Բաքուն խորացնում է ադրբեջանա–ֆրանսիական հակամարտությունը

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 16.01.2024 թ.

2024-ի հունվարի 9-ին «Ֆրանս-Պրես» գործակալությունը հրապարակել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևայի հայտարարությունն առ այն, որ հունվարի 4-ին Ադրբեջանում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանը: Աբդուլլաևայի խոսքերով՝ ավելի ուշ դատարանը կալանավորել է Ռայանին 4 ամսով՝ հետաքննություն իրականացնելու նպատակով:

Դեռևս 2023 թ. հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի առաջնորդ Ալիևը Եվրոպայի Խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ասել էր, որ, եթե Հարավային Կովկասում ծագեն ինչ-որ հակամարտություններ, ապա դրա մեղավորը Ֆրանսիան կլինի: Դրանից առաջ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան  Հաջիզադեն հայտարարել էր, թե իբր «Ֆրանսիան աջակցում է անջատողականությանը Ղարաբաղում»: Ավելի ուշ Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակից հայտարարվել են persona non grata` երկիրը 48 ժամվա ընթացքում լքելու հորդորով: Իր հերթին Ֆրանսիան պատասխանել է համաչափ գործողությամբ:

Հայ – ադրբեջանական հակամարտությամբ պայմանավորված՝ Փարիզի և Բաքվի միջև լարված հարաբերությունների ֆոնին դժվար թե կարելի է Ֆրանսիայի քաղաքացու ձերբակալությունը պատահականություն կամ զուտ իրավական միջոցառում համարել: Ենթադրվում է, որ Բաքուն այդ քայլով ձգտում է էլ ավելի բորբոքել լարվածությունը Փարիզի հետ հարաբերություններում  և հակամարտությանը միջազգային ռեզոնանս հաղորդել: Ըստ ամենայնի, այս ռազմավարությունը երկու  հիմնական նպատակ ունի: Նախևառաջ՝ դուրս մղել Ֆրանսիային հայ – ադրբեջանական բանակցային գործընթացի բոլոր ձևաչափերից՝ պատճառաբանելով, թե Փարիզի միջնորդությունը «անհնար» է ադրբեջանա–ֆրանսիական շփումների լարման պայմաններում: Երկրորդը՝ փորձել այդպիսով ճնշում գործադրել Ֆրանսիայի վրա՝ վերջինիս ստիպելով հրաժարվել Երևանին ռազմական օգնություն և քաղաքական հովանավորություն ապահովելու մտքից:

Պաշտոնական Փարիզը արդեն պատասխանել է ադրբեջանական սադրանքին Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության մակարդակով, որում մատնանշվում է ադրբեջանական կողմի գործողությունների անօրինակությունը և պահանջվում անհապաղ ազատ արձակել Ռայանին: Սակայն ակներև է, որ Ֆրանսիան ավելի ջանադրաբար կլծվի իր քաղաքացուն ազատելու գործընթացին այն բանից հետո միայն, երբ կհանդարտվեն Գաբրիել Ատտալին վարչապետ նշանակելու որոշման հետ պայմանավորված ներքաղաքական վեճերը: