Մեկնաբանություններ

Բայդենը պատրաստվո՞ւմ է մեծ պատերազմի

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 02.02.2024թ.

2024 թ. հունվարի 28-ին Սիրիա-Հորդանան սահմանին գտնվող ամերիկյան բազայի վրա անհայտ ԱԹՍ-ի հարձակումից հետո միջազգային հանրությունը քարացել է՝ անհանգստությամբ սպասելով ԱՄՆ-ի պատասխան քայլերին, որոնք կարող են Իրանի դեմ համապարփակ պատերազմի խթան դառնալ: Պաշտոնական Վաշինգտոնը, առանց վարանելու, անմիջապես մեղադրեց Թեհրանին՝ իր կամակատարների միջոցով այս հարձակումը կազմակերպելու մեջ, և հայտարարեց պատասխանի անխուսափելիության մասին։

Վերջին մի քանի օրերի ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն արդեն մի քանի անգամ խոսել է Պենտագոնի առջև դրված «պատասխան գործողություն» մշակելու առաջադրանքի մասին։ Պետքարտուղար Է. Բլինկենը, իր հերթին, նույնպես հաստատել է Սպիտակ տան վճռականությունը՝ արձագանքելու «իրանական սադրանքին», սակայն ընդգծել է, որ ԱՄՆ-ի պատասխանը կարող է լինել «բազմաստիճան, տեղի ունենալ փուլերով և լինել տևական»։ ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ներկայացուցիչներն ավելի սակավախոս են, ինչը հասկանալի է։ Հունվարի 30-ին ամերիկյան հեղինակավոր Politico հանդեսը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ Պենտագոնը դիտարկում է Իրանի դեմ «պատասխան հարվածի» մի քանի տարբերակներ։ Խոսքը, մասնավորապես, Սիրիայում կամ Իրաքում իրանցի զինվորականների կուտակումների վրա հարձակման, կամ էլ՝ Պարսից ծոցի շրջանում կենտրոնացած իրանական նավատորմի վրա զանգվածային հարված հասցնելու մասին է։

Բոլոր դեպքերում, Թեհրանը, համոզվելով, որ Վաշինգտոնը չի հավատում իր հավաստիացումներին, թե՝ ինքը մասնակից չէ ամերիկյան բազայում տեղի ունեցած պայթյունին, անմիջապես իր զինված ուժերը բերել է մարտական բարձր պատրաստության վիճակի, իսկ ՀՕՊ-ի համակարգերը՝ առավելագույն մարտական պատրաստության:

Տագնապալի սպասման այս ֆոնին շատ ամերիկացի վերլուծաբաններ հակված են կարծելու, որ ամերիկյան բանակի լայնածավալ գործողությունը ձեռնտու չէ Ջ. Բայդենի և նրա թիմի համար՝ ԱՄՆ-ում ծավալվող դրամատիկ նախընտրական մրցավազքի և Դաշնության մայրաքաղաքի դեմ առանձին նահանգների դեմարշի լույսի ներքո՝ «Տեխասի ճգնաժամի» համատեքստում։ Ենթադրվում է, որ դա կարող է ամբողջությամբ ոչնչացնել հաջորդ քառամյա նախագահական ժամկետում իշխանությունը պահպանելու դեմոկրատների հնարավորությունները, քանի որ արդեն իսկ նյարդայնացած ամերիկյան հասարակությունը կարող է դժգոհությամբ պատասխանել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հերթական ռազմարշավին:

Ըստ վերլուծաբանների՝ Բայդենի թիմը քաջատեղյակ է, նաև կասկածում է, որ տեղի ունեցածը դավադրություն է ամերիկյան բազայի նկատմամբ՝ միտված երկիրը կանգնեցնելու երկընտրանքի առջև՝ կոշտ պատասխան տալ և առերեսվել ընտրողների դժգոհությանը, կամ էլ՝ ձևացնել, թե Մերձավոր Արևելքում ամերիկացի զինծառայողների մահը սովորական բան է, և հայտնվել «Կապիտոլիումի բազեների» և չարախնդող Դ. Թրամփի քննադատությունների տարափի տակ:

Սակայն, մյուս կողմից, Սպիտակ տան մի շարք գործողություններ հակասում են իրավիճակի վերը նշված գնահատականին և կարող են ցույց տալ հենց իշխող թիմի շահագրգռվածությունը Մերձավոր Արևելքում նոր պատերազմի մեջ։ Մասնավորապես, դրա մասին է վկայում Վաշինգտոնի անմիջական արձագանքը, որը Թեհրանին մեղադրում է ամերիկյան բազայի վրա հարձակվելու մեջ՝ առանց հետաքննության կամ հետախուզական տվյալների ուսումնասիրության։ Մինչդեռ, եթե նրանք չցանկանային հայտնվել «լարած ծուղակի» մեջ, ապա Բայդենը և նրա թիմը չէին շտապի մեղադրել Իրանին, այլ՝ ժամանակ կհատկացնեին միջադեպը հետաքննելու համար, այնուհետև՝ կսահմանափակվեին տեղական պատժիչ գործողություններով այն խմբերի դեմ, ովքեր իրականացրել էին հարձակումը:

Այս առումով արժե ուշադրություն դարձնել դիտորդների կողմից բաց թողնված մեկ կարևոր հանգամանքի վրա: Բանն այն է, որ միջադեպի պահից ի վեր Սպիտակ տունը և դրան մոտ կանգնած լրատվամիջոցները պնդում էին, որ հարձակման է ենթարկվել Հորդանանում ամերիկյան բազան, մինչդեռ, ըստ մերձավորարևելյան աղբյուրների, այդ թվում, հենց, Հորդանանի, խոսքը Սիրիայում՝ հորդանանյան սահմանին մոտ գտնվող Էտ-Թանֆ բազայի մասին էր, և այս վարկածն ավելի հավանական է թվում:

Առաջին հայացքից էական ոչինչ չկա տեղորոշման նման տարբերությունների մեջ: Սակայն իրականում խոսքը սկզբունքային տարբերության մասին է։ Միջազգային իրավունքի տեսանկյունից Միացյալ Նահանգներն իրավունք ունի թշնամիների նկատմամբ անհամաչափ պատասխանի դիմելու, եթե նրանք հարձակվեն ամերիկյան բազայի վրա, որն, այս դեպքում, տեղակայված է Հորդանանի տարածքում՝ Ամմանի հետ երկկողմ համաձայնագրերի հիման վրա, միջազգային իրավունքին լիովին համապատասխան: Սիրիայում ամերիկյան բազաները տեղակայված են ԱՄՆ-ի ներքին օրենքների, այլ ոչ թե միջազգային և, հատկապես, սիրիական օրենքների հիման վրա, և, հետևաբար, ռազմական գործողությունների լեգիտիմացումը՝ բազաները պաշտպանելու կամ ի պատասխան դրանց վրա հարձակման ի սկզբանե անհնար է:

Այսպիսով, հարձակման ենթարկված բազայի գտնվելու վայրի մասին տեղեկատվության խեղաթյուրումը կարող է ևս մեկ անգամ ցույց տալ, որ Բայդենի թիմի՝ Մերձավոր Արևելքում իրենց երկրի դեմ սանձազերծված մեծ պատերազմից խուսափելու ցանկության մասին վարկածը առնվազն հակասական է: Կարելի է նաև ենթադրել, որ հենց նման պատերազմում դեմոկրատները հնարավորություն են տեսնում՝ ա) շեղել ամերիկյան հասարակության ուշադրությունը «Տեխասի ճգնաժամից», որը սպառնում է երկրին վերջնական քաղաքական պառակտմամբ, և բ) Թրամփի վարկանիշերից խլել հայրենասեր ընտրազանգվածի ձայները: