Արևմուտք, ՀՀ, Արցախ, Սփյուռք

ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԸ Մաս 1. ԱՄՆ/ՆԱՏՕ, ԽՍՀՄ/ՌԴ

Սեղմագիր

Հոդվածում քննարկվում են հարցեր, որոնք վերաբերում են միջուկային զենքին, հատկապես՝ տակտիկական միջուկային զենքին (ՏՄԶ), դրա դերն ու նշանակությունը մեր տարածաշրջանի ետխորհրդային աշխարհաքաղաքականության ձևավորման ու Հարավային Կովկասում ներկայումս ընթացող պրոցեսների զարգացման գործում: Հոդվածի առաջին մասում քննարկվում են մեր տարածաշրջանում գտնվող ԱՄՆ/ՆԱՏՕ և ԽՍՀՄ/ՌԴ ՏՄԶ առկայության ու ծավալման մասին արդի և պատմական տվյալները։ Առաջին անգամ դիտարկվում են ՀԽՍՀ տարածքին միջուկային հարվածների իրականացման ծրագրերը։ Ձևակերպված են ներկայիս իրավիճակում ՏՄԶ-ի առնչությամբ ՀՀ անվտանգային համակարգի առջև բարձրացող խնդիրները:

ЯДЕРНОЕ ОРУЖИЕ И РЕГИОН.
Часть 1. США/НАТО И СССР/РФ
Марджанян А. А.

Аннотация

В статье рассматриваются вопросы, связанные с тактическим ядерным оружием (ТЯО), его ролью и значением в формировании постсоветской геополитики нашего региона и развитии современных процессов на Южном Кавказе.
В первой части статьи обсуждаются ТЯО США/НАТО и СССР/РФ в нашем регионе, приводятся современные и исторические данные о его развертывании. Впервые рассмотрены планы по нанесению ядерных ударов по территории АрмССР. Сформулированы задачи и вызовы, встающие перед системой национальной безопасности РА в современных условиях.

NUCLEAR WEAPON AND THE REGION.
Part 1. USA/NATO AND USSR/RF
Marjanyan A. A.

Summary

The article touches on the issues related to Nuclear Weapons, especially Tactical Nuclear Weapons (TNW), its role and significance in the formation of the post-Soviet geopolitics of our region and the development of modern processes in the South Caucasus.
The first part of the article discusses US/NATO and USSR/RF Tactical Nuclear Weapons in our region, provides modern and historical data on their deployment. For the first time, the plans for inflicting nuclear strikes on the territory of the ArmSSR were considered. The tasks and challenges facing the RA National Security system in modern conditions are formulated.

Արա Հ․ Մարջանյան(1)

ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԸ

Մաս 1. ԱՄՆ/ՆԱՏՕ, ԽՍՀՄ/ՌԴ(2)

«Մենք ապրում ենք մի ժամանակ, երբ աներևակայելին՝
միջուկային զենքի կիրառումը, այլևս աներևակայելի չէ»:
Գուստավո Զլաուվինեն(3), ՄԱԿ, 2022 թ. օգոստոսի 25:

1. Հոդվածի ուսումնասիրման առարկան

Սույն հոդվածի ուսումնասիրման առարկան միջուկային զենքն է, հատկապես՝ տակտիկական միջուկային զենքը (ՏՄԶ): Դրա դերն ու նշանակությունը մեր տարածաշրջանի ետխորհրդային աշխարհաքաղաքականության ձևավորման ու Հարավային Կովկասում ներկայումս ընթացող պրոցեսներում: Խնդրո առարկային նվիրված հայերեն սակավաթիվ հրապարակումներում հանդիպող հիմնական հասկացությունների խառնաշփոթից խուսափելու համար նպատակահարմար է սկսել մի քանի սահմանումներից:

«Միջուկային զենք» ընդհանրական հասկացության տակ նկատի ունենք. ուրանի և/կամ պլուտոնիումի տրոհման հիման վրա ստեղծված զենք (ատոմային զենք), ինչպես նաև՝ տրիտիումի և լիթիումի սինթեզի հիման վրա ստեղծված զենք (ջերմամիջուկային(4) զենք):

«Զենք» ասելով հասկանում ենք ատոմային կամ ջերմամիջուկային լիցք/մարտագլխիկ՝ տեղակայված այս կամ այն տիպի տեղափոխման միջոցի (ՏՄ) վրա, կահավորված տարբեր տիպի համակարգերով և ընդունված սպառազինության այս կամ այն երկրի կողմից: ՏՄ-ները ներառում են բալիստիկ և այլ տիպերի(5) հրթիռներ ու տորպեդներ, ղեկավարվող և ազատ անկման ռումբեր, հրետանային արկեր, ստացիոնար կամ շարժական ցամաքային, ջրային կամ հատակայինականներ և այլն(6): Ատոմային կամ ջերմամիջուկային լիցքերի/մարտագլխիկների հզորությունը (yield) չափվում է Մտ-ով (մեգատոն) կամ կտ-ով (կիլոտոն), համապատասխանաբար` համարժեք 1 մլն կամ 1000 տոննա տրինիտրոտոլուոլի պայթյունի:

«Տակտիկական միջուկային զենք» հասկացության համարժեք սահմանման փնտրտուքը սկսվել է դրա ստեղծման իսկ օրվանից: Այն շարունակվում է մինչ օրս՝ սրվելով տեխնոլոգիական առաջընթացի արդյունքներով(7) ու «Արևմուտք-ՌԴ», «Արևմուտք-Չինաստան» ներկայիս լարվածության իրողություններից: Այստեղ կարելի է գտնել բևեռացված մոտեցումներ` սկսած գեներալ Ջ. Մեթիսի «․․․չեմ կարծում, որ կա նման բան, ինչպիսին տակտիկական միջուկային զենքն է: Ցանկացած միջուկային զենք ունի ռազմավարական նշանակություն» հայտնի ասույթից, և ռազմավարական «լեգիստների» բյուրոկրատական՝ «ՏՄԶ-ն միջուկային այն ամենն է, ինչը ներառնված չէ START(8) պայմանագրերում» ձևակերպումից, մինչև մարտարվեստի կիրառական դպրոցի «տակտիկական միջուկային զենքն այն է, ինչը վճռական կերպով բեկում է իրավիճակը իրական մարտում» ռազմաշունչ կարգախոսը [1]։

Ստորև, ՏՄԶ-ի տակ հասկանում ենք վերջին երկու մոտեցումների «խառնուրդը»։ Ընդունված է, որ ՏՄԶ-ի լիցքերի հզորությունը գտնվում է 0.01-500 կտ տիրույթում(9), իսկ հեռահարությունը չի գերազանցում 1000 կմ-ը: Հավելենք, որ գոյություն չունի ՏՄԶ՝ «միջուկային զենքի վերահսկման համակարգի այս խորթ ու արհամարհված զավակի» [2], հարցը կարգավորող և իրավական ուժ ունեցող որևէ միջազգային պայմանագիր: Այստեղ (քիչ թե շատ) գործում են, այսպես ասած, «ջենթլմենային», հիմնականում՝ բանավոր, պայմանավորվածությունները(10):

Գալով «մեր տարածաշրջան» հասկացությանը, ստիպված ենք փաստել, որ այստեղ նույնպես գոյություն չունի մեկ սահմանում, ընդունված հայալեզու վերլուծական հանրության կողմից: Մեր մոտեցումը այս հարցում [3] ծառայում էր առավելապես աշխարհաքաղաքական, ենթակառուցվածքային և էներգա-տրանսպորտային խնդիրներին: Այն հիմնված էր ԱՄՆ-ի ԶՈւ-ի Կենտրոնական և Եվրոպական Հրամանատարությունների իրավասության տարածքների համատեղման վրա (տե՛ս Նկ. 1): Այս կերպ ձևակերպված «մեր տարածաշրջան» հասկացությունը սույն հոդվածի տեսանկյունից թեև համարժեք է, սակայն` շատ ընդարձակ: Հետագա քննարկումների համար այստեղից կառանձնացնենք այն երկրները, որոնք էապես ներգրավված են Հարավային Կովկասում ընթացող պրոցեսներում և ունեն միջուկային զենք, հատկապես՝ ՏՄԶ, կամ հանդիսանում են այս առումով շեմային երկիր: Մեր տարածաշրջանում ՏՄԶ ունեն ՌԴ-ն, Ֆրանսիան, Չինաստանը (պաշտոնապես միջուկային զենք ունեցող երկրներ(11)), ինչպես նաև՝ Հնդկաստանը, Իսրայելը և Պակիստանը (դե-ֆակտո միջուկային զենք ունեցող երկրներ): Տարածաշրջանի շեմային երկրներն են Թուրքիան, Իրանը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուկրաինան(12)։

Նկար 1. Մեր տարածաշրջանը։ Աղբյուրը` [3]

Մեր տարածաշրջանի մեծ ռազմավարության (grand strategy) համար հիմնարար նշանակություն ունի ԱՄՆ/ՆԱՏՕ և ԽՍՀՄ/ՌԴ միջուկային զենքը, հատկապես՝ ՏՄԶ-ն: Տրամաբանական է սկսել հենց այս հարցից:

2. ԱՄՆ/ՆԱՏՕ և ԽՍՀՄ/ՌԴ ՏՄԶ-ն մեր տարածաշրջանում

ԱՄՆ/ՆԱՏՕ. ԱՄՆ-ը Եվրոպական մի շարք երկրներում և Թուրքիայում միջուկային ռազմավարական զենք է տեղակայել դեռ 1953 թ.-ից: 1954 թ. սեպտեմբերից այստեղ տեղակայվել է նաև ԱՄՆ տակտիկական միջուկային զենքը(13)։

Նկար 2. 1954-2005 թթ. Եվրոպայում և Թուրքիայում ԱՄՆ-ի միջուկային զենքի քանակի կորը (միավորներ)։ Աղբյուրը՝ [4]

Նկ. 2-ում պատկերված է 1954-2005 թթ. Եվրոպայում և Թուրքիայում ԱՄՆ-ի միջուկային զենքի քանակի (միավորների) կորը։ Ինչպես տեսնում ենք, դրանց առավելագույն քանակը՝ մոտ 7 հազ. միավոր, արձանագրված էր XX դարի 70-ականներին։ ԽՍՀՄ փլուզումից հետո դրանց թիվը էականորեն նվազում է՝ մինչև 1000 միավոր 1994-ին և մոտ 500 միավոր՝ 1995-2005 թվականներին։

Այսօր Եվրոպայում և Թուրքիայում ԱՄՆ-ի ՏՄԶ-ն (nonstrategic forces) ներկայացված է միայն B-61 ընտանիքի տարբեր տիպերի ջերմամիջուկային ռումբերով(14)։ Ըստ Ամերիկյան գիտնականների ֆեդերացիայի (ԱԳՖ, FAS) մասնագետներ՝ Հ․ Քրիստենսենի և Մ․ Կորդայի [5], 2022 թ․ դրությամբ ԱՄՆ-ի ՏՄԶ-ի զինանոցը բաղկացած էր B-61-3 և B-61-4 տիպի 200 միավոր(15) ջերմամիջուկային ազատ անկման (gravity) ռումբերից (Աղ. 1)։ Յուրաքանչյուրի հզորությունը գտնվում է 0.3–170 կտ տիրույթում (այն կարելի է ընտրել նախորոք)(16):

Աղյուսակ 1․ ԱՄՆ-ի ՏՄԶ-ի 2022 թ. զինանոցը

Աղբյուրը՝ [5]

Դրանք բոլորը համարվում են ծավալված (deployed)՝ սկսած 1979 թ.-ից, դրանց ՏՄ-ներն են՝ F-15E, F-16 C/D, F-16MLU և PA-200 երկակի օգտագործման կործանիչ-ռմբակոծիչները (dual-capable aircraft, DCA)։ Այս զինանոցից 100 միավորը տեղակայված է ԱՄՆ-ի ազգային տարածքում՝ որպես ռեզերվ և Եվրոպական ռազմաբեմից դուրս օգտագործման համար, օրինակ՝ Հյուսիս-արևելյան Ասիայում։ Ըստ աղբյուրի, ևս 100 միավորը «հավանաբար»(17) ծավալված է Եվրոպական 5 երկրների 6 ավիաբազաներում՝ Իտալիա (Ավիանո և Գեդի-Տորե), Գերմանիա (Բյուխել), Բելգիա (Կլեյն Բրոգել), Նիդեռլանդներ (Վոլկել) և Թուրքիա (Ինջիրլիկ)(18):

Շեշտենք, որ ըստ [5]-ի «q» ծանուցման, Եվրոպայում գտնվող 100 միավոր ՏՄԶ-ից միայն 60-ն են նախատեսված ՆԱՏՕ-ի ինքնաթիռների կողմից օգտագործման համար («earmarked for use by NATO aircraft», տե՛ս Աղ. 1-ը)։ Պետք է ենթադրել, որ մնացյալ «մոտ» 40 միավորի օգտագործման սխեմաները այլ են. մասնավորապես, դրանք կարող են նախատեսված լինել հյուրընկալող երկրի օդուժի կողմից կիրառման համար։ Հանգամանք, որը հետևողականորեն դուրս է մնում մեր վերլուծաբանների ուշադրությունից (տե՛ս ստորև և հոդվածի «Թուրքիա» բաժնում)։

ԱՄՆ-ի տարբեր նախագահների ադմինիստրացիաների մոտեցումները միջուկային զենքի խնդրին եղել են տարբեր. Բ. Օբամայի 2009թ. «Աշխարհն առանց միջուկային զենքի» Պրահյան տեսլականից [9] մինչև այսօրվա գործող ադմինիստրացիայի կոշտ մոտեցումը: ՆԱՏՕ-ի 2023 թ. ռազմավարական փաստաթղթի կարգախոսն է՝ «Քանի դեռ գոյություն ունի միջուկային զենքը, ՆԱՏՕ-ն կմնա միջուկային դաշինք» [10]:

Այստեղ տեղին է խոսել ԱՄՆ/ՆԱՏՕ ռազմավարական և տակտիկական միջուկային զենքի կիրառման հետ կապված «անորոշության սկզբունքի» մասին(19): Առավել ևս, որ մեզանում այս հարցը լուսաբանված չէ: Սկսենք ամենակարևորից՝ միջուկային զենքի օպերատիվ կիրառման վճիռների կայացման համակարգից:

Այս առումով [10]-ում նշվում է միայն, որ «ՆԱՏՕ-ի միջուկային քաղաքականությունը մշակում և իրականացնում է ՆԱՏՕ-ի Միջուկային Պլանավորման Խումբը (ՄՊԽ, NPG)։ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները, բացի Ֆրանսիայից, ներկայացված են ՄՊԽ-ում» (այստեղ և ստորև թարգմանությունը մերն է – Ա․Մ.)։ Ինչպես տեսնում ենք, ՆԱՏՕ-ի պաշտոնական փաստաթուղթը չի նշում (և անցած տասնամյակներում՝ չի նշել) միջուկային զենքի օպերատիվ կիրառման վճիռ կայացնող մարմինը և չի մանրամասնում դրանց կայացման ընթացակարգերը։ Այսպիսով, անորոշությունն առկա է արդեն օպերատիվ վճիռների կայացման մակարդակում:

Ռազմավարական միջուկային զենքի առումով «անորոշության սկզբունքը» թերևս լավագույնս ձևակերպված է հենց ՆԱՏՕ պաշտոնական [10] փաստաթղթում: Ցիտում ենք. «ՄԹ և Ֆրանսիայի սեփական անկախ ռազմավարական միջուկային ուժերը ունեն իրենց առանձին և ուրույն դերակատարումը, էապես նպաստելով Դաշինքի ընդհանուր անվտանգությանը: Դրանց որոշումների կայացման առանձին [ազգային] կենտրոնները նպաստում են Դաշինքի զսպման քաղաքականությանը նրանով, որ բարդացնում են հնարավոր հակառակորդների հաշվարկները: Այլ կերպ ասած, եթե հակառակորդը որոշի հարձակվել ՆԱՏՕ-ի վրա, նա պետք է ոչ միայն հակազդի ՆԱՏՕ-ի որոշումների կայացման [համակարգին], այլ նաև՝ հաշվի առնի ԱՄՆ-ի, ՄԹ և Ֆրանսիայի ղեկավարների որոշումների կայացման առանձին համակարգերի առկայությունը»։

Տակտիկական միջուկային զենքի հետ կապված վիճակը էլ ավելի վատթար է: Նախ, ինչպես ասացինք վերը, այստեղ չի գործում միջազգային պայմանագրային կամ վերահսկման և ոչ մի մեխանիզմ: Այնուհետև, ըստ [10]-ի «ՆԱՏՕ-ի միջուկային զսպման քաղաքականությունը հիմնված է ԱՄՆ-ի՝ Եվրոպայում տեղակայված [տակտիկական] միջուկային զենքի, ինչպես նաև՝ դաշնակիցների կողմից տրամադրվող կարողությունների և ենթակառուցվածքների վրա: Մասնավորապես, դաշնակիցները ՆԱՏՕ-ին տրամադրում են երկակի օգտագործման կործանիչ-ռմբակոծիչներ (DCA)(20)։ Այս ինքնաթիռները կենտրոնական դեր ունեն ՆԱՏՕ-ի միջուկային զսպման քաղաքականությունում և պատրաստ են իրականացնել միջուկային առաքելություններ։ Դրանք ունակ են ու կահավորված միջուկային ռումբեր կրելու համար, իսկ դրանց անձնակազմերը ստանում են համապատասխան վարժանք»(21)։

Ընդ որում, «ԱՄՆ-ը Եվրոպայում տեղակայված իր միջուկային զենքերի նկատմամբ ապահովում է բացարձակ վերահսկողություն և պահպանություն։ Դաշնակիցները DCA առաքելությանը ցուցաբերում են ռազմական աջակցություն [իրենց] սովորական ուժերով ու հնարավորություններով: Միջուկային բեռի կիսման այս պայմանավորվածությունները կենսական են Դաշինքի փոխկապակցման ապահովման գործում, և մնում են Եվրո-Ատլանտյան տարածքի անբաժանելի անվտանգության երաշխիքներից և հիմնական բաղադրիչներից մեկը» [10]:

Ընդգծենք, որ այս դրույթը ուղղակիորեն հակասում է սկսած 2005-ից և գրեթե ամեն տարի կրկնվող ՏՄԶ վերաբերյալ ԱԳՖ հաշվետվությունների այն պնդմանը, որ Եվրոպայում և Թուրքիայում ծավալված B-61 ընտանիքի ոչ բոլոր ջերմամիջուկային ռումբերն են նախատեսված ՆԱՏՕ-ի (DCA) կործանիչ-ռմբակոծիչների համար։ Սա ՏՄԶ առնչությամբ «անորոշության սկզբունքի» ամենաակնառու արտահայտումն է: Եվ ամենավտանգավորը՝ «1994 թ․ Մեծ սակարկության» և Բուդապեշտյան հուշագրերի համակարգի քայքայման ներկայիս իրողություններում (տե՛ս հոդվածի հաջորդ մասում)։

Տարածաշրջանում ԱՄՆ-ի ՏՄԶ-ի տեղակայման առնչությամբ անհրաժեշտ է նշել ևս երկու զարգացում, որոնք էական ազդեցություն ունեն թե՛ մեր տարածաշրջանի, թե՛ «ՌԴ–Արևմուտք» ներկայիս առճակատման գործընթացների վրա։

Դրանցից առաջինը ԱՄՆ-ի ՏՄԶ-ի մոդեռնիզացիայի B61 LEP (B61 life extension program) ծրագիրն է(22): Այն վերաբերում է B-61 ընտանիքի նոր՝ B-61-12 տիպի ջերմամիջուկային ռումբի ստեղծմանը և Թուրքիայում ու Եվրոպայում դրանց ծավալմանը։ Այս մասին անդրադարձ կլինի վերլուծության «Թուրքիա» բաժնում, իսկ այստեղ նշենք միայն հետևյալը. դեռ 2013-ին մեր մտահոգությունն էինք արտահայտել առ այն [22], որ B61 LEP ծրագիրը նախատեսվում է ավարտել 2023-ին, Թուրքիայի համար հոբելյանական այս տարում (տե՛ս Նկ. 3

Նկար 3․ ԱՄՆ-ի միջուկային զենքի կյանքի երկարացման ծրագրերի (LEP) բյուջեների ժամանակացույցը։ Աղբյուրը՝ [22]:

Եվ ահա այսօր, ուղիղ 10 տարի անց, փաստում ենք, որ մեծ ռազմավարության (grand strategy) տեսանկյունից Թուրքիայում 2023 թ․ մայիսյան նախագահական ընտրությունները, ըստ էության, կոչված են պատասխանելու երկու փոխկապակցված հարցի։ Ծավալվելո՞ւ է արդյոք F-35/B-61-12 ջերմամիջուկային զենքի համակարգը (տե՛ս Նկ. 4) Թուրքիայում, թե՝ ոչ։ Եվ, ընդդիմանալո՞ւ է, արդյոք, Թուրքիան (և Հունգարիան) ս.թ. հուլիսին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Ուկրաինայի անդամակցելու գործընթացին, թե՝ ոչ:

Հաջորդը վերաբերում է ԱՄՆ-ի նախագահ Դ․ Թրամփի դեռ 2018 թ․ «Միջուկային զենքի ազգային ծրագրով» նախատեսված, մոտ 5 կտ հզորությամբ W76-2 տակտիկական ջերմամիջուկային լիցքերին(23): Դրանցով զինվել են «Օհայո» դասի ռազմավարական ատոմային սուզանավերի վրա տեղակայված ռազմավարական նշանակության Trident II D5 բալիստիկ հրթիռները(24):

Նկար 4. ԱՄՆ-ի B-61-12 ջերմամիջուկային ռումբերը F-35 կործանիչ-ռմբակոծչի ներքին բեռնախցերում: Ռումբերի պոչային հատվածում տեսանելի են ղեկավարման թևերը։ Աղբյուրը՝ US Air Force:

Կարելի է հաշվարկել, որ հիշյալ որոշումով սկսած 2020 թ.-ից ԱՄՆ-ը ի վիճակի է տակտիկական միջուկային լիցքերով գումարային 200 կտ հզորությամբ «զսպող» հարված հասցնել 40 առանձին թիրախների։ Ընդ որում, այս հարվածները կհասցվեն Ատլանտյան, Հնդկական և Խաղաղ օվկիանոսներում գտնվող սուզանավերի պոզիցիոն շրջաններից։ Սա վերջին ժամանակների վերին աստիճան հատկանշական զարգացում է ու նշանավորում է երկու կարևոր բան։

Առաջինը, Դ. Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ը գտել էր ռուսական տակտիկական միջուկային զենքի գերակա ներուժի (տե՛ս ստորև) չեզոքացման արդյունավետ միջոց։ Այնուհետև, սա նշանակում է, որ ՏՄԶ-ն կարող է տեղակայվել ռազմավարական նշանակության ՏՄ-ների վրա, իսկ նրանց արձակման հարթակները կարող են գտնվել այս կամ այն երկրների ազգային տարածքներից դուրս՝ Բաց Ծովում (High Seas): Այլ խոսքերով, վերանում է ռազմավարական և տակտիկական միջուկային զենքի միջև ևս մեկ ջրբաժան։

ԽՍՀՄ/ՌԴ․ ՏՄԶ (ոչ ռազմավարական, պաշտպանողական զենք, nonstrategic and defensive weapons) մասին պաշտոնական տվյալները բացակայում են, իսկ վերլուծական բնույթի սակավաթիվ հրապարակումները՝ հատվածային։ Ըստ ԱԳՖ՝ հիշյալ հեղինակների [11], 2022 թ․ փետրվարի դրությամբ ՌԴ ՏՄԶ զինանոցը բաղկացած էր մոտ 1912 միավոր(25) ՏՄԶ լիցքերից/մարտագլխիկներից, ծավալված 1973-ից, (Աղ. 2)։

Աղյուսակ 2․ՌԴ ՏՄԶ-ի զինանոցը, 2022 թ. (hատված):

Աղբյուրը՝ [11], հապավումները և ծանուցումները՝ աղբյուրում։

Դրանցից մոտ 387 միավորը ՀՕՊ-ի զենիթային տարատեսակ հրթիռների մարտագլխիկներ են, մոտ 500-ը՝ ավիացիոն հրթիռների և ռումբերի լիցքեր, մոտ 90-ը՝ մակերևույթ-մակերևույթ հրթիռների մարտագլխիկներ, մոտ 935-ը՝ ռազմածովային ուժերի տարատեսակ զենքերի (հարվածային, հականավային, հակասուզանավային զենիթային հրթիռներ, ծովային ականներ, տորպեդներ) լիցքեր: ԽՍՀՄ/ՌԴ ՏՄԶ-ի կրիչները թվարկված են Աղ. 2-ում(26)։ Նկ. 5-ում պատկերված է ՌԴ ՏՄԶ-ի ավիացիոն կոմպոնենտի հիմնական կրիչը՝ Ту-22М3 գերձայնային ռմբակոծիչը (Backfire` ըստ ՆԱՏՕ դասակարգման):

Մինչ 2023 թ. մարտի 25-ը ՌԴ ՏՄԶ-ն գտնվում էր բացառապես ՌԴ ազգային տարածքում՝ ծավալված և/կամ պահեստավորված վիճակում: ԽՍՀՄ տարիներին, բացի ՌԽՖՍՀ-ից, այն գտնվում էր Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում, Մերձբալթյան հանրապետություններում և Անդրկովկասում: Միջուկային մարտագլխիկները և լիցքերը գտնվում էին ԽՍՀՄ Պաշտպանության նախարարության 12-րդ Գլխավոր վարչության (12 ГУ МО) հատուկ ստորաբաժանումների վերահսկողության տակ:

Նկար 5. Ту-22М3 գերձայնային ռմբակոծիչը, ԽՍՀՄ/ՌԴ օդուժի ավիացիոն ՏՄԶ-ի հիմնական կրիչը: 1990 թ.-ին սրա նմանակը հրետանային կրակ բացեց ազերի հրոսակների ուղղությամբ, որոնք փորձում էին գրավել Ադրբեջանում տեղակայված ՏՄԶ-ն (տե՛ս հոդվածի հաջորդ մասում):

1988–1996 թթ․ ընթացքում Ռուսաստանից դուրս գտնվող ռազմավարական և տակտիկական միջուկային զենքն ու լիցքերը տեղափոխվեցին ՌԴ ազգային տարածք։ Այս գործընթացը հիմք հանդիսացավ մեր տարածաշրջանի ետխորհրդային տասնամյակների աշխարհաքաղաքական ճարտարապետության համար («1994 թ. Մեծ Սակարկություն»), և ակամայից՝ ոչ այնքան տեսանելի, շարունակում է ուղղորդել մեզ մոտ ներկայումս ընթացող գրեթե բոլոր զարգացումները (տես հոդվածի հաջորդ բաժիններում):

Այսպիսով, Հայաստանի 3-րդ հանրապետության գոյության ողջ տարիներին, մեր տարածաշրջանում ծավալված էր ԱՄՆ-ի ՏՄԶ-ն, որի մոտ 40%-ը նախատեսված էր ԱՄՆ-ի օդուժից դուրս կիրառման համար: Բացի այս, տարածաշրջանում էր նաև Իսրայելի, Հնդկաստանի և Պակիստանի ՏՄԶ-ն:

Վերջին տասնամյակում աճում էր ՌԴ մտահոգությունը Եվրոպայում և Թուրքիայում ԱՄՆ-ի ՏՄԶ-ի տեղակայման ու ծավալման կապակցությամբ: Այն կտրուկ արտահայտվեց 2021 թ․ դեկտեմբերի 15-ի ՌԴ վերջնագրային առաջարկություններում՝ հղված առանձին ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ի անդամ երկրներին(27)։ Դրանցում խոսվում էր Ուկրաինայի և Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության անթույլատրելիության, սեփական տարածքներից դուրս միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայումից հրաժարվելու անհրաժեշտության, սեփական ազգային տարածքներից դուրս միջուկային զենքի տեղակայման բացառման մասին: 2022 թ. փետրվարի 17-ին ստացված պատասխանները ռուսական կողմը համարեց ոչ գոհացուցիչ(28)։

Երկու շաբաթ անց ՌԴ-ն սկսեց իր հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում: Դրա մեկնարկից 6 օր անց, 2022 թ. մարտի 1-ին, Ժնևում կայացած Զինաթափման կոնֆերանսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովը հայտարարեց(29), որ «մի շարք երկրներում տեղակայված ԱՄՆ-ի միջուկային զենքի առկայությունը այլևս անթույլատրելի է և հակասում է Չտարածման պայմանագրերի հիմնարար դրույթներին: Այս զենքը վաղուց պետք է վերադարձվեր ԱՄՆ, իսկ համապատասխան ենթակառուցվածքները պետք է ոչնչացվեին»(30)։

Նկատենք, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկի մասին օպերատիվ վճռի կայացման վրա մեծապես ազդեց Ուկրաինայի կողմից ՏՄԶ-ի և միջին հեռահարության (մինչև 1000 կմ) ՏՄ-ների ձեռք բերմանն ուղղված քայլերը(31), և հատկապես, նախագահ Վ. Զելենսկու՝ Անվտանգության մյունխենյան 2022 թ. փետրվարի 19-ին արված հայտարարությունները(32)։

Ընդհանուր առմամբ հայտնի այս փաստերի ժամանակագրորեն համարժեք, պարզ շարադրումն անգամ երևան է հանում 2014-ից ծավալվող զարգացումների էությունը, դրանց կապը միջուկային զենքի, հատկապես՝ ՏՄԶ-ի, հետ: Հանգամանք, որը մնում էր ստվերված ընթացիկ լրահոսի աղմուկում, դժվարացնելով դրա ընկալումն ու պատշաճ գնահատումը։ Այս առումով կարծում ենք, որ դիտարկվող առարկայի տեսակետից կարևոր նշանակություն ունեն հետևյալ գործոնները:

Նախ՝ 2023 թ. մարտի 25-ին պաշտոնապես հայտարարվեց Բելառուսում ռուսական ՏՄԶ-ի տեղակայման և հատուկ անձնակազմերի համատեղ վարժանքների մեկնարկի մասին: Ապա հայտարարվեց նաև, որ մինչև 2023 թ. հուլիսի 1-ը Բելառուսի տարածքում կկառուցվի ՏՄԶ-ի հատուկ պահեստարան՝ առաջինը 1994 թ. Բուդապեշտյան հուշագրերի ստորագրումից ի վեր(33)։

Միութենական պետության շրջանակներում ՏՄԶ-ի ուղղությամբ հանրայնորեն խոսվել էր 2022 թ. հունիսի 25-ին՝ ՌԴ և Բելառուսի նախագահներ Վ․ Պուտինի և Ա․ Լուկաշենկոյի՝ Սանկտ Պետերբուրգում հանդիպման ժամանակ: Մինչ այդ, Բելառուսում սահմանադրական փոփոխությունների 2022 թ․ փետրվարի 27-ի հանրաքվեի արդյունքներով չեղարկվեց Բելառուսի ոչ-միջուկային և չեզոք երկրի կարգավիճակը(34)։ Հանգամանքներ, որոնք վրիպեցին հայկական ԶԼՄ-ների և վերլուծական հանրության ուշադրությունից։

Կարելի է փաստել, որ Բելառուսի հետ կապված իր այս քայլերով Ռուսաստանի Դաշնությունը ջանում է.

  • Հավասարակշռել Եվրոպայում և Թուրքիայում ծավալված ԱՄՆ-ի ՏՄԶ-ի ներուժը,
  • ՌԴ-Բելառուս տակտիկական միջուկային վարժանքներով պատասխանել ԱՄՆ/ՆԱՏՕ «Steadfast Noon» տակտիկական միջուկային վարժանքներին,
  • Միութենական պետության շրջանակներում ստեղծել ԱՄՆ/ՆԱՏՕ ներսում գործող «միջուկային բեռի կիսման» համակարգի իր տարբերակը:

3. ԽՍՀՄ փլուզումը և Անդրկովկասում ՏՄԶ-ի ճակատագիրը

Հոդվածի ուսումնասիրման առարկայի ուղղությամբ մեզանում առկա էին (և են) որոշակի մյութոսներ, անհիմն ու ապակողմնորոշող պատկերացումներ, մի մասը՝ ժառանգված դեռ ԽՍՀՄ տարիներից, մյուսը՝ գոյացած վերջին տասնամյակներում:

Դրանց առկայությունը խանգարեց մեզ վաղ 90-ականներին համարժեքորեն ըմբռնել ԽՍՀՄ փլուզման ժամանակ ու դրանից հետո Անդրկովկասում ծավալվող իրադարձությունների էությունը: Ուշ 90-ականներին-զրոյականների սկզբին՝ տեսնել տարածաշրջանային ռազմավարական խնդիրների (Կասպիցի կարգավիճակ, ենթակառուցվածքների զարգացում,Ադրբեջանում ԽՍՀՄ ՏՄԶ-ի ճակատագիր, Թուրքիայում ՏՄԶ-ի առկայություն) հետ Արցախյան հարցի կապը: Ընկալել աշխարհում և տարածաշրջանում տեկտոնական փոփոխությունների բնույթն ու ուղղվածությունը:

Մեր ու մեր տարածաշրջանի ապագան կերտող այս ռազմավարական նշանակության գործոնների հանդեպ այսօրինակ անհեռատեսությունը 2010–2020-ականներին մեզ անակնկալի բերեց թե՛ 2016 թ., և թե՛ 2020 թ. պատերազմների հարցում, թե՛ միջուկային զենքի խնդիրների ու Բուդապեշտյան հուշագրերի «հանկարծակի» երևան (ու Երևան) գալուց: Ուստի, նպատակահարմար է այս մյութոսների գոնե համառոտ դիտարկումը:

Առաջին(35), մեզանում աննկատելիության աստիճան արմատավորված, մյութոսը հետևյալն է. «Հայաստանը՝ փոքր և աննշան մի երկիր է և չի դառնա միջուկային հարվածների թիրախ»: Ու դրա հետ փոխկապակցված այն համոզմունքը, որ «բոլոր դեպքերում, Հայաստանը, երևի թե, պաշտպանված է ԽՍՀՄ/ՌԴ միջուկային հովանոցով»:

Եթե անցյալում նման տեսակետների առկայությունը մեզ մոտ միայն անհասկանալի էր ու մտահոգիչ, ապա այսօր, XX դարի 50-60-ականների «Արևմուտք–ԽՍՀՄ» գլոբալ հակամարտությունը հիշեցնող «Արևմուտք–ՌԴ» ներկայիս լարված առճակատման պայմաններում, դրանց առկայությունն ուղղակի անթույլատրելի է(36):

Ուստի, անդրադառնանք Հայաստանին առնչվող «Արևմուտք–ԽՍՀՄ» գլոբալ հակամարտության մի դրվագի, որն, ի դեպ, երբեք չի դիտարկվել ոչ՛ հայերեն, ոչ՛ էլ ռուսերեն վերլուծական գրականությունում:

Խոսքը ԱՄՆ-ի ԶՈւ-ի այսպես կոչված՝ «Միակ Միացյալ Օպերատիվ Պլանի» (SIOP)(37) հույժ գաղտնի փաստաթղթերի մասին է: Դրանք ԽՍՀՄ-ի, Չինաստանի և Սովետական բլոկի Արևելաեվրոպական երկրների տարածքներում գտնվող թիրախներին միջուկային հարվածների մանրամասն պլաններ են: Դրանց առնչվող առաջին բաց հրապարակումը կայացավ 1987 թ. [14], և նվիրված էր SIOP-62-ին: Հիշյալ հրապարակումը SIOP-62-ը բերում էր միայն մասնակի գաղտնազերծված, մասնավորապես, այդտեղ ջնջված էին թիրախների (designated ground zero, DGZ) բոլոր կոորդինատներն ու ցանկերը [14, p.44]: Դրանք մնում են հույժ գաղտնի մինչ օրս (2023 թ. գարուն):

Ընդհանրապես, բաց մասնագիտական աղբյուրների տվյալներով 1946-1950 թթ. ԱՄՆ-ի ԶՈւ-ի միջուկային հարվածների ցանկը ԽՍՀՄ տարածքում ուներ սկզբում 20, հետո՝ 70 թիրախ: 50-ականների սկզբին այն հասնում է 104-ի։ SIOP-62-ը «Սինո-Սովետական բլոկի» տարածքում ուներ արդեն 3267 թիրախ, որոնցից 1530-ը նախատեսվում էր խոցել առաջին՝ «զինաթափող», իսկ 1737-ը երկրորդ՝ «տապալող» հարվածներով (ակնկալվող մահերը՝ 300-450 մլն մարդ)։ SIOP-87-ը ուներ թիրախների առավելագույն քանակ՝ 12500։ ԽՍՀՄ փլուզումից հետո դրանց քանակը կտրուկ պակասում է՝ SIOP-94-ը ուներ «ընդամենը» 2500 թիրախ։

Եվ ահա, 2015 թ.-ի դեկտեմբերի 22-ին ԱՄՆ-ի Ազգային արխիվը առաջին անգամ հրապարակեց ԱՄՆ-ի Ռազմավարական հրամանատարության (US SAC) «Սինո-Սովետական բլոկի» տարածքում միջուկային հարվածների թիրախների 1959 թ․ ցանկը [17]։ Դրանք SIOP-62-ի կազմման համար նախապատրաստական նյութեր էին, որոնք ներառում էին ռազմական թիրախներ (այսպես կոչված «BRAVO» դասի թիրախներ)։

Նկար 6. Հատված ԱՄՆ-ի Ռամավարական հրամանատարության միջուկային հարվածների թիրախների 1959 թ. ցանկից (SAC 59): Աղբյուրը՝ [18]:

Հաջորդ տարի՝ 2016 թ. ապրիլի 4-ին, ապրիլյան «Քառօրյա պատերազմի» գագաթնակետի օրը(38), ԱՄՆ-ի Ազգային արխիվը լրացուցիչ հրապարակեց SAC 59-ի միջուկային հարվածների, այս անգամ՝ քաղաքային և արդյունաբերական օբյեկտների թիրախների ցանկը («DELTA» դասի թիրախներ [18]):

Հասկանալիորեն, Մոսկվան այստեղ թիվ 1 թիրախն էր: Սակայն ուշադիր դիտորդը այս ցանկում կգտնի նաև Երևանը՝ 101-րդ թիրախ (տե՛ս Նկ. 6 ձախից), ինչպես նաև Ալավերդին՝ 507-րդ թիրախ[18](39)։ Ավելի քան 3 հազար թիրախների ցանկում 101-րդ տեղը, կարծում եմ, խոսուն փաստ է ինքնին, ու հավելյալ մեկնաբանությունների կարիք չունի:

Ավելացնենք, որ SAC 59-ի «Երևան» թիրախի հատվածում նշվում է նաև Գյումուշ ավանը (տե՛ս Նկ. 6՝ աջից)։ Ակնհայտ է, որ այստեղ թիրախ է Գյումուշ (ներկայումս՝ Արգել) ՀԷԿ-ը, Սևան-Հրազդան կասկադի ամենախոշոր ՀԷԿ-ը և 50-60 թթ․ ՀԽՍՀ էներգետիկ ու տնտեսական հենքը(40)։ Միջուկային զենքի համատեքստում Հայաստանի էներգետիկ համակարգի ու Սևան-Հրազդան կասկադի հանդեպ նման «ուշադրությունը» վերին աստիճան հատկանշական է, և դրան մենք դեռ կանդրադառնանք հոդվածի վերջում։

Այստեղ փաստենք միայն հետևյալը. Հայաստանի «աննշանության ու անկարևորության» մասին մյութոսը կեղծ էր ու անհիմն դեռ ԽՍՀՄ օրոք: Այն մնում էր կեղծ նաև ԽՍՀՄ տրոհման ու փլուզման տարիներին՝ ուշ 80-ականներին և վաղ 90-ականներին: Իսկ ինչ վերաբերում է ԽՍՀՄ «միջուկային հովանոցին», ապա միջուկային հարվածի վտանգից միութենական հանրապետությունները 50- և 60-ականներին պաշտպանված էին ԽՍՀՄ «պատասխան» (ответный), 70–90-ականներին՝ «հակընդդեմ-պատասխան» (ответно-встречный) միջուկային հարվածների դոկտրինով։ Այլ էր իրավիճակը ոչ միջուկային ագրեսիայի դեպքում:

Այսպես, ըստ ՀԽՍՀ մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների բանավոր հաղորդակցումների, Հայաստանի դեմ մասշտաբային ոչմիջուկային ագրեսիայի դեպքում ԽՍՀՄ ԶՈւ-ի Գլխավոր շտաբի ծրագրերը չէին ենթադրում ՀԽՍՀ տարածքի ռազմավարական պաշտպանություն:

Պաշտպանական այսպիսի քիչ թե շատ կայուն առաջին գիծ էր համարվում Քուռ գետի ավազանը, իսկ հիմնականը՝ Կովկասի Գլխավոր լեռնաշղթան և Բաքուն(41)։

Իսկ, ինչպիսի՞նն է իրավիճակն այսօր:

Ինչ խոսք, ԽՍՀՄ փլուզումից ու միութենական հանրապետությունների ռազմատնտեսական ու քաղաքական տարանջատումից հետո ՀՀ–ՌԴ ռազմաքաղաքական ու տնտեսական միահյուսվածությունը էապես նվազել է: ՀՀ գիտատեխնոլոգիական, արդյունաբերական ու քաղաքական նշանակությունն ու արժեքն էլ, մեղմ ասած, այն չեն, ինչ ՀԽՍՀ-ինը, մանավանդ՝ XX-րդ դարի 60–80-ական թվականներին:

Դա այդպես է, բայց աշխարհն էլ արդեն այն չէ, ինչ երկբևեռ աշխարհակարգի կանխատեսելի ժամանակներում: Վերջին տասնամյակներում շոշափելիորեն քայքայվել է գլոբալ անվտանգային համակարգը: Այլևս չեն գործում մի շարք հիմնարար պայմանագրեր՝ 1972 թ. Հակահրթիռային պաշտպանության համակարգերի սահմանափակման մասին պայմանագիր(42), Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին 1990 թ. պայմանագիր(43), 1987 թ. Փոքր ու միջին հեռահարության հրթիռների պայմանագիր(44), «Բաց երկնքի» պայմանագիր(45) և այլն: Մշուշոտ է անգամ «START 3» անկյունաքարային պայմանագրի հեռանկարը (տե՛ս Ծանուցում 7): Գոյացել են ուժային նոր բևեռներ: Ընդլայնվել է ՏՄԶ-ով դեֆակտո միջուկային տերությունների ցանկը՝ ներառելով մեր տարածաշրջանի երեք երկիր (Իսրայել, Հնդկաստան, Պակիստան): Տարածաշրջանային հեգեմոնիայի համար վարվող տնտեսական ու քաղաքական «սառը» մրցակցությունը մտել է պրոքսի-պատերազմների շիկացած փուլ: Կարճ ասած՝ աշխարհը կորցնում է իր կանխատեսելիությունը, հավասարակշռությունն ու ներդաշնակությունը:

Այս պայմաններում, կարծում ենք, խելամիտ է զերծ մնալ Հայաստանի «աննշանության ու անկարևորության» մասին մյութոսը իրական կյանքով փորձարկելու անգամ հավանականությունից, էլ չասած՝ հնարավորությունից: Եվ ավելի վտանգավոր է չհիմնավորված ակնկալիքներ ունենալ ՀԱՊԿ և անգամ ՀՀ–ՌԴ երկկողմ պայմանագրերով պաշտպանիչ «միջուկային հովանոցի» լռելյայն առկայության առնչությամբ։ Ինչպես տեսանք վերը, ՌԴ-ն նախընտրում է իր «միջուկային բեռի կիսման» ունակությունները պարփակել Միասնական պետության շրջանակներում կամ, գոնե, այդպիսինն է վերջին զարգացումների տրամաբանությունը(46)։

Ի մի բերելով վերոշարադրյալը՝ կարելի է եզրակացնել, որ, եթե ոչ այսօր, ապա՝ վաղը, ՏՄԶ-ի հարցը անխուսափելիորեն կմտնի ՀՀ ազգային անվտանգության օրակարգ, առնվազն հետևյալ երեք առումներով.

Ա. Ներկայիս իրողություններում ու ՏՄԶ-ի կիրառման «անթույլատրելիության շեմի» նվազման միտումների պայմաններում, տարածաշրջանային անվտանգային համակարգերում ՀՀ տեղի և դերի հստակեցման տեսանկյունից։
Բ. «ՌԴ-Արևմուտք» առճակատման համատեքստում Իսրայելի, Թուրքիայի, Իրանի, Սաուդյան Արաբիայի և Ուկրաինայի միջուկային ու տարածաշրջանային նկրտումների, ինչպես նաև՝ դրանք զսպելու գլոբալ խաղացողների հնարավոր հակամիջոցների կիրառման հետևանքների տեսանկյուններից։
Գ. «ՌԴ-Բելառուս» Միացյալ պետություն և ՀԱՊԿ համակարգերի միջև հավանական տարամիտման, դրանց միջև «միջուկային ջրբաժանի» գոյացման տեսանկյունից:

(Շարունակելի)

ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    1. What are Tactical Nuclear Weapons? Union of Concerned Scientists. Jun 1, 2022, https://www.ucsusa.org/resources/tactical-nuclear-weapons (բեռնման օրը՝ 04.05.2023):
    2. Ullrich G. W., Scouras, J., Frankel M. J., Nonstrategic Nuclear Weapons: The Neglected Stepchild of Nuclear Arms Control. Air and Space Power Journal, Vol 29, Issue 4. July–August 2015. https://www.airuniversity.af.edu/Portals/10/ASPJ/journals/Volume-29_Issue-4/SLP-Ullrich_Scouras_Frankel.pdf (բեռնման օրը՝ 18.03.2017):
    3. Մարջանյան Ա. Հ., Պատերազմ և էներգատրանսպորտային ենթակառուցվածք: Մաս I. Մեր տարածաշրջանը: Օրբելի անալիտիկ կենտրոն, 08.08.2019. https://www.orbeli.am/hy/post/261/2019-08-08Պատերազմ+և+էներգատրանսպորտային+ենթակառուցվածք (բեռնման օրը՝ 25.04.2023):
    4. Kristensen H. M., U.S. Nuclear Weapons in Europe, 2005. Natural Resources Defense Council, February 2005. https://www.nrdc.org/sites/default/files/euro.pdf (բեռնման օրը՝ 03.04.2011):
    5. Kristensen H.M., Korda M., United States nuclear weapons, 2022․ Bulletin of the Atomic Scientists, 78:3, 162-184. 09 May 2022. https://www.tandfonline.com/doi/full/10.1080/00963402.2022.2062943 (բեռնման օրը՝ 25.04.2023):
    6. Moeed Yusuf, Predicting Proliferation: The History of the Future of Nuclear Weapons. The Brookings Institution, Policy Paper, No 11, January 2009․ https://www.brookings.edu/wpcontent/uploads/2016/06/01_nuclear_proliferation_yusuf.pdf (բեռնման օրը՝ 20.11.2011):
    7. Մարջանյան Ա. Հ., Ժան Բոդրիյարի «սիմուլյակրը» և Բարաք Օբամայի «Medz Yeghern»-ը. Մաս Բ. «Le Mai 1968». «Նորավանք» ԳԿՀ, 27.02.2012. http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=6324 (բեռնման օրը՝ 25.04.2023):
    8. Kristensen H. M., Korda M., Tactical nuclear weapons, 2019․ Bulletin of the Atomic Scientists, 75:5,252-261․30Aug2019․ https://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/00963402.2019.1654273?needAccess=true (բեռնման օրը՝ 28.01.2020):
    9. Remarks By President Barack Obama In Prague As Delivered. The White House, April 05, 2009. https://obamawhitehouse.archives.gov/the-press-office/remarks-president-barack-obama-prague-delivered (բեռնման օրը՝ 25.04.2023):
    10. NATO’s nuclear deterrence policy and forces. NATO, 11 Apr. 2023. https://www.nato.int/cps/en/natohq/topics_50068.htm (բեռնման օրը՝ 19.05.2023):
    11. Kristensen H.M., Korda M., Russian nuclear weapons, 2022. Bulletin of the Atomic Scientists, 78:2, 98-121. 25 Feb 2022. https://www.tandfonline.com/doi/full/10.1080/00963402.2022.2038907 (բեռնման օրը՝ 25.04.2023):
    12. Широкорад А. Б., Атомный таран XX века. М., «Вече», 2005. http://rulibs.com/ru_zar/sci_history/shirokorad/0/j0.html (բեռնման օրը՝ 25.04.2023):
    13. Statement by M.Uliyanov, Acting Head of the Delegation of the Russian Federation at the 2015 Review Conference of the Parties to the Treaty on the Non-Proliferation of Nuclear Weapons, (General Debate). Permanent Mission of the Russian Federation of the United Nations in New York, NY, 27 April, 2015.
    14. Sagan S. D., 1987. SIOP-62: The Nuclear War Plan Briefing to President Kennedy. International Security, Vol. 12, No. 1. Summer, 1987, pp. 22-51.
    15. Kristensen H. M., “U.S. Changes Name of Nuclear War Plan”. Nuclear Information Project․ 21 December 2004. https://www.nukestrat.com/us/stratcom/siopname.htm (բեռնման օրը՝ 20.12.2011):
    16. Kristensen H. M., “US Nuclear War Plan Updated Amidst Nuclear Policy Review”. Federation of American Scientists. April 4, 2013. https://fas.org/blogs/security/2013/04/oplan8010-12/ (բեռնման օրը՝ 06.06.2015):
    17. Burr W. 2015. U.S. Cold War Nuclear Target Lists Declassified for First Time. Edited by William Burr December 22, 2015. US National Security Archive. Electronic Briefing Book No. 538. https://nsarchive2.gwu.edu/nukevault/ebb538-Cold-War-Nuclear-Target-ListDeclassified-First-Ever/ (բեռնման օրը՝ 08.04.2017):
    18. Burr W. 2016. SAC 59 Target list. Urban-Industrial Target List for Part I – from Abdulino (Russia) to Zychlin (Poland) Published in its Entirety. Edited by William Burr. US National Security Archive. Update April 4, 2016. https://nsarchive2.wu.edu/nukevault/ebb538-Cold-War-Nuclear-Target-List-Declassified-First-Ever/#update (բեռնման օրը՝ 08.04.2017):
    19. Rosenberg D. A., A Smoking Radiating Ruin at the End օf Two Hours: Documents on American Plans for Nuclear War with the Soviet Union, 1954-1955, International Security 6 (1981/82), 3-38. https://www.semanticscholar.org/paper/%22A-Smoking-Radiating-Ruin-at-the-End-Of-Two-Hours%22%3A-Rosenberg/e22bbc1a132204e9f82a128c45cd324f4ad10058 (բեռնման օրը՝ 08.04.2017):
    20. Kaplan E., To Kill Nations: American Strategy in the Air-Atomic Age and the Rise of Mutually Assured Destruction․ Ithaca, Cornell University Press, 2015․ https://www.jstor.org/stable/10.7591/j.ctt18kr535 (բեռնման օրը՝ 09.04.2017):
    21. Цель войны и цель операции. Интервью с председателем НПО «Е-куб» Ара Марджаняном. «Голос Армении», 2016-04-04. http://www.golosarmenii.am/article/39205/cel-vojny-i-cel-operacii (բեռնման օրը՝ 10.05.2023):
      Մարջանյան Ա․ Հ․, Միջուկային Թուրքիան. Ներկայիս միտումները և զարգացման ներուժը։ «Հայաստանի անվտանգությունը տարածաշրջանային ռազմա-քաղաքական գործընթացների համատեքստում»։ Կազմ.` Ա.Աղաբաբյան; Խմբ.՝ Ա. Սիմոնյան և ուրիշ.։ Երևան, ԵՊՀ, 2013, էջ 3-27։ https://opac.flib.sci.am/cgi-bin/koha/opacdetail.pl?biblionumber=393243 (բեռնման օրը՝ 09.05.2023):

(1) ՀՀ-ում ՄԱԿ-ի ԶԾ ազգային փորձագետ (էներգետիկա), տ.գ.թ., ա.գ.ա.: Ինժեներ-էներգետիկ (Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ, 1980թ.): Տեխնիկական գիտությունների թեկնածու (Մոսկվայի Էներգետիկայի ինստիտուտ, 1987թ.), ավագ գիտաշխատող (ԽՍՀՄ ԲԱԿ, 1989թ.): Դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է ԱՄՆ Վերականգնվող էներգիայի ազգային լաբորատորիայում (NREL, Բոուլդեր, Կոլորադո, ԱՄՆ, 1993-94 թթ.): 2015-ից՝ Հայաստանում ԵՄ ազգային փորձագետ՝ տրանսպորտի հարցերով: 2017-ից՝ ԵԱՏՄ փորձագիտական ակումբի անդամ: «21-րդ Դար» վերլուծական հանդեսի հիմնադիր խմբագիր (2003-06 թթ.)։ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի վերլուծաբան, գիտական գծով փոխտնօրեն:

(2) Հոդվածը խմբագրություն է հանձնվել 22.05.2023 թ.։

(3) Միջուկային զենքի չտարածման պայմանագրի Վերանայման 10-րդ կոնֆերանսի նախագահ:

(4) Սովորաբար, այն «երկաստիճան» է, առաջինը իրենից ներկայացնում է ատոմային լիցք։

(5) Ներառյալ՝ մակերևույթ-մակերևույթ (բալիստիկ և թևավոր), մակերևույթ-օդ (զենիթային), մակերևույթ-տիեզերք, օդ-տիեզերք, օդ-մակերևույթ, ջուր-մակերևույթ և այլն:

(6) ՏՄ-ն կարող է լինել և մարդը, որը կրում է միջուկային ական՝ «միջուկային ուսապարկ» (атомный ранец, ADM): Վերջին տասնամյակում ՏՄ-ների շարք են մտել նաև օդային և ջրային դրոնները:

(7) Լիցքերի մինիատյուրիզացիա, փոփոխական հզորությամբ լիցքեր, խոցող գործոնների ընտրովի ուժգնացում (նեյտրոնային, էլեկտրամագնիսական) և այլն:

(8) ՌԴ և ԱՄՆ-ի միջև «START 3» (Strategic Arms Reduction Treaty, ДСНВ.) պայմանագիրը ստորագրվել էր նախագահներ Դ. Մեդվեդևի և Բ. Օբամայի կողմից 2010 թ. ապրիլի 8-ին, Պրահայում՝ 10 տարի ժամկետով: 2021 թ. հունվարի 27-ին ՌԴ Պետդուման և Դաշնային Խորհուրդը վավերացրել են «START 3»-ի ժամկետը մինչև 2026 թ. փետրվարի 26-ը երկարաձգելու մասին ՌԴ և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը: 18 օր անց` 2023 թ. փետրվարի 21-ին, ՌԴ նախագահ Վ. Պուտինը Դաշնային խորհրդին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ Ռուսաստանը առկախում է (приостановка) «START 3» պայմանագրում իր մասնակցությունը:

(9) Հիրոսիմայի և Նագասակիի վրա արձակված ամերիկյան ատոմային ռումբերի հզորությունը համապատասխանաբար՝ 15 և 21 կտ էր։

(10) Միակ բացառությունը թերևս նախագահներ Բուշ ավագի (ԱՄՆ) և Մ․ Գորբաչովի (ԽՍՀՄ) 1991 թ. սեպտեմբեր-հոկտեմբերի «Նախագահական Միջուկային Նախաձեռնություններն» էին (ՆՄՆ, Presidential Nuclear Initiatives, PNIs)՝ ուղղված հատուկ ՏՄԶ-ին։ Առ այսօր ՏՄԶ-ի առնչությամբ որևէ նոր փաստաթուղթ չի դիտարկվել և չի ընդունվել։

(11) Այսինքն՝ երկրներ, որոնք վավերացրել են 1968 թ. Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը (ՄԶՉՊ, ДНЯО, NPT): Այն պաշտոնապես ֆիքսում է միջուկային տերությունների հնգյակի (ԱՄՆ, ԽՍՀՄ/ՌԴ, ՄԹ, Չինաստան, Ֆրանսիա) կարգավիճակը: ՄԹ-ն հրաժարվել է ՏՄԶ-ից 70-ականների կեսերին: 1995 թ. ՄԶՉՊ գործողության ժամկետը հայտարարվեց անժամկետ: ՄԶՉՊ շրջանակից դուրս են Իսրայելը, Հնդկաստանը և Պակիստանը: 2003 թ. հունվարի 10-ին Հյուսիսային Կորեան դուրս եկավ ՄԶՉՊ-ից: ՀՀ-ը վավերացրել է այն 1991 թ. սեպտեմբերի 24-ին, ուժի մեջ է մտել 1993-ին, 1995-ին կողմ է քվեարկել ՄԶՉՊ անժամկետությանը:

(12) Շեմային է այն երկիրը, որն ունակ է վճիռ կայացնելուց 6-ից 36 ամիսների ընթացքում սեփական ուժերով և/կամ պրոլիֆերացիոն (տարածման) սխեմաների օժանդակությամբ, ունենալ միջուկային զենք [6]: Լիբիան, Իրաքը և Սիրիան դուրս են բերվել այս երկրների շարքից և կանգնած են սեփական տարածքային ամբողջականության կորստի վտանգի առջև: Ուկրաինայի ճակատագիրը որոշվում է այս օրերին:

(13) ՆԱՏՕ-ի միջուկային ռազմավարական քաղաքականությանը ՄԹ-ն մասնակցում է սկսած 1962-ից: Այսօր այն ներկայացված է իր ռազմավարական «միջուկային տրիադի» միակ բաղադրիչով՝ ատոմային սուզանավերի վրա տեղակայված ռազմավարական միջուկային զենքով: Ֆրանսիան ՆԱՏՕ-ի միջուկային քաղաքականությանը չի մասնակցում (շնորհիվ Շառլ դը Գոլի, [7]):

(14) Այս ջերմամիջուկային ռումբերը չեն դիտարկվում և չեն հիշատակվում 1991 թ․ վերոհիշյալ «Նախագահական Միջուկային Նախաձեռնությունների» շրջանակներում, ինչը դժգոհության առարկա էր Գորբաչովից հետո ԽՍՀՄ/ՌԴ բոլոր ղեկավարների համար։

(15)  230 միավոր՝ ըստ ՏՄԶ-ին նվիրված 2019 թ. հաշվետվության ([8], Աղ.1)։

(16) «dail-a-yeild» (DAY) համակարգ:

(17) Աղբյուրում՝ «thought to be deployed» [5], էջ 176։ Եվրոպայում ԱՄՆ-ի ՏՄԶ-ի առկայության պաշտոնական ճանաչման հարցը տակավին լուծված չէ, թեև դրա իսկությունը համատարած ընդունված է։ Աղբյուրի զգուշավոր արտահայտությունը մեղմում է «գաղտնի» համարվող տեղեկատվության հանրայնացման մեղադրանքի հնարավոր վտանգը:

(18) ԳԱՖ-ը և այլ աղբյուրներ Թուրքիան ներառում են Եվրոպայի մեջ։

(19) «Անորոշության սկզբունքի» մասին կխոսենք նաև հոդվածի Իսրայելին նվիրված բաժնում: Ներողություն ենք հայցում Վ․ Հեյզենբերգից իր սքանչելի սկզբունքի անվանման այսօրինակ տհաճ առիթով օգտագործելու համար:

(20) Սա ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ում իր որոշ դաշնակիցների հետ, այսպես կոչված, «Միջուկային բեռը կիսելու» պայմանավորվածությունների (Nuclear sharing arrangements) էությունն է։

(21) Խոսքը «Steadfast Noon» (նախկինում՝ «Able Gain») և «Snow Cat» վարժանքների մասին է։

(22) https://www.energy.gov/nnsa/articles/b61-12-life-extension-program-lep-fact-sheet (բեռնման օրը՝ 10.05.2023):

(23) https://fas.org/wp-content/uploads/media/2018-Nuclear-Posture-Review-Version-2.pdf (բեռնման օրը՝ 09.05.2023):

(24) Ըստ բաց մասնագիտական աղբյուրների, «Օհայո» դասի 2 ռազմավարական սուզանավերի վրա 2019-20 թթ. նախատեսվում էր ունենալ 1-2 Trident D5 հրթիռ; յուրաքանչյուրը՝ մոտ 10 առանձին W76-2 մարտագլխիկներ։ Սուզանավերի մնացյալ 18-19 Trident D5 հրթիռների վրա շարունակում են տեղակայված մնալ ռազմավարական նշանակության 90 կտ հզորությամբ W76-1 և/կամ 455 կտ հզորությամբ W88 մարտագլխիկներ։ Այսօր ծավալված են համարվում ՏՄԶ-ով զինված USS Tennessee (SSBN-734) և ևս մեկ «Օհայո» դասի սուզանավ։ Ֆորմալ առումով սա հակասում է 1991 թ. վերոհիշյալ «ՆՄՆ» այն դրույթին, որով «նորմալ պայմաններում ԱՄՆ-ը ձեռնպահ կմնա նավերի, գրոհային սուզանավերի և ծովային օդուժի վրա ՏՄԶ ծավալումից»։ Այս դրույթում «նորմալ պայմաններ» բառակապակցությունը ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս խախտելու այս դրույթը «ոչ նորմալ պայմաններում»։ Այլ խոսքերով, սկսած 2019-2020 թթ.-ից ԱՄՆ-ը աշխարհի վիճակը գնահատում է ճգնաժամային։

(25) 1830 միավոր՝ ըստ ՏՄԶ-ի 2019 թ. հաշվետվության ([8], Աղ. 1)։

(26) Բերված աղյուսակներում բացակայում են ԱՄՆ-ի և ՌԴ հրետանային, ականային և սակրավորական ՏՄԶ-ների դիտարկումը։ ՌԴ պարագայում [8]–ում դրանք հիշատակված են, սակայն առանց որևէ քանակական գնահատականների։ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ/ՌԴ-ի միջուկային զինանոցների շոշափելի մաս [2, 12] կազմող հրետանային, ականային և սակրավորական ՏՄԶ-ները ենթակա էին պահեստավորման/ոչնչացման՝ ըստ վերը հիշատակված 1991 թ. ՆՄՆ դրույթների։ Անցած տասնամյակներում ԱՄՆ-ն և ԽՍՀՄ/ՌԴ-ն մեղադրում էին միմյանց այս դրույթների ոչ ամբողջական կատարման մեջ:

(27) https://www.rbc.ru/politics/17/12/2021/61bc677a9a794774aa95d5bd (բեռնման օրը՝ 11.05.2023)․

(28) Հեգնելով արևմտյան իր «գործընկերների» գործելակերպը, ռուսական կողմը իր պաշտոնական պատասխանը տեղակայեց ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/ MIDRussia/posts/249982210658180 (բեռնման օրը՝ 11.05.2023):

(29) https://tass.com/politics/1414033 (բեռնման օրը՝ 11.05.2023):

(30) Այս առնչությամբ ՌԴ-ն իր մտահոգությունն առաջին անգամ ՄԱԿ-ում բարձրաձայնել էր 2014-ին, պաշտոնապես՝ հաջորդ տարի, 2015 թ. ապրիլի 27-ին [13]:

(31) https://www.aljazeera.com/news/2021/4/16/ukraine-may-seek-nuclear-weapons-if-left-out-of-nato-diplomat (բեռնման օրը՝ 11.05.2023): Այս առումով կարևոր է Ուկրաինային վերջերս բրիտանական «Storm Shadow» օդ-մակերևույթ թևավոր հրթիռների մատակարարումների և Լուգանսկի վրա վերջիններիս կիրառման փաստերը։ Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ Թուրքիան Ադրբեջանին էր մատակարարել բրիտանական «Storm Shadow»-ի թուրքական նմանակի՝ SOM-B «օդ-մակերևույթ» թևավոր հրթիռներ (տե՛ս նաև հոդվածի «Թուրքիա» բաժնում)։

(32) https://kyivindependent.com/zelenskys-full-speech-at-munich-security-conference/ (բեռնման օրը՝ 10.05.2023):

(33) https://rg.ru/2023/03/25/putin-rf-ne-peredaet-belarusi-iadernoe-oruzhie-a-delaet-to-chto-delalo-ssha-desiatiletie.html (բեռնման օրը՝ 10.05.2023):

(34) https://pravo.by/document/?guid=12551&p0=P32200014&p1=1&p5=0 (բեռնման օրը՝ 10.05.2023)․Հոդված 18, նոր խմբագրություն։ Ավելի վաղ, 2007-ին Եվրոպայում ԱՄՆ-ի ՀՀՊ ընդլայնման հետ կապված նախագահ Լուկաշենկոն բարձրացրել էր Բելառուսում ՏՄԶ-ի տեղակայելու հարցը:

(35) Իրականում, ժամանակագրորեն առաջին, և մեզանում այս էլ 70 տարի չափազանց տարածված մյութոսը այն է, որ Պոտսդամի կոնֆերանսի աշխատանքի ժամանակ, ստանալով ԱՄՆ-ի ատոմային զենքի փորձարկման մասին լուրը, Ի. Ստալինը 1946-1947 թթ. երկյուղեց հրահանգել սովետական զորքերի ներխուժումը Թուրքիա, իսկ հետագայում կասեցրեց նաև Արևմտյան Հայաստանի տարածքները ՀԽՍՀ/ԽՍՀՄ-ին ինտեգրելու ծրագիրը: Այս մյութոսը չի համապատասխանում փաստերին և միանգամայն կեղծ է. Կեղծ այն աստիճան, որ մտածել է տալիս դրա դիտավորյալ ներարկման ու տարածման մասին: Սակայն, այս հարցի քննարկումը դուրս է սույն հոդվածի շրջանակներից:

(36) Մանավանդ, ԽՍՀՄ վերջին պաշտպանության նախարար, ավիացիայի մարշալ Ե. Շապոշնիկովի մահվանից 2.5 տարի և 1992 թ. մայիսի 20-ին Թուրքիային ուղղված նրա հայտնի նախազգուշացումից 22.5 տարի անց:

(37) Single Integrated Operational Plan -SIOP համակարգը գործում էր 1961–2003 թթ․-ին։ 2003 թ․ մարտից դրան փոխարինում է OPLAN 8044 համակարգը, իսկ 2012 թ․ հուլիսից գործում է OPLAN 8010-12-ը, տե՛ս [15-16]:

(38) Սա միջուկային զենքի և 2016 թ. «Քառօրյա» պատերազմի «կապի» միակ օրինակը չէ: Հիշեցնենք, որ ռազմական գործողությունների մեկնարկից 48 ժամ առաջ նախագահներ
Ս. Սարգսյանը և Ի. Ալիևը գտնվում էին ԱՄՆ-ում՝ Միջուկային անվտանգության IV գագաթաժողովի միևնույն հարթակում: Վերադարձի ճանապարհին, իրենց ինքնաթիռներում գտնվող նախագահներից մեկի համար պատերազմական գործողությունների վերսկսումը անակնկալ էր, մյուսի համար՝ ոչ (տես նաև նույն օրը՝ 2016 թ. ապրիլի 4-ին տրված մեր հարցազրույցը [21])։

(39) US SAC միջուկային թիրախների ցանկավորման մասին տե՛ս [19-20] և Ուիլյամ Բուռի 2015 և 2016 թթ․ հիշյալ հրապարակումները:

(40) Շահագործվում է 1953-ից, դրվածքային հզորությունը՝ 224 ՄՎտ։

(41) Մշուշոտ տեղեկություններ կան ՀԽՍՀ տարածքում «միջուկային հորերի» առկայության մասին՝ նախատեսված միջուկային ֆուգասների տեղակայման ու ագրեսոր երկրի գրոհը դանդաղեցնելու համար։ Քիչ թե շատ փաստված է այս հորերի առկայությունը 50–70-ականներին՝ ԽՍՀՄ–ՉԺՀ սահմանի երկայնքով և Արևմտյան Եվրոպայում՝ ԳՖՀ – ԳԴՀ սահմանին։ Ցավոք, այս հարցերի շուրջ մինչ օրս որևէ հիմնարար հետազոտություն չի հրապարակվել։

(42) 2001 թ. դեկտեմբերի 13-ին ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս եկավ դրանից:

(43) 2007 թ․ ՌԴ-ն առկախել է, իսկ 2015 թ․՝ կասեցրել պայմանագրի գործողությունն՝ իր տարածքում: Ներկայումս (2023 թ. մայիս) ՌԴ-ում ընթանում է դրա դադարեցման գործընթացը:

(44) 2019 թ. օգոստոսից կողմերը դադարեցրել են այն:

(45) 2021 թ․ հունիսի 17-ին ՌԴ-ն դուրս է եկել այս պայմանագրից։

(46) Ամբողջականության համար հավելենք, որ Պուտին-Լուկաշենկո 2022 թ. հունիսի 25-ի հիշյալ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը չի բացառել ՏՄԶ-ի տեղակայման նաև այլ հնարավորություններ։ Մասնավորապես, նա ասել էր. «Ես Ձեզ հետ միանգամայն համաձայն եմ, որ անհրաժեշտ է մտածել մեր անվտանգության մասին, մեր Միութենական պետության անվտանգության մասին, միգուցե և ՀԱՊԿ անդամ այլ երկրների անվտանգության մասին։ Մենք պարզապես պարտավոր ենք դա անել» (տես՝ https://youtu.be/M14GjplnAeA 11.32-11.34) (բեռնման օրը՝ 25.04.2023):