Մեկնաբանություններ

Սեփական կործանիչ ստեղծելը՝ Թուրքիայի համար արկածախնդրություն

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 05.03.2024 թ.

Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում ռազմականացումը մեծ թափ է հավաքում և, առաջին հերթին, այդ գործընթացը հայտնի պատճառներով «արագացնում» են Հունաստանն ու Թուրքիան։

Այն բանից հետո, երբ 2019 թ. Անկարան ՌԴ-ից գնեց С-400 «Триумф» ՀՕՊ համակարգերը, Վաշինգտոնը որոշում կայացրեց ՆԱՏՕ-ի դաշնակից բանակները «5-րդ սերնդի» F-35 Lightning II բազմանպատակային կործանիչներով զինելու ծրագրից հանել Թուրքիային:

Այս որոշումը լուրջ հարված հասցրեց Անկարայի ինքնագնահատականին և խափանեց նրա՝ մարտական ավիապարկը թարմացնելու ծրագրերը: Թուրքիայի համար իրավիճակը էլ ավելի էր բարդանում նրանով, որ Իսրայելն արդեն ձեռք էր բերել ամերիկյան նորույթը, իսկ Միջերկրական ծովում իր գլխավոր մրցակից Հունաստանը շուտով ստանալու է հասանելիք առաջին մեքենաները։ ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-35-ի ծրագիր կրկին վերադարձնելու լոբբինգի փորձերն, այնուամենայնիվ, ինչպես և համարժեք որակի ու արժողության արտադրանքի զուգահեռ որոնումները միջազգային շուկայում, ապարդյուն անցան: Մի շարք պատճառներով Թուրքիային չգոհացրեցին ոչ ռուսական ՍՈՒ-57-երը, ոչ էլ՝ դրանց չինական փոխարինողները, ինչի արդյունքում Անկարան աննախադեպ հավակնոտ որոշում կայացրեց՝ ստեղծել «5-րդ սերնդի» սեփական բազմաֆունկցիոնալ կործանիչ։ Այդ քայլը իշխանությունների կողմից հիմնավորվել էր նրանով, որ, իբր, գիտատեխնիկական առաջընթացի առումով Թուրքիան արդեն ինքնաբավ տերություն է, նման համալիր ծրագիր իրականացնելու համար ունի անհրաժեշտ ռազմաարդյունաբերական բազա, և որ պետության կողմից առկա ավիապարկը թարմացնելու համար հատկացված հսկայական միջոցները կմնան երկրում։

Գաղափարական տեսանկյունից նման հավակնոտ հայտ ներկայացնելը համահունչ է Էրդողանի՝ կառավարության գործունեության անխտիր բոլոր ոլորտներում պատվախնդիր քաղաքականությանը, և այդ առումով թուրքական «թռչող հրեշ» ստեղծելու ծրագրերը թերահավատորեն են ընկալվել միջազգային ռազմաարդյունաբերական շրջանակներում և ոլորտային փորձագետների շրջանում: Եվ ոչ առանց հիմքի, քանի որ դրա համար կան մի քանի օբյեկտիվ պատճառներ։

Դրանցից ամենակարևորը Թուրքիայի կողմից տեխնոլոգիական շղթայի ուժեղացումն է և «5-րդ սերնդի» մեքենայի ստեղծման հայտը՝ առանց նախորդ «սերունդների» ինքնուրույն մշակման համալիր փորձի։ Երկրորդ կարևոր պատճառը հայրենական արտադրության տուրբոռեակտիվ շարժիչների բացակայությունն է, որոնք ընդունակ կլինեն ապահովել մեքենայի թռիչքի համար պահանջվող պարամետրները: Երրորդը այն համաձուլվածքների և կոմպոզիտային նյութերի մշակման տեխնոլոգիական խնդիրներն են, որոնք ի վիճակի են դիմանալու բարձր արագությունների ծանրաբեռնվածությանը: Նշված և փակագծերից դուրս թողնված բոլոր խնդիրների առկայությունն անխուսափելիորեն Անկարային կախվածության մեջ կդնի արտաքին մատակարարումներից, ինչը ևս մեկ անգամ հուշում է, որ ստեղծվող «բեկումնային» կործանիչը միայն մեծ ցանկության դեպքում հնարավոր կլինի «թուրքական» անվանել։ Մեքենայի միակ բաղադրիչները, որոնք Թուրքիան կկարողանա ստեղծել ինքնուրույն և հարաբերական հաջողությամբ, էլեկտրոնային սարքավորումներն ու մարտական հանդերձավորումն են, որոնց ոլորտում թուրք մասնագետներն արդեն անօդաչու ավիացիայի մշակման փորձից բխող որոշակի հաջողություններ ունեն։

21.02.2024 թ. «5-րդ սերնդի» բազմաֆունկցիոնալ թուրքական կործանիչի «Kaan» անվանումով առաջին նախատիպը ցուցադրական թռիչք է իրականացրել՝ առանց սպառազինության, ցածր բարձրության վրա և փոքր արագությամբ։ Թուրք հասարակության կողմից լուրն ընդունվել է ոգևորությամբ, միջոցառումն էլ նշվել՝ մեծ շուքով։ Էրդողանն անձամբ լուսանկարվել է վայրէջք կատարած ինքնաթիռի խցիկում և հանդիսավոր խոսքով շնորհավորել բոլորին։ Մինչդեռ միջազգային փորձագետներն արդեն սկսել են հաշվարկներ անել, ըստ որոնց՝ Թուրքիան կկարողանա «Kaan»-ը դնել արտադրական հոսքի մեջ միայն 2030-ական թվականներին, և վերազինել իր ՌՕՈՒ-ն ամբողջությամբ միայն մի քանի տասնամյակ հետո, եթե, իհարկե, տեխնոլոգիական գործընթացը չձախողվի:

Այս առումով, Էրդողանի՝ սեփական ինքնաթիռ ստեղծելու նախաձեռնությունն ավելի շատ հիշեցնում է քաղաքական PR քայլ՝ դեռևս մշուշոտ հեռանկարներով հենց թուրքական ռազմաարդյունաբերական համալիրի համար: Մինչդեռ Հունաստանն արդեն մոտ է ավելի քան 8 մլրդ դոլարով 40 ամերիկյան F-35 Lightning գնելուն, և այդ մեքենաները, փորձագետների միաձայն կարծիքով, մոտ ապագայում կփոխեն ուժերի հարաբերակցությունը Էգեյան ծովի երկնքում։