Մեկնաբանություններ

AZAL օդանավի կործանումն Ի. Ալիևի ռուսաստանյան քաղաքականության համատեքստում

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 05.01.2025 թ.(1)

25.12.2024 թ. ադրբեջանական AZAL ավիաընկերության Embraer E190 ինքնաթիռի կործանման պատմությունը ցույց տվեց, որ ՌԴ-ի և Ադրբեջանի հարաբերությունները, ի հեճուկս նրանց հնչեցրած հայտարարությունների, բարդ շրջան են ապրում։ Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ նմանատիպ դեպքերում ռազմավարական գործընկերներն ու դաշնակիցները փորձում են հնարավորինս արագ հարթել միջադեպը, հատկապես, եթե դա մարդկային գործոնների կամ ֆորսմաժորային իրավիճակի հետևանք է։ Առհասարակ, նմանատիպ խնդիրները կառուցողական կերպով և առանց քաղաքական հետևանքների լուծելու համար պարտադիր չէ, որպեսզի կողմերը սերտ հարաբերություններ ունենան։

Այս առումով հատկանշական է 04.10.2001 թ. Թել Ավիվից Սև ծովի վրայով Նովոսիբիրսկ թռչող «Սիբիր» ավիաընկերության Տու-154Մ խոցված ինքնաթիռի օրինակը։ Ինքնաթիռը սխալմամբ խոցվել է 5V28 հրթիռով Ուկրաինայի ՀՕՊ ուժերի
S-200V համալիրից, որոնք այդ պահին վարժանքներ էին անցկացնում Ղրիմի հրաձգարանում։ Ռուս-ուկրաինա-իսրայելական համատեղ հանձնաժողովի հետաքննության արդյունքում Կիևն ընդունել է իր մեղքը, ներողություն խնդրել կողմերից, վճարել դրամական փոխհատուցում և պաշտոնանկ արել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ պաշտպանության նախարարին։ Այսպիսով, միջադեպը հարթվել է։

Ադրբեջանական ինքնաթիռի կործանման պարագայում իրավիճակը որոշակիորեն այլ բնույթ է ստացել՝ քաղաքական մեծ աղմուկի նախանշաններով։ Եվ երկու կողմերն էլ (ՌԴ և ԱդրՀ) հավասարապես նպաստեցին իրադարձությունների նման ընթացքին։ Բաքուն չցանկացավ հաշվի առնել այն փաստը, որ ողբերգական միջադեպի պահին Հյուսիսային Կովկասի տարածաշրջանը ենթարկվել էր ուկրաինական ԶՈՒ-ի օդային հարձակման, իսկ ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ՀՕՊ ուժերը գործում էին օպերատիվ ռեժիմում: Ավելին, չսպասելով հետաքննության պաշտոնական ավարտին և աղետի հանգամանքների վերջնական պարզաբանմանը, Բաքվի իշխանամետ լրատվամիջոցները մեղադրանքներ են առաջադրել Մոսկվային՝ դրանով իսկ կտրուկ բարձրացնելով հակառուսական տրամադրությունների մակարդակը ադրբեջանական հանրության շրջանում։ «Պուտինի անհապաղ ներողությունը» դարձել է հանրապետության հասարակական-քաղաքական տրամադրությունների հիմնական պահանջը՝ տրամադրություններ, որոնք ԱդրՀ-ում ձևավորվում են իշխանության միջանցքներում։

ՌԴ-ն, իր հերթին, նույնպես մի շարք գործողություններով առարկայորեն նպաստել էր քաղաքական աղմուկի սրմանը։ Դա ներառում էր և Ռամզան Կադիրովի կողմից իր եղբորորդու՝ Չեչնիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Խամզաթ Կադիրովի պարգևատրումը «Չեչնիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» մեդալով՝ «Դեկտեմբերի 25-ին Գրոզնու վրա ուկրաինական զինված ուժերի օդային հարձակման հաջող ետ մղման» կապակցությամբ։ Եվ Եկատերինբուրգում՝ ԱդրՀ գլխավոր հյուպատոսության հարևանությամբ, ի հիշատակ ավիավթարի զոհերի տարերայնորեն կառուցված հուշակոթողի ապամոնտաժման մասին մեծ աղմուկ հանած պատմությունը։

Սակայն, ըստ ադրբեջանցիների, ամենաբացասական հետքը թողել են այն հաղորդումները, որ աղետից անմիջապես հետո ռուսական կողմը փորձել է հետաքննությունն ուղղորդել դեպի «բացահայտ կեղծ ճանապարհ»։ Ադրբեջանական և ղազախական մի շարք աղբյուրների համաձայն՝ ՌԴ ԱԳՆ Երրորդ և Չորրորդ գերատեսչությունների աշխատակիցները՝ ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ միասին, փորձել են գաղտնի բանակցություններ վարել Բաքվի և Աստանայի հետ՝ AZAL ինքնաթիռի կործանման խնդրում հրթիռային հարձակման փաստը բացառող ինչ-որ մի վարկած մշակելու համար։ Ավելի ուշ՝ ՌԴ ԱԳՆ-ն հերքեց այս տեղեկությունը, սակայն այդ «սադրանքի» մեջ մեղադրեց ոչ թե Բաքվին ու Աստանային, այլ՝ «արևմտյան կենտրոններին»։

Ըստ ամենայնի, հենց այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմը վերոհիշյալ մասնավոր շփումների ժամանակ կտրականապես մերժեց «համաձայնության գալու» հնարավորությունը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարեց իր ադրբեջանցի գործընկերոջը։ 28.12.2024 թ․ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում Վ. Պուտինը հաստատել է ռուսական օդային տարածքում ինքնաթիռի խոցման վարկածը և ներողություն խնդրել իր ադրբեջանցի գործընկերոջից։ Մինչդեռ, համատեղ հանձնաժողովը դեռ պաշտոնական հայտարարություն չէր արել, ինչը վկայում է, որ ՌԴ ղեկավարը շտապում էր լիցքաթափել ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունների համար սպառնալիք դարձած իրավիճակը։

Սակայն հարկ է նշել, որ Ռուսաստանի առաջին դեմքի զանգը չի հարթել միջադեպը և դրա շուրջ հասունացող աղմուկը։ 27.12.2024 թ․ AZAL-ը, ղեկավարվելով Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական ​​գործակալության որոշմամբ, անորոշ ժամկետով չեղարկեց թռիչքները դեպի Ռուսաստանի 10 քաղաք։ Եթե ​​այս միջոցառումը կարելի է որակել որպես տեխնիկական անհրաժեշտություն՝ կապված Ռուսաստանի օդային տարածքով թռիչքների անվտանգության հետագա գնահատման հետ, ապա Բաքվի կողմից ընդունված մեկ այլ որոշում բացառապես քաղաքական բնույթ է կրում։

28.12.2024 թ. Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ քաղաքացիների՝ ԱդրՀ-ում գտնվելու տևողության կանոնների վերանայման և խստացման մասին։ Ըստ ԱդրՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեի, Ադրբեջանի իշխանությունները, ընդունելով այս որոշումը, ելնում են «ժամանակավոր կացության և միգրացիայի հարցերում հավասարության և փոխադարձության սկզբունքներից, ինչպես որ արտաքին քաղաքականության բոլոր հարցերում»։ Հաջիզադեն, ըստ երևույթին, ակնարկում էր ՌԴ ԱԳՆ-ի երկու օր առաջվա այն հայտարարությունը, որ 01.01.2025 թ.-ից «…առանց վիզայի Ռուսաստան ժամանած օտարերկրացիների երկրում ժամանակավոր մնալու ժամկետը մեկ օրացուցային տարվա ընթացքում չի կարող գերազանցել ընդհանուր առմամբ 90 օրը»։ Այսպիսով, Ադրբեջանի ԱԳՆ-ն, խստացնելով կանոնները հատուկ ռուսաստանցիների համար, վկայակոչում է «հավասարության» սկզբունքը, թեև Մոսկվան իր կանոնները փոխել է ՌԴ առանց վիզայի բոլոր մուտքերի համար՝ անկախ նրանց քաղաքացիությունից։ Ինչպես երևում է այս տեղեկատվությունից, «հավասարության» մասին խոսք լինել չի կարող։ Հատկանշական է նաև Հաջիզադեի «քաղաքական հարցերում հավասարության և փոխադարձության» մասին հիշատակումը, ինչը, հավանաբար, վկայում է Բաքվի մտադրությունների մասին՝ ավելի կոշտացնելու իր դիրքորոշումը ռուս-ադրբեջանական օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ:

AZAL ինքնաթիռի աղմկահարույց միջադեպի համապատկերում էլ ավելի նկատելի է դարձել Բաքվի նկատմամբ ռուսական քաղաքականության առանց այն էլ տեսանելի զգուշավորությունը։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե օդանավի հետ տեղի ունեցած ողբերգական միջադեպը Բաքվին հնարավորություն է տվել սրբագրելու հարաբերությունները Մոսկվայի հետ և գործելու՝ առանց հաշվի առնելու հետևանքները։ Դրա մասին է վկայում նաև Ի. Ալիևի պահվածքը, ով սրում է իրավիճակը մինչև այն սահման, որից այն կողմ տեսանելի են դառնում Ռուսաստանի հետ բացահայտ քաղաքական հակասության նշանները։

Նույնիսկ ՌԴ ղեկավարի ներողությունից հետո Ադրբեջանի նախագահը ոչ միայն չի ձգտել նվազեցնելու լարվածությունը, այլև խստացրել է իր հռետորաբանությունը. «Սեփական մեղքն ընդունելն ու Ադրբեջանից ժամանակին ներողություն խնդրելն այն միջոցներն ու քայլերն էին, որոնք պետք էր ձեռնարկել։ Ցավոք սրտի, առաջին երեք օրերին Ռուսաստանից ոչինչ չլսեցինք, բացի անհեթեթ վարկածներից»։ Դժվար է ասվածը չհամարել հարձակում անձամբ Վ. Պուտինի դեմ, թեև՝ հաշվի առնելով «երկու ղեկավարների միջև երկար տարիների համատեղ աշխատանքի և բարեկամության ընթացքում ձևավորված փոխըմբռնման բարձր աստիճանը», սպասելի էր, որ աղետի հետ կապված միջադեպը կլուծվեր նրանց կողմից մասնավոր ձևաչափով և առավել ևս՝ առանց հրապարակային մեղադրանքների։

Սակայն Ի. Ալիևը փորձում է թույլ չտալ, որ թեման առնվազն «սառչի», և այս նախաձեռնության մեջ, դատելով ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներից, նա ակտիվորեն առաջնորդվում է Անկարայի խորհուրդներով։ Այսպես, ավիավթարին հաջորդող օրերին Ադրբեջանի ղեկավարը տեղի ունեցածը քննարկել է իր թուրք գործընկերոջ հետ, մինչդեռ ԱդրՀ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը մշտական ​​կապի մեջ էր Հաքան Ֆիդանի հետ։

Արժե նաև հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Ալիևի վերը նշված հայտարարությունից հետո Պուտինը երկրորդ անգամ զանգահարել է Ի. Ալիևին 29.12.2024-ին, և, հավանաբար, այս անգամ հեռախոսազրույցը տեղի է ունեցել մի փոքր այլ տոնայնությամբ։

Կարող են լինել բավարար պատճառներ, որոնք Ի. Ալիևին դրդեցին ընդգծելու AZAL ինքնաթիռի ողբերգական միջադեպը։ Նախ, կարելի է ենթադրել, որ աղմուկը «բորբոքելով»՝ Ի. Ալիևն ընդլայնում է Մոսկվայի հետ «սակարկությունների» շրջանակը՝ ձգտելով լրացուցիչ բոնուսներ ստանալ ռուս-ադրբեջանական քաղաքական և տնտեսական հարաբերությունների ընդհանուր համատեքստում։ Հնարավոր է նաև, որ Ի. Ալիևն ավելի ու ավելի է դժգոհում «Պուտինի ավտորիտարիզմի» արբանյակի իր համբավից։ Այս առումով, ըստ Ի. Ալիևի, ռուս-ադրբեջանական աղմկահարույց միջադեպը կարող է թուլացնել Ադրբեջանի հասցեին Արևմուտքի քննադատությունը, որն ընդգծում է հանրապետությունում ժողովրդավարության հետ կապված իրավիճակի վատթարացումը և Բաքվի գործողությունները՝ օրինականացնելու ռուսական եկամուտը՝ շրջանցելով արևմտյան պատժամիջոցները։

Այս առումով Ալիևը, ըստ երևույթին, մտահոգվելու պատճառ ունի։ Բաքվի վարկանիշը, իրոք, մեծապես տուժել է այն լուրերից հետո, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը փորձում են «Ուկրաինային պարտադրել» գազի տարանցման նոր պայմանագիր, ըստ որի ռուսական գազը Եվրոպա կուղարկվի ադրբեջանական «պիտակավորմամբ»։ Հենց այս հումքի վաճառքի սխեման է քննարկվել Պուտինի և Ալիևի՝ 2024 թ. ապրիլին Մոսկվայում և օգոստոսին Բաքվում կայացած հանդիպումների ժամանակ։ Մշակվող ծրագիրը Ռուսաստանին թույլ կտա, չնայած մարտական գործողություններին, շարունակել Ուկրաինայի տարածքով իր գազի արտահանումն Արևմուտք, իսկ Ադրբեջանին հնարավորություն կտա «ոչնչից» փող աշխատել։ Սակայն, ինչպես հայտնի է, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 20.12.2024 թ․ հայտարարել է, որ բացառում է նման հնարավորությունը՝ դրանով իսկ վտանգելով ռուս-ադրբեջանական համագործակցության կարևոր բաղադրիչը։ Ուկրաինայի ղեկավարի փաստարկները շատ անբարենպաստ լույսի ներքո են դնում Ադրբեջանին՝ որպես ռուսական «գազային արկածախնդրության մասնակից», որը նույնպես ցանկանում էր օգուտ քաղել «ուկրաինական արյունից և արժանապատվությունից»։

Գազը «վերապիտակավորելու» ծրագրերն ի չիք են դարձել՝ դրանով իսկ կրճատելով Բաքվի շահերը ՌԴ հետ գործընկերային հարաբերությունների ոլորտում։ Դեռ պարզ չէ, թե Ռուսաստանը, բացի արդեն կորցրած «գազի փողերից», ուրիշ էլ ինչ կարող է առաջարկել Ադրբեջանին՝ փոխհատուցելու համար Մոսկվայի հետ «բարեկամության» վարկանիշային և քաղաքական ծախսերը։ Այս համատեքստում հարկ է հիշել ԱդրՀ երբեմնի խոստացված շահավետ մասնակցությունը ՌԴ և ԻԻՀ նախաձեռնած «Հյուսիս–Հարավ» անդրմայրցամաքային լոգիստիկ նախագծին։ Սակայն այս ծրագիրը դեռևս նախագծման փուլում է՝ տեխնիկական, ֆինանսական և քաղաքական չլուծված խնդիրների պատճառով։ Բացի այդ, Մերձավոր Արևելքում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո ռուս-իրանական լոգիստիկ նախագիծը հայտնվել է սպառնալիքի տակ: Սիրիական գործոնը փոխել է աշխարհաքաղաքական իրողությունները Եվրոպայից մինչև Աֆրիկա և Կենտրոնական Ասիա տարածության մեջ։ «Դիմադրության առանցքի» (կամ «շիական կամարի») փաստացի փլուզումն ու Թուրքիայի և Իսրայելի դերն այս տարածաշրջանի վերակազմավորման գործընթացներում բարդացնում են Թեհրանի և Մոսկվայի խնդիրները։ Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են ավելի հաճախ հնչեցնել Իրանի վրա հարձակվելու սպառնալիքները, իսկ Բ. Ասադի վարչակարգի տապալումից և Դ. Թրամփի մոտալուտ երդմնակալությունից հետո նման ծրագրի իրականացման հավանականությունն զգալիորեն կաճի։ Եթե ​​նման զարգացումներ տեղի ունենան, ապա ոչ միայն կասկածի տակ կդրվեն ռուս-իրանական նախագծին Ադրբեջանի շահավետ ինտեգրման հեռանկարները, այլև ինքը՝ Բաքուն կարող է հայտնվել հակաիրանական մեծ արշավի «մուրճի» և «զնդանի» արանքում։

Թերևս դա է պատճառը, որ Ի. Ալիևի վարքագծում նկատելի են Իրանի դաշնակից Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունից հեռանալու նշաններ, որոնցից մեկը խոցված ինքնաթիռի հետ կապված աղմուկն էր, որ հրահրում էր Բաքուն: Հարկ է ընդգծել, որ Ալիևի հղած ազդակները Արևմուտքին տեղի են ունենում «ռազմավարական դաշինքի մասին» ռուս-իրանական համաձայնագրի ստորագրման նախաշեմին։ Ի․ Ալիևը չի կարող հաշվի չառնել, որ ակնկալվող աշխարհաքաղաքական գործարքի համատեքստում բազմապատիկ կմեծանա իր երկրի նշանակությունը Մոսկվայի և Թեհրանի համար, հետևաբար՝ կաճի նաև ՌԴ-ի և ԻԻՀ-ի ճնշումն Ադրբեջանի վրա՝ նպատակ ունենալով սահմանափակել Բաքվի՝ աշխարհաքաղաքական բևեռների միջև խուսանավելու հնարավորությունը։ Ի. Ալիևը կցանկանար այս միտքը փոխանցել Արևմուտքին, ավելի կոնկրետ՝ Դոնալդ Թրամփին, ով դեռ չի ցանկանում կապ հաստատել նրա հետ, և ապահովել Ադրբեջանի անվտանգության իր երաշխիքները, եթե Բաքուն գնա Մոսկվայի և Թեհրանի հետ հարաբերությունները խզելու ճանապարհով։

Այսպիսով, տարածաշրջանում և աշխարհում կանխատեսվող լայնածավալ վերափոխումների նախաշեմին՝ կապված Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների և ԱՄՆ նոր նախագահի երդմնակալության հետ, Ադրբեջանը, ըստ էության, ուղերձներ է հղում ռուս-իրանական ռազմավարական մերձեցման համատեքստում իր դիրքորոշման և դերի անորոշության մասին։ Նա հասկացնում է, որ ի վիճակի է, եթե անհրաժեշտ համարվի, գնալ քաղաքական լարվածության ՌԴ-ի հետ՝ չնայած Վ. Պուտինի հետ երկար տարիների «անձնական բարեկամությանը և փոխըմբռնմանը», ինչպես նաև ՌԴ-ի հետ «ռազմավարական դաշինքի մասին» 22.02.2022 թ. պայմանագրին։

(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 30.12.2024 թ.: