Մեկնաբանություններ

Իրանը նախազգում է «ժողովրդագրական էքսպանսիան» Հարավային Կովկասում

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 18.06.2024 թ.(1)

10.06.2024 թ. Իրանի արտգործնախարարի ժ.պ. Ալի Բաղերի Կանին CNN Turk-ին տված հարցազրույցում նշել է, որ «Թեհրանն աջակցում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, սակայն դեմ է ցանկացած նախաձեռնության, որը կարող է փոխել սահմաններն ու ժողովրդագրությունը տարածաշրջանում»։ Այդպիսով, իրանական կողմն առաջին անգամ հանդես եկավ ոչ միայն որոշ ուժերի՝ տարածաշրջանում սահմանները փոխելու ծրագրերի հետ Թեհրանի անհամաձայնությունն ընդգծող (նկատի ունի Անկարայի և Բաքվի՝ «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանից օտարելու ցանկությունը), այլ նաև` տարածաշրջանի ժողովրդագրական քարտեզը փոխելու մտադրություններն սկզբունքորեն մերժող հայտարարությամբ։

Ըստ էության, Բաղերի Կանիի «ժողովրդագրական փոփոխությունների» մասին խոսքերը պետք է հասկանալ երկու հարթությունում. դրանցից առաջինն ակնհայտորեն կապված է պաշտոնական Բաքվի՝ 1988–1990 թվականներին հարևան հանրապետությունը լքած «100-ից 300 հազար» ադրբեջանցիներին ՀՀ «հայրենադարձելու» մտադրությունների մասին Ադրբեջանում խոսակցությունների հաճախակիացման հետ։ Բուն Հայաստանում լուրեր են տարածվում Ղարաբաղյան հակամարտության բռնկման հետևանքով հանրապետությունից հեռացած ադրբեջանցի ընտանիքներին ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր զանգվածային վերաբնակեցման գործընթացի կազմակերպման վերաբերյալ Երևանի և Բաքվի միջև իբր գոյություն ունեցող պայմանավորվածության մասին:

Իրանի արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատարի հայտարարության երկրորդ ասպեկտը պետք է կապել արցախցի հայ փախստականների խնդրի հետ, որոնց վերադարձի հարցը այս փուլում լիովին «դուրս է մնացել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման» միջազգային օրակարգից։ Զուգահեռաբար, Բաքուն ակտիվացրել է իր քայլերը Լեռնային Ղարաբաղում նոր բնակարանային ենթակառուցվածքների զանգվածային կառուցման ուղղությամբ, որոնք, ըստ Ի. Ալիևի և նրա կառավարության անդամների հավաստիացումների, նախատեսված են ադրբեջանցիների համար։

Հարկ է նշել, որ Իրանի հյուսիսային սահմանամերձ շրջանում հնարավոր լայնածավալ ժողովրդագրական փոփոխությունների հետ կապված իրանական պաշտոնական կողմի մտավախությունները դժվար թե հիմնված լինեն հայկական և ադրբեջանական լրատվամիջոցների լուրերի կամ հրապարակումների վրա։ Թեհրանն ակնհայտորեն ունի բավարար աղբյուրներ հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգի մասին պատկերացում կազմելու համար և իրավիճակը վերլուծում է իր տվյալներին համապատասխան։ Այս վերլուծությունն էլ վկայում է չափազանց վտանգավոր միտումների մասին հենց Իրանի համար։ Այս լույսի ներքո էլ պետք է մեկնաբանել Ալի Բաղերի Կանիի հայտարարությունը, որը նախազգուշացնում է Թուրքիային, Ադրբեջանին և նրանց հովանավորող համաշխարհային կենտրոններին զերծ մնալ տարածաշրջանում ժողովրդագրական էքսպանսիայի փորձերից, որոնք ուղղված են Հայաստանի ինքնիշխանության վերջնական ոչնչացմանը և Իրանի հյուսիսային սահմանների մեկուսացմանը։

Թեհրանի համար, սակայն, խնդիրը միայն տարածաշրջանում ադրբեջանական ժողովրդագրության ընդլայնման վտանգը չէ: Դժվար թե Իրանը ուշադրություն չդարձնի այն նրբություններին, որոնք վկայում են Ադրբեջանի կողմից իրականացվող շատ ավելի հավակնոտ սցենարների հնարավոր առկայության մասին։ Այսպես, օրինակ, հարց է առաջանում, թե ո՞վ է բնակեցնելու Արաքս գետի երկայնքով գտնվող տարածքները (Զանգելան, Կուբաթլի, Ջեբրայիլ), ինչպես նաև նախկին ԼՂԻՄ-ի փաստացի տարածքը, եթե Ալիևը նախատեսում է Հայաստան տեղափոխել 100-ից 300 հազար մարդ, իսկ 2024 թ. հունվարի 16-ին հաստատված ընդհանուր համաձայնագրում Բաքվի պլանը ներառում է 600 հազար մարդու հաշվարկով երիտասարդ ընտանիքների համար բնակելի համալիրների կառուցման ծրագիր։ Որտե՞ղ է Ալիևի ռեժիմը պատրաստվում հավաքագրել անհրաժեշտ մարդկային ռեսուրսները ոչ միայն սեփական «ինքնիշխան» տարածքների, այլև հայկական շրջանների ինտենսիվ բնակեցման համար, եթե հանրապետության հայտարարված բնակչության զգալի մասը (մոտ 2-3 մլն մարդ) ապրում են Ռուսաստանի Դաշնությունում, Թուրքիայում և Եվրոպայում: Ո՞ւմ հաշվին է իրականացվելու ՀՀ-ում «էքսպանսիան» և հանրապետության հարավարևմտյան ընդարձակ տարածաշրջանի ժողովրդագրական հավասարակշռության վերականգնումը։

Հաշվի առնելով Բաքվի ծրագրերի և իրական հնարավորությունների այս բոլոր ակնհայտ անհամապատասխանությունները՝ Թեհրանն ունի բոլոր հիմքերը կասկածելու, որ ծրագրում կարող են ներգրավված լինել տարածաշրջանի և, մասնավորապես, Արցախի և նրա հարակից շրջանների հետ կապ չունեցող էթնիկ տարրեր։ Դրանց թվում են, օրինակ, այսպես կոչված «Իգդիրի ադրբեջանցիները», սիրիացի թուրքմենները և մեսխեթցի թուրքերը, որոնց Անկարան մինչև վերջերս անհաջող փորձում էր կրկին ներառել Վրաստանի ժողովրդագրական պատկերում։ Այս խմբերի էթնոլեզվական նմանությունը և նրանց միջև ազգայնական տրամադրությունների բարձր աստիճանը կարող են բավարար խթան հանդիսանալ Հարավային Կովկասի ժողովրդագրական վերափոխման նախագծում նրանց ներգրավվելու համար։

Ըստ ամենայնի, Իրանը հաշվարկում է վատագույն սցենարները և հստակ գիտակցում է թուրք-ադրբեջանական հնարավոր ծրագրերի գոյության վտանգը։ Պատահական չէ, որ Իրանի արտգործնախարարի ժ.պ. Ալի Բաղերի Կանին թուրքական CNN ծառայությանը տված հարցազրույցում արտահայտել է իր կտրականապես մերժումը ժողովրդագրական վերափոխումների վերաբերյալ, քանի որ Իրանը Անկարային համարում է Բաքվի ոգեշնչողը և Իսլամական Հանրապետություն անվտանգությանը սպառնացող սցենարի ստվերային նախաձեռնողը։

(1) Ռուսերեն բնագիրը տեղադրվել է կայքէջում 13.06.2024 թ.։