Մեկնաբանություններ

Ֆրանսիայի և հունական պետությունների դաշինքը առաջին արդյունքներն է ցուցադրում

ԱՌՎԱԿ Կենտրոնի մեկնաբանությունը, 23.02.2024թ.

18.02.2024 թ. հայտնի դարձավ, որ Ֆրանսիան, Հունաստանը և Կիպրոսը ԵՄ Խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի  նիստում վետո են դրել Ուկրաինայի կարիքների համար թուրքական Բայրաքթար ԱԹՍ-ների և հրետանային արկերի գնման ֆինանսավորման վրա:

Որոշ արևմտյան մեկնաբաններ կարծիք են հայտնել առ այն, որ Ֆրանսիան շահագրգռված չէ սպառազինությունների շուկայում մրցակցությամբ, իսկ Հունաստանը չի ցանկանում իր հարկատուների գումարներով սնել թուրքական ռազմաարդյունաբերական համալիրը:

Այս ենթադրությունները բավականին իրատեսական են:

Հայտնի է, որ Ֆրանսիան հանդիսանում է Ուկրաինային տարբեր տրամաչափի հրետանային արկերի հիմնական մատակարարներից: Այս պահին զինամթերքի արտադրության գրեթե բոլոր ֆրանսիական գծերն աշխատում են իրենց առավելագույն հզորությամբ, և Փարիզի համար չափազանց անցանկալի է արկերի մատակարարումից ստացած շահույթը կիսել որևէ մեկի հետ, հատկապես, որ Հինգերորդ Հանրապետությունն Ուկրաինայի զինված ուժերի հիմնական ֆինանսական աջակիցներից մեկն է: 2024 թ. փետրվարի կեսերին նախագահ Մակրոնը ստորագրեց հրամանագիր Կիևին ռազմական կարիքների համար 3 մլրդ եվրոյի հերթական տրանշի տրամադրման մասին: Տվյալ քայլը վրդովմունքի ալիք բարձրացրեց ընդդիմության շրջանում, որը հայտարարեց, որ չափազանց ոչ խելամիտ քայլ է Ուկրաինային նման գումար «ընծայելն» այն դեպքում, երբ Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունը չի կարողանում «գտնել» 150 մլն եվրո՝ ֆրանսիական ապստամբ ֆերմերներին սուբսիդավորելու համար:

Սակայն, Մակրոնի որոշումը հազիվ թե կարելի է ֆրանսիական քաղաքականության ու տնտեսության գլոբալ շահերի համատեքստում ոչ խելամիտ անվանել: Ակնհայտ է, որ Ուկրաինան կստանա խոստացված 3 մլրդ եվրոն` այն ֆրանսիական պատվերների վրա ծախսելու պարտավորության դիմաց: Այդպիսով, ըստ էության, գումարները կմնան ու կներդրվեն Ֆրանսիայում` նոր թափ հաղորդելով տեղական ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը: Միաժամանակ, Փարիզը նաև կամրապնդի իր` որպես հակառուսական ճակատի հիմնական ֆինանսական հովանավորներից մեկի, քաղաքական կշիռն ու իմիջը:

Սակայն, բացի թվարկված քաղաքական և տնտեսական դրդապատճառներից, թուրքական սպառազինության գործարքի արգելափակումը Ֆրանսիայի և, հատկապես, հունական պետությունների համար ունի ևս մեկ կարևոր բաղադրիչ: ԵՄ ոլորտային հանձնաժողովի նիստում համատեղ վետոն «նյութականացրեց» որոշ փորձագետների կանխատեսումներն առ այն, որ ՆԱՏՕ-ի շրջանակներում ձևավորվում է նոր «ներդաշինքային» միավորում, որի նպատակն է, առաջին հերթին, զսպել Թուրքիայի հավակնոտ քաղաքականությունը և դրա ձգտումները գերիշխանության Արևելյան Միջերկրականում: Այսպիսով, մի կողմից՝ Ֆրանսիայի, մյուս կողմից՝ Հունաստանի և Կիպրոսի միջև ռազմաքաղաքական փոխգործակցության որակապես նոր մակարդակը, որի մասին բավականին շատ է քննարկվել վերջին 2-3 տարիների ընթացքում, տալիս է իր առաջին շոշափելի պտուղները: Հիշեցնենք, որ խոսքը հայտարարված դաշինքի մասին է, որի ծրագրերը, ըստ որոշ աղբյուրների, ներառում են «ՆԱՏՕ-ի շրջանակներից» դուրս Արևմուտք–Արևելք առանցքով հետագա ընդլայնումը` Հայաստանն ու Հնդկաստանը ընդգրկելու հեռանկարով: Իսկ սա, արդեն բավականին լուրջ մարտահրավեր է այն երկրներին, որոնք թերագնահատել են աշխարհագրորեն սփռված դաշինքի կենսունակության գաղափարը և, առաջին հերթին, Թուրքիային: