Մեկնաբանություններ

Արդյո՞ք Իսրայելի շահերից է Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելը

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 05.08.2024 թ.[1]

29.07.2024 թ. Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը կոչ արեց «Թուրքիային անհապաղ հեռացնել ՆԱՏՕից»։ Նա ընդգծել է, որ նախագահ Էրդողանը իր երկիրը դարձրել է «իրանական չարի առանցքի մասնակից»։ Կացը նաև հիշեցրել է, որ Թուրքիան իր տարածքում բարեհաճորեն ընդունում է ՀԱՄԱՍ-ի անդամներին, որոնց դեմ ներկայումս պայքարում է Իսրայելը։

Իսրայելի նախարարն հայտարարություններն արել է՝ ի պատասխան թուրքական բանակը հրեական պետության մեջ մտցնելու Էրդողանի սպառնալիքներին։ Մեկ օր առաջ Ի. Կացը X-ի իր էջում թուրք առաջնորդին համեմատել է Սադդամ Հուսեյնի հետ. «Էրդողանը գնում է Սադդամ Հուսեյնի ճանապարհով՝ սպառնալով հարձակվել Իսրայելի վրա։ Պարզապես հիշեցնենք նրան, թե ինչ տեղի ունեցավ այնտեղ [Իրաք] և ինչպես ամեն ինչ ավարտվեց»:

Դատելով Իսրայելից ստացվող տվյալներից՝ Կացի հայտարարությունը Հյուսիսատլանտյան դաշինքից Թուրքիային հեռացնելու մասին զուտ հռետորական ուղերձ չպետք է համարել։ Ըստ The Times of Israel հրատարակության՝ հրեական պետության ԱԳՆ-ն տարածել է հետևյալ հայտարարությունը. «Թուրքիայի նախագահի՝ Իսրայել ներխուժելու սպառնալիքների և նրա վտանգավոր հռետորաբանության լույսի ներքո՝ Իսրայել Կացը դիվանագետներին <…> հանձնարարել է շտապ համագործակցել ՆԱՏՕ-ի բոլոր անդամների հետ, կոչ անելով դատապարտել Թուրքիային և պահանջել հեռացնել դաշինքից»։

Իսրայել Կացի հնչեղ խոսքերից երկու օր անց Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանի արձագանքը հետևյալն էր. «Սրանից բան դուրս չի գա ։ Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի կարող կասկածի տակ դրվել նման հավասարման մեջ։ Բացի այդ, Թուրքիան միակ երկիրը չէ, որի կարծիքը պաղեստինյան հարցի վերաբերյալ չի համընկնում Արևմուտքի հետ։ Կան այլ երկրներ, որոնք ունեն Իսրայելին դեմ դիրքորոշում, սակայն նրանց ձայների տոնայնությունը կարող է տարբեր լինել։ Պաղեստին պետության ճանաչման համատեքստում Իսպանիան, Իռլանդիան և Նորվեգիան պաշտոնապես հայտնել են իրենց դիրքորոշումը»։

Նախ, հարկ է նշել, որ Հ. Ֆիդանը որոշ չափով ուշացել է իր գործընկերոջը պատասխանելիս, ինչից կարելի է եզրակացնել, որ թուրքական դիվանագիտությունը հայտնվել է բավականին ծանր վիճակում։ Ռ. Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու պատրաստակամության սպառնալիքն աննախադեպ է նույնիսկ վարչապետ Նեթանյահուի հասցեին սովորական դարձած անձնական վիրավորանքների ֆոնին։ Նման հռետորաբանությունը հատկապես սադրիչ է Մերձավոր Արևելքում տիրող պայթյունավտանգ իրավիճակի և Իսրայելին նետած գոյութենական մարտահրավերների լույսի ներքո:

Սակայն, մյուս կողմից ակնհայտ է, որ Ֆիդանը չէր կարող իր պատասխանը ձևակերպել այնպես, որ դա թվար որպես «ապաշխարություն» թուրք առաջնորդի խոսքերի համար, ինչը նրան, անշուշտ, դուր չէր գա։ Հետևաբար, Թուրքիայի արտգործնախարարն իր պատասխանում նախընտրեց բանավեճը շեղել հարցի էությունից։ Անկասկած նա իրավացի է` ասելով, որ Հյուսիսատլանտյան դաշինքի շատ անդամներ աջակցում են «պաղեստինյան անկախությանը» և այս կամ այն ​​չափով դատապարտում են Թել Ավիվին՝ Գազայում կոնկրետ գործողությունների համար: Սակայն, դա ամենևին չի նշանակում, որ նրանք կարող են լինել Իսրայել՝ Մեծ Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ի գլխավոր դաշնակից երկիր, թուրքական ներխուժման գաղափարի կողմնակիցներ։ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն իր պատասխանում փոխարինել է քաղաքական ու դիվանագիտական ​​քաշքշուկի ֆոնը՝ իր դատողությունների փակագծերից դուրս թողնելով սկանդալի բուն ծագումը։ Ինչ վերաբերում է Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու գործընթաց սկսելու Իսրայելի իրական սպառնալիքներին, ապա այստեղ ևս նկատվում են էքսցենտրիկության և արմատական գործողությունների բեմականացման նշաններ։ Անկասկած, Թել Ավիվը իր դաշնակից ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ հարաբերությունների օրակարգում կներառի Թուրքիայի «անվայել պահվածքը» քննարկելու և դատապարտելու հարցերը։ Բայց, միևնույն ժամանակ, թուրքական քայլերին հակազդելու ընտրված մեթոդը չի նախատեսում իրական քայլեր Անկարային Հյուսիսատլանտյան դաշինքից «դուրս մղելու» համար։

Նախ, Իսրայելը ՆԱՏՕ-ի անդամ չէ, հետևաբար, չունի իրավական գործիքներ նման հարցը ռազմաքաղաքական կառույցի՝ գոնե քննարկմանը բերելու համար։

Երկրորդ, ՆԱՏՕ-ի կանոնադրության հիմնարար դրույթներից մեկը՝ «կոնսենսուսային որոշումների» սկզբունքը, ներկայումս բացառում է Թուրքիայի կարգավիճակի վերանայման հնարավորությունը, քանի որ 32 անդամների զգալի և, նույնիսկ՝ մեծ մասը, չի ընդունում նման նախաձեռնությունը։

Երրորդ, Թուրքիան համարվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հնաբնակներից մեկը և մի շարք պարտադրող գործոնների պատճառով կարևոր դեր է խաղում դրանում։ Տեսականորեն,  նույնիսկ այնպիսի «աննշան» երկրների, ինչպիսիք են՝ Էստոնիան կամ Ալբանիան, հեռացումը ՆԱՏՕ-ից առնչվում է բազմաթիվ իրավական և տեխնիկական խնդիրների հետ և հղի է անդառնալի հետևանքներով ողջ ռազմաքաղաքական բլոկի ապագայի համար։ Զինված ուժերի քանակով ԱՄՆ-ից հետո ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ երկրի՝ Թուրքիայի հեռանալը դաշինքից այլևս կասկածի տակ կդնի նրա հետագա գոյությունը։

Չորրորդ՝ չպետք է միանշանակ ասել, որ ՆԱՏՕ-ից Թուրքիայի հեռացումը բխում է Իսրայելի սեփական ազգային շահերից։ Քանի դեռ Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է, այն քիչ թե շատ վերահսկվում է, անկախ իր առաջնորդի անձնական նկրտումներից ու բնութագրերից։ Դաշինքից դուրս՝ չծանրաբեռնվելով իր պարտավորություններով, այն, թեկուզ կարճաժամկետ հեռանկարում (տնտեսական իրավիճակի պատճառով), կարող է դառնալ Արևմտյան Ասիայում նշանակալի ռազմաքաղաքական միավոր, Իսրայելին` նոր թշնամի ստանալու փաստի առաջ կանգնեցնելով։ Այս պահին սա հրեական պետության համար զարգացումների ամենաանընդունելի սցենարն է։

Եվ, վերջապես, հինգերորդ՝ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին Իսրայելին կայուն կերպով տրամադրում է հումք և ռազմավարական նպատակի ապրանքներ, որոնք այս պահին գոյութենական նշանակություն ունեն Թել Ավիվի համար, շատ ավելի նշանակալից, քան Էրդողանի ագրեսիվ հռետորաբանությունը, որն իրականում գործնական սպառնալիքներ չի պարունակում։

Ուստի Թել Ավիվից չպետք է ակնկալել արդյունավետ քայլեր, որոնք ուղղված են Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու միջոցով Արևմուտքի մերձավորարևելյան քաղաքականության փաստացի ապամոնտաժմանը: Միգուցե հռետորաբանությունը կշարունակի հետևողականորեն թեժանալ, և Իսրայելը չի հրաժարվի այս ուղղությամբ ցուցադրական ժեստերից, բայց այս ամենը չի հասցնի «անդառնալի կետին» և Անկարայի ու Թել Ավիվի տասնամյակներ շարունակ կառուցած հարաբերությունների վերջնական վատթարացմանը:

(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 04.08.2024 թ.: