Տեսակետ
Ղարաբաղյան հիմնախնդիրը՝ որպես ճեղքվածք ՌԴ և ԱՄՆ/Արևմուտք գաղափարաբանական հավատամքներում
Այսօր աշխարհը կրկին համընդհանուր ցնցումների շեմին է, ինչի մասին ազդարարում է այն իրավիճակը որում շրջապատված և շրջափակման մեջ գտնվող մի բուռ մարդիկ են, որոնք, հավատարիմ մնալով իրենց արժեքներին և ավանդույթներին, ցանկանում են, ինչպես հազարամյակներ ի վեր, ազատ ապրել իրենց հողում:
Նոր ստրելեցյան ապստամբություն
Այժմ Ռուսաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք գործող իշխանությունը որակեց՝ որպես ապստամբություն և սահմանադրական կարգը տապալելու անօրինական փորձ, մինչդեռ դրա դեմ դուրս եկած ուժերը խոսում էին «արդարության երթի» մասին։ Ժանրի դասական օրինակ՝ կողմերը միմյանց մեղադրում են պետության դեմ հանցագործությունների մեջ, բայց, ավանդաբար, իրավացի է նա, ով հաղթանակով է դուրս գալիս արյունալի քաղաքացիական առճակատումից։ Այնուամենայնիվ, տվյալ դեպքում ավելի տեղին է շեշտել ոչ թե այն, թե ո՛վ հաղթեց, քանի որ այդպիսիք չկան, այլ այն, որ արդյունքում պարտվեց ռուսաստանյան պետականությունը, ինչն էլ հակառակորդ երկու կողմերի գործողությունների դրդապատճառ էր դարձել։