ԱՊՀ, Արևմուտք, Հարավ-Արևելյան Ասիա, Հարավային Ամերիկա, ՀՀ, Արցախ, Սփյուռք, Մերձավոր Արևելք, Սահմանակից երկրներ

Ադրբեջանը և նեոգաղութատիրությունը

Սեղմագիր

Գլոբալ «Հարավ» և «Հյուսիս» տարածաշրջանների դիմակայության համատեքստում, վերլուծվում է Ադրբեջանի կողմից «նեոգաղութատիրության դեմ պայքարի» խոսույթի օգտագործումը «Չմիացած երկրների շարժման» շրջանակներում։

АЗЕРБАЙДЖАН И НЕОКОЛОНИАЛИЗМ
Марджанян А. А.

Аннотация

В контексте противостояния глобальных регионов «Юг» и «Север», анализируется использование Азербайджаном нарратива «борьба с неоколониализмом» в рамках «Движения неприсоединения».

AZERBAIJAN AND NEOCOLONIALISM
Marjanyan A. H.

Summary

In the context of the confrontation between the global «South» and «North», the use of “fight against neo-colonialism” narrative by Azerbaijan within the framework of the Non-Aligned Movement is analyzed.

Արա Հ. Մարջանյան(1)(2)

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Գլոբալ «Հարավ» և «Հյուսիս» տարածաշրջանների դիմակայության համատեքստում [1] «Արցախյան» հակամարտությանը բնորոշ է անհավասարակշռության իրավիճակ, գոյացած տարբեր ասպարեզներում կողմերի անհավասար կարողությունների և հմտությունների հետևանքով։ Անհավասարակշռության այս իրավիճակը շարունակում է գոյություն ունենալ նաև հակամարտության «պատերազմական» փուլի ավարտից հետո՝ մարտահրավերներ նետելով Հայաստանին։

Դրանցից առաջինը առնչվում է ռազմատեխնոլոգիական ոլորտին, մասնավորապես՝ արդյունավետ «կրակային հզորությանը» (firepower), իրազեկության (ISR)(3) մակարդակին, և արդի C3 համակարգին(4)։ Այս հարցին անդրադարձել էինք առանձին հոդվածով։ Մյուսը առնչվում է հակամարտության «արտաքին չափողականությանը»։

1. Խնդիրը

Նկատի ունենք մի կողմից՝ Ադրբեջանի և յուր անվտանգային ու ռազմական դաշնակիցների (Իսրայել, Թուրքիա, Պակիստան, Բելառուս, ՌԴ, Ուկրաինա և այլն), մյուս կողմից՝ Հայաստանի և իր սակավաթիվ ու ոչ այնքան արդյունավետ դաշնակիցների ցավագին իրադրությունը։ Դրա գոյացման պատճառները մի քանիսն են [2], բայց այստեղ մեզ հետաքրքրում են նրանք, որոնք անմիջականորեն կապված են «Հարավ/Հյուսիս» գլոբալ դիմակայության հետ [1]։

Խոսքը մի կողմից՝ «Չմիացած երկրների շարժման» (ՉԵՇ)(5) հետ Ադրբեջանի համագործակցության բնույթի և խորության մասին է, մյուս կողմից՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ)(6) հետ Հայաստանի համագործակցությանը։ Արդյո՞ք այն հավասարակշռում է Ադրբեջան–ՉԵՇ համագործակցությանը։

2. «Ֆրանկոֆոն երկրների կազմակերպությունը»՝ ընդդեմ
«Չմիացած երկրների շարժման»

Չխորանալով խնդրի մանրամասների մեջ նշենք, որ մինչ 2012 թ. թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը ՉԵՇ դիտորդ անդամ երկրներ էին։ Սկսած 2012 թ. հոկտեմբերից Հայաստանի ՖՄԿ հետ համագործակցությունը այն ժամանակվա իշխանությունները սկսեցին դիտարկել որպես Ադրբեջան–ՉԵՇ համագործակցության յուրօրինակ հակակշիռ, մասնավորապես 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին սպասվող «ցունամիի» ենթադրյալ «ալիքին» ընդառաջ։

Մինչդեռ, Ադրբեջանի համագործակցությունը ՉԵՇ հետ աճում էր, առանձնանալով հիմնական նպատակին (հաղթանակ ԼՂԻՄ/ԼՂՀ-ում, դրա հայաթափում) հասնելու գործում հետևողականությամբ, և ՉԵՇ իսլամական երկրների ու Իսրայելի միջև ճկուն հավասարակշռության պահպանմամբ։ Այս ամենն ընթանում էր ՉԵՇ անդամ երկրների հետ տնտեսական և քաղաքական հարաբերությունների խորացմամբ, հիմնված թափ հավաքող նեոգաղութատիրության խոսույթի օգտագործման վրա, և զուգորդված «նավթային բիզնեսի» տարրերով:

Իսկ Հայաստան–ՖՄԿ համագործակցության արդյունավետությունը իր գործնական, առաջին հերթին՝ ենթակառուցվածքային ու աշխարհաքաղաքական առումներով սկսեց հիշեցնել Հայաստան–ՍԾՏՀ(7) և Հայաստան–TRACECA(8) «համագործակցությունը», որոնց անարդյունավետության ու անպտղության պատճառով «համագործակցություն» բառը ստիպված ենք վերցնել չակերտների մեջ։ Արդյունքում, 2015 թ. վերջից սկսեց աճել «Ադրբեջան–ՉԵՇ» և «Հայաստան–ՖՄԿ» միջև անհավասարակշռությունը։ Իրադրությունն այստեղ սկսվեց փոխվել միայն վերջերս, Արցախի «լուծարումից» և լիակատար հայաթափումից հետո միայն, Հայաստան–Ֆրանսիա ռազմատեխնիկական որոշակի համագործակցության մեկնարկով։

Իրադրությունը դարձավ հատկապես ընդգծված սկսած 2019-ից, երբ ԱդրՀ-ն միաձայն ընտրվեց ՉԵՇ նախագահող երկիր՝ 2019–2024 թթ. համար։ Ընդգծենք, որ ադրբեջանական վարչակազմի համար այս հանգամանքը դարձավ վճռական գործոն և ուրվագծեց 2019–2024 թթ. որպես «Արցախյան հարցի վերջնական լուծման» ամենանպաստավոր ժամանակահատված։

2019 թ. հոկտեմբերի 25-26-ին Բաքվում կայացավ ՉԵՇ անդամ երկրների ղեկավարների 18-րդ Կոնֆերանսը՝ «Բանդունգյան սկզբունքների պահպանմանը, արդի աշխարհի մարտահրավերներին (ի՛մա՝ «նեոգաղութատիրությանը» – Ա.Մ.) համաձայնեցված և համակարգված պատասխան տալու նպատակով» խորագրով։ Ավելին, 2023 թ. հուլիսին Բաքվում հիմնվեց «Գաղութատիրության և նեոգաղութատիրության դեմ պայքարի օժանդակման նախաձեռնող խումբը»(9), որն առավել հայտնի է իր ռուսերեն հապավմամբ՝ БИГ (Бакинская инициативная группа) [4].

БИГ նպատակը հստակորեն նշել էր հենց նախագահ Ի. Ալիևը՝ 2023 թ. հոկտեմբերի 20-ին Բաքվում մեկնարկած «Նեոգաղութատիրություն. Մարդու իրավունքների խախտում և անարդարություն» խոսուն խորագրով միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում. «Ադրբեջանը չափազանց մտահոգված է 21-րդ դարում գաղութատիրության շարունակմամբ և դրա նոր դրսևորումների աճող միտումներով։ Թեև Բանդունգի կոնֆերանսից անցել է մոտ 70 տարի, կան երկրներ, որոնք դեռ շարունակում են գաղութատիրությունը։ Այդ երկրներից մեկը Ֆրանսիան է։ Ընդհանրապես մարդկության գաղութատիրական պատմության արյունալի հանցագործությունների մեծ մասը կատարել է Ֆրանսիան»։

Կոնֆերանսին մասնակցում էին ներկայացուցիչներ Ալժիրից, Քենիայից, Մալիից, Մարոկկոյից, Եթովպիայից, ինչպես նաև Գվադելուպայից, Մարտինիկայից, Նոր Կալեդոնիայից, Ֆրանսիական Գվիանայից և Պոլինեզիայից: «Այսինքն այն երկրներից, որոնք ժամանակին առավելագույնս տուժել են ֆրանսիական գաղութատիրությունից, իսկ այսօր տառապում են ֆրանսիական նեոգաղութատիրությունից։ Ըստ էության, դրանք բոլորն էլ Ֆրանսիայի գաղութներ են, ֆորմալ առումով՝ ֆրանսիական անդրծովյան տարածքներ» պարզաբանվում է [4]-ում։ Կոնֆերանսի նյութերին կցված էր «Ֆրանսիական գաղութային կայսրության փլուզումը» վերնագրով քարտեզը, որը և վերարտադրում ենք այստեղ (Քարտեզ 1):

Քարտեզ 1. «Ֆրանսիայի գաղութային կայսրության քայքայումը». Աղբյուր՝ [4]:

2024 թ. ապրիլի 17-ին Ֆրանսիան ետ կանչեց իր դեսպանին Բաքվից, իսկ հաջորդ օրը՝ 2024 թ. ապրիլի 18-ին, Ադրբեջանի Միլի Մեջլիսում տեղի ունեցավ «Նոր Կալեդոնիա. Պատմություն, արդի մարտահրավերներ և սպասվող ապագա» խորագրով գիտաժողովը [5]։ Դրա ընթացքում Նոր Կալեդոնիայի Կոնգրեսի ենթակառուցվածքների հանձնաժողովի նախագահ Ն. Օմայրան համագործակցության մասին հուշագիր ստորագրեց Ադրբեջանի հետ։ Նրա խոսքերով «հուշագիրը ներառում է քաղաքական աջակցություն։ Միևնույն ժամանակ, մենք կկարողանանք զարգացնել մեր համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ տնտեսությունը, մշակույթը և բնապահպանությունը: Մեզ համար նոր էջ է բացվում, այսօր մենք երկու ժողովուրդների միջև նոր պատմության հիմքն ենք դնում» [5]:

2024 թ. մայիսի 16-ին, Նոր Կալեդոնիայում սկսվեցին անկարգություններ, որոնք հանգեցրին բախումների և զոհերի։ Ֆրանսիան ստիպված եղավ 600 ժանդարմ ուղարկել Նոր Կալեդոնիա՝ տրանսպորտային ենթակառուցվածքները վերահսկելու և արտակարգ դրության պայմաններում կարգուկանոն պահպանելու համար։ Մայիսի 23-ին Ֆրանսիայի նախագահ Է. Մակրոնը ստիպված էր ժամանել Նոր Կալեդոնիա, իրադրությունը կարգավորելու նպատակով(10)։

Անկարգությունների ընթացքում սադրիչների ձեռքում նկատվեցին ադրբեջանական դրոշներ։ Ըստ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Ժ. Դարմանինի Politico ամսագրին տրված հարցազրույցի՝ «Ադրբեջանական հետքը այս անկարգությունների կազմակերպման մեջ հորինվածք չէ ամենևին։ Ես ափսոսում եմ, որ որոշ անջատողականներ գործարքի են գնացել Ադրբեջանի հետ»(11)։

Ըստ նույն աղբյուրի, «Ֆրանսիայի հետախուզության ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան և Բաքուն խաղաղօվկիանոսյան արշիպելագի բնակիչների շրջանում հետևողականորեն առաջ են քաշում՝ «Ֆրանսիան գաղութատիրական պետություն է» խոսույթը»։

Իր հերթին, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ա. Հաջիզադեն հակադարձել էր, որ «Ֆրանսիայի ՆԳ նախարարը պետք է կենտրոնանա անդրծովյան տարածքների նկատմամբ իր երկրի ձախողված քաղաքականության վրա, ինչը հանգեցրեց նման բողոքի»։ Իսկ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական բողոքի նոտայի մեջ նշվում էր, որ. «Ի տարբերություն Ֆրանսիայի, որտեղ համատարած արձանագրված են մարդու իրավունքների կոպիտ խախտումների փաստեր, անկարգությունների ժամանակ ցուցարարների սպանություններ, իսլամաֆոբիայի դրսևորումներ և մահմեդականների վրա հարձակումներ, ինչպես նաև հակասեմիտիզմ, Ադրբեջանում լիովին ապահովված են [մարդու] հիմնարար իրավունքներն ու ազատությունները»(12)։ Իսկ, 2024 թ. մայիսի 16-ին БИГ գործադիր տնօրեն Ա. Աբբասովը հայտարարել էր, որ. «Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես է Ֆրանսիայի կառավարությունը ձգտում պահպանել իր նեոգաղութային քաղաքականությունը»:

Մի կողմ դնելով ադրբեջանական այս զավեշտալի հակադարձումներից առաջացած զգացմունքները, անհրաժեշտ ենք համարում փաստել, որ.

  • Սկսած 2019-ից, երբ Ադրբեջանը դարձավ ՉԵՇ նախագահող երկիր, և մինչև 2023 թ. ԼՂՀ «լուծարումը» ու հայ բնակչության տարհանումն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը և դրա գործունեությունը ձեռք են բերել գլոբալ բնույթ, ներառելով «նեոգաղութատիրության դեմ պայքարի» խոսույթը։
  • Ադրբեջանը ակնհայտորեն դիրքավորվում է գլոբալ «Հարավի» և «Հյուսիսի» աշխարհաքաղաքական դիմակայությունում, ընտրելով գլոբալ «Հարավի» կողմը, կամա թե ակամա սատարելով ՌԴ ջանքերը՝ գլխավորելու «Հարավի» արշավը ընդդեմ «Հյուսիսի»։
  • Այն հանգամանքը, որ այս ժամանակահատվածը ամբողջությամբ ընդգրկում է 44-օրյա պատերազմը, Շուշիի անկումը և 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը, պետք է հուշի ՀՀ արտաքին քաղաքականությանը անհրաժեշտաբար դիտարկել Արցախյան հիմնախնդիրը գլոբալ «Հարավ» և «Հյուսիս» դիմակայության տրամաբանության մեջ։

3. Մի փոքր տեսական «դադար»

Վերջին տարիների Ադրբեջանի ելքը գլոբալ աշխարհաքաղաքական թատերաբեմ մեզ համար շատ նշանակալի զարգացում է, նոր, հավանաբար՝ ռազմավարական նշանակության մարտահրավեր, կարևոր թե՛ տեսական, թե՛ կիրառական տեսանկյուններից։ Սկսենք տեսական որոշ դիտարկումներից։

Բնական կլիներ ենթադրել, որ Փարիզի և Բաքվի հարաբերությունները վատթարացել են՝ պայմանավորված ԼՂՀ հարցում Ֆրանսիայի դիրքորոշմամբ, Հայաստանի ու Ֆրանսիայի միջև վերջերս ուրվագծվող ռազմատեխնիկական ու ռազմաքաղաքական համագործակցության մեկնարկով։ Ըստ էության, հենց այսպես էլ մեկնաբանվում է ստեղծված իրադրությունը մի շարք հայերեն և ռուսալեզու վերլուծականներում։

Սակայն, կարծում ենք, այդպիսի մեկնաբանությունը, առերևույթ՝ ճշմարիտ, դիտարկումներից դուրս է թողնում ֆրանսիական արտաքին քաղաքականության խորքային դրույթները և ինքնուրույն աշխարհաքաղաքականություն վարելու Ֆրանսիայի կարողությունը(13)։ Այս առումով անթույլատրելի պարզեցում, ավելի վատ՝ պարզապես սխալ է ընկալել ՌԴ և Ադրբեջանի ներկայիս հակաֆրանսիական քայլերը պայմանավորված բացառապես Ուկրաինայում ՌԴ կողմից վարվող Հատուկ ռազմական գործողությամբ (ՀՌԳ), կամ բացատրել «ՀՀ–Ֆրանսիա» ռազմատեխնիկական որոշակի համագործակցությամբ։

Մեր կարծիքով Ֆրանսիայի (և Չինաստանի) ներկայիս հատուկ վերաբերմունքն ու դիրքորոշումը թե՛ ՀՌԳ, թե՛ ԼՂՀ, և թե՛ ՄԱ կոնֆլիկտների նկատմամբ, հատկապես՝ ԱՄՆ-ի «ռազմավարական ուշաթափության» ներկայիս պայմաններում, կապված 2024 թ. նոյեմբերյան նախագահական ընտրությունների (ներքին կայունության կորստի վտանգ) և Մերձավոր Արևելքում շիկացող իրավիճակի («Իսրայել–Լիբանան–Հեզբոլլահ» նոր հակամարտության հնարավորություն)(14) հետ, գնում են մինչև անցած դարի վաղ 90-ականներ։ Երբ ակտուալ էին փլուզվող ԽՍՀՄ նախկին հանրապետություններում խորհրդային ատոմային զենքի «ժառանգության» հարցերը, ձևավորվում էր Բուդապեշտյան հուշագրերի մեխանիզմը, և նախկին խորհրդային հանրապետությունների ինքնիշխանության ու սահմանների ճանաչման հարցերը։ Դրանց բոլորում Ֆրանսիան ուներ իր հատուկ դիրքորոշումները և իրացրեց դրանք տարբեր փաստաթղթերի և պայմանավորվածությունների միջոցով(15)։ Ֆրանսիայի հատուկ կեցվածքը գնում է նույնիսկ էլ ավելի հեռուն՝ ընդհուպ մինչև 1966-ին ՆԱՏՕ-ի «Միջուկային պլանավորման» համակարգից Ֆրանսիայի դուրս գալուն, ու դրան ետ վերադարձը՝ արդեն 2009-ին, 2008-ի վրաց-օսական «քառօրյա» պատերազմից և դրանում ՌԴ դերակատարումից հետո:

Չտեսնել, կամ դիտարկումներից դուրս թողնել այս ամենը, ոչ միայն անթույլատրելի պարզեցում է, այլև սխալ հաշվարկների ու վճիռների կայացման գրավական։

4. Աֆրիկյան Սահելի 2019–2023 թթ. «հեղաշրջումների գոտին»

Կիրառական տեսանկյունից մեզ համար առավել նշանակություն ունի Ադրբեջանի արտաքին քաղաքականության համաժամանակեցումը ՌԴ այն գործողությունների հետ, որոնք առնչվում են Սահելի երկրներում(16) վերջին տարիներին արձանագրված հեղաշրջումների շարքին, ու դրանցում ռուսական «Վագներ»(17) մասնավոր ռազմական ընկերության (ՄՌԸ) ներգրավվածությանը։ Խոսքը անցած 5 տարիների ընթացքում աֆրիկյան 7 երկրներում (որոնցից 6-ը՝ Սահելում) 10 հեղաշրջումների շարքի մասին է (տե՛ս Քարտեզ 2

Պատմականորեն բոլոր այդ երկրները Ֆրանսիայի գաղութային համակարգի մաս էին կազմում, և, գտնվելով ֆրանսիական քաղաքական, տնտեսական, քաղաքակրթական ու լեզվական երկարատև ազդեցության տակ, հանդիսանում էին «ֆրանկոսֆերայի» էական բաղադրիչ։ Մեր վերլուծության համար կարևոր է հասկանալ «Սահելյան» հեղաշրջումների այս շղթայի ժամանակագրությունը։

Այն սկսվում է 2019-ի ապրիլի 11-ով, երբ Սուդանում բանակի կողմից իշխանությունից հեռացվեց նախագահ Օ. Ալ-Բաշիրը, իսկ օգոստոսին անցումային կառավարության ղեկավար կարգվեց Ա. Համդոկը։ Սուդանում երկրորդ հեղաշրջումը տեղի ունեցավ 2021 թ. հոկտեմբերին, երբ ձերբակալվեց արդեն Ա. Համդոկը ու լուծարվեց անցումային վարչակազմը։ 2023 թ. ապրիլից Սուդանում սկսվեց նախկին խռովարարների միջև պատերազմը (արդյունքը՝ հազարավոր զոհեր, 3.6 մլն տեղահանվածներ)։ Հաջորդ հեղաշրջումը տեղի ունեցավ 2020 թ. օգոստոսի 18-ին՝ Մալիում, և կրկին անգամ այդտեղ՝ 2021 թ. մայիսի 24-ին։ Հաջորդը՝ 2021 թ. ապրիլի 20-ին՝ Չադում, հաջորդը՝ 2021 թ. սեպտեմբերի 5-ին՝ Գվինեայում։ Հաջորդ երկուսը՝ Բուրկինա Ֆասոյում, 2022 թ. հունվարի 24-ին և սեպտեմբերի 30-ին։ Վերջապես, 2023 թ. հուլիսի 26-27-ին՝ Նիգերում և օգոստոսի 30-ին՝ Գաբոնում, (տե՛ս Քարտեզ 2

Քարտեզ 2. 2019–2023 թթ. Աֆրիկյան Սահելի «հեղաշրջումների գոտին»:
Աղբյուրը՝ Le Monde, 09.09.2023.

Այս 10 հեղաշրջումներից գրեթե բոլորում հստակ նշմարելի է ՌԴ, մասնավորապես` «Վագներ» ՄՌԸ անմիջական կամ անուղղակի դերակատարումը, իսկ որոշներում՝ նաև Ադրբեջանի ներկայությունը։ Սա կարևոր հանգամանք է, ու դրան դեռ կանդրադառնանք ստորև։ Բայց մինչ այդ շեշտենք երկու փաստ։

Նախ, ֆրանսիական «Լե Մոնդ» ամսագրի այս ինֆորմատիվ ու շատ օգտակար գրաֆիկայում նշված է Գաբոնը(18), որը երկրների այս շարքում միակ ոչ-Սահելյան երկիրն է (Քարտեզ 2)։ Սակայն, չգիտես ինչու, այստեղ հիշատակված չէ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը (ԿԱՀ, ЦАР, քարտեզում՝ REP. CENTRAFRICAINE), մինչդեռ այստեղ 2018-ին ծավալված դեպքերը, կարծում ենք, անմիջական կապ ունեն թե՛ 2019–2023 թթ. Սահելյան հեղաշրջումների հիշյալ շղթայի, թե՛ դրանցում «Վագներ» ՄՌԸ դերակատարման հետ։

Հիշեցնենք, որ 2018 թ. հուլիսի 30-ին ԿԱՀ-ում սպանվեց ռուսաստանցի Օ. Ջամալը ու երկու այլ լրագրողներ, որոնք ԿԱՀ էին ժամանել այս երկրում «Վագների» գործունեության, մասնավորապես Ե. Պրիգոժինի կողմից ոսկու հանքերի շահագործման մասին ֆիլմ նկարելու նպատակով։ Մամուլում նշվում էր, որ այս ֆիլմի ֆինանսավորումը ապահովում էր ռուսաստանյան նախկին օլիգարխ, «Юкос» նավթային ընկերության սեփականատեր, իսկ այսօր՝ վտարանդի Մ. Խոդորկովսկին։

Հիշեցնենք նաև, որ Օ. Ջամալը՝ Հայդար Ջամալի որդին է։ Իսկ այն հարցերը, թե ինչ շոշափելի ազդեցություն են ունեցել հայր և որդի Ջամալները Մոսկվայում և ՌԴ-ում հակահայկական և հակահայաստանյան տրամադրությունների տարածման ու արմատավորման գործում, ի՞նչ կապ են ունեցել ադրբեջանական «հակաիմպերիալիստական և հակա-գաղութատիրական» շրջանակների, ու, առհասարակ՝ ռուսաստանյան «ձախական» շարժումների հետ, դեռ կարոտ են համակողմանի ուսումնասիրության։

Երկրորդը. կարծում ենք, որ Սահելյան հեղաշրջումների շղթան անհրաժեշտ է դիտարկել հարցին առնչվող ավելի լայն երևույթների համատեքստում։ Այս առումով չափազանց կարևոր է շեշտել հետևյալը. 2023 թ. հուլիսի 27-28-ին Ս. Պետերբուրգում «ՌԴ–Աֆրիկա» գագաթնաժողովի(19) անցկացումը, 2023 թ. հուլիսի 27-ին Նիգերի հեղաշրջումը, 2023 թ. հուլիսին Բաքվում БИГ ստեղծումը (տես վերը) անհրաժեշտ է դիտարկել ոչ թե որպես ժամանակային պարզ զուգադիպություն, այլ որպես մտադրությունների և գործողությունների համաժամանակեցում (սինխրոնացում): Այս տեսանկյունից հատկապես ուշագրավ է, որ «Սահելյան հեղաշրջումների շղթան» սկսվում է հենց 2019-ից, երբ Ադրբեջանը դարձավ ՉԵՇ-ը նախագահող երկիր։

Այս հանգամանքն ընդգծելու համար հավելենք հետևյալը։

2024 թ. ապրիլի 4-ին Կոնգոյի Հանրապետության (Բրազավիլ, ԿՀ) նախագահ Սասսու-Նգեսսոի հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը ընդգծել էր(20), որ «որոշ ժամանակ առաջ Ադրբեջանում ստեղծվել է БИГ նախաձեռնությունը, որի հիմնական նպատակն է պայքարել գաղութատիրության նոր դրսևորումների դեմ և աջակցություն ցուցաբերել գաղութատիրությունից տառապող ժողովուրդներին՝ օրինական հիմունքներով ապահովելով նրանց ազատությունը»։

Այս հանդիպումից մի քանի շաբաթ անց, 2024 թ. մայիսի 19-ին, կիրակի առավոտյան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (Կինշասա, ԿԴՀ, Քարտեզ 2-ում՝ République démocratique du Congo)(21) տեղի ունեցավ հեղաշրջման փորձ, որն արագորեն ճնշվեց զինվորականների կողմից(22)։ Իրադարձությունները տեղի էին ունեցել Կոնգո գետի աջ ափին, ԿԴՀ մայրաքաղաք Կինշասայում(23), նախագահ Ֆ. Տշիսեկեդիի նստավայրի մոտ։ Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ «հեղաշրջման փորձին մասնակցել են մի շարք օտարերկրացիներ և կոնգոլեզցիներ»։ Ավելի ուշ ԿԴՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Լ. Թեմլինը իր բլոգում գրել էր, որ «մտահոգված է հեղաշրջման փորձում ԱՄՆ-ի քաղաքացիների մասնակցության լուրերով», իսկ սոցցանցերում տարածված հոլովակներում նկատելի էր, թե ինչպես են ռազմական հագուստով մարդիկ Կինշասայի Նախագահական պալատի մոտ ծածանում նախկին Զաիրի դրոշը(24)։

Կիրակի երեկոյան ու հաջորդ օրերին հրապարակումներ հայտնվեցին այն մասին, որ Կինշասայում հեղաշրջման փորձը կազմակերպվել է Կոնգոյի (Բրազավիլի) կողմից։ Ինչն, իհարկե, հերքվեց պաշտոնական ԿՀ կողմից, նշելով, որ ԿՀ Նախագահ Նգեսսոն այդ ժամանակ գտնվում էր Նյու-Յորքում և մասնակցում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի աշխատանքներին»(25)։

Ծածանվե՞լ էր, արդյոք, նաև Ադրբեջանի դրոշը 2024 թ. մայիսի 19-ին Կինշասայում, հայտնի չէ։ Սակայն մեզ հայտնի է, որ ռազմական գործողությունների ու արկածախնդրությունների նախօրեին, ներգրավված երկրների նախագահների՝ Նյու Յորքում գտնվելը, ՄԱԿ-ի որևէ միջոցառմանը մասնակցելու նպատակով, ոչ միայն արգելք չէ, այլև կարելի ասել՝ նորմ դրանց իրականացման համար։ Վկան՝ 2016 և 2020 թթ. պատերազմները մեզ մոտ, և բազում այլ դրվագներ` ողջ աշխարհում։

5. Սահելից՝ Խաղաղ Օվկիանոս, Կորսիկա և Կարիբյան Ծով

Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ կարծում ենք առկա են հիմքերը ենթադրելու, որ 2024 թ. մայիսին, արդեն Խաղաղ Օվկիանոսում գտնվող Նոր Կալեդոնիայում տեղի ունեցած անկարգությունները անհրաժեշտը է դիտարկել որպես Աֆրիկյան Սահելում, իրենց բնույթով՝ հակա-ֆրանսիական հեղաշրջումների շղթայի ընդլայնում դեպի Խաղաղ օվկիանոս։ Ադրբեջանի արտաքին քաղաքականության այս հատկանշական ընդլայնման մասին արդեն խոսեցինք վերը։ Բայց, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ խոսքը միայն Նոր Կալեդոնիայի մասին է, բերենք «Ադրբեջան–ՉԵՇ–գլոբալ Հարավ» համագործակցությանը առնչվող վերջերս արձանագրված ևս երեք ուշագրավ դրվագ։

Առաջինը վերաբերում է Միջերկրական ծովին և Կորսիկա կղզուն(26)։ 2023 թ. հոկտեմբերի 24-ին Ադրբեջանի Միլի Մեջլիսում ստեղծվել էր 4 պատգամավորներից(27) բաղկացած պառլամենտական հատուկ խումբ՝ ի պաշտպանություն «Կորսիկայի ժողովրդի՝ ազգային ինքնության վերականգնման, հիմնարար իրավունքների ու ազատությունների ապահովման պայքարին»։ Ըստ Միլի Մեջլիսի մամուլի ծառայության. «Այս խմբի նպատակն է աջակցել համաշխարհային հանրության ուշադրությանը Կորսիկայի ժողովրդի արդարացի պահանջներին և համախմբել միջազգային ջանքերը՝ ֆրանսիական գաղութային համակարգի կործանարար հետևանքների դեմ պայքարելու համար»(28)։

Նկատենք, որ սա տեղի է ունեցել Ֆրանսիայի Սենատի թիվ 50 հայտնի բանաձևի ընդունումից մոտ 100 օր առաջ։ Հիշեցնենք, որ 2024 թ. հունվարի 17-ին Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու վերաբերյալ բանաձև(29) էր ընդունել, ինչպես նաև կոչ արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ՝ Արցախում նախորդ տարվա սեպտեմբերին Բաքվի սանձարձակ հարձակման համար(30)։ Հաջորդ օրը, 2024 թ. հունվարի 18-ին, Ադրբեջանի Միլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովը կոչ արեց կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Փարիզի դեմ՝ ի պատասխան Ֆրանսիայի Սենատի հիշյալ որոշման։

Առաջարկվել էր նաև դադարեցնել բոլոր տնտեսական հարաբերությունները Ֆրանսիայի հետ և ճանաչել «Կանակայի» (Նոր Կալեդոնիա), «Մաոհի-Նուիի» (Ֆրանսիական Պոլինեզիա) և Կորսիկայի անկախությունը։ Կոմիտեն կոչ է արել սառեցնել ֆրանսիացի պաշտոնյաների բոլոր ակտիվները, երկրից վտարել ֆրանսիական բոլոր ընկերությունները, ներառյալ՝ նավթագազային Total Energies ընկերությունը, արգելել ֆրանսիական ընկերություններին մասնակցել պետական նախագծերին(31):

Հաջորդը վերաբերում է Կարիբյան ավազանին։ Ըստ թուրքական և ադրբեջանական 2024 թ. հունիսի 20-ի մի շարք հրապարակումների, Գվադելուպայի(32) Ազգային Միության միջազգային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Պ. Տասիտը հայտարարել էր. «Ֆրանսիան իր ներկայիս հզորությանը հասել է մեր հողերի շնորհիվ։ Եթե մի կողմ դնենք անդրծովյան տարածքները, ինքը՝ Ֆրանսիան, փոքր երկիր է։ Իսկ մենք հարուստ ռեսուրսներ ունենք, և այդ պատճառով Ֆրանսիան չի ցանկանում մեզ ազատ թողնել։ Մենք խնդրում ենք Ադրբեջանին օգնել մեզ։ Ողջ աշխարհն է ճանաչում Ադրբեջանը և մենք ցանկանում ենք, որ ամբողջ աշխարհը ձեր միջոցով իմանա մեր մասին»(33)։

Ուշագրավ է, որ ըստ Ադրբեջանի կաթոլիկ եկեղեցու կայքի, 2022 թ. դեկտեմբերի 10-ին Բաքվի Սուրբ Մարիամ Աստվածածնի Անարատ Հղության եկեղեցում(34) մատուցվեց Սուրբ պատարագ՝ նվիրված Գվադալուպեի Տիրամոր(35) տոնակատարությանը: Պատարագին մասնակցել էին Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների դեսպանությունների ղեկավարներն ու Լատինական Ամերիկայի երկրների ադրբեջանաբնակ կաթոլիկները(36)։ Հիշեցնենք, որ Գվադելուպայի ներկայացուցիչները սկսած 2023-ից մասնակցում են վերը հիշատակված БИГ կողմից կազմակերպված միջոցառումներին, մասնավորապես՝ 2023 թ. հոկտեմբերի 20-ին Բաքվում կայացած «Նեոգաղութատիրություն. Մարդու իրավունքների խախտում և անարդարություն» կոնֆերանսին (տես վերը)։

Անցնենք այս կոնֆերանսի ևս մի մասնակցին՝ Ֆրանսիական Պոլինեզիային։ 2024 թ. հունիսի 28-ին հայտնի դարձավ(37), որ Ադրբեջան է ժամանել Ֆրանսիական Պոլինեզիայի «Tavini Huiraatira»(38) կուսակցության պատվիրակությունը, «Ֆրանսիական Պոլինեզիայի ապագաղութացման իրավունք. Մարտահրավերները և Հեռանկարները» խորագրով կոնֆերանսին մասնակցելու նպատակով։ «Москва-Баку» ամսագրի տվյալներով, այս կոնֆերանսի անցկացման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2024 թ. ապրիլի 30-ին՝ БИГ կողմից Վիեննայում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակում կազմակերպված «Ազատում գաղութատիրությունից. Ուծացման հետևանքները և ազդեցությունը մարդու իրավունքների իրացման վրա» խորագրով մեկ այլ կոնֆերանսի աշխատանքների ընթացքում(39)։

Գտնվելով Բաքվում, «Tavini Huiraatira» կուսակցության գլխավոր քարտուղար՝ Վ. Մաամաատուաիխուտապուն հայտարարել էր, որ «Ֆրանսիական Պոլինեզիան ունի Ադրբեջանի օժանդակության կարիքը։ Քաղաքականապես մենք երիտասարդ ժողովուրդ ենք, ու Ադրբեջանի օգնության կարիքն ունենք։ Մենք հավատում ենք, որ դուք կօգնեք մեզ, և որ արդարությունն, ի վերջո, կհաղթի»(40)։

Թե հատկապես ի՞նչ օգնություն էր ակնկալում Ադրբեջանից այս գլխավոր քարտուղարը, այն երկրից, որն ավելի քան մեկ դար զբաղված է հայերի, թաթերի, լեզգիների, խինալուղների, հրեաների և ավարների ուծացմամբ, դժվար է պատկերացնել։ Մի բան, սակայն, պարզ է, հավանաբար, շուտով մենք կլսենք նաև Ֆրանսիական Պոլինեզիայում խժդժությունների մեկնարկի մասին։

Ինչ վերաբերում է Բաքվի 2023 թ. հոկտեմբերի 20-ի կոնֆերանսի մեկ այլ մասնակցին՝ Ֆրանսիական Գվիանային, ապա հաշվի առնելով այն հանգամանքը, որ այստեղ է գտնվում Ֆրանսիայի «Կուռու» տիեզերարձակ կայանը, նկատի ունենալով դրա կարևորությունը ֆրանսիական բարձր տեխնոլոգիական ու ռազմավարական նշանակության ծրագրերի իրագործման համար, հիշելով Ադրբեջան-Սուրինամ ուշագրավ համագործակցությունը, Բոլիվիայում և Վենեսուելայում ՌԴ էական ներկայությունը, կարելի է ենթադրել, որ մենք դեռ կհանդիպենք այս երկրների անունները օրվա «Breaking news» քաղաքական լրահոսում։

Ի մի բերենք մինչ այժմ ասվածը։

Սահելի գոտում ու այլ երկրներում հեղաշրջումների դինամիկան ու դրանց մանրամասները հստակ վկայում են ԱՄՆ-ի (և «անգլոսֆերայի») և Ֆրանսիայի (ու «ֆրանկոսֆերայի») միջև գլոբալ բախման մասին։ Հիշենք միայն AUKUS դաշինքի հետագա ամրապնդման, Ավստրալիային գրոհային միջուկային սուզանավերի տրամադրման ու այս գործարքից Ֆրանսիայի արտաքսման արտառոց, գլոբալ նշանակության դրվագը։

Որքան էլ դա տարօրինակ թվա, ստիպված ենք ենթադրել, որ Աֆրիկյան հեղաշրջումների այս շղթայում ՌԴ-ն, մասնակի՝ նաև Չինաստանը, «խաղում են» ԱՄՆ-ի և «անգլոսֆերայի» օգտին՝ ընդդեմ Ֆրանսիայի ու «ֆրանկոսֆերայի»։ Գիտակցված, թե՛ իրավիճակային հաշվարկներից դրդված՝ դա առանձին, ծավալուն և նուրբ հարց է։

Ելնելով նրանից, որ ԿՀ-ն ու ԿԴՀ-ն դուրս են գտնվում Սահելի գոտուց, ինչպես և Գաբոնը (տես վերը), կարելի է ենթադրել որ ՌԴ ու Ադրբեջանի միջև առկա է որոշակի «դերաբաժանում». բուն Սահելի գոտին, ինչպես նաև Կորեական թերակղզին ու Հարավարևելյան Ասիան, հավանաբար, հանդիսանում են ՌԴ ազդեցության տիրույթ, իսկ Ադրբեջանը կենտրոնանում է աֆրիկյան անդր-Սահելյան երկրների և մոլորակի այլ հատվածներում գտնվող «ֆրանկոսֆերայի» երկրների վրա։

Անթույլատրելի պարզեցում կլինի պայմանավորել այս հեղաշրջումներին ՌԴ ներգրավվածությունը, ոմանցում՝ Ադրբեջանի առկայությունը, բացառապես Ուկրաինայում ՌԴ կողմից վարվող ՀՌԳ-ով ու դրա հանդեպ Ֆրանսիայի դիրքորոշումով, կամ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության դինամիկայով։ Ավելի համարժեք է դիտարկել դա գլոբալ «Հարավ» և «Հյուսիս» դիմակայության համատեքստում [1], սեփական ազդեցության մակրո-ռեգիոնների ստեղծման ուղղությամբ ՌԴ և Չինաստանի ջանքերի հետ, որոնց տրամաբանության մեջ Ադրբեջանը փորձում է տեղավորել սեփական աշխարհաքաղաքականությունը։

Բոլոր դեպքերում օգտակար է հիշել, որ Սահելի գոտում ու աֆրիկյան մի շարք այլ երկրներում հեղաշրջումները սկսվեցին շատ ավելի վաղ, քան Ուկրաինայում սկսվեց ՀՌԳ-ն։ Իսկ ադրբեջանական Միլի Մեջլիսում Կորսիկային նվիրված պառլամենտական խումբը ստեղծվեց Ֆրանսիական Սենատում թիվ 50 բանաձևի ընդունումից 100 օր առաջ։

6. «էշ նստելը մի աիբ է, իջնելը՝ երկու»

Եզրափակենք հոդվածը դիտարկումներով, որոնք առնչվում են «Հյուսիս» և «Հարավ» դիմակայության գաղափարախոսական հենքին՝ նեոգաղութատիրության դեմ պայքարում «ձախական» քաղաքական խոսույթին, ինչպես նաև «հայրեր և որդիներ» դասական կոնֆլիկտին, սերնդային ալիքների դինամիկային ու պատմական քաղաքականությանը [6]։

Հասկանալի է, որ Ադրբեջանի մուտքը գլոբալ «Հյուսիսի» և «Հարավի» դիմակայություն, ինչպես նաև վերջին տարիներին լայնածավալ օրակարգով արտաքին քաղաքականության վարումը, էական մարտահրավերներ են՝ Հայաստանի ու դրա արտաքին քաղաքականության համար։ Հասկանալի է նաև, որ այստեղ ծագող խնդիրների պարզ ձևակերպումն անգամ առանձնակի ջանք է պահանջում, սթափ և համակողմանի վերլուծություն։ Կարծում ենք, որ այս ամենը դեռ առջևում է, և պետք է դառնա հայկական վերլուծական հանրության կարևոր խնդիր։ Սակայն արդեն այստեղ անհրաժեշտ է նշել հարցի մի քանի, ոչ այնքան ակնհայտ, կողմեր։

Բանն այն է, որ նեոգաղութատիրության դեմ պայքարում «Հյուսիս» և «Հարավ» գլոբալ դիմակայությունը գլխավորելու ՌԴ և Ադրբեջանի գործողությունների համաժամանակեցումը, ինչ խոսք, ունի կիրառական նպատակ. առաջ մղել սեփական աշխարհաքաղաքական օրակարգը։ Ընդ որում, ունենալով որոշակի նմանություն, ՌԴ և Ադրբեջանի համար դրանք էականորեն տարբերվում են միմյանցից։

Բայց, նման համաժամանակեցումը պարտավորեցնող է այն առումով, որ ենթադրում է նաև գաղափարախոսական համաժամանակեցում, այսինքն՝ «ձախական» ուժերի, նեոմարքսիստական, նեոտրոցկիստական և մաոիստական խմբավորումների հետ համագործակցություն։ Ու եթե ԽՍՀՄ ժառանգորդ՝ ՌԴ-ն դրա հարուստ փորձն ունի՝ «Կոմինտերնից» մինչև ԽՄԿԿ Քաղբյուրոյի արտասահմանյան բաժին, ու ՊԱԿ-ի (КГБ) և ՀԳՎ (ГРУ) համապատասխան ստորաբաժանումներ, ապա Ադրբեջանն այս փորձը կուտակում է այսօր՝ նախագահական ապարատում(41) և БИГ նախաձեռնության շրջանակներում։

Ընդհանրապես, նեոգաղութատիրության դեմ պայքարն ու «ձախական» խոսույթն իրենց բնույթով երկսայր սուր են։ Դրանք հաջողությամբ օգտագործվում են հակադիր աշխարհաքաղաքական բևեռների կողմից։ Վերջին օրինակները կարել է գտնել, մի կողմից՝ Եվրախորհուրդի պառլամենտական ասամբլեայի 2024 թ. ապրիլի 17-ին ընդունված բանաձևում, որն Նավալնու մահվան կապակցությամբ կոչ է անում «ապագաղութացնել ՌԴ փոքր ազգությունները»(42): Մյուս կողմից, այն հստակորեն ընդգծված է 2023 թ. հուլիսյան «ՌԴ–Աֆրիկա» գագաթնաժողովի, և ադրբեջանական БИГ նախաձեռնության հիմնարար փաստաթղթերում (տես վերը)։

ՌԴ ու Ադրբեջանի կողմից ապագաղութացման խոսույթի նման համաժամանակեցված օգտագործումը, կճոճի ադրբեջանական հասարակությանը դեպի «ձախական» դաշտ։ Առավել ևս 2023-ից հետո, երբ կարծես թե լուծվել է «Ալիևների կլան – ադրբեջանական ժողովուրդ» հասարակական դաշինքի հիմնական խնդիրը՝ Ղարաբաղը հայաթափված է ու գտնվում է Ադրբեջանի կազմում։

Իսկ սա նշանակում է, որ ադրբեջանական հասարակությունում կակտիվանա «ձախական» խոսույթը՝ արդար ու հավասար պայմաններ բոլորի համար, կոռուպցիայի բացառում, մարդու իրավունքների պահպանում և այլն։ Ինչը, կամա թե ակամա, կմերձեցնի Ադրբեջանը ռուսաստանյան «ձախական» շրջանակներին ու «ԽՍՀՄ 2.0» ծրագրի ջատագովներին։ Այս առումով բնութագրական է երկու կարևոր գաղափարախոսական (և, հասկանալի է՝ քարոզչական) հոդվածների գրեթե միաժամանակյա հրապարակումը. նկատի ունենք ՌԴ նախկին նախագահ Դ. Մեդվեդևի «Время метрополий истекло» հոդվածը [7], և haqqin.az կայքի «Алиев и трансформация» խմբագրականը [8]։

Իրականում իրադրությունն այստեղ ավելի բարդ է, պայմանավորված նրանով, որ «ԽՍՀՄ 2.0» ծրագիրը, կամ «ռուսական նոր կայսերականությունը», առավել ևս՝ «Սլավոնական սուրբ դաշինքը», որոշակի հակասության մեջ են գտնվում բուն ռուսական «եվրասիականության»(43) հետ, և սուր հակասության՝ «Թյուրքական աշխարհ» ծրագրի հետ։ Այս առումով ադրբեջանական «ձախական» ուժերը (հանգուցյալ Ջամալներից մինչև կենդանի Մ. Շևչենկո, Ա. Յունուս և այլն) դեռ պետք է կողմնորոշվեն։ Ակամայից կողմնորոշելով նաև մեր քաղաքական ու աշխարհաքաղաքական խոսույթը։

Վերջապես, նեոգաղութատիրության դեմ պայքարը ուրույն կերպով կապված է հակակոռուպցիոն պայքարին, դրա գաղափարախոսական ու ժողովրդագրական ասպեկտներին, մասնավորապես՝ «հայրեր և որդիներ» սերնդային կոնֆլիկտին [6]։ Նկատի ունենք այն, որ նեոգաղութատիրության դեմ պայքարը, լինելով ընդհանուր առմամբ «ձախական», հիմնվում է սոցիալական արդարության ապահովման գերակայության վրա։ Բայց նույն հիմքի վրա է նաև կանգնած կոռուպցիայի դեմ պայքարը՝ միևնույն ժամանակ լինելով նաև ներքին քաղաքականության վերին աստիճան արդյունավետ գործիք։

Ի վերջո, անցած տասնամյակում Ա. Նավալնու ФБК-ն(44) Ռուսաստանի միակ կազմակերպված ընդդիմադիր ուժն էր և այն մնում է այդպիսին անգամ այսօր, Ա. Նավալնու մահից հետո։ Դրա վկայությունը թերևս կարելի է տեսնել այն մեծ հասարակական և քաղաքական արձագանքում, որին արժանացավ Մ. Պևչիխի(45) «Դավաճանների ժամանակը» փաստագրական սերիալը։ Այդ սերիալի գաղափարախոսական և քարոզչական էությունը սերնդային կոնֆլիկտի տեսանկյունից լավագույնս ձևակերպեց Ս. Բելկովսկին(46)։ Նա ներմուծեց «БМП սերունդ» հասկացությունը(47), որին և ուղղված էր հիշյալ սերիալի հիմնական քաղաքական ու քարոզչական պատգամը։ Այստեղ БМП հապավումը(48) նշանակում է «без меня поделили», այսինքն՝ «առանձ ինձ բաժանեցին» (ԱԻԲ), ինչը և խորհրդանշում է այսօրվա ռուսաստանյան «որդիների» սերնդի ընդվզումը՝ «հայրերի» սերնդի հանդեպ, որոնք թաղվելով համատարած կոռուպցիայի մեջ, «դավաճանեցին Հայրենիքին և բերեցին այն կործանման եզրին»։

Որդեգրելով նեոգաղութատիրության դեմ պայքարի խոսույթը և «ձախական» կարգախոսներով մտնելով «Հարավ» և «Հյուսիս» դիմակայության դաշտ, Ադրբեջանի ներքաղաքական կյանքը անխուսափելիորեն կճոճվի դեպի «ձախ»։ Եվ աստեղ առաջին պլան կգան սոցիալական արդարության պահանջը, և պայքարը կոռուպցիայի դեմ։

«Խաղեր տալ» հասարակական այս զգացմունքների հետ՝ պարտավորեցնող ձեռնարկում է, անգամ այն պարագայում, երբ Ադրբեջանի հիմնական խնդիրը «լուծվել է» առանց երկիրը կործանման եզրին հասցնելուն։ Չե որ ժամանակը կանգ չի առնում։ Ադրբեջանում գալիք սերնդին պետք է ինչ-որ բան առաջարկել, ավելին՝ քան արդեն իսկ արձանագրված «հաղթանակը»։ Դե իսկ Հայաստանը արդեն վերապրել է «որդիների սերնդի» իր հակակոռուպցիոն «հեղափոխությունը»։

Ինչպես ասում են՝ «էշ նստելը մի ԱԻԲ է, իջնելը՝ երկու»։

ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. Марджанян А. А., Армения на карте «Войны и Мира»: «ԱՌՎԱԿ» վերլուծական կենտրոն, (27.05.2024), https://arvak.am/ru/армения-на-карте-войны-и-мирa/
  2. Марджанян А. А. ОДКБ – современные вызовы. Взгляд из Армении.ЕВРАЗИЙСКАЯ ИНТЕГРАЦИЯ: экономика, право, политика. 2019, (1): 61-66. https://www.eijournal.ru/jour/article/view/210 Տես նաև Марджанян А. А. Для ОДКБ наступил момент истины. «Голос Армении», 16 ноября 2018. https://www.golosarmenii.am/article/73216/dlya-odkb-nastupil-moment-istiny-
  3. Սևծովյան Տնտեսական Համագործակցության Կազմակերպություն. Տեղեկանք։ «ՕՐԲԵԼԻ» կենտրոն։ 2019 թ., փետրվար։
  4. Бакинская инициативная группа против последней неоколониальной империи. (10.2023), https://kavkazplus.com/news.php?id=41509.
  5. В Милли Меджлисе состоялась научная конференция на тему «Новая Каледония: история, современные вызовы и ожидаемое будущее», (18.04.2024), https://azertag.az/ru/xeber/vmillimedzhlisesostoyalasnauchnayakonferenciyanatemunovayakaledoniyaistoriyasovremennyevyzovyiozhidaemoebudushcheeobnovleno-2971991
  6. Մարջանյան Ա. Հ., Գլոբալ տարածաշրջաններ, սերնդային ալիքներ եվ պատմական քաղաքականություն։ «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (79), 2018 թ., https://artsakhlib.am/wp-content/uploads/2019/06/Արա-Մարջանյան-Գլոբալ-տարածաշրջաններ-սերնդային-ալիքներ-և-պատմական-քաղաքականություն.pdf
  7. Медведев, Д. , Время метрополий истекло. (14.06.2024). https://rg.ru/2024/06/14/vremia-metropolij-isteklo.html
  8. Алиев и трансформация. (06.2024), https://haqqin.az/news/320470

(1) ՄԱԿ ԶԾ ազգային փորձագետ (էներգետիկա), ԵՄ ազգային փորձագետ (տրանսպորտ), ԵԱՏՄ Փորձագիտական ակումբի անդամ, առաջատար վերլուծաբան, տեխ.գ.դ., ա.գ.ա.:

(2) Հոդվածը խմբագրություն է հանձնվել 10.07.2024 թ.:

(3) Հետախուզություն, դիտարկում, տեղազննում (intelligence, surveillance, and reconnaissance, ISR).

(4) Հրամանատարություն, ղեկավարում, կապ (command, control, and communication, C3).

(5) Non-Aligned Movement. Ունի 120 անդամ-պետություն, այդ թվում՝ 1 եվրոպական (Բելառուս, այն միաժամանակ նաև ՀԱՊԿ անդամ է), 37՝ ասիական, 53՝ աֆրիկյան, 26՝ ամերիկյան և 3՝ օվկիանիայի երկիր։

(6) L’Organisation internationale de la Francophonie (OIF). 2020 թ. դրությամբ միավորում է 54 լիիրավ, 7 ասոցիացված անդամ-պետություններ, ինչպես նաև 27 դիտորդ անդամներ։ 2003-ից՝ Հայաստանը OIF-ի դիտորդ է, 2008-ից՝ ասոցիացված անդամ։ 2012 թ. հոկտեմբերին Հայաստանը դարձավ OIF 54-րդ լիիրավ անդամ պետություն։

(7) Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն (BSEC)։ Չնայած նրան, որ Հայաստանը ՍԾՏՀ անդամ էր դեռ 1999-ից, համագործակցությունը այստեղ կարելի է համարել ամբողջովին ձախողված [3]։

(8) «Transport Corridor Europe Caucasus Asia». Հայաստանը դրան անդամակցում է 1993-ից, սակայն կիրառական նշանակության արդյունքները կարելի է, և պետք է, համարել զրոյական։

(9) «Инициативная группа для поддержки борьбы с колониализмом и неоколониализмом».

(10) Макрон прибыл в Новую Каледонию на фоне беспорядков. РБК, (23.05.2024), https://www.rbc.ru/rbcfreenews/664e8ec19a7947c1062041d7 (բեռնման օրը՝ 16.06.2024).

(11) https://www.politico.eu/article/france-accuse-azerbaijan-fomenting-deadly-riot-overseas-territory-new-caledonia/ (բեռնման օրը՝ 16.06.2024).

(12)https://azertag.az/ru/xeber/midfrancuzskayastoronadolzhnaizvinitsyazasvoeposledneezayavlenievotnoshenizazerbaidzhana-3007354 (բեռնման օրը՝ 01.07.2024):

(13) Հովյան Վ. Ռ., Հայ-ֆրանսիական հարաբերություններն արդի փուլում, ԱՌՎԱԿ, (29.01.2024), https://arvak.am/հայ-ֆրանսիական-հարաբերություններն/ (բեռնման օրը՝ 06.07.2024):

(14) Միանգամայն համահունչ «Ֆարլեյի օրենքի» աշխարհաքաղաքական ասպեկտի մեր ձևակերպմանը, [2]:

(15) Տես տակտիկական միջուկային զենքին և մեր տարածաշրջանին նվիրված մեր հոդվածաշարը ԱՌՎԱԿ կայքէջում։

(16) Արաբերեն՝ «սահել» բառից՝ «ափ», «սահման»։ Սահարայի անապատից հյուսիս ընկած Աֆրիկյան երկրների գոտի։

(17) Ստեղծվել է հավանաբար 2013-ին (Moran Security Group), ակտիվ մասնակցություն է ունեցել Սիրիայում, Ուկրաինայում և Ղրիմում 2014-ից ծավալվող ռազմական ու քաղաքական գործընթացներում։

(18) Այսօր ուսանելի է վերադիտել Գաբոնի (և Մոզամբիկի՝ «ֆրանկոսֆերայի» ևս մեկ երկրի) ներկայացուցիչների ընդհանուր առմամբ՝ պրոհայկական ելույթները ՄԱԿ-ի ԱԽ 2023 թ. նիստին, տես՝ https://hy.armradio.am/archives/353988 (բեռնման օրը՝ 06.06.2024):

(19) Второй Саммит «Экономический и Гуманитарный Форум Россия – Африка». Ըստ որոշ հրապարակումների, գագաթնաժողովի կուլուարներում նկատվել էր «Վագների» ղեկավար Ե. Պրիգոժինը։ Հիշեցնենք, որ 2023 թ. հունիսի 23-24-ին Ե. Պրիգոժինի գլխավորությամբ ՌԴ-ում տեղի ունեցավ զինված ապստամբության փորձ (արշավ՝ Ռոստովից դեպի Մոսկվա)։ Երկու ամիս անց, 2023 թ. օգոստոսի 23-ին, դեպի Վալդայ (ՌԴ) թռիչքի ժամանակ առեղծվածային «ավիավթարում» զոհվեցին Ե. Պրիգոժինը, Դ. Ուտկինը («Վագներ»), Ե. Մակարյանը («Մակար») և այլք։ Պրիգոժինի մահից հետո «Վագները» լուծարվել է, անձնակազմը՝ մասամբ անցել ՌԴ ՊՆ ենթակայության ներքո։

(20)https://azertag.az/ru/xeber/prezidentilhamalievsredinapravleniinasheivneshneipolitikiborbasneokolonializmomimeetosoboeznachenie-2962465 (բեռնման օրը՝ 04.06.2024) Այն հանգամանքը, որ Կոնգոյի (Բրազավիլ) նախագահ Ս. Նգեսսոյի որդին պետական նավթային ընկերության ղեկավարն է, անշուշտ, առանձնակի ջերմություն էին հաղորդել այս հանդիպմանը։

(21) Նախկին ֆրանսիական գաղութ, մինչ 1997 թ.՝ Զաիր։

(22) https://www.reuters.com/world/africa/democratic-republic-congo-army-says-it-stopped-attempted-coup-2024-05-19/ (բեռնման օրը՝ 01.07.2024):

(23) ԿՀ և ԿԴՀ մայրաքաղաքներ՝ Բրազավիլը և Կինշասան գտնվում են Կոնգո գետի հանդիպակաց ափերին։

(24) https://www.interfax.ru/world/961251 (բեռնման օրը՝ 12.06.2024)

(25) https://www.africanews.com/2023/09/18/congo-denies-claims-of-coup-attempt/ (բեռնման օրը՝ 12.06.2024): Կոնգոներին վերաբերող այս իրադարձությունները մեզանում կարծես թե մնացին աննկատ։ Մամուլում և լրահոսում դրանք ստվերվեցին Նախիջևանի սահմանի մոտ ուղղաթիռի առեղծվածային վթարի հետևանքով Իրանի նախագահ Է. Ռաիսիի, արտգործնախարար Հ. Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների ողբերգական մահվան մասին լուրով։ Նրանք վերադառնում էին նախագահ Ի. Ալիևի հետ հանդիպումից հետո՝ գետի վրա Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանի և Գիզ-Կալասի հիդրոէլեկտրակայանի գործարկման պաշտոնական արարողությանը։

(26) Կորսիկան, Նապոլեոնի հայրենիքը, հանդիսանում է Ֆրանսիայի 18 տարածաշրջաններից (Régions) մեկը, այն 5 տարածաշրջանների շարքում, որոնք գտնվում են Ֆրանսիայի մայրցամաքային տարածքից դուրս (Մարտինիկա, Գվադելուպա՝ Կարիբյան ավազանում, Ֆրանսիական Գվիանա՝ Լատինական Ամերիկայում, Կորսիկա՝ Միջերկրականում, Մայոտ և Ռեյունիոն՝ Հնդկական օվկիանոսում)։ Չխառնել Ֆրանսիայի անդրծովյան տարածքների (collectivité d’outre-mer) հետ։

(27) Турал Гянджалиев, Джаваншир Фейзиев, Шахин Исмайлов, Азер Керимли.

(28) https://interfax.az/view/90224 (բեռնման օրը՝ 06.06.2024)

(29) https://www.senat.fr/leg/tas23-050.pdf (բեռնման օրը՝ 24.06.2024):

(30) Բանաձևը չունի իրավական պարտավորեցնող ուժ։ Սա առաջին բանաձևը չէ, որը կոչ է անում Արցախյան հակամարտության ֆոնին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Վերջին նման բանաձևը ընդունվել էր 2022 թ. նոյեմբերին։ Մինչ օրս, ո՛չ Փարիզը ո՛չ էլ այլ մայրաքաղաք, Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ չի սահմանել։

(31) https://www.kommersant.ru/doc/6455633 (բեռնման օրը՝ 24.06.2024):

(32) 1628 քառ. կմ մակերեսով կղզի-պետություն Կարիբյան ծովի արևելյան հատվածում։ 1946-ից հանդիսանում է Ֆրանսիայի անդրծովյան դեպարտամենտ (département d’outre-mer)։ Բնակչությունը մոտ 400 հազ մարդ, որի 95%-ը՝ կաթոլիկ։

(33) https://report.az/ru/vneshnyaya-politika/predstavitel-gvadelupy-franciya-pytaetsya-izolirovat-nas-my-prosim-pomoshi-u-azerbajdzhana/ (բեռնման օրը՝ 24.06.2024):

(34) Կառուցումն ավարտվել է 2006-ին։ Օծվել է 2012-ին՝ ի պատիվ Հովհաննես Պողոս II պապի Ադրբեջան կատարած այցի հոբելյանի (150 կաթոլիկներ ունեցող Ադրբեջան, Հռոմի պապը այցելել էր 2002-ին, նախագահ Հ. Ալիևի հրավերով), https://www.svoboda.org/a/24223339.html (բեռնման օրը՝ 01.07.2024):

(35) Our Lady of Guadalupe. Մեքսիկայի, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի կաթոլիկների ամենահարգի կերպարը։

(36) https://www.catholic.az/en/archives/2507 (բեռնման օրը՝ 01.07.2024):

(37) https://oxu.az/ru/politika/polinezijskaya-partiya-vyrazila-blagodarnost-azerbajdzhanu-za-podderzhku (բեռնման օրը՝ 01.07.2024)

(38) Թարգմանաբար այն նշանակում է «Ժողովրդի Ծառա», ինչն ակամայից հիշեցնում է ուկրաինական հայտնի երգիծական «Слуга народа» սերիալը։

(39)https://moscowbaku.ru/news/politics/vazerbaydzhanpribyladelegatsiyafrantsuzskoypolineziidlyaustanovleniyasotrudnichestva/ (բեռնման օրը՝ 01.07.2024):

(40) https://report.az/ru/vneshnyaya-politika/gensek-partii-tavini-huiraatira-francuzskaya-polineziya-nuzhdaetsya-v-podderzhke-azerbajdzhana/ (բեռնման օրը՝ 01.07.2024):

(41) Այստեղ անշուշտ կարևոր է Ալիև-ավագի հարուստ ժառանգությունը ԽՍՀՄ ՊԱԿ և մոլորակի «ձախական», հեղափոխական ուժերի հետ համագործակցության համակարգման առումով։

(42) Парламентская ассамблея СЕ приняла резолюцию, признающую Россию де-факто диктатурой и призывающую к деколонизации малых наций РФ. (բեռնման օրը՝ 01.07.2024):

(43) Սիմավորյան Ա. Ս., «Թուրքական եվրասիականության» և «ռուսական եվրասիականության» գաղափարախոսությունների համեմատական վերլուծությունը, ԱՌՎԱԿ, (10.07.2023), https://shorturl.at/E7dFD (բեռնման օրը՝ 01.07.2024):

(44) 2021 թ. հունիսից ՌԴ իշխանությունների կողմից ճանաչվել է` որպես ահաբեկչական կազմակերպություն:

(45) 2023 թ. մայիսից ՌԴ իշխանությունների կողմից ճանաչվել է՝ որպես օտարերկրյա գործակալ:

(46) 2023 թ. սեպտեմբերից ՌԴ իշխանությունների կողմից ճանաչվել է՝ որպես օտարերկրյա գործակալ:

(47) https://youtube.com/watch?v=Ns3soBqrcl4&si=pXUBGZcKnCvMQxUn (բեռնման օրը՝ 04.07.2024):

(48) Այս հապավումը նշանակում է նաև «боевая машина пехоты» (հետևակի մարտական մեքենա), այս սահմանմանը հաղորդելով լրացուցիչ խորություն, ու դարձնելով այն իրապես սրամիտ: