Ինչու՞ Շառլ Միշելը առաջիններից էր, ով շնորհավորեց Իլհամ Ալիևին

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 13.02.2024 թ.

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը առաջիններից էր, ով 2024 թ. փետրվարի 8-ին շնորհավորեց Իլհամ Ալիևին՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, թեև այդ ընտրությունների արդյունքները պաշտոնապես հայտնի կդառնան միայն փետրվարի 17-ին։

Միշելն անձամբ էր զանգահարել Ալիևին, որից հետո տեղեկացրել էր եվրոպական հանրությանն այդ մասին գրառմամբ «X» սոցցանցի իր էջում. «Շնորհավորել եմ Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ և փոխանցել իմ լավագույն մաղթանքները՝ կապված նոր մանդատի հետ։ Մենք քննարկել ենք նաև Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերություններն ու համագործակցությունը, ներառյալ էներգետիկ հատվածը»։

Նրան շնորհավորելու և այդ առիթով Եվրոպական խորհրդի կողմից ամենադրական ձևով Միշելի կողմից մամլո հաղորդագրություն տարածելու նման շտապողականությունը բազմաթիվ հարցեր առաջացրին հենց եվրոպական լրատվամիջոցներում և որոշ քաղաքական շրջանակներում: Վերջին տարիներին եվրոպական կառույցներում ալիևյան Ադրբեջանին արդեն հաջողվել է ավտորիտար ռեժիմով, անբարեխիղճ արտաքին քաղաքականությամբ և միջազգային տարբեր հարթակներում իր շահերի լոբբինգի բացահայտ կոռուպցիոն մեթոդներով ամրապնդել երկրի վարկանիշը։ Եվրոպայում վերջին ընտրությունների բառացիորեն նախօրեին մեկը մյուսին հաջորդեցին Բաքվի կողմից կաշառված գերմանացի պատգամավորների դատավճիռների, Ալիևի կողմից Ադրբեջանում նախագահական ընտրությունների մշտադիտարկմանը ԵԽԽՎ մոնիտորինգի խմբի մասնակցության ար-գելքի և Եվրոպական Խորհրդարանի կողմից առաջիկա նախագահական  ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու մերժման հետ կապված նոր աղմկալի դեպքեր։

Այս իրադրությունում Եվրամիության ամենահեղինակավոր կառույցներից մեկի ղեկավար Միշելի նախաձեռնությունն ստացավ բացարձակ քաղաքական անոմալիայի բնույթ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ պահին եվրոպական պետությունների ղեկավարներից և ոչ մեկը անհրաժեշտ չհամարեց շնորհավորել Ալիևին: Միշելը նախընտրեց լինել գլխավոր թյուրքական երկրներից Պակիստանի և, մեղմ ասած, «Եվրամիության քաղաքական համակրանքը չվայելող վարչակարգերի» ղեկավարների հետ նույն ցուցակում։

Ընդ որում, Շառլ Միշելն անձամբ լույս է սփռել իր քայլի դրդապատճառների վրա՝ «X» սոցցանցում իր գրառման մեջ նշելով «էներգետիկա» եզրույթը։ Ակնհայտ է, որ Ուկրաինայի և Արևմուտքի՝ Ռուսաստանի հետ առճակատման նոր փուլի հետևանքով ստեղծված գլոբալ աշխարհաքաղաքական իրավիճակում Եվրոպայի էներգետիկ անվտանգության խնդիրները նրա տնտեսության և անվտանգության համար գոյութենական բնույթ են ստացել, ինչի արդյունքում ազատական Միշելը ստիպված է, բառիս բուն իմաստով, քծնել ադրբեջանցի բռնապետին՝ վստահ լինելով, որ Ադրբեջանի կողմից Եվրոպային մատակարարվող գազի թեկուզ «փշրանքներն» իր համար մեծ նշանակություն ունեն։ Նույնիսկ, եթե իրականում այդ գազի հիմնական ծավալները ռուսաստանյան են։

Այնուամենայնիվ, Միշելի շտապողականությունն ունի ևս մեկ պատճառ: Մի շարք վերլուծաբաններ համարում են, որ խորքային դրդապատճառը Եվրոպական խորհրդի ղեկավարի մոտալուտ ընտրություններն են։ Փաստն այն է, որ Միշելը պատրաստվում է վերընտրվել այս պաշտոնում, և աշնանային ընտրություններում հաջողություն ապահովելու համար նա պետք է իր «ակտիվին» ավելացնի քաղաքական մեծ ձեռքբերումներ։ Խոսքն այս դեպքում հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի մասին է, որի ստորագրումը Շառլ Միշելը մինչ օրս տեսնում է իր «հովանու» ներքո և Բրյուսելում։ Փորձագետների կարծիքով՝ Եվրոպական խորհրդի նախագահն իր հապճեպ շնորհավորանքներով կորզել է Ալիևի համաձայնությունը՝ Բրյուսելում Փաշինյանի հետ բանակցությունները շարունակելու վերաբերյալ։ Եվրոպական խորհրդի մամուլի հաղորդագրությունում հաստատվել է հեռախոսազրույցի ընթացքում այս թեմայի շուրջ մտքերի փոխանակության առկայությունը, ինչպես նաև Ի. Ալիևի՝ Եվրոպա մեկնելու համաձայնությունը Ն. Փաշինյանի հետ հանդիպելու նպատակով։

Հաշվի առնելով այն բարձրաձայնող փորձագետների տեղեկացվածությունը՝ տարբերակը բավականին ճշմարտանման է։ Սակայն, միևնույն ժամանակ, չպետք է թերագնահատել վերը նկարագրված լոբբինգի մեթոդները, որոնց նկատմամբ ավանդաբար հակում ունեն Բաքվում, և, ցավոք, Եվրոպայի որոշ քաղաքական գործիչներ, ինչպես ցույց է տալիս իրականությունը, թուլություն ունեն դրանց հանդեպ: