Մեկնաբանություններ

Մակրոնի Ֆրանսիան՝ գոլիզմի վեկտորով

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 15.04.2024 թ.

2023 թ. վերջից ուկրաինական հակամարտության նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականությունը զգալիորեն ակտիվացել է։ Զուգահեռաբար աշխուժացել է Փարիզի դիվանագիտությունը հարավկովկասյան տարածաշրջանային ուղղությամբ: Ընդ որում, երկու դեպքում էլ նկատելի էր նշված տարածաշրջանների խնդիրների նկատմամբ Փարիզի հրաժարումը Հինգերորդ Հանրապետության նախկին մոտեցումներից։

Եթե դեռևս 2023 թ. հունվարին նախագահ Է. Մակրոնը արևմտյան սակավաթիվ այն առաջնորդներից էր, ով պնդում էր Մոսկվայի հետ երկխոսության և նրա շահերը ուկրաինական հարցի համատեքստում հաշվի առնելու անհրաժեշտության մասին, ապա ներկայումս Փարիզի ուղեգիծը  կտրականապես հակասում է իր նախկին դիրքորոշմանը։ Մակրոնը փաստացի դարձավ Արևմտյան կոալիցիայի առաջին առաջնորդը, ով բացահայտ հայտարարեց, որ իր երկիրը պատրաստ է ուղղակիորեն մասնակցելու ուկրաինական պատերազմին։ Այս խոսքերը հաստատվում են ֆրանսիական ստորաբաժանումների՝ Ռումինիա և, գործնականում, հենց Ուկրաինա ինտենսիվ տեղափոխման մասին տվյալներով։ Այլ հարց է, թե որո՞նք են լինելու նրանց խնդիրները՝ պաշտպանել Օդեսայի նավահանգստային ենթակառուցվածքները, դիվերսիոն գործողություններ իրականացնել Մոլդովայում ռուսական խաղաղապահ զորակազմի դեմ, թե՞ կատարել արգելափակիչ ջոկատների գործառույթներ, ինչի մասին անընդհատ խոսում են ռուսական լրատվամիջոցները։ Անկախ իրենց նշանակությունից՝ Ուկրաինայում գտնվող ֆրանսիական զորքերը, պատերազմին ՆԱՏՕ-ի անդամ-երկրի ուղիղ և անմիջական միջամտության նախադեպ են ստեղծում։ Բացի այդ, այս փուլում հենց ՖՀ-ն է հետևողականորեն լոբբինգ անում եվրոպական կառույցներում Կիևին ռազմական և ֆինանսական օգնության մեծացման խոսույթի համար, որպեսզի անհրաժեշտ պայմաններ ստեղծի Զելենսկու հայտարարած «երկրորդ հակահարձակողական արշավի» համար:

Հարավկովկասյան ուղու վրա Փարիզի նախկին մոտեցումների բեկումն, առաջին հերթին, նկատելի է տարածաշրջանի երկրների հետ Հինգերորդ Հանրապետության հարաբերությունների անհամաչափության մեջ։ Եթե մինչև վերջերս Ֆրանսիան հետևում էր հարավկովկասյան սուբյեկտների հետ հավասարակշռված համագործակցության քաղաքականությանը, ապա այժմ՝ այդ մոտեցումը լուրջ փոխակերպման է ենթարկվում։ Օբյեկտիվ պատմական հանգամանքներից ելնելով՝ Ֆրանսիայի և Հայաստանի միջև առանձնահատուկ հարաբերությունները և Երևանի անդամակցությունը Ֆրանկոֆոնիայի ակումբին չխանգարեցին Փարիզին երեք տասնամյակ շարունակ լավ հարաբերություններ պահպանել ինչպես Վրաստանի, այնպես էլ՝ Ադրբեջանի հետ: Վերջինի պարագայում փոխգործակցության և սերտ կապերի հիմնական հարթակը տնտեսական ոլորտն էր և, հատկապես, ֆրանսիական խոշոր կապիտալի մասնակցությունը ԱդրՀ-ի էներգետիկական և էներգահումքային կոնսորցիումներում։ Ֆրանսիական Total էներգետիկ հսկայի զուտ մասնակցությունը ադրբեջանական նավթի և գազի հետախուզման, արդյունահանման և արտահանման նախագծերին ապահովել է փոխադարձ հավատարմության անհրաժեշտ պաշար, որը Բաքվի համար բավական է չեզոքացնելու «ռիսկերը» Փարիզի և Երևանի միջև կայուն ջերմացող հարաբերություններից:  Ադրբեջանն իր հերթին Ֆրանսիայում տնտեսական լոբբինգի միջոցով հաջողությամբ չեզոքացրեց ՖՀ-ի և ՀՀ-ի հարաբերությունները ավելի նշանակալի բանի փոխակերպվելու վտանգները, քան պարզապես մշակութային-պատմական մտերմությունը և հասարակությունների ու ժողովուրդների փոխադարձ համակրանքն էին: Բացի այդ, եվրոպական կառույցների և, առհասարակ, Արևմուտքի միջոցով Փարիզի վրա այս համատեքստում ազդելու համար Բաքուն ակտիվորեն կիրառեց լայն գործիքակազմ՝ բավականին սթափ գնահատելով Ֆրանսիայի կարողությունների սահմանափակ լինելը՝ խաթարելու Հարավային Կովկասի խնդիրների վերաբերյալ ԱՄՆ-ի և Բրյուսելի ընդհանուր ռազմավարությունը։

Եվ, այնուամենայնիվ, այս պահին որոշակի առումով այս խաթարումը արդեն իսկ նկատվում է։ Այլ հարց է, թե Փարիզը որքանո՞վ է Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների անհավասարակշռության հարցում առաջնորդվում սեփական նախաձեռնությամբ և, արդյո՞ք, Հայաստանի հետ ռազմաքաղաքական արմատական մերձեցման փորձը ՆԱՏՕ-ում գերիշխող անգլո-սաքսոնների՝ ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս մղելու խաղի միայն մի դրվագ չէ: Ի վերջո, նույնիսկ աշխարհաքաղաքական գործընթացների այսպիսի հաշվարկված տրամաբանությունը՝ Փարիզը պետք է պատրաստ լինի նրան, որ կփչացնի հարաբերությունները թե՛ Բաքվի, թե՛ Անկարայի հետ։ Դժվար թե ֆրանսիական իշխանությունները սա չհասկանան։ Եվ, այնուամենայնիվ, Ֆրանսիան պատրաստ է խաղալ իր ստանձնած դերը։ Սա կարող է նշանակել, որ Մակրոնի և նրա կառավարության ակնկալիքները Հայաստանին աջակցելու քաղաքականությունից ավելի էական են, քան Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում քաղաքական և դիվանագիտական ճգնաժամի նոր ալիքի վնասները։

Ներկայումս այս ճգնաժամի նշաններն արդեն դրսևորվում են կողմերի ագրեսիվ հռետորաբանությամբ, դիվանագիտական սկանդալներում՝ դեսպանատների աշխատակիցների երկուստեք արտաքսմամբ և «լրտեսական պատմություններով»։ Միևնույն ժամանակ, իրադարձությունները վկայում են այն մասին, որ բիզնես շահերի մեծ կարևորությամբ պայմանավորված՝ Փարիզի և Բաքվի միջև հարաբերություններում լարման մոտալուտ թուլացման մասին որոշ վերլուծաբանների կանխատեսումները կարող են չիրականանալ։

Բազմաթիվ գործոնների պատճառով Հարավային Կովկասի քաղաքականության նպատակների շարքում Ապշերոնի վրա Փարիզի տնտեսական շահերի գերակայության մասին կարծրատիպը օբյեկտիվորեն չափազանցված է, ինչպես ի դեպ, գերագնահատված է ԱդրՀ-ի՝ ֆրանսիական ընկերությունների համար գլոբալ խնդիրներ ստեղծելու հնարավորությունները։ Total նավթագազային հսկայի և Ֆրանսիայում դրա հետ կապեր ունեցող ֆինանսական ու քաղաքական խմբերի մասնավոր շահերը, անշուշտ, մեծ ազդեցություն ունեն պաշտոնական Փարիզի քաղաքականության վրա։ Այնուամենայնիվ, Հինգերորդ Հանրապետության արտաքին քաղաքականության դոկտրինի համատեքստում Total-ի նշանակությունն ու գործառույթները չեն կարող առավել լինել, օրինակ, նախկինում Արևմտյան Աֆրիկայում ֆրանսիական կապիտալի շահերը ներկայացնող տխրահռչակ ֆրանսիական Elf նավթային ընկերության դերից: Այս ընկերությունը եղել է Փարիզի շահերի առաջ մղողը Սահելի երկրներում և ֆրանսիական հետախուզության հետ համատեղ քայլեր է ձեռնարկել Հինգերորդ Հանրապետության ազդեցությունը տեղական քաղաքական ռեժիմների վրա տարածելու ուղղությամբ։ Հետագայում Elf-ը մերկացվեց ոչ միայն Աֆրիկայում սեփական անկախ քաղաքականությունը վարելու, այլև՝ կաշառակերության, կոռուպցիոն գործարքների և նախընտրական արշավների անօրինական ֆինանսավորման միջոցով Փարիզի քաղաքական իշխանությունների նկատմամբ վերահսկողություն հաստատելու փորձի համար: Երկու տասնամյակ բուռն գործունեությունից հետո Elf-ի ղեկավար կազմի ավելի քան 40 անդամներ ձերբակալվեցին և դատապարտվեցին երկարաժամկետ ազատազրկման։ Ընկերությունը լուծարվել է, իսկ ակտիվները միավորվել են Total Fina ընկերության հետ, որը 2003 թ. վերանվանվել է Total: Այս վերափոխման արդյունքում Ֆրանսիան բազմիցս խստացրել է Total-ի և այլ անդրազգային հսկաների նկատմամբ պետական վերահսկողության մեխանիզմները՝ նրանց անձնական շահերը լիովին կախվածության մեջ դնելով երկրի քաղաքական տեսլականից և նվազագույնի հասցնելով Փարիզի գլխավոր ուղեգծից տարբերվող լոբբիստական տեսակետները։

Եվ այս հարթությունում նախագահ Մակրոնի՝ ռազմաքաղաքական հովանավորչության հեռանկարով Հայաստան «ներթափանցելու» քաղաքականությունը ստանում է վստահ քայլերի բնույթ՝ ազատ մնալով ԱդրՀ-ի տնտեսական շանտաժի և սեփական շահագրգիռ ընկերությունների ճնշման տակ ընկնելու վախից: Մյուս կողմից, հաշվի առնելով քաղաքական և դիվանագիտական հարթությունում Փարիզի և Բաքվի միջև առկա լարվածությունը, կարելի է ենթադրել, որ նման վնասներն ընդունելի են Ֆրանսիայի համար և, առնվազն այս տեսքով դրանք չեն կարողանա հետ պահել Հինգերորդ Հանրապետությանը ՀՀ-ի հետ կապված որոշ նոր ծրագրեր իրականացնելուց։

Այսպիսով, ակնհայտ է Փարիզի սկզբունքային ակտիվացումը նշված երկու ոլորտներում, ինչպես նաև՝ գործնականում համաժամանակյա այդ աշխարհաքաղաքական ձեռնարկումների փոխկապվածությունը։ Նրանց նպատակները հասկանալու համար պետք է դիմենք Ֆրանսիայի համար մեկ այլ կարևոր աշխարհաքաղաքական իրադարձության, որի պատմական նշանակությունը մնաց Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի ներկայիս իրադարձությունների ստվերում։

Խոսքը, այսպես կոչված, «Francafrik» նախագծի վերջնական և անդառնալի լուծարման մասին է, որի վերջին արարը ֆրանսիական զորախմբի դուրսբերումն էր Նիգերից 2023 թ. աշնանը՝ այնտեղ տեղի ունեցած հեղաշրջման արդյունքում։ Նույնիսկ մինչ այդ, 4 տարիների ընթացքում 7 ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել Ֆրանսիայի Հանրապետության ժառանգությունը համարվող Սահելի շրջանում և Արևմտյան Աֆրիկայում ՝ տապալելով Փարիզի հետ սերտ համագործակցող վարչակարգերը: Այսպիսով, Աֆրիկայում Ֆրանսիայի հետգաղութային հովանավորության մնացորդները, որոնց ճարտարապետությունը դրվել էր անցյալ դարի 60-ական թվականներին Դը Գոլի խորհրդական, հանրապետության «գորշ կարդինալ» Ժակ Ֆոկարտի կողմից, վերջնականապես հեռացվեցին Փարիզի աշխարհաքաղաքական օրակարգից:

Ընդհանուր առմամբ, Ֆրանսիան երկար ժամանակ էր գնում նման հանգուցալուծման։ Եվ նման ելքի պատճառները հենց ֆրանսիական նեոգաղութատիրության գաղափարի՝ որպես «նախկին կայսրության ծայրամասերը կործանումից փրկելու համար անհրաժեշտ մարդասիրական հայեցակարգի» արժեզրկումն է: Ինչպես նաև ֆրանսիական հասարակության անտարբերությունը, որը չի ցանկանում աֆրիկյան հովանավորությունը դիտարկել ֆրանսիական ազգի մեծապետական ժառանգության համատեքստում։ Մյուս կողմից, անխուսափելի էր դարձել Սահելի և ամբողջությամբ Արևմտյան Աֆրիկայի կորուստը՝ հաշվի առնելով Փարիզի կողմից «ֆրանկո-աֆրիկյան» ռեժիմներին և բյուրոկրատիաներին «սնուցելու» և սատարելու կարծրացած մեթոդները, ինչպես նաև վերջին տասնամյակում Պեկինի կողմից Աֆրիկա «խուժող» չինական կապիտալի հարձակումը զսպելու անկարողությունը:

«Ֆրանսիական Աֆրիկան» չինացիներին, բրիտանացիներին և ռուսներին հանձնելու մեջ Մակրոնի մեղավորության մասին խոսույթն այժմ շատ է տարածված Հինգերորդ Հանրապետության քաղաքական կյանքում, հատկապես՝ աջ արմատականների շրջանում: Մինչդեռ, կարծես, ՖՀ ներկայիս ղեկավարի մեղքը միայն այն է, որ հենց նրա նախագահության օրոք տեղի ունեցավ սև մայրցամաքում ֆրանսիական ազդեցության ապաակտիվացման անդառնալի գործընթացի ավարտը։ Փարիզի հեղինակության արժեզրկման գործընթացը Սահելում ուժային միջամտությամբ կասեցնելու փորձ կատարած Ն. Սարկոզիի և Ֆ. Օլանդի աֆրիկյան քաղաքականությունն իրականում միայն արագացրեց Ֆոկարտի նեոգաղութային ճարտարապետության անխուսափելի փլուզումը, որի ավերակներով ո՛չ Մակրոնը, և ո՛չ էլ որևէ այլ առաջնորդ չէին կարողանա կառուցել թեկուզ «Francafrik»-ի հեռավոր նմանակը: Առաջինը` Սարկոզին, գլխավորեց այն կոալիցիան, որը կործանեց Քադաֆիի Լիբիան և ճանապարհ բացեց Փարիզի կողմից «թագադրված» Սահելի բռնատիրական վարչակարգերի դեմ պայքարի գաղափարի իսլամացման համար: Երկրորդը՝ Օլանդը, Կոտ դ’Իվուարում և Մալիում միջամտության գործողությունների միջոցով սրեց հակամարտությունը Սահելի սևամորթ բնակիչների և արաբալեզու ցեղերի հատվածների միջև՝ արագացնելով ֆրանսիական Աֆրիկայի ինքնիշխան սուբյեկտների մասնատումն ու փաստացի փլուզումը:

Նման պայմաններում Մակրոնի կառավարությանը մնում էր միայն ընդունել Ֆրանսիայի անկարողությունը Սահելի հպատակների նկատմամբ երկարաժամկետ «խնամակալության» հարցում և կատարել Նիգերի խունտիստների վերջնագիրը՝ պահանջով, որ դադարեցնի իր ռազմական ներկայությունը այդ երկրում։

Այսպիսով, աֆրիկյան ձախողումն ամբողջությամբ ընկավ Մակրոնի ուսերին, բայց, մեծ հաշվով, նրա քաղաքական հեղինակությունը փրկեց այն փաստը, որ հիմնականում Եվրոպան ավիրած ուկրաինական պատերազմի շնորհիվ ֆրանսիական հասարակությունը դարձավ ավելի անտարբեր երկրի արտաքին գործունեության նկատմամբ: Ֆրանսիական Աֆրիկայի կորուստը, իհարկե, ծանր հարված է Փարիզի համար, որը ոչ միայն կորցրեց էժան պաշարների բազա և 300 միլիոնանոց շուկա, այլ նաև հարմար հարթակ՝ «զորանոցների պահպանման» և սեփական ռազմական կազմավորումների փորձարկման համար, որոնք կոչված են գործի դրվելու նրա անմիջական սահմաններից դուրս՝ հանուն Հանրապետության շահերի։ «Ֆրանսիական օտարերկրյա լեգեոնը» համաշխարհային պրակտիկայում ԶՈՒ-ի եզակի ձևաչափ է, որն իր ստեղծման օրվանից՝ 1831 թվականից ի վեր, Փարիզի համար հաջողությամբ առաջադրանքներ է իրականացրել՝ գաղութացնելով տարածքներ Աֆրիկայում, Հյուսիսային Ամերիկայում, Հարավարևելյան Ասիայում, Ֆրանսիայում, ֆրանս-պրուսական պատերազմների ժամանակ, ինչպես նաև՝ երկու համաշխարհային պատերազմների ընթացքում հսկայական դեր խաղացել Չորրորդ Հանրապետության համար, այժմ հայտնվել է «անիվների վրա գտնվող բանակի» կարգավիճակում։ Ավանդաբար, Լեգեոնը չի կարող երկարաժամկետ հիմքունքներով տեղակայվել Ֆրանսիայի անմիջական տարածքում: Դա չի թույլատրվում նաև՝ ելնելով դրա կազմաձևման և իրավական կարգավիճակի առանձնահատկություններից: Ինչ-որ բան պետք է անել խնդրո առարկա զորամիավորման հետ, և այդ խնդիրը Մակրոնի համար պակաս կարևոր չէ, քան Աֆրիկայում ֆրանսիական կապիտալի վերակազմավորման խնդիրը, Ֆրանսիայի արտաքին քաղաքականության դոկտրինի վերանայումը և երկրի իմիջը աշխարհում վերականգնելու քայլերի ծրագիրը։

Այս առումով հարկ է նշել, որ Փարիզի միջազգային հակառակորդների ծաղրական և, հաճախ, հեգնական արտահայտությունները՝ կապված «Սահելի խայտառակության» և դրա ֆոնին՝ Մակրոնի «նապոլեոնյան» հակումների հետ, մեղմ ասած, բոլորովին տեղին չեն։ Ֆրանսիացի առաջնորդի գործողությունները պայմանավորված են Հանրապետության «աֆրիկյան ժառանգությանը» վերաբերող գործերն ավարտին հասցնելու և գլոբալ աֆրիկյան ձախողման մեջ Ֆրանսիայի իմիջի, նյութական և քաղաքական կորուստների փոխհատուցման օպտիմալ լուծումներ փնտրելու անհրաժեշտությամբ: Այս առումով, խնդրահարույց տարածաշրջաններում Ֆրանսիայի ներգրավվածության ակտիվացումը կապված է ինչպես ներքին հավասարակշռության, այնպես էլ՝ արտաքին կոորդինատային համակարգում հավասարակշռության պահպանման անհրաժեշտության հետ, որտեղ Հինգերորդ Հանրապետությունը կանգնած է նոր գլոբալ աշխարհակարգի նախաշեմին իր նշանակալի ձայնը կորցնելու վտանգի առջև:

Մակրոնի «փափուկ» վարքագծի փոխակերպումը և նրա ռազմասիրության հանկարծակի պոռթկումը դժվար թե դիտարկվի ֆրանսիացի առաջնորդի անձնական հասարակ նկրտումների լույսի ներքո, ով հանկարծ Նապոլեոնի բարդույթով «հիվանդացավ»: Ամենայն հավանականությամբ, սա փորձ է՝ թելադրված մեծապետականության (ազգային) գաղափարը կորցնելու սպառնալիքով դիմելու գոլիզմի նման ինչ-որ երևույթի: Մի հայեցակարգային գծի, որում երկրի ինքնուրույն ընտրությունն ու ուղին ոչ մի կերպ և ոչ մի պարագայում կախվածության մեջ չեն դրվում աշխարհաքաղաքական իրադրությունից և ինչպես դաշնակիցների, այնպես էլ՝ թշնամիների ճնշումից: Առաջին հայացքից Մակրոնը և նրա հետևում կանգնած վերնախավերը դիմում են Ռուսաստանի նկատմամբ իրենց դիրքերի արմատականացմանը, բայց իրականում նման առավելապաշտական դիրքորոշման հիմնական նպատակը Փարիզի պահանջն է ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներից՝ ավելի լայն հարթակ ստեղծելու համար Ֆրանսիայի աշխարհաքաղաքական հավակնությունների իրականացման և որոշակի տարածաշրջաններում ամրակայման համար, որոնք պետք է փոխհատուցեն «աֆրիկյան կորուստը»: Իրոք, այս կորուստն իրականում հնարավոր դարձավ մեծապես Փարիզի ֆրանսիական հայրենակալվածք բրիտանական կապիտալի ավերիչ ներթափանցման շնորհիվ, ինչպես նաև թուլացնելով ԱՄՆ-ի աջակցությունը Փարիզին՝ չեզոքացնելու Չինաստանի ընդլայնվող ազդեցությունը Աֆրիկյան մայրցամաքում: Եվ, վերջապես, Վաշինգտոնի կողմից «իսլամական տակառի» հրկիզման արդյունքում, որի քաղաքականությանը համահունչ Սարկոզիի և Օլանդի կառավարությունները գործեցին կուրորեն։

Բոլորովին այլ հարց է, թե որքանով են Էմանուել Մակրոնի անձնական որակները և քաղաքական ռեսուրսները համապատասխանում իր դաշնակիցներին առաջադրված պահանջների բարձր նշաձողին։ Պարզ չէ, թե արդյո՞ք «Ֆրանսիական լեգեոնը» կկարողանա իրականում Փարիզին տրամադրել «ուկրաինական կարկանդակի» բավարար մասնաբաժինը, և արդյո՞ք կկարողանա ապագայում ամրապնդվել Հայաստանում, ինչպես կանխատեսում են շատ վերլուծաբաններ։ Ի վերջո, իրադարձությունների ընթացքը կախված է ոչ միայն Մակրոնի թիմից և անձամբ Ֆրանսիայի նախագահից, այլև մի շարք գլոբալ աշխարհաքաղաքական գործոններից։ Սակայն բանն այն է, որ Հինգերորդ Հանրապետությունն իր համար նոր աշխարհաքաղաքական խորշ է պահանջում։ Եվ նա հակված է դիտարկել աշխարհի ներկայիս խառնաշփոթ իրավիճակը ոչ միայն որպես կորուստների ժամանակ, ինչպես եղավ Սահելում, այլև՝ որպես հնարավորությունների պատուհան, որոնք նախքան դրա փակվելը, չպետք է ձեռքից բաց թողնել:

Արդեն հստակ նշմարվել են ֆրանսիական նոր տեսլականի ուրվագծերը, որոնք ուղղված են դրա ազդեցության ընդլայնմանը` Միջերկրական ծով–Սև ծով–Հարավային Կովկաս–Իրան–Հնդկաստան։ Հենց այս հսկայական աշխարհագրական տարածքում է Փարիզը տեսնում իր ինքնիշխան վեհապետական հավակնությունների, ռեսուրսների բազայի, վաճառքի շուկաների և ռազմական ներկայության իրականացումը: Սա ամենագրավիչ տարածքն է ֆրանսիական մեծապետական գաղափարի վերակենդանացման համար, նույնիսկ եթե այն դառնա գործիք Վաշինգտոն–Լոնդոն կապի քաղաքականության մեջ, և նույնիսկ եթե ֆրանսիացի լեգեոներները լանդսկնեխտի դեր կխաղան ազատական աշխարհակարգի գլոբալ անգլո-սաքսոնական դոկտրինի համար։ Դժվար թե սա խանգարի Փարիզին հայտարարել, որ առաջնորդվում է բացառապես սեփական շահերով և անկախությամբ, ինչպես Ֆրանսիային հորդորել է  ապրել Շառլ դը Գոլը: