Սահմանակից երկրներ

Թուրքիա. ՏԻՄ ընտրություններին ընդառաջ

Արեստակես Ս. Սիմավորյան(1)(2)

Անցյալ տարվա մայիսին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններից 10 ամիս անց, սույն տարվա մարտի 31-ին Թուրքիայում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Ինչպես և սպասվում է, իշխող կուսակցության և ընդդիմության գլխավոր պայքարը կընթանա Ստամբուլի ու Անկարայի քաղաքապետների պաշտոնների համար։ Հիշեցնենք, որ ընդդիմադիր կուսակցությունները զգալի ձեռքբերումներ են ունեցել վերջին՝ 2019 թ. տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում։ Ճիշտ է, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթեց ընդհանուր ընտրություններում, սակայն պարտվեց Թուրքիայի այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են՝ Ստամբուլը, Անկարան, Իզմիրը, Ադանան, Անթալիան և այլն: Սա էական մարտահրավեր էր իշխող կուսակցության համար։ Այժմ, երբ ընտրություններից անցել է 10 ամիս, Թուրքիայի քաղաքական կյանքում որոշ էական փոփոխություններ են արձանագրվել, հատկապես ընդդիմության դաշտում։

Դեռևս անցյալ տարի էինք կանխատեսել, որ «Հանրապետական ժողովրդական» կուսակցության (ՀԺԿ) և «Լավ» կուսակցության միջև ստեղծված դաշինքը երկար կյանք չի կարող ունենալ(3) և, ըստ էության, այն փլուզվեց տարբեր հարցերում կողմերի մոտ եղած հակառակ դիրքորոշումների արդյունքում։ Ուստիև, մարտին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններում այս և դաշինքի մեջ մտնող մյուս կուսակցությունները կմասնակցեն առանձին թեկնածուներով։ Ի տարբերություն ընդդիմության, այս ընտրություններում Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) կմասնակցի նրա հետ կոալիցիա կազմած «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) հետ։ Այնպես որ Թուրքիայի և, հատկապես, Անկարայի ու Ստամբուլի քաղաքապետների պաշտոնների զբաղեցման համար պայքարը կընթանա այս երկու ուժերի կողմից ներկայացված թեկնածուների միջև։

Անկարա և Ստամբուլ գլխավոր թեկնածուները։ «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունները, որոնք 2018 թվականին սկիզբ առած «Ժողովրդական դաշինք»-ով են ներկայանում այս տեղական ընտրություններին, որոշել են դաշինք կազմել 59 նահանգներում և 117 համայնքներում։ Ելույթ ունենալով Թուրքիայի երիտասարդական հիմնադրամի (TÜGVA) կողմից կազմակերպված միջոցառմանը՝ Ռ․ Թ․ Էրդողանը մարտի 31-ի ընտրությունները որակեց՝ որպես «շրջադարձային»։ Նա նաև հայտարարեց, որ «Սա իմ վերջին ընտրությունն է։ Մենք վազում ենք առանց շնչելու։ Որովհետև ինձ համար սա եզրափակիչ է»(4)։

Այս հայտարարությունից հետո որոշ լրատվամիջոցներ սկսեցին շրջանառել տարբեր կարծիքներ, մասնավորապես, որ Էրդողանը նախագահական ժամկետի ավարտից հետո կթողնի քաղաքականությամբ զբաղվելը։ Ի դեպ, Էրդողանը տարբեր տարիներին Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունների նախօրեին և դրանցից հետո, մշտապես վստահեցնում էր հանրությանը, որ սա իր վերջին մասնակցությունն է։ Այնպես որ քիչ հավանական է, որ Էրդողանը ամբողջապես կլքի քաղաքական ասպարեզը։

Գալով ընտրություններին, նշենք, որ ԱԶԿ-ն Ստամբուլի գլխավոր քաղաքապետի թեկնածու է առաջադրել Շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախկին նախարար Մուրատ Քուրումին։ Որոշ տեսակետների համաձայն Քուրումը չունի քաղաքական ամուր հենք և նույնիսկ հաղթանակի դեպքում չի կարող դառնալ Էրդողանի քաղաքական մրցակիցը։ Ինչ վերաբերում է ԱԶԿ նախընտրական ծրագրին՝ այն բաղկացած է 8 դրույթներից․ նորարարական և առաջադեմ տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորում, կայուն քաղաքների զարգացում, շրջակա միջավայրի պաշտպանություն, քաղաքային տնտեսության զարգացում՝ շեշտը դնելով բնակիչների սոցիալական բարեկեցության վրա և այլն։ Փորձագիտական գնահատականներով, ի տարբերություն 2019 թ․-ի ընտրությունների, Ռ․ Թ․ Էրդողանը փոխել է մարտավարությունը։ Ըստ ԱԶԿ աղբյուրների՝ թեկնածուների հարցում, 2019 թ․-ին «կուսակցությունը սխալ ընտրություն էր կատարել, եղել են թերություններ նաև համակարգման հետ կապված և այժմ դասեր են քաղվել այդ սխալներից»(5)։

Ստամբուլում նախագահ Էրդողանը լիովին ներգրավված է քաղաքապետին և ընդդիմադիր թեկնածուին տապալելու քարոզարշավում։ Իշխող ԱԶԿ կուսակցության գլխավոր խնդիրը Ստամբուլի «վերանվաճումն» է` երկրի գլխավոր քաղաքն ու տնտեսական մայրաքաղաքը, որը 2019 թ․ անցել է ընդդիմության ձեռքը, և որի քաղաքապետն էր անձամբ Էրդողանը 1990-ական թթ․: Քուրումի և, ընդհանրպես, Թուրքիայի տարբեր քաղաքներում տեղի ունեցող քարոզարշավները գրեթե չեն անցնում առանց Էրդողանի ներկայության և պոպուլիստական ելույթների։ Էրդողանը երդվել է վերադարձնել Ստամբուլը, նա երբեք չընդունեց 2019 թ․-ի ջախջախիչ պարտությունը նաև այն պատճառով, որ «ով հաղթում է Ստամբուլը, ստանում է հսկայական քաղաքական առավելություն՝ ազգային մակարդակով իշխանության հասնելու համար», ընդգծում է քաղաքագետ Բերք Էսեն, «Էրդողանը գիտի, որ եթե պարտվի ընտրություններում, եթե իր թեկնածուն երկրորդ անգամ պարտվի ընտրություններում, ապա Իմամօղլուն կդառնա ազգային անհատականություն և հաջորդ նախագահական ընտրությունների լուրջ թեկնածու»(6):

Ինչ վերաբերում է քարոզարշավներին, ապա իշխող կուսակցությունը ընտրել է հետևյալ ռազմավարությունը՝ պառակտել ընդդիմությանը, սպառնալ ընտրողներին, ինչպես նախագահական ընտրությունների ժամանակ՝ օգտագործում է «ազգային անվտանգության» խաղաքարտը, վերահսկվող մեդիաների միջոցով մղում է տեղեկատվական պատերազմ ընդդիմության դեմ և այլն։ Իշխող կուսակցությունը ընտրողների հետ խոսում է նաև սպառնալիքների և շանտաժի լեզվով․ «Եթե ընտրեք ընդդիմադիր թեկնածուին, նրանք խնդիրներ կունենան կենտրոնական իշխանության հետ, և ձեր քաղաքը չի սպասարկվի»։ Կամ օրինակ՝ փետրվարի 16-ին, ելույթ ունենալով Օրդու քաղաքում, Էրդողանը ընտրողներին դիմեց հետևյալ կերպ․ «Ինչպե՞ս է առանց մեզ քաղաքապետարանը բնական գազ բերելու։ Եթե ​​մենք այնտեղ ենք, բնական գազ կա, եթե մենք այնտեղ չենք, բնական գազ չկա»(7)։ 

ԱԶԿ-ի Անկարայի քաղաքապետի թեկնածուն Թուրգութ Ալթընոքն է։ Վերջինս պատանեկության տարիներին եղել է «Գորշ գայլերի» անդամ, տարբեր տարիներին անդամակցել՝ «Ազգայնական շարժում» և «Առաքինություն» կուսակցություններին։ Ներկայումս ԱԶԿ անդամ է։

2023 թ․ մայիսի 14-ի և 28-ի ընտրություններում պարտություն կրած «Ազգ» դաշինքի մեջ մտնող կուսակցությունները դրա լուծարումից հետո որոշել են սեփական թեկնածուներով մասնակցել ՏԻՄ ընտրություններին։ Մասնավորապես, «Լավ» կուսակցությունը, որի դուռը սկզբնական շրջանում ՀԺԿ-ն թակեց ընտրական համագործակցության համար, որոշեց միայնակ մասնակցել ընտրություններին։ ՀԺԿ-ն, նախքան կենտրոնական ընտրական հանձնաժողովին հայտ ներկայացնելը, փորձում էր համագործակցության եզրեր գտնել  քրդամետ «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցության (թուրքերեն հապավումը` DEM, նախկինում հայտնի էր որպես HDP) և «Թուրքիայի աշխատավորական» կուսակցության (թուրքերեն հապավումը` TİP) միջև։  ՀԺԿ-ի և DEM կուսակցության միջև համապարփակ համաձայնություն ձեռք չբերվեց․ կուսակցությունների ռազմավարության տարբերություններով պայմանավորված նրանց միջև համագործակցությունը մնում է «սահմանափակ», այդ թվում՝ TİP-ի հետ(8)։

Անկարայի և Ստամբուլի քաղաքապետների պաշտոնի համար պայքարելու են ներկայիս ընդդիմադիր քաղաքապետներ, ՀԺԿ-ի անդամներ՝ Մանսուր Յավաշն ու Էքրեմ Իմամօղլին։ Երկու քաղաքական գործիչներն էլ իրենց քարոզարշավները կառուցում են հակաէրդողանական հռետորաբանության համատեքստում։ Հատկապես Է․ Իմամօղլին կոչ արեց Ռ․ Թ․ Էրդողանին և նրա քաղաքապետի թեկնածուին ընդմիշտ մոռանալ Ստամբուլի ջրանցքի՝ «էկոլոգիապես թշնամական նման նախագծի» մասին(9)։

Մյուս կողմից՝ որոշ «ընդդիմադիր» կուսակցություններ արդեն սկսել են քարոզչություն իրականացնել այլ ընդդիմադիր կուսակցությունների դեմ, որոնց հետ ընդամենը մեկ տարի առաջ դաշինք էին կազմել։  Օրինակ՝ «Լավ» կուսակցությունը: Այս կուսակցությունը՝ Մերալ Աքշեների գլխավորությամբ, դեռևս 2023 թ․ մայիսին կայացած ընտրություններում հանդես էր եկել գլխավոր ընդդիմադիր ՀԺԿ-ի հետ միասին։ Աքշեները նույնիսկ ցանկանում էր, որ դաշինքի նախագահի թեկնածուն լիներ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կամ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը։  Այժմ՝ Իմամօղլուին ու Յավաշին սատարելու փոխարեն Աքշեները նախընտրել է մրցակցել թե՛ Ստամբուլում, թե՛ Անկարայում իր թեկնածուներով։ Նախկինում «Լավ» կուսակցությունը հաջող արդյունքներ էր գրանցել, քանի որ գործում էր դաշինքի շրջանակներում։ Այժմ, կուսակցությունը այլ իրավիճակում է հայտնվել։ Այնուհանդերձ, չի բացառվում, որ Ստամբուլում, որտեղ «Լավ» կուսակցությունն ունի համակիրների լայն զանգվածԻմամօղլուն կարող է պարտվել ընտրություններում։

Նրանցից բացի, Ստամբուլի քաղաքապետարանի թեկնածուներ են առաջադրել նաև ընդդիմադիր ծայրահեղ աջ «Հաղթանակ» կուսակցությունը, ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցությունը, ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցությունը (DEVA) և ԱԶԿ դաշնակից համարվող «Նոր բարեկեցություն» կուսակցությունը (վերջին շրջանում ԱԶԿ-ի և այս կուսակցության միջև լուրջ տարաձայնություններ են ի հայտ եկել) և այլն: Ընդհանուր առմամբ, 52 թեկնածուներից 22-ը առաջադրված են կուսակցությունների կողմից, իսկ 30-ը՝ որպես անկախ թեկնածուներ։

Սոցհարցումների արդյունքները։ Ինչպիսի՞ն են կանխատեսումները։ Վերջին նախագահական ընտրությունները, որոնք անցկացվեցին անցյալ տարվա մայիսի 14-ին, լուրջ փորձություն էին վերլուծական, նաև հասարակական կարծիքն ուսումնասիրող ընկերությունների համար։ Եվ, ինչպես ցույց տվեցին դրանց արդյունքները, գրեթե բոլորն էլ սխալվել էին իրենց հաշվարկներում(10)։

2024 թ․ մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախաշեմին, որոշ արդյունքներ են հրապարակել OPTİMAR (հայտնի է որպես ԱԶԿ-ին մոտ կանգնած կենտրոն) և SONAR սոցհարցում կատարող կենտրոնները։ Ըստ SONAR-ի՝ Է․ Իմամօղլուն առաջատար է փոքր տարբերությամբ՝ հավաքելով 41,1%՝ Մ. Քուրումի 40,6%-ի դիմաց։ Ըստ OPTİMAR-ի՝ Է․ Իմամօղլուի առավելությունը 39,1% է, Մ․ Քուրումի՝ 37,7%-ի դիմաց։ Իսկ ահա DEM և «Լավ» կուսակցությունները համապատասխանաբար՝ 7% և 5%(11)։

Քանի որ ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն դառնալու է քաղաքապետ՝ DEM և «Լավ» կուսակցությունների թեկնածուների ստացած քվեները կարող են թուլացնել Իմամօղլուի դիրքերը՝ դարձնելով ԱԶԿ-ի հաղթանակն ավելի հավանական։

Ինչ վերաբերում է Անկարային, ապա ըստ Europe Elects-ի հարցումների՝ այստեղ ՀԺԿ-ի թեկնածու Յավաշը կհավաքի ձայների 49%-ը՝ 9%-ով գերազանցելով ԱԶԿ թեկնածուին(12):

Հայ համայնք։ Ինչպես ցանկացած ընտրություն, այս ՏԻՄ ընտրությունները նույնպես կարևոր նշանակություն ունեն Թուրքիայի էթնիկ և կրոնական փոքրամասնությունների համար։ Ընտրություններին մասնակցող գլխավոր քաղաքական ուժերի՝ ԱԶԿ–ԱՇԿ դաշինքի և ՀԺԿ-ի թեկնածուները քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ են ունենում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների, այդ թվում՝ հայկական համայնքի հետ։ Կարելի է ասել, որ թուրքական քաղաքականությունում հատկապես ՏԻՄ ընտրություններում հայ համայնքի քվեարկության վրա մեծ ազդեցություն ունեն, այսպես կոչված, «հովանավորչական-հաճախորդական հարաբերությունները», որոնք ծառայում են թե՛ ընտրողներին, թե՛ քաղաքական գործիչներին։ Այլ կերպ ասած, քաղաքապետի և թաղապետների թեկնածուները, ձևավորված պրակտիկայի համաձայն, ընտրություններին ընդառաջ այցելում են Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն, Մխիթարյան միաբանությանը պատկանող ուսումնական կենտրոններ, հանդիպումներ ունենում հայ համայնքի ներկայացուցիչների հետ և այլն։ Այս «քաղաքական հաճախորդները» ծանոթանում են եղած խնդիրներին, տարատեսակ խոստումներ են տալիս հայ համայնքին՝ ընտրվելու դեպքում տվյալ խնդիրները լուծելու պայմանով(13)։

Այս հանդիպումները, կարծես, անցնում են այն տրամաբանությամբ, թե ով ավելի շատ խոստումներ կտա՝ նա էլ կշահի այս հարաբերություններից։ Այդուհանդերձ, դժվար է ասել, թե հայ համայնքը, ո՛ր քաղաքական ուժին է պատրաստվում տալ իր քվեները։ Մինչդեռ, հաշվի առնելով նախկին ընտրությունները(14), ավելի հավանական է, որ հայ համայնքի ձայները «վերցնեն» քրդամետ DEM-ն ու ՀԺԿ-ն, քան՝ ծայրահեղ ազգայնական և իսլամական պահպանողական ​​կուսակցությունները՝ ի դեմս ԱԶԿ–ԱՇԿ դաշինքի և մյուս փոքր կուսակցությունների։

ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. Simavoryan, A. (2023). Presidential Elections in Turkey-2023. https://arvak.am/wp-content/ uploads/2024/02/arestakes_simavoryan_presidential_elections_in_turkey_2023_eng.pdf (բեռնման օրը՝ 08․03․2024)․
  2. Cumhurbaşkanı Erdoğan: “31 Mart son seçimim, benim için bu bir final”, (08.03.2024). https://www.voaturkce.com/a/cumhurbaskani-erdogan-31-mart-son-secimim-benim-icin-bu-bir-final/ 7519971.html (բեռնման օրը՝ 08․03․2024)․
  3. Ayşe Sayın․ Yerel seçimlere 1 ay kala iktidar ve muhalefet cephelerinde hangi hesaplar yapılıyor? (01.03.2024). https://www.bbc.com/turkce/articles/c0vjely5v4ro (բեռնման օրը՝ 03.03.2024).
  4. Marie-Pierre Vérot․ Turquie: à Istanbul, la campagne pour les élections municipales prend une dimension nationale․ (02.03.2024). https://www.francetvinfo.fr/monde/turquie/turquie-a-istanbul-la-campagne-pour-les-elections-municipales-prend-une-dimension-nationale_6399919.html (բեռնման օրը՝ 05․03.2024)․
  5. Erdoğan: Bizim olmadığımız bir büyükşehir belediyesi doğalgazı nasıl getirecek? Biz varsak doğalgaz var, biz yoksak doğalgaz yok․ (16.02.2024). https://www.indyturk.com/node/699481/haber/erdo%C4%9Fan-bizim-olmad%C4%B1%C4%9F%C4%B1m%C4%B1z-bir-b%C3%BCy%C3%BCk%C5%9Fehir-belediyesi-do%C4%9Falgaz%C4%B1-nas%C4%B1l-getirecek-biz (բեռնման օրը՝ 08.03.2024).
  6. Ayşe Sayın․ CHP, DEM Parti ve TİP’le hangi seçim bölgelerinde iş birliği yapacak? (22.02.2024). https://www.bbc.com/turkce/articles/c51ww7ve5v5o (բեռնման օրը՝ 08.03.2024).
  7. İmamoğlu’ndan Kurum ve Erdoğan’a: Kanal İstanbul’u unut. (04.03.2024). https://www.politikyol.com/imamoglundan-kurum-ve-erdogana-kanal-istanbulu-unut/ (բեռնման օրը՝ 09․03․2024)․
  8. Սիմավորյան Ա․ (2023). Հետընտրական Թուրքիա. նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքները․ https://arvak.am/wp-content/uploads/2023/08/Simavoryan-Arestakes-POST-ELECTORAL-TURKEY-THE-RESULTS-OF-THE-PRESIDENTIAL-AND-PARLIAMENTARY-ELECTIONSarm.pdf (բեռնման օրը՝ 08․03․2024)․
  9. Ekrem İmamoğlu ve Murat Kurum yarışı sürüyor: Cumhurbaşkanlığı seçimini doğru tahmin eden 3 anket şirketi İstanbul için ne diyor? (09.02.2024). https://www.cumhuriyet.com.tr/siyaset/ekrem-imamoglu-ve-murat-kurum-yarisi-suruyor-cumhurbaskanligi-secimini-2173634 (բեռնման օրը՝ 08.03.2024).
  10. Oliver Noyan․ Istanbul to be main battleground in upcoming Turkish local election․ (04.03.2024). https://www.euractiv.com/section/global-europe/news/istanbul-to-be-main-battleground-in-upcoming-turkish-local-election/ (բեռնման օրը՝ 08․03․2024)․
  11. Ա-ԳԷ-ՓԵ կուսակցութեան Կղզեաց քաղաքապետութեան թեկնածուին այցը, (01.03.2024). Նոր Մարմարա թերթ,  https://www.normarmara.com/arsiv2024-1/010324lu.html (բեռնման օրը՝ 05․03․2024)։
  12. Շիշլիի քաղաքապետութեան թեկնածուն՝ Մխիթարեան վարժարանի մեջ, (01.03.2024). Նոր Մարմարա թերթ,  https://www.normarmara.com/arsiv2024-1/010324lu.html (բեռնման օրը՝ 05․03․2024)։
  13. Murat Kurum Patrikhane’yi ziyaret etti. (09․02․2024)․ https://www.agos.com.tr/tr/yazi/29802/murat-kurum-patrikhane-yi-ziyaret-etti (բեռնման օրը՝ 05.03.2024).
  14. İBB Başkanımız Ekrem İmamoğlu ile birlikte Fatih Özel Sahakyan Nunyan Ermeni Okulu’nu ziyaret ettik. (21.02.2024). https://twitter.com/mhrpolat/status/1760271903585898645 (բեռնման օրը՝ 08․03․2024)․
  15. Ո՞ւմ է իր ձայնը տալիս Թուրքիայի հայ համայնքը նախագահի ընտրություններում․ (25.06.2022). https://armeniasputnik.am/20220625/um-e-ir-dzajny-talis-turqiaji-haj-hamajnqy-nakhagahi-yntrutjunnerum-43878070.html (բեռնման օրը՝ 10․03. 2024)։

(1) Արևելագետ, թուրքագետ: 2008–2019 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում՝ որպես Հայագիտական կենտրոնի ղեկավար, 2014-2021 թթ.-ին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի գիտաշխատող։ 2019–2021 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վերլուծական ծառայության» բաժնում՝ որպես ավագ փորձագետ։ 2021–2022 թթ. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի «Գիտահետազոտական աշխատանքների և միջազգային կապերի բաժնի» գլխավոր արխիվագետ։ 100-ից ավելի գիտավերլուծական հոդվածների և 12 կոլեկտիվ մենագրության հեղինակ է։

(2) Հոդվածը խմբագրություն է հանձնվել 12.03.2024 թ.։

(3) Simavoryan A. (2023). Presidential Elections in Turkey – 2023. ARVAK| An Armenian Analytical Center paper. https://arvak.am/wp-content/uploads/2024/02/arestakes_simavoryan_presidential_elections_in_turkey_ 2023 eng.pdf (բեռնման օրը՝ 08․03․2024)․

(4) Cumhurbaşkanı Erdoğan: “31 Mart son seçimim, benim için bu bir final”. (08.03.2024). https://www.voaturkce.com/a/cumhurbaskani-erdogan-31-mart-son-secimim-benim-icin-bu-bir-final/7519971.html (բեռնման օրը՝ 08.03.2024).

(5) Ayşe Sayın. Yerel seçimlere 1 ay kala iktidar ve muhalefet cephelerinde hangi hesaplar yapılıyor? (01.03.2024). https://www.bbc.com/turkce/articles/c0vjely5v4ro (բեռնման օրը՝ 03.03.2024).

(6) Marie-Pierre Vérot. Turquie: à Istanbul, la campagne pour les élections municipales prend une dimension nationale. (02.03.2024). https://www.francetvinfo.fr/monde/turquie/turquie-a-istanbul-la-campagne-pour-les-elections-municipales-prend-une-dimension-nationale_6399919.html (բեռնման օրը՝ 05.03.2024).

(7) Erdoğan: Bizim olmadığımız bir büyükşehir belediyesi doğalgazı nasıl getirecek? Biz varsak doğalgaz var, biz yoksak doğalgaz yok. (16.02.2024). https://www.indyturk.com/node/699481/haber/erdo%C4%9Fan-bizim-olmad%C4%B1%C4%9F%C4%B1m%C4%B1z-bir-b%C3%BCy%C3%BCk%C5%9Fehir-belediyesi-do%C4%9Falgaz%C4%B1-nas%C4%B1l-getirecek-biz (բեռնման օրը՝ 08.03.2024).

(8) Ayşe Sayın. CHP, DEM Parti ve TİP’le hangi seçim bölgelerinde iş birliği yapacak? (22.02.2024). https://www.bbc.com/turkce/articles/c51ww7ve5v5o (բեռնման օրը` 08.03.2024).

(9) İmamoğlu’ndan Kurum ve Erdoğan’a: Kanal İstanbul’u unut. (04.03.2024). https://www.politikyol.com/ imamoglundan-kurum-ve-erdogana-kanal-istanbulu-unut/ (բեռնման օրը՝ 09․03․2024)․

(10) Սիմավորյան Ա., (08.08.2023). Հետընտրական Թուրքիա. նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքները. https://arvak.am/wp-content/uploads/2023/08/ Simavoryan-Arestakes-POST-ELECTORAL-TURKEY-THE-RESULTS-OF-THE-PRESIDENTIAL-AND-PARLIAMENTARY-ELECTIONS_arm.pdf (բեռնման օրը՝ 08.03.2024):

(11) Ekrem İmamoğlu ve Murat Kurum yarışı sürüyor: Cumhurbaşkanlığı seçimini doğru tahmin eden 3 anket şirketi İstanbul için ne diyor? (09.02.2024). https://www.cumhuriyet.com.tr/siyaset/ekrem-imamoglu-ve-murat-kurum-yarisi-suruyor-cumhurbaskanligi-secimini-2173634 (բեռնման օրը՝ 08.03.2024).

(12) Oliver Noyan․ Istanbul to be main battleground in upcoming Turkish local election․ (04.03.2024). https://www.euractiv.com/section/global-europe/news/istanbul-to-be-main-battleground-in-upcoming-turkish-local-election/ (բեռնման օրը՝ 08․03․2024)․

(13) Ա-ԳԷ-ՓԵ կուսակցութեան Կղզեաց քաղաքապետութեան թեկնածուին այցը, (01.03.2024). Նոր Մարմարա թերթ,  https://www.normarmara.com/arsiv2024-1/010324lu.html (բեռնման օրը՝ 05․03․2024), Շիշլիի քաղաքապետութեան թեկնածուն՝ Մխիթարեան վարժարանի մեջ, (01.03.2024). Նոր Մարմարաթերթ,  https://www.normarmara.com/arsiv2024-1/010324lu.html (բեռնման օրը՝ 05․03․2024), Murat Kurum Patrikhane’yi ziyaret etti. (09․02․2024). https://www.agos.com.tr/tr/yazi/29802/murat-kurum-patrikhane-yi-ziyaret-etti (բեռնման օրը՝ 05.03.2024). İBB Başkanımız Ekrem İmamoğlu ile birlikte Fatih Özel Sahakyan Nunyan Ermeni Okulu’nu ziyaret ettik. (21.02.2024). https://twitter.com/mhrpolat/status/1760271903585898645 (բեռնման օրը՝ 08.03.2024):

(14) Ո՞ւմ է իր ձայնը տալիս Թուրքիայի հայ համայնքը նախագահի ընտրություններում․ (25.06.2022). https://armeniasputnik.am/20220625/um-e-ir-dzajny-talis-turqiaji-haj-hamajnqy-nakhagahi-yntrutjunnerum-43878070.html (բեռնման օրը՝ 10.03.2024):