Մերձավոր Արևելք, Սահմանակից երկրներ

Ինչու՞ է Անկարան առաջ մղում «երկու պետություն» մոդելի գաղափարը Պաղեստինի հարցում

Արեստակես Ս. Սիմավորյան(1)(2)

Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակ տեղի ունեցող Պաղեստին–Իսրայել հակամարտությունը, որը ներկայումս սուր բնույթ է կրում և ընթանում բազմաթիվ զոհերով ու ավերածություններով, ստիպում է բազմաթիվ պետությունների խնդրին տալ վերջնական լուծում, ինչը վերջ կդնի երկարամյա հակամարտությանը։ Գազայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետնապատկերում որոշ երկրներ սկսել են ճանաչել Պաղեստինի անկախությունը։

Չնայած այս գործընթացներին, պետք է նշել, որ միջազգային տարբեր սուբյեկտներ հարցի լուծման ուղղությամբ տաբեր առաջարկություններով են հանդես եկել, մասնավորապես տարբեր ժամանակներում «երկու պետություններ» մոդելը (Պաղեստին և Իսրայել՝ մինչև 1967 թ. սահմաններով կամ նույն մոդելի իրագործումը՝ 1967 թ. հետո եղած սահմաններով) եղել է միջազգային դիվանագիտական ​​ջանքերի հիմնաքարը, որը հավանության է արժանացել ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի, Եվրամիության և բազմաթիվ այլ կառույցների կողմից:

Առաջարկվող «Երկու պետություն» մոդելը նախատեսում է ներկայիս Իսրայելի դե ֆակտո տարածքում Իսրայել և Պաղեստին անկախ պետությունների ստեղծում։ Այդուհանդերձ, մոդելի իրագործելիության տեսանկյունից այն հավանության չեն արժանացրել երկու կողմերն էլ, քանի որ դրա իրագործումը ենթադրում էր կարգավորել մի շարք խնդրահարույց հարցեր, ինչպիսիք են՝ Երուսաղեմի կարգավիճակը, փախստականների վերադարձը, սահմանների որոշման, ինչպես նաև՝ անվտանգությանն առնչվող այլ հարցեր։ Կարճ ասած, կողմերը պետք է գնան փոխզիջումների ճանապարհով։

Նման հնարավոր զարգացման դեպքում, թե՛ Պաղեստինում, թե՛ Իսրայելում անկասկած առաջանալու է քաղաքական ճգնաժամ, քանի որ կլինեն առաջարկվող  մոդելին ընդդիմացող քաղաքական ուժեր։ Սակայն, ինչպես նշում է պաղեստինցի հայտնի լրագրող Դավուդ Կուտտաբը. «Ի սկզբանե այս տերմինը (նկատի ունի «երկու պետություն» մոդելը – Ա.Ս.) վերաբերում էր կոնկրետ գաղափարին՝ Իսրայելի կողքին ինքնիշխան, անկախ Պաղեստին պետության ձևավորմանը։ Սակայն քաղաքական գործիչների մեծ մասի համար այս արտահայտությունը վաղուց վերածվել է դատարկ կլիշեի, որն արտասանվում է սովորությունից դրդված և առանց մեծ հետաքրքրության այս գաղափարը կյանքի կոչելու»(3)։

Այնուամենայնիվ, «երկու պետություն» մոդելով լուծումն այժմ ավելի հեռու է, քան երբևէ եղել է, ոմանք նույնիսկ այն համարում են «մեռած» գաղափար(4)։ Կան նաև հակառակը պնդողները, ինչը ցույց է տալիս, որ խնդրի լուծման մոտեցումների հարցում չկա փոխհամաձայնություն նաև փորձագիտական հանրության շրջանում(5)(6):

Այս ամենի հետ միասին, որոշ քաղաքական ղեկավարներ և վերլուծաբաններ վերջին տարիներին հանդես են գալիս այլընտրանքային ձևաչափով լուծումների օգտին՝ առաջ քաշելով «մեկ պետության» կամ «համադաշնության» մոդելները:

Ինչ վերաբերում է Թուրքիայի դիրքորոշմանը, ապա, չնայած նրան, որ 1988 թ. Թուրքիան ճանաչել է Պաղեստինի անկախությունը, այդուհանդերձ, հակամարտության լուծման հարցում իշխող կուսակցությունը՝ ԱԶԿ-ն, իր հռետորաբանությունում կիրառում է «երկու պետություն» մոդելը։ Այսպես, 2023 թ. դեկտեմբերին Դուբայում կազմակերպված COP28 կլիմայական գագաթնաժողովի ժամանակ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ հարցազրույցում բացառել է իսրայելա–պաղեստինյան հակամարտության լուծումը, որը կենտրոնացած չէ երկու պետություն ձևաչափի վրա․ «Գազայի հարցը չի կարող քննարկվել, եթե չկա երկու պետությունների լուծում։ Եթե ​​մենք առաջնահերթություն տանք երկու պետությունների ձևաչափով լուծմանը, Գազայի հարցը և սպառնալիքները կվերանան»(7)։ Նույն մոդելի կողմնակից է նաև Հաքան Ֆիդանը, և կարելի է ասել, որ այն, ընդհանրապես, ԱԶԿ-ի հստակ դիրքորշումն է, որի մասին վերջին շրջանում բարձրաձայնում են այդ կուսակցության անդամները(8)։

Այնուամենայնիվ, ինչո՞ւ է Թուրքիան Պաղեստինի հարցի լուծման համար համառորեն առաջ մղում երկու պետությունների մոդելը։ Խնդիրը, մեր կարծիքով, պայմանավորված է Կիպրոսի հարցով։ Ինչպես հայտնի է, 1974 թվականից ի վեր՝ երբ թուրքական զորքերն օկուպացրեցին Կիպրոսի կղզու հյուսիսային հատվածը, այն բաժանված է երկու մասի: Որպես այս օկուպացիայի հետևանք, կղզու հյուսիսային մասում ստեղծեց, այսպես կոչված, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (ՀԿԹՀ), որը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից։

Կիպրոսի խնդրի կարգավորման բանակցությունները սկսվեցին 2015 թ. մայիսի 12-ից մինչև 2017 թ. հուլիսի 7-ը։ 2015–2017 թթ․-ին ընթացող բանակցություններում տեղի  ունեցան ավելի քան 70 հանդիպում Կիպրոսի հույն և թուրք առաջնորդների, ավելի քան 150 հանդիպում բանակցողների և 360 հանդիպում փորձագետների միջև: Քննարկվում էր դաշնային մոդելով «վերամիավորման» հարցը։ Սակայն, ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող երկարատև բանակցությունները ձախողվեցին, քանի որ կողմերը այդպես էլ չկարողացան որոշել ապագա դաշնության սահմանները։

Կիպրոսի հունական կառավարության այն ժամանակվա խոսնակ Նիկոս Խրիստոդուլիդեսը մեղադրեց թուրքերին, նշելով, որ «նրանց վերաբերմունքի արդյունքում հնարավոր չեղավ ավարտին հասցնել մի խոստումնալից գործընթաց»։ Թուրքական կողմն, իր հերթին, մեղադրեց կիպրահունական կողմին՝ տարածքային և այլ «ծանր» հարցերում «մաքսիմալիստական ​​դիրքորոշումների» վրա պնդելու մեջ(9)։

Բանակցությունների ձախողումից հետո, Հյուսիսային Կիպրոսի թուրքական վարչակազմը Անկարայի աջակցությամբ 2020 թ. փոխեց լուծման իր մոտեցումը՝ առաջ մղելով «երկու պետություն» մոդելը: Թուրքական կողմն այժմ ցանկանում է ոչ թե դաշնության, այլ՝ «երկու ինքնիշխան պետությունների» վրա հիմնված լուծում ստանալ: Հիշեցնելով ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի նախագահ Էրսին Թաթարի կողմից քարոզվող երկու պետությունների բանաձևը՝ նախագահ Էրդողանն ասել էր, որ իրենք կողմ են երկու պետության հավասար, ինքնիշխան լուծմանը, քանի որ նախկին բանակցություններից չկարողացան արդյունք ստանալ(10)։ Ի դեպ, 2020 թ․ ինքնահռչակ ՀԿԹՀ-ում անցկացված սոցհարցումների տվյալներով կղզու թուրք բնակչության 81%-ը կողմ է արտահայտվել «երկու պետություն» մոդելին(11)։

Այդուհանդերձ, ՄԱԿ-ը և ԵՄ-ն, ինչպես նախկինում էր, այսօր էլ մեծապես աջակցում են Կիպրոսի խնդրի դաշնային տարբերակով լուծմանը: Ինչ վերաբերում է «երկու պետություն» մոդելով լուծման գաղափարին, այն դեռևս բախվում է զգալի դիմադրության, քանի որ դրա իրագործման պարագայում ՀԿԹՀ-ն կճանաչվի միջազգային սուբյեկտ, որը տարբեր երկրներ համարում են ներխուժման և օկուպացիայի արդյունքում ձևավորված ապօրինի կազմավորում։ Արդյո՞ք հնարավոր նոր բանակցությունների մեկնարկի համար կողմերը կքննարկեն «երկու պետություն» մոդելը, դժվար է ասել, սակայն կարճաժամկետ հեռանկարում Կիպրոսի հարցի լուծում, հատկապես՝ այս մոդելի շրջանակներում, ակնկալելը, կարծես թե, իրատեսական չէ։

Գալով այն հարցադրմանը, թե ինչո՞ւ է Թուրքիան Պաղեստինի հարցում տարբեր հարթակներում թմբկահարում «երկու պետության» մոդելը, ենթադրում ենք, որ այդպիսով այն հեռահար նպատակներ է հետապնդում։ Մասնավորապես, եթե Պաղեստինի հարցը լուծվի այդ ձևաչափով (ինչը խիստ անհավանական է թվում), ապա այն որպես նախադեպ, անկասկած, կօգտագործվի Անկարայի կողմից նաև Կիպրոսի հարցում։ Ուստի, այս ժամանակահատվածում Թուրքիայի իշխող կուսակցությանը սատարող ուղեղային կենտրոններն ու լրատվամիջոցները եռանդունորեն քարոզում են «երկու պետության» մոդելը՝ թե՛ Պաղեստինի, թե՛ Կիպրոսի հարցերում։

ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. Daoud Kuttab. Как реанимировать принцип «два государства для двух народов». (13.07.2022). https://www.project-syndicate.org/commentary/two-state-solution-steps-us-could-take-by-daoud-kuttab-2022-07/russian
  2. Ian Parmeter. Israel-Palestinian conflict: is the two-state solution now dead? (28.2024). https://theconversation.com/israel-palestinian-conflict-is-the-two-state-solution-now-dead-221967
  3. Benjamin Case. A two-state solution for Israelis and Palestinians might actually be closer than ever. (06.02.2024). https://theconversation.com/a-two-state-solution-for-israelis-and-palestinians-might-actually-be-closer-than-ever-220524
  4. Edward P. Djerejian. (2018). The Two-State Solution – Past or Future Tense. Rice University’s Baker Institute for Public Policy and Carnegie Endowment for International Peace. pp. 3-7.
  5. Israel-Palestine solution sans 2-state format out of question: Erdoğan. (03.12.2023). https://www.dailysabah.com/politics/diplomacy/israel-palestine-solution-sans-2-state-format-out-of-question-erdogan
  6. AK Parti’den İki devletli çözüm için çağrı: Seyretmeyin. (05.11. 2023). https://www.yirmidort.tv/ gundem/ak-partiden-iki-devletli-cozum-icin-cagri-128952
  7. Swiss talks break down in blow for Cyprus peace hopes. (22.12016). https://web.archive.org/web/20170113003911/http://en.rfi.fr/wire/20161122-swiss-talks-break-down-blow-cyprus-peace-hopes
  8. Erdoğan Kuzey Kıbrıs Meclisi’nde konuştu: ‘Cumhurbaşkanlığı külliyesi inşasına başlıyoruz’. (19.07.2021). https://www.bbc.com/turkce/haberler-turkiye-57887876
  9. Gezici anket sonuçlarını açıkladı! Tatar önde. (20.01.2020). https://www.gundemkibris.com/ gezici-anket-sonuclarini-acikladi-tatar-onde

(1) Արևելագետ, թուրքագետ: 2008–2019 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում՝ որպես Հայագիտական կենտրոնի ղեկավար, 2014-2021 թթ.-ին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի գիտաշխատող։ 2019–2021 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վերլուծական ծառայության» բաժնում՝ որպես ավագ փորձագետ։ 2021–2022 թթ. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի «Գիտահետազոտական աշխատանքների և միջազգային կապերի բաժնի» գլխավոր արխիվագետ։ 100-ից ավելի գիտավերլուծական հոդվածների և 12 կոլեկտիվ մենագրության հեղինակ է։

(2) Հոդվածը խմբագրություն է հանձնվել 01.06.2024 թ.։

(3) Daoud Kuttab. Как реанимировать принцип «два государства для двух народов». (13.07.2022). https://www.project-syndicate.org/commentary/two-state-solution-steps-us-could-take-by-daoud-kuttab-2022-07/russian (բեռնման օրը՝ 28.05.2024).

(4) Ian Parmeter. Israel-Palestinian conflict: is the two-state solution now dead? (28.01.2024). https://theconversation.com/israel-palestinian-conflict-is-the-two-state-solution-now-dead-221967 (բեռնման օրը՝  28.05.2024).

(5) Benjamin Case. A two-state solution for Israelis and Palestinians might actually be closer than ever․ (06.02.2024). https://theconversation.com/a-two-state-solution-for-israelis-and-palestinians-might-actually-be-closer-than-ever-220524 (բեռնման օրը՝ 28.05.2024).

(6) Edward P. Djerejian. (2018). The Two -State Solution — Past or Future Tense․ Rice University’s Baker Institute for Public Policy and Carnegie Endowment for International Peace. pp. 3-7.

(7) Israel-Palestine solution sans 2-state format out of question: Erdoğan. (03.12.2023). https://www.dailysabah.com/politics/diplomacy/israel-palestine-solution-sans-2-state-format-out-of-question-erdogan (բեռնման օրը՝ 28.05.2024).

(8) AK Parti’den İki devletli çözüm için çağrı: Seyretmeyin. (05.11.2023). https://www.yirmidort.tv/gundem/ak-partiden-iki-devletli-cozum-icin-cagri-128952 (բեռնման օրը՝ 28.05.2024).

(9) Swiss talks break down in blow for Cyprus peace hopes. (22.11.2016). https://web.archive.org/ web/20170113003911/http://en.rfi.fr/wire/20161122-swiss-talks-break-down-blow-cyprus-peace-hopes (բեռնման օրը՝ 28.05․2024).

(10) Erdoğan Kuzey Kıbrıs Meclisi’nde konuştu: ‘Cumhurbaşkanlığı külliyesi inşasına başlıyoruz’․ (19.07.2021). https://www.bbc.com/turkce/haberler-turkiye-57887876 (բեռնման օրը՝ 28.05.2024)․

(11) Gezici anket sonuçlarını açıkladı! Tatar önde. (20.01.2020). https://www.gundemkibris.com/gezici-anket-sonuclarini-acikladi-tatar-onde (բեռնման օրը՝ 28.05.2024).