Վատիկանի նոր քաղաքականությունը մարտահրավեր է Արևելա-քրիստոնեական համայնքների անվտանգությանը

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 16.01.2024 թ.

2023 թ. դեկտեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Վատիկանի դոկտրինալ բաժինը պատմության մեջ առաջին անգամ թույլ է տվել կաթոլիկ հոգևորականներին օրհնություն տալ միասեռական զույգերին (տրանսգենդերներ, ներառյալ նրանք, ովքեր ենթարկվել են հորմոնալ բուժման և սեռափոխությանվիրահատության), սակայն անել դա պատարագների կամ որևիցե այլ եկեղեցական ծեսերի շրջանակներից դուրս:

Դոկտրինալ բաժնի հրապարակած շրջաբերականում նշված է, որ «միասեռական զույգերի օրհնության թույլտվությունը չի նշանակում, թե նման փոխհարաբերությունները ողջունելի են ու օրինական՝ կաթոլիկ եկեղեցու աչքերում: Բայցև այդ քայլը կոչված է հաստատելու այն սկզբունքն, ըստ որի՝ Աստված ողջունում է բոլոր մարդկանց առանց խտրականության»:

Փաստաթուղթը, որ հաստատվել է Ֆրանցիսկոս պապի կողմից, ենթադրում է, որ այդուհետ քահանաները կարող են «օրհնել ոչ ստանդարտ իրավիճակներում գտնվող, և միասեռական զույգերին»:

Կարելի է ենթադրել, որ ժամանակակից արևմտյան ծայրահեղ լիբերալ բարքերի ճնշման ներքո Վատիկանի ընդունած այս որոշումը, որը փաստացիորեն հրաժարում է եկեղեցու անկյունաքարային դոկտրինալ դրույթներից մեկից, դեռևս  մեծ դժգոհություններ կառաջացնի կաթոլիկ հոտի առավել հավատարիմ և ավանդապաշտ հանրույթի շրջանակներում: Ինչպես նաև առաջ կբերի դժվարություններ՝ կապված էկումենիկ շարժման հետ, որի բարեհաջող ընթացքի համար Պապի գահը կարծես թե ջանք չի խնայում: Սակայն եթե Վատիկանին այնուհանդերձ հաջողի աստվածաբանական խրթին մեկնաբանությունների և դիալեկտիկական դատողությունների միջոցով հիմնավորել իր դիքորոշումը ու խուսափել հոտի երկպառակտությունից, ապա այս «վարդապետական ​​ճշգրտման» քաղաքական հետևանքները արդեն իսկ հղի են լուրջ մարտահրավերներով քրիստոնեական աշխարհի համար:

Մասնավորապես, կատարվածը չի կարող անդրադարձ չունենալ Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիայի քրիստոնեական համայնքների վրա՝ Պակիստանից մինչև Ինդոնեզիա: Իրավիճակն այս կրոնական խմբերի շուրջ, որոնք շրջապատված են իսլամական hանրությամբ, իսկ հաճախ, մահմեդական ծայրահեղական հոսանքներին և բուռն կրոնական այլատյացությանը տուրք տվող խմբավորումներով, առանց այդ էլ ծայրաստիճան լարված է: Իսկ նման միջավայրում գրեթե անհնար է ավանդական մահմեդականություն դավանողներին զերծ պահել կաթոլիկ եկեղեցու նոր վարդապետությունը քրիստոնեական մյուս բոլոր խմբերի հայացքների հետ նույնականացնելուց: Մահմեդական հավատացյալների լայն շրջանակների ընկալումներում Հռոմի պապը ամբողջ քրիստոնեական աշխարհի հոգևոր առաջնորդն է, և չկա ոչ մի էական տարբերություն կաթոլիկ  վարդապետության և ավանդական Արևելյան եկեղեցիների ուսմունքների միջև: Հետևաբար, իսլամական աշխարհի կողմից խիստ բացասաբար ընդունված նորությունը, թե՝ Վատիկանը փաստացի որոշել է ուրանալ Աբրահամական ուխտի գլխավոր պատգամներից մեկը՝ ամուսնության ընկալումը որպես բացառապես տղամարդու և կնոջ միջև հաստատված միություն, այսպես, թե այնպես, անդրադառնալու է Աֆրիկայի  և Արևելքի անխտիր բոլոր քրիստոնեական համայնքների վրա: Ուստի, բնական է, որ Հայ Առաքելական Եկեղեցին, ինչպես նաև՝ Մերձավոր Արևելքի Հայ  կաթողիկէ և բողոքական միաբանությունները, որոնց շուրջ դարեր շարունակ ձևավորվել են ազգային համայնքներ, կարող են այս կամ այն կերպ հետապնդումների ենթարկվել մահմեդական հասարակության ու, առավելևս, արմատական ծայրահեղական խմբավորումների կողմից: Մերձավոր Արևելքում ծավալված վերջին իրադարձությունների լույսի ներքո, որոնք նպաստեցին Սիրիայից, Իրաքից, Թուրքիայից և Լիբանանից հայ էթնո-դավանանքային համայնքների զգալի նվազմանը, նոր ճնշումները կարող են արդեն վերջնականապես հայաթափել երկրները:

Այս կապակցությամբ հարկ է հիշել Ֆրանցիսկոս պապի այցելությունները Մերձավոր Արևելք՝ 2014 թ. մայիսին և Հայաստան՝ 2016 թ. հունիսին, որոնք ըստ Վատիկանի Միջազգային բաժնի շրջաբերականների՝ իրականացվել են որպես ուխտագնացություն դեպի Սուրբ հող և քրիստոնեությունը պաշտոնապես ընդունած առաջին երկիր: Սակայն, համաձայն փորձագետների, Ֆրանցիսկոսին այդ այցելությունների համատեքստում առավել հետաքրքրել է, այսպես կոչված, «Արաբական գարնան» պայմաններում տարածաշրջանում կաթոլիկ եկեղեցու քաղաքական, գաղափարական և նյութական ռեսուրսների պահպանության հնարավորությունը: Սրա հետ մեկտեղ Ֆրանցիսկոսը գնահատում էր Արևելյան Եկեղեցիների հետ էկումենիկ միասնության պարտադրման հնարավորությունը՝ Պապական գահի հովանու ներքո, համարելով, որ դժվարին կացության մեջ հայտնված բոլոր այդ եկեղեցիները իրարից անջատ չեն կարող  հաղթահարել դժվարությունները:

Նման նպատակներ ուներ նաև նրա այցը Հայաստան, քանի որ Էջմիածնի Մայր Աթոռըզգալի ազդեցություն ունի ինչպես Արևելյան Եկեղեցիների միության, այնպես էլ՝ Մերձավոր Արևելքի երկրների քաղաքական շրջանակների վրա: ՀԱԵ-ի պես դաշնակիցը մեծապես կօգներ Պապական Աթոռին արդյունավետ էկումենիկ երկխոսություն ծավալել և ևս մեկ քայլ առաջ մղել Վատիկանի աշխարհաքաղաքական դոկտրինը Արևելքում:

Սակայն, ըստ որոշ տեղեկությունների, Էջմիածնում պաշտոնական արարողակարգից դուրս անդրկուլիսյան բանակցությունները այնքան էլ հարթ չեն ընթացել: Մասնավորաբար, Հայ Առաքելական Եկեղեցին կտրականապես մերժել է աջակցել եկեղեցական ամուսնության խնդրի շուրջ ընկալումները ազատականացնելու Վատիկանի նախաձեռնությանը, մի կողմից սկզբունքորեն բացառելով Քրիստոնեական ուխտը անկյունաքարային պատգամներից մեկի վերարժևորման ցանկացած հնարավորություն, իսկ մյուս կողմից՝ ակնարկելով Մերձավոր Արևելքի առանց այդ էլ պայթյունավտանգ իրավիճակը, որի  պայմաններում Պապի նախաձեռնությունը կարող է վերջնականապես խաթարել քրիստոնյա համայնքների անվտանգությունը:

Այսպիսով, Կաթոլիկ եկեղեցին միայնակ մնաց հիմնարար սկզբունքները ազատականացնելու նախաձեռնության մեջ, ինչը բազում այլ խնդիրների հետ կխանգարի շոշափելի հաջողության հասնել էկումենիկ գործընթացում իր հովանու ներքո: Վատիկանը գնաց այդ քայլին՝ չդիմանալով ազատական աշխարհի ճնշմանը, որ պահանջում է Եկեղեցու հիմնարար կերպափոխում, ընդհուպ մինչև քրիստոնեական կրոնի հիմնասյան՝ Աստծո խոսքի գրաքննություն ու խմբագրում:

Եվ, այնուհանդերձ, այդ նախաձեռնությունը մեծ խնդիր է հարուցում ոչ միայն Արևելքի կաթոլիկ համայնքների, այլև, առանց բացառության, բոլոր եկեղեցիների համար, լրացուցիչ պատճառ դառնալով տարածաշրջանում և իսլամական աշխարհում հակաքրիստոնեական տրամադրությունների խմորման համար: Եվ թե՛ արժեհամակարգային, թե՛ սոցիալական, և թե՛ քաղաքական տեսանկյունից այդ խիստ կասկածելի նախաձեռնության ժամանակն էլ ամենևին հաջող չէր ընտրված: Սակայն մյուս կողմից էլ՝ չկա ոչ մի հիմք պնդելու, թե՝ այդ անհաջող ընտրությունը հենց հիմա անելը միտումնավոր չէր: