Հրապարակում
Արդյո՞ք Անկարան փորձում է ստեղծել իր անվտանգային բլոկը. որոշ դիտարկումներ

Փորձագետի մեկնաբանություն, 11.03.2026 թ.[1]
Արեստակես Ս. Սիմավորյան[1]
2026 թ․ մարտի 7-ին Ստամբուլում տեղի ունեցավ «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի ոչ պաշտոնական նիստը։ Հանդիպմանը, որին մասնակցել են Թուրքիան և կազմակերպության մյուս անդամ-պետությունները՝ Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը, գնահատվել են կառույցի շրջանակներում վերջին զարգացումները և հետագա քայլերը, ինչպես նաև անցկացվել են համապարփակ խորհրդակցություններ համաշխարհային և տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ։ Հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարար Հ․ Ֆիդանը ամփոփել է ոչ պաշտոնական հանդիպման արդյունքները, նշելով, որ «թյուրքական աշխարհը» շարժվում է միասնական անվտանգության շրջանակի ձևավորման ուղիով։
Նշված հանդիպման ընթացքում ընդունված համատեղ հայտարարությունը կարևոր քաղաքական ազդակ էր այն առումով, որ դրանում արձանագրվեց, թե կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ ցանկացած հարձակում պետք է այսուհետ մնացած անդամների համար լուրջ անհանգստության պատճառ դառնա[3]։ Թեև նման ձևակերպումը դեռևս չի ենթադրում հստակ ռազմական պարտավորություններ կամ փոխադարձ պաշտպանության մեխանիզմների ստեղծում, այն, այնուամենայնիվ, վկայում է, որ վերոհիշյալ կառույցի շրջանակներում ձևավորվում է անվտանգության հարցերի շուրջ խորհրդակցությունների նոր մակարդակ։ Նման մոտեցումը փաստացիորեն ցույց է տալիս, որ «թյուրքական աշխարհ» եզրույթը, որը երկար ժամանակ գործածվում էր որոշ պետությունների և էթնիկ խմբերի հիմնականում մշակութային և լեզվական ընդհանրությունների ընդգծման համար, այժմ ձեռք է բերում այլ բովանդակություն։ Հավանաբար այս հայտարարությունները կապված են Նախիջևանում ենթադրյալ իրանական ԱԹՍ-ների հարվածների[4] հետ, և այս ստեղծված իրավիճակը Անկարային հնարավորություն է տալիս առաջ մղել ԹՊԿ-ի շրջանակներում անվտանգային համագործակցության օրակարգը՝ այն ներկայացնելով որպես «անհրաժեշտ քայլ՝ պայմանավորված տարածաշրջանային սպառնալիքներով»։
Տարածաշրջանային անվտանգության միջադեպերը, հատկապես, երբ դրանք տեղի են ունենում զգայուն տարածքներում, հնարավորություն են ստեղծում վերաիմաստավորելու արդեն գոյություն ունեցող համագործակցության ձևաչափերը և դրանք աստիճանաբար տեղափոխելու քաղաքական կամ ռազմավարական նոր հարթություն։ Նկատենք, որ թյուրքախոս պետությունների համագործակցության վերաբերյալ խոսույթում վերջին շրջանում առավել հաճախ են շրջանառվում «անվտանգություն, ռազմավարական համակարգում և քաղաքական համերաշխություն» ձևակերպումները, ինչը վկայում է կազմակերպության դերակատարության հնարավոր վերաձևափոխման մասին։
Ակնհայտ է, որ նման գործընթացները միայն առանձին անվտանգային միջադեպերի արձագանք չեն։ Դրանք կազմում են ավելի մեծ ռազմավարական ծրագրի մաս, որի շրջանակներում Անկարան նպատակադրվել է ապագայում ամրացնել իր դիրքերը Եվրասիական տարածաշրջանում և Հարավային Կովկասում, ձևավորել քաղաքական այնպիսի ազդեցություն, որով կհամախմբի թյուրքախոս պետություններին անվտանգային-ռազմական համագործակցային միասնական համակարգում։ Դրանից ելնելով՝ փորձագիտական հանրությունը կարծում է, որ Անկարան այդպիսով հող է նախապատրաստում «թյուրքական ՆԱՏՕ» ստեղծելու ուղղությամբ։
Սա ամենևին մերկապարանոց հայտարարություն չէ և հաստատվում է մի շարք իրողություններով։ Նախ, Ադրբեջանի հետ Թուրքիայի հարաբերությունները, որոնք վերջին տարիներին հասել են ռազմավարական ռազմական գործընկերության (Արցախի Հանրապետության բռնազավթումից հետո ստորագրված «Շուշիի հռչակագիրը» և այլ համաձայնագրեր) իրենց գագաթնակետին, կարող են հիմք դառնալ «Թյուրքական պետությունների կազմակերպության» անդամ երկրների միջև անվտանգության ոլորտում հնարավոր համակարգի ստեղծման համար։ 2025 թ. հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի Գաբալա քաղաքում տեղի ունեցած ԹՓԿ առաջնորդների 12-րդ գագաթնաժողովին Ի. Ալիևն հայտարարեց, որ ժամանակն է, որպեսզի թյուրքական պետությունների բանակները համատեղ զորավարժություններ անցկացնեն։ Նրա այս հայտարարությունից հետո Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի նախագահ Ա. Նաղիևն ընդգծել էր, որ «Այս քայլը կարող է ապագայում ամրապնդել «թյուրքական ՆԱՏՕ»-ի նման կառույցի իրավական և քաղաքական հիմքերը»։ Նրանք կարող են փորձել այն ներկայացնել որպես ՆԱՏՕ-ի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն (ՀԱՊԿ) այլընտրանք։ Հիմնական նպատակը՝ թյուրքական աշխարհի ինքնապաշտպանությունն ու ռազմավարական համակարգման կարողությունների բարձրացումը պետք է լինի»[5]։
Թյուրքախոս պետությունների միջև ՆԱՏՕ-ի նման պաշտպանական դաշինքի ստեղծումը կպահանջի զգալի դիվանագիտական ջանքեր և ներքին բաժանումների հաղթահարում։ Այնուամենայնիվ, Թուրքիայի զգալի ռազմական ներուժը, նաև տարածաշրջանում պահպանվող անվտանգային լարվածությունը, այդ թվում՝ Հայաստանի հետ շուրջ ձևավորված մրցակցային միջավայրը և երկարատև հակամարտությունների շարունակականությունը՝ ինչպես Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, այնպես էլ ԱՄՆ-Իսրայել տանդեմի պատերազմն Իրանի դեմ իրավիճակը՝ նման ձևաչափով համագործակցության խորացման խթանող գործոններ կարող են լինել։ Խթանող գործոնների թվում կարելի է նշել նաև տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործում առկա անվտանգային կառույցների ունեցած սահմանափակ արդյունավետությունը։ Այս համատեքստում, տարբեր մակարդակներում հաճախ մատնանշվում են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) սահմանափակ դերակատարությունը, ինչն էլ կարող է պատրվակ լինել և դրդել Անկարային, որ «տարածաշրջանում անհրաժեշտ է ավելի համակարգված և միասնական պաշտպանական ռազմավարության ձևավորում»։
Ինչևէ, «թյուրքական ՆԱՏՕ»-ի ձևավորումը իրականում բախվելու է բազմաթիվ խոչընդոտների։ Օրինակ՝ Ղազախստանն ու Ղրղզստանը ՀԱՊԿ անդամներ են, և դժվար է պատկերացնել, թե ինչպես են այդ երկու երկրները միաժամանակ ներգրավվելու անվտանգային կամ կոլեկտիվ այլ պաշտպանական համակարգերում։ Եթե գործը հասնի դրան, ապա երկու երկրներն էլ պետք վերանայեն իրենց անվտանգային և ռազմական դոկտրինաներն ու արտաքին քաղաքական առաջնահերթությունները։
Բնականաբար, նման նախաձեռնությունը չի կարող մտահոգություններ չառաջացնել ՌԴ-ի մոտ, որը տարածաշրջանում ունի իր սեփական ռազմավարական շահերը և կարող է ընկալել գործընթացն ինչպես իր ազդեցության ոլորտների սահմանափակման փորձ, այնպես էլ՝ Անկարայի կողմից ՀԱՊԿ-ի թուլացմանն ուղղված մտածված գործողություն։ Անկասկած, Չինաստանը նույնպես դժվար թե դրական վերաբերվի թյուրքախոս պետությունների միջև լիարժեք ռազմական դաշինքի ձևավորմանը։ Հատկապես այն պարագայում, եթե նման կառույցը նպաստի արտաքին ազդեցության աճին Կենտրոնական Ասիայի անվտանգության համակարգում և, եթե նաև նման ինտեգրացիոն գործընթացները փոխազդեն Սինցզյան–Ույղուրական ինքնավար շրջանում բնակվող թյուրքալեզու ույղուր բնակչության պանթյուրքական տրամադրությունների վրա։
Այնուամենայնիվ, նման քայլը բավականին բարդ և ռիսկային գործընթաց է։ Ղազախստանի արտաքին քաղաքականությունը, որն ավանդաբար կառուցված է բազմավեկտոր սկզբունքի վրա, ձգտում է հավասարակշռել հարաբերությունները միաժամանակ մի քանի ուժային կենտրոնների հետ։ Այդ պատճառով երկրի ղեկավարությունը սովորաբար խուսափում է այնպիսի նախաձեռնություններից, որոնք կընկալվեն միակողմանի աշխարհաքաղաքական կողմնորոշման փոփոխությանն ուղղված փորձ։ Նույնը կարելի է ասել Ղրղզստանի դեպքում, որի անվտանգային համակարգը նույնպես կապված է ռուսական ռազմական ներկայության հետ։ Մյուս կողմից, թյուրքախոս պետությունների միջև համագործակցության խորացումը պարտադիր կերպով չի ենթադրում գործող անվտանգային կառույցներից դուրս գալու անհրաժեշտություն։ Ավելի հավանական է, որ զարգացվի համագործակցության առավել փափուկ մոդել, որի շրջանակում անվտանգության ոլորտում փոխգործակցությունը կհասնի իր ռազմավարական խորությանը՝ առանց լիարժեք ռազմաքաղաքական դաշինքի ձևավորման։ Նման մոդելի կիրարկման դեպքում առաջնային պլան կմղվեն անվտանգության հարցերով փորձագիտական խորհրդակցությունները, պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը, համատեղ ռազմական ուսուցման ծրագրերն ու զինավարժությունները, հետախուզական տվյալների ու սպայական կազմի փոխանակումները։ Ի դեպ, վերը թվարկված բոլոր ուղղություններով երկկողմ պայմանագրերի շրջանակում Անկարան համագործակցում է արդեն շատ վաղուց[6]։
«Թյուրքական ՆԱՏՕ»-ի հնարավոր ձևավորման վերաբերյալ քննարկումների շրջանակում առանցքային հարցերից մեկն այն է, թե ինստիտուցիոնալ տեսք ստանալու պարագայում, արդյո՞ք դաշինքը կարող է ժամանակի ընթացքում ներառել իսլամական այլ երկրների։ Այս հարցի պատասխանը կախված է նրանից, թե կառույցն ինչպիսի գաղափարական և գաղափարախոսական հենքի վրա է հիմնադրվելու և որոնք են նրա ռազմավարական նպատակները։ Եթե ենթադրենք, որ թյուրքախոս պետությունների միջև ձևավորվող անվտանգային համակարգը կառուցվելու է բացառապես «համաթյուրքական ինքնության և լեզվամշակութային ընդհանրության» հիման վրա, ապա դրա ընդլայնման հնարավորությունները սկզբունքորեն այլ կլինեն. այն կգործի համեմատաբար փակ սահմաններում, որի անդամակցության հիմնական չափանիշը կլինի պատկանելիությունը «թյուրքական աշխարհին»։
Այնուամենայնիվ, միջազգային հարաբերությունների փորձը ցույց է տալիս, որ շատ դեպքերում դաշինքները ժամանակի ընթացքում վերափոխվում են։ Նույնիսկ դասական ռազմական դաշինքներից մեկը՝ ՆԱՏՕ-ն, իր ստեղծման սկզբնական փուլում ուներ բավական սահմանափակ աշխարհագրություն և ռազմաքաղաքական որոշումներ կայացնողների շրջանակ, բայց հետագայում իր կազմում ներառեց տարբեր տարածաշրջանների պետություններ։ Այս նախադեպը ցույց է տալիս, որ թյուրքախոս պետությունների միջև ձևավորվելիք անվտանգության համակարգը եթե ձեռք բերի ինստիտուցիոնալ կառուցվածք, քաղաքական ազդեցություն և կշիռ, ապա տեսականորեն հնարավոր է, որ դրա շուրջ ձևավորվեն գործընկերային կապեր այլ երկրների հետ։
Այդուհանդերձ նկատենք, որ ընդլայնումն ամենայն հավանականությամբ չի ունենա դասական անդամակցության ձև։ Ավելի իրատեսական է, որ ոչ թյուրքախոս, սակայն իսլամական որոշ երկրներ ներգրավվեն անվտանգային համակարգում՝ ռազմավարական գործընկերոջ կամ հատուկ կարգավիճակ ունեցող պետության տեսքով, առանց դաշինքին վերաբերող առանցքային հարցերի վերաբերյալ որոշումների վրա անմիջական ազդեցություն ունենալու։ Միգուցե, լիարժեք անդամակցությունը տեղի ունենա այն պայմաններում, եթե խիստ շեշտադրված պանթյուրքականությունից անցում անի համասիլամականության կամ այդ երկուսի սինթեզման դեպքում։ Այս ուղիով ընթանալու պարագայում միջուկային տերություն համարվող Պակիստանը, Եվրոպայում՝ Կոսովոն և Բոսնիան, Աֆրիկայում՝ Լիբիան, գուցե նաև Սոմալին ու Ջիբութին, Մերձավոր Արևելքում՝ Սիրիան ու Կատարը կարելի է դիտարկել իբրև պոտենցիալ թեկնածուներ, որոնց հետ Անկարան ունի ռազմաքաղաքական սերտ հարաբերություններ։
Ընդհանուր առմամբ, ներկայումս «թյուրքական ՆԱՏՕ»-ի գաղափարը կամ թյուրքախոս պետությունների միջև անվտանգային որևէ տիպի համակարգի ստեղծումը ավելի շատ գիտական[7], հրապարակախոսական-վերլուծական[8] և քաղաքական խոսույթի մաս է, քան մոտ ապագայում իրականանալու հավանականություն ունեցող ինստիտուցիոնալ նախագիծ։ Դրանով հանդերձ, տվյալ գաղափարի շուրջ տարբեր մակարդակներում ընթացող քննարկումները արդեն իսկ վկայում են տարածաշրջանում աստիճանաբար ձևավորվող անվտանգային նոր համակարգի ընկալման մասին։
Հաշվի առնելով, որ տվյալ գործընթացները Հայաստանի համար ունենալու են հստակ անվտանգային ռազմավարական նշանակություն, կարելի է պնդել, որ հայրենական մասնագիտական-փորձագիտական համայնքը պետք է շարունակաբար ուշադրության կենտրոնում պահի հիշյալ ուղղությամբ ընթացող զարգացումները։ Տարածաշրջանային անվտանգության միջավայրում ընթացող փոփոխությունները, հատկապես այն նախաձեռնությունները, որոնք կապված են թյուրքախոս պետությունների համագործակցության խորացման և հնարավոր անվտանգային նոր համակարգերի ձևավորման հետ, պահանջում են հետևողական վերլուծություն և բազմակողմանի գնահատում։ Այս տեսանկյունից կարևոր է, որ ՀՀ ազգային անվտանգության պատասխանատուները ոչ միայն արձանագրեն քննարկվող հարցի շուրջ հնչող ընթացիկ քաղաքական հայտարարություններն ու նախաձեռնությունները, այլև փորձեն բացահայտել դրանց խորքային ռազմավարական տրամաբանությունը, ինչպես նաև գնահատել տարածաշրջանում ուժային հավասարակշռության հնարավոր փոփոխություններից բխող ազդեցությունները՝ ոչ միայն ՀՀ-ի, այլև ողջ Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի ընդհանուր անվտանգային միջավայրի վրա։ Հետևաբար նման գործընթացների մշտադիտարկումը, դրանց ռազմավարական գնահատումն ու հնարավոր ռիսկերի վերլուծությունը պետք է մնան վերոհիշյալ շրջանակների ուշադրության կենտրոնում, քանի որ թյուրքախոս պետությունների միջև անվտանգային-ռազմական բնույթի՝ «թյուրքական ՆԱՏՕ»-ի ձևաչափով հաստատության հնարավոր ստեղծումը կարող է էապես վերափոխել ուժային հարաբերությունները հարակից տարածաշրջաններում։ Ուստի, միայն նման համակարգված մոտեցման պայմաններում է հնարավոր ձևավորել իրատեսական պատկերացում տարածաշրջանում ձևավորվող նոր աշխարհաքաղաքական միտումների և դրանց՝ ՀՀ-ի համար առաջացող հնարավոր (մեծ հաշվով՝ բացասական) հետևանքների մասին։
[1] Արևելագետ, թուրքագետ: 2008–2019 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում որպես Հայագիտական կենտրոնի ղեկավար, 2014–2021 թթ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի գիտաշխատող։ 2019–2021 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վերլուծական ծառայության» բաժնում որպես ավագ փորձագետ։ 2021–2022 թթ. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի «Գիտահետազոտական աշխատանքների և միջազգային կապերի բաժնի» գլխավոր արխիվագետ։ 100-ից ավելի գիտավերլուծական հոդվածների և 12 կոլեկտիվ մենագրության հեղինակ է։
[2] Հոդվածը խմբագրություն է ներկայացվել 2026 թ. մարտի 10-ին:
[3] İran’dan atılan füze. Dışişleri Bakanı Hakan Fidan: Provokasyona gelmeyiz. Nergis Televizyonu. 07.03.2026, https://www.ntv.com.tr/turkiye/iran-atilan-fuze-disisleri-bakani-hakan-fidan-provokasyona-gelme yiz-1714937 (բեռնման օրը՝ 08․03․2026)․
[4] ԶԼՄ-ներում շրջանառվող մյուս տարբերակն իսրայելական սադրանքի վարկածն է։
[5] “Türk NATO’su” geliyor – 2026’dan sonra…, Modern. az. 08.10.2025, https://modern.az/tr/dunya/537451/ turk-natosu-geliyor-2026dan-sonra/ (բեռնման օրը՝ 08․03․2026)․
[6] Simavoryan, A. (2019). Turkey’s military-technical cooperation with the Turkic nations. SSRN Electronic Journal. https://papers.ssrn.com/sol3/papers.cfm?abstract_id=4102409 (բեռնման օրը՝ 09․03․2026)․
[7] Çora, A. N. (2024). Exploring the viability and implications of a NATO-like defense cooperation among Turkic states. Türk Dünyası İncelemeleri Dergisi, 24(2), 627-642.
[8] Ahmet Alan. Türk Devletleri Teşkilatı’nın stratejik rolü ve askeri iş birliği potansiyeli. Stratejik Ortak. 29.09.2024, https://stratejikortak.com/turk-devletleri-teskilatinin-stratejik-rolu-ve-askeri-is-birligi-potansiyeli/ (բեռնման օրը՝ 08․03․2026)․