Մեկնաբանություններ

Ո՞վ է կանգնած Բաքվին վարկաբեկող տեղեկույթի արտահոսքի ետևում

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 27.03.2024 թ.

Կիևի և Բաքվի մինչ այժմ սահուն ընթացող հարաբերություններում սկսեցին հայտնվել առաջին կնճիռները։

Եթե ​​դրանց առաջ գալու նախաձեռնությունը չի բխում Ուկրաինայի ղեկավարությունից, ինչպես դա կարող է թվալ առաջին հայացքից, ապա ակնհայտ է, որ Կիևին հովանավորող աշխարհաքաղաքական կենտրոններից որևիցե մեկին անհրաժեշտ էր կռվեցնել Ուկրաինային ու Ադրբեջանին, միգուցե, նաև տարանջատել՝  նրանց մղելով բարիկադների հակառակ կողմեր:

2024 թ. մարտի 24-ին ուկրաինական իշխանամետ ԶԼՄ-ների հրապարակումներից հայտնի դարձավ, որ Բաքուն փաստացի զենք ու զինամթերք է մատակարարել Ուկրաինայի ԶՈՒ-ին 2022 թ. փետրվարին Ուկրաինայում ՌԴ ԶՈւ-ի ռազմական գործողության մեկնարկից հետո։ Խոսքը Կիևի և Բաքվի միջև սպառազինությունների պայմանագրերի կատարման և դրանց վճարման հետ կապված ինչ-որ հայցերի վերաբերյալ դատական ​​փաստաթղթերի հրապարակման մասին է։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այստեսակ տեղեկատվությունը երկու պետությունների համար էլ ապրիորի առանձնահատուկ նշանակություն ունի և հրապարակման ենթակա չէ, իսկ դրա պատահական արտահոսքը բացառվում է, դա նշանակում է, որ խոսքը կանխամտածված «արտահոսքի» մասին է։

Փաստորեն, խոսք կարող է լինել Բաքվի վրա տեղեկատվական հարձակման մասին՝ նպատակ ունենալով վարկաբեկել Ալիևի՝ որպես «դաշնակցի» իմիջը թե՛ ուկրաինական, թե՛ ռուսական հանրության, ինչպես նաև այս երկրներում նրան նկատմամբ լոյալ քաղաքական խմբերի աչքում։ Տվյալների արտահոսքը ցույց է տալիս որոշ ուժերի մտադրությունները՝ տապալելու Ալիևի ռեժիմի՝ Ուկրաինային և Ռուսաստանին զուգահեռաբար, բազմակողմանի ցուցաբերվող աջակցության խաղը, ինչն ուղղված է ԱդրՀ-ի համար հաղթական դիրքեր նվաճելուն՝ անկախ ուկրաինական պատերազմի ելքից և դրանից բխող աշխարհաքաղաքական դասավորումներից:

Ըստ որոշ դիտարկումների՝ վերոնշյալ տեղեկատվական-քարոզչական կոմբինացիայի ետևում կարող է կանգնած լինել Ֆրանսիան, որի իշխանությունները, իբր խնդրել են Կիևի իրենց գործընկերներին Բաքվից առանձնանալու քայլեր ձեռնարկել։ Այս տարբերակը կարող է վստահելի լինելու իրավունք ունենալ՝ հաշվի առնելով, առաջին հերթին, Փարիզի աճող ազդեցությունը Կիևի վրա՝ ֆրանսիական ստորաբաժանումներն Օդեսա տեղափոխելու և Փարիզի կողմից Ուկրաինային հատկացվող ռազմատեխնիկական և ֆինանսական օգնության ծավալներն ավելացնելու մասին տեղեկությունների ֆոնին: Եվ երկրորդ, ֆրանս-ադրբեջանական հայտնի քաղաքական և դիվանագիտական ​​սկանդալներից հետո հենց Մակրոնն ունի լիարժեք դրդապատճառ Ալիևի վարչակարգը վարկաբեկելու և Բաքվի ցուցաբերած «հավասարակշռված քաղաքականութունը» ժխտելու աշխարհի համար դյուրազգայուն ուկրաինական հարցում: Ուստի, Ադրբեջանի վրա ֆրանսիական ճնշման մեծացման դիտարկվող գործընթացի համատեքստում Ռուսաստանից Բաքվին «կտրելու» միջոցառումները միանգամայն տրամաբանական և սպասելի են։