդաբար հանդես է եկել որպես նրանց աջակից՝ հաճախ քննադատելով Չինաստանում մարդու իրավունքների իրավիճակը կապված ույղուրների հետ։ Ի հեճուկս Անկարայի այս մտահոգությունների՝ Չինաստանը Սինցզյանում ույղուրների նկատմամբ իրականացվող քաղաքականությունը բացատրում է որպես իր ազգային անվտանգության, սոցիալական կայունության պահպանման և ծայրահեղական խմբավորումների դեմ ուղղված օրինական պայքար։ Ցանկացած արտաքին քննադատություն Չինաստանը համարում է միջամտություն իր ներքին գործերին։

Չնայած չինական կողմի պաշտոնական արձագանքներին, միևնույն է «Ույղուրական հարցը»` թեև ոչ որպես առաջնահերթություն, Անկարայի համար մնում է արտաքին քաղաքականության օրակարգի մաս։ Մյուս կողմից՝ այն ունի նաև ներքաղաքական նշանակություն՝ հաշվի առնելով Թուրքիայում ապրող ույղուրական համայնքը, թուրքական ազգայնամոլական ազդեցիկ կուսակցությունների և իսլամական քաղաքական հոսանքների ճնշումը[3], որը հատկապես բանեցվում է միջպետական ընտրությունների ժամանակաշրջանում։ Բայցևայնպես, Անկարան՝ կախված լինելով չինական ներդրումներից և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ֆինանսատնտեսական հնարավորություններից, դեռևս հարկադրված է վարել զգուշավոր քաղաքականություն թե՛ իր գործնական քայլերում, և թե՛ հռետորաբանությունում, ինչը ցույց է տալիս, որ ԹՀ ղեկավարության ներկայացուցիչները երկիմաստ դիրքորոշում են որդեգրել «Ույղուրական հարցում»։

Ելնելով վերն ասվածից՝ այս հոդվածում կներկայացնենք, թե ինչպես է «ույղուրական հարցն» ազդում թուրք-չինական հարաբերությունների վրա՝ դիտարկելով կողմերի դիրքորոշումներն ու քաղաքական հաշվարկները՝ «Սառը պատերազմի» և հետսառըպատերազմյան ժամանակաշրջաններում, Թուրքիայում ույղուրական համայնքի կառույցների գործունեությունը, ինչպես նաև Անկարա–Պեկին փոխադարձ շահերի և հակասությունների ընթացքը։

«Սառը պատերազմի» դարաշրջան (պատմական համատեքստը
և գաղափարախոսական հիմքեր)

Չինաստանում ույղուր բնակչության հարցը, որը ներկայումս համաշխարհային մակարդակով լայնորեն քննարկվում է մարդու իրավունքների համատեքստում[4], ունի 20-րդ դարի կեսերից սկիզբ առնող նախապատմություն։ Հատկապես՝ «Սառը պատերազմի» դարաշրջանում ձևավորվեց Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզի (ՍՈւԻՄ) նկատմամբ Չինաստանի պետական քաղաքականությունը՝ նպաստելով «Ույղուրական հարցի» միջազգայնացմանը։ Սոցիալիզմի և կապիտալիզմի միջև գաղափարախոսական դիմակայության համատեքստում Չինաստանը ձգտում էր խիստ վերահսկողություն հաստատել իր սահմանամերձ շրջանների նկատմամբ՝ էթնիկ կամ կրոնական ինքնավարության ցանկացած ձև ընկալելով որպես սպառնալիք իր տարածքային ամբողջականությանը։

20-րդ դարի սկզբին ույղուրների անկախության կողմնակիցների շրջանում մեծ ազդեցություն է ունեցել ջադիդիզմի շարժումը, որը հիմնված էր պանթյուրքիզմի գաղափարների վրա[5]: Այդ ազդեցությամբ և Չինաստանում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի իրավիճակից օգտվելով 1933 թ. նոյեմբերին հռչակվեց, այսպես կոչված, «Արևելյան Թուրքեստանի Թյուրքական Իսլամական Հանրապետությունը» (կամ «Առաջին Արևելյան Թուրքեստանի Հանրապետություն»), որն ունեցավ կարճատև կյանք. այն լուծարվեց 1937 թ. փետրվարին, իսկ ինքնահռչակ հանրապետության զորքերը ոչնչացվեցին խորհրդային և չինական զորքերի համատեղ ջանքերով։

Ինչևէ, անջատողական շարժումները չդադարեցին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1944 թվականին, Չինաստանի Հանրապետության Սինզցյանի մարզի երեք շրջանների միացմամբ ստեղծվեց, այսպես կոչված, «Արևելյան Թուրքեստանի Հանրապետությունը», որը ԽՍՀՄ-ի արբանյակ-պետություն էր։ Ճիշտ է, սկզբում այն աջակցություն էր ստանում Խորհրդային Միությունից, սակայն, վերջինիս և Չինաստանի Հանրապետության միջև դաշինքը հանգեցրեց օգնության դադարեցմանը։ Չանդրադառնալով դրան հաջորդած պատմական զարգացումներին՝ նշենք, որ 1949 թ. դեկտեմբերին Չինաստանի ժողովրդական-ազատագրական բանակը (ՉԺԱԲ), մտնելով Արևելյան Թուրքեստան՝ այն միացրեց Չինաստանին։

Թեև Ույղուրական հարցը մնում էր զուտ Չինաստանի ներքին գործ, սակայն այնպիսի արտաքին դերակատարներ, ինչպիսիք էին՝ Խորհրդային Միությունը, Թուրքիան և Միացյալ Նահանգները, տարբեր կերպ էին արձագանքում Սինցզյանի իրադարձություններին՝ երբեմն հարմարեցնելով «Ույղուրական հարցը» իրենց սեփական ռազմավարական շահերին։ Օրինակ, երկիմաստ դեր խաղաց Խորհրդային Միությունը. մի կողմից այն աջակցում էր Չինաստանի կողմից Սինցզյանի նկատմամբ վերահսկողությանը (հատկապես՝ 1950 թ. հետո), մյուս կողմից՝ ապաստան տրամադրում փախչող ույղուրներին։

Ավելին՝ 1960 թթ. խորհրդա-չինական հարաբերությունների վատթարացումից հետո Մոսկվան սկսեց օգտագործել Չինաստանի ազգային փոքրամասնությունների հարցը՝ որպես տեղեկատվական պատերազմի գործիք։ ԽՍՀՄ-ում հրապարակվում էին քննադատական նյութեր Չինաստանում մահմեդականների վիճակի մասին, իսկ խորհրդային ռադիոկայանները հեռարձակում էին թյուրքական լեզուներով հաղորդումներ՝ քննադատատելով Պեկինի կողմից ազգային փոքրամասնությունների նկատմամբ վարվող քաղաքականությունը։ Մասնավորապես, «Ռադիո Ալմա-Աթա»-ն և «Ռադիո Տաշքենդ»-ը Չինաստանի ույղուրներին տպավորելու համար հեռարձակում էին ծրագրեր, որոնց միջոցով ներկայացնում էին խորհրդային ույղուրների ապրելու անհամեմատ ավելի լավ պայմանները։ Բացի այդ, Ալմա-Աթայում հրատարակվում էր «Արևելյան Թուրքեստանի ձայնը» (Sherki Türkistan Evazi) անունով թերթ, որը կոչ էր անում ույղուրներին «միավորվել չինական շովինիզմի դեմ և հռչակել «անկախ ազատ պետության» ստեղծումը՝ հիմնված ինքնորոշման և Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության հիմնարար սկզբունքների վրա[6]։

Ինչ վերաբերում է Վաշինգտոնի քաղաքականությանը, ապա «Սառը պատերազմի» ժամանակ «Ույղուրական հարցի» օգտագործումը վերջինիս կողմից ավելի պրագմատիկ և մարտավարական էր: Ի տարբերություն տիբեթական դիմադրության, որը 1950 թթ. և 1960 թթ. գաղտնի աջակցություն էր ստանում ԿՀՎ-ից, ույղուրական շարժումները ԱՄՆ-ի կողմից չէին ֆինանսավորվում, քանի որ դրանք ունեին սահմանափակ կազմակերպչական կարողություններ, գոյություն ունեին նաև ներքին տարաբաժանումներ և. ի վերջո, չկար խարիզմատիկ առաջնորդ, որը կղեկավարեր այդ շարժումը: Ավելին, այսպես կոչված «ույղուրական գործը» միջազգային այն հեղինակությունը չուներ, ինչն ուներ Դալայ Լամայի շուրջ կենտրոնացած տիբեթական հարցը:

Նախագահ Նիքսոնի 1972 թ. Չինաստան կատարած այցից հետո ԱՄՆ-ի դիվանագիտական առաջնահերթությունները կտրուկ փոխվեցին։ Քանի որ ԱՄՆ-ը ձգտում էր կարգավորել հարաբերությունները Չինաստանի հետ և օգտագործել այն ի հակակշիռ Խորհրդային Միության ծավալվող ազդեցությանը, Սինցզյանում մարդու իրավունքների հետ կապված մտահոգությունները, այդ թվում՝ ույղուրների իրավիճակը, մեծ մասամբ մի կողմ դրվեցին պաշտոնական դիվանագիտական ուղիներով[7]։ Այնուամենայնիվ, խորհրդանշական աջակցությունը շարունակվում էր։ Մասնավորապես, ույղուր առաջատար դեմքերից մեկը՝ Իսա Յուսուֆ Ալփթեքինը, 1970-ականների սկզբին հանդիպել է ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամների հետ՝ կոչ անելով աջակցել «Արևելյան Թուրքեստանի» անկախությանը և հակակոմունիստական հաստատությունների կառուցմանը, այդ թվում՝ ույղուրական լեզուներով ռադիոհեռարձակումներին[8]:

Այս նույն ժամանակահատվածում Թուրքիան ևս ակտիվ էր, բայց այն սահմանափակվում էր՝ ույղուր գաղթյալներին իր տարածքում ընդունելով։ 1949 թ. Չինաստանի կոմունիստական կուսակցության զորքերի կողմից Սինցզյանի ազատագրումից հետո, ույղուրների և ղազախների մի խումբ ստիպված եղան լքել իրենց տարածաշրջանը։ Այս ույղուրներն ու ղազախները, որոնք որոշ ժամանակ ապաստանել էին Պակիստանում և Հնդկաստանում, 1952 թ. ընդունվեցին Թուրքիայում՝ որպես հաստատված ներգաղթյալներ[9]:

Թուրքիայի կառավարությունը լուծեց նրանց բնակարանային խնդիրները՝ շնորհելով նրանց թուրքական քաղաքացիություն։ Թուրքիայում գտնվելու առաջին տարիներին նրանց հիմնական ծախսերը հոգացել է պետությունը, տրամադրվել է կապիտալ՝ փոքր բիզնեսներ բացելու համար, և նրանց տվել է արտոնություններ օգտվելու առողջապահական և կրթական ծառայություններից, ինչպես նաև թուրքերենի դասընթացներից։ Ընդ որում, այն տեղի է ունեցել հատուկ վերաբնակեցման ծրագրի շնորհիվ, որը Թուրքիայի կառավարության խնդրանքով ֆինանսավորում էր ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը[10]։

Թուրքիայում ույղուրական սփյուռքի գործունեության հիմքերը դրվեցին գաղթի առաջին ալիքի ույղուր անջատողական առաջնորդներ Մեհմեթ Էմին Բուղրայի և Իսա Յուսուֆ Ալփթեքինի անմիջական ղեկավարությամբ, որոնք Չինաստանում կոմունիստական ռեժիմից առաջ ղեկավար պաշտոններ էին զբաղեցրել։ Թուրքիայում ույղուրների վաղ սփյուռքի գործունեությունը, որը տևեց 1960-ականներից մինչև «Սառը պատերազմի» ավարտը, ընդհանուր առմամբ ձևավորվել է սփյուռքի կողմից օգտագործվող ավանդական մեթոդներով, ինչպիսիք են՝ հասարակական միավորումները, գրքերի և ամսագրերի հրատարակությունները։ Ալփթեքինի և Բուղրայի գլխավորությամբ ույղուրական համայնքը սկզբնական շրջանում ներգրավված էր Թուրքիայում հրատարակչական և կազմակերպական գործունեության մեջ։ Նրանք կարևոր դեր խաղացին այնպիսի ամսագրերի հրատարակման գործում, ինչպիսիք են՝ «Թուրքեստան», «Թուրքեստանի ձայնը» և «Արևելյան Թուրքեստանի ձայնը» ամսագրերը[11]։

Նրանք փորձեցին նաև թմբկահարել ույղուրների գործը միջազգային հարթակներում և լրատվամիջոցներում։ Այսպես, Ալփթեքինն այդ նպատակով այցելեց միջազգային կազմակերպություններ, օրինակ՝ Արաբական լիգան: Նրանք մասնակցեցին 1955 թ. Բանդունգի, 1960 և 1965 թվականներին կայացած Աֆրո-ասիական կոնֆերանսներին և 1964 թ. կայացած Համաշխարհային իսլամական կոնգրեսին։ Սա այն ժամանակաշրջանն էր, երբ ուժեղ զգացվում էր «Սառը պատերազմի» լարվածությունը, որը գաղութային բնույթ էր կրում։ Ալփթեքինը միջազգային հանրությանը դիմեց հակակոմունիստական ​​դիրքերից: Սակայն այս հարցը. «բավարար ուշադրության չի արժանացել ո՛չ Թուրքիայի, ո՛չ այլ իսլամական երկրների, ո՛չ էլ միջազգային քաղաքականության այլ գործիչների կողմից։ Այս պատճառով Ալփթեքինը և Բուղրան հաճախ էին արտահայտում իրենց հիասթափությունը»[12]։

Միևնույն ժամանակ, Վաշինգտոնի աջակցությունը խնդրելով՝ Ալփթեքինը սերտ կապեր հաստատեց թուրքական ծայրահեղ աջակողմյան ուժերի հետ։ Ինչպես նշում է այս մասին «ույղուրական հարցի» մասնագետներից՝ Աջիտ Սինհը. «Ալփթեքինը բազմաթիվ անգամներ է հանդիպել Ալփարսլան Թյուրքեշի՝ ֆաշիստ, ծայրահեղ ազգայնականի հետ, որը կրքոտ հավատում էր թուրքերի էթնիկ գերակայությանը քրդերի և հայերի նման փոքրամասնությունների նկատմամբ, և որի համար կոմունիզմի վերացումը Խորհրդային Կենտրոնական Ասիայի և Սինցզյանի թյուրքական բնակչության շրջանում «իր ամենասիրելի երազանքն էր». Ալփթեքինը կիսել է Թյուրքեշի և թուրքական ծայրահեղ աջերի ատելության քաղաքականությունը՝ հաճախ արտահայտելով հակահայկական տեսակետներ, այդ թվում՝ ժխտելով Հայոց ցեղասպանությունը և պնդել, որ հայերը անմեղ թուրքերի են սպանել»[13]։

Ալփարսլան Թյուրքեշի և Իսա Յուսուֆ Ալփթեքինի հանդիպումը 1970-ականներին:

Ընդհանուր վերցրած, «Սառը պատերազմի» ողջ ընթացքում Թուրքիայի աջակողմյան և ազգայնական քաղաքական հոսանքները (ինչպես օրինակ՝ Ալփարսլան Թյուրքեշի կողմից հիմնադրված Ազգայնական շարժում կուսակցությունը) «ույղուրների հարցին» մոտենում էին հակակոմունիզմի, մաոիստական էքսպանսիոնիզմի և պանթյուրքիզմի տեսանկյուններից: Իսկ ազգայնամոլական-ռասիստական հրապարակումներով հայտնի այնպիսի թուրքական ամսագրեր, ինչպիսիք էին՝ «Bozkurt»-ն ու «Türk Yurdu»-ն՝ պարբերաբար տպագրում էին հոդվածներ, որոնցում դատապարտում էին Չինաստանի քաղաքականությունը Սինցզյանում և կոչ անում թուրք քաղաքական գործիչներին՝ աջակցել ույղուրներին։

Ի հակադրություն վերոհիշյալ քաղաքական հոսանքների՝ թուրքական կառավարությունները դիվանագիտական նկատառումներից ելնելով՝ գործում էին ավելի զգուշավոր, թեև քննադատությունների պակաս չկար։ Ուշագրավ է, որ մինչև 1970 թ.-ը Թուրքիան պաշտոնական հարաբերություններ չուներ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ և պահպանում էր լիակատար դիվանագիտական հարաբերություններ՝ Թայվանի (Չինաստանի Հանրապետություն) հետ։ Սակայն, 1971 թ. Թուրքիայի կողմից ՉԺՀ-ի ճանաչումից[14] հետո, Արտաքին գործերի նախարարությունը խուսափեց Չինաստանի ներքին քաղաքականության, այդ թվում՝ ույղուրների նկատմամբ վերաբերմունքի բացահայտ քննադատությունից՝ առաջին պլան մղելով առևտրային և դիվանագիտական հարաբերությունների կարգավորումը։

Ինչ վերաբերում է թուրքական խորհրդարան(ներ)ի և խորհրդարանից դուրս գործող քաղաքական/հանրային շրջանակների ազգայնական/ազգայնամոլական հատվածներին, ապա, ընդհուպ մինչև «Սառը պատերազմի» ավարտը, շարունակում էին պահպանել դրա շուրջ հակաչինական/հակակոմունիստական քարոզչական գիծը։ Կարծում ենք, այդպիսի քաղաքականությունը կանգնեցրել էր պաշտոնական Անկարային՝ քաղաքական երկընտրանքի առջև. անսալով ազգայնամոլական հատվածների կոչերին կա՛մ պետք է «գաղափարական (պանթյուրքիստական, համաիսլամական) համերաշխության» դիրքերից ելնելով կոշտացնեին իրենց քաղաքականությունն ընդդեմ Չինաստանի, կա՛մ պետք է առաջնորդվեին պրագմատիկ դիվանագիտությամբ։

«Ույղուրական հարցը» «Սառը պատերազմի» ավարտից հետո
առաջին տասնամյակում

Խորհրդային Միության փլուզումից և «Սառը պատերազմի» ավարտից հետո Անկարան վերանայեց արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։ Կենտրոնական Ասիայում (Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան, Թուրքմենստան) և Կովկասում (Ադրբեջան) անկախ թյուրքախոս հանրապետությունների ի հայտ գալը աշխուժացրեց գիտավերլուծական հանրության և քաղաքական էլիտաների ոգևորությունը պանթյուրքիզմի նկատմամբ[15], որը տարածվեց նաև Սինցզյանի, կամ ինչպես այն հայտնի է պանթյուրքիստների խոսույթում՝ «Արևելյան Թուրքեստանի» ույղուրների վրա։ Կարճ ասած, Անկարայի համար միության փլուզումը քաղաքական, տնտեսական և մշակութային, ավելի ուշ՝ ռազմական հարաբերություններ հաստատելու նոր հնարավորությունների պատուհան բացեց Կենտրոնական Ասիայի պետությունների հետ և վերակենդանացրեց համաթյուրքական ձգտումները: Այս կարևոր անցումային շրջանում Սինցզյանում բնակվող թյուրքական մահմեդական ժողովրդի՝ «ույղուրների հարցը» նոր նշանակություն ստացավ թուրքական քաղաքական քննարկումներում:

Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը (1989–1993 թթ.) համակրում էր ույղուրներին, ույղուրական գործին և անձամբ Ալփթեքինին։ 1992 թ. սկզբին Ստամբուլում Օզալի հետ հանդիպման ժամանակ Ալփթեքինը նրան նվիրեց «Արևելյան Թուրքեստանի» դրոշը՝ ասելով. «Հիմա ձեր հերթն է այս դրոշը ձեր սրտում կրելու։ Այս դրոշի հետ միասին ես նաև Արևելյան Թուրքեստանի գործը վստահում եմ ձեզ»։ Ի պատասխան, նախագահ Օզալը, ըստ որոշ լուրերի, ասել է. «Ես հայտարարում եմ, որ ստանձնել եմ Արևելյան Թուրքեստանի գործի պատասխանատվությունը։ Նախկին խորհրդային իշխանության տակ գտնվող թյուրքական հանրապետությունները բոլորը հռչակել են իրենց անկախությունը։ Հիմա հերթը Արևելյան Թուրքեստանինն է։ Մեր ցանկությունն է տեսնել թյուրքական ժողովրդի հին հայրենիքը ազատ երկիր…»[16]։

Թե՛ Թ. Օզալի, և թե՛ նրան հաջորդած Ս. Դեմիրելի վարչակազմերը խրախուսեցին ույղուրական մշակութային միավորումների ստեղծումը Թուրքիայի տարածքում, պարզեցրեցին ույղուրների ներգաղթը՝ թույլ տալով ույղուր ակտիվիստներ՝ Իսա Յուսուֆ Ալփթեքին և նրա որդի Էրքինին ազատորեն գործել Ստամբուլում և Անկարայում։

Հարկ է հիշատակել նաև, որ նախագահ Թ. Օզալի մահից հետո (1993 թ.), նախագահ Դեմիրելը Եվրասիան համարում էր մի «տարածաշրջան, որը հիմնականում բնակեցված է թյուրքերով և ձգվում է Ադրիատիկ ծովից մինչև Չինական մեծ պարիսպը»[17]: Այս հայտարարությամբ հստակ գծվում էին աշխարհագրական այն սահմանները (փաստացի ներառելով նաև Սինցզյանը), որոնցում Թուրքիան ցանկանում էր տարածաշրջանային ազդեցություն հաստատել։ Սակայն նկատենք, որ երբ Ս. Դեմիրելը 1995 թ. պետական այցով գտնվում էր Չինաստանում խուսափեց հրապարակավ հիշատակել ույղուրներին՝ չնայած թուրքական ազգայնական խմբերի ճնշմանը[18]։

1990-ական թվականներին Թուրքիայում քաղաքական իսլամի աճող դերի հետ մեկտեղ, որն ամփոփված էր Նեջմեթթին Էրբաքանի «Բարօրություն» կուսակցության (Refah Partisi) և «Ազգային տեսլական» (Millî Görüş)[19] գաղափարախոսությունում, չէր կարող անտեսել «ույղուրական հարցը»: Նախ նշենք, որ այն մերժում էր Անկարայի արտաքին քաղաքականության դեպի արևմուտք չափից ավելի կենտրոնացված կողմնորոշումը և փոխարենն առաջ էր քաշում «իսլամական համերաշխության վրա հիմնված «արդար միջազգային կարգի» տեսլականը»[20]: Հետևաբար, մահմեդական ույղուրները համարվում էին աշխարհիկ կոմունիստական «ռեժիմի կողմից ճնշված», որը լիովին տեղավորվում էր Ն. Էրբաքանի աշխարհայացքի կողմից առաջ քաշված «մահմեդական զոհի կերպարի» դերում։

Սակայն, այն բանից հետո, երբ 1997 թ. տարեսկզբին Սինցզյանում տեղի ունեցան բռնի անկարգություններ, որը ճնշվեց չինացի ուժայինների կողմից, հօդս ցնդեցին այն շրջանառվող տեսակետները, որ Թուրքիան կարող է ինչ-որ էական բան անել նրանց համար։ Միակ գործողությունը՝ թուրք աջակողմյան ազգայնական խմբերի ուղեկցությամբ հարյուրավոր ույղուր ցուցարարների հակաչինական կարգախոսներով վանկարկումներն էին ՉԺՀ դեսպանատան առջև, որոնք դատապարտում էին Պեկինի «մահմեդականների նկատմամբ ճնշման քաղաքականությունը»։ Իսկ ահա Թուրքիայում գործող ույղուրական միությունների կողմից Էրբաքանին ուղղված նամակը, որով կոչ էր արվում նրան քայլեր ձեռնարկել Սինցզյանում իրենց համայնքին աջակցելու համար, ստացվել էր շատ կարճ պատասխան, որ իրենք անպատրաստ են ինչ-որ բան անել։ Նույնիսկ Թուրքիայի ԱԳՆ այն ժամանակվա խոսնակը նշել էր, որ իրենք մտահոգ են, ուշադիր հետևում են իրադրությանը, բայց «նախ պետք է հասկանալ փաստերը»[21]։

Իր կարճատև պաշտոնավարման ընթացքում (1996–1997 թթ.) վարչապետ Ն. Էրբաքանը ձեռնպահ մնաց Չինաստանին ուղղակիորեն հակադրվելուց և այդպես էլ համարձակություն չունեցավ հրապարակավ քննադատել Պեկինին։ Միայն հետագայում՝ մեկ տասնամյակ անց, երբ արդեն հեռացվել էր քաղաքականությունից, հանդես եկավ կոշտ քննադատությամբ, հայտարարելով, որ Սինցզյանում տեղի ունեցածը «ցեղասպանություն» է[22]։

Այսպիսով, «Սառը պատերազմի» ավարտից հետո՝ առաջին տասնամյակում, մինչև ԱԶԿ-ի իշխանության գալը (2002 թ.) «Ույղուրական հարցը» արդիականացվեց, ինչն առաջին հերթին պայմանավորված էր «սոցճամբարի փլուզմամբ»։ Արդյունքում պանթյուրքական նկրտումները նոր երանգներ ստացան, որից անմասն չէր կարող մնալ ույղուրական ուղղությունը։ Այնուամենայնիվ, չնայած տարբեր տրամաչափի թուրք պետական գործիչների «մտահոգություններին» Անկարան նախապատվություն էր տալիս ՉԺՀ-ի հետ առևտրային և դիվանագիտական կապերի զարգացմանը, ինչը ստիպում էր ույղուրների հարցում՝ գործողությունների տեսանկյունից մնալ ավելի զուսպ։ Պետք է ընդգծել, որ այդպիսի զգուշավոր դիվանագիտությունը, ստեղծեց մի օրինաչափություն, որը մասամբ շարունակվեց ԱԶԿ-ի օրոք։ Դրան զուգահեռ՝ այս շրջանում ույղուրների քաղաքացիական հասարակությունը Թուրքիայում իսկական ծաղկում ապրեց. հիմնադրվեցին ՀԿ-ներ, տպագիր մամուլ և այլն։

Պեկինը չէր կարող անտարբեր մնալ Անկարայի կողմից ույղուրներին տրված խորհրդանշական աջակցության հանդեպ։ Չինական պաշտոնական լրահոսներում Թ. Օզալին և Ս. Դեմիրելին մեղադրում էին Սինցզյանի շրջանը թյուրքական ժողովուրդների հայրենիքի մաս համարելու, ինչպես նաև՝ անջատողականների առաջնորդ Իսա Յուսուֆ Ալփթեքինի հետ թուրքական կառավարության շարունակական շփումների համար։ Պեկինը նաև զգուշացրեց, որ եթե Անկարան շարունակի անջատողականներին ապաստան տալու իր հետևողական քաղաքականությունը, ապա ինքը ստիպված է համապատասխան քայլեր ձեռնարկել ինքնապաշտպանության համար[23]։

Ույղուրական համայնքի կազմակերպությունները Թուրքիայում

Ույղուրների մարդու իրավունքների նախագծի (UHRP) աշխատակիցները՝ հիմնվելով մարդահամարի տվյալների, ույղուրական համայնքի անդամների, հետազոտողների և այլ աղբյուրների գնահատականների վրա՝ նշում են, որ այսօր Թուրքիայում բնակվում է 50 հազար ույղուր[24]։ Ույղուրները կենտրոնացված բնակվում են Անկարայում, Ստամբուլում և Կայսերիում, որոնք հայտնվել են այստեղ գլխավորապես «Սառը պատերազմի» ժամանակաշրջանում։

Ինչպես հայտնի է, սփյուռքը, որպես այդպիսին, կարևոր դեր է խաղում ժամանակակից համաշխարհային քաղաքականության, տնտեսության, մշակույթի և այլ հարցերում: Սփյուռքի կազմակերպությունները կարևոր միջնորդներ են բնակության և ծագման երկրի հանրությունների, կառավարությունների միջև: Դրանք նաև կարող են ազդել պետական քաղաքականության վրա, մոբիլիզացնել ռեսուրսները, նպաստել ինքնության պահպանմանը և անգամ մասնակցել հակամարտություններին կամ դրանց լուծմանը: Այնպես որ դրանք պարզապես «էթնիկ ակումբներ» չեն, այլ բարդ սոցիալական հաստատություններ, որոնք էական դերակատարում ունեն ժամանակակից աշխարհում։ Այս առումով Թուրքիայի ույղուրական համայնքը նույնպես քայլեր է ձեռնարկել վերջին տասնամյակների ընթացքում։ Ըստ իրենց գործառույթների դրանք պայմանականորեն դասակարգել ենք հետևյալ տիպերի.

  • Հիբրիդային և միջազգային մոդելի կառույցներ։ Արևելյան Թուրքեստանի ՀԿ-ների Միջազգային Միությունը (UDTSB) միջազգային հասարակական կազմակերպությունների ցանց է։ Այն համակարգում է լոբբինգը, փախստականների օգնությունը և իրականացնում մշակութային աշխատանքներ: Միության գլխավոր գրասենյակը գտնվում է Ստամբուլում, բայց գրասենյակներ ունի Շվեդիայում, Նիդեռլանդներում, Ֆինլանդիայում և Պակիստանում:
  • Կրթական-մշակութային և ակադեմիական տիպի կազմակերպություններ։ Այս տիպի հաստատությունները, նեղ իմաստով նպատակադրվել են համախմբել և ձևավորել սփյուռքի մտավոր հանրույթ, իսկ լայն իմաստով՝ իրականացնում են հետազոտական և կրթական գործունեություն, կազմակերպում են ույղուրներին նվիրված համաժողովներ և ֆորումներ, հրապարակում գիտական հոդվածներ, աջակցում ուսանողներին/ ասպիրանտներին և այլն։ Այս առումով, Թուրքիայում գործող ույղուրական հաստատությունների շարքում առանձնանում են երեքը՝ 1978 թ. ստեղծված «Արևելյան Թուրքեստան» հիմնադրամը, Ույղուրական ակադեմիան և Արևելյան Թուրքեստանի մշակույթի և համերաշխության միությունը։
  • Մեդիա-տեղեկատվական հարթակներ։ Տեղեկատվական-լրատվական տիպի այնպիսի հարթակներ, ինչպիսիք են՝ Արևելյան Թուրքեստանի կրթության և համերաշխության միությունը, Արևելյան Թուրքեստանի մամուլի և լրատվամիջոցների միության հովանոցի տակ գործող “Turkistan Pressը և “Uygur Haberը կարելի է ասել այն հիմնական վիրտուալ լրատվամիջոցներն են, որոնք ձևավորում են ույղուրական խնդիրներին նվիրված տեղեկատվական բովանդակություն ոչ միայն թուրքերեն, այլև արաբերեն, ֆրանսերեն, անգլերեն։ Հատկանշական է, որ կա նաև հակառակ տրամաբանությունը, երբ ԵՄ-ի երկրների և ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող և այնտեղ գործող ույղուրական համայնքային լրատվականներն են հեռարձակում ու հրապարակում քարոզչական նյութեր՝ հատուկ թուրքերեն լեզվի կրողների համար։

Թուրքիայում գործող լրացուցիչ ույղուրական կազմակերպությունների թվում կարելի է հիշատակել նաև Արևելյան Թուրքեստանի ուսանողական միությունը, Արևելյան Թուրքեստանի կանանց ասոցիացիան և վիրտուալ կազմակերպություններին, որոնք ներկայացված են գլոբալ նշանակության սոցցանցերում։ Ինչպես տեսնում ենք, «Սառը պատերազմի» ժամանակաշրջանից ի վեր Թուրքիան (ԱՄՆ-ի հետ միասին) աստիճանաբար դարձել է ոչ միայն նրանց պատկանող միությունների ու կազմակերպությունների կենտրոնակայանը, այլև ույղուրական ազգայնական շարժման հարթակներից մեկը։

«Ույղուրական հարցը» ԱԶԿ-ի օրոք և Պեկինի արձագանքները

 

2002 թվականից ի վեր, երբ Թուրքիայում իշխանության եկավ Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ), պաշտոնական Անկարան սկսեց խուսանավել ույղուրներին աջակցելու և Պեկինի հետ տնտեսական համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտության միջև։ Չինաստանն, իր հերթին, անընդհատ մեծացնում էր ճնշումը Թուրքիայի վրա՝ պահանջելով զսպվածություն Սինցզյանի քաղաքականությանը վերաբերող հարցերում, ինչն ավելի ակնհայտ դրսևորումներ ստացավ 2010-ական թվականներին։ ԱԶԿ-ն իր կառավարման սկզբում չհրաժարվեց ույղուրների նկատմամբ իր համակրանքից, բայց և չմտավ Պեկինի հետ առճակատման մեջ՝ շարունակելով քաղաքացիություն տրամադրել ույղուրներին, իսկ պաշտոնական հռետորաբանությունում ցուցաբերել զգուշավորություն։

Խնդիրն այն էր, որ համաշխարհային ուժերի հավասարակշռության փոփոխության և պետությունների միջև փոխազդեցության աճի պայմաններում Անկարայի համար Պեկինի հետ հարաբերությունների զարգացումը դարձել էր հրամայական։ Որոշ դիտարկումներով, 2002–2009 թթ. թուրք-չինական հարաբերությունները ապրում էին իսկական «մեղրամսի» շրջան։ Այդ ընթացքում զարգանում էին ոչ միայն փոխադարձ տնտեսական, այլև՝ ռազմական հարաբերությունները, որոնք ամրագրվեցին պետական և ռազմական բարձր մակարդակի փոխայցելություններով[25]։

2009 թ. նախկին նախագահ Ա. Գյուլի՝ քաղաքական և տնտեսական առումով նշանակալի 6-օրյա այցը Չինաստան խոստումնալից էր թուրք-չինական հարաբերությունների զարգացման համար։ Սակայն, տարօրինակ զուգադիպությամբ, նախագահ Ա. Գյուլի՝ Չինաստան այցի ժամանակ, Սինցզյանից եկած ույղուրների և չին քաղաքացիների միջև Գուանդուն նահանգի գործարաններից մեկում տեղի ունեցան բախումներ, որոնց արդյունքում սպանվեց երկու ույղուր: Բախումներն իրենց շարունակությունը գտան 2009 թ. սեպտեմբերի սկզբին։ ՉԺՀ Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզի մայրաքաղաք Ուրումչիում կարգուկանոնը պահպանելու համար զինված ոստիկանական զորքեր տեղակայվեցին այն բանից հետո, երբ քաղաքի մարդաշատ վայրերում տեղի ունեցան քաղաքացիական զանգվածային ցույցեր և բողոքի ակցիաներ, որի արդյունքում զոհվեց մոտ 200 մարդ։

Հիշյալ իրադարձությունները լարվածություն առաջացրեցին Թուրքիայի և Չինաստանի միջև։ Վարչապետ Ռ. Թայիփ Էրդողանը կոշտ հայտարարություններ հնչեցրեց Չինաստանի հասցեին՝ իրադարձությունները որակելով որպես «վայրենություն և ցեղասպանություն»[26]։

Դա պատահական հայտարարություն չէր։ Էրդողանը երկար ժամանակ աջակցում էր ույղուրների անջատողական շարժմանը՝ ողջունելով նրանց քաղաքական առաջնորդներին Թուրքիայում, ապաստան տրամադրելով նրանց և թույլ տալով զբաղվել քաղաքական գործունեությամբ: Ռ. Էրդողանի համար «սա պանթյուրքիզմի կամ պանիսլամիզմի և ույղուրների պաշտպան լինելու պահանջ էր»[27]:

Այս հայտարարությունից հետո երկկողմ հարաբերությունները վատթարացան։ ԱԳ նախարար Ա. Դավութօղլուն փորձեց կարգավորել առաջացած տարաձայնությունները և իր պաշտոնավարման ընթացքում խոստացավ չինացի գործընկերոջը, որ Անկարան թույլ չի տա որևէ մեկին թուրքական հողի վրա իրականացնել Չինաստանի ինքնիշխանությանը վնասող գործողություններ։ Ավելին՝ հենց նրա նախաձեռնությամբ Չինաստանի և Թուրքիայի միջև ստեղծվեց ահաբեկչության դեմ պայքարի համատեղ մեխանիզմ, և ստանձնվեց պարտավորություն՝ Թուրքիայում անջատողական (ույղուրական) ահաբեկչական խմբերի գործողությունները ճնշելու վերաբերյալ[28]։

2015 թվականին, երբ սոցիալական ցանցերում տարածվեցին հաղորդագրություններ այն մասին, որ Չինաստանը Սինցզյանում ծոմ պահելու արգելք է սահմանել, փողոցային բողոքի ցույցեր անցկացվեցին Թուրքիայի 20-ից ավելի քաղաքներում: Թուրքիայում՝ Պեկինի կողմից ույղուրների նկատմամբ ենթադրյալ գործողությունների մասով հակաչինական բողոքի ցույցերից հետո Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ իր երկրի հեռավոր արևմուտքում «էթնիկական [ույղուրական] խնդիր» գոյություն չունի, և որ այնտեղի մահմեդական ույղուր փոքրամասնությունը վայելում է կրոնի ազատություն։ Միևնույն ժամանակ, Պեկինը զգուշացրեց Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին զգուշանալ Չինաստանի դեմ բողոքի ցույցերից՝ նշելով, որ որոշ զբոսաշրջիկներ ենթարկվել են հարձակման[29]։

Սակայն, 2015 թ. հետո թուրքական կառավարությունը հրաժարվեց ույղուրներին միջազգային հարթակներում ներկայացնելու գաղափարից: Մասնավորապես, 2016 թ. Թուրքիայում տեղի ունեցած անհաջող ռազմական հեղաշրջումից և Արևմուտքի հետ հարաբերությունները սրելուց հետո սկսեց ամրապնդել իր տնտեսական կապերը Չինաստանի հետ, որից հետո Անկարայի պաշտոնական քննադատությունները ՉԺՀ նկատմամբ մեղմացան։ 2019 թ. Պեկին կատարած այցի ժամանակ Ռ. Էրդողանը նույնիսկ հայտարարեց, որ ույղուրական հարցի «շահագործումը» կվնասի Թուրքիա–Չինաստան հարաբերություններին, և որ ինքը կարծում է, որ հնարավոր է «գտնել հարցի լուծում, որը հաշվի կառնի երկու կողմերի զգայունությունները»[30]։

Այս հայտարարություններից առաջ, դեռևս 2017 թ. Թուրքիայի և Չինաստանի միջև ստորագրվեց արտահանձնման համաձայնագիր (2024 թ. ապրիլի դրությամբ այն դեռ չէր վավերացվել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից), ինչը դժկամությամբ ընդունվեց ույղուրների կողմից։ Դրանից հետո, ոչ պաշտոնական աղբյուրներից արտահոսած հաղորդագրություններից պարզվել է, որ Թուրքիան ույղուր փախստականներին արտաքսում է երրորդ երկրներ[31]։

Տեղեկությունը անհանգստություններ է առաջացրել այն ույղուրների շրջանում, ովքեր չունեն Թուրքիայի քաղաքացիություն կամ մշտական բնակության իրավունք[32]։ Որոշ հեղինակների պնդումների համաձայն՝ այդ գործողություններին զուգահեռ, Անկարան, իբր սկսել է իրականացնել երկրի ներսում ույղուրական սփյուռքի գործունեությունը սահմանափակելու քաղաքականություն՝ որպես օրինակ բերելով այն փաստը, որ իշխանությունները ույղուրների մի խմբի թույլ չեն տվել հակաչինական ցույց անցկացնել[33]։ Իրականում Թուրքիայի ույղուրական համայնքը ծավալում է բավականին ակտիվ գործունեություն և համագործակցում է տեղի իշխանությունների հետ[34]։ Ինչ վերաբերում է ցույցի արգելքին, ապա դա, կարծում ենք, Պեկինին ուղղված ժեստ էր, որով Անկարան փորձում էր ցույց տալ, որ «հավատարիմ» է մնում վերջին շրջանում արված իր հռետորաբանությանը։

Ույղուրական թեման տեղական ԶԼՄ-ների և «ուղեղային կենտրոնների» կիզակետում հայտնվեց, երբ 2024 թ. ԱԳ նախարար Հ. Ֆիդանն իր չինացի գործընկերոջ հրավերով եռօրյա այցով մեկնեց Չինաստան։ Ֆիդանն իր այցի ընթացքում մեկնեց ույղուրներով բնակեցված Ուրումչի և Քաշգարիա քաղաքներ։ Նա այդ քաղաքները որակեց որպես «երկու հին թյուրքական իսլամական քաղաքներ, որոնք նպաստում են Չինաստանի մշակութային հարստությանը»՝ ավելացնելով, որ «դրանք նաև կամուրջ են ծառայում Չինաստանի և թյուրքական աշխարհի, ինչպես նաև Չինաստանի և իսլամական աշխարհի միջև»։ Միաժամանակ, նա հայտարարեց, որ իրենք լիովին աջակցում են Չինաստանի տարածքային ամբողջականությանն ու քաղաքական ինքնիշխանությանը՝ հավելելով. «Ցանկանում եմ հայտնել, որ մենք չենք աջակցում այն իրադարձություններին, որոնք նպատակ ունեն ներքին անկարգություններ առաջացնել»[35]։

Թուրքիայում և աշխարհի տարբեր երկրներում գործող ույղուրական համայնքի անդամները խստորեն դատապարտեցին այս հայտարարությունները։ Ստամբուլում և Վաշինգտոնում ցուցարարները քննադատեցին Հ. Ֆիդանի այցը՝ այն որակելով որպես դավաճանություն, իսկ իրեն՝ Պեկինի «ցեղասպանության» քաղաքականության մեղսակից[36]։ Գրեթե նույն ոճով իրենց խիստ դժգոհությունն արտահայտեցին ԱՄՆ-ում և ԵՄ-ի երկրներում գործող ույղուրական համայնքների կազմակերպություններն[37] ու համայնքի ակտիվիստ ներկայացուցիչները[38]։ Այս դրվագը ցույց է տալիս, որ փորձելով «Ույղուրական հարցում» վարել «ճկուն» քաղաքականություն՝ պաշտոնական Անկարան մշտապես հայտնվում է լարվածության և երկընտրանքի առջև:

Ինչ վերաբերում է ազգայնական/ազգայնամոլական կուսակցություններին և դրանց հարող շրջանակների կողմից «Ույղուրական հարցի» հետ կապված խոսույթին, ապա այն ձևավորվել է դեռևս «Սառը պատերազմի» ժամանակաշրջում։

Այս հարցում Թուրքիայի հիմնական ծայրահեղ աջ՝ Ազգայնական շարժում կուսակցությունը (ԱՇԿ) Դ. Բահչելիի գլխավորությամբ միշտ իր համերաշխությունն է արտահայտել ույղուրներին՝ ներկայացնելով նրանց իբրև չինական «ճնշումների» զոհեր և թուրքերի հոգևոր ազգակիցներ, միաժամանակ աչքի ընկնելով նաև որոշ գործողություններով։ Օրինակ՝ 2015 թ. հուլիսին ԱՇԿ-ի երիտասարդական թևի անդամները Ստամբուլում հակաչինական բողոքի ակցիաներ էին կազմակերպել, որոնք սխալմամբ թիրախավորել էին կորեացի զբոսաշրջիկներին: Դ. Բահչելին հայտնել էր, որ դա «սադրանք» է, բացի այդ, ըստ նրա՝ «ինչպե՞ս եք տարբերակելու կորեացուն չինացուց: Նրանք երկուսն էլ շեղ աչքեր ունեն»։ Սա և ազգայնականների երիտասարդական թևի Ստամբուլի գլխավոր գրասենյակում «Մենք չինական արյուն ենք ուզում» գրությամբ պաստառը մեծ արձագանք գտան տեղական և միջազգային լրատվամիջոցներում[39]։ Այնուամենայնիվ, 2018 թ. նախագահ Ռ. Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ «Ժողովրդական դաշինքի» ձևավորումից ի վեր ԱՇԿ-ն մեղմացրել է իր տոնը:

ԱՇԿ-ի նախկին անդամների կողմից 2017 թ. հիմնադրված և Մ. Աքշեների կողմից գլխավորած «Լավ» կուսակցությունն ավելի կտրուկ դիրքորոշում ունի «Ույղուրական հարցի» վերաբերյալ: Կուսակցության ակտիվի տարբեր անդամներ Սինցզյանում ույղուրների նկատմամբ «ճնշումները» մշտապես որակել են որպես «ցեղասպանություն» և մեղադրել ԱԶԿ-ին Չինաստանի տնտեսական ճնշման առջև վախկոտություն ցուցաբերելու մեջ:

2019 թ. «Լավ» կուսակցության պատգամավորները նույնիսկ ներկայացրեցին խորհրդարանական առաջարկ՝ «հետաքննել Չինաստանի կողմից Արևելյան Թուրքեստանում ույղուր-թուրքերի նկատմամբ ճնշումները»։ ԱՇԿ-ն ձեռնպահ մնաց, անուղղակիորեն աջակցելով ԱԶԿ-ին, որը դեմ էր քվեարկել, մինչդեռ «Լավ», «Հանրապետական-ժողովրդական» և «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունները քվեարկեցին հետաքննություն անցկացնելու օգտին[40]։

2021 թ. մարտին «Լավ» կուսակցությունը խնդրեց Թուրքիայի խորհրդարանին դատապարտել Չինաստանի կողմից Սինցզյանում ույղուրների նկատմամբ հետապնդումները՝ նշելով, որ երկրի լռությունն այս հարցի վերաբերյալ անընդունելի է։ Սակայն, այս առաջարկն ի տարբերություն նախորդի ենթադրում էր ոչ թե հետաքննության անցկացում, այլ Չինաստանի գործողությունների որակում որպես «ցեղասպանություն»՝ համաձայն միջազգային իրավունքի: Այս առիթով «Լավ» կուսակցությունն անգամ հետազոտություն էր պատրաստել «Չինաստանի Ույղուրական Ինքնավար Մարզի մարդու իրավունքների զեկույց» վերնագրով: Ինչևէ, այն ընթացք չստացավ, ինչից հետո Մ. Աքշեները առաջարկին չաջակցելու համար հրապարակավ քննադատեց ԱՇԿ-ի առաջնորդ Դ. Բահչելիին՝ կատակելով, որ, հավանաբար, նրան անհրաժեշտ է Դողու Փերինչեքի թույլտվությունը՝ նկատի ունենալով հակահայ, չինամետ, թուրքական եվրասիականության ջատագով «Հայրենիք» կուսակցության ղեկավարին[41]:

Իհարկե այս շարքին կարելի է ավելացնել նաև մյուս ընդդիմադիր կուսակցություններին, որոնք թեև տարբեր գաղափարախոսությունների կրողներ են (ինչպես օրինակ՝ Ա. Դավութօղլուի «Ապագա», Ա. Բաբաջանի «Ժողովրդավարություն և առաջընթաց», Օ. Օզելի «Հանրապետական- ժողովրդական» կուսակցությունները), սակայն դրանք իրենց մոտեցումներով, ըստ էության, չեն տարբերվում «Լավ» կուսակցությունից՝ մի կողմից քննադատում են ԱԶԿ-ին «լուռ դիվանագիտություն» բանեցնելու համար, մյուս կողմից՝ դիրքավորվել են որպես «Ույղուրների դատի» երդվյալ պաշտպաններ։ Ուստի կարելի է ենթադրել, որ նրանք շարունակելու են «Ույղուրական հարցը» «տաք պահել» խորհրդարանական առաջարկների, հրապարակային հայտարարությունների և քաղաքացիական հասարակության ու Թուրքիայի ույղուրական համայնքի աջակցության միջոցով։ Ավելին՝ ամենայն հավանականությամբ, հիշյալ հարցն ընդդիմադիր կուսակցությունները կօգտագործեն նաև համապետական ընտրությունների ժամանակ՝ իշխող դաշինքից տարբերվելու ակնկալիքով։

Հատկանշական է, որ Թուրքիայի քաղաքական դաշտն այս հարցում ակտիվանում է հատկապես այն ժամանակ, երբ խնդիրը միջազգային հնչեղություն է ստանում։ Օրինակ՝ եթե ուշադրություն դարձնենք միջազգային հարթակների և կազմակերպությունների (G7, ՄԱԿ, Իսլամական համագործակցության կազմակերպություն, ԵՄ) և տարբեր պետությունների կողմից «Ույղուրական հարցով» պայմանավորված դատապարտող բանաձևերի, պատժամիջոցների ու հայտարարությունների տարեթվին, ապա կտեսնենք, որ դրանց ջախջախիչ մեծամասնությունը իրականացվել է հենց 2021 թվականին[42]: Հետևաբար, Թուրքիան էլ փորձում է հետ չմնալ միջազգային գործընկերներից, և նրա կողմից ցանկացած բնույթի գործողություն համահունչ է՝ միջազգային մակարդակով ընթացող միտումներին։ Ընդհանրապես տպավորություն է ստեղծվում, որ հատկապես միջազգային մակարդակով Պեկինի դեմ արշավը այնքան էլ նրանց անկեղծ մարդասիրական պատկերացումներից չի բխում, այլ՝ ավելի շատ իրականացվում է Չինաստանի հետ ունեցած աշխարհառազմավարական մրցակցության համատեքստում։

Եզրակացություն

  • Հաշվի առնելով քաղաքական արձագանքները, հանրային դժգոհություններն ու լրատվամիջոցների քարոզչությունը՝ կարելի է ասել, որ այն մնում է բավականին զգայուն և դեռևս չլուծված հարց թուրք-չինական հարաբերություններում: Այնուամենայնիվ, ներկայիս աշխարհաքաղաքական և տնտեսական իրողություններից ելնելով՝ պաշտոնական Անկարան հակված է զարգացնել Պեկինի հետ տնտեսական համագործակցությունը՝ խուսափելով ավելի կոշտ հայտարարություններ անելուց։ Չինաստանի նկատմամբ ավելի խիստ քննադատությունը կարող է վնասել Անկարայի եվրասիական տարածաշրջանի հետ համագործակցության ամրապնդման փորձերին և թուլացնել տարածաշրջանում նրա ունեցած լծակները։
  • Մյուս կողմից՝ Անկարայի պահվածքը պայմանավորված է նրանով, որ Չինաստանը Սինցզյանում վարած իր քաղաքականության վերաբերյալ ցանկացած քննադատություն համարում է միջամտություն իր ներքին գործերին և բազմիցս է զգուշացրել Անկարային՝ զերծ մնալ քննադատություններից, որը կարող է վտանգել երկկողմ առևտուրն ու ներդրումները: Պաշտոնական Անկարայի զուսպ լռությունն ամենևին չի նշանակում, թե բացակայում է ապագա գործողությունների ռազմավարական պլանավորումը կամ ստվերային հարաբերությունները ույղուր անջատողական գործիչների և նրանց կազմակերպությունների հետ։
  • Կարծում ենք, որ երկարաժամկետ հեռանկարում Անկարան կարող է Միջին Ասիայի թյուրքալեզու հանրապետություններն օգտագործել որպես ցատկահարթակ՝ աջակցելով ույղուր անջատողականներին, հատկապես՝ ահաբեկչական ձեռագիր ունեցող ծայրահեղական խմբերին[43]։ Իրականում, Պեկինը պայքար է մղում հենց այդ խմբերի և, ընդհանրապես, ծայրահեղականության տարածման գաղափարախոսական արմատների դեմ, որը նա սահմանել է որպես պայքար՝ «Երեք չարիքների» (ահաբեկչություն, անջատողականություն և կրոնական ծայրահեղականություն) դեմ։
  • Ի հակադրություն իշխող կուսակցության և նրա դաշնակից ԱՇԿ-ի, որը նախկինում ամենաագրեսիվ ձևերով էր թիրախավորում Պեկինին, ընդդիմադիր-ազգայնական մյուս կուսակցությունները, տուրք տալով պանթյուքիստական գաղափարախոսությանը՝ շարունակում են ակնհայտ հակաչինական գիծ վարել՝ փորձելով այդպիսով նաև ճնշում գործադրել իշխանությունների վրա։ Սա ցույց է տալիս, որ «Ույղուրական հարցը» արտաքին քաղաքականության հարց լինելուց բացի, վերածվել է նաև ներքաղաքականի, որտեղ յուրաքանչյուրը ձգտում է դարձնել այն իր մենաշնորհը։ Հետևաբար, ընդդիմադիր կուսակցություններն այս հարցը կօգտագործեն որպես հռետորական զենք՝ իշխող դաշինքի և նախագահ Ռ. Էրդողանի դեմ, ում մեղադրում են երեսպաշտության կամ լռության մեջ։
  • Հարկ է նաև շեշտել, որ Թուրքիայի լրատվամիջոցները (ինչպես նաև՝ Արևմտյան լրատվամիջոցները. տես, օրինակ՝ «Չինական մալուխային փաստաթղթերի» միջադեպը) կեղծ տեղեկություններ են հաղորդում և ներկայացնում իրենց կամայական պատկերացումները Սինցզյանում ծայրահեղականության դեմ պայքարի եղանակների վերաբերյալ[44]։ Նկատենք, որ ընդդիմությանը մոտ կանգնած լրատվամիջոցներն, ընդհանուր առմամբ, ավելի ակտիվ են լուսաբանում «Ույղուրների հարցը»՝ պարբերաբար հրապարակելով հարցազրույցներ ույղուրների հետ, քննադատում թուրքական կառավարությանը և այլն։ Ի տարբերություն նրանց՝ պետական լրատվամիջոցները վերջին շրջանում փոխել են իրենց քաղաքականությունը՝ գործելով ավելի զգուշաբար, հատկապես, Հաքան Ֆիդանի՝ Չինաստան այցելությունից հետո։ Սա պայմանավորված է Անկարայի՝ ՉԺՀ-ի հետ ունեցած այսրոպեական տնտեսական շահերով։ Իրավիճակը, սակայն, կարող է ցանկացած պահի փոխվել, և դա ժամանակի հարց է։

 

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

  1. Selcen Gulce Cavus. TurkeyChina Relations in the Context of Xinjiang Region: An Analysis of Media in Turkey. Bachelor’s thesis. Department Programme International Relations and European Politics. Brno 12.05.2024. pp. 20-21.
  2. International Responses to the Uyghur Crisis. The Uyghur Human Rights Project (UHRP), https://uhrp.org/responses/
  3. Alim Zikrullah, Alim Sümeyye (2025). Abdülkâdir Dâmolla’da Ceditçilik Düşüncesi ve Etkileri, Uluslararası Uygur Araştırmaları Dergisi, Sayı: 2025 /25, s. 90-99.
  4. Mark Dickens. (1990). The Soviets in Xinjiang 1911–, p. 51, https://www.academia.edu/ 398262/The_Soviets_In_Xinjiang
  5. Li, J., & Yang, S. (2024). Exploiting Ethnic and Religious Separatism as a Tool: U.S. Policy in Xinjiang during the Early Cold War. China Review24(3), 241-274.
  6. Ajit Singh. Inside the US-Backed World Uyghur Congress. 09.03.20, http://english.scio.gov.cn/xinjiangfocus/2020-03/05/content_77241200.htm
  7. Çakırer-Özservet, Y. (2015). Zeytinburnun’da Doğu Türkistan Türklerinin Ulusötesi Bellek Eklemlenmesi. Marmara Üniversitesi Siyasal Bilimler Dergisi, 59-80.
  8. Beydulla, M. (2019). Experiences of Uyghur migration to Turkey and the United States: Issues of religion, law, society, residence, and citizenship. In Migration and Islamic ethics, p. 181.
  9. Kuşçu Bonnenfant, I. (2020). Türkiye ve Dünya’da Uygur diasporası: Milli kimlik gelişimi ve diaspora bilincinin oluşumu. Türkiye Günlüğü 143 / Yaz 2020, p. 111.
  10. Kuşçu, I. (2013). The origins of Uyghur long-distance nationalism: The first generation Uyghur diaspora in Turkey. Orta Asya ve Kafkasya Araştırmaları, 2013, Cilt: 8, Sayı: 16, ss. 88-89, https://open.metu.edu.tr/handle/11511/71922
  11. Ajit Singh. Inside the World Uyghur Congress: The US-backed right-wing regime-change network seeking the ‘fall of China’. 05.03.2020. The State Council Information Office the People’s Republic of China, http://english.scio.gov.cn/xinjiangfocus/2020-03/05/ content_77241200.htm
  12. John W. Finney. Turkey Opens Peking Relations and Breaks Ties with Taiwan. 06.08.71, The New York Times, https://www.nytimes.com/1971/08/06/archives/turkey-opens- peking-relations-and-breaks-ties-with-taiwan.html
  13. Симаворян, А. (2023). Сравнительный анализ идеологий «турецкого евразийства» и «российского евразийства». Армянский аналитический центр АРВАК, https://bit.ly/453vD3U
  14. Simavoryan, A. (2010). Ideological Trends in the Context of Foreign Policy of Turkey. Europe&Orient, (11), 55-62.
  15. Shichor, Y. (2009), Ethno-Diplomacy: The Uyghur Hitch in Sino-Turkish Relations. p. 25, https://library.uygur.com/books/ethno-diplomacy-the-uyghur-hitch-in-sino-turkish- relations. pdf
  16. TBMM’yi yoğun gündem bekliyor. Milliyet gazetesi.08.1994, http://gazetearsivi.milliyet.com.tr/ Arsiv/1994/08/31
  17. Վ. Տեր-Մաթևոսյան, Իսլամը Թուրքիայի հասարակական–քաղաքական կյանքում (1970–2001 թթ.), Երևան, 2008, էջ 40։
  18. Սիմավորյան, Ա. (2012), Թուրքիայի ուղեղային կենտրոնների զարգացման նախադրյալները. այժմեական խնդիրները. 21-րդ ԴԱՐ, N. 6 (46), էջ. 31-33.
  19. Ucuz polemik. Yenicağ gazetesi.07.2009, https://www.yenicaggazetesi.com.tr/ ucuz-polemik-19781h.htm
  20. Mapping the Uyghur Diaspora. Uyghur Human Rights Project, 11.23, https://uhrp.org/report/diaspora/ #PopulationStatistics
  21. Turkish commander visits Chinese counterpart. Hürriyet gazetesi,03.2009, https://www.hurriyet.com.tr/gundem/turkish-commander-visits-chinese-counterpart-11281000
  22. Uygurların Lideri Kadir: ‘Katliam Sanılandan Daha Büyük’. 14.07.2009, https://www.voaturkce.com/a/a-17-2009-07-14-voa15-88184777/879078.html
  23. Türkiye Uygurlar konusunda neden sessiz? DW (in Tur.), 12.2019, https://www.dw.com/tr/ t%C3%BCrkiye-%C3%A7inin-uygurlara-bask%C4%B1s%C4%B1na-neden-sessiz-kal%C4%B1yor/a-51549785
  24. Nurettin Akçay. AK Parti, Uygur meselesinde gerçekten sessiz mi? Independent Türkçe.03.2022, https://www.indyturk.com/node/489431/t%C3%BCrki%CC%87yeden-sesler/ ak-parti-uygur-meselesinde-ger%C3%A7ekten-sessiz-mi
  25. Beijing warns citizens in Turkey of anti-China protests. Al Jazeera, 07.2015, https://www.aljazeera.com/news/2015/7/5/beijing-warns-citizens-in-turkey-of-anti-china-protests
  26. Ben Westcott, Erdogan says Xinjiang camps shouldn’t spoil Turkey–China relationship. CCN World. 05.07.2019, https://edition.cnn.com/2019/07/05/asia/turkey-china- uyghur-erdogan-intl-hnk/index.html
  27. Zachary Basu, Bethany Allen-Ebrahimian. Turkey rejected Uyghur citizenship applications over ”national security” Axios.com, 01.03.2022, https://www.axios.com/2022/03/01/turkey-rejected-uyghur-citizenship
  28. Türkiye’deki Uygurlar: Çin ile imzalanan ‘Suçluların İadesi Anlaşması’ bizi tedirgin ediyor. BBC (in Tur.),01.2021, https://www.bbc.com/turkce/haberler-turkiye-55669536
  29. Nilgün Eliküçük Yıldırım, Türkiye Çin ilişkilerinde Uygur meselesi. Heinrich Böll Foundation, 04.2024, https://tr.boell.org/tr/2024/04/05/turkiye-cin-iliskilerinde-uygur-meselesi
  30. İçişleri Bakanı Sayın Süleyman Soylu Dernek Başkanımızı evinde ziyaret. Doğu Türkistan Maarif ve Dayanışma Derneği, 04.2021, https://www.doguturkistander.org/2021/04/03/icisleri-bakani-sayin-sulayman-soylu- dernek-baskanimizi-evinde-ziyaret/
  31. Dışişleri Bakanı Hakan Fidan’ın Çin gezisinden hangi sonuçlar çıktı? İlişkilerde yeni dönem mi başlıyor? BBC (in Tur.), 06.2024, https://www.bbc.com/turkce/articles/cn006g2ve87o
  32. Turkish Fm Asks China To Let Uyghurs ‘Live Their Values,’ Fails To Condemn Genocide. Breitbart News, 07.2024, https://www.breitbart.com/asia/2024/06/07/turkish-fm-asks-china-let- uyghurs-live-values-fails-condemn-genocide/?utm_source
  33. Press Release: World Uyghur Congress Criticises Visit of Turkish Foreign Minister to East Turkistan. org, 03.06.2024, https://www.uyghurcongress.org/en/press-release-world-uyghur- congress-criticises-visit-of-turkish-foreign-minister-to-east-turkistan
  34. R. Kadir: Sayın Hakan Fidan’ın kucaklaşmasına sevindik ama sesini yeterli bulmadık. Gökbayrak, 07.2024, https://www.gokbayrak.com/rabia-kadir-sayin-hakan-fidanin-kucak lasmasina-sevindik-ama-sesini-yeterli-bulmadik/
  35. Attacks on Chinese escalate in Turkey. 21.06.2015, https://horizonweekly.ca/ en/70395-2/
  36. Nilgün Eliküçük Yıldırım. Türkiye Çin ilişkilerinde Uygur meselesi. Heinrich Böll Foundation, 04.2024, https://tr.boell.org/tr/2024/04/05/turkiye-cin-iliskilerinde-uygur-meselesi
  37. İYİ Party asks Turkey’s parliament to condemn China’s ‘genocide’ of Uyghurs. English, 04.03.2021, https://www.duvarenglish.com/iyi-party-asks-turkeys-parliament-to-condemn-chinas- genocide-of-uyghurs-news-56500
  38. Tunca Arslan, Çin’deki olaylarda bardağı Abdullah Gül mü taşırdı? 09.07.2009, https://www.odatv.com/siyaset/cindeki-olaylarda-bardagi-abdullah-gul-mu-tasirdi-5938

[1] Արևելագետ, թուրքագետ: 2008–2019 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում որպես Հայագիտական կենտրոնի ղեկավար, 2014–2021 թթ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի գիտաշխատող։ 2019–2021 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վերլուծական ծառայության» բաժնում որպես ավագ փորձագետ։ 2021–2022 թթ. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի «Գիտահետազոտական աշխատանքների և միջազգային կապերի բաժնի» գլխավոր արխիվագետ։ 100-ից ավելի գիտավերլուծական հոդվածներիև 12 կոլեկտիվ մենագրության հեղինակ է։

[2] Հոդվածը խմբագրություն է հանձնվել 02.08.2025 թ.:

[3] Selcen Gulce Cavus. Turkey-China Relations in the Context of Xinjiang Region: An Analysis of Media in Turkey. Bachelor՛s thesis. Department Programme International Relations and European Politics. Brno 12.05.2024, pp. 20-21.

[4] International Responses to the Uyghur Crisis. The Uyghur Human Rights Project (UHRP), https://uhrp.org/responses/ (բեռնման օրը՝ 18.07.2025).

[5] Alim, Zikrullah ve Alim, Sümeyye (2025). Abdülkâdir Dâmolla’da Ceditçilik Düşüncesi ve Etkileri, Uluslararası Uygur Araştırmaları Dergisi, Sayı: 2025/25, s. 90-99.

[6] Mark Dickens. (1990), The Soviets in Xinjiang 1911–1949. p. 51, https://www.academia.edu/398262/ The_Soviets_In_Xinjiang (բեռնման օրը՝ 15.07.2025).

[7] Li, J., & Yang, S. (2024), Exploiting Ethnic and Religious Separatism as a Tool: US Policy in Xinjiang during the Early Cold War. China Review, 24(3), pp. 241-274.

[8] «Սառը պատերազմի» տարիներին Չինաստանի և Խորհրդային Միության դեմ քարոզչություն իրականացնելու և այդ երկրների սահմաններին կոմունիզմի դեմ դիմադրություն հրահրելու համար ԱՄՆ-ի կառավարության կողմից կառավարվող լրատվական գործակալությունները՝ «Ազատ Ասիա» (RFA) և «Ազատ Եվրոպա/ Ազատություն» (RFE/RL) ռադիոկայանները ծառայում էին հենց այդ նպատակների համար։ Տե’ս՝ Ajit Singh. Inside the US-Backed World Uyghur Congress. 09.03.2020, http://english.scio.gov.cn/ _injiangfocus/2020-03/05/content_77241200.htm (բեռնման օրը՝ 20.07.2025):

[9] Çakırer-Özservet, Y. (2015), Zeytinburnun՛da Doğu Türkistan Türklerinin Ulusötesi Bellek Eklemlenmesi. Marmara Üniversitesi Siyasal Bilimler Dergisi, 59-80.

[10] Beydulla, M. (2019). Experiences of Uyghur migration to Turkey and the United States: Issues of religion, law, society, residence, and citizenship. In Migration and Islamic ethics:, p. 181.

[11] Kuşçu Bonnenfant, I. (2020). Türkiye ve Dünya’da Uygur diasporası: Milli kimlik gelişimi ve diaspora bilincinin oluşumu. Türkiye Günlüğü 143 / Yaz 2020, s. 111.

[12] Kuşçu, I. (2013). The origins of Uyghur long-distance nationalism: The first generation Uyghur diaspora in Turkey. Orta Asya ve Kafkasya Araştırmaları, 2013, Cilt: 8, Sayı: 16, ss. 88-89, https://open.metu.edu.tr/handle/ 11511/71922 (բեռնման օրը՝ 20.07.2025).

[13] Ajit Singh, Inside the World Uyghur Congress: The US-backed right-wing regime-change network seeking the ‘fall of China’. The State Council Information Office, People’s Republic of China, 05.03.2020, http://english.scio.gov.cn/ xinjiangfocus/2020-03/05/content_77241200.htm (բեռնման օրը՝ 20.07.2025).

[14] John W. Finney. Turkey Opens Peking Relations and Breaks Ties with Taiwan.The New York Times, 06.08.1971, https://www.nytimes.com/1971/08/06/archives/turkey-opens-peking-relations-and-breaks-ties-with- taiwan.html (բեռնման օրը՝ 20.07.2025).

[15] Симаворян, А. (2023). Сравнительный анализ идеологий «турецкого евразийства» и «российского евразийства». Армянский аналитический центр АРВАК, https://bit.ly/453vD3U (բեռնման օրը՝ 20.07.2025). Simavoryan, A. (2010). Ideological Trends in the Context of Foreign Policy of Turkey. Europe&Orient, (11), 55-62.

[16] Shichor, Y. (2009). Ethno-Diplomacy: The Uyghur Hitch in Sino-Turkish Relations., p. 25., https://library.uygur.com/ books/ethno-diplomacy-the-uyghur-hitch-in-sino-turkish-relations.pdf (բեռնման օրը՝ 20.07.2025).

[17] TBMM’yi yoğun gündem bekliyor. Milliyet gazetesi, 31.08.1994, http://gazetearsivi.milliyet.com.tr/ Arsiv/1994/08/31 (բեռնման օրը՝ 01.05.2023).

[18] Shichor, Y., նույն տեղում, էջ 30։

[19] «Ազգային տեսլականի» մասին ավելի մանրամասն տես, Վ. Տեր-Մաթևոսյան, «Իսլամը Թուրքիայի հասարակական–քաղաքական կյանքում (1970–2001 թթ.)», Ե., 2008, էջ 40։

[20] Սիմավորյան, Ա. (2012). Թուրքիայի ուղեղային կենտրոնների զարգացման նախադրյալները. այժմեական խնդիրները. 21-րդ ԴԱՐ, N. 6 (46), էջ 31-33:

[21] Shichor, Y. (2009), Ethno-Diplomacy: The Uyghur Hitch in Sino-Turkish Relations., p. 33., https://library.uygur.com/ books/ethno-diplomacy-the-uyghur-hitch-in-sino-turkish-relations.pdf (բեռնման օրը՝ 20.07.2025).

[22] Ucuz polemik. Yenicağ gazetesi. 11.07.2009, https://www.yenicaggazetesi.com.tr/ucuz-polemik-19781h.htm (բեռնման օրը՝ 20.07.2025).

[23] Shichor, Y. (2009). Ethno-Diplomacy: The Uyghur Hitch in Sino-Turkish Relations. p. 26, https://library.uygur.com/ books/ethno-diplomacy-the-uyghur-hitch-in-sino-turkish-relations.pdf (բեռնման օրը՝  20.07.2025).

[24] Mapping the Uyghur Diaspora. Uyghur Human Rights Project, 21.11.2023, https://uhrp.org/report/diaspora/ #PopulationStatistics (բեռնման օրը՝ 20.07.2025).

[25] Turkish commander visits Chinese counterpart. Hürriyet gazetesi, 25.03.2009, https://www.hurriyet.com.tr/ gundem/turkish-commander-visits-chinese-counterpart-11281000 (բեռնման օրը՝ 20.07.2025).

[26] Uygurların Lideri Kadir: “Katliam Sanılandan Daha Büyük”. VOA (in Tur.), 14.07.2009, https://www.voaturkce.com/a/a-17-2009-07-14-voa15-88184777/879078.html (բեռնման օրը՝ 27.07.2025).

[27] Türkiye Uygurlar konusunda neden sessiz? DW (in Tur.), 06.12.2019, https://www.dw.com/tr/t%C3%B Crkiye-%C3%A7inin-uygurlara-bask%C4%B1s%C4%B1na-neden-sessiz-kal%C4%B1yor/a-51549785 (բեռնման օրը՝ 27.07.2025).

[28] Nurettin Akçay, AK Parti, Uygur meselesinde gerçekten sessiz mi? Independent Türkçe, 22.03.2022, https://www.indyturk.com/node/489431/t%C3%BCrki%CC%87yeden-sesler/ak-parti-uygur-meselesinde-ger%C3%A7ekten -sessiz-mi (բեռնման օրը՝ 27.07.2025).

[29] Beijing warns citizens in Turkey of anti-China protests. Al Jazeera, 05.07.2015, https://www.aljazeera.com/ news/2015/7/5/beijing-warns-citizens-in-turkey-of-anti-china-protests (բեռնման օրը՝ 27.07.2025).

[30] Ben Westcott, Erdogan says Xinjiang camps shouldn’t spoil Turkey-China relationship. CCN World, 05.07.2019, https://edition.cnn.com/2019/07/05/asia/turkey-china-uyghur-erdogan-intl-hnk/index.html (բեռնման օրը՝ 27.07.2025).

[31] Zachary Basu, Bethany Allen-Ebrahimian. Turkey rejected Uyghur citizenship applications over “national security” risks. Axios.com, 01.03.2022, https://www.axios.com/2022/03/01/turkey-rejected-uyghur-citizenship (բեռնման օրը՝ 27.07.2025).

[32] Türkiye’deki Uygurlar: Çin ile imzalanan ‘Suçluların İadesi Anlaşması’ bizi tedirgin ediyor. BBC (in Tur.), 15.01.2021, https://www.bbc.com/turkce/haberler-turkiye-55669536 (բեռնման օրը՝ 27.07.2025).

[33] Nilgün Eliküçük Yıldırım. Türkiye Çin ilişkilerinde Uygur meselesi. Heinrich Böll Foundation, 05.04.2024, https://tr.boell.org/tr/2024/04/05/turkiye-cin-iliskilerinde-uygur-meselesi (բեռնման օրը՝ 27.07.2025).

[34] İçişleri Bakanı Sayın Süleyman Soylu Dernek Başkanımızı evinde ziyaret. Doğu Türkistan Maarif ve Dayanışma Derneği, 21.04.2021, https://www.doguturkistander.org/2021/04/03/icisleri-bakani-sayin-sulayman-soylu-dernek-baskanimizi-evinde-ziyaret/ (բեռնման օրը՝ 27.07.2025).

[35] Dışişleri Bakanı Hakan Fidan’ın Çin gezisinden hangi sonuçlar çıktı? İlişkilerde yeni dönem mi başlıyor? BBC (in Tur.), 05.06.2024, https://www.bbc.com/turkce/articles/cn006g2ve87o (բեռնման օրը՝ 27.07.2025).

[36] Turkish Fm Asks China To Let Uyghurs ‘Live Their Values,’ Fails To Condemn Genocide. Breitbart News, 07.07.2024. https://www.breitbart.com/asia/2024/06/07/turkish-fm-asks-china-let-uyghurs-live-values-fails-condemn-genocide (բեռնման օրը՝ 27.07.2025).

[37] Press Release: World Uyghur Congress Criticises Visit of Turkish Foreign Minister to East Turkistan. uyghurcongress.org, 03.06.2024, https://www.uyghurcongress.org/en/press-release-world-uyghur-congress-criticises-visit-of-turkish-foreign-minister-to-east-turkistan (բեռնման օրը՝ 27.07.2025).

[38] Rabia Kadir: Sayın Hakan Fidan’ın kucaklaşmasına sevindik ama sesini yeterli bulmadık. Gökbayrak, 07.07.2024, https://www.gokbayrak.com/rabia-kadir-sayin-hakan-fidanin-kucaklasmasina-sevindik-ama-sesini-yeterli-bulmadik/ (բեռնման օրը՝ 27.07.2025).

[39] Attacks on Chinese escalate in Turkey. Horizon Armenian weekly, 21.06.2015. https://horizonweekly.ca/ en/70395-2/ (բեռնման օրը՝ 27.07.2025).

[40] Nilgün Eliküçük Yıldırım, Türkiye Çin ilişkilerinde Uygur meselesi. Heinrich Böll Foundation, 05.04.2024, https://tr.boell.org/tr/2024/04/05/turkiye-cin-iliskilerinde-uygur-meselesi (բեռնման օրը՝ 27.07.2025).

[41] İYİ Party asks Turkey’s parliament to condemn China’s ՛genocide՛ of Uyghurs. Duvar.English, 04.03.2021, https://www.duvarenglish.com/iyi-party-asks-turkeys-parliament-to-condemn-chinas-genocide-of-uyghurs-news-56500 (բեռնման օրը՝ 30.07.2025).

[42] Տես, օրինակ՝ International Responses to the Uyghur Crisis. The Uyghur Human Rights Project (UHRP), https://uhrp.org/responses/ (բեռնման օրը՝ 18.07.2025):

[43]  Օրինակ, նման վարքագծով աչքի են ընկնում «Արևմտյան Թուրքեստանի իսլամական կուսակցությունն» ու «Արևելյան Թուրքեստանի իսլամական կուսակցությունը», որոնք անջատողական կրոնական պատերազմ են մղում Արևմտյան Չինաստանում և իրենց ահաբեկչական գործելաոճով աչի են ընկել նաև Սիրիայում։

[44] Ժամանակին թուրքական հեղինակավոր լրատվամիջոցներում ույղուրների հետ կապված կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ են մեղադրվել անգամ որոշ թուրքական անկախ ԶԼՄ-ներ։ Տե’ս` Tunca Arslan, Çin’deki olaylarda bardağı Abdullah Gül mü taşırdı? 09.07.2009, https://www.odatv.com/ siyaset/cindeki-olaylarda-bardagi-abdullah-gul-mu-tasirdi-5938 (բեռնման օրը՝ 31.07.25):