Մեկնաբանություններ

Ադրբեջանը դժվարությունների շեմին է

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 11.02.2024թ.

Ինչպես հաղորդում է EADaily-ն՝ վկայակոչելով ադրբեջանական աղբյուրները, «Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի եկամուտները գահավիժել են»։

2024 թ. հունվարին SOFAZ-ի եկամուտները ադրբեջանական խոշորագույն նավթահանքերից՝ Ազերի–Չիրագ–Գյունեշլիից (ԱՉԳ) կազմել են $387.645.000, մինչդեռ անցյալ տարվա հունվարի վերջին ԱՉԳ-ից ստացված եկամուտները $625 մլն-ի էին հասել: Տարբերությունն ավելի քան ակնհայտ է:

Միջազգային փորձագետների կարծիքով, բոլոր հանքավայրերում արդյունահանման ծավալների առավելագույն կետը և նոր ցուցանիշները հստակ ցույց են տալիս, որ ամեն տարի ԱՉԳ-ից արտամղվող նավթի ծավալներն արագորեն նվազում են։ Եթե 2022 թ. այդ ծավալը կազմում էր 32,7 մլն տ, ապա 2023 թ. արդյունահանումը նվազել է մինչև 30,2 մլն տ։ ԱդրՀ էներգետիկայի նախարարության կանխատեսումների համաձայն՝ 2024 թ. այդ ցուցանիշը կնվազի մինչև 29,5 մլն տ, 2025 թ.՝ մինչև 28,3 մլն տ, 2026 թ.՝ մինչև 27,5 մլն տ, իսկ 2027 թ ՝ մինչև 26,9 մլն տ նավթ:

Նշված փաստացի և կանխատեսվող ցուցանիշները վկայում են Ադրբեջանում նավթի արդյունահանման կայուն անկման մասին, ինչն անխուսափելիորեն կազդի Ադրբեջանի նավթային հիմնադրամի եկամուտների, հետևաբար, նաև պետբյուջեի և երկրի տնտեսության մուտքերի վրա։ Դեռևս 1994 թ. Հեյդար Ալիևի կողմից միջազգային էներգետիկ խոշոր ձեռնարկությունների հետ կնքված, այսպես կոչված, «Դարի պայմանագրի» կատարման արշալույսին, ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու փորձագիտական շրջանակները հասարակությանը համոզեցին, որ նավթի և գազի հանքավայրերի զարգացումը թույլ կտա Ադրբեջանին՝ ի լրումն հզոր տնտեսություն կառուցելու, նավթային ֆոնդը վերածել պետության համար հուսալի ֆինանսական «անվտանգության բարձիկի», որն իր ակտիվներով համեմատելի է 1990 թ. ստեղծված Նորվեգիայի նավթային հիմնադրամի (Նորվեգիայի պետական կենսաթոշակային հիմնադրամի) հետ: Սակայն մինչ օրս նորվեգական հիմնադրամն արդեն կուտակել է $1 տրիլիոնի կապիտալ, մինչդեռ ադրբեջանական SOFAZ-ը կարողացել է հավաքել ընդամենը $40-50 մլրդ։ Նորվեգիայի բյուջեն գործնականում կապված չէ Նավթային հիմնադրամի հետ, և երկրի տնտեսությունը դինամիկ աճում է ինքնավար ռեժիմով՝ առանց Հիմնադրամից վարկ վերցնելու (բացառությամբ «Քովիդ»-ի ժամանակաշրջանի), մինչդեռ Ադրբեջանի տնտեսությունը և սոցիալական ոլորտը մշտապես «սայթաքում են», և հնարավոր չէ դրանք «ջրի երեսին» պահել՝ առանց SOFAZ-ից նավթային եկամուտների համակարգված մղման:

Անարդյունավետ տնտեսական կառավարումը, պետական համակարգում համատարած կոռուպցիան և կառավարման ավտորիտար-կլանային մոդելը նպաստեցին պետական բյուջեով Ադրբեջանի նավթային եկամուտների պարբերական, չարդարացված վատնման պրակտիկայի ձևավորմանը։ Այդպիսով, երկրի իշխանությունները բաց թողեցին նավթային հարստության «Ոսկե դարաշրջանը» և չկարողացան ազատել ԱդրՀ-ն «նավթային ասեղից» և կառուցել արդյունավետ տնտեսություն, որն ուղղակիորեն կախված չէր լինի ածխաջրածինների արտահանումից, դրանց ծավալներից և միջազգային գներից:

Միևնույն ժամանակ, Ալիևը քաջատեղյակ է առաջիկայում երկրի տնտեսությանը և, հետևաբար, իր վարչակարգի ապագային սպառնացող վտանգներին, ինչի մասին են վկայում վերջին երկու-երեք տարվա ընթացքում գրեթե զրոյական տնտեսական աճի ցուցանիշները։ Կարելի է ենթադրել, որ հենց դրա հետ է կապված Ալիևի վարչակարգի շտապողականությունը՝ երկրի տնտեսությունը հանածոների հատվածից լոգիստիկ և տարանցիկ ուղղության վերափոխելու, ինչպես նաև Ղարաբաղյան հիմնախնդրի արագ ուժային լուծման և նախագահական ընտրությունների պարտադրման հարցում։

Թերևս Ի. Ալիևը իր և իր երկրի համար դժվար ժամանակների է պատրաստվում, սակայն թաքցնում է գալիքը ադրբեջանական հասարակությունից։