Իրանը՝ Սկիլլայի և Քարիբդիսի միջև
Սեղմագիր
Հոդվածը մեր տարածաշրջանում ընթացող գործընթացների վրա միջուկային զենքի ազդեցության նախկին ուսումնասիրությունների տրամաբանական շարունակությունն է, որտեղ շոշափվում են Իրանի միջուկային ծրագրի հետ կապված՝ մեզանում քիչ կամ երբևէ չլուսաբանված հարցեր: Մասնավորապես, բերվում են Իրանին միջուկային հարվածներ հասցնելու մի շարք ռազմաքաղաքական սցենարների մանրամասներ։ Դիտարկվում են Իրանի շուրջ տեղի ունեցող որոշ ընթացիկ զարգացումներ, որոնք առնչվում են նաև Հայաստանին։
ИРАН. МЕЖДУ СЦИЛЛОЙ И ХАРИБДОЙ
Марджанян А. А.
Аннотация
Статья является продолжением серии предыдущих исследований о влиянии ядерного оружия на процессы, происходящие в нашем регионе в том смысле, что в ней затрагиваются аспекты ядерной программы Ирана, которые мало или вовсе не освещены у нас. Рассмотрены некоторые текущие события, разворачивающиеся вокруг Ирана и затрагивающие Армению.
IRAN. BETWEEN SCYLLA AND CHARYBDIS
Marjanyan A. H.
Summary
The article continues a series of studies on the influence of nuclear weapons on the processes taking place in our region, in the sense that it touches upon aspects of Iran’s nuclear program that are little or not covered here. The article also examines some current events unfolding around Iran and affecting Armenia.
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
«Իրան, Թուրան ողջ եկել են /Թաթուլն անհաղթ, աննկուն…»:
«Թմկաբերդի առումը», Հ. Թումանյան, 1905 թ.
Սույն հոդվածը, հարում է տարածաշրջանային գործընթացներում միջուկային զենքի, ազդեցությանը նվիրված մեր ուսումնասիրությունների շարքին [1-3], սակայն, իր տրամաբանությամբ և կառուցվածքով այն շոշափելիորեն տարբերվում է դրանցից։ Եվ դա հասկանալի է: Նախորդ հոդվածները նվիրված էին «մեր տարածաշրջանը» և «տակտիկական միջուկային զենք» (ՏՄԶ) հասկացություններին, ԱՄՆ և ԽՍՀՄ/ՌԴ միջուկային զինանոցներին [1], ինչպես նաև ԽՍՀՄ միջուկային զենքի «ժառանգության» ճակատագրին, դրա «բաժանմանն» ուղղված հետխորհրդային հանրապետությունների «փոխանակման ռազմավարություններին», այդ հանրապետությունների ինքնիշխանության և սահմանների միջազգային ճանաչման հարցերում ԽՍՀՄ միջուկային «ժառանգության» վճռորոշ դերակատարմանը [2], «Բուդապեշտյան հուշագրերի» ռազմավարական անորոշությանն ու «անվտանգային երաշխիքների» տրամադրման կնճռոտ հարցերին[3]։
Մինչդեռ սույն հոդվածը նվիրված է Իրանին, ինչը նախորդ հոդվածների համեմատ ենթադրում է նյութի շարադրման առնվազն երկու առանձնահատկություն։ Նախ, հետխորհրդային երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի համար մեր ուսումնասիրությունների ելակետը ԽՍՀՄ փլուզումն էր՝ 1991 թ.-ին։ Իրանը, գտնվելով ԽՍՀՄ փլուզման և դրա միջուկային զենքի «ժառանգության բաժանման» գործընթացներից միանգամայն դուրս, ընթանում էր զարգացման իր ուրույն ճանապարհով։ Այնուամենայնիվ, Իրանի պարագայում նույնպես գոյություն ունի համանման ելակետ, բայց դա ոչ թե 1991 թվականն էր, այլ 1979-ը՝ Իրանի իսլամական հեղափոխության տարին և Իսրայելի հետ հակամարտության մեկնարկը, ինչպես նաև Իրան-Իրաքյան պատերազմի (1985–87 թթ.) իրողությունները։ Եվ ճիշտ այնպես, ինչպես ԽՍՀՄ փլուզումը մերկացրեց նորանկախ հանրապետությունները՝ աշխարհաքաղաքական մեծ ռազմավարության (Grand Strategy) իրողությունների առջև, նույնպես էլ Իսլամական հեղափոխությունը ընկղմեց Իրանը տարածաշրջանային աշխարհաքաղաքականության հորձանուտ։
Իրանի միջուկային ծրագիրը, հատկապես՝ ուրանի հարստացման հետ կապված բաղադրիչը, գտնվում է վերլուծական, այդ թվում՝ հայերեն, գրականության ուշադրության դաշտում։ Սակայն, այս բազմաթիվ հրապարակումներին հատկանշական է դրանց հակասական, անգամ տրամագծորեն հակադիր, բնույթը. օրինակ՝ 2023 թ. փետրվարի 26-ի «ԱՄՆ ԿՀԳ ղեկավար. Իրանը չի պատրաստվում սեփական միջուկային զենք ստեղծել» հրապարակումից, մինչև մարտի 26-ի՝ «Պենտագոն. Իրանը ունակ է մի քանի ամսում միջուկային զենք ստեղծել» հրապարակումը(3)։ Կամ, 2024 թ. «Իրանն առավել քան երբևէ մոտ է միջուկային զենքի ստեղծմանը» ապրիլի 21-ի, «Իրանը միջուկային զենքի փորձարկո՞ւմ է իրականացրել» հոկտեմբերի 7-ի, «Հոկտեմբերյան սեյսմիկ միջադեպը Իրանում՝ երկրաշարժ էր» հոկտեմբերի 8-ի, կամ «Իրանը չի պատրաստվում միջուկային զենք մշակել Իսրայելի հարձակումից հետո» հոկտեմբերի 28-ի հրապարակումները(4) (այստեղ և ստորև՝ թարգմանությունները՝ մերն են –Ա.Մ.)։
Հաշվի առնելով հոդվածի ծավալային սահմանափակումը, այսօրինակ հրապարակումներին առանձնակի անդրադառնալը թերևս շռայլություն է։ Առավել ևս, որ բովանդակազուրկ այս հրապարակումների անհամար քանակը պարզապես միջոց է ստվերել միջուկային զենքի հետ կապված տարածաշրջանային այլ զարգացումները, հատկապես՝ Իսրայելում, Թուրքիայում, Պակիստանում և Ուկրաինայում: Փոխարենը, կարծում ենք, նպատակահարմար է կենտրոնանալ Իրանի միջուկային ծրագրի այն ասպեկտներին, որոնք մեզանում կամ առհասարակ չեն դիտարկվել կամ դիտարկվել են հազվադեպ ու հատվածաբար։
1. Իրանը և միջուկային զենքը
«Առաջին հարվածը հասցնելու այս ինքնավստահ իրավունքը
Հարված, որով… կարող է ոչնչացնել իրանական ժողովուրդը
քանի որ իշխանական որոշ էշելոններում նրանց մոտ
Ենթադրվում է ատոմային ռումբի առկայությունը»…
Գյունտեր Գրաս, «Was gesagt werden muss». Suddeutsche Zeitung, 2012 թ.(5)
Դիտարկումները տեղին է սկսել հիմնարար հարցից՝ «Ինչո՞ւ է Իրանը մտահոգ տարածաշրջանում միջուկային զենքի առկայությամբ, ու դրան հավասարակշռելու անհրաժեշտությամբ»: Պատասխանը, որքան որ պարզ է, նույնքան էլ վրիպում է թեմային առնչվող գրեթե բոլոր հրապարակումների ուշադրությունից, անշուշտ՝ միտումնավոր: Ուստի, ավելորդ չէ հանրագումարի բերել Իրանի այս մտահոգությունները։
Առաջինը, Իսրայելը (անցած դարի 60-ական թթ.-ից) ու Պակիստանը (1998 թ. մայիսից) մեր տարածաշրջանում դե-ֆակտո միջուկային զենքով տերություններ են, որոնք տասնամյակներ ի վեր հետևողականորեն մերժում են իրենց միջուկային ծրագրերի վրա միջազգային վերահսկողության հաստատման որևէ փորձ(6): Պաշտոնապես Իսրայելը ոչ հաստատում, ոչ էլ հերքում է միջուկային զենքի իր կարողությունները՝ Իսրայելի 3-րդ վարչապետ Լ. Էշկոլի (Л. Школьник) «միջուկային անորոշության» հայտնի բանաձևի շրջանակներում(7)։
Իսրայելն ու Պակիստանը չեն ստորագրել Միջուկային զենքի չտարածման 1968 թ. հիմնարար պայմանագիրը (ՄԶՉՊ)(8) և չեն վավերացրել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի 1996 թ. պայմանագիրը (ՄՓՀԱՊ)(9)։ Այս երկրները Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ, IAEA, МАГАТЭ) հետ երբևէ չեն ստորագրել ա. կ. «Լրացուցիչ արձանագրությունները» (Additional Protocols), որոնք, հիշեցնենք, հանդիսանում են ՄԶՉՊ մեխանիզմի վերիֆիկացման պարտադիր ու կարևորագույն բաղադրիչ [2, 3]։ Միջուկային զենքի իրենց կարողությունները նրանք ձեռք են բերել ռազմավարական անվտանգության միջազգային իրավական հիմնարար մեխանիզմների կոպիտ խախտմամբ։
Այսպես, իր միջուկային զենքի փորձարկումը Իսրայելը իրականացրել է Հր. Աֆրիկայում՝ դեռ 1979 թ. սեպտեմբերին(10)։ Այսօր մեր տարածաշրջանում Իսրայելը միակ երկիրն է, որը տիրապետում է «միջուկային տրիադի» գրեթե բոլոր տարրերին(11)։
Պակիստանն իր միջուկային զենքի առաջին հրապարակային փորձարկումն իրականացրել էր 1998 թ. մայիսի 28-ին(12)։
Մյուս կողմից, Իրանը ՄԶՉՊ-ն ստորագրել է դեռ 1968 թ. հուլիսի 1-ին, վավերացման փաստաթղթերը ի պահ հանձնելով Վաշիգտոնին, Մոսկվային և Լոնդոնին՝ 1970 թ. փետրվար-մարտ ամիսներին։ ՄՓՀԱՊ-ն Իրանը ստորագրել (բայց չի վավերացրել) 1996 թ. սեպտեմբերի 24-ին(13)։ Իսկ ԱԷՄԳ հետ Լրացուցիչ արձանագրությունը Իրանը ստորագրել է 2003 թ. դեկտեմբերի 18-ին(14)։
Բնականաբար, այս ամենը չի կարող չմտահոգել Իրանին։ Իսրայելի միջուկային զենքի առնչությամբ «Էշկոլի բանաձևը» Իրանը ընկալում է իբրև ծաղրանք և նվաստացում: Իսկ այն հանգամանքը, որ Իսրայելի միջուկային զենքի առաջին փորձարկումը տեղի ունեցավ Իսլամական հեղափոխությունից (1979 թ. ապրիլի 1)(15) հինգ ամիս անց, ի սկզբանե երանգավորեց Իրան–Իսրայել ծագող հակամարտությունը, ընդգծելով դրանում միջուկային զենքի կարևորագույն գործոնը։
Երկրորդ, Թուրքիան և Ս. Արաբիան՝ Իրանի տարածաշրջանային վաղեմի մրցակիցները, միջուկային զենքի տեսանկյունից հանդիսանում են շեմային երկրներ։ Փաստված են այս երկրների գաղտնի համագործակցությունը միջուկային այլ երկրների հետ (Պակիստան, Չինաստան, Հս. Կորեա)՝ միջուկային զենքի և դրանց հասցման միջոցների տեխնոլոգիաների ասպարեզում [9]: Մասնավորապես, փաստված է մի շարք թուրքական ընկերությունների ներգրավումը պակիստանցի Ա. Խանի (A. Q. Khan) միջուկային տեխնոլոգիաների միջազգային մաքսանենգ ցանցին, որը գործում էր 2000–2004 թվականներին [10]։
Բացի այս, միջուկային զենքի հիմնական կրիչների՝ հեռահար բալիստիկ հրթիռների առումով, մեր տարածաշրջանում Ս. Արաբիան հանդիսանում էր բացարձակ առաջատար՝ սկսած անցած դարի 80-ականներից։ Անցած դարի 90-ական թթ.-ից հայտնի է [11], որ դեռ 1984-85 թվականներին Չինաստանը Ս. Արաբիային էր մատակարարել մեկ տասնյակից ավելի հեղուկ վառելիքով CSS-2 բալիստիկ հրթիռներ (չինական մակնիշավորումը՝ DF-3А)(16)։ 63.8 տ քաշով այս հրթիռները ունակ են 2.1 տ քաշով մարտագլխիկ հասցնել մոտ 3 հազ կմ հեռավորության վրա(17): Ս. Արաբիան իր DF-3А հրթիռները առաջին անգամ ցուցադրեց մատակարարումներից 28 տարի անց՝ 2014 թ. ապրիլի 29-ի ռազմական շքերթի ժամանակ [12]:
2014 թ. հունվարին հայտնի դարձավ [13], որ 2007–2013 թթ. ընթացքում ԱՄՆ-ի օժանդակությամբ Չինաստանը Ս. Արաբիային է տրամադրել CSS-5 (DF-21) տիպի արդեն պինդ վառելիքով բալիստիկ հրթիռներ: Դրանք ավելի թեթև են (մոտ 15 տ) և ունեն ավելի փոքր հեռահարություն՝ մոտ 1.7–2.0 հազ կմ, սակայն ավելի ճշգրիտ են քան DF-3А հրթիռները, օպերատիվ կիրառման համար՝ ավելի ճկուն, ու ավելի հարմար շահագործման տեսանկյունից։ Վերջապես, 2022 թ. սկզբին հայտնի դարձավ, որ Ս. Արաբիան ձեռնամուխ է եղել սեփական բալիստիկ հրթիռների մշակման, փորձարկման և արտադրության ծավալուն աշխատանքներին [12]: Ընդգծենք, որ մինչև 2011 թվականը(18) բալիստիկ հրթիռների առումով Ս. Արաբիան գերազանցում էր մեր տարածաշրջանի բոլոր երկրներին՝ ներառյալ Իսրայելին, Հնդկաստանին և Պակիստանին։ Հանգամանք, որը հետևողականորեն դուրս է մնում մեր վերլուծաբանների ուշադրությունից։ Համաձայն ոչ պաշտոնական մի շարք աղբյուրների, «Չինաստան–Ս. Արաբիա» ռազմավարական համագործակցությունը ներառում է Չինաստանի կողմից Ս. Արաբիային «միջուկային կարողությունների տրամադրում»՝ տարածաշրջանում ռազմավարական հավասարակշռության էական և կտրուկ խախտման դեպքում [11](19)։
Թուրքիայի հրթիռաշինարարական տպավորիչ ծրագրին այստեղ առանձնակի չենք անդրադառնա. դրա մասին հրապարակումները հասանելի են «ԱՌՎԱԿ» վերլուծական կենտրոնի կայքում(20):
Բոլոր այս փաստերը հասկանալիորեն մտահոգում են Իրանին, մանավանդ հաշվի առնելով Իրան–Ս. Արաբիա ռազմավարական մրցակցության նշանակությունը մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումներում [14](21):
Երրորդ, դեռ 1974-ին Եգիպտոսի ու Իրանի կողմից նախաձեռնված «Միջին Արևելքը՝ միջուկային զենքից զերծ տարածք» նախագծի ընդունումը ՄԱԿ-ում, այս էլ կես դար, հետևողականորեն (24 անգամ) տապալվել է Իսրայելի և ԱՄՆ դիրքորոշման հետևանքով(22): Ինչը Իրանի համար առավել քան հստակ ազդակ է այս հարցում ԱՄՆ-ի ընդգծված կողմնակալ դիրքորոշման մասին:
2. Իրանը՝ Սկիլլայի և Քարիբդիսի միջև
«Ինչու եմ լռում, պապանձվել եմ այսքան երկար
Այն մասին, ինչն այդքան ակներև է, ու մշակվում
Շտաբային վարժանքներում, որոնց ավարտից հետո մենք
Փրկվածներս, հայտնվելու ենք հաշվետվությունների տողատակերում»։
Գյունտեր Գրաս, «Was gesagt werden muss», 2012 թ.
Միայն նշված երեք հանգամանքները բավարար են միջուկային զենքի հարցում Իրանի դիրքորոշումը հասկանալու համար: Բայց, կա ևս մեկ, թերևս ավելի կարևոր փաստ. Ավելի քան կես դար անընդմեջ, միջուկային զենքը ամենայն լրջությամբ և խորությամբ դիտարկվում է Իրանի տարածքային մասնատման և ռեժիմի փոփոխությանը նվիրված ռազմավարական ու մարտավարական սցենարներում։
2.1. ՍԿԻԼԼԱ (SCYLLA III, 1973 թ.)
Հարցի էությունը հասկանալու համար անհրաժեշտ է անդրադառնալ Իրանի ազգային տարածքին միջուկային զենքով, ավելի ճշգրիտ՝ տակտիկական միջուկային զենքով (ՏՄԶ) հարվածներ հասցնելու ծրագրերին: Եվ ոչ թե մշակված վերջին ժամանակ, Իրան–Իսրայել հակամարտության ներկայիս աննախադեպ լարվածության պայմաններում, ինչպես կարող են մտածել շատերը, այլ՝ մասնագետների կողմից մշակված, խաղարկված ու գնահատված դեռևս անցած դարի վաղ 70-ականներին, երբ, ընդգծենք սա հատուկ, Իսրայելն ու Իրանը ռազմավարական գործընկերներ էին, եթե ոչ՝ դաշնակիցներ [4]։
Խոսքը ԱՄՆ-ի «SCYLLA III-73» բարձր մակարդակի ռազմաքաղաքական վարժանքի (war gaming) մասին է։ Այն ԱՄՆ-ի ԶՈՒ-ի միջգերատեսչական ռազմաքաղաքական «հույժ գաղտնի» խորագրով վարժանք էր, իրականացված Պենտագոնի «Ուսումնասիրությունների, Վերլուծության և Խաղերի Գործակալության» կողմից, 1973 թ. նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 14-ը։ Այսինքն, Իրանում Իսլամական հեղափոխությունից 6, և Իրան-իրաքյան պատերազմից 7 տարի առաջ:
Նկար 1. Հատված 1974 թ. հունվարի 2-ով թվագրված SCYLLA III-73 վարժանքին առնչվող գաղտնազերծված նյութից: Աղբյուրը՝ [17].
«SCYLLA III-73»-ին առնչվող նյութերը (ոչ ամբողջական) գաղտնազերծվել են միայն 2011 թ. ապրիլի 25-ին (տես Նկ. 1), հանրայնացվել էլ ավելի ուշ՝ 2015 թ. դեկտեմբերի 15-ին [17]: Վարժանքի հիմնական նպատակն էր մշակել և գնահատել լոկալ ռազմական հակամարտությունում ՏՄԶ կիրառման այն տարբերակները, որոնք գործը չեն հասցնի գլոբալ միջուկային բախման(23)։
Մինչ բուն «SCYLLA III-73» վարժանքին անդրադառնալը, կատարենք պատմական մի համառոտ ակնարկ։ 1980 թ. սեպտեմբերի 22-ին, Իրանում Իսլամական հեղափոխությունից մեկ տարի անց, սկսվեց Իրան-իրաքյան արյունոտ պատերազմը, որը տևեց մինչև 1988 թ. օգոստոսի 20-ը։ Իրաքի ներխուժումը Քուվեյթ 1990 թ. օգոստոսի 2-ին նախերգանք դարձավ Ծոցի առաջին (1990 թ. օգոստոս–1991 թ. փետրվար) և 2-րդ (2003 թ. մարտ–2011 թ. դեկտեմբեր) պատերազմների համար, հանգեցրեց թե՛ Ս. Հուսեինին կախաղան հանելուն, թե՛ Իրաքի ներկայիս փաստացի մասնատմանը, և մեր տարածաշրջանի հարավային հատվածի ներկայիս աշխարհաքաղաքական փխրուն վիճակի ձևավորմանը։
Մտաբերելով իրական այս ժամանակագրությունը այժմ անդրադառնանք SCYLLA III-73 վարժանքին։ Դրա ներածականը մոտ ապագայում ենթադրյալ զարգացումների մասին հետևյալն է. «1976 թ. հունիսին, Իրաքը ռազմական ուժով փորձում է Քուվեյթից վիճելի տարածքներ գրավել։ Իրանը աջակցություն է խոստանում Քուվեյթին և ներխուժում Իրաք։ Բաղդադի անխուսափելի անկման սպառնալիքի պահին ԽՍՀՄ-ը միջամտում է դեպքերին. Հարավային Կովկասում տեղակայված երկու սովետական դիվիզիա հատում են ԽՍՀՄ/Իրան սահմանը։ Թեհրանի փրկության համար ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը Վաշինգտոնի կողմից գնահատվում է որպես «կենսական անհրաժեշտություն»։
Հաղթահարենք 1976–1986 թթ. իրականում ծավալված զարգացումների հետ այս «ներածականի» համեմատման գայթակղությունը և փաստենք հետևյալը. SCYLLA III-73 վարժանքի առաջին փուլում պարզվում է, որ արդյունավետ միջամտության համար ԱՄՆ սովորական զինատեսակների կիրառումը բավարար չէ։ ԱՄՆ-ի նախագահը առաջարկում է դիտարկել Իրանում ՏՄԶ կիրառման տարբերակը։ 1-ին քայլով Սպիտակ տունը արտոնում է Իրանում («in Iran») 85 միավոր ՏՄԶ օգտագործումը, ինչը, պարզվում է, բավարար չէ։
Վարժանքի 2-րդ փուլում արտոնվում է արդեն 118 միավոր ՏՄԶ-ի օգտագործումը Իրանում։ Դրանցից 74 միավորը՝ B-61 ընտանիքի ազատ անկման ջերմամիջուկային ավիառումբեր, 30 միավորը՝ հրետանային արկեր, 12 միավորը՝ «Փերշինգ» տիպի միջին հեռահարության բալիստիկ հրթիռների մարտագլխիկներ, 4 միավորը՝ միջուկային ականներ [1]։ 118 միավոր ՏՄԶ այս հարվածների իրականացման արդյունքները գնահատվում են գոհացուցիչ։
Վարժանքի վերջնախաղում պարզվում է, որ Մոսկվան, տպավորված ԱՄՆ-ի վճռական հարվածից, իր պատասխան քայլերը կատարում է զուսպ, սահմանափակ և «խելամտության սահմաններում»։ Մոսկվան ճիշտ է հասկանում է ԱՄՆ-ի պատգամը՝ «պայքարը իրականում քաղաքական է և գնում է համաշխարհային գերակայության համար»։ ԽՍՀՄ-ը շարունակում է պայքարը սովորական սպառազինությունների կիրառմամբ, ջանալով առավելագույն քաղաքական շահը ստանալ այլ հարթակներում», (տես Նկ. 1):
Կատարենք մեզ համար կարևոր 3 դիտարկում:
1. Դեռ անցած դարի 70-ական թվականներին, Իրան–Իսրայել ռազմավարական համագործակցության պայմաններում, ՏՄԶ սահմանափակ կիրառումը Իրանի տարածքում (in Iran), ԱՄՆ/ՆԱՏO կողմից համարվել էր «արդյունավետ միջոց և ընդունելի լուծում», քանի որ այն չի հանգեցնում «ԽՍՀՄ–Արևմուտք», այսօր կասեինք՝ «Արևմուտք–ՌԴ», գլոբալ միջուկային բախմանը(24)։
2. Իրանի հետ կապված՝ SCYLLA III-73 միջուկային վարժանքը միտումնավոր անորոշ է։ Դրան բնորոշ է շրջված, եթե չասենք՝ «այլասերված» տրամաբանությունը: Իրոք, «փրկել Իրանը ԽՍՀՄ ներխուժումից», Իրանին (in Iran) 118 միջուկային հարված հասցնելով, համաձայնեք, արտառոց գործելակերպ է: Ընդհանրապես, տպավորություն է ստեղծվում, որ SCYLLA III-73 վարժանքի իրական նպատակը ոչ թե «Իրանին փրկելն է», այլ՝ Իրանի զինաթափումը, դրա մասնատումը և/կամ ռեժիմի փոփոխությունը, և սա՝ Իսլամական հեղափոխությունից 6 տարի առաջ: Ի դեպ, այս «այլասերված» տրամաբանությանը մենք դեռ կհանդիպենք, տես ստորև։
3. Առ այսօր SCYLLA III-73 վարժանքի միջուկային հարվածների թիրախների ցանկը մնում է հույժ գաղտնի: Հայտնի չէ, թե որտեղից են հասցվում 12 միավոր «Փերշինգ» տիպի միջին հեռահարության բալիստիկ հրթիռների, 30 միավոր միջուկային հրետանային արկերի հարվածները: Որ բազաներից են թռիչք իրականացնում 74 միավոր B-61 ջերմամիջուկային ռումբ կրող մոտ 40 ինքնաթիռները, ինչպես են Իրան հասցվում 4 միավոր միջուկային ականները: Եվ, վերջապես, որո՞նք են ՏՄԶ հարվածների այս 118 թիրախները, որտե՞ղ են դրանք գտնվում Իրանի տարածքում։
Հասկանալի է, որ սրանք հռետորական հարցեր են, ինչպես ասացինք` SCYLLA III-73 համապատասխան տվյալները առ այսօր չեն գաղտնազերծվել: Թեև դժվար չէ կռահել, որ անցած դարի 70-ականների իրողություններում Իրանին այս հարվածները կարող էին հասցվել ԳՖԸ-ից, Թուրքիայից, Պակիստանից և Իսրայելից: Այսօր, երկրների այս ցանկին թերևս կավելանա նաև Ադրբեջանը:
Հիշեցնենք, որ ըստ SCYLLA III-73-ի, «Երկու սովետական դիվիզիա Հարավային Կովկասից հատում են ԽՍՀՄ/Իրան սահմանը»։ Կարելի է ենթադրել, որ ՏՄԶ հարվածների գոնե որոշ թիրախները, անգամ դրանց մեծամասնությունը, հավանաբար գտնվում էին Իրանին հարող Հայաստանի (և Ադրբեջանի) տարածքներում։ Դե ինչ, Արաքս գետի ձախափնյա հատվածում ձգվող Գեյանի տափաստանը(25) կարող էր վերածվել դժոխքի դեռ անցած դարի 70-ական թվականներին։ Ինչպես որ մեզ համար այն դարձավ դժոխք՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, գուժելով մեր ռազմական պարտությունը՝ 2020 թ. աշնանը։ Ինչպես որ այն դարձավ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Է. Ռաիսիի և ԱԳ նախարար Հ. Աբդոլախյանի ողբերգական օդային չվերթի մեկնակետը 2024 թ. մայիսի 19-ին։
2.2. ՔԱՐԻԲԴԻՍ (GAAT, 2012–2013 թթ.)
Որպեսզի տպավորություն չստեղծվի, որ խոսում ենք վաղուց անցած-գնացած բաների մասին, և, որ Իսլամական հեղափոխությունը Իրանում՝ 1979-ին, կամ ԽՍՀՄ փլուզումը 1991-ին փոխեցին աշխարհաքաղաքական ուժային պատկերը մեր տարածաշրջանում, անդրադառնանք նաև ԱՄՆ-ի Բանակի (US Army) ավագ հրամկազմի GAAT (Georgia, Armenia, Azerbaijan, Turkey) վարժանքին։ Անցյալում առիթ ունեցել էլ էինք անդրադառնալ դրան, տե՛ս [21, Հավելված 3, էջ 41-47] և [6]։ Այսօր, օգտակար է հիշեցնել GAAT վարժանքի 2012–2013 թթ. ուսումնական տարվա ձեռնարկի այն հատվածը, որն ամփոփում է GAAT վարժանքով 2018 թ.-ին ենթադրվող զարգացումները (վարժանքի ներածական [22]).
«2018-ին Հայաստանում ծագումով Լեռնային Ղարաբաղից նախագահ Ս. Սարգսյանը 3-րդ անգամ վերընտրվում է իր պաշտոնում: Ադրբեջանում նախագահ Ի. Ալիևը ավարտում է իր 3-րդ ժամկետը և լքում պաշտոնը: Այն զբաղեցնում է վարչապետ Ա. Ռասիզադեն, որը ձեռնամուխ է լինում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը: Հուլիսին գրանցվում է SAPA(26) առաջին գրոհն Ադրբեջանի ռազմուժի վրա: Իրանի հյուսիսարևմտյան շրջաններում աճում է լարվածությունը: Այստեղ շարունակվում է SAPA ջոկատների վարժանքը, որոնք, հատելով սահմանը՝ հարվածներ են հասցնում Ադրբեջանին:
Պատասխանելով Ադրբեջանի իշխանությունների խնդրանքին՝ Թուրքիան Բաքու է տեղափոխում F-16 կործանիչների էսկադրան` կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության համար: Պատասխանելով Ադրբեջանի իշխանությունների խնդրանքին՝ ԱՄՆ-ը սկսում է իր էքսպեդիցիոն կորպուսի գործողությունը Ադրբեջանի (և Վրաստանի) ռազմուժի հետ համատեղ (հենակայանը` Բաքու): ԵՄ-ը Վրաստանին և Ադրբեջանին ցուցաբերում է լրացուցիչ տնտեսական աջակցություն: Իրանի հարավում ձևավորվում է Ախուրստանի Ինքնավար Հանրապետությունը: Միևնույն ժամանակ, Իրանի հարավ-արևմուտքում ձևավորվում է Լուրիստանի Ինքնավար Հանրապետությունը [22, p. 1.16-1.18]» (տես Նկ. 4)։
Կրկնենք. սա GAAT վարժանքի 2012–2013 թթ. ուսումնական տարվա պատկերացումներն էին Հարավային Կովկասում 2018–19 թթ. զարգացումների մասին: Նորից զսպենք իրական 2018 թ. ներքաղաքական զարգացումների, կամ 2016 թ. Քառօրյա ու 2020 թ. 44-օրյա պատերազմների ընթացքի հետ դրա համեմատական վերլուծության գայթակղությունն ու արձանագրենք մեզ համար կարևոր հետևյալ հանգամանքները։
Նկար 2. Իրանից անջատված «Ախուրստան» (ձախից) եւ «Լուրիստան» (աջից` բաց կանաչ։ Այն ներառում է Իրանի Քերմանշահ (1), Իլամ (2), Լորեստան (3) եւ Խուզիստան (4) նահանգները) «ինքնավար հանրապետությունները». GAAT, 2012–2013 թթ. ուսումնական տարի։ Աղբյուրը՝ [23, 24]:
Նախ, 2012 թ. GAAT վարժանքն ընդհանուր առմամբ համարժեք գնահատելով նախագահ Ս. Սարգսյանի մտադրությունը պահպանել իշխանությունը «3֊րդ ժամկետի» ընթացքում(27), Ադրբեջանի պարագայում, չգիտես ինչու, ենթադրում է Ի. Ալիևի իշխանությունից հոժարակամ հեռացումը, և բարեփոխումների փուլի մեկնարկը։
Հաջորդը, GAAT-ը ինքնին միջուկային վարժանք չէ, և դրա հետ կապված հասանելի փաստաթղթերում ՏՄԶ կիրառում չի ենթադրում։ Թեև, հաշվի առնելով ԱՄՆ-ի ռազմավարական մշակույթը, կասկածից վեր է, որ ժամանակին դիտարկվել են, այսօր՝ դիտարկվում են, և ապագայում՝ կդիտարկվեն Հարավային Կովկասին ու Իրանին առնչվող ու ՏՄԶ կիրառում ենթադրող վարժանքներ։ Բայց անգամ այն ծավալով, որով GAAT-ը հայտնի է մեզ այսօր, դրանում հստակ նշմարելի են «միջուկային» որոշ տարրեր։
Այսպես, ըստ [22, p. 1.19-1.21] «2019-ի նոյեմբերին, FKM(28) գրոհայինները հարձակվում են Մեծամորի ԱԷԿ-ի վրա: Հարևան երկրները հայտարարում են ռադիոակտիվության արտահոսքի մասին: Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին այս հարձակմանն աջակցելու մեջ: Ռուսաստանը հեռու է մնում զարգացումներից, զբաղված լինելով իր ներքին խնդիրներով (անջատողական շարժում Թաթարստանում)(29)։ ՌԴ-ն համաձայնվում է Անդրկովկասում ԱՄՆ/ ՆԱՏO կոալիցիոն ուժերի գործողության իրականացմանը, առաջ քաշելով հետևյալ պայմանները 1. ճանաչել Հր. Օսիայում և Աբխազիայում իր զինուժի առկայությունը, 2. ապահովել ադրբեջանական գազի և նավթի համաձայնեցված ծավալների տարանցում ռուսական խողովակաշարերով»:
Եթե 2012-ին Մեծամորի ՀԱԷԿ-ի նկատմամբ ադրբեջանական ուժերի կողմից ենթադրյալ ահաբեկչության իրականացումը կարող էր մի փոքր չափազանցություն թվալ, ապա 2020 թ. 44-օրյա պատերազմի նախօրեին Բաքվի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ՀԱԷԿ նկատմամբ հնչեցված սպառնալիքներից հետո(30), GAAT-ի այս դրվագը այլևս ուռճացում չի թվում։ Դե իսկ 2022 թ. փետրվարից հետո, երբ քանիցս հրետակոծվեց Եվրոպայի ամենամեծ՝ ուկրաինական Զապորոժիեի ԱԷԿ-ը, և ուկրաինական ուժերը ներխուժեցին Կուրսկի մարզ՝ դեպի Կուրսկի ԱԷԿ ընդհանուր ուղղությամբ(31), այսպիսի գործելակերպը, կարծես թե, դառնում է սովորական։
Բացի այս, GAAT-ով ենթադրվում է, որ «ի պատասխան Ադրբեջանի խնդրանքի, Թուրքիան Ադրբեջան է ուղարկում F-16 կործանիչ-ռմբակոծիչների մեկ էսկադրոն (Squadron)»։ Վարժանքը չի մանրամասնում այս ինքնաթիռների կոնկրետ տիպերը և Թուրքիայում նրանց սկզբնական դիրքավորման բազան։ Սակայն հիշեցնենք, որ F-16 կործանիչ-ռմբակոծիչների C և D տիպերը հանդիսանում են երկակի օգտագործման ինքնաթիռներ [1] և ունակ են միջուկային առաքելություններ իրականացնել։ Ավելին, Թուրքիայում տեղակայված B-61 ընտանիքի ջերմամիջուկային ռումբերի որոշ քանակություն նախատեսված է թուրքական օդուժի F-16C/D ինքնաթիռների համար։ Այսպիսով, թեև GAAT-ը ՏՄԶ վարժանք չէ, այնուամենայնիվ, այն պարունակում է միջուկային անվտանգությանը և ՏՄԶ կրիչներին առնչվող տարրեր։
Նկար 3. Թուրքիայի ՕՈւ 151-րդ էսկադրիլայի Արցախյան պատերազմի թեմայով տարբերանշանը՝ Լենքորանի օդանավակայանում հանգրվանած F-16-երի ֆոնին [27]: Հ. Խաչիկյանի թույլտվությամբ։
Մեզ մնում է հիշեցնել, որ իրական պատերազմի ընթացքում Թուրքիան Ադրբեջան ուղարկեց F-16 կործանիչ-ռմբակոծիչների խմբաքանակ, որոնք էական դերակատարում ունեցան 2020 թ. մարտական գործողությունների ընթացքում, (տես Նկ. 3):
Հաջորդը, ԼՂՀ-ում պատերազմի վերսկսումը 2018–19 թթ.-ին GAAT-ը դիտարկում էր որպես «իրանական սադրանք»: Ավելին, GAAT վարժանքի 4-րդ փուլում ԼՂՀ և հարակից տարածքներում, ինչպես նաև ադրբեջանա-իրանական սահմանի երկայնքով, նախատեսվում է ստեղծել հատուկ գոտիներ (exclusion zones), որոնք «պետք է հանձնվեն ՄԱԿ կամ ՆԱՏՕ խաղաղապահ ուժերին և/կամ Ադրբեջանի պաշտպանական ուժերին` անվտանգության երաշխավորման համար» ([25], Objective 16, Effect 16-1): Հաշվի առնելով այն, որ գործողության տարածքում նախատեսված է թուրքական զինուժի ներկայությունը, դժվար չէ պատկերացնել այս «խաղաղապահ ուժերի» բնույթն ու այս ամենի հետևանքները։
Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ GAAT-ով նախատեսված ռազմական գործողության իրականացումը 2018-ին հանգեցնում է Իրանի մասնատմանը արդեն հաջորդ տարում՝ 2019-ին: Իրանին չի փրկում անգամ իր միջուկային ծրագրերի հարցում արտաքին ճնշումներին ենթարկվելը [26]: Ըստ GAAT վարժանքի` Իրանի մասնատումը բոլոր դեպքերում վրա է հասնում հին հունական ողբերգությունների անողոք ճակատագրի նման:
Վերջապես, կարևոր է նաև այն, որ Իրանից անջատված «Ախուրստանի» գոյացմամբ ավելանում է Կասպից Ծովի ափամերձ (լիտորալ) երկրների թիվը՝ 5-ից (ՌԴ, Ղազախստան, Թուրքմենստան, Իրան, Ադրբեջան) դառնալով 6։ Ինչը որակապես փոխում է Կասպից Ծովի «միջնագծային» «դելիմիտացիայի ու դեմարկացիայի» տրամաբանությունը(32)։ Այսպիսով կանխվում են Իրանի հավակնությունները Հարավային Կասպիցի «Ալով–Շարգ» և այլ նավթագազային դաշտերի հանդեպ, քանի որ դրանք այժմ կգտնվեն Կասպիցի ափեզրի «Ախուրստանի» հատվածում՝ ադրբեջանա-թուրքական վերահսկողության տակ (2012–13 թթ.-ին առիթ էինք ունեցել փաստել, որ Կասպիցի միջնագծային սահմանազատումը անհրաժեշտաբար կհանգեցնի ՀՀ և ԱդրՀ միջև «դելիմիտացիային ու դեմարկացիային» [21])։
Նկար 4. Ռուսաստանին, Չինաստանին եւ Իրանին հասցված 1000 միավոր ՏՄԶ ենթադրյալ համազարկի թիրախները: Աղբյուրը՝ H. M. Kristensen, 2017:
Հոդվածի սույն բաժինը ավարտենք ոլորտի թերևս ամենահայտնի մասնագետի՝ Հ. Քրիստենսենի (Hans M. Kristensen) կողմից 2017-ին կազմված մի քարտեզով (տես Նկ. 4)։ Այստեղ պատկերված են Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին հասցված մոտ 1000 միավոր ՏՄԶ-ով ԱՄՆ/ՆԱՏO ենթադրյալ համազարկի թիրախները։ Ինչպես տեսնում ենք, դրանցից մոտ չորս տասնյակը բաժին է ընկնում Իրանին, որից 6-ը՝ մեր անմիջական հարևանությամբ(33)։
3. Իրան, Հայաստան, Տարածաշրջան
«Այսօր Մերձավոր Արևելքը ավելի հանգիստ է,
քան երբևէ՝ անցած երկու տասնամյակների ընթացքում»:
Ջեյք Սալիվան, ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, 29.09.2023(34).
Հանգամանքների բերումով, ավելի ճշգրիտ՝ պատմության անողոք տրամաբանության արդյունքում, հոդվածս ավարտում եմ այն օրերին, երբ իսլամիստ գրոհայինների՝ 2024 թ. նոյեմբերի 27-ից սկսված հարվածների հետևանքով ընկան քաղաքակրթության բնօրրաններ՝ Հալեպը (01.12.2024)(35) ու Դամասկոսը (08.12.2024)(36)։ Նույն օրը Սիրիայի նախագահ Բ. Ասադը լքեց երկիրը և Խմեյմիմ ավիաբազայից մեկնեց Մոսկվա(37)։ Այսօր Իսրայելն ու Թուրքիան, ըստ էության, մասնատում են Սիրիան(38)։
Բուռն ու ողբերգական իրադարձությունների այս շղթան կարելի է սկսել 2023 թ. հոկտեմբերի 7-ից, երբ Համասի գրոհայինները հարձակվեցին Իսրայելի վրա, վերցնելով հարյուրավոր պատանդներ։ Ինչին հաջորդեցին Իսրայելի հակահարվածները, սկզբում՝ «Համասին», ներառյալ Գազայի հատված իսրայելական ԶՈւ-ի լիամասշտաբ ներխուժումը՝ 2023 թ. հոկտեմբերի 27-ին («Երկաթյան թրերի պատերազմ» կոչվող այս գործողությունը շարունակվում է մինչ օրս)։ Այնուհետև, Լիբանանում դիրքավորված «Հեզբոլլահի» ռազմական կառույցներին և ենթակառուցվածքին։ Սեպտեմբերյան ռմբակոծություններից հետո, 2024 թ. հոկտեմբերի 1-ին իսրայելական ԶՈւ-ի կանոնավոր ստորաբաժանումները ներխուժեցին Լիբանան («Հյուսիսային նետեր» գործողություն)։ Այս բազմաշերտ և բարդ գործընթացներից առանձնացնենք երկու դրվագ։
«Հեզբոլլահին» հասցված իսրայելական հարվածը իր մեջ ներառում էր ճշգրիտ ավիահրթիռային հարվածներ, ինչպես նաև էլեկտրոնային տարատեսակ «գաջեթների» (փեյջերներ, շարժական ռադիոկայաններ, բջջային հեռախոսներ, օֆիսային տեխնիկա և այլն) հեռավար (դիստանցիոն) և/կամ առցանց պայթեցում։ Բարձր տեխնոլոգիական այս կոմբինացված հարվածների արդյունքում գրեթե ամբողջությամբ գլխատվեց «Հեզբոլլահի» ավագ և գերագույն հրամանատարությունը, կաթվածահար եղան օպերատիվ կապի օղակները(39)։ «Գաջեթների» այսօրինակ մասշտաբային կիրառումը նոր էջ բացեց վարվող հիբրիդային պատերազմներում, մերձեցնելով այօրինակ «կիսամարտական» գործողությունները պարզապես ահաբեկչական գործողությունների հետ(40)։
Մյուս դրվագը վերաբերում է վերոհիշյալ գործողությունների ժամանակագրությանը։ Հիշեցնենք, որ Գազայի հատված իսրայելական զորքերի նախորդ մասշտաբային ներխուժումը («Ձուլված կապար» գործողություն)(41) սկսվեց 2008 թ. դեկտեմբերի 27-ին։ Այսինքն, ամերիկյան նախագահական ընտրությունների այն փուլում, որը ԱՄՆ-ում կոչվում է «The Presidential Transition» («նախագահական իշխանության անցում») ու կանոնակարգվում առանձին օրենքով(42)։ Այս փուլում (05.11.2008-20.01.2009) ԱՄՆ-ում նախագահական իշխանությունը անցնում էր ընտրություններում հաղթած դեմոկրատական կուսակցության ընտրված նախագահ Բ. Օբամային և փոխնախագահ Ջ. Բայդենին, ազդարարելով գլոբալ քաղաքականության ու աշխարհաքաղաքականության նոր հսկայական ճոճքը, ԱՄՆ հանրապետական կուսակցությունից՝ դեպի դեմոկրատական կուսակցություն։
Դժվար չէ տեսնել, որ մեր տարածաշրջանում վերը նկարագրված իրադարձությունները նույնպես ընթանում էին ԱՄՆ-ի 2024 թ. նախագահական ընտրություններին ընդառաջ, իսկ դրանց գագաթնակետը՝ Սիրիայի մասնատումը, տեղի ունեցավ արդեն 05.11.2024–20.01.2025 «նախագահական իշխանության անցման» փուլում։
Բայց, ողբերգական իրադարձությունների այս շղթան կարելի է, և պետք է, սկսել 2023 թ. սեպտեմբերի 19-ի ժամը 13։00-ից, երբ 282 օր տևած (12.12.2022-19.09.2023) շրջափակումից հետո ադրբեջանական կանոնավոր զորքերը գրոհեցին Ստեփանակերտի և Լեռնային Ղարաբաղի վրա, հանգեցնելով Արցախի լիակատար հայաթափմանը։ Կարծում ենք, որ ելակետի այսօրինակ ընտրությունը մեզ համար ավելի համարժեք է, քանի որ արցախյան հակամարտության ընդհանուր դինամիկան դնում է ԱՄՆ-ի նախագահական ընտրական ցիկլերի խորապատկերում։
Բոլոր դեպքերում, այս ամենը տեղի ունեցավ «Ֆարլեի օրենքի» մեր աշխարհաքաղաքական մեկնաբանությանը համաձայն(43), ըստ որի (Մեծ) Միջին Արևելքում պատերազմները և աշխարհաքաղաքական կտրուկ սրացումները բռնկվում են ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների տարում, դրան ընդառաջ։ Եվ, հատկապես այն ժամանակ, երբ տվյալ ընտրություններում ակնկալվում է ամերիկյան երկու կուսակցություններից մեկի 8-ամյա կրկնակի ժամկետի ավարտը։
Հոդվածի սույն հատվածի բնաբանում բերվող Ջ. Սալիվանի ապշեցուցիչ անհամարժեք գնահատականները, տրված 2023 թ. սեպտեմբերի 29-ին, այսինքն՝ Արցախի հայ բնակչության բիբլիական գաղթից ընդամենը 10 օր անց, և Միջին Արևելքում հերթական բռնկումից («Հյուսիսային նետեր» գործողություն) ընդամենը 48 ժամ առաջ, ևս մեկ ապացույցն են այն բանի, որ ո՛չ մենք, և ո՛չ էլ աշխարհը լավ չենք սերտել պատերազմների ու խաղաղության դինամիկայի առանձնահատկությունները, մասնավորապես՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների էլեկտորալ ցիկլերի հետ դրանց կապը(44)։
Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ 2016 թ. Ապրիլյան Քառօրյա և 2020 թ. 44-օրյա Արցախյան պատերազմները սկսվեցին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին ընդառաջ, երբ սպասվում էր ԱՄՆ-ի «Դեմոկրատական կուսակցություն–Հանրապետական կուսակցություն» մեծ ճոճանակի հերթական ճոճքը: Մեզ և Արցախին մնում էր ընդամենը դիմանալ մինչև 2025 թ. հունվարի 20-ը։
Ավաղ, դա մեզ չհաջողվեց։
3.1. ՄԱԿՐՈՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐ (Մրցակցություն)
«Մեր օրերի իրողությունը ռեգիոնալիզացիան է, այլ ոչ թե՝ գլոբալիզացիան»։
Շենոն Օ’նիլ, 2022 թ. [29]
Միջուկային զենքից հետո մեր տարածաշրջանի և ամբողջ աշխարհի իրական աշխարհաքաղաքականությունը ձևավորող երկրորդ հիմնական շարժիչ ուժը՝ առանձին և միմյանց հետ մրցակցող մակրոտարածաշրջանների (макрорегионы, macroregions) ձևավորումն է։ Մեր վաղ ուսումնասիրություններում դրանք անվանել էինք «Աշխարհի Աշխարհներ» («Миры Мира», «Worlds of the World») [30, 31]: ԱՄՆ-ի Ազգային հետախուզության խորհրդի (NIC)(45) փաստաթղթերը [32], ԱՄՀ (МВФ, IMF) [33] և Դավոսի տնտեսական ֆորումի [34] զեկույցներն այս երևույթն անվանում են «Բեկորվող աշխարհ» («Фрагментирующийся Мир», «Fragmented World»): Ռուսալեզու վերլուծաբանները նախընտրում են խոսել «Արևմտյան գլոբալիզացիայի ավարտի» և «բազմաբևեռ աշխարհակարգի» հաստատման մասին։ Ակադեմիական իմաստով այս երևույթի ակունքները կարելի է գտնել ֆրանսիական «Անալների» պատմագիտական դպրոցի «երկրորդ ալիքի» (Ժ. Դյուբի, Ֆ. Բրոդել, Ժ. լե Գոֆ) ներկայացուցիչների աշխատություններում [35], ինչպես նաև Դ. Լորենցի [36], Ս. Հանթիգտոնի [37] և Ի. Վալլերշտայնի [38] ուսումնասիրություններում։
Իրանի և մեզ համար այս երևույթը դրսևորվում է մեր աչքի առաջ ծավալվող տնտեսական և քաղաքական ինտեգրացիոն երկու գործընթացների միջև բուռն մրցակցության տեսքով։ Դրանցից առաջինն ունի լայնական ուղղվածություն՝ ձգված «Արևմուտք–Արևելք» առանցքով, իսկ մյուսը՝ երկայնական՝ ձգված «Հյուսիս–Հարավ» առանցքով (տես Նկ. 5):
Ընդ որում, վերջին 30 տարիների ընթացքում «Արևմուտք–Արևելք» առանցքի զարգացումը ընթանում էր ա. կ. «Քլինթոն–Շևարդնաձե–Ալիև (ավագ)–Նեթանյահու–Դեմիրել» դոկտրինի («ՔՇԱՆԴ» դոկտրին) շրջանակներում՝ հենված 1994 թ. «Մեծ Սակարկության» ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա [2, 3]։ Մեզ համար այն արտահայտվեց Հայաստանի գրեթե լիակատար շրջափակումով, տարածաշրջանային էներգա-տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումից մեկուսացումով, սոցիալ-տնտեսական համակարգի ճնշված զարգացումով։ Ի վերջո, այս ամենը կանխորոշեց Ղարաբաղյան հակամարտությունում հայկական կողմի ռազմական պարտությունը։ Տարածաշրջանում այս ողջ ժամանակ «Հյուսիս–Հարավ» կոմունիկացիոն առանցքը մնաց թերզարգացած։
«Հյուսիս–Հարավ» առանցքով ճնշված զարգացման այս գործընթացը նկատելի է նաև Իրանի պարագայում։ Սակայն իր ֆիզիկական չափերի, հսկայական բնական ռեսուրսների առկայության և աշխարհագրական որոշ առանձնահատկությունների հետևանքով, ինչպես նաև
Նկար 5. Մեր տարածաշրջանի կոմունիկացիոն «Խաչը», պատկերված «Իրանը եւ Թուրանը» գերմանական 1843 թ. քարտեզի վրա։ Աղբյուրը՝ [Марджанян, 2024](46)
իր տնտեսական համակարգի բազմազանության ու բարդության (complexity) շնորհիվ, այս «խեղդող» ազդեցությունն Իրանը համեմատաբար ավելի թեթև է տանում։ Այնուամենայնիվ, շոշափելի ու ցավալի գին վճարելով Արևմուտք–Արևելք առանցքի երկայնքով տարածաշրջանային մեկուսացման համար: Այս իրավիճակը էլ ավելի ցայտուն է Ռուսաստանի պարագայում։
Ներկայումս ընդհանուր այս պատկերի վրա վերադրվում են սեփական մակրոտարածաշրջանների ստեղծմանը միտված ևս երկու ինտեգրացիոն գործընթացներ։ Նկատի ունենք Թյուրքալեզու պետությունների կազմակերպությունը (ԹՊԿ, ОТГ, OTS) և չինական «Միասնական ճակատագրի հանրություն» («Сообщество Единой Судьбы», 人類命運共同體) գլոբալ նախագիծը, որը մեզանում, չգիտես ինչու, հայտնի է որպես «Մեկ գոտի և ուղի» ծրագիր։ Հասկանալի պատճառներով, մեզ առաջին հերթին հետաքրքրում է ԹՊԿ-ն. հիշենք միայն Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունների մասին 2021 թ. հունիսի 15-ի «Շուշիի հռչակագիրը» և 2024 թ. հուլիսի 6-ին Շուշիում ստորագրված ԹՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի «Ղարաբաղի հռչակագիրը»: Այս առնչությամբ արձանագրենք, մեր կարծիքով, կարևոր մի քանի փաստ.
Առաջինը, ԹՊԿ ծանրության կենտրոնը գտնվում է հետխորհրդային տարածքում, որտեղ այն, անխուսափելիորեն մրցակցում է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) և Ռուսաստանի կողմից գլխավորած այլ ինտեգրացիոն գործընթացների հետ: Սակայն, ի տարբերություն ԱՊՀ-ի, ԹՊԿ-ն դուրս է գալիս այս շրջանակից՝ դեպի Արևելյան Եվրոպա (Հունգարիա), Միջերկրական ծով (Հս. Կիպրոս) և ՆԱՏՕ գործունեության գոտի (Թուրքիա): Այսպիսով, ԹՊԿ-ն ունի մանևրելու ավելի լայն հնարավորություն և ավելի ճկուն աշխարհաքաղաքական բովանդակություն: Այս «ճկունությունը» մենք տեսանք վերջերս, երբ «Թուրանը» գրեթե միաժամանակ ծանր հարված հասցրեց Իրանին և Ռուսաստանին՝ Սիրիայում(48), իսկ որպես դրա նախերգանք՝ խոցեց Ռուսաստանը Աբխազիայում(46) (2024 թ. նոյեմբեր), օգտագործելով այստեղ ՌԴ շինարարության ներդրումային քաղաքականության անշնորհք վարումը և «Ինգուրի» ՀԷԿ-ի արտադրանքի բաժանման հարցը:
Երկրորդ, ԹՊԿ երկրների կողմից միասնական թյուրքական այբուբենի մշակումը, տարբեր ոլորտների տերմինաբանական բառարանների կազմումը, թյուրքական աշխարհի պատմության միասնական դպրոցական դասագրքերի ստեղծումը և, հատկապես, ԹՊԿ ենթակառուցվածքային ողնաշար հանդիսացող՝ Կենտրոնական Ասիայից դեպի Թուրքիա և Եվրոպա՝ Ռուսաստանը շրջանցող «Միջին միջանցք»-ի ստեղծումը, որի բաղադրիչներից է նաև ա. կ. «Զանգեզուրի միջանցքը», փաստում են, որ այստեղ գործ ունենք իրական մակրոտարածաշրջանի ձևավորման մտածված ու հետևողականորեն իրականացվող ծրագրի հետ։
Այն անխուսափելիորեն մրցակցության, եթե ոչ՝ բախման, մեջ կմտնի Իրանի, Հնդկաստանի (ավելի ճշգրիտ՝ Բհարաթի) և Ռուսաստանի սեփական մակրոտարածաշրջանի ձևավորման հետ: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ ժամանակակից Ռուսաստանի Դաշնության մեծ ինտեգրացիոն նախագծերը չունեն գաղափարախոսական հենք և ունեն թույլ ենթակառուցվածքային կապակցվածություն(49), իսկ ԹՊԿ-ն ունի և՛ մեկը, և՛ մյուսը։
Երրորդ, ԹՊԿ-ի անդամ թյուրքալեզու երկրների աշխարհագրական բաշխվածությունն ունի նույն լայնական բնույթը՝ ձգված «Արևմուտք–Արևելք» առանցքով, որը բնականորեն ներդաշնակ է վերը հիշատակված «ՔՇԱՆԴ» դոկտրինի նպատակներին, հատկապես՝ Կենտրոնական Ասիայի և Կասպիցի ավազանի ածխաջրածինների, ուրանի և այլ բնական ռեսուրսների՝ Ադրբեջանով ու Թուրքիայով դեպի Եվրոպա տեղափոխմանը, ինչպես նաև դեպի Կասպիցի ավազան ՆԱՏՕ-ի պատասխանատվության ոլորտի ընդլայնմանը։
Չորրորդ, Չինաստանի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ցզին Պինի կողմից 2012 թ. նոյեմբերին ՉԿԿ 18-րդ համագումարում հռչակված «Միասնական ճակատագրի հանրություն» գլոբալ տեսլականի ենթակառուցվածքային բաղադրիչը՝ «Մեկ գոտի և ուղի» ծրագիրը, նույնպես ունի լայնական ուղղվածություն՝ Արևելքից Արևմուտք։ Եվ այս առումով «դատապարտված» էր բարդ փոխազդեցության, ըստ էության՝ գլոբալ հակամարտության մեջ մտնել Արևմտյան «ՔՇԱՆԴ» դոկտրինի հետ։
Պատկերավոր ասած, և օգտագործելով դիալեկտիկ տրամաբանության եզրույթները, կարելի է ասել, որ 1994 թ. «Մեծ Սակարկության» Արևմտյան ծրագիրը (թեզ), 2012 թ.-ից հանդիպելով «Միասնական ճակատագրի հանրության» Արևելյան ծրագրին (հակաթեզ), մեր աչքի առաջ լուծվում է (разрешается) նոր, այս անգամ՝ 2024–25 թթ. «Մեծ Սակարկության» շրջանակներում (սինթեզ)։ Այս նոր «մեծ սակարկությունը» սովորաբար անվանում են «Նոր Յալթայի» կամ «Նոր Պոտսդամի» սակարկություն(50)։ Առաջիկա տասնամյակներում այս «Նոր Յալթայի» սակարկությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կձևավորեն մեր տարածաշրջանի և ողջ աշխարհի գործընթացների աշխարհաքաղաքական էությունը։
3.2. ԿԱՊԱԿՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ (Համագործակցություն և Կոմունիկացիոն ծրագրեր)
«Խոստովանեմ՝ այլևս չեմ լռում
Որովհետև հոգնել եմ Արևմուտքի կեղծավորությունից
Եվ այն հույսով, որ դա կարող է ջարդել լռության կնիքը շատերի շուրթերից»։
Գյունտեր Գրաս, «Was gesagt werden muss», 2012 թ.
Գործնական առումով այս ամենը Հայաստանի, Իրանի և մեր ողջ տարածաշրջանի համար նշանակում է հետևյալը. «Արևմուտք–Արևելք» առանցքի երկայնքով ինտեգրացիոն գործընթացների արագ զարգացումը բերեց «Հյուսիս–Հարավ» առանցքի լճացման և դեգրադացմանը, հանգեցնելով մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական վեկտորների անհավասարակշռության(51): Դա տեղի է ունեցավ մինչև վերջերս (2020 թ. նոյեմբերի 9-ը և 2022 թ. փետրվարի 23) պահպանվող հետևյալ հիմնական պատճառներով.
1) «Հյուսիս–Հարավ» առանցքի զարգացման գործում Ռուսաստանի դանդաղկոտ ու ոչ հետևողական դիրքորոշում,
2) Իրանի հետ իրապես ռազմավարական համագործակցություն կառուցելու Հայաստանի քաոտիկ, երբեմն՝ հակասական գործողություններ,
3) Արաքս գետի հունի երկայնքով գոտու, և ընդհանրապես՝ հյուսիսային ուղղության նշանակության պատմական թերագնահատումը Իրանի կողմից,
4) Հնդկաստանի աշխարհաքաղաքականության վերելքի, մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական հավասարակշռության համար Հնդկական ենթամայրցամաքի կարևորության ընդհանուր թերագնահատում:
Այսօր՝ առավել քան երբևէ, անհրաժեշտ է գիտակցել «Հյուսիս–Հարավ» առանցքի երկայնքով ինտեգրացիոն գործընթացների զարգացման գործում Ռուսաստանի, Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի ընդհանուր ռազմավարական շահերի համընկնումը, դրա ձևակերպման ու հաստատութենացման հրատապ անհրաժեշտությունը: Հաշվի առնելով Թբիլիսիում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, այս երկրների շարքում անհրաժեշտ է ներառել նաև Վրաստանը, որպես «Հյուսիս–Հարավ» կոմունիկացիոն առանցքի կարևոր բաղադրիչ։
Այս տեսանկյունից հայկական «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն աշխարհաքաղաքական, հետևաբար նաև՝ կիրառական իմաստ ունի միայն այն դեպքում, եթե այն ուղղված կլինի առաջին հերթին «Հյուսիս–Հարավ» առանցքի զարգացմանը։ Իսկ դա ենթադրում է Հայաստանը BRICS-ից օտարելու ներկայիս քաղաքականության վերանայում և մի շարք ծրագրերի արագ իրականացում, ինչպիսիք են՝ Հայաստան–Իրան նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցում, «Էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց» համաձայնագրի լիարժեք իրականացում, Արաքս գետի վրա Մեղրիի և Ուժտուբինի հիդրոէլեկտրակայանների կառուցում։ Եվ, ամենակարևորը՝ «Մումբայ (Հնդկաստան)–Չաբահար (Իրան)–Հայաստան–Վրաստան–Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստան)» (ՄՉՀՎՊ) մուլտիմոդալ հաղորդակցության ծրագրի արագ և հետևողական իրականացում։
Այս վերջին նախագիծը առանցքային նշանակություն ունի «Հյուսիս–Հարավ» առանցքի զարգացման համար. ճիշտ այնպես, ինչպես որ «Միջին միջանցքը» հանդիսանում է ԹՊԿ գոյացող մակրոտարածաշրջանի ենթակառուցվածքային հենքը, այնպես էլ ՄՉՀՎՊ մուլտիմոդալ հաղորդակցության ուղին պետք է հանդիսանա մեր մակրոտարածաշրջանի ենթակառուցվածքային ողնուղեղը։
Ուրախալի է, որ վերջերս այստեղ որոշակի առաջընթաց է նկատվում(52)։ Սակայն դա բավարար չէ։ Բանն այն է, որ այս նախագծի նշանակությունը մեզ համար այնքան մեծ է, որ անհրաժեշտ է իրանական Չաբահար և վրացական Փոթի նավահանգիստներում բարձրացնել կողպված (landlocked)(53) Հայաստանի ազգային պատկանելիություն ունեցող նավամատույցներ (причалы, berths) ստեղծելու հարցը [40]։ Ինչպես, օրինակ, ժամանակին դա արվել էր կողպված Չեխիայի համար, որը գերմանական Համբուրգ նավահանգստում տասնամյակներ շարունակ ուներ և այսօր էլ ունի իր ազգային նավամատույցը։ Կամ, ինչպես որ Ուկրաինայի կողմից Մոլդովային փոխանցվեց Ջուրջուլեշտի (Джурджулешты) նավահանգիստը` Պրուտ գետի սևծովյան գետաբերանում:
Կարծում ենք, վերին աստիճան կարևոր է «Հնդկաստան–Իրան–Հայաստան–Վրաստան–Ռուսաստան» կոմունիկացիոն միջանցքը օժտել իր ուրույն, տեսական և գաղափարական հենքով, մեղմելով դրա անվանման զուտ աշխարհագրական երանգը, և հաղորդելով դրան պատմական և քաղաքակրթական պատշաճ խորություն։ Համոզված ենք, որ այստեղ ամենաբնական ընտրությունը Ավեստայի «Արիական Աշխարհ» («Airyanəm Vaējah», «Арийский простор») եզրույթն է: Հատկապես հաշվի առնելով այս երկրների ժողովուրդների պատկանելիությունը հնդեվրոպական լեզվաընտանիքին և ի հակադրություն ներկայումս ակտիվորեն օգտագործվող «Թյուրքալեզու աշխարհ» կամ «Մեծ Թուրան» հասկացությունների։
Ի վերջո, Հայաստանի, Իրանի և մեր ողջ տարածաշրջանի համար աշխարհաքաղաքական տևական կայունության հաստատումը կախված է նրանից, թե, արդյո՞ք, կհաջողվի հավասարակշռել «Թուրանական» (և «Արևմտյան») «Արևելք–Արևմուտք» առանցքը՝ «Հյուսիս–Հարավ» «Արիական աշխարհ» առանցքով, գոյացնելով իրապես «Խաղաղության Խաչմերուկ»։
20.12.2024
ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- Մարջանյան Ա. Հ., Մեր տարածաշրջանը և միջուկային զենքը։ Մաս 1. ԱՄՆ/ՆԱՏՕ, ԽՍՀՄ/ՌԴ։ «ԱՌՎԱԿ» վերլուծական կենտրոն, (22.05.2023), https://arvak.am/մեր-տարածաշրջանը-եվ-միջուկային-զենքը/
- Մարջանյան Ա. Հ., Մեր տարածաշրջանը և միջուկային զենքը։ Մաս 2. «1994 Թ. ՄԵԾ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ» և «ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»: «ԱՌՎԱԿ» վերլուծական կենտրոն, (25.09.2023), https://arvak.am/մեր-տարածաշրջանը-եվ-միջուկային-զենքը-2/
- Մարջանյան Ա. Հ., Մեր տարածաշրջանը և միջուկային զենքը։ Մաս 3. ԲՈՒԴԱՊԵՇՏՅԱՆ ՀՈՒՇԱԳՐԵՐ։ «ԱՌՎԱԿ» վերլուծական կենտրոն, (07.04.2024), https://arvak.am/բուդապեշտյան-հուշագրեր/
- Марджанян, А.А., Нефть Израиля. Caucaso-Caspica, № II-III, 2017-2018, РАУ, Ереван, 2018. https://artsakhlib.am/ru/2019/03/10/русский-нефть-израиля
- Burr, William, Cohen, Anver, The Vela Incident: South Atlantic Mystery Flash in September 1979 Raised Questions about Nuclear Test. National Security Archive, Dec 6, 2016. https://nsarchive.gwu.edu/ briefing-book/nuclear-vault/2016-12-06/vela-incident-south-atlantic-mystery-flash-september-1979-raised-questions-about-nuclear-test
- Марджанян А. А., Ядерная Турция и регион. «Армения и сопредельные страны: внешние вызовы и внутренние трансформации». Ереван, 9 ноября 2015, https://kavkazgeoclub.ru/content/yadernaya-turciya-i-region
- Sutton. H. I., Israel’s Submarine Secret: New Dolphin-IIs Could Have VLS. Covert Shores, 19 Jan 2022, https://www.navalnews.com/naval-news/2022/01/israels-submarine-secret-new-dolphin-class-boat-could-have-vls/
- Rizvi, Hasan-Askari, Pakistan’s Nuclear Testing. Asian Survey, 41:6, Nov. 2001. pp. 943–955, https://library.fes.de/libalt/journals/swetsfulltext/14218815.PDF
- MacCalman, Molly, A.Q. Khan Nuclear Smuggling Network. Journal of Strategic Security, v. 9, no. 1, 2016. 104-118. https://digitalcommons.usf.edu/jss/vol9/iss1/9/; Տես նաև Մարջանյան, Ա. Հ., Թուրքիայի Միջուկային Ծրագիրը։ Հատոր 1 և 2, «Նորավնք» ԳԿՀ, 2012.
- Turkey a Transit Country in Smuggling Nuclear Parts into Libya. PAO Ankara Turkish Press Summary, December 8, 2005. FBIS Document, GMP Տես նաև Международное обозрение экспортного контроля. Обзор событий 2005 г. Выпуск 3, Декабрь 2005 г./Январь 2006 г., с. 22-23. https://nonproliferation.org/wp-content/themes/pitchpremium/pdfs/ieco0512r.pdf , Выпуск 4, Февраль 2006 г., с. 2-3. https://nonproliferation.org/wp-content/themes/pitchpremium/pdfs/ieco0602r.pdf
- Մարջանյան, Ա. Հ., Բալիստիկ hրթիռային զենքը մեր տարածաշրջանում. Մաս Ա. Արդի վիճակը և տարածման դինամիկան։ «Դրօշակ», Աթենք, No. 11, հունիս 1998 թ.։ Մաս Բ. Երևույթի ակունքները և զարգացման միտումները: 3E-Կլոր Սեղանի նյութեր. Երևան, դեկտեմբեր 2000 թ.:
- Masterson, Julia, Saudi Arabia Said to Produce Ballistic Missiles. Arms Control Organisation, January/February 2022, https://www.armscontrol.org/act/2022-01/news/saudi-arabia-said-produce-ballistic-missiles
- Stein, Jeff, Exclusive: CIA Helped Saudis in Secret Chinese Missile Deal. Newsweek, Jan 29, 2014, https://www.newsweek.com/exclusive-cia-helped-saudis-chinese-missile-deal-227283
- Մարջանյան, Ա. Հ. Էներգետիկա և Աշխարհաքաղաքականություն: «Նորավանք» ԳԿՀ, «21-րդ Դար», No1 (01), 2003, https://cyberleninka.ru/article/n/ehnergetik%D0%B0-i-geopolitik%D0%B0-66
- Ukraine unveils new Hrim-2 short-range ballistic missile. Unian, 03.01.2018, https://www.unian.info/economics/2329504-ukraine-unveils-new-hrim-2-short-range-ballistic-missile-photos.html
- S. Department of Defense, Contracts For Jan. 2, 2020, https://www.defense.gov/News/Contracts/ Contract/Article/2049494/
- 1974 U.S. War Game Launched 54 Nuclear Weapons in Iran to “Save” Country from Soviet Invasion. US National Security Archive Publication. December 15, 2015, https://unredacted.com/wp-content/uploads/2015/12/pages-from-19740102-scylla-report-1.pdf
- Reid B.C. Pauly, Would U.S. Leaders Push the Button? Wargames and the Sources of Nuclear Restraint. International Security, Vol. 43, No. 2 (Fall 2018), pp. 151–
- Edward Atkeson, “Memorandum on JCS Simulation DELTA-84-M,” National Intelligence Council, March 15, 1984, CIA FOIA ERR.
- Paul Bracken, The Second Nuclear Age: Strategy, Danger, and the New Power Politics. New York, Times Books, 2012. pp. 84–90.
- Մարջանյան, Ա .Հ., Ադրբեջանական հանրապետության սոցիալ-տնտեսական համակարգը։ Հատոր II, «Հավելվածներ»։ «Նորավանք» ԳԿՀ, 2013.
- GAAT SCENARIO STUDY GUIDE #1. «Present – DEC 2019». C210. Fort Leavenworth, Version: AY 2012-2013.
- GAAT, AY 2012-2013. NIE, «Luristan». Scenario Reference Book 1, Part 5.
- GAAT, AY 2012-2013. NIE, «Ahurastan». Scenario Reference Book 1, Part 3.
- GAAT, AY 2012-2013. Scenario Reference Book 1, Part 4. Special Intelligence Report «101200MAR2019»(54).
- GAAT, AY 2012-2013. Scenario Reference Book 1, Part 6., USEUCOM CONPLAN 4567 – 18 (U). STUTTGART, GERMANY. «28 February 2018»(55).
- Թուրքիայի մասնակցությունը պատերազմին. Մաս Ա. F-16-եր. «ՌազմԻնֆո», հունվար 15, 2021. https://razm.info/147915
- Sullivan, Jake, The Sources of American Power. (October 24, 2023). Foreign Affairs, November/December, 2023, https://www.foreignaffairs.com/united-states/sources-american-power-biden-jake-sullivan
- O’Neil S. K., The Globalization Myth: Why Regions Matter. Yale University Press. 2022, https://www.amazon.com/Globalization-Myth-Why-Regions-Matter/dp/B0BM41K8HC/ref
- Арутюнян, Г. А., Марджанян, А. А., Научно-технологический ландшафт в полицентричном миропорядке. НОФ «Нораванк», «21-й ВЕК» No 1 (42), 2017. https://cyberleninka.ru/article/n/nauchno-tehnologicheskiy-landshaft-v-politsentrichnom-miroporyadke/viewer
- Марджанян, А. А., Научно-информационная политика и гибридные войны. НОФ «Нораванк», «21-й ВЕК» No 4 (45), 2017, https://cyberleninka.ru/article/n/nauchno-informatsionnaya-politika-i-gibridnye-voyny
- Global Trends 2040: A More Contested World. US National Intelligence Council, MARCH 2021, https://www.dni.gov/index.php/gt2040-home
- Aiyar S., et all, Geoeconomic Fragmentation and the Future of Multilateralism. IMF Staff Discussion Note SDN/2023/001, International Monetary Fund, https://www.imf.org/en/Publications/Staff-Discussion-Notes/issues/2023/01/11/Geo-Economic-Fragmentation-and-the-Future-of-Multilateralism-527266
- «4 pathways to cooperation amid geopolitical fragmentation». The World Economic Forum. Jan 15, 2024, https://www.weforum.org/stories/2024/01/pathways-cooperation-geopolitical-fragmentation/
- Старостин, Д. Н., Жак Ле Гофф (1924–2014). Поколения школы «Анналов». Санкт-Петербургский государственный университет, «Vox medii aevi», 2014, https://cyberleninka.ru/article/n/zhak-le-goff-1924-2014-pokoleniya-shkoly-annalov
- Lorenz D., Trends Towards Regionalism in the World Economy. Intereconomics, 1989, vol. 24, pp. 64–70, http://doi.org/10.1007/BF02928553
- Huntington S., The Clash of Civilizations and the Remaking of World Order. New York: Simon & Schuster. 1996.
- Валлерстайн, И., Анализ мировых систем и ситуация в современном мире. «Университетская книга», Санкт-Петербург. 2001.
- Dimond, J. M., Guns, Germs, and Steel: The Fates of Human Societies. W. W. Norton & Company, 1999, https://www.amazon.com/Guns-Germs-Steel-Fates-Societies/dp/0393317552
- Մարջանյան Ա. Հ., Կողպված երկրներ։ «Օրբելի» վերլուծական կենտրոն, (2020-05-07), https://orbeli.am/hy/post/443/2020-05-07/Կողպված++երկրներ։
(1) ՀՀ-ում ՄԱԿ-ի ԶԾ ազգային փորձագետ (էներգետիկա), ԵՄ ազգային փորձագետ (տրանսպորտ), ԵԱՏՄ Փորձագիտական ակումբի անդամ, առաջատար վերլուծաբան, տեխ.գ.դ., ա.գ.ա.:
(2) Հոդվածը խմբագրություն է հանձնվել 20.12.2024 թ.:
(3) «Иран не собирается создавать ядерное оружие, заявил директор ЦРУ». РИА Новости (26.02.2023), https://ria.ru/20230226/iran-1854356880.html; «В Пентагоне заявили, что Иран может произвести ядерное оружие за несколько месяцев». ТАСС (24.03.2023), https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/17362573 (բեռնումների օրը՝ 08.08.2023)։
(4) «Իրանն առավել քան երբևէ մոտ է միջուկային զենքի ստեղծմանը»: Հետք (21.04.2024), https://www.hetq.am/hy/article/165930; «Իրանը միջուկային զենքի փորձարկո՞ւմ է իրականացրել. իրանական աղբյուր». Iravunk.com, (07.10.2024), https://iravunk.com/?p=294561&l=am; “Nuclear test ban organization says Iranian seismic event looks like earthquake“. ТАСС (08.10.2024), https://tass.com/politics/1853263; «Իրանը չի պատրաստվում միջուկային զենք մշակել Իսրայելի հարձակումից հետո»: Արմենպրես (28.10.2024), https://armenpress.am/hy/article/1203409 (բեռնումների օրը՝ 01.11.2024)։
(5) Գրականության ասպարեզում նոբելյան մրցանակի 1999 թ. դափնեկիր Գ. Գրասի (Günter Grass) «Ինչը պե՛տք է ասվի» չհանգավորված պոեմը առաջին (և վերջին) անգամ տպագրվել է 2012-ին՝ մի շարք հեղինակավոր պարբերականներում, այդ թվում գերմանական «Զուդդոյչէ Ցայտունգ»-ում։ Այսօր այս պարբերականի կայքում այն այլևս հասանելի չէ. https://www.sueddeutsche.de/kultur/gedicht-zum-konflikt-zwischen-israel-und-iran-was-gesagt-werden-muss-1.1325809. Անգլերեն թարգմանությունը՝ տես «Դը Գարդիան»-ի կայքում՝ https://www.theguardian.com/books/2012/apr/05/gunter-grass-what-must-be-said, ռուսերենը՝ «Ազատության» կայքում՝ https://www.svoboda.org/a/24539876.html։ Ուրախությամբ փաստեմ, որ 2021-ից առկա է նաև Գրասի այս պոեմի հայերեն թարգմանությունը (Թ. Հակոբյան), որը, սակայն, այստեղ չի օգտագործվում՝ groghutsav.am/2021/09/16/գյունթեր-գրաս-ի՞նչ-պետք-է-ասել/ (բեռնումների օրը՝ 08.11.2024)։
(6) Israel. NTI country profile. https://www.nti.org/countries/israel/, Pakistan. NTI country profile. https://www.nti.org/countries/pakistan/ (բեռնման օրը՝ 08.08.2023).
(7) Իսրայելի 5-րդ վարչապետ, լեգենդար Գ. Մեիրի խոսքերով՝ «Մենք միջուկային զենք չունենք, բայց անհրաժեշտության դեպքում չենք վարանի այն կիրառել» (տես [4], сс. 319-320)։
(8) Պայմանագիր Միջուկային զենքը չտարածելու մասին։ https://www.arlis.am/documentview.aspx?docID=81237 (բեռնման օրը՝ 08.08.2023)։
(9) Ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 50-րդ նիստում՝ 1996 թ. սեպտեմբերի 10-ին։
(10) Տես «Վելայի միջադեպը» (“Vela incident”) [5]: Խոսքը ամերիկյան «Vela 5B» արբանյակի կողմից 1979 թ. սեպտեմբերի 22-ին Հարավային Աֆրիկայի ափեզրի մոտակայքում արձանագրված լուսային և գամմա ճառագայթների բռնկման մասին է։ Թեև պատկան կառույցները և ԱՄՆ նախագահ Ջ. Քարտերի վարչակազմը համոզված էին, որ դա իսրայելական միջուկային զենքի փորձարկում է, իրականացված Հր. Աֆրիկայում, հատուկ միջոցներ կիրառվեցին այս ինֆորմացիան գաղտնի պահելու համար: Մասնակի գաղտնազերծումը տեղի ունեցավ միայն 2016-ին: Հր. Աֆրիկայում իրականացվող միջուկային զենքի ծրագրի վերհանմանը մեծապես նպաստեց Ա.Մ. Կոզլովի՝ 1977-1982 թթ. գործունեությունը: Ա.Կոզլովի հիշատակին է նվիրված Թուրքիայի միջուկային կարողություններին նվիրված մեր՝ 2015 թ. զեկույցը [6], հանգամանքների բերումով պատրաստված նրա մահվան օրը:
(11) 2000 թ. մայիսին Իսրայելը միջուկային լիցք կրելու ունակությամբ թևավոր հրթիռների (ԹՀ) իր առաջին գաղտնի արձակումը իրականացրել է Հնդկական օվկիանոսում, գերմանական արտադրության «Դելֆին» (Dolphin) դասի երկու սուզանավերից, տես «Popeye Turbo», FAS, Updated Tuesday, June 20, 2000, https://nuke.fas.org/guide/israel/missile/popeye-t.htm (բեռնման օրը՝ 08.08.2015): Նշվում է, որ Popeye Turbo ԹՀ-ն ունակ է 200 կգ մարտագլխիկ հասցնել 1500 կմ հեռավորության վրա։ Ենթադրվում է, որ այս մարտագլխիկները կարող են 6 կգ պլուտոնիում պարունակող միջուկային լիցք ունենալ։ 2022 թ. հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ Գերմանիայում սկսվել է Իսրայելի համար նախատեսված Dolphin-IIs դասի սուզանավերի փորձարկումը [7]: Հաղորդվում է, որ այս սուզանավերը կահավորված են ՈՒղղաձիգ Արձակման Համակարգերով (VLS), ինչը Իսրայելին թևավոր և բալիստիկ հրթիռների ստորջրյա ուղղաձիգ արձակման հնարավորություն կընձեռի։
(12) Հնդկաստանի համանման փորձարկումներից օրեր անց [8]:
(13) Իսրայելից մեկ օր առաջ։ ՄՓՀԱՊ-ն Իսրայելը թեև ստորագրել է, բայց չի վավերացրել։
(14) Conclusion of Additional Protocols with IAEA. Status List. Аs of 11 October 2024, https://www.iaea.org/sites/default/files/20/01/sg-ap-status.pdf (բեռնման օրը՝ 01.11.2024)։
(15) 1979 թ. հունվարի 16-ին Իրանի շահ Ռեզա Փահլավին լքեց Իրանը, իսկ փետրվարին Իրան վերադարձավ վտարանդի այաթոլլա Ռ. Խոմեյնին։
(16) Dong Feng («Արևելյան քամի») ընտանիքի բալիստիկ հրթիռների մշակումը Չինաստանում սկսվել է դեռ 60-ական թթ.-ի կեսերից՝ ԽՍՀՄ հրթիռաշինարարական տեխնոլոգիաների օգտագործումով։
(17) DF-3A. Encyclopedia Astronautica, http://www.astronautix.com/d/df-3a.html (բեռնման օրը՝ 18.04.2012).
(18) Երբ Իսրայելում մարտական հերթապահության հանձնվեց պինդ վառելիքով աշխատող եռաստիճան Jericho-3 բալիստիկ հրթիռը 6.5-7.0 հազ կմ հեռահարությամբ. Missile Threat, «Jericho 3», Updated April 23, 2024, https://missilethreat.csis.org/missile/jericho-3/ (բեռնման օրը՝ 11.11.2024):
(19) Նկատենք, որ հենց այս հանգամանքներն էին ընկած Իրանի և Ս. Արաբիայի միջև տարեսկզբին արձանագրված մերձեցման հիմքում, ինչում Չինաստանի դերակատարումը ուներ վճռորոշ նշանակություն, տես «Ван И: Содействие достижению примирения между Саудовской Аравией и Ираном создало новую модель политического урегулирования актуальных проблем». МИД КНР, (01.09.2024)-, https://www.mfa.gov.cn/rus/wjdt/wshd/202401/t2024011011221089.html (բեռնման օրը՝ 23.08.2024): Սակայն այսօր, երբ գրեթե մահացու հարված է հասցված Իրանի կողմից տարիներ ի վեր ստեղծվող «դիմադրության առանցքին», և Իրանի նախագահ Ի. Ռաիսիի և ԱԳՆ Հ. Աբդոլախյանի ավիավթարում մահվանից մոտ 7 ամիս անց (19.05.2024), միանգամայն այլ լույսի տակ է հնչում Հ. Աբդոլախյանի 2023 թ. օգոստոսի 19-ին արված հայտարարությունը, թե՝ «Էր-Ռիադը և Թեհրանը մտադիր են ինքնուրույն ապահովել անվտանգությունը Պարսից ծոցում և տարածաշրջանում», «Саудовская Аравия и Иран договорились о самостоятельном обеспечении безопасности в регионе», ТАСС (19.08.2023), https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/18544163 (բեռնման օրը՝ 13.02.2024).
(20) Սիմավորյան, Ա. «Թուրքիա-Պակիստան համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում» ԱՌՎԱԿ, 04.08.2024, https://arvak.am/թուրքիա-պակիստան-համագործակցություն/ (բեռնման օրը՝ 13.12.2024).։
(21) Այստեղ անհրաժեշտ ենք համարում նշել մեզանում քիչ հայտնի ևս երկու փաստ։ Նախ, Ս. Արաբիայի պատվերով և ֆինանսական օժանդակությամբ 2016-ից ուկրաինական ՀԿԲ (ОКБ) «Южное» և Պավլոգրադի քիմիական գործարանի ուժերով սկսվեց «Грім-2» (Hrim-2) պինդ վառելիքով տակտիկական բալիստիկ հրթիռի մշակումն ու արտադրությունը [15]։ 2024 նոյեմբերի 21-ին ՌԴ ռազմատիեզերական ուժերը ՀԿԲ «Южное» տարածքին հիպերձայնային իներտ (ոչ մարտական) բաժանվող և առանձին թիրախավորմամբ (MIRV) մարտագլխիկներով հարված հասցրին։ Ընդ որում, հարվածը հասցվել էր ՌԴ Աստրախանի մարզի «Капустин Яр» հրթիռային բազայից (4-й государственный центральный полигон РФ) արձակված պինդ վառելիքով միջին հեռահարության երկաստիճան «Орешник» բալիստիկ հրթիռների միջոցով։ Հակամարտությունների պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ մարտական պայմաններում օգտագործվել են միջուկային զենք կրելու ունակ ռազմավարական նշանակության MIRV մարտագլխիկներով բալիստիկ հրթիռներ, սակայն առանց միջուկային լիցքերի։
2020 թ. հունվարին հայտնի դարձավ, որ Ս. Արաբիայի հրթիռային ծրագրին աջակցելու և ինժեներական ծառայություններ մատուցելու համար ընտրվել է «Tetra Tech» ընկերությունը (AECOM ընկերության հետ համատեղ) [16]: Ուշագրավ է, որ «Tetra Tech»-ը տարիներ ի վեր խորհրդատվական ծառայություններ էր մատուցում Հայաստանում՝ էներգետիկայի ոլորտում, USAID կողմից օժանդակվող ծրագրերի շրջանակում։
(22) «Кто мешает сделать Ближний Восток безъядерным». Коммерсантъ (18.11.2022), https://www.kommersant.ru/doc/5678888 (բեռնման օրը՝ 08.08.2023). Ներկայումս այս հոդվածի հղումը չի գորխում, առկա է միայն նրա վրա հղումը, տես «В «Ъ» объяснили, кто мешает сделать Ближний Восток безъядерным», 19.11.2022, https://mt.smi.today/blog/43205751815/V–obyasnili-kto-meshayet-sdelat-Blizhniy-Vostok-bezyadernyim?&utmreferrer=mirtesen.ru (բեռնման օրը՝ 20.12.2024)
(23) ԱՄՆ-ի կողմից ՏՄԶ կիրառմամբ ռազմաքաղաքական այլ վարժանքների մասին գրեթե ոչինչ հայտնի չէ, բացի դրանց որոշ անվանումներից՝ BETA I, BETA II (1967), Olympiad I-79, Proud Prophet 83, DELTA-84-M և այլն, տես [18, p.183, footnote 140] և [19, 20]: ԽՍՀՄ/ՌԴ, Ֆրանսիայի, Չինաստանի, ՄԹ կամ Իսրայելի համանման վարժանքների մասին հայտնի է նույնիսկ ավելի քիչ:
(24) SCYLLA III-73 խաղերի անմիջական մասնակից պրն. Ռ. Պաուլին 2018-ին գրում էր. «1958-ից 1972 թթ. ընթացքում իրականացված 26 ռազմաքաղաքական վարժանքների դիտարկումը վկայում է, որ մեծամասամբ, երբ չի հաջողվում զսպել ԽՍՀՄ-ին, ԱՄՆ-ի ռազմաքաղաքական վերնախավը, ելնելով պրակտիկ հաշվարկներից և/կամ սեփական հեղինակության պահպանման նկատառումներից, հակված էր հատել միջուկային զենքի կիրառման շեմը ու դիմել ՏՄԶ օգնությանը։ Բարոյականությունը կամ նախադեպ ստեղծելու զսպող արգելանքը այստեղ գործում էին շատ հազվադեպ», տես Reid B.C. Pauly blog, https://www.reidpauly.com/wargames-and-crisis-simulations (բեռնման օրը՝ 08.08.2023): Նկատենք, որ ԱՄՆ-ի կողմից Ճապոնիայի ատոմային ռմբակոծություններից 73 տարի անց, խոսել «նախադեպ ստեղծելու զսպող արգելանքի» մասին, թվում է մի փոքր ուշացած:
(25) Ենթակառուցվածք և պատերազմ. Կուրսկի ԱԷԿ-ից մինչև Խուդաֆերինի ՀԷԿ: «ԱՌՎԱԿ» վերլուծական կենտրոն, 10.08.2024, https://arvak.am/կուրսկի-աէկ-ից-խուդաֆերինի-հէկ/ (բեռնման օրը՝ 07.11.2024):
(26) Ըստ GAAT-ի՝ «South Azeri Peoples Army (SAPA)»-ն Հարավային Ադրբեջանի ազերի արմատականներ են, որոնք նույնականացնում են իրենց Հյուսիսային Ադրբեջանի ազերիների հետ։ Սկզբնական շրջանում զինվում և վարժվում էին Իրանի կողմից, «ներկայումս»՝ աջակցվում են «Ախուրստանի» կողմից։
(27) Բաց է թողնված միայն այնպիսի «մանրուք», ինչպիսին է դրա համար ձեռնարկված ՀՀ պետական կառուցվածքի և Սահմանադրության փոփոխությունը։
(28) «Free Karabakh Movement» (FKM): Ըստ GAAT-ի` «1993 թ. Լեռնային Ղարաբաղից ազերի փախստականներից կազմված խռովարարների խումբ (Insurgent Group)։ Խմբի նպատակը Հայաստանի նահանջն է ԼՂ-ից։ Հայաստանը մեղադրում է Ադրբեջանի կառավարությանը FKM-ին քողարկված աջակցություն ցուցաբերելու մեջ»: [22, p. 1.11]։ Ուշադիր վերլուծաբանը չի կարող չնկատել «Free Karabakh Movement»-ի և «Free Syrian Movement»-ի (վերջինս 2011 թ. հուլիսի 29-ին դարձավ «Free Syrian Army») գենետիկ նմանությունը։ Մանավանդ՝ 2022-ին Թուրքիայի աջակցությամբ Սիրիայից՝ Ֆիզուլի և Գեյանի տափաստան մի քանի հազար իսլամիստ գրոհայինների տեղափոխման համատեքստում, տես «Turkey deploying Syrian fighters to help ally Azerbaijan, two fighters say». Reuters, September 28, 2020, https://www.reuters.com/article/us-armenia-azerbaijan-turkey-syria-idUSKBN26J25A/?fbclid (բեռնման օրը՝ 01.10.2022)։ Այսօր, երբ ընկան Հալեպն ու Դամասկոսը, և Սիրիայում խորտակվեց Բ. Ասադի ռեժիմը, մեզ մոտ, Սյունիքում, այս իսլամիստ գրոհայինների «վերահայտնությունը» նորից գալիս է աշխարհաքաղաքական օրակարգ։
(29) Զբաղված լինելով «Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության» վարումով, կասեինք այսօր։
(30) «Ալիևը՝ նաև միջուկային ահաբեկիչ»։ «Առավոտ», հուլիս 23, 2020 թ., https://www.aravot.am/2020/07/ 23/1125289/ (բեռնման օրը՝ 28.08.2023)։
(31) «Ենթակառուցվածք և պատերազմ. Կուրսկի ԱԷԿ-ից մինչև Խուդաֆերինի ՀԷԿ»։ «ԱՌՎԱԿ» վերլուծական կենտրոն, (10.08.2024), https://arvak.am/կուրսկի-աէկ-ից-խուդաֆերինի-հէկ/ (բեռնման օրը՝ 15.08.2024).
(32) Խոսքը, այսպես կոչված, «Շտեյների կետերի» մասին է. Եռանկյան համար կա միայն մեկ այդպիսի կետ, քառանկյան դեպքում դրանք երկուսն են, հնգանկյան դեպքում (Կասպիցի ներկայիս վիճակը)՝ երեքը, իսկ վեցանկյան դեպքում (Կասպիցի վիճակը՝ «Ախուրստանի» գոյացումով) դրանք այլևս գույություն չունեն։ Կասպիցի միջնագծային բաժանման և Շտեյների կետերի մասին ավելի հանգամանալի տե՛ս [21, Հավելված 3.]։
(33) ԽՍՀՄ և Հայաստանի ԽՍՀ տարածքում ԱՄՆ/ՆԱՏՕ միջուկային հարվածների թիրախների մասին տես [1]:
(34) National Security Adviser on Threats to Democracy. The Atlantic Festival, September 28–29, 2023, https://www.cspan.org/video/?530829-1/national-security-adviser-threats-democracy (բեռնման օրը՝ 05.10.2024, տես 00:27:30-ից): Տես նաև [28]:
(35) «Кто и как захватил Алеппо? 10 главных вопросов о новой войне в Сирии». ВВС, Русская служба, 3 декабря 2024. https://www.bbc.com/russian/articles/ce8n1g9zw1yo (բեռնման օրը՝ 14.12.2024).
(36) «Башар Асад отстранен, повстанцы захватили Дамаск». ВВС, Русская служба, 8 декабря 2024. https://www.bbc.com/russian/articles/c9388exdk4qo (բեռնման օրը՝ 14.12.2024).
(37) «Асад с семьей прибыл в Москву». ТАСС (8.12.2024), https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/22612655 (բեռնման օրը՝ 14.12.2024). Ուշագրավ է, որ Սիրիայի անկման նախօրեին՝ 2024 թ. նոյեմբերի 26-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Յ. Գյուլերը Ազգային մեծ ասամբլեայի պլանավորման և բյուջետային կոմիտեում իր ելույթի ժամանակ հայտնեց, որ ԱՄՆ-ը այլևս չի առարկում Թուրքիայում ռուսական С-400 զենիթային համալիրների ծավալման կապակցությամբ, և որ Թուրքիան կարող է վերադառնալ 5-րդ սերնդի F-35 կործանիչների ծրագիր։ Ընդ որում, այսօր Թուրքիան մտադիր է 40 այսպիսի կործանիչներ ստանալ ԱՄՆ-ից, նախկինում բանակցված 6-ի փոխարեն, տես «Defense Minister Yaşar Güler stated that the U.S. may finally be willing to deliver the F-35 jets to Turkey», The Aviationist, November 26, 2024. https://theaviationist.com/2024/11/26/turkey-resubmits-offer-to-purchase-f-35-jets/ (բեռնման օրը՝ 15.12.2024) ։
(38) «Турецкий раздел Сирии». Novaya Gazeta Europe (11.12.2024), https://novayagazeta.eu/articles/2024/12/11/turetskii-razdel-sirii. «Голанские высоты навсегда останутся частью Израиля, заявил Нетаньяху». РИА Новости (09.12.2024), https://ria.ru/20241209/netanyakhu-1988277248.html. «Генштаб Турции получил приказ сбивать самолёты ВВС Израиля в Сирии». Военное oбозрение (14.12.2024), https://topwar.ru/255704-smi-genshtab-turcii-poluchil-prikaz-sbivat-samolety-vvs-izrailja-v-sirii.html (բեռնման օրը՝ 14.12.2024)
(39) «Axios раскрыл цель Израиля при взрыве электронных устройств в Ливане». РБК (18.09.2024), https://www.rbc.ru/politics/18/09/2024/66eaed749a79473a6a4048f7, «Взрывы устройств «Хезболлы»: вопросы, по-прежнему требующие ответов». BBC (21.09.2024), https://www.bbc.com/russian/articles/c4g49ll40ego (բեռնման օրը՝ 17.12.2024):
(40) Այս շարքին կարելի է դասել և ՌԴ ԶՈւ-ի ռադիացիոն, քիմիական և բակտերիոլոգիական պաշտպանության զորքերի հրամանատարի սպանությունը Մոսկվայում ս. թ. դեկտեմբերի 17-ին, կայանված ինքնագլորի (самокат) դիստանցիոն առցանց պայթյունի միջոցով, տես «Начальник войск химзащиты генерал Кириллов погиб при взрыве в Москве». РБК (17.12.2024), https://www.rbc.ru/politics/17/12/2024/676108279a7947b9cb09c769 (բեռնման օրը՝ 17.12.2024):
(41) Israel/Gaza, Operation “Cast Lead” – 22 Days of Death and Destruction. AMNESTY INTERNATIONAL (02.07.2009), https://www.amnesty.org/en/wp-content/uploads/2021/07/mde150212009eng.pdf (բեռնման օրը՝ 01.05.2022).
(42) The Presidential Transition Act, 1963. Տես https://presidentialtransition.org/transition-resources/transition-timeline/ (բեռնման օրը՝ 11.12.2024).
(43) «Поразительная потеря адекватности в восприятии реальности». Кавказский геополитический клуб, 31 декабря. 2016 г., https://kavkazgeoclub.ru/content/porazitelnaya-poterya-adekvatnosti-v-vospriyatii-realnosti (բեռնման օրը՝ 16.12.2024): «Ֆարլեյի օրենքի» աշխարհաքաղաքական մեկնաբանության մասին տես նաև [14]:
(44) Սալիվանի այս գնահատականը այնքան ժամանակավրեպ էր ու ամոթալի, որ «Foreign Affairs» ամսագրի խմբագիրները դիմեցին աննախադեպ քայլի՝ հետին թվով խմբագրել Ջ. Սալիվանի հոդվածը, տես «Jake Sullivan boasted exactly a year ago about how quiet the Middle East was —as it now sits on cusp of all-out war». New York Post, Sep. 29, 2024, https://nypost.com/2024/09/29/us-news/one-year-ago-jake-sullivan-boasted-about-middle-east-being-the-quietest-in-two-decades/ (բեռնման օրը՝ 16.12.2024):
(45) ԱՄՆ-ի Ազգային հետախուզության խորհրդի (NIC) «Global Trends» հաշվետվությունների ու դրանց պատրաստման մեխանիզմների մասին տես Մարջանյան, Ա. Հ. «Մեր ապագան՝ NIC աչքերով», Նորավանք, «21-րդ ԴԱՐ», N 2(24), 2009, նաև՝ https://cyberleninka.ru/article/n/nashe-budushchee-glazami-nic/viewer (բեռնման օրը՝ 14.12.2024):
(46) Марджанян А. А., Армения, Иран и Регион. Международная конференция «КАВКАЗ И ИРАНСКИЙ МИР», Институт Востоковедения, РАУ. 12.12.2024.
(47) «Трамп обвинил Турцию в свержении правительства Асада в Сирии». Арменпресс (16.12.2024), https://armenpress.am/ru/article/1207614 (բեռնման օրը՝ 17.12.2024).
(48) «Абхазия: турецкий след в попытке госпереворота?». Yerevan.Today (18.11.2024), https://ru.yerevan.today/120920, տես նաև` «Какие интересы преследует Турция в Абхазии?». Военное обозрение, (24.12.2015), https://topwar.ru/73783-kakie-interesy-presleduet-turciya-v-abhazii.html (բեռնման օրը՝ 17.12.2024).
(49) Թերևս բացառությամբ ՌԴ–Բելառուս Միասնական պետության միջև տակտիկական միջուկային զենքի «բեռի կիսման» (nuclear sharing) վերջերս ստեղծված ենթակառուցվածքը ու պայմանագրային հենքը [1, 2]։ Ինչը, որոշ չափով սիմետրիկացնում է իրավիճակը ԱՄՆ/ՆԱՏՈ միջուկային զենքի «բեռի կիսման» և միջուկային զենքի կիրառման հարցում «ռազմավարական անորոշության» հետ։
(50) Այս մասին ավելի հանգամանալի տես «Սկսվում է նոր խաղ՝ Մեծ Յալթայի խաղը. այլևս ժամանակ չկա, վտանգի առաջ ենք. ով սխալվեց, կսխալվի առհավետ». 168 ժամ (12.11.2024), https://www.youtube.com/watch?v=7uMKb-RzXuM (բեռնման օրը՝ 16.12.2024)
(51) Ակադեմիական տեսանկյունից ուշագրավ է Ջ. Դայմոնդի կողմից մատնանշված «Հյուսիս–Հարավ» առանցքով ընթացող կենսաբանական տեսակների ու մարդկային հանրույթների պատմական տարածման ընկճվածության փաստը, համեմատած «Արևմուտք–Արևելք» առանցքով այդ գործընթացների ինտենսիվության հետ [39], և այս երևույթի զուգահեռականը աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական գործընթացների հետ։
(52) «Իրանը ամբողջությամբ աջակցում է Չաբահար նավահանգստում գործունեություն ծավալելու Հայաստանի նախագծին»։ Արմենպրես (30.09.2024), https://armenpress.am/hy/article/1201075 «Հայաստան–Հնդկաստան–Իրան եռակողմ երկրորդ խորհրդակցություն»։ ՀՀ ԱԳՆ (12.12.2024), https://www.mfa.am/hy/press-releases/2024/12/12/ArmIndiaIran/13004 (բեռնման օրը՝ 14.12.2024):
(53) Հիշեցնենք, որ միջազգային (Ծովային) իրավունքի առարկա հանդիսացող «landlocked country» հասկացության համար մենք առաջարկել էինք «կողպված երկիր» եզրույթը, «դեպի բաց ծով ելք չունեցող երկիր» արտահայտության փոխարեն, տես [40]:
(54) GAAT վարժանքի երևակայական ինդեքս։
(55) GAAT վարժանքի երևակայական ամսաթիվ։