Մեկնաբանություններ

Մերձավորարևելյան դիմակայության երկրորդ գործողությունը. պատերազմ հութիների հետ

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 19.12.2023 թ.

Գերմանիայի ռազմածովային ուժերը պետք է անմիջական ակտիվ մասնակցություն ունենան Կարմիր ծովում առևտրային հաղորդակցությունների պաշտպանությանը։

Բունդեսթագի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Մարի-Ագնես Ստրաք-Ցիմերմանը այս կոչով դիմել է Գերմանիայի իշխանություններին: Նրա խոսքերը մեջբերում է «DW Glavnoe» Telegram ալիքը 2023 թ. դեկտեմբերի 16-ին։

Պատգամավորն ասել է, որ Կարմիր ծովում առևտրային նավերի վրա հութի գրոհայինների հարձակումներից հետո Բեռլինը պարտավոր է միջազգային գործընկերների և դաշնակիցների հետ միասին ապահովել տարածաշրջանում քաղաքացիական նավերի անվտանգությունը։ «Տրամաբանական է, որ բոլոր նրանք, ովքեր կախված են Կարմիր ծովով իրենց ապրանքների փոխադրումից, մասնակցեն դրան. դա վերաբերում է նաև եվրոպական երկրներին։ Մենք պետք է վճռականորեն դիմակայենք ամեն կարգի ահաբեկիչներին»,– ասել է Ստրաք-Զիմերմանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «EADaily»-ն՝ աշխարհի ամենամեծ «Maersk Tankers» կոնտեյներային բեռնափոխադրողը, ինչպես նաև գերմանական «Hapag-Lloyd» նավագնացային ընկերությունը, արդեն դադարեցրել են փոխադրումները Կարմիր ծովով: Երկու ընկերությունների բեռնատար նավերը հարձակման են ենթարկվել հութիների կողմից, ովքեր հայտարարել էին, որ հարձակվելու են Իսրայել մեկնող նավերի վրա՝ ի պատասխան Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի ռազմական գործողության: Նաև «Maersk Tankers»-ը ծանուցում էր ուղարկել՝ հայտնելով, որ իր նավերը կարող են չմտնել Կարմիր ծով, այլ՝ շրջանցել Աֆրիկյան մայրցամաքը՝ հարձակումներից խուսափելու համար:

Իսկ արդեն դեկտեմբերի 17-ին «The War Zone» հրատարակությունը, վկայակոչելով Պենտագոնի անանուն պաշտոնյային, հաղորդում է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Մերձավոր Արևելյան իր շրջագայության ընթացքում կհայտարարի բազմազգ ուժերի ներգրավմամբ «Բարգավաճման պահապան» (Operation Prosperity Guardian) գործողության պլանների մասին, Կարմիր ծովում Եմենի հութիների սպառնալիքներին դիմակայելու համար: Աղբյուրը չի հստակեցրել, թե որ երկրները կմասնակցեն այդ գործողությանը, սակայն տեսականորեն մասնակիցների կազմը կարելի է որոշել Եմենի ափերի մոտ ՆԱՏՕ-ի դաշնակիցների նավերի՝ տվյալ պահին տեղակայման տվյալների հիման վրա։ Դրանք ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի USS Carney и USS Mason, բրիտանական թագավորական նավատորմի HMS Diamond կործանիչներն են, ինչպես նաև ֆրանսիական նավատորմի FS Languedok ֆրեգատը: Նաև, «Bild» հրատարակության դեկտեմբերի 16-ի հաղորդագրության համաձայն, Գերմանիան նույնպես պատրաստվում է հունվարին Կարմիր ծով ուղարկել իր F221 Hessen ֆրեգատը՝ դաշնակիցների հետ համատեղ գործողությունների համար։

Այսպիսով, ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ն հզոր ռազմածովային ուժեր է կուտակում Կարմիր ծովի հարավային մասում, որը ոչ միայն պարեկություն կիրականացնի Կարմիր ծովում և կապահովի ծովային երթևեկության անմիջական պաշտպանությունը հութիների օդային հարձակումներից, այլ նաև, ամենայն հավանականությամբ, կհարձակվի ցամաքում եմենցի ապստամբների հենակետերի և կրակակետերի վրա: Այս գործողությունը կցրի որոշ փորձագետների այն կանխատեսումները, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության նոր բռնկումը լայնածավալ պատերազմի չի վերածվի համեմատաբար փոքր աշխարհաքաղաքական դիրքից դուրս՝ Իսրայելի, Պաղեստինի, Լիբանանի և Սիրիայի տարածքում: Այնուամենայնիվ, այս կանխատեսումները արդեն իսկ անհիմն են, երբ Եմենի հութիները գործնականում պատերազմ են հայտարարել Իսրայելին ու նրա դաշնակիցներին և փորձում են իրենց սահմանափակ մարտական հնարավորությունների սահմաններում առավելագույն ռազմական և տնտեսական վնաս հասցնել նրանց:

Ի դեպ, այս առումով հութիներն այսօր այն միակ դաշնակից ուժն են, որը բացահայտ ռազմական աջակցություն է ցուցաբերում ՀԱՄԱՍ-ին։ Գազայում մարտերի առաջին իսկ օրերից հութի «Անսար Ալլահ» շարժումը սկսեց բալիստիկ հրթիռային հարձակումներ իրականացնել Թել-Ավիվի և Էյլաթի վրա, որոնց, սակայն, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարության, արձակվելուց անմիջապես հետո որսացել են Իսրայելի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ուժերը։ Այնուամենայնիվ, ի տարբերություն հրթիռային հարձակումներից, հութիները ավելի շատ հաջողում են Կարմիր ծովի ջրային տարածքներում, որտեղ նրանց հաջողվեց գրեթե ամբողջությամբ կաթվածահար անել միջազգային առևտրային լոգիստիկան: Հոկտեմբերից այս տարածքով անցնող բեռնատար նավերն ու տանկերները պարբերաբար ենթարկվում են հրթիռների և մարտական ԱԹՍ-ների հարձակման, ինչպես նաև «Անսար Ալլահ»-ի ռազմածովային ուժերի կողմից գրավման։ Նույնիսկ արևմտյան դաշնակիցների ռազմանավերը, որոնք ուղեկցում են առևտրային նավերը, կրակի են ենթարկվում, ինչը վկայում է հութիների վճռականության աստիճանի և սեփական ուժերի նկատմամբ նրանց վստահ լինելու մասին: Առևտրային նավերի վրա վերջին հարձակումն իրականացվել է դեկտեմբերի 16-ին, երբ ամերիկյան և բրիտանական կործանիչները Կարմիր ծովի հարավային մասում որսացել են 15, իսկ այլ աղբյուրների համաձայն՝ 14 «Անսար Ալլահ»-ի մարտական ԱԹՍ-ներ։

Թերևս սա էր Պենտագոնի համբերության սահմանը, որը հենց հաջորդ օրը կազմակերպեց տեղեկատվության արտահոսք «The War Zone» հրատարակության էջերում՝ «Operation Prosperity Guardian» ռազմական գործողության զարգացման մասին: Միացյալ Նահանգներն արդեն անհրաժեշտ է համարել բացահայտորեն հայտարարել «ամբարտավան» հութիների դեմ ծրագրված գործողությունների մասին, քանի որ, մի կողմից, նրանց վարքագիծը աղետալի վնաս է հասցնում Վաշինգտոնի և Բրյուսելի, որպես աշխարհում անվտանգության համակարգի գլխավոր դերակատարների, կերպարին։ Իսկ մյուս կողմից՝ չափազանց ուռճացնում է միջազգային բեռնափոխադրումների գները, ինչը մոտ ապագայում անխուսափելիորեն կազդի Արևմտյան բլոկի առանց այն էլ ճգնաժամային ֆինանսատնտեսական իրավիճակի վրա։

Այս գործոններից երկրորդն ակնհայտորեն գոյութենական նշանակություն ունի հատկապես եվրոպական երկրների և Եգիպտոսի համար։ Միջազգային առևտուրը Սուեզի ջրանցքով, որը Արևմուտք–Արևելք առանցքի երկայնքով միջազգային բեռնափոխադրումների հիմնական լոգիստիկ հատվածն է, ըստ էության, ամբողջովին կաթվածահար է եղել: Այն բառացիորեն սպանում է Եգիպտոսի տնտեսությունը, դրան զրկում արտարժույթի տուրքերից և շատ մոտ ապագայում աղետալի հետևանքներ կունենա նաև ԵՄ-ի համար, որը ներկայումս ստիպված է կազմակերպել ապրանքների ծովային փոխադրումներ՝ շրջանցելով Սուեզի զարկերակը։ Այնուամենայնիվ, Աֆրիկայի ափի երկայնքով Ասիայից Եվրոպա նոր ծովային լոգիստիկ երթուղու կառուցումը, ինչպես հայտարարել էր «Maersk Tankers» ընկերությունը շատ ծախսատար է և ենթադրում է բեռնափոխադրումների գների անխուսափելի բարձրացում, ինչպես նաև՝ երկարացնում է առաքման տևողությունը։

Այս նոր երթուղու այլընտրանքը տեսականորեն կարող է դառնալ Պարսից ծոցի ջրային տարածքը, որի նավահանգիստներով ասիական ապրանքները կարող են ավելի հեռուն հասնել ցամաքով դեպի Արևմուտք և, համապատասխանաբար, Եվրոպայից վերադառնալ դեպի Ասիա: Այնուամենայնիվ, խնդիրն այն է, որ այս տարածաշրջանում ցամաքային հաղորդակցությունները դեռևս գտնվում են համաձայնեցման, պլանավորման և շինարարության տարբեր փուլերում, մինչդեռ Ասիա–Եվրոպա առևտուրը խնդրի օպերատիվ լուծումների կարիք ունի:

Այս առումով, ինքնըստինքյան առաջ է գալիս այն վարկածը, որ հութիների գործողությունները հիմնականում կապված են ոչ թե պարզապես պաղեստինցիներին աջակցելու մտադրության, այլ՝ Իրանի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական ռազմավարության հետ «խաղալու» նպատակի հետ, որն ուղղված է հիմնական առևտրային ուղիները դեպի Պարսից ծոց փոխադրելուն։ Եթե Կարմիր ծովը որոշ ժամանակով վերածվի ծովահենության և ծովային մարտերի գոտու, իսկ Աֆրիկան շրջապատող երթուղին աննախադեպ բարձրացնի բեռնափոխադրումների գները, ապա այն պայմանով, որ ցամաքային հաղորդակցությունների կառուցումը Պարսից ծոցի նավահանգիստներից մինչև Սև ծովը Հարավային Կովկասով արագ ավարտվի, Թեհրանը կկարողանա ստանձնել վերը նշված առևտրային առանցքի ողջ նյութատեխնիկական ապահովումը։ Անվտանգությունն ու գներն իրենք կստիպեն անդրազգային առևտրին որպես առաջնահերթություն ընտրել իրանական տարբերակը։ Համենայն դեպս, Իրանի տեսանկյունից նման ռազմավարությունը հութիների «ներգրավմամբ» կարող է իրեն արդարացնել։

Հայաստանի շահերի լույսի ներքո, որը տարածաշրջանի իր գործընկերներին և հարևաններին առաջարկել է սեփական առևտրատնտեսական «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը՝ Մերձավոր Արևելքում գործընթացների զարգացման այս հիպոթետիկ տարբերակը որոշակի հնարավորություններ է պարունակում։ Հաշվի առնելով Պարսից ծոցից և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների հոսքերն ու հսկայական ծավալները, Երևանը կարող է ակնկալել շոշափելի ֆինանսական և քաղաքական շահաբաժիններ։ Ընդսմին, այս դեպքում հարավկովկասյան ենթաշրջանում օգուտները ոչ մեկին չեն շրջանցի։

Սակայն, մյուս կողմից, իրադարձությունները տարածաշրջանում կարող են զարգանալ բոլորովին այլ սցենարով։ Այսպես, օրինակ, ամերիկացիների կողմից ստեղծված հակահութի կոալիցիան կարող է շատ կարճ ժամանակում հաղթել «Անսար Ալլահ»-ին, ապաշրջափակել Կարմիր ծովի առևտրային երթուղին, հաստատել իր լիակատար վերահսկողությունը դրանում, բայց միևնույն ժամանակ, չսահմանափակվել հութիների նկատմամբ հաղթանակով և շարունակել իր «հաղթական երթը» Պարսից ծոցում։ Սա կարող է դառնալ կոլեկտիվ Արեւմուտքի մեծ պատերազմի սկիզբն Իրանի դեմ, ինչը, շատ փորձագետների կարծիքով, այլընտրանք չունի և միայն հարմար պահի է սպասում։ Այս դեպքում Հարավային Կովկասի երկրները, այդ թվում՝ Հայաստանը, ստիպված կլինեն համեմատաբար փոքր կորուստներով «աղետի գոտուց» դուրս գալու ուղիներ փնտրել։

Այսպես թե այնպես, հարկ է նշել, որ մերձավորարևելյան նոր պոտենցիալ պատերազմի աշխարհագրությունը սկսում է ընդլայնվել, և այդ պատերազմն ինքնին ավանդական ազգամիջյան և տարածքային հակամարտությունից կվերածվի ավելի բարդ և լայնամասշտաբ առճակատման՝ համաշխարհային դերակատարների և ուժերի հավակնությունների և շահերի միահյուսմամբ։