ՀՀ, Արցախ, Սփյուռք

Թուրքիայի ՏԻՄ ընտրությունները. Էրդողանի մայրամուտի սկիզբը

Արեստակես Ս. Սիմավորյան(1)(2)

Մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցան ՏԻՄ ընտրությունները։ Ինչպես և սպասվում էր, իշխող կուսակցության և ընդդիմության գլխավոր պայքարն ընթացավ Ստամբուլի, Անկարայի և Իզմիրի քաղաքապետների պաշտոնների համար, որտեղ այն ավարտվեց ընդդիմության հաղթանակով։ Թեև Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը դեռևս վերանայում է քվեարկության արդյունքները, այնուհանդերձ, այն էական ազդեցություն չի թողնի ընտրության վերջնարդյունքի վրա, ուստի կարելի է ասել, որ նախագահ Ռ․ Թ․ Էրդողանը կիրակի օրը ուժգին ապտակ ստացավ երկրի գլխավոր ընդդիմադիր կուսակցության կողմից։ Վերջնական արդյունքներով «Հանրապետական ժողովրդական» կուսակցությունը (ՀԺԿ) հաղթեց Թուրքիայի շրջանների մեծ մասում։

Համեմատելով 2019 թ․ տեղի ունեցած տեղական ընտրությունների հետ՝ ընդդիմության օգտին այս անգամ քվեարկել է ընտրողների 37,40%-ը (2019 թ.՝ 30,12%-ը), իսկ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) օգտին՝ 35,73%-ը (2019 թ․՝ 44,33%-ը)։ ՀԺԿ-ն հաղթեց նաև այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են՝ Ադանան, Ադըյամանը, Բուրսան և այլն։ Ընդհանուր առմամբ, ՀԺԿ-ն հաղթեց 35 շրջանում (2019 թ․՝ 21 շրջան էր), իսկ ԱԶԿ-ն՝ 24 շրջանում (2019 թ․՝ 39 շրջան էր)։

Քրդամետ «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցությունը (թուրքերեն հապավումը` DEM) հաղթանակեց հիմնականում քրդաբնակ 10 շրջանում (ստացել է 5,7%)։ ԱԶԿ-ի հետ դաշինք կազմած «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ), որը 2019 թ․ տեղական ընտրությունների վերջնարդյունքում հաղթել էր 11 շրջանում, այս անգամ կարողացավ հաղթել 8-ում։ Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ 2014 թվականից ի վեր քաղաքացիների շրջանում ԱՇԿ-ի համակիրների թիվը տոկոսային առումով տարեցտարի նվազում է, այսպես` տեղական ընտրություններում 2014 թ․ ԱՇԿ-ն ստացել էր 14,7%, 2019 թ․՝ 7,3%, իսկ 2024 թ․՝ 5%։ Ընդ որում, վերջին ընտրություններում ազգայնամոլական այս կուսակցությունը պարտվեց հիմնականում ՀԺԿ-ին՝ Սևծովյան շրջանի մի քանի մարզում, մյուս կողմից՝ կարողացավ ամրապնդվել Կարսի շրջանում, ուր 2019 թ․ հաղթել էր քրդական  «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ)։

ՀԺԿ-ի հետ նախկինում դաշինք կազմած «Լավ» կուսակցությունը կարողացավ հաղթել միայն մեկ շրջանում՝ Թուրքիայի կենտրոնական հատվածում՝ Նևշեհիրի մարզում։ Իսկ ահա ԱԶԿ-ի հետ նախկինում դաշնակցող «Կրկին բարեկեցություն» կուսակցությունը, որն ընտրությունների նախաշեմին Գազայի հակամարտության հարցում ԱԶԿ-ի հետ ուներ տարաձայնություններ, առաջին անգամ և անսպասելիորեն հաղթանակեց Յոզղաթի և Շանլըուրֆայի շրջաններում։ Եվ, վերջապես, «Մեծ միություն» կուսակցությունը (թուրքերեն հապավումը՝ BBP) հաղթեց Սիվասի շրջանում(3)։

Էրդողանի պարտության հնարավոր պատճառները որոշ գնահատականներ

ՏԻՄ ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո, ԱԶԿ-ԱՇԿ դաշինքի պարտության պատճառների մասին հնչել են տարբեր գնահատականներ։ Մեր կարծիքով, պետք է առանձնացնել մի շարք գործոններ, որոնք ազդեցին ընտրությունների ելքի վրա։ Ըստ մեզ, գլխավոր գործոնը տնտեսական մարտահրավերներն են. մի քանի տարի շարունակ Թուրքիան բախվում է տնտեսական դժվարությունների (բարձր գնաճ, ազգային արժույթի արժեզրկում և գործազրկության աճ), ուստի այս իրադրությունը, հավանաբար, նպաստեց իշխող կուսակցության նկատմամբ ընտրողների դժգոհության ձևավորմանը: Ի դեպ, ելնելով մեր դիտարկումներից նշենք, որ ՏԻՄ նախընտրական քարոզարշավներին մասնակցող Էրդողանը շատ ավելի քիչ էր խոսում տնտեսական հարցերից (երբեմն, նույնիսկ, խուսափում էր բազմահազարանոց ցույցերին խոսել այդ մասին), սակայն, ավելի շատ գովազդում էր ռազմաարդյունաբերական ձեռքբերումները, արտաքին քաղաքականությունում ունեցած հաջողությունները և անվտանգությանն առնչվող հարցերը։ Օգտագործում էր նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ կիրառվող նույն ռազմավարությունը՝ հասարակության հետ երկխոսությունը կառուցելով «անվտանգության» թեմաների շուրջ։ Ինչպես նշում են որոշ փորձագտներ, պահպանողական ընտրողները պատժեցին ԱԶԿ-ին ընտրություններում՝ «կենսական կարևորության ծախսերի ճգնաժամի համար»։

Երկրորդ կարևոր գործոնը զգալի քաղաքական բևեռացումն է, որը գոյություն ունի Թուրքիայում և որն արտահայտվում է Ռ․ Թ․ Էրդողանի՝ ԱԶԿ-ի և ընդդիմադիր կուսակցությունների միջև տարբեր հարցերի շուրջ եղած սուր տարաձայնություններով։ Այս բևեռացումը կարող էր դրդել մեծ թվով քաղաքացիների՝ դեմ քվեարկել ԱԶԿ-ին: ԱԶԿ-ն, որն ավանդաբար միշտ ուժեղ աջակցություն ուներ գյուղական վայրերում և փոքր քաղաքներում, տարեցտարի դժվարությունների է բախվում մեգապոլիսներում։ Այդ պատճառով, կուսակցության՝ քաղաքաբնակների հիմնական մտահոգություններին չանդրադառնալը նպաստեց  առանցքային համարվող քաղաքներում նրա պարտությանը:

Կարելի է պնդել, որ վերջին շրջանում հասարակության վստահությունը իշխող կուսակցության և նրա ղեկավարության նկատմամբ, մեղմ ասած, «քայքայվել» է՝ պայմանավորված նաև Գազայի հակամարտությամբ։ Հասարակության ավելի լայն շերտեր են խոսում Էրդողանի՝ Իսրայելի նկատմամբ բռնած երկդիմի քաղաքականության մասին։ Այդ է պատճառը, որ քվեատուփերից դուրս էին բերվում Գազան չպաշտպանելու՝ Էրդողանին հղված մեղադրանքներով գրություններ, ընտրարշավի ժամանակ նույնիսկ պարզում էին պաստառներ։ Թե որքանով էր ազդեցիկ ընտրողների որոշումների վրա Գազայի գործոնը, կարծում ենք, առանձին ուսումնասիրության առարկա է։

Ի դեպ, ընդդիմադիր կուսակցությունները, մասնավորապես՝ ՀԺԿ-ն, հասարակությանը հուզող այս (նկատի ունենք Գազայում տեղի ունեցող հակամարտությունը) կամ ներթուրքական տիրույթում առկա սոցիալ-տնտեսական և հիմնական այլ հարցերի  հետ կապված իրենց ուղերձները կարողացան հստակ ու արդյունավետորեն փոխանցել ընտրազանգվածին։ Համենայնդեպս, ընտրության արդյունքները վկայում են այդ մասին։ Այնպես որ ՀԺԿ-ն կարողացավ բազմաթիվ համայնքներում ներկայանալ միասնական ճակատով և համախմբված, և այն կանխատեսումները, որ «Լավ» կուսակցության հեռանալը դաշինքից կարող էր վտանգել գլխավոր ընդդիմության հաջողությունը ՏԻՄ ընտրություններում՝ չիրականացան։

Ինչ վերաբերում է Էրդողանին, ապա, նա ընդունեց պարտությունը և քննությունից «կտրված» ուսանողի պես խոստովանեց, որ շատ հարցերում, այդ թվում՝ թեկնածուների, սխալներ են թույլ տվել, իր ձևակերպմամբ․ «Ցավոք, մենք չկարողացանք հանձնել քննությունը և հասնել մեր ուզած և ակնկալած արդյունքին ՏԻՄ ընտրություններում»։

Հաշվի առնելով ՏԻՄ ընտրությունների արդյունքները՝ կարող ենք հաստատել, որ Էրդողանի և իր կուսակցության համար այն էական հետընթաց էր: Չնայած թուրքական մեդիայում շրջանառվող տեղեկություններին, որ Թուրքիայում հնարավոր են նաև արտահերթ նախագահական ընտրություններ, այդուհանդերձ, ՏԻՄ ընտրություններից անմիջապես հետո իշխող կուսակցությունը բացառեց նման քայլի գնալը։ Այնպես որ՝ Էրդողանը մնում է նախագահ՝ գործադիր լիազորություններով, և նրա պաշտոնավարումը նախատեսված է մինչև 2028 թվականը:

Թե այս ՏԻՄ ընտրության արդյունքներն ինչպես կանդրադառնան նրա հետագա քաղաքական ռազմավարության վրա՝ դժվար է ասել։ Սակայն, ընդհանուր առմամբ, Էրդողանի և ԱԶԿ-ի քաղաքական ապագան մնում է անորոշ, և քանի դեռ ԱԶԿ-ն որոշակի աջակցության բազա ունի, Էրդողանը ստիպված է լինելու իր մերձակա շրջապատից ընտրել իրեն փոխարինող։ Ինչպես նախկինում էինք նշել, այդ դերում կարող է առաջադրել  իր փեսային՝ Սելչուք Բայրաքթարին կամ քաղաքական և կառավարման փորձ ունեցող կուսակիցներից որևէ մեկին(4)։

ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. Türkiye Yerel Seçim Sonuçları 31 Mart 2024. https://www.yenisafak.com/yerel-secim-2024/secim-sonuclari
  2. 31 Mart 2019 Türkiye Geneli Yerel Seçim Sonuçları․ https://www.yenisafak.com/yerel-secim-2019/secim-sonuclari
  3. 30 Mart 2014 Türkiye Geneli Yerel Seçim Sonuçları. https://www.yenisafak.com/yerel-secim-2014/secim-sonuclari
  4. Simavoryan, A. (2023). Presidential Elections in Turkey-2023. https://arvak.am/en/28022023_arestakes_simavoryan_presidential_elections_in_turkey_2023_eng/

(1) Արևելագետ, թուրքագետ: 2008–2019 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում՝ որպես Հայագիտական կենտրոնի ղեկավար, 2014-2021 թթ.-ին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի գիտաշխատող։ 2019–2021 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վերլուծական ծառայության» բաժնում՝ որպես ավագ փորձագետ։ 2021–2022 թթ. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի «Գիտահետազոտական աշխատանքների և միջազգային կապերի բաժնի» գլխավոր արխիվագետ։ 100-ից ավելի գիտավերլուծական հոդվածների և 12 կոլեկտիվ մենագրության հեղինակ է։

(2) Հոդվածը խմբագրություն է հանձնվել 03.04.2024 թ.։

(3) ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ տես, 31 Mart 2019 Türkiye Geneli Yerel Seçim Sonuçları. https://www.yenisafak.com/yerel-secim-2019/secim-sonuclari (բեռնման օրը՝03․04․2024). Türkiye Yerel Seçim Sonuçları 31 Mart 2024. https://www.yenisafak.com/yerel-secim-2024/secim-sonuclari (բեռնման օրը՝ 03․04․2024)․ 30 Mart 2014 Türkiye Geneli Yerel Seçim Sonuçları. https://www.yenisafak.com/yerel-secim-2014/secim-sonuclari (բեռնման օրը՝ 03․04․2024)․

(4) Simavoryan A., (2023). Presidential Elections in Turkey-2023. ARVAK| An Armenian Analytical Center paper. https://arvak.am/en/28022023_arestakes_simavoryan_presidential_elections_in_turkey_2023_eng/ (բեռնման օրը՝ 03․04․2024)․