2024 թ. հոկտեմբերի 20-ին երկարատև հիվանդությունից հետո ԱՄՆ-ում մահացավ Մուհամմեդ Ֆեթուլլահ Գյուլենը՝ Էրդողանի ոխերիմ թշնամին։ Համաձայն փորձագիտական եզրակացությունների՝ Գյուլենի մահը հետևանքներ կթողնի ոչ միայն Թուրքիայի արտաքին քաղաքականության, այլև հասարակության և արտաքին կապեր վրա: Ինչպես պնդում են որոշ վերլուծաբաններ՝ Գյուլենի ազդեցությունը թուրքական քաղաքականության վրա նշանակալի է եղել։ Որպես «գյուլենական շարժման» (կամ «Հիզմեթ» շարժման) հիմնադիր, նա ժամանակին «դաշնակցել» է Էրդողանի հետ, մինչ այն հայտնի «դրամատիկ» պահը, երբ նրանք վերածվեցին թշնամիների։
ԷՐԴՈՂԱՆ–ԳՅՈՒԼԵՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Էրդողան–Գյուլեն առճակատումը սրվեց 2013 թ., երբ իրավապահ մարմիններում լայնածավալ հետաքննություն սկսվեց կոռուպցիայի առնչությամբ, որում ներգրավված էին Էրդողանի ամենամոտ մերձավորները(3): Ի պատասխան դրան՝ Էրդողանն ու ԱԶԿ անդամները հայտարարեցին, որ հետաքննությունը իրականացվել է «գյուլենական» համայնքի կողմից, և Գյուլենին մեղադրեցին «զուգահեռ պետություն»(4) ստեղծելու, դատարանների և ոստիկանության միջոցով իշխանությունը զավթելու ձգտումների մեջ։ Էրդողանը իսկական արշավ նախաձեռնեց «Հիզմեթ» շարժման և դրա ենթադրյալ անդամների դեմ, ներառյալ պետական կառույցներում աշխատողների նկատմամբ, իսկ Ֆ. Գյուլենի հետ կապված հաստատությունների մի մասը փակվեցին: Սրանով նշանավորեց նրանց բացահայտ դիմակայության սկիզբը։
2016 թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցավ հեղաշրջման փորձ։ Զինվորականների մի փոքր խումբ փորձեց զավթել իշխանությունը՝ քայլեր ձեռնարկելով կառավարական հաստատությունների վրա հարձակումների և Էրդողանին ձերբակալելու ուղղությամբ: Ռ. Էրդողանը Ֆեթուլլահ Գյուլենին և նրա «Հիզմեթ» շարժմանն անմիջապես մեղադրեց ապստամբությունը կազմակերպելու մեջ։ Թուրքական իշխանությունները պնդում էին, որ գյուլենականները ներթափանցել են պետական հաստատություններ և օգտագործել իրենց ազդեցությունը հեղաշրջումը կազմակերպելու համար, որից հետո Էրդողանի կառավարությունը անցավ գյուլենական համարվող ցանցերի ոչնչացմանը: Արդյունքում՝ համախոհների և ենթադրյալ գյուլենականների դեմ պետական և մասնավոր ոլորտներում տեղի ունեցան զանգվածային ձերբակալություններ և զտումներ։ Մոտ 200 հազար մարդ կորցրեց աշխատանքը կամ դատապարտվեց Գյուլենի և նրա շարժման հետ կապերի համար։ Թուրքիայի կառավարությունը «Հիզմեթ» շարժումը որակեց որպես ահաբեկչական կազմակերպություն։ Գյուլենն, ով այդ ժամանակ ապրում էր ԱՄՆ-ում, կտրականապես հերքեց իր առնչությունը հեղաշրջման փորձի հետ։
Մյուս կողմից՝ Թուրքիան ԱՄՆ-ից բազմիցս պահանջեց արտահանձնել Ֆ. Գյուլենին՝ պնդելով, որ նա պետք է կանգնի «թուրքական արդարադատության» առջև՝ հեղաշրջման փորձ կազմակերպելու համար։ Ռ. Էրդողանը նույնիսկ զգուշացրել էր Բ. Օբամայի վարչակազմին, որ պետք է «ընտրություն կատարի Թուրքիայի և Գյուլենի միջև»(5)։ ԱՄՆ-ը չկատարեց այս պահանջները՝ հայտարարելով, որ Անկարան բավարար ապացույցներ չի ներկայացրել ԱՄՆ-ի արդարադատության նախարարությանը, որոնք կհաստատեին Գյուլենի առնչությունը հեղաշրջման փորձի կազմակերպմանը։
Հետագայում, երբ Թրամփը դարձավ ԱՄՆ-ի նախագահ, Էրդողանը կրկին անդրադարձավ արտահանձնման խնդրին։ Այս հարցը նոր երանգներ ստացավ, երբ 2016 թ. նոյեմբերին Իզմիրում թուրքական ոստիկանությունը ձերբակալեց ԱՄՆ-ի քաղաքացի, բողոքական քահանա Էնդրյու Բրանսոնին՝ մեղադրելով վերջինիս Ֆեթուլլահ Գյուլենի հետ համագործակցելու մեջ։ Թեև, ի սկզբանե, Բրանսոնին ձերբակալեցին որպես «գյուլենականի», բայց, այնուհետ, մեղադրեցին նաև Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալ խմբավորմանն անդամակցելու մեջ, որից հետո Վաշինգտոնի հետ հարաբերությունները սրվեցին։ Նախագահ Դ. Թրամփը պահանջեց ազատ արձակել բողոքական հոգևորականին, սակայն Էրդողանը հրապարակայնորեն հայտնեց՝ «եթե հրաժարվեք Գյուլենից, կստանաք Բրանսոնին»(6)։
Ի պատասխան, Դ. Թրամփը սոցիալական ցանցերում հաղորդագրություն գրեց, որ կփլուզի Թուրքիայի տնտեսությունը։ Այս ուղերձը, գումարած մի քանի պատժամիջոցները, բավական էին, որպեսզի հաշված օրերի ընթացքում զգալի ճնշում գործադրվի Թուրքիայի տնտեսության վրա՝ առաջացնելով ֆինանսական անկայունություն և թուրքական լիրայի կտրուկ անկում։ Մի քանի ամիս անց, պատժամիջոցներից հետո Է. Բրանսոնն ազատ արձակվեց ու վերադարձավ ԱՄՆ(7)։
Ֆ. Գյուլենի արտահանձնման պահանջների հարցում իրավիճակն ամենևին չփոխվեց նաև Ջ. Բայդենի վարչակազմի օրոք, որին Էրդողանը մեղադրում էր Գյուլենին թաքցնելու մեջ։ Արդյունքում խնդիրը շարունակեց մնալ իբրև երկու երկրների հարաբերությունների զգայուն հանգույցներից մեկը՝ ընդհուպ մինչև հայտնի քարոզչի մահը։
ՀՆԱՐԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԳՅՈՒԼԵՆԻ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ
Նախ, հետադարձ հայացք գցելով Էրդողան–Գյուլեն հակամարտությանը, կարելի է ասել, որ այն ուրույն հետք թողեց Թուրքիայի քաղաքականության վրա, որի արդյունքում կառուցվածքային զգալի փոփոխություններ տեղի ունեցան դատական, ռազմական և քաղաքացիական ինստիտուտներում։ Էրդողանը շահարկեց հեղաշրջման փորձը՝ իշխանությունը կենտրոնացնելու, ընդդիմությանը թուլացնելու և քաղհասարակության նկատմամբ պետության վերահսկողությունն ընդլայնելու համար։ Չնայած Գյուլենի մահվանը՝ թուրքական կառավարությունը դժվար թե թուլացնի իր ճնշումները Շարժման վրա, քանի որ գյուլենականների նկատմամբ բռնաճնշումները Ռ. Էրդողանի վարչակազմը որակել է որպես «ազգային անվտանգության համար անհրաժեշտ գործողություններ»։ Ուստի և անհավանական է, որ թուրքական կառավարությունը ազատ կարձակի ենթադրյալ գյուլենականներին կամ կդադարեցնի համակիրների ու անդամների նկատմամբ միջազգային հետախուզումները։
Մյուս կողմից, որպես սցենար չենք բացառում, որ կառավարությունը կարող է նաև փոխել ազգային անվտանգության սպառնալիքների վերաբերյալ ներկայիս խոսույթը: «Զուգահեռ պետության» գոյության գաղափարը (որի մասին որպես «գյուլենական սպառնալիքի» մշտապես հայտարարում էր Էրդողանը), կարող է աստիճանաբար մարել՝ փոխարինվելով նորերով։ Ի վերջո, Էրդողանն իր իշխանության տարիներին հմտորեն օգտագործել է գրեթե բոլոր հակառակորդների հետ կապված իրադարձությունները, հետևաբար միամիտ կլինի կարծել, որ չեն «բացահայտվի» նոր հակառակորդներ։ Դա անհրաժեշտ է Ռ. Էրդողանին, նախ՝ իր և իր թիմի քաղաքական հենքը ամրապնդելու, և երկրորդ՝ հանրային ավելի մեծ զանգվածների իր շուրջն համախմբելու համար։
Այնպես որ առանց Գյուլենի էլ, Թուրքիայի ներկայիս նախագահի պոպուլիստական մոտեցումները կշարունակվեն։ Նպատակը պարզ է. իր վարչակազմի տեսլականին սպառնացող վտանգներին ընդդիմանալու (շատ անգամ՝ հորինված սպառնալիքների քողի տակ), քաղաքական և հանրային միասնական ճակատ ձևավորելու և այն պահպանելու համար կօգտագործի էնդոգեն (ներածին) և էկզոգեն (արտածին) բնույթի ցանկացած իրավիճակ։ Եվ դրանք, անկախ արդարացված կամ չարդարացված լինելուց, կարող են կառավարության կողմից հռչակվել՝ որպես գերակա սպառնալիքներ։ Այսպես, օրինակ, վերջին շրջանում Քրդական հարցի ակտիվացումը և ընդդիմադիր քաղաքապետների ձերբակալությունները տեղավորվում են հենց այս տրամաբանության մեջ։
Չպետք է մոռանալ նաև, որ, այսպես կոչված, «Գյուլենի» շարժումը երկար տարիներ ի վեր Բալկանների, Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի որոշ երկրներում ստեղծել է ուսումնակրթական հաստատությունների, ԶԼՄ-ների, մշակութային կենտրոնների և բիզնես ընկերությունների միջազգային կուռ ցանց։ Հարկ է նկատել, որ դրանք դարձել էին Թուրքիայի «փափուկ ուժի» ռազմավարության ոչ պաշտոնական մասը:
Մինչ Էրդողան–Գյուլեն հակամարտությունը՝ թուրք դիվանագետներն ու ԱԶԿ պաշտոնյաները գտնում էին, որ այս ցանցը ուժեղացնում է Թուրքիայի ազդեցությունը, հատկապես թյուրքալեզու երկրներում։ Իշխանափոխության ձախողված փորձից հետո Էրդողանի կառավարությունը կարգադրեց իր վերահսկողության տակ գտնվող սփյուռքյան կառույցներին հակադրվել Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանը։ Թուրքական կառավարությունը նույնիսկ պահանջեց օտարերկրյա պետություններից փակել գյուլենական դպրոցներն ու դրանց առնչվող կազմակերպությունները, իսկ հետախուզվողներին արտահանձնել Թուրքիային: Եվրոպական դատական համակարգը, այնուամենայնիվ, հիմքեր չտվեց օրինական կերպով ստեղծված «գյուլենական օջախների» փակման կամ այլ երկրների քաղաքացիներ հանդիսացող անհատների արտահանձնման համար(8)։
Ինչևէ, մահմեդականաբնակ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Կոսովոն, Մալայզիան, Պակիստանը, թյուքալեզու պետություններն ու այլ երկրները՝ Անկարայի ճնշման ներքո «գյուլենական ցանցին» պատկանող ուսումնական հաստատությունները փակվեցին, իսկ թուրք ուսուցիչներն արտաքսվեցին։ Փորձելով նվազեցնել ամերիկաբնակ քարոզչի ազդեցությունը արտերկրում, Գյուլենի դպրոցների փոխարեն կամ որպես դրանց այլընտրանք արտասահմանում հիմնադրվեցին թուրքական պետության կողմից հովանավորվող ուսումնակրթական հաստատություններ, որոնք կառավարվում են 2016 թ. հունիսին Ստամբուլում ստեղծված «Մաարիֆ» թուրքական հիմնադրամի կողմից: Այն վերահսկվում է անձամբ Ռ. Էրդողանի կողմից և համարվում է վերջինիս «տրոյական ձին»(9)։
Ինչ վերաբերում է արտերկրում գործող գյուլենական կազմակերպություններին (Թուրքիայում դրանք հիմնովին փակվել են), ապա Շարժման առաջնորդի մահից հետո դրանք կարող են զգալի փոփոխություններ կրել թե՛ կառուցվածքի, թե՛ ազդեցության և թե՛ գործունեության առումով: Շատ բան կախված կլինի նրանից, թե ով կառաջնորդի այս շարժումը։ Թեև այս պահին այն չունի հստակ ժառանգորդ՝ ով ունի Գյուլենի չափ ազդեցություն և հեղինակություն, այդուհանդերձ, շրջանառվում են մի քանի հնարավոր փոխարինողների անուններ: Ըստ Sabah օրաթերթի սյունակագիր Աբդուրահման Շիմշեքի՝ Գյուլենի ժառանգ կարող է ընտրվել աստվածաբան Սուաթ Յըլդըրըմը։ Հայտնի է, որ նա դեռևս 1960-ական թվականներին եղել է Գյուլենի ամենամտերիմն ու նրա կազմակերպությունների մասին ամենագետը։ Այլ աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ի գյուլենական մասնաճյուղի ղեկավար Մուստաֆա Օզջանը (վերահսկում է կազմակերպության ֆինանսատնտեսական ռեսուրսները) նույնպես ենթադրվում է որպես Գյուլենի իրավահաջորդ(10):
Ի հավելումն այս անունների՝ շրջանառվում է նաև Գերմանիայի գյուլենական կազմակերպությունների ղեկավար, իսլամական քարոզիչ և գրող Աբդուլլահ Այմազի անունը։ Ինչևէ, այս պահին գոյություն ունի առաջնորդության ճգնաժամ, և բազմաթիվ հարցերում առկա են նաև ներքին որոշ տարաձայնություններ, հատկապես՝ Օզջանի և Այմազի, նրանց սատարող խմբակցությունների միջև, ինչի արդյունքում Ֆ. Գյուլենի ստեղծած «կայսրությունը» կարող է պառակտվել։
Գլուլենական համայնքի ներսում գոյություն ունի նաև մի երրորդ ազդեցիկ խումբ (այս խմբի անդամներ են համարվում Zaman թերթի նախկին լրագրող Ահմեթ Դյոնմեզը, Ֆեթուլլահ Գյուլենի եղբորորդի՝ Էբուսելեմե Գյուլենը և նրանց սատարողները), որը պահանջում է մաքրել կազմակերպությունը «հեղաշրջման տարրերից»: Սակայն, «ֆինանսանտեսական ռեսուրսների բացակայությունը դժվարացնում է այս խմբի արդյունավետ գործունեությունը»(11):
Այնպես որ, եթե շարժումը չունենա ուժեղ իրավահաջորդ, այն կարող է աստիճանաբար թուլանալ՝ դառնալով ապակենտրոն, մասնատված լինելով տարածաշրջանային կամ ավելի փոքր տեղական խմբերի։ Իհարկե, այս ապակենտրոնացումը կազդի նրանց ընդհանուր համախմբվածության վրա, բայց, մյուս կողմից, թուրքական կառավարության համար կդժվարացնի թիրախավորումը: Այս դեպքում որպես հետևանք ամենևին էլ չպետք է բացառել, որ կազմակերպության որոշ անդամներ կշարունակեն առաջնորդվել Գյուլենի տեսլականով, մինչդեռ մյուսները կարող են առաջ մղել սեփական օրակարգերը։ Չենք բացառում, որ ոմանք նույնիսկ կարող է լքեն համայնքի շարքերը՝ փորձելով ձերբազատվել «հակապետական շարժման անդամ լինելու» պիտակավորումից, ինչպես նաև տարբեր երկրներում կառավարական ճնշումներից խուսափելու համար:
Արդյո՞ք շարժման անդամները կպահպանեն Ռ. Էրդողանի դեմ գաղափարական հակազդեցության մակարդակը, նույնիսկ, եթե այն այլևս չունենա նույն քաղաքական նշանակությունը, ինչ նախկինում, դժվար է ասել։ Սակայն անկախ դրանից, շարժման ապագա գործողություններից՝ Ֆեթուլլահ Գյուլենի ստվերը դեռ երկար հետևելու է անձամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա ավտորիտար վարչակազմին։ Ուստի վաղ է ասել, որ Գյուլենի մահը կխորհրդանշի հակամարտության ավարտը։
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ
- Alican Uludağ. Fethullah Gülen’in ardından öne çıkan iki isim kim? (21.10.2024). https://www.dw.com/tr/fethullah-g%C3%BClenin-ard%C4%B1ndan-%C3%B6ne-%C3%A7%C4%B1kan-iki-isim-kim/a-70557603
- Abdullah Bozkurt. Turkey’s Maarif Foundation: Erdoğan’s Trojan horse. (05.09.2017). https://stockholmcf.org/commentary-turkeys-maarif-foundation-erdogans-trojan-horse/
- Laurel Wamsley. U.S. Pastor Goes on Trial in Turkey, Further Straining Relations. (16.04.2018). https://www.npr.org/sections/thetwo-way/2018/04/16/602830721/u-s-pastor-goes-on-trial-in-turkey-further-straining-relations
- Mahmut Hamsici. 10 soruda: 17-25 Aralık operasyonları. (16.12.2014). https://www.bbc.com/turkce/haberler/2014/12/141212_17_25_aralik_operasyonu_neler_oldu_10_soruda
- Serkan Demirtaş. MGK: Paralel yapı ulusal güvenliğe tehdit. (26.02.2014). https://web.archive.org/web/20140310041926/http://www.bbc.co.uk/turkce/haberler/2014/02/140226_mgkkarari_analiz.shtml
- Simavoryan A. (2020). The Controversy of Ankara-Washington under Trump. https://orbeli.am/en/post/483/2020-06-29/The+Controversy+of+Ankara-Washington+under+Trump
- Turkey requests extradition of Fethullah Gülen but not for coup attempt, says US. (24.08.2016). https://www.theguardian.com/world/2016/aug/23/turkey-fethullah-gulen-extradition-request-joe-biden-ergodan
- FETÖ’nün yeni elebaşı Suat Yıldırım mı olacak? Abdurrahman Şimşek açıkladı: “Örgüt dağılabilir”. (21.10.2024). https://www.sabah.com.tr/video/haber/fetonun-yeni-elebasi-suat-yildirim-mi-olacak-abdurrahman-simsek-acikladi-orgut-dagilabilir-video
- Սիմավորյան, Ա., Հովյան, Վ., Վերանյան, Կ. (2017). Իսրայելի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի քաղաքականությունը սփյուռքի նկատմամբ, Նորավանք ԳԿՀ, էջ 206։
(1) Արևելագետ, թուրքագետ: 2008–2019 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում՝ որպես Հայագիտական կենտրոնի ղեկավար, 2014–2021 թթ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի գիտաշխատող։ 2019–2021 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վերլուծական ծառայության» բաժնում՝ որպես ավագ փորձագետ։ 2021–2022 թթ. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի «Գիտահետազոտական աշխատանքների և միջազգային կապերի բաժնի» գլխավոր արխիվագետ։ 100-ից ավելի գիտավերլուծական հոդվածների և 12 կոլեկտիվ մենագրության հեղինակ է։
(2) Հոդվածը խմբագրություն է հանձնվել 11.11.2024 թ.։
(3) Mahmut Hamsici. 10 soruda: 17-25 Aralık operasyonları. (16.12.2014). https://www.bbc.com/turkce/haberler/2014/12/141212_17_25_aralik_operasyonu_neler_oldu_10_soruda (բեռման օրը՝ 01.11.2024).
(4) Serkan Demirtaş. MGK: Paralel yapı ulusal güvenliğe tehdit. (26.02.2014). https://web.archive.org/web/.արոզիի20140310041926/http://www.bbc.co.uk/turkce/haberler/2014/02/140226mgkkararianaliz.shtml (բեռման օրը՝ 01.11.2024).
(5) Turkey requests extradition of Fethullah Gülen but not for coup attempt, says US. (24.08.2016), https://www.theguardian.com/world/2016/aug/23/turkey-fethullah-gulen-extradition-request-joe-biden-ergodan (բեռման օրը՝ 01.11.2024).
(6) Laurel Wamsley. U.S. Pastor Goes on Trial in Turkey, Further Straining Relations. (16.04.2018), https://www.npr.org/sections/thetwo-way/2018/04/16/602830721/u-s-pastor-goes-on-trial-in-turkey-further-straining-relations (բեռնման օրը՝ 06.11.2024).
(7) Arestakes Simavoryan. (29.06.2020), The Controversy of Ankara-Washington under Trump. https://orbeli.am/en/post/483/2020-06-29/The+Controversy+of+Ankara-Washington+under+Trump (բեռնման օրը՝ 06.11.2024).
(8) Սիմավորյան, Ա., Հովյան, Վ., Վերանյան, Կ. (2017). Իսրայելի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի քաղաքականությունը սփյուռքի նկատմամբ, Նորավանք ԳԿՀ, էջ 206։
(9) Abdullah Bozkurt. Turkey’s Maarif Foundation: Erdoğan’s Trojan horse․ (05.09.2017), https://stockholmcf.org/commentary-turkeys-maarif-foundation-erdogans-trojan-horse/ (բեռնման օրը՝ 06.11.2024).
(10) FETÖ’nün yeni elebaşı Suat Yıldırım mı olacak? Abdurrahman Şimşek açıkladı: “Örgüt dağılabilir”. (21.10.2024), https://www.sabah.com.tr/video/haber/fetonun-yeni-elebasi-suat-yildirim-mi-olacak-abdurrahman-simsek-acikladi-orgut-dagilabilir-video (բեռնման օրը՝ 08.11.2024).
(11) Alican Uludağ. Fethullah Gülen’in ardından öne çıkan iki isim kim? (21.10.2024), https://www.dw.com/tr/fethullah-g%C3%BClenin-ard%C4%B1ndan-%C3%B6ne-%C3%A7%C4%B1kan-iki-isim-kim/a-70557603 (բեռնման օրը՝ 08.11.2024).