Մեկնաբանություններ

Մանուշյանի վերահուղարկավորումը՝ ուղերձ ֆրանսիացի ժողովրդին

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 25.02.2024 թ.

2024 թ. փետրվարի 21-ին Փարիզում տեղի ունեցավ Ֆրանսիական դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի աճյունը վերահուղարկավորելու պետական պերճաշուք արարողություն Պանթեոնում, որտեղ հանգչում են Ֆրանսիայի մեծագույն գործիչների և զավակների՝ Հյուգոյի, Ժան-Ժակ Ռուսոյի, Մարիա և Պիեռ Կյուրիների, Վոլտերի, Էմիլ Զոլայի, Ալեքսանդր Դյումայի և այլոց աճյունները։ Արարողությունը զուգադիպեցվել էր Ֆրանսիայում ֆաշիստական զավթողական ուժերի կողմից գնդակահարված Մանուշյանի մահվան 80-րդ տարելիցին։

Այս կերպ, Ֆրանսիայի իշխանությունները և ֆրանսիացի ժողովուրդը բարձրագույն հարգանքի տուրք են մատուցում հերոսին՝ մեկ այլ ազգի ներկայացուցչին, ով իր կյանքն է դրել Ֆրանսիայի ազատության զոհասեղանին։ Հարկ է հատկապես նշել, որ Մանուշյանը պանթեոնում հուղարկավորվելու իրավունքին արժանացած միակն է, ով ազգությամբ ֆրանսիացի չէ։

Սա առանձնահատուկ վերաբերմունքի վկայությունն է ոչ միայն Մանուշյանի անձի, այլ նաև Ֆրանսիական դիմադրության մյուս հայ հերոսների, ինչպես նաև Ֆրանսիայի ամբողջ հայկական համայնքի նկատմամբ, որն օրգանապես միաձուլվել է այս երկրի կյանքին՝ կիսելով պատմության, դառնության ու հաղթանակի դրամաները և զգալի ներդրում ունենալով ֆրանսիական ազգի մեծության, նրա մշակույթի, գիտության և ռազմաքաղաքական հզորության կերտման գործում։

Մանուշյանի աճյունը Պանթեոնում վերահուղարկավորելու նախաձեռնության բարոյագաղափարական կողմն ակնհայտ է: Միևնույն ժամանակ, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ հանդիսավորությամբ աննախադեպ այս արարողությունը և ԶԼՄ-ներում դրա լուսաբանման լայնածավալ արշավը ենթադրում են նաև կոնկրետ քաղաքական ուղերձ ֆրանսիական հասարակությանը։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հաշվի առնելով աշխարհում վերջին միտումները և, մասնավորապես, Առաջավոր Ասիայի և Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ասպարեզում նոր կարողություններում տեղ գրավելու Ֆրանսիայի հավակնությունները, իշխանությունները պետք է ստանան ֆրանսիացի ազգի ըմբռնումն ու լայն աջակցությունը: Խոսքը հասարակության գիտակցության մեջ խորքային գաղափարաքաղաքական հիմքերի ձևավորման մասին է, ապավինելով որոնց Փարիզը կկարողանա ՀՀ-ում կյանքի կոչել իր տնտեսական, քաղաքական և ռազմական ներկայությունը մեծացնելու լայնածավալ ծրագիրը, ինչը, բնականաբար, ենթադրում է Ֆրանսիայի բյուջեի և ռազմավարական ռեսուրսների վրա ծանրաբեռնվածության որոշակի աճ։

Արդեն ունենալով հասարակության և ընդդիմության մի մասի կողմից Ուկրաինային աջակցելու արշավին Ֆրանսիայի «չափից դուրս» մասնակցության թյուրըմբռնման հիմնավոր փորձը, դիմադրության հիշատակին ֆրանսիացիների վերաբերմունքի միջոցով և հիշեցնելով նրանց պարտքի մասին «փոքր անհետացող ազգին», «որն իր վերջին զավակներին տվել է պայքարելու հանուն Ֆրանսիայի ազատագրման», Փարիզը ձգտում է ազգից մանդատ ստանալ՝ իր ծրագրերը Հարավային Կովկասում իրականացնելու համար։ Հայաստանը հեռավոր և անհասկանալի Ուկրաինա չէ, այլ մի երկիր, որին Ֆրանսիան պարտական է, և ֆրանսիացիները կարող են այդ պարտքը մարել՝ դրա կյանքին, անվտանգությանը և փրկությանը լայն մասնակցությամբ. սա, ակնհայտորեն, Ֆրանսիայի քաղաքական վերնախավի ուղերձն է հասարակությանը, ինչի կարևոր խորհրդանշական տարրերից մեկը դարձավ Դիմադրության շարժման հերոսի հանդիսավոր մեծարումը։ Փարիզի և Երևանի միջև ռազմաքաղաքական և այլ կապերի աննախադեպ ակտիվացումը միայն ամրապնդում է այս վարկածը։

Թվում է, թե ֆրանսիական հասարակությունը պատրաստվում է ընկալել հեռավոր Հայաստանի հետ դաշինքը, որն ապագայում ենթադրում է փոխգործակցության ամենալայն շրջանակ՝ սկսած ֆինանսներից մինչև ամենաանսպասելի քայլեր, օրինակ՝ Աֆրիկայից դուրս բերված «Ֆրանսիական լեգեոն»-ի նոր տեղակայումը։