Էրդողանի «գյուլենական համախտանիշը» և ASSAN Group-ի գործը

Փորձագետի տեսակետ 13.08.2025 թ.
Արեստակես Ս․ Սիմավորյան[1]
Վերջին տասնամյակի ընթացքում Թուրքիայի ռազմաարդյունաբերական համալիրը դարձել է Անկարայի հիմնական հենասյուներից մեկը, ինչը առիթ է տալիս Ռ․ Թ․ էրդողանին պարծենալ, իսկ երբեմն՝ նաև դրանով սպառնալ։ Սակայն, ռազմաարդյունաբերական ոլորտում գրանցված հաջողությունները հաճախ ուղեկցվում են ներքին ճգնաժամերով, խիստ մրցակցությամբ և սկանդալներով։ Վերջին ամիսների ամենաաղմկոտ իրադարձություններից մեկը ASSAN Group պաշտպանական (ռազմական) կոնգլոմերատի ղեկավարության ձերբակալությունն էր։
Այսպես, 27.08.2025 Ստամբուլի գլխավոր դատախազության հայտարարության համաձայն՝ «ռազմական լրտեսություն» անվանումով իրականացված հետաքննությունների ընթացքում կալանավորվել են վերոգրյալ ընկերության սեփականատեր Էմին Օները, գործադիր տնօրեն Գյուրջան Օքումուշը և այլ անձինք։ Հետաքննությունը պնդում է, որ վերջիններս ռազմավարական առումով արժեքավոր տեղեկատվություն են փոխանցել արտերկիր և փոխգործակցության մեջ են եղել այլևս հանգուցյալ Ֆ․ Գյուլենի ձևավորած ցանցի հետ: Ինչպես հայտնի է, Անկարան շարունակում է վերջինիս համարել 2016 թ. հուլիսի ձախողված ռազմական հեղաշրջման կազմակերպիչ։ Միաժամանակ, որոշում է ընդունվել ASSAN Group-ի կազմում ընդգրկված 10 ընկերությունների կառավարումը ժամանակավորապես փոխանցել Թուրքիայի խնայողական ավանդների ապահովագրության հիմնադրամի (TMSF) արտաքին կառավարմանը։
Այս որոշումը հիմնավորված է ԹՀ-ում գործող օրենսդրական դրույթներով, որոնք նախատեսում են ընկերությունների ակտիվները պետական վերահսկողության տակ փոխանցելու հնարավորություն այն դեպքերում, երբ հայտնաբերվում են դրանց՝ օրենքին հակասող նպատակներով օգտագործման ռիսկեր։ Ավելի հստակ՝ 2016 թ. հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության շրջանակներում նույն տարվա սեպտեմբերի 1-ին հրապարակված թիվ 674 Կանոնադրական որոշմամբ (ընդունվել է 10.11.2016 թ․-ի թիվ 6758 օրենքով)՝ եթե որևէ ընկերության հոգաբարձուների պարտականություններն ու լիազորությունները կատարող անձինք առնչություններ են ունեցել «Գյուլենական շարժման» (FETÖ) կամ «Զուգահեռ պետության» (PDY) հետ, ապա նրանց կողմից ղեկավարվող ընկերությունները կարող են փոխանցվել TMSF-ին, որը նույն կանոնադրությամբ լիազորված է կարգավորելու ընկերության ակտիվների վաճառքն ու լուծարման ընթացակարգը[2]։
2016 թվականից ի վեր այս օրենքի շրջանակներում պետության կողմից փակվել, բռնագրավվել կամ պետական վերահսկողությանն են փոխանցվել 1000-ավոր ընկերություններ, գիտակրթական և բիզնես ոլորտի հաստատություններ, բանկեր, ՀԿ-ներ, «ուղեղային կենտրոններ» և ԶԼՄ-ներ։ Կարճ ասած՝ մասնավոր սեփականության մի զգալի հատվածն անցավ TMSF-ի և պետական կառույցների վերահսկողության տակ։ Բազմաթիվ ընկերություններ վաճառվեցին կամ փոխանցվեցին այնպիսի բիզնես խմբերի, որոնք քաղաքականապես մոտ էին իշխանությանը։ Մյուս կողմից՝ տնտեսության մեջ պետական ազդեցությունն ուժեղացավ, ինչի հետևանքով որոշ ոլորտներում առաջացավ կիսամենաշնորհային իրավիճակ։ Այնպես, որ սա հարմար օրենք է, որը թույլ է տալիս Ռ. Թ. Էրդողանին ձերբազատվել տնտեսապես կամ քաղաքականապես անցանկալի «տարրերից»։ Ի դեպ, շատ դեպքերում «FETÖ-ի հետ կապեր ունենալ» ձևակերպումն անորոշ է և զուրկ որևէ ապացույցներից, սակայն դա չի խանգարել իշխանություններին լայնորեն օգտագործել օրենքից բխող մեխանիզմը, որը գործնականում վերածվել է բռնագրավման և քաղաքական ճնշման գործիքի։
Ինչ վերաբերում է 1986 թ. հիմնադրված ASSAN Group-ին, ապա այն դարձավ պաշտպանական արդյունաբերության խաղացող 2016 թվականին՝ պաշտպանական նշանակության արտադրանքի մշակումներ սկսելուց հետո: Հիմնականում արտադրում է հրետանային զինամթերք, FAB/OFAB շարքի ավիացիոն ռումբեր, ականանետներ, հրթիռային և էներգետիկ համակարգեր Անկարայի և Բոլուի բարձր տեխնոլոգիական արտադրական օբյեկտներում: Վերջին տարիներին սկսել էր արտադրել ԱԹՍ-ների բաղադրիչներ։ Զինամթերքի արտադրությանը զուգահեռ, ընկերությունը նպատակադրվել է դառնալ համաշխարհային մակարդակով պաշտպանական արդյունաբերության ոլորտում խաղացողներից մեկը՝ նորարարական ինժեներական լուծումների և արտադրական գծերի կարողությունների միջոցով: Ընկերությունն առաջիկայում նախատեսում է Նախիջևանում հիմնել զինամթերքի արտադրության գիծ և ձգտում է ընդլայնել իր ներկայությունը Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Ասիայի շուկաներում[3]: Այս տարեսկզբին հայտնի դարձավ, որ Assan Group-ը ձեռք է բերել հարավաֆրիկյան Dynaflow Technology-ի ընկերությունը՝ (բարձր տեխնոլոգիական պաշտպանական արդյունաբերության կազմակերպություն է, որը մասնագիտանում է ինքնաթիռների զինամթերքի համակարգերի մեջ) ընդհանուր նշանակության ռումբերի համար նախատեսված տարատեսակ պայթուցիչների տեխնոլոգիաներ մշակելու և շուկայում մրցունակությունը բարելավելու համար[4]։
Հատկանշականն այն է, որ մինչ ընկերության հետ կապված վերոհիշյալ միջադեպը, ռազմաարդյունաբերական որևէ համալիր դեռ չէր հայտնվել անվտանգության ուժերի տեսադաշտում՝ «գյուլենականների» հետ կապեր ունենալու համատեքստում։ Ամեն դեպքում, ինչպես նախկինում էինք կանխատեսել՝ թուրքական կառավարությունը շարունակելու է ճնշումներ բանեցնել «Շարժման» կամ ենթադրյալ գյուլենականների նկատմամբ, քանի որ բռնաճնշումներն ու ապօրինի պետական ռեկետը Ռ. Թ. Էրդողանի վարչակազմը որակել է որպես «ազգային անվտանգության համար անհրաժեշտ գործողություններ»[5]։
Էրդողանի վարած նման քաղաքականությունը լուրջ խոչընդոտ է դարձել ոլորտի զարգացման համար, որն առանց այն էլ ծայրահեղ քաղաքականացված է, որտեղ առկա է կլանային կապիտալիզմ և «ուղեղների արտահոսք»։ Նկատենք, որ իշխող քաղաքական վերնախավի նկատմամբ հավատարմությունը նույնքան կարևոր գործոն է, որքան՝ ընկերությունների տեխնոլոգիական մակարդակը: Իրականում քաղաքական հավատարմությունը տալիս է մրցակցային զգալի առավելություն, որով պայմանավորված պետությունը աջակցում է հիմնականում խոշոր պետական ընկերություններին, մինչդեռ մասնավոր ընկերություններին պայմանագրերը տրամադրվում են ընտրողաբար։ Այս առումով ԱԹՍ-ների արտադրությամբ հայտնի Baykar մասնավոր ընկերությունը դրա վառ օրինակներից է, որը եզակի առաջխաղացման է հասել քաղաքական իշխանության հետ սերտ, անգամ՝ բարեկամական կապերի շնորհիվ: Սա ստեղծում է երկակի ստանդարտներ և սահմանափակում է արդար մրցակցությունը երկրում։
Նման միտումները, հատկապես երևան եկան 2016 թ. հեղաշրջման փորձից հետո, երբ պետական պայմանագրերի և ռեսուրսների հասանելիությունը տնտեսավարողներին սկսեց կապվել իշխանությունների նկատմամբ հավատարմության կամ FETÖ-ի հետ կասկածելի կապերի և առնչությունների բացակայության հետ։ Կարծում ենք՝ Assan Group-ի դեպքը պայմանավորված են հենց առաջին գործոնով, իսկ գյուլենական ցանցի հետ կապերը զուտ պատրվակ է անցանկալի մրցակիցներին հեռացնելու համար։ Ստեղծված իրավիճակը հստակ ազդակ է մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, որոնք տեղական և միջազգային շուկաներ մուտք գործելու հնարավորությունը չկորցնելու համար այսուհետ հարկադրված են հավատարմության նշաններ ցույց տալ իշխանություններին։ Դա նաև այն պատճառով, որ ինչպես պետական, այնպես էլ որոշ մասնավոր ընկերություններ հաճախ առաջնորդվում են կառավարության արտաքին օրակարգով, քանի որ այդ շրջանակներում հենց կառավարությունն է այլ երկրների հետ նախնական համաձայնության գալիս թուրքական արտադրության սպառազինությունների արտահանման մասով։ Որոշ շուկաներում (Աֆրիկա, Մերձավոր Արևելք և Կենտրոնական Ասիա) կառավարությունն ուղղակիորեն որոշում է, թե «որ ընկերությունները՝ որ երկրներին սպառազինություն կվաճառեն»։
Ինչևէ, միջադեպով պայմանավորված կառավարությունն ու պետանվտանգության մարմինները այսուհետ կխստացնեն նաև մասնավոր ընկերությունների հանդեպ պետական վերահսկողությունը, այդ թվում՝ պաշտպանական նախագծերի ոլորտում։ Թե ինչպե՞ս է կառավարությունը կարողանալու պահպանել պետական (ֆինանսական վատնումներով ու կոռուպցիոն դրսևորումներով հայտնի) և մասնավոր ընկերությունների միջև հավասարակշռությունը, ասենք, օրինակ՝ ֆինանսական ռեսուրսների բաշխման և շահերի բախման դեպքերում, դժվար է ասել։ Սակայն ակնհայտ է, որ ոլորտի վրա վերահսկման և ընկերությունների քաղաքականացման միտումները չեն նվազելու։ Այս իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ տեղական և արտասահմանյան ներդրողների ու արտաքին առևտրային գործընկերների մոտ կարող է անվստահություն առաջանալ թուրքական ռազմաարդյունաբերական ընկերությունների նկատմամբ, բերելով ընդհուպ գործընկերային կապերի խզմանը։
Ուրվագծելով թեմայի շուրջ մեր որոշ դիտարկումները, նշենք, որ Թուրքիայում սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ հնարավոր են նոր «սկանդալային բացահայտումներ»՝ միտված Էրդողանի շուրջ քաղաքական և հանրային համախմբում։ Ուստի «FETÖ-ի հետ կապերի» մեջ մեղադրանքները պարբերաբար օգտագործվելու են ընդդիմադիր քաղաքական գործիչների, լրագրողների, զինվորականների և իշխանությունների հանդեպ չեզոք դիրքորոշում բռնած գործարարների դեմ, ինչը Ռ. Թ. Էրդողանի քաղաքական կլանին թույլ է տալիս այդ եղանակով վարկաբեկել և սպառնալ իր մրցակիցներին և անցանկալի անձանց՝ առանց նրանց հետ գաղափարախոսական հողի վրա բաց բանավեճի մեջ մտնելու անհրաժեշտության: Սակայն, որքան Թուրքիան հեռանում է 2016 թ. հուլիսյան իրադարձություններից, այդքան ավելի քիչ համոզիչ է դառնում «գյուլենական սպառնալիքի» մասին պարբերաբար կրկնվող հռետորաբանությունը։ Սա վկայում է այն մասին, որ ավտորիտար համակարգի շուրջ համախմբման ուղղությամբ կա նոր գաղափարների պակաս, և այդ պատճառով Ռ. Թ. Էրդողանը դեռևս չի փորձում հրաժարվել Գյուլենի՝ որպես խորհրդանշական թշնամու կերպարի օգտագործումից։
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ և ԱՂԲՅՈՒՐՆԵՐ
1․ Tarihsel Yolculuk, Թուրքիայի խնայողական ավանդների ապահովագրության հիմնադրամի պաշտոնական կայքհասցե, https://www.tmsf.org.tr/tr/Tmsf/Info/tarihce.tr
2․ ASSAN Group Strengthens its Position in The Defense Industry: Next-Generation Ammunition and Systems to be Showcased at IDEX 2025. Defence Turkey, https://www.defenceturkey.com/en/content/assan-group-strengthens-its-position-in-the-defense-industry-next-generation-ammunition-and-systems-to-be-showcased-at-idex-2025-6201
3․ Türk savunma şirketi Afrikalı bomba üreticisini satın aldı! Yunanistan tedirgin․ Haberler.com, 29.05.2025, https://www.haberler.com/guncel/assan-group-guney-afrikali-dynaflow-teknoloji-yi-satin-aldi-18684147-haberi/
4․ Симаворян, А., (2024). «Послегюленовская» Турция։ возможные развития. Армянский аналитический центр АРВАК․ https://surl.li/kitkdo
[1] Արևելագետ, թուրքագետ: 2008–2019 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում որպես Հայագիտական կենտրոնի ղեկավար, 2014-2021 թթ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի գիտաշխատող։ 2019–2021 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վերլուծական ծառայության» բաժնում որպես ավագ փորձագետ։ 2021–2022 թթ. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի «Գիտահետազոտական աշխատանքների և միջազգային կապերի բաժնի» գլխավոր արխիվագետ։ 100-ից ավելի գիտավերլուծական հոդվածների և 12 կոլեկտիվ մենագրության հեղինակ է։
[2] Tarihsel Yolculuk, Թուրքիայի խնայողական ավանդների ապահովագրության հիմնադրամի պաշտոնական կայքհասցե, https://www.tmsf.org.tr/tr/Tmsf/Info/tarihce.tr (բեռնման օրը՝ 08․09․2025)։
[3] ASSAN Group Strengthens its Position in The Defense Industry: Next-Generation Ammunition and Systems to be Showcased at IDEX 2025. Defence Turkey. https://www.defenceturkey.com/en/content/assan-group-strengthens-its-position-in-the-defense-industry-next-generation-ammunition-and-systems-to-be-showcased-at-idex-2025-6201 (բեռնման օրը՝ 08․09․2025).
[4] Türk savunma şirketi Afrikalı bomba üreticisini satın aldı! Yunanistan tedirgin․ Haberler.com. 29.05.2025, https://www.haberler.com/guncel/assan-group-guney-afrikali-dynaflow-teknoloji-yi-satin-aldi-18684147-haberi/ (բեռնման օրը՝ 08․09․2025)։
[5] Симаворян, А. (2024). «Послегюленовская» Турция։ возможные развития. Армянский аналитический центр АРВАК, https://surl.li/kitkdo (բեռնման օրը՝ 08․09․2025).