Մեկնաբանություններ

Թուրքիան խոսեց տրանսկասպյան գազատարի մասին

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 16.03.2024 թ.

10.03.2024-ին հայտնի դարձավ, որ Թուրքիան պատրաստվում է մեծ ծավալներով գազ գնել Թուրքմենստանից։ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ Անկարան դիտարկում է թուրքմենական գազի ներկրման երեք տարբերակ։ Առաջինը տեղափոխումն է Իրանի տարածքով, երկրորդը՝ սվոփ փոխանակումը Իրանի և Ադրբեջանի միջոցով, և երրորդը՝ գազամատակարարումը Կասպից ծովով անցնող խողովակաշարով։ Հենց այս տարբերակն էլ Բայրաքթարն անվանել է ամենաերկարաժամկետն ու կայունը։

Նախարարը նաև ընդգծել է, որ մոտ ապագայում Անկարան կգնի 2 մլրդ խորանարդ մետր թուրքմենական գազ։ Սա նշանակում է, որ նշված ծավալը իրանական խողովակաշարով կհասնի Թուրքիա կամ, ավելի ճիշտ, ամբողջը կտեղափոխվի Անկարա՝ տեխնիկական առումով ամենահարմար և հեշտ իրագործվող փոխանակման սխեմայով։

Սակայն հարցն այն է, որ այս պահին Թուրքիան իրականում Թուրքմենստանից գազի մատակարարման կարիք չունի։ Իրանական, լիբիական, ռուսական և ադրբեջանական գազի գնումներն ամբողջությամբ ծածկում են երկրի տնտեսական կարիքները և սոցիալական հատվածի պահանջները։ Բացի այդ, Թուրքիան արդեն մշակում է սեփական գազի հանքավայրերը, որոնց պաշարները փորձագետները գնահատում են 710 մլրդ խորանարդ մետր, ինչն, ըստ փորձագետների, բավարար կլինի 30 տարվա ընթացքում Թուրքիայի բոլոր կարիքները բավարարելու համար։ Եվ սա՝ «Լևիաթան» գազային հանքավայրից Միջերկրական ծովի Լևանտական ծոցից իսրայելական կապույտ վառելիքը դեպի Թուրքիա մղելու հեռանկարները չհաշված:

Հետևաբար, կարելի է ենթադրել, որ թուրքմենական գազը Թուրքիայի համար ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական իմաստի և անհրաժեշտության խնդիր է։ Անկարան, այդպիսով, պարզապես փնտրում է այս պահին Թուրքիայից քաղաքականապես և տնտեսապես ամենաանկախ միջինասիական թյուրքական մայրաքաղաք Աշխաբադը իրեն կապելու տարբերակներ: Ածխաջրածինները թուրքմենական տնտեսության ամենակարևոր հատվածն են, որի վրա, ըստ էության, հենվում է այս երկրում քաղաքական ռեժիմը։ Ընդ որում, ի տարբերություն Միջին Ասիայի այլ թյուրքական պետություններից, Թուրքմենստանը դեռևս առանձնապես չի հավանում համաթյուրքական միասնության գաղափարը, և, հետևաբար, Անկարան փորձում է մոտենալ Աշխաբադին հենց գազային գործընկերության ձևաչափով, որն ապագայում պետք է վերածվի ավելի նշանակալի և մասշտաբային ինչ-որ բանի։

Գործընթացը մեկնարկել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի բանակցություններով, որոնց արդյունքում ստորագրվել են «բնական գազի ոլորտում համագործակցության փաստաթղթեր»։ Այսպիսով, սառույցը շարժվել է, և այս պահին Անկարան ձգտում է նախադրյալներ ստեղծել Կասպից ծովի հատակով գազատար անցկացնելու համար։ Հենց դա է Թուրքիայի քաղաքական նպատակը, որն իր արևմտյան դաշնակիցների հավանությամբ և աջակցությամբ փորձում է «իրենով անել» Կասպից ծովով Միջին Ասիայից Եվրոպա էներգետիկ հաղորդակցության նախագիծը, որին, հայտնի հանգամանքների բերումով, տասնամյակներ շարունակ հակադրվում են ՌԴ-ն և ԻԻՀ-ն: Եթե Թուրքիային հաջողվի ստանալ այդպիսի ռազմավարական էներգետիկ ուղի, դա ոչ միայն կարդարացնի Ասիայից դեպի ԵՄ հիմնական էներգետիկ զարկերակները (գազային հանգույց) «հասցնելու» և աստղաբաշխական եկամուտներ ստանալու նրա ծրագրերը, այլ նաև՝ հիմք կստեղծի Միջին Ասիայում իր քաղաքական և տնտեսական ազդեցության ավելացման հարյուրամյա երազանքի՝ «Մեծ Թուրան»-ի իրականացման ծրագրի համատեքստում:

Անհնար է հաշվի չառնել նաև այն փաստը, որ Թուրքիան վերակենդանացնում է տրանսկասպյան գազատարի մասին խոսակցությունները հենց այն ժամանակ, երբ իր օրակարգ է խցկվում Ադրբեջանի հետ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման համատեղ ծրագիրը։ Եվ դա, հազիվ թե, պետք է ուղղակի պատահականություն համարել։ Խոսքն, ըստ էության, Թուրքիայի կողմից ցանկալի «կասպից–զանգեզուրյան» գազային երթուղու մասին է։