
Հրապարակում
Իսրայել–Հունաստան–Կիպրոս ռազմավարական դաշինքի որոշ հարցերի մասին

Փորձագետի տեսակետ, 10.10.2025 թ.
Արեստակես Ս․ Սիմավորյան[1]
Վերջին տասնամյակում Արևելյան Միջերկրածովը վերածվել է կարևորագույն աշխարհաքաղաքական թատերաբեմի։ Տարածաշրջանում բնական գազի զգալի պաշարների հայտնագործությունը, ծովային (սահմանազատման) չլուծված վեճերը և քաղաքական վերադասավորումները ձևավորել են մի միջավայր, որտեղ առավել կարևոր են դառնում իրատեսական համագործակցության ձևաչափերը։ Կարելի է ասել, որ այս տեսանկյունից միջազգային համակարգի շարունակական վերափոխումները նվազեցրել են ավանդական երկկողմ դաշինքների արդյունավետությունը՝ դարձնելով դրանք անբավարար ժամանակակից անվտանգային և էներգետիկ մարտահրավերներին դիմակայելու համար։ Փոխարենը, բազմակողմ ձևաչափերը, չնայած իրենց որոշ սահմանափակումներին, առաջարկում են ավելի լայն հնարավորություններ՝ դաշինքի մեջ մտնող պետությունների շահերի շրջանակների ու ազդեցության դաշտի ընդլայնումից՝ ընդհուպ ոլորտային համագործակցության։
Այս համատեքստում Իսրայել–Հունաստան–Կիպրոս (այսուհետ՝ ԻՀԿ) եռակողմ դաշինքը վերածվել է իրական ռազմավարական առանցքի։ Մասնավորապես, հենվելով ընդհանուր էներգետիկ նպատակների և անվտանգության մտահոգությունների վրա՝ ԻՀԿ դաշինքը ցույց է տալիս, թե ինչպես կարող են բազմակողմ համագործակցության մոդելները ապահովել մանևրելու ավելի մեծ հնարավորություն ու ազդեցություն անկայուն միջավայրում, հատկապես` Արևելյան Միջերկրածովում՝ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության և նրա անօրինական գործողությունների հետնապատկերում։ Այն ցույց է տալիս, թե ինչպես են պետությունները կարողանում հարմարվել գլոբալ և տարածաշրջանային քաղաքականության փոփոխվող բնույթին։
Միևնույն ժամանակ, այլոց դիտարկումների համաձայն՝ տարածաշրջանում աստիճանաբար ձևավորվում է մի նոր անվտանգային ճարտարապետություն, «որտեղ Հունաստանը, Կիպրոսը և Իսրայելը կազմում են այն, ինչը կարելի է անվանել Միջերկրածովյան աղեղ, որը կարևոր հանգույց է կազմում ավելի մեծ աշխարհաքաղաքական կազմավորման՝ Հնդկա-Միջերկրական ծովի եզրագծի ներսում։ Այս տարածաշրջանը դարձել է Եվրասիայում և դրա շրջակայքում՝ ԱՄՆ և Չինաստանի միջև աշխարհաքաղաքական մրցակցության սրման կարևոր թատերաբեմ»[2]։
Գործնականում այս դաշինքը նաև զսպման միջոց է, որի նպատակն է սահմանափակել Անկարայի ծովային նկրտումները և նրա ազդեցությունն Արևելյան Միջերկրածովքի էներգետիկ և տրանսպորտային ուղիների վրա։ Դրանից ելնելով՝ հոդվածում կներկայացնենք, թե ինչպե՛ս է ձևավորվել այս «ռազմավարական եռանկյունին», ի՛նչ լծակներ է այն օգտագործում ու ինչպե՛ս է դրանց արձագանքել Անկարան վերջին հնգամյակում։
Ինչպես հայտնի է, տասնամյակներ շարունակ Իսրայելը ապավինում էր Թուրքիային՝ որպես իր հիմնական տարածաշրջանային գործընկերոջ, մինչդեռ Հունաստանն ու Կիպրոսը համակարգում էին Եգեյան ծովի և Կիպրոսի հետ կապված խնդիրները երկկողմանի ձևաչափով: Սակայն, փոփոխվող անվտանգային սպառնալիքներին ու, ընդհանրապես, տարածաշրջանային մարտահրավերներին (ծովային սահմանների շուրջ չլուծված վեճերը, ածխաջրածնային հանքավայրերի հայտնաբերումը և այլն) դիմագրավելու տեսանկյունից նման ձևաչափով համագործակցությունը բավարար չէր։ Առաջացավ անհրաժեշտություն՝ համագործակցությունը տեղափոխելու ավելի լայն ու բազմակողմ հարթություն, որի միջոցով կողմերը կկարողանային պաշտպանել թե՛ իրենց շահերը, և թե՛ հնարավորության պատուհան կբացվեր տարածաշրջանում իրենց կշիռը մեծացնելու համար։
Իսրայելի և Հունաստանի գործընկերությունն ինքնին չէր կարող լուծել հատկապես Կիպրոսի Բացառիկ տնտեսական գոտուն (այսուհետ՝ ԲՏԳ) վերաբերող վեճերը։ Նմանապես, Հունաստանին և Կիպրոսին անհրաժեշտ էր Իսրայելի տեխնոլոգիական և ռազմական առավելությունը՝ թուրքական ծովային պահանջների դեմ իրենց դիրքերն ամրապնդելու համար։ Ուստի կողմերը նման ձևաչափով համագործակցության շրջանակներում համատեղելով իրենց ռեսուրսներն ու շահերը՝ հաղթահարեցին երկկողմ հարաբերություններին բնորոշ սահմանափակումները։
Արևելյան Միջերկրածովում Իսրայելի և Հունաստանի մերձեցման համար առանցքային խթան դարձավ էներգետիկ ոլորտը՝ հատկապես այն պահից, երբ Իսրայելում և Կիպրոսում հայտնաբերվեցին բնական գազի խոշոր պաշարներ։ Այս հայտնագործությունները փոխեցին տարածաշրջանի ռազմավարական հավասարակշռությունը՝ ստեղծելով նոր հնարավորություններ։ Երուսաղեմում և Նիկոսիայում անմիջապես քննարկումներ սկսվեցին գազի հանքավայրերի շահագործման, գազի արտահանման և այս ամենի կառավարման հնարավոր տարբերակների շուրջ։ Իսրայելա-կիպրական համագործակցությունը ձևավորվեց ոչ միայն տնտեսական ու տեխնիկական փոխգործակցության, այլև քաղաքական վստահության հիման վրա՝ ուղեկցվելով բարձրաստիճան փոխայցելություններով, համատեղ տնտեսական նախաձեռնություններով և կնքված պայմանագրերով։
Այդուհանդերձ, տարածաշրջանում լարվածությունը կտրուկ աճեց։ Թել Ավիվի և Անկարայի միջև հարաբերությունների վատթարացումը (հատկապես 2010 թ. «Ազատության նավատորմի» հետ տեղի ունեցած միջադեպից հետո)[3] հանգեցրեց նրան, որ Թուրքիան բացեիբաց սկսեց սպառնալ Կիպրոսի էներգետիկ ծրագրերին՝ ընդհուպ ռազմական միջամտության հնարավորությամբ։ Այս համատեքստում Հունաստանը դարձավ բնական գործընկեր՝ միանալով Իսրայել–Կիպրոս համագործակցությանը և նպաստելով դաշինքի ստեղծմանը, որը փորձագետներն անվանում են «էներգետիկ եռանկյունի»։ Այն ներառում է երեք պետությունները միացնող էլեկտրաէներգիայի մալուխի կառուցման ծրագրեր, ինչպես նաև նոր հայտնաբերված բնական գազի պաշարները Հունաստանի միջով Եվրոպա արտահանող խողովակաշարի կառուցման վերաբերյալ քննարկումներ։
Մասնավորապես, 2009–2010 թթ. Միջերկրական ծովի իսրայելական, ինչպես և կիպրոսական ափամերձ հատվածներում հայտնաբերվեցին բնական գազի խոշոր պաշարներ՝ շուրջ 1.2 տրլն խմ ծավալով, որից ավելի քան 1 տրլն-ը՝ Իսրայելի առափնյա հատվածում։ Իսրայելական գազի պաշարների ավելի քան 85%-ը կենտրոնացված է երկու՝ «Լևիաֆան» (620 մլրդ խմ) և «Թամար» հանքավայրերում (280 մլրդ խմ)[4]։ Իսկ Կիպրոսի հունական մասի ափամերձ՝ «Աֆրոդիտե» գազային հանքավայրի պաշարները գնահատվում են՝ 170 մլրդ խմ:
Այս հայտնագործություններից հետո, 2020 թ. հունվարի 2-ին Աթենքում Կիպրոսի, Հունաստանի և Իսրայելի միջև ստորագրվեց EastMed (Eastern Mediterranean pipeline) գազատարի կառուցմանն ուղղված միջպետական համաձայնագիր։ Ստորագրման արարողությունից հետո, լրատվամիջոցների հետ զրույցում, Հունաստանի նախկին նախագահ Ն. Անաստասիադիսը նշել էր, որ «EastMed-ի նման նախագծերը հսկայական օգուտ կբերեն ինչպես մեր երկրներին, այնպես էլ տարածաշրջանին, որի իրականացումը հստակ կերպով կնպաստի Եվրամիության էներգամատակարարման անվտանգությանը»։ Նա նաև հավելել էր, որ համագործակցությունը ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ, «այլ ընդհակառակը, եթե որևէ պետություն կցանկանա մասնակցել դրան, ապա այն կողջունվի, իհարկե, եթե ընդունի միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները՝ լիովին հարգելով անկախ պետությունների ինքնիշխան իրավունքներն ու տարածքային ամբողջականությունը»[5]։
Հարկ է նկատել, որ ԵՄ-ն վաղուց էր դիտարկում Արևելյան Միջերկրածովքը որպես էներգետիկ անվտանգության տեսանկյունից ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջան։ Նման կարևորությունը պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ մի շարք ԵՄ անդամ երկրներ, հատկապես՝ Հունաստանն ու Կիպրոսը, անմիջականորեն տարածաշրջանի մաս են կազմում, այլև այն հեռանկարով, որ տեղի բնական գազի հսկայական պաշարները կարող են դառնալ ԵՄ համար էներգետիկ մատակարարումների բազմազանեցման կարևոր աղբյուր՝ նվազեցնելով կախվածությունը արտաքին մատակարարներից։ Ուստի ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից աջակցություն ստացող և նախնական գնահատականներով մոտ €7 մլրդ արժողությամբ EastMed նախագծով նախատեսվում է Լևանտինյան ավազանից (Իսրայել, Կիպրոս) բնական գազը Կիպրոսի և Կրետեի միջով հասցնել Հունաստան, ապա՝ հետագա կապերով (Իտալիայի միջոցով) արտահանել Եվրոպա:
Այնուամենայնիվ, 2022 թ. Վաշինգտոնը դադարեցրեց աջակցել նախագծին՝ պատճառաբանելով այն բնապահպանական մտահոգություններով, տնտեսական անարդյունավետությամբ և տարածաշրջանային լարվածության ռիսկերով[6]։ Նախագծի վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշումից հետո նախագահ Ռ. Թ. Էրդողանը իրեն հատուկ ոճով հայտարարեց, որ տարածաշրջանում ցանկացած նման էներգետիկ նախագիծ պետք է ներառի Թուրքիան. «Այս բիզնեսը չի կարող իրականացվել առանց Թուրքիայի։ Որովհետև եթե [գազը] պետք է այստեղից տեղափոխվի Եվրոպա, դա տեղի կունենա միայն Թուրքիայի միջոցով»[7]։
Միևնույն ժամանակ, Անկարան կտրուկ առարկություն է հայտնել նախագծի նկատմամբ՝ նշելով դրա հետ կապված բազմաթիվ «թերություններ»: Բացի դրանից, EastMed բնական գազի գազատարի նախագծի հետ կապված Թուրքիան ունի նաև այլ մտահոգություններ, որոնք տեղավորվում են իրավական, տնտեսական և, նույնիսկ, աշխարհաքաղաքական տիրույթներում։
- Անկարայի հիմնական առարկությունը՝ նախագծի կողմից «իր ծովային իրավունքների անտեսումն է»։ Վերջինս պնդում է, որ խողովակաշարի երթուղին խախտում է իր մայրցամաքային շելֆի և Բացառիկ տնտեսական գոտու (ԲՏԳ) սահմանները: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նույնիսկ հայտարարել էր, որ միջազգային իրավունքը պարտադրում է համակարգել ափամերձ պետությունների հետ այնպիսի գործողություններ, ինչպիսիք են խողովակաշարի կառուցումը և գիտական հետազոտություններն իրենց մայրցամաքային շելֆերում: Թուրքիան իր պահանջները հստակեցրեց նաև պաշտոնական խողովակներով, այդ թվում՝ 2020 թ. մարտին ՄԱԿ-ին ուղղված հայտարարությամբ: Բացի այդ, Թուրքիան ԱԳՆ մակարդակով հայտարարեց, որ Արևելյան Միջերկրածովքում ամենաերկար ափ ունեցող Թուրքիային և Կիպրոս կղզու բնական պաշարների նկատմամբ հավասար իրավունքներ ունեցող կիպրոսցի թուրքերին անտեսող ցանկացած նախագիծ չի կարող հաջողության հասնել:
- Անկարան նաև կասկածի տակ է դրել EastMed խողովակաշարի տնտեսական կենսունակությունը, ընդ որում՝ հնչեցնելով գրեթե նույն մտահոգություններն, ինչն ԱՄՆ-ն: Խոսքը վերաբերում էր նախագծի արժեքին և տեխնիկական մարտահրավերներին (այդ թվում՝ խորջրյա խողովակաշարի կառուցման հետ կապված հարցերը), բնապահպանական խնդիրներին և այլն։ Անկարան ընդգծել է, որ այս հարցերը պետք է հստակեցվեն միջազգային շահագրգիռ կողմերի հետ քննարկումներում։
- Թուրքիայում նաև կարծում են, որ Հունաստանը, Կիպրոսը և Իսրայելը նպատակ են հետապնդում ԱՄՆ աջակցությամբ ձևավորել տարածաշրջանային էներգետիկ բլոկ, և այդ նախագծին Անկարայի մասնակցության դիտավորյալ բացառումը վերջինիս ռազմավարական դերի նվազեցմանը միտված քայլեր են (այս խոսույթները շրջանառվում են Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությունում, լրատվական և գիտավերլուծական հրապարակումներում):
Հարկ է նկատել, որ միջազգային իրավունքի կիրառության և ծովային սահմանների իրավական կարգավիճակի հետ կապված ու EastMed նախագծի իրագործմանը վերաբերող Թուրքիայի մեկնաբանությունները կամայական են և անհիմն։ Բացառիկ տնտեսական գոտու (ԲՏԳ) վերաբերյալ թուրքական դիրքորոշումը չի կիսում որևէ այլ երկիր։ Նույնիսկ ԱՄՆ և ԵՄ-ն, որոնք ներկայումս դադարեցրել են աջակցել այս նախագծին, ղեկավարվելով միջազգային իրավունքով՝ անընդունելի են համարում Անկարայի դիրքորոշումը և դատապարտել են այն բազմակի անգամ։ Ժամանակին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ա. Ու. Միտչելը նույնիսկ քննադատեց թուրքական տեսակետը՝ նշելով, որ «այն [նկատի ունի Թուրքիան – Ա. Ս.] մեկն ընդդեմ ամբողջ աշխարհի»[8] ձևաչափ ունեցող կարծիք է։
Չմանրամասնելով միջազգային իրավունքի և ծովային սահմանների իրավական կարգավիճակի հետ կապված հարցերը, որոնց առաջիկայում ԱՌՎԱԿ կենտրոնի փորձագետները կանրադառնան իրենց հեղինակային հրապարակումներում, նշենք, որ չնայած «ռազմավարական եռանկյունու» գործադրած բոլոր ջանքերին՝ EastMed-ի ճակատագիրը մնում է անորոշ։ 2021 թ. Հունաստանը և Եգիպտոսը նույնիսկ քննարկում էին EastMed գազատարի երթուղու փոփոխման հնարավորությունը, որպեսզի հաղթահարեն նախագծի տեխնիկական դժվարությունները, ինչպես նաև լուծեն դրա տնտեսական նպատակահարմարության հարցը։ Մասնավորապես, առաջարկվել է, որ խողովակաշարը սկիզբ առնի Իսրայելի «Լևիաֆան» գազային հանքավայրից և Կիպրոս գնալու փոխարեն՝ ցամաքով ուղղվի դեպի Եգիպտոս, ապա Կրետե կղզի՝ անցնելով հույն-եգիպտական սահմանազատված բացառիկ տնտեսական գոտու տարածքով[9]։ EastMed գազատարի շուրջ բանակցությունները շարունակվել են նաև 2025 թ., սակայն մասնագետները պնդում են, որ «խողովակաշարի վերջնական կոնֆիգուրացիան մնում է անորոշ»[10]։
Արևելյան Միջերկրակածովքում Անկարայի պահանջների ու հավակնությունների պայմաններում 2024 թ. դեկտեմբերի վերջին Աթենքն ու Թել Ավիվը ստորագրեցին էներգետիկ ոլորտին առնչվող համաձայնագիր՝ վերահաստատելով, որ ամուր և երկարաժամկետ գործընկերության միջոցով համատեղ կշարունակեն աշխատանքներ տանել նախագծերի իրականացման ուղղությամբ։ Խոսքը հատկապես վերաբերում է Արևելյան Միջերկրածովքի ամենահավակնոտ և էլեկտրաէներգետիկ ոլորտի աշխարհաքաղաքական առումով ամենանշանակալի ենթակառուցվածքային նախագծերից մեկին՝ Great Sea Interconnector-ին (այսուհետ՝ GSI)։ Նախագծի արժեքը գնահատվել է €1.9 մլրդ, որից 657 մլն-ն ուղղակիորեն ստացվել է ԵՄ ֆինանսավորումից:
Նախատեսված լինելով որպես ստորջրյա էլեկտրահաղորդման մալուխ, այն կապելու է Իսրայելի, Կիպրոսի և Հունաստանի (Կրետեի միջոցով) էլեկտրական ցանցերը եվրոպական ցանցին։ Ակնհայտ է, որ այդ կերպ կողմերը նպատակադրվել են ստեղծել «էներգետիկ կամուրջ» Մերձավոր Արևելքի և Եվրոպայի միջև, որը վերջ կդնի Կիպրոսի և Իսրայելի էներգետիկ մեկուսացմանը:
Չնայած նրան, որ GSI–ն հիմնարար կերպով տարբերվում է EastMed-ից և միջազգային ծովային իրավունքների տեսանկյունից ավելի քիչ մարտահրավերներ է պարունակում իր մեջ, այնուամենայնիվ, ինչպես և կանխատեսելի էր՝ Անկարան ընդդիմացավ այս նախագծին։ 2024 թ. հուլիսին թուրքական ռազմածովային ուժերի նավերը նույնիսկ խոչընդոտեցին նախագծի համար հետազոտություններ անցկացնող իտալական նավին։ Արդյունքում, Թուրքիայի ագրեսիվ գործողությունների և ֆինանսական մտահոգությունների սրման պատճառներով նախագծի իրագործումը 2025 թ. մարտին պաշտոնապես դադարեցվել է։ Ըստ հունական ԶԼՄ-ների՝ որոշումը կայացրել է Հունաստանի անկախ էլեկտրահաղորդման օպերատորը (ADMIE), որը դադարեցրել է նախագծի ֆինանսավորումը մինչև հետագա ծանուցում[11]:
Ուշագրավ է, որ մինչև 2023 թ. Անկարան դեմ չէր GSI նախագծին, սակայն Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական վերջին ընտրություններից հետո կտրուկ փոխեց այս հարցում իր դիրքորոշումը՝ վերջին 2 տարում կոշտացնելով այն։ Որոշ գնահատականներով, սա պայմանավորված էր նրանով, որ 2023 թ. ընտրություններից առաջ Էրդողանը չէր ցանկանում ճգնաժամ հրահրել ԵՄ-ի հետ և իրեն ենթարկել ԵՄ տնտեսական պատժամիջոցների և անգամ ցանկանում էր նման զիջումներով ապահովել ԵՄ-ի գաղտնի աջակցությունը ընտրություններից առաջ[12]: Սակայն, 2025 թ. ապրիլին Անկարան նախ հայտարարեց, որ մալուխի կառուցումը չի կարող շարունակվել առանց իր համաձայնության, ապա նախագիծը անվանեց «սադրիչ», քանի որ այն, իբրև թե, անտեսում է Թուրքիայի և կիպրոսցի թուրքերի իրավունքները։ Նա անգամ սպառնաց, որ թուրքական իշխանությունները ծրագրի իրականացման շրջանակներում կատարվող ցանկացած աշխատանքի կարձագանքեն այնպես, ինչպես դա արել էին անցյալում[13]։
2025 թ. սեպտեմբերին Դ. Թրամփի հետ հանդիպումից հետո, Ռ. Թ. Էրդողանը վերահաստատեց, որ պաշտպանելու է իր շահերը Արևելյան Միջերկրածովքում և հայտարարեց, որ Անկարան նպատակ չունի խախտել ուրիշների իրավունքները, բայց կպահանջի միջերկրածովյան ռեսուրսների իր բաժինը[14]։
Քաղաքական առումով, GSI և EastMed նախագծերի ժամանակավոր կասեցումը թուլացնում է ԻՀԿ դաշինքի ռազմավարական դիրքը՝ նվազեցնելով Անկարայի նկատմամբ ունեցած որոշակի ազդեցությունը: Խողովակաշարի՝ դեպի Եգիպտոս վերաուղղորդելու խնդիրը ևս մնում է հարցականի տակ, քանի որ Գազայում տեղի ունեցող պատերազմական իրավիճակից օգտվելով՝ Անկարան կարգավորեց իր հարաբերությունները Կահիրեի հետ։ 13 տարվա դադարից հետո՝ 2025 թ. սեպտեմբերի վերջին, թուրքական և եգիպտական ռազմանավերը համատեղ խոշոր վարժանքներ անցկացրեցին Միջերկրական ծովում։
Այս իրադարձությունը ոչ միայն տարածաշրջանում ռազմաքաղաքական նոր դաշինքի ձևավորման նախանշան է, այլև աշխարհառազմավարական հետևանքներ ունեցող զարգացում: Սա ազդանշան պետք է լինի ԻՀԿ-ին, որ Եգիպտոսն իրեն այլևս չի դիտում Թուրքիայի դեմ միավորված ճամբարի մաս և չի բացառվում, որ կարճաժամկետ հեռանկարում այս նախաձեռնությանը կմիանա նաև Լիբիան։ Հատկապես, երբ Թուրքիան վերջինիս հետ 2019 թ. կնքել էր ծովային համաձայնագիր, ինչով ազդարարել էր, որ ագրեսիվ կերպով առաջ է մղելու իր ծովային պահանջները: Այս համաձայնագրից ելնելով՝ Անկարան պնդում է, որ տարածաշրջանում իրականացվող բոլոր էներգետիկ նախագծերը հակասում են Լիբիայի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրին, որը վերաբերում է Արևելյան Միջերկրականում ծովային իրավասության տարածքների սահմանազատմանը: Փոխըմբռնման հուշագիրը, որն անտեսում է հունական Կրետե կղզու գոյությունը, ԵՄ-ի կողմից դատապարտվել է որպես «անօրինական», և Բրյուսելը խոստացել է չճանաչել այն[15]:
Գործնականում անհավանական է թվում, որ առաջիկա տարիներին ԻՀԿ-ի և Թուրքիայի միջև Միջերկրական ծովի տարածաշրջանում վերոգրյալ 2 էներգետիկ նախագծերի շուրջ կձևավորվի իրատեսական համագործակցություն՝ հաշվի առնելով գոյություն ունեցող մարտահրավերները։ Գումարած դրան՝ թուրքական օկուպացիոն զորքերի ներկայությունը Կիպրոսում և Պաղեստինի հետ կապված վերջին զարգացումները, Սիրիայի հարցում Անկարայի և Թել Ավիվի միջև եղած տարաձայնությունները ևս խոչընդոտ են հանդիսանում այդ փոխհամագործակության համար. հետևաբար համապարփակ լուծման համար տարբեր խնդրահարույց հարցերում բոլոր կողմերին մնում է ընթանալ փոխզիջման ճանապարհով։ Սակայն, դա ևս քիչ հավանական է թվում, հետևապես, ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալու դրվագային լարվածության դրսևորումներ՝ հնարավոր ռազմական էսկալացիայի և անկանխատեսելի միջադեպերի տեսքով։ Այսինքն՝ կարելի է եզրակացնել, որ կողմերը ստիպված են առաջիկա տարիներին վերահսկել տարածաշրջանային անվտանգության հետ կապված ցանկացած զարգացում։ Թե որքանո՞վ դա նրանց կհաջողվի՝ այլ հարց է։
Ինչ վերաբերում է ԻՀԿ դաշինքին, ապա չենք կարծում, որ թուրքական ճնշումների և նախագծերի կասեցման հետևանքով այն կորցնում է իր կենսունակությունը։ Հակառակը՝ էներգետիկ համագործակցությունից զատ կողմերը եռակողմ ձևաչափով իրենց քաղաքականությունը կկառուցեն անվտանգային բնույթի ավելի լայն հարցերի շուրջ (խոսքը չի վերաբերում միայն ցամաքային և ծովային համատեղ զորավարժություններին, որոնք անց են կացվում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով)։ Այդպիսի, բայց էպիզոդիկ օրինակի ականատես եղանք Իսրայել–Իրան ռազմական գործողությունների ընթացքում, երբ Հունաստանն ու Կիպրոսը, պահպանելով չեզոքություն, այնուամենայնիվ, աջակցություն ձեռք մեկնեցին Իսրայելին։ Խոսքն Իսրայելի՝ Իրանի վրա հարձակումից մի քանի ժամ առաջ, իր քաղաքացիական ամբողջ նավատորմը հունական և կիպրոսյան օդանավակայաններ աննկատ տեղափոխելու մասին է։
Ամփոփելով նշենք, որ, թեպետ դաշինքը կանգնած է բազմաբնույթ մարտահրավերների առջև, այնուամենայնիվ, շարունակում է պահպանել իր նշանակալի դերակատարությունը Արևելյան Միջերկրածովքի փոփոխական և անկայուն միջավայրում։ Չնայած որ դաշինքն ի սկզբանե ստեղծվել էր էներգա-տնտեսական նախաձեռնությունների հողի վրա, ինչպես տեսնում ենք՝ այն հետզհետե վերածվել է տարածաշրջանային հավասարակշռման գործիքի։ Ուստի կարծում ենք, որ երկարաժամկետ հեռանկարում ԻՀԿ-ն կմնա տարածաշրջանի ուժային հավասարակշռության հիմնասյուներից մեկը՝ գլխավորապես հակակշռելով Անկարայի ընդլայնվող հավակնություններին։
Իհարկե, այս համատեքստում չպետք է անտեսել նաև Բրյուսելի և Վաշինգտոնի դերը, որոնք ի սկզբանե 2 նախագծերի քաղաքական հովանավորներն էին ու ֆինանսավորման աղբյուրը։ Սակայն, ներկայումս երկու «ուժային կենտրոնների» էներգետիկ քաղաքականության մեջ մեծ տեղ է հատկացվում ՎԷԱ-ին և «կանաչ» նախագծերին, ուստի, հատկապես EastMed-ի գազային խողովակաշարի նախագիծը հնարավոր է այլևս նրանց համար չունենա այն արժեքն ու կարևորությունը, ինչ նախկինում էր։ Ամեն դեպքում, նկատենք նաև, որ ԵՄ-ի կողմից ինստիտուցիոնալ հովանավորությունն ու ֆինանսական առումով աջակցությունը և ԱՄՆ-ի ներգրավվածությունը, որը մասամբ շարունակվում է այսօր, էականորեն կբարձրացնի դաշինքի միջազգային հեղինակությունը։ Սակայն ընդգծենք, որ ԱՄՆ և ԵՄ առաջնահերթությունները՝ պայմանավորված վարչակազմերի փոփոխություններով, կարող են մասնակիորեն կամ ամբողջապես վերանայվել, որի հետևանքով էականորեն կփոխվեն նաև դաշինքին ուղղված նրանց աջակցության չափերն ու ռազմավարական նպատակները։
Ինչևէ, որպես վերջաբան հավելենք, որ դաշինքի կենսունակությունն, այնուամենայնիվ, կախված կլինի տարածաշրջանային իրողություններին հարմարվելու և բազմաշերտ մարտահրավերներին (ներառյալ՝ դաշինքի մեջ մտնող երկրների ներպետական մարտահրավերներին) դիմագրավելու նրա կարողություններից՝ թե՛ «ռազմավարական եռանկյունու» ձևաչափով, թե՛ առանձին պետական սուբյեկտների կարգավիճակով։
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ
- Spyros Katsoulas․ How the Twelve-Days War with Iran Tested the Strategic Alliance between Israel, Greece, and Cyprus․ Turkeyscope,08.2025, https://dayan.org/content/how-twelve-days-war-iran-tested-strategic-alliance-between-israel-greece-and-cyprus#_edn18
- Богдан Атанесян. Турция и Израиль: от стратегических противоречий к военной эскалации. Аналитический центр АРВАК, 26․09․2025, https://surl.li/ruzpia
- Կարեն Վերանյան, Արևելյան Միջերկրածովի հակաթուրքական դաշինքը: Օրբելի կենտրոն, 29․05․2019, https://surl.li/yicrxg
- Signing ceremony for the Interstate Agreement for the construction of the EastMed pipeline between Cyprus, Greece, and Israel․ Republic of Cyprus Presidency, 02․01․2020, https://www.presidency.gov.cy/ cypresidency/cypresidency.nsf/presidenc2_en/presidenc2_en?OpenDocument
- Nektaria Stamouli․ EastMed: A pipeline project that ran afoul of geopolitics and green policies․ 18․01․2022, https://www.politico.eu/article/eastmed-a-pipeline-project-that-ran-afoul-of-geopolitics-and-green-policies/
- Any east Med gas project must include Turkey, says Erdogan․ 18.01.2022, https://www.ekathimerini. com/news/1175730/any-east-med-gas-project-must-include-turkey-says-erdogan/
- Vassilis Nedos․ Wess Mitchell sends clear message to Turkey over Cyprus․ 21.12.2018, https://www.ekathi merini.com/opinion/interviews/235913/wess-mitchell-sends-clear-message-to-turkey-over-cyprus/
- Athens and Cairo mull changing the route of EastMed pipeline․ https://www.energynomics.ro/en/athens-and-cairo-mull-changing-the-route-of-eastmed-pipeline/
- Greece and Israel Rekindle EastMed Pipeline Talks Amidst Regional Energy Reshuffle․ Greek City Times, 01․08․2025, https://greekcitytimes.com/2025/01/08/greece-and-israel-rekindle-eastmed-pipeline-talks-amidst-regional-energy-reshuffle/
- Chrysa Liangou, Vassilis Nedos․ Greece-Cyprus energy link put on ice․ 07.03.2025, https://www.ekathimerini.com/economy/energy/1263430/greece-cyprus-energy-link-put-on-ice/
- Fatih Yurtsever․ Why did Turkey object to EastMed but not EuroAsia Interconnector? Turkish Minute, 14․10․2022, https://turkishminute.com/2022/10/14/turkey-object-to-eastmed-but-not-euroasia-interconnector/
- Menelaos Hadjicostis․ EU irked by Turkish warnings against Greece-Cyprus-Israel electricity cable link, Cyprus says․ 11․04․2025, https://apnews.com/article/cyprus-turkey-greece-undersea-electricity-cable-interconnector-ccce85737cbf99cddd7cf1fa72678771
- Manolis Kostidis․ Erdogan: Turkey wants its share in East Med․ 27.09.2025, https://www.ekathimer ini.com/politics/foreign-policy/1282144/erdogan-turkey-wants-its-share-in-east-med/
- Sarantis Michalopoulos․ Cyprus says EU prosecutor has launched probe into Greece, Israel power link․ Euractiv, 05․09․2025, https://www.euractiv.com/news/cyprus-says-eu-prosecutor-has-launched-probe-into-greece-israel-power-link/
[1][1] Արևելագետ, թուրքագետ: 2008–2019 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում որպես Հայագիտական կենտրոնի ղեկավար, 2014–2021 թթ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի գիտաշխատող։ 2019–2021 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վերլուծական ծառայության» բաժնում որպես ավագ փորձագետ։ 2021–2022 թթ. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի «Գիտահետազոտական աշխատանքների և միջազգային կապերի բաժնի» գլխավոր արխիվագետ։ 100-ից ավելի գիտավերլուծական հոդվածներիև 12 կոլեկտիվ մենագրության հեղինակ է։
[1][2] Spyros Katsoulas․ How the Twelve-Days War with Iran Tested the Strategic Alliance between Israel, Greece, and Cyprus․ Turkeyscope, 14.08.2025, https://dayan.org/content/how-twelve-days-war-iran-tested-strategic-alliance-between-israel-greece-and-cyprus#_edn18 (բեռնման օրը՝ 02․10․2025)․
[1][3] Богдан Атанесян. Турция и Израиль: от стратегических противоречий к военной эскалации. Армянский аналитический центр АРВАК, 26․09․2025, https://surl.li/ruzpia (բեռնման օրը՝ 02․10․2025)․
[1][4] Կարեն Վերանյան, Արևելյան Միջերկրածովի հակաթուրքական դաշինքը: Օրբելի կենտրոն, 29․05․2019, https://surl.li/yicrxg (բեռնման օրը՝ 02․10․2025):
[1][5] Signing ceremony for the Interstate Agreement for the construction of the EastMed pipeline between Cyprus, Greece, and Israel․ Republic of Cyprus Presidency, 02․01․2020, https://www.presidency.gov.cy/ cypresidency/cypresidency.nsf/presidenc2_en/presidenc2_en?OpenDocument (բեռնման օրը՝ 02․10․2025)․
[1][6] Nektaria Stamouli․ EastMed: A pipeline project that ran afoul of geopolitics and green policies․ 18․01․2022, https://www.politico.eu/article/eastmed-a-pipeline-project-that-ran-afoul-of-geopolitics-and-green-policies/ (բեռնման օրը՝ 02․10․2025)․
[1][7] Any east Med gas project must include Turkey, says Erdogan․ 18.01.2022․ https://www.ekathimerini.com/ news/1175730/any-east-med-gas-project-must-include-turkey-says-erdogan/ (բեռնման օրը՝ 02․10․2025)․
[1][8] Vassilis Nedos․ Wess Mitchell sends clear message to Turkey over Cyprus․ 21.12.2018, https://www.ekathimerini.com/opinion/interviews/235913/wess-mitchell-sends-clear-message-to-turkey-over-cyprus/ (բեռնման օրը՝ 02․10․2025)․
[1][9] Athens and Cairo mull changing the route of EastMed pipeline․ https://www.energynomics.ro/ en/athens-and-cairo-mull-changing-the-route-of-eastmed-pipeline/ (բեռնման օրը՝ 02․10․2025)․
[1][10] Greece and Israel Rekindle EastMed Pipeline Talks Amidst Regional Energy Reshuffle․ Greek City Times, 01․08․2025, https://greekcitytimes.com/2025/01/08/greece-and-israel-rekindle-eastmed-pipeline-talks-amidst-regional-energy-reshuffle/ (բեռնման օրը՝ 05․10․2025)․
[1][11] Chrysa Liangou, Vassilis Nedos․ Greece-Cyprus energy link put on ice․ 07.03.2025, https://www.ekathi merini.com/economy/energy/1263430/greece-cyprus-energy-link-put-on-ice/ (բեռնման օրը՝ 07․10․2025)․
[1][12] Fatih Yurtsever․ Why did Turkey object to EastMed but not EuroAsia Interconnector? Turkish Minute, 14․10․2022, https://turkishminute.com/2022/10/14/turkey-object-to-eastmed-but-not-euroasia-interconnector/ (բեռնման օրը՝ 07․10․2025)․
[1][13] Menelaos Hadjicostis․ EU irked by Turkish warnings against Greece-Cyprus-Israel electricity cable link, Cyprus says․ 11․04․2025, https://apnews.com/article/cyprus-turkey-greece-undersea-electricity-cable-interconnector-ccce85737 cbf99cddd7cf1fa72678771 (բեռնման օրը՝ 07․10․2025)․
[1][14] Manolis Kostidis․ Erdogan: Turkey wants its share in East Med․ 27.09.2025, https://www.ekathi merini.com/politics/foreign-policy/1282144/erdogan-turkey-wants-its-share-in-east-med/ (բեռնման օրը՝ 07․10․2025)․
[1][15] Sarantis Michalopoulos․ Cyprus says EU prosecutor has launched probe into Greece, Israel power link․ Euractiv, 05․09․2025, https://www.euractiv.com/news/cyprus-says-eu-prosecutor-has-launched-probe-into-greece-israel-power-link/ (բեռնման օրը՝ 07․10․2025)․