Սահմանակից երկրներ

Իրանական ճգնաժամը Թուրքիայի դիրքորոշման համատեքստում և հնարավոր զարգացումները

Իրանական ճգնաժամը Թուրքիայի դիրքորոշման համատեքստում և հնարավոր զարգացումները
8 դիտում

Փորձագետի մեկնաբանություն, 08.04.2026 թ.[1]

Արեստակես Ս. Սիմավորյան[2]

2026 թ. փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ–Իսրայել համատեղ հարձակմամբ սկիզբ առած ճգնաժամը արագորեն դուրս եկավ երկկողմ դիմակայության շրջանակներից և վերաճեց լայնածավալ տարածաշրջանային հակամարտության։ Իրանը պատասխան քայլերով թիրախավորեց ամերիկյան ռազմական օբյեկտները և Պարսից ծոցի երկրներում տեղակայված էներգետիկ ենթակառուցվածքները, ինչի հետևանքով Հորմուզի նեղուցում նավագնացությունը զգալիորեն սահմանափակվեց։ Մարտի 18-ին վնասվեց նաև Քաթարի Ռաս Լաֆֆանի հեղուկացված բնական գազի համալիրը[3], ինչը խորացրեց գլոբալ մատակարարման շղթաների խաթարման վերաբերյալ մտահոգությունները՝ ընդգրկելով ոչ միայն նավթն ու գազը, այլև նավթաքիմիական արտադրանքը, պարարտանյութերը, ծծումբն ու հելիումը։ Արդյունքում` ճգնաժամը վերածվեց համաշխարհային տնտեսության վրա ազդող բազմաշերտ ցնցման։

Այս ընդհանուր ֆոնի վրա Թուրքիայի համար առանձնահատուկ զգայունություն ունի քրդական գործոնը։ Իրանում հնարավոր ներքին ապակայունացումը, հատկապես` արևմտյան քրդաբնակ շրջաններում, կարող է անմիջականորեն անդրադառնալ Թուրքիայի անվտանգությանը՝ խթանելով սահմանային անկայունությունը և զինված խմբավորումների ակտիվացումը։ Նշված պայմաններում Անկարան միաժամանակ դատապարտեց ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունները և անընդունելի համարեց Իրանի պատասխան հարվածները երրորդ երկրների ուղղությամբ՝ կոչ անելով կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ դիվանագիտական հարթակ։ Թուրքիայի իշխանությունները հստակեցրին նաև, որ երկիրը չի ներգրավվելու հակամարտությունում և չի միանա որևէ կողմի՝ փորձելով պահպանել իր միջնորդական դերակատարությունը։

Գործնականում Թուրքիան ձգտել է դեռևս ճգնաժամի սկզբնական փուլից խթանել ԱՄՆ–Իրան երկխոսությունը։ Միևնույն ժամանակ, 2026 թ. մարտին արձանագրվեցին դեպքեր, երբ Իրանից ենթադրաբար արձակված բալիստիկ հրթիռները հատեցին Թուրքիայի օդային տարածքը և չեզոքացվեցին ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ Թեպետ Իրանը հերքեց Թուրքիայի դեմ ուղղված որևէ գործողություն, վերջինս պաշտոնական բողոք ներկայացրեց, իսկ ՆԱՏՕ-ն ուժեղացրեց պաշտպանական համակարգերը Ինջիրլիքի ավիաբազայի և Մալաթիա նահանգում գտնվող ռադարային կայանների շուրջ։ Այս իրավիճակը ցույց տվեց, որ նույնիսկ չեզոքություն պահպանելու դեպքում Թուրքիան չի կարող ամբողջությամբ խուսափել հակամարտության հետևանքներից։ Այնուամենայնիվ, Անկարայի քաղաքականությունը դժվար է բնութագրել որպես դասական չեզոքություն։ Ավելի ճիշտ է ասել, որ Թուրքիան կիրառում է զգուշավոր և իրատեսական ճգնաժամի կառավարման ռազմավարություն, որի հիմնական նպատակը ռազմական ներգրավումից խուսափելն է՝ միաժամանակ պահպանելով ազգային անվտանգության առաջնահերթությունները։ Անկարան հստակ ազդարարել է, որ պատրաստ է անհրաժեշտ միջոցների, եթե վտանգվի իր սահմանային անվտանգությունը։

Իրանի շուրջ զարգացող ճգնաժամը չի սահմանափակվում միայն կողմերի միջև հակամարտությամբ. այն ինչպես և կանխատեսելի էր վերաձևավորում է նաև տարածաշրջանային քրդական դինամիկան[4]։ Թուրքիայի համար առանցքային հարց է, թե Իրանի ներսում անկայունությունը ինչ ազդեցություն կունենա Իրանում, Իրաքում և Սիրիայում տարածված քրդական քաղաքական և ռազմական ցանցերի վրա։ Թուրքիայում Քրդստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) հետ ընթացող գործընթացը վերջին տարիներին որոշակի առաջընթաց էր արձանագրել, և 2025 թ. սկզբին դրա առաջնորդի կողմից հնչեցված զինաթափման կոչը ենթադրում էր երկարատև հակամարտության ավարտի հնարավոր նախադրյալ։ Սակայն իրանական ճգնաժամն այս գործընթացը դնում է նոր անորոշությունների առաջ։ Իրանի թուլացումը կարող է որոշակի քաղաքական հնարավորություններ բացել այդ երկրի քրդական ուժերի համար, որոնք արդեն իսկ փորձում են ամրապնդել իրենց դիրքերը[5] հնարավոր հետճգնաժամային վերադասավորման պայմաններում։ Ներկայումս նրանք հանդես են գալիս զգուշավորությամբ և խուսափում են բացահայտորեն աջակցել արտաքին ուժերի ռազմավարությանը՝ հավանաբար նախընտրելով Իրանի իշխանությունների աստիճանական թուլացումը և ապագա ինքնավարության հնարավորությունը։

Մյուս կողմից՝ երկարատև պատերազմի պարագայում չի բացառվում քրդական ուժերի միջև միջտարածաշրջանային համակարգման խորացումը։ Իրանի արևմտյան սահմաններում կառավարման թուլացումը առաջացնելու է անվտանգային վակուում, որն իր հերթին խթանելու է զինված խմբավորումների տեղաշարժը և վերակազմավորումը՝ հատկապես Հյուսիսային Իրաքի տարածքում, որտեղ առկա են տարբեր քրդական կազմակերպությունների և կուսակցությունների «հենակետեր»։

Այս զարգացումները անմիջական ազդեցություն կունենան Թուրքիայի ներքին անվտանգության վրա՝ ակտիվացնելով քրդական հարակից ցանցերը։ Անկարայի համար սպառնալիքը ներկայումս ոչ այնքան անկախ քրդական պետության ձևավորումն է, որքան տարածաշրջանի զինված խմբերի շարժուն վերակազմակերպումը, սահմանային անկայունությունը և արտաքին դերակատարների ներգրավման աճը։ Միաժամանակ, Սիրիայի հյուսիսում գործող քրդական ուժերի ապագան և դրանց ինտեգրումը ևս շարունակում են մնալ անորոշության մեջ, ինչը հավելյալ բարդություն է ստեղծում։ Այս համատեքստում առավել զգայուն է նաև փախստականների նոր հոսքի հնարավորությունը։ Այնպես որ, եթե Իրանում պետական կառավարման համակարգը զգալիորեն թուլանա, արդյունքում, Անկարան ստիպված է լինելու համատեղել միաժամանակ մի քանի ռիսկերի կառավարում՝ առանց դրանք վերածելու լայնամասշտաբ ներքին ճգնաժամի։

1991 և 2011 թվականներից հետո Հյուսիսային Իրաքի և Հյուսիսային Սիրիայի նախադեպերը ցույց են տալիս, որ կենտրոնական պետության վրա արտաքին ռազմական ճնշումը հաճախ ստեղծում է փաստացի ինքնավար քրդական «անկլավներ» Արևմուտքի և Իսրայելի ռազմաքաղաքական պաշտպանության ներքո: Անկարայի համար իր արևելյան սահմանին նոր քրդական «կիսապետության» ի հայտ գալը, բնականաբար, կընդունվի որպես սպառնալիք։ Մասնավորապես, Թուրքիայի երկարատև առճակատումը ՔԲԿ-ի հետ և Իրանում հնարավոր քրդական քաղաքական մոբիլիզացիան՝ Անկարայի կողմից միանշանակ ընկալվելու է իբրև Իրաքյան Քրդստանն ու Սիրիայի քրդերի կողմից կառավարվող տարածքները կապող շարունակական աղեղի մի մաս:

Չմոռանանք, որ թեև Թուրքիան և Իրանը ռազմավարական մրցակիցներ են բազմաթիվ թատերաբեմերում՝ Իրաքից և Սիրիայից մինչև Հարավային Կովկաս, նրանք, այնուամենայնիվ, պատմականորեն համախմբվել են քրդական ուժերի գործողությունները կանխելու նպատակով։ Հետևաբար, այս պատերազմական գործողությունների արդյունքում Իրանի աստիճանական թուլացումը Անկարային զրկում է այն համախոհ գործընկերոջից, որի հետ հնարավոր էր չեզոքացնել քրդական զինված գործողությունները։ Այսպիսով, պարադոքսալ կերպով, Թուրքիան կհայտնվի այնպիսի իրավիճակում, երբ Իրանի հնարավոր պարտությունը կամ երկարաժամկետ անկայունացումն ավելի շատ կխաթարի քրդական հարցում Թեհրանի հետ ունեցած Անկարայի անվտանգային շահերը։

Ի դեպ, ԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերի կողմից Իրանի դեմ փետրվարի 28-ին սկսված ռազմական գործողություններից դեռևս մեկ շաբաթ առաջ Իրանի վարչակարգի ապագայի շուրջ ակտիվացած քննարկումների հետնապատկերում հյուսիսարևմտյան Իրանի հինգ առաջատար քրդական կուսակցություններ ձևավորեցին կոալիցիա՝ «Իրանական Քրդստանի քաղաքական ուժերի դաշինք» անվանմամբ։ Դաշինքը տարածեց հայտարարություն, որում ընդգծվում էր «Թեհրանի ռեժիմի ճնշող քաղաքականության» դեմ դիմադրությունը՝ շեշտադրելով հետևյալ հիմնական պահանջներն ու նպատակները.

  • Քուրդ ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ հիմնված նրանց քաղաքական կամքի վրա։
  • Ռոժհիլաթայում[6] ժողովրդավարական, բազմակարծիք և մարդակենտրոն վարչական համակարգի հաստատում։
  • Իրանում բռնապետության վերացում և կառավարման աշխարհիկ, ժողովրդավարական և դաշնային մոդելի հաստատում, որը երաշխավորում է բոլոր էթնիկ և կրոնական խմբերի իրավունքները։
  • Կանանց իրավունքների լիակատար պաշտպանություն, սոցիալական արդարության ապահովում և շրջակա միջավայրի պաշտպանության քաղաքականության ներառում կառավարման սկզբունքներում։
  • Համատեղ ընդդիմադիր ճակատի ձևավորման նպատակով համագործակցություն Իրանի այլ ժողովրդավարական ընդդիմադիր ուժերի հետ՝ «բռնապետությունը մերժելու» հիման վրա[7]։

«Համատեղ ընդդիմադիր ճակատի» ձևավորման շեշտադրումը ցույց է տալիս, որ քրդական ուժերը չեն սահմանափակվում տարածքային ինքնավարության հարցով, այլ ձգտում են ներգրավվել Իրանի հնարավոր վարչակարգի փոփոխության գործընթացում՝ հանդես գալով որպես համապետական խաղացող։ Սա նրանց դիրքավորում է ապագա քաղաքական վերաձևումների բանակցային սեղանի շուրջ սեփական տեղն ապահովելու համար։ Արևմտյան դերակատարների հնարավոր աջակցությունն իր հերթին էապես կբարձրացնի այս կոալիցիայի քաղաքական կշիռը, մինչդեռ Թուրքիան հակված է լինելու սահմանափակել դրա ազդեցությունը՝ քրդական գործոնի տարածումը կանխարգելելու նպատակով։ Հենց այս հակադիր վեկտորների բախումն էլ կարող է «քրդական հարցը» վերածել տարածաշրջանային դիմակայության բաղադրիչի։ Այնուամենայնիվ, դաշինքի իրական ազդեցությունը կախված է լինելու երեք հիմնական գործոնից՝ Իրանում կենտրոնական իշխանության կայունությունից, ընդդիմադիր դաշտի համախմբման մակարդակից և արտաքին ուժերի վերաբերմունքից։ Այս հարցադրումը պահանջում է առանձին վերլուծական մոտեցում:

Այլընտրանքային և վիճահարույց վարկածը, որն առաջ ենք քաշում հոդվածում, վերաբերում է Թուրքիայի կողմից հակամարտության հնարավոր գործիքավորմանը՝ կապված թյուրքախոսներով բնակեցված իրանական շրջանների հետ: Ինչպես հայտնի է, Հյուսիսարևմտյան Իրանում, ներառյալ՝ Արևելյան և Արևմտյան Ատրպատականի նահանգներում բնակվում են զգալի թվով թյուրքախոս իրանցիներ և Իրանի պետության մասնատման դեպքում մրցակցող արտաքին ուժերը կարող են փորձել օգտագործել այս գործոնը: Անկարայի համար, որը Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում ձևավորել է ագրեսիվ պանթյուրքական պատումներ, Իրանի տարածքային ամբողջականության խաթարումը կարող է ընկալվել որպես հնարավորություն իր նվաճողական քաղաքականության առաջխաղացման համար։

Բայց արդյո՞ք Անկարան կգնա նման արկածախնդրության։ Այդ ուղղությամբ ցանկացած գործողություն Իրանի կողմից կարժանանա ասիմետրիկ հակահարվածի, այդ թվում՝ հրթիռային հարվածների: Ավելին, Իրանի տարածքային մասնատման սցենարի դեպքում արտաքին ուժերի բացահայտ աջակցությունը կհակասի Իրանի տարածքային ամբողջականությունը հարգելու նրա պաշտոնական վարդապետությանը:

Այնուամենայնիվ, անուղղակի ներգրավվածությունը չի կարելի բացառել: Անկարան կարող է օգտագործել թուլացած Իրանը, որպեսզի ընդլայնի ազդեցությունը հետախուզական համագործակցության, քուրդ զինյալների դեմ անդրսահմանային գործողությունների կամ ավելի մեծ ինքնավարություն ձգտող տեղի թյուրքախոս գործիչներին քաղաքական աջակցության միջոցով և որոշ դեպքերում տվյալ գործողությունները հնարավոր է կոորդինացնի Ադրբեջանի հետ: Նման սցենարում Թուրքիայի հիմնական նպատակը պարտադիր չէ, որ լինի տարածքային բռնակցումը, այլ անվտանգության կեղծ քողի տակ «բարենպաստ գոտու» ստեղծումը՝ ինչպես դա իրականացվեց Սիրիայի դեպքում։ Այնուամենայնիվ, այս ռազմավարությունը վտանգավոր կերպով կխճճվի քրդական ուժերի հնարավոր վերելքի հետ և, եթե հանկարծ Իրանի կենտրոնական իշխանությունը փլուզվի, քրդական խմբերը կարող են ինքնավարություն հռչակել նախքան Իրանի թուրքամետ գործիչները կկարողանան համախմբվել: Այդ դեպքում Թուրքիան կանգնելու է կրկնակի ճակատային մարտահրավերների առաջ՝ մի կողմից փորձելով զսպել քրդական տարածքայնացումը, իսկ մյուս կողմից աջակցելով տեղական թյուրքական ազգայնամոլ-անջատողական տարրերի գործողություններին, ինչը կարող է Իրանի տարածքում վերաճել քուրդ-թյուրքական ռազմական բախումների։

Այս պահի դրությամբ, այնուամենայնիվ, Անկարան անվտանգության տեսանկյունից առաջնային խնդիր է դրել խուսափել հակամարտության մեջ ներքաշվելուց՝ միաժամանակ կանխելով դրա ազդեցությունն երկրի ներսում։ Հրթիռային միջադեպերը ցույց տվեցին, որ Թուրքիան այլևս չի կարող դիտարկել այս ճգնաժամն իբրև զուտ արտաքին զարգացում։ Նրա տարածքում տեղակայված ռազմավարական բազաները, հատկապես՝ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքները, օբյեկտիվորեն ընկալվում են իբրև հակամարտության մաս։ Միևնույն ժամանակ դիվանագիտական հարթակներում Անկարան ձգտում է պահպանել հավասարակշռություն, սակայն այդ դիրքորոշումը պահելը պահանջում է մշտական մանևրում՝ հատկապես արտաքին քաղաքական ճնշումների պայմաններում։

Տնտեսական տեսանկյունից բացասական հետևանքները նույնպես անխուսափելի են։ Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը և էներգակիրների գնաճը նախ ազդելու է Թուրքիայի որոշ ապրանքների թանկացման և լոգիստիկ ծախսերի բարձրացման վրա։ Հատկապես խոցելի են այն ոլորտները, որոնք կախված են տարածաշրջանային արտահանումից՝ սննդամթերքից, գյուղատնտեսական նշանակության ապրանքներից և վերամշակված արտադրանքից։

Ընդհանուր առմամբ, Թուրքիայի հետագա քայլերը մեծապես կախված են լինելու նրանից, թե որքան խորն ու երկարատև կլինի Իրանի շուրջ ձևավորված ճգնաժամը, և թե ինչպիսի նոր ուժային կոնֆիգուրացիա կձևավորվի տարածաշրջանում։ Անկախ այս ամենից, ակնհայտ է, որ Անկարան այսուհետ ստիպված է զուգահեռաբար ամրապնդել իր սահմանային և օդային պաշտպանությունը, վերահսկել քրդական գործոնի հետ կապված հնարավոր զարգացումները և բարձրացնել իր տնտեսական դիմադրողականությունը՝ շարունակվող անորոշության պայմաններում։

[1] Մեկնաբանությունը խմբագրություն է փոխանցվել 06.04.2026 թ.-ին:

[2] Արևելագետ, թուրքագետ: 2008–2019 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում որպես Հայագիտական կենտրոնի ղեկավար, 2014–2021 թթ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի գիտաշխատող։ 2019–2021 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վերլուծական ծառայության» բաժնում որպես ավագ փորձագետ։ 2021–2022 թթ. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի «Գիտահետազոտական աշխատանքների և միջազգային կապերի բաժնի» գլխավոր արխիվագետ։ 100-ից ավելի գիտավերլուծական հոդվածների և 12 կոլեկտիվ մենագրության հեղինակ է։

[3] Tsvetana Paraskova. Qatar to Lose $20 Billion Annual Revenue from Iranian Attacks on LNG․ OILPRICE. 20.03.2026, https://oilprice.com/Latest-Energy-News/World-News/Qatar-to-Lose-20-Billion-Annual-Revenue-from-Iranian-Attacks-on-LNG.html (բեռնման օրը՝ 25․03․2026)։

[4] «Нахиджеванский инцидент» от 05.03.2026: цели и акторы․ АРВАК – Армянский аналитический центр, 09.03.2026, https://arvak.am/ru/нахиджеванский-инцидент-от-05-03-2026-цели/ (բեռնման օրը՝ 25․03․2026)։

[5] PJAK: “Savaştan korunmak için yerel yönetim komiteleri kuralım”; MSB: “Faaliyetlerini takip ediyoruz”․ BIANET, 05.03.2026, https://bianet.org/haber/pjak-savastan-korunmak-icin-yerel-yonetim-komiteleri-kuralim-msb-faaliyetlerini-takip-ediyoruz-317406 (բեռնման օրը՝ 25․03․2026).

[6] Իրանական Քուրդիստանի կամ Արևելյան Քուրդիստանի ոչ պաշտոնական անվանումն է։

[7] İran’da Kürt kimliği: Kim kimdir? BIANET, 05․03․2026, https://bianet.org/haber/iranda-kurt-kimligi-kim-kimdir-317349 (բեռնման օրը՝ 25․03․2026).