Թուրքիան Շվեդիային «թույլ է տալիս» մտնել ՆԱՏՕ

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 27.02.2024 թ.

Ընթացակարգային տևական ձգձգումներից հետո Թուրքիան վերջապես համաձայնեց Շվեդիայի մուտքին ՆԱՏՕ՝ որպես Դաշինքի լիիրավ անդամ։ Ըստ Անադոլու գործակալության, 2024 թ. հունվարի 23-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (խորհրդարանը) կողմ է քվեարկել համապատասխան օրինագծին՝ 287 «կողմ», 55 «դեմ» ձայներով։ Փաստաթուղթը հաստատման կուղարկվի նախագահ Ռ. Էրդողանին։

Արդյունքում Հունգարիան մնում է Դաշինքի միակ անդամը, որը հավանություն չի տվել Շվեդիայի անդամակցությանը։ Թուրքիայի խորհրդարանի քվեարկության օրը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իր շվեդ գործընկեր Ուլֆ Քրիստերսոնին հրավիրել է այցելել Բուդապեշտ՝ բանակցելու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ։ Կարելի է ենթադրել, որ Հունգարիայի իշխանությունները փորձում են Շվեդիայից, ինչպես նաև Դաշինքի մյուս անդամներից ստանալ որոշակի արտոնություններ Թուրքիայի օրինակով, որն ակնհայտորեն արդեն համաձայնեցրել է գործարքի գինը Դաշինքի հետ և, ամենից առաջ՝ Միացյալ Նահանգների հետ։

Խոսքը ոչ միայն թուրքական F-16 կործանիչների համակազմի արդիականացման փաթեթի մասին է, որի վերջնական պայմանավորվածությունը, ըստ որոշ աղբյուրների, ձեռք է բերվել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ հունվարի 6-ին Ստամբուլ կատարած այցի ժամանակ։ Կարելի է ենթադրել, որ Անկարան ԱՄՆ-ից պահանջել է մի շարք այլ արտոնություններ, որոնք ուղղակիորեն չեն գտնվում Հյուսիսատլանտյան դաշինքի վերահսկողության տակ, այդ թվում՝ Թուրքիայի համար առավել բարենպաստ պայմաններով «հացահատիկի գործարքի» երկարաձգումը, արևմտյան ֆինանսական օգնությունը և Թուրքիայի դեմ բանկային պատժամիջոցների մեղմացումը՝ կապված ռուսական կապիտալով ֆինանսական գործարքների հետ, Վաշինգտոնի կողմից  ռազմաքաղաքական աջակցության սահմանափակումը «քրդական անջատողականությանը» և այլն։

Թեև հաստատապես հայտնի չէ, թե վերոնշյալ ուղիներով բանակցությունների արդյունքում Անկարան կոնկրետ ինչ շահեց, այնուամենայնիվ, ԹՀ խորհրդարանի որոշումն ամեն դեպքում ցույց է տալիս, որ Թուրքիայի ռեսուրսը, որը նրան թույլ էր տալիս դիմակայելու ԱՄՆ-ի ճնշմանը և խուսանավելու ՆԱՏՕ-ի ու ՌԴ շահերի միջև, արդեն իրեն սպառել է։ Պետք է նաև հաշվի առնել, որ Անկարան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին և հաշվի է առնում Կիևի համար ստեղծված անբարենպաստ իրողությունները։ Եթե ​​ՆԱՏՕ-ի բլոկում Շվեդիայի և այլ հարցերի շուրջ տարաձայնությունները շարունակվեն, ապա՝ հավանական է, որ մոտ ապագայում ռուսական բանակը կկարողանա Կիևից ետ գրավել Նիկոլաևի և Օդեսայի մարզերը՝ դրանով իսկ խախտելով ուժերի հավասարակշռությունը Սևծովյան ավազանի ռազմավարական տարածաշրջանում։ Բայց Թուրքիան հազիվ թե պատրաստ լինի հաշտվելու գործերի նման ընթացքին, ուստիև ՆԱՏՕ-ի միասնության օգտին նրա ընտրության դրդապատճառներն ակնհայտ են։