Հակահայկական տրամադրություններ Աբխազիայում Թուրքիա–ՌԴ առճակատման համատեքստում

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 27.02.2025 թ.(1)
Աբխազիայում իրավիճակը ծայրահեղ լարվել է 01.03.2025 թ․ նշանակված արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին։ Արտահերթ ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել 15.02.2025 թ., որի արդյունքներով նախագահի թեկնածուներ Բադրա Գունբան և Ադգուր Արձինբան, հավաքելով ամենաշատ ձայները (համապատասխանաբար 46,38% և 36,92%), շարունակեցին իրենց մրցակցությունը(2)։
Դատելով ըստ Աբխազիայից եկող լուրերի՝ հանրապետությունում լարվածությունը մեծացել է թեկնածու Ադգուր Արձինբայի գլխավորած ընդդիմության այն մտավախության պատճառով, թե երկրորդ փուլում հայերի ձայները բեկումնային կլինեն և վստահ հաղթանակ կապահովեն ռուսամետ կողմնորոշում ունեցող Բադրա Գունբայի համար։ Դրա հետ կապված՝ ընդդիմությունը, դիրքավորվելով որպես տիտղոսակիր աբխազական էթնոսի շահերի պաշտպան, շանտաժի և ահաբեկման արշավ է սկսել Աբխազիայի հայ համայնքի և ողջ հայ բնակչության դեմ(3)։
Հարկ է ընդգծել, որ ոչ բոլոր էթնիկ հայերն են պաշտպանում ռուսամետ թեկնածու Գունբային, ինչի հետևանքով նրա աբխազ կողմնակիցները որոշ դեպքերում դիմում են նաև Ադգուր Արձինբայի հայ համախոհներին ահաբեկելու և նույնիսկ ծեծի ենթարկելու մեթոդներին(4)։ Փաստերը ցույց են տալիս, որ Աբխազիայի հայ բնակչությունը հայտնվել է իշխանության համար կատաղի և ոչ միշտ սահմանադրական նորմերին համապատասխանող պայքար մղող հանրապետության քաղաքական ուժերի ճնշման ներքո։ Իսկ հայկական գործոնն արդեն դարձել է Աբխազիայի ներքաղաքական օրակարգի կարևոր բաղադրիչ, սակայն՝ բացասական համատեքստում։ Խոսքն, ըստ էության, ազգամիջյան բախումներ հրահրելու մասին է, որը հղի է ծանր հետևանքներով ոչ միայն հայ փոքրամասնության, այլև հենց աբխազների ու նրանց փխրուն պետականության համար։
Հարկ է հուսալ, որ այդ սպառնալիքների գիտակցումն առկա է աբխազական հանրության լայն շերտերում, հատկապես հաշվի առնելով այն դերը, որ հայերը խաղացել են 1990-ականներին Աբխազիայի անկախության համար մղվող պայքարում: Սակայն հանրապետության քաղաքական և հասարակական կյանքին արտաքին միջամտությունը սպառնում է պրագմատիզմին և հայերի նկատմամբ ավանդաբար հանդուրժողական վերաբերմունքին։ Ժամանակին միջազգային ճանաչման ձգտող Աբխազիան աբխազա-հայկական քաղաքացիական դաշինքը դրական լույսի ներքո էր ներկայացնում։ Սակայն այժմ այն լուրջ փորձության է ենթարկվում։ Խոսքը Աբխազիայում իր ներկայությունն ընդլայնելու և, ըստ էության, Թուրքիայի կողմից դրա վրա վերահսկողություն սահմանելու բացահայտ փորձերի մասին է՝ օգտագործելով իր արտաքին քաղաքականության մեջ հղկված ազգամիջյան գժտություն բորբոքելու մեթոդը։
Այն, որ Աբխազիայի վերջին իրադարձությունների հետևում կանգնած է Անկարան, արդեն բացահայտորեն խոստովանել են վրացի, ռուս և բազմաթիվ աբխազ քաղաքական գործիչներ ու փորձագետներ։ ԱՌՎԱԿ կենտրոնն իր նախորդ հրապարակումներից մեկում լուսաբանել է այս թեման, մասնավորապես, ուշադրություն հրավիրելով Աբխազիայի քաղաքական, սոցիալական և տնտեսական կյանք ներթափանցելու թուրքական հատուկ ծառայությունների և այլ պետական կառույցների երկարաժամկետ աշխատանքի վրա՝ թիրախավորելով դրա արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխումը։
Մոսկվային հայտնի է թուրքական կառույցների ակտիվությունը, սակայն Անկարայի հետ մերձեցման ռազմավարության շրջանակներում նա առանձնապես չխոչընդոտեց աբխազական ուղու վրա դրանց քայլերը՝ գուցե և համոզված լինելով, որ վերահսկում է տեղի իրավիճակը և թույլ չի տա Անկարային հատել «կարմիր գծերը»։ Այնուամենայնիվ, Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» առաջնորդ Ռեջեփ Էրդողանի մերձավոր դաշնակից Դովլեթ Բահչելիի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանին ուղղված գաղտնի նամակը, որ վերջերս է հրապարակվել և որում նա կոչ է անում նպաստել Աբխազիայում հակահայկական ելույթների ծրագրին, ցույց տվեց, որ Թուրքիան գործնականում արդեն հատել է այդ «կարմիր գծերը»(5):
Փաստորեն, խոսքը վերաբերում է Թուրքիայի կողմից Ռուսաստանի ռազմավարական շահերի և իրավասության գոտուն ուղիղ և կոպիտ միջամտությանը՝ փորձելով ազգամիջյան գժտության դավագրգռմամբ և հայ բնակչության ջարդերի միջոցով պայթեցնել իրավիճակն Աբխազիայում։ Աբխազական հանրության «ազգայնականներին» համակրող հատվածը ակնհայտորեն կարծում է, որ նրանց կողմից սկսված հակահայկական արշավը թելադրված է Սուխումի շահերով, որը հայկական միջավայրում ռուսամետ տրամադրությունների պատճառով չի կարող իրեն ազատել Մոսկվայի և իշխանությունում նրա «դրածոների» ավելորդ «ապակառուցողական ազդեցությունից»։
Աբխազական հանրությունն իսկապես դժգոհ է Սուխումի վրա ՌԴ չափազանց մեծ ազդեցությունից, ինչը, սակայն, ռուս-աբխազական «դաշնակցային» հարաբերությունների տարիների ընթացքում չի նպաստել հանրապետության տնտեսական զարգացմանը, նրա բնակչության կենսապայմանների բարելավմանը կամ կառավարման համակարգի արդիականացմանը(6)։ Չնայած առկա հնարավորություններին և Սուխումին հատկացված լրավճարներին, Մոսկվան «չհասցրեց» Աբխազիան նրա հարևան ռուսական շրջանների զարգացման մակարդակին և սահմանափակվեց որոշ տեղական շրջանների օժանդակմամբ, որոնց միջոցով փորձում էր քաղաքական վերահսկողություն իրականացնել Սուխումի վրա։ Վերջին տարիներին ՌԴ-ն նախաձեռնել է Աբխազիայի պաշարների (հողեր, գազի հանքավայրեր Սև ծովում և զբոսաշրջային ոլորտ) յուրացման քաղաքականություն՝ հենվելով Մոսկվայի հետ քաղաքական և ֆինանսական շահերով կապված տեղական շրջանների վրա։
Չնայած տեղացի սեփական հովանավորյալների թույլ դիմադրությանը, որոնք գիտակցում են, որ Մոսկվայի խնդրանքները հանրապետության բնակչությանը կտրամադրեն իրենց դեմ, ՌԴ-ն, սկսած 2020 թվականից, մեծացրեց ճնշումը Սուխումի վրա՝ ստիպելով նրան 2024 թ․ աշնանը վավերացնել Աբխազիայի պետական անշարժ գույքի շուկայում ռուսական ներդրումների գործնական մենաշնորհի մասին համաձայնագիրը(7)։ Համաձայնագիրը 2024 թ․ նոյեմբերին Աբխազիայում հակակառավարական բողոքի ձեռնարկների խթան ձգան դարձավ, որոնք արտաքուստ ղեկավարում էին ընդդիմադիր աբխազ ազգայնականները, բայց, ինչպես ցույց են տալիս փաստերը, դրանք վերահսկվում են թուրքական կենտրոններից։ Արդյունքում հանրապետության ռուսամետ իշխանությունները հրաժարական տվեցին, իսկ ցուցարարների հետ բանակցությունների արդյունքում ընտրված ժամանակավոր ղեկավարությունը հանրապետության սահմանադրությանը համապատասխան նշանակեց արտահերթ նախագահական ընտրություններ։
2024 թ․ աշնանից ի վեր Աբխազիայում տեղի ունեցող իրադարձությունների ծավալներն ու յուրահատկությունը թույլ են տալիս արձանագրել, որ խնդիրը դուրս է եկել ներքաղաքական շրջանակներից և այլևս չի տեղավորվում ռուս-աբխազական հարաբերությունների հոլովույթում։ Թուրքիան գրեթե բացահայտորեն ցուցադրում է իր մասնակցությունը տեղի ունեցող գործընթացներին և աբխազական ուղղությունը վերածում է ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական դիմակայության ճակատի «թեժ» հատվածի։ Թերևս աբխազ ազգայնականներն Անկարայի մասնակցությամբ համակցությունը համարում են հաջող քայլ, որը կոչված է, եթե ոչ ամբողջությամբ ազատվելու ռուսական ուժեղ խնամակալությունից, ապա գոնե հավասարակշռելու այն՝ հենվելով Թուրքիայի աջակցության վրա: Մինչդեռ, եթե հաշվի առնենք Աբխազիայի ոչ միանշանակ միջազգային կարգավիճակը և հանրապետությունում ներքաղաքական հավասարակշռության փխրունությունը, ապա երկու տերությունների հակասությունների վրա խաղը կարող է ճակատագրական դառնալ Սուխումի համար։ Հատկապես, եթե աբխազական միջավայրում Թուրքիայի կողմից բորբոքված հակահայկական տրամադրություններն անցնեն «անդառնալիության կետը»։
Տեղի հայերի՝ ժամանակակից Աբխազիայի երկրորդ ամենամեծ էթնիկ խմբի վրա ճնշումն արդեն իսկ հղի է աբխազական եզակի հասարակության ամբողջականության խաթարմամբ և աբխազական պետականության հաստատության աստիճանական անկմամբ՝ պետականություն, որը հավակնում է լինել ժողովրդավարական և հանդուրժողական: Հայերը, ովքեր կանգնած էին աբխազական նորագույն պետականության և դրա ինքնիշխանության ակունքներում, ըստ էության երբեք չհավակնեցին Աբխազիայի քաղաքական վերնախավում իրենց թվաքանակին և ներդրմանը համարժեք ներկայացվածության իրավունքին: Միևնույն ժամանակ, հանրապետության կյանքում իրենց ներկայությամբ հնարավորություն տվեցին կառուցելու բազմազգ պետության և հասարակության սեփական մոդելը։ Աբխազական հասարակության հայկական շերտին հասցված հարվածը կլինի հարված հենց աբխազական պետության կազմավորման պատմությանը, անկախության և արդարության համար մղված պայքարի բարոյական և էթիկական հիմքերին։
Թուրքիայի առաջարկը, որն ըստ էության ենթադրում է Աբխազիայի քաղաքական վերաձևակերպումը միազգյա (մոնոէթնիկ) հանրապետության՝ Թուրքիայից եկած աբխազ մուհաջիրների հաշվին նրա ժողովրդագրական կազմի հետագա փոփոխությամբ, չափազանց վտանգավոր նախագիծ է։ Անկարան այսպիսով ձգտում է Աբխազիան վերածել Սև ծովի ափի հարմար ցատկահարթակի՝ դեպի իսլամական Հյուսիսային Կովկաս ապագա քաղաքական և գաղափարական էքսպանսիայի համար:
Ռուսաստանը չի կարող չտեսնել իր ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող նման վտանգները, և կարելի է ակնկալել, որ կդիմի արմատական հակաքայլերի, ներառյալ ուժի կիրառման և Աբխազիայի անկախության ճանաչման հռչակագրի հետկանչման։ Հատկանշական է, որ Թուրքիան, որն աբխազական հասարակությանը հրահրում է արմատապես հեռանալ ՌԴ-ից, մինչ օրս չի ճանաչել Աբխազիայի անկախությունը՝ չնայած 2008 թվականից ի վեր այն կատարելու իր խոստումներին։ Այս համատեքստում միանգամայն տրամաբանական է թվում փորձագետների կարծիքը, որոնք պնդում են, որ Անկարան ցանկանում է հասնել Աբխազիայի պաշտոնական վերաինտեգրմանը Վրաստանին՝ տարածաշրջանը «երկրորդ Աջարիայի» վերածելու մտադրությամբ, որը փաստացի գտնվում է Թուրքիայի հովանավորության ներքո։
Այսպես թե այնպես՝ Աբխազիայի շուրջ հետագա զարգացումների մասին կարելի է դատել քվեարկության երկրորդ փուլից հետո։ Պաշտոնական Մոսկվան դեռ զուսպ է իր հռետորաբանության մեջ և աբխազական իրադարձությունները չի դիտարկում ռուս-թուրքական գլոբալ առճակատման հարացույցում։ Ռուսաստանը դեռ սպասում է։ Իսկ Աբխազիայի վերջին իրադարձություններին նրա միակ արձագանքը ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի կարգադրությունն էր՝ կազմակերպել Աբխազիայում «Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների նկատմամբ սպառնալիքների և դրանց ոտնահարման փաստի դատավարական հետաքննություն»(8)։ Խոսքը վերաբերում է աբխազահայերին, որոնց ճնշող մեծամասնությունը, ինչպես և աբխազները, ունեն ռուսական անձնագրեր և քաղաքացիություն։
(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 24.02.2025 թ.:
(2) «Աբխազիայի ԿԸՀ-ն նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակել է մարտի 1-ին»: Известия (ռուս.), 18.02.2025, https://iz.ru/1841273/2025-02-18/tcik-abkhazii-naznachil-vtoroi-tur-vyborov-prezidenta-na-1-marta/ (բեռնման օրը՝ 23.02.2025):
(3) «Հայերի նկատմամբ սպառնալիքներ և անվտանգության աշխատակիցների պաշտոնանկություն. ի՞նչ է կատարվում Աբխազիայում ընտրությունների առաջին փուլից հետո», Sputnik Armenia (ռուս.), 18.02.2025, https://am.sputniknews.ru/20250218/ugrozy-v-adres-armyan-i-uvolnenie-silovikov-chto-proiskhodit-v-abkhazii-posle-i-tura-vyborov-85923881.html (բեռնման օրը՝ 23.02.2025):
(4) «ԶԼՄ․ Գագրայի շրջանի վարչակազմի ղեկավարը հարձակում է կազմակերպել Ադգուր Արձինբայի աջակցի վրա»: Эхо Кавказа, (ռուս.), 16.02.2025, https://www.ekhokavkaza.com/a/glava-administratsii-gagrskogo-rayona-organizoval-napadenie-na-storonnika-adgura-ardzinba/33316804.html/ (բեռնման օրը՝ 23.02.2025):
(5) «Բահչելիի նամակը Ֆիդանին. «Աբխազիայի հայ համայնքի ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա և Հայոց ցեղասպանության հարցի օգտագործումը խոչընդոտում են Անկարայի նախաձեռնություններին աջակցմանը»: Առավոտ, 27.01.2025, https://ru.aravot.am/2025/01/27/445976/ (բեռնման օրը՝ 24.02.2025):
(6) «Ռուսաստանի հետ, բայց առանց. ինչպե՞ս կավարտվի քաղաքական ճգնաժամն Աբխազիայում»: Carnegie Endowment, 21.11.2024, https://carnegieendowment.org/russia-eurasia/politika/2024/11/russia-abkhazia-relationships-future?lang=ru/ (բեռնման օրը՝ 24.02.2025):
(7) «Ռուսաստանն ու Աբխազիան ստորագրեցին փոխշահավետ ներդրումային համաձայնագիր»։ Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարություն (ռուս.), 30.10.2024, https://www.economy.gov.ru/material/news/rossiyaiabhaziyapodpisalivzaimovygodnoeinvesticionnoesoglashenie.html (բեռնման օրը՝ 24.02.2025):
(8) «Բաստրիկինը հանձնարարել է հետաքննել Աբխազիայում ռուսաստանցիների իրավունքների խախտման փաստը»: Ведомости (ռուս.), 17.02.2025, https://www.vedomosti.ru/society/articles/2025/02/17/1092728-bastrikin-proverku-abhazii/ (բեռնման օրը՝ 24.02.2025):